Ազգային լեզու

Ազգային լեզու, ազգորեն կազմավորված ժողովրդի լեզուն, պատմականորեն ձևավորված լեզվական այն ընդհանրությունը, որը միավորում է տվյալ ժողովրդի լեզվական միջոցների ամբողջությունը՝ գրական լեզվի հետ ներառելով նաև բարբառները, խոսվածքները և սոցիալական ժարգոնները։ Ազգի գրական լեզուն դիտվում է որպես ազգային լեզվի բարձրագույն ձև, արտահայտություն, որ կարող է լինել նաև պետական լեզու, եթե պաշտոնական լեզվի ճանաչում է ստանում տվյալ ազգի, ժողովրդի պետականության սահմաններում։ Ըստ այդմ էլ հաճախ գործածում են ազգային-պետական լեզու, ազգային-գրական լեզու[1]։ Որոշակի տարածքում որպես առաջին լեզու խոսվող մեկ կամ ավելի լեզուները կարող են համարվել ազգային լեզուներ։ Ազգային կամ պետական լեզուների մասին նշված է ավելի քան 150 երկրների սահմանադրություններում[2]։

Կոնրադ Բրաննը հիմնականում նկատի ունենալով Աֆրիկան՝ ենթադրում է, որ կան չորս միմյանցից տարբերվող ազգային լեզվի իմաստներ[3]

  • «Տարածքային լեզու» (քթոնոլեկտ, chthonolect[4])
  • «Շրջանային լեզու» (քորոլեկտ, choralect)
  • «Հիմնական կամ համայնքային լեզու» (դեմոլեկտ, demolect) ամբողջ պետության տարածքում օգտագործվող լեզուն
  • «Կենտրոնական լեզու» (պոլիտոլեկտ, politolect) կառավարության կողմից օգտագործվող և հավանաբար խորհրդանշական արժեք ունեցող լեզուն

Կենտրոնական լեզուն հաճախ անվանում են նաև պետական լեզու։ Ստանդարտացված լեզուները, օրինակ՝ ստանդարտ գերմաներենը, ֆրանսերենը և իսպաներենը կարող են լինել ազգային, տարածքային կամ միջազգային լեզուներ։

Ազգային լեզվի գաղափարը համընդանուր ընդունելի չէ։ Այսպես, Սամուիլ Բերնշտայնը մերժում էր հասկացության լեզվաբանական բովանդակությունը՝ համարելով այն զուտ գաղափարական կառույց[5]։ Դրան հակառակ՝ Վիկտոր Վինոգրադովը ազգային լեզուն համարում էր այն լեզվական իրականությունը, որի ներսում տեղի է ունենում լեզվական երևույթների վերախմբումը և հատկապես՝ բարբառների շարունակական տարբերակումը[6]։

Ծանոթագրություններ