Jump to content

Գերճնշման բարդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարատև բարձր զարկերակային ճնշման հիմնական բարդությունները:

Գերճնշման՝ զարկերակային հիպերտենզիայի (ԶՀ) բարդությունները կայուն բարձր զարկերակային ճնշման արդյունք են[1]։ Հիպերտենզիան աթերոսկլերոզի բոլոր կլինիկական դրսևորումների համար ռիսկի գործոն է, քանի որ այն հանդիսանում է նաև հենց աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոն[2][3][4][5][6]։ Այն հանդիսանում է սրտի անբավարարության[7][8], կորոնար զարկերակների հիվանդության[9][10], ինսուլտի, երիկամների հիվանդությունների[11][12][13] և ծայրամասային զարկերակների հիվանդությունների անկախ նախատրամադրող գործոն[14][15]։ Արդյունաբերական երկրներում այն սիրտ-անոթային հիվանդացության և մահացության ամենակարևոր գործոնն է[16]։

Սիրտը ախտահարող բարդություններխմբագրել կոդը

Ձախ փորոքի հիպերտրոֆիա

Սրտի հիպերտոնիկ հիվանդությունը կառուցվածքային և ֆունկցիոնալ հարմարվողականության արդյունքն է[17], որը հանգեցնում է ձախ փորոքի հիպերտրոֆիայի[18][19][20], դիաստոլիկ դիսֆունկցիայի, քրոնիկ սրտային անբավարարության, պսակային զարկերակների աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով արյան շրջանառության խանգարումների և միկրովասկուլյար հիվանդության[9], ինչպես նաև սրտային առիթմիաների։ Ձախ փորոքի հիպերտրոֆիա ունեցող անձինք ունեն կաթվածի[21], ՔՍԱ -ի և հանկարծակի մահվան ավելի մեծ ռիսկ։ Հիպերտենզիայի խիստ վերահսկումը կարող է կանգնեցնել կամ հետ զարգացնել ձախ փորոքի հիպերտրոֆիան և նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը[22][23][24]։ Ձախ փորոքի հիպերտրոֆիան հանդիպում է ԶՀ- ով հիվանդների 25% -ի մոտ և հեշտությամբ ախտորոշվում է էխոսրտագրության միջոցով[25]։ Ձախ փորոքի հիպերտրիֆիայի հիմքում ընկած մեխանիզմները երկուսն են․ մեխանիկական, որը հիմնականում հանգեցնում է սրտամկանի բջիջների (միոցիտներ) հիպերտրոֆիայի և նեյրո-հորմոնալ՝ հիմնականում հանգեցնելով ֆիբրոբլաստիկ բազմացման (պրոլիֆերացիա)։

Դիաստոլիկ ֆունկցիայի խանգարումները՝ սկսած սրտի անախտանիշ հիվանդություններից[26][27][28] մինչև սրտային անբավարարություն[29][30], տարածված են հիպերտոնիկ հիվանդների մոտ։ Դիաստոլիկ սրտային անբավարարությամբ հիվանդները ունեն պահպանված արտամղման ֆրակցիա, որը սիստոլիկ ֆունկցիայի գնահատման միավորն է[31][32]։ Դիաստոլիկ դիսֆունկցիան հիպերտոնիայի հետ կապված սրտի հիվանդության վաղ հետևանքն է և սրվում է ձախ փորոքի հիպերտրոֆիայի[19] և իշեմիայի պատճառով։

Ուղեղը ախտահարող բարդություններխմբագրել կոդը

Հիպերտենզիան կարևոր ռիսկի գործոն է ուղեղի ինֆարկտի և արյունազեղման համար[1][9][33][34][35][36][37][38]։ Կաթվածների մոտավորապես 85% -ը պայմանավորված են ինֆարկտով, իսկ մնացած մասը պայմանավորված են արյունազեղմամբ՝ ներուղեղային կամ ենթաոստայնային[39]։ Կաթվածների հաճախականությունը աստիճանաբար բարձրանում է արյան ճնշման մակարդակի՝ մասնավորապես սիստոլիկ զարկերակային ճնշման բարձրացման հետ, 65 տարեկանից հետո։ Հիպերտոնիայի բուժումը նվազեցնում է ինչպես իշեմիկ, այնպես էլ հեմոռագիկ կաթվածի հաճախականությունը։

Հիպերտենզիան կապված է նաև տարեց բնակչության մտածողական ֆունկցիայի խանգարման հետ[40][41][42]։ Հիպերտենզիայի հետ կապված մտածողության խանգարումը և թուլամտությունը կարող են լինել ինչպես մեկ մեծ անոթի փակման պատճառով մեկ ինֆարկտի հետևանք[43][44], այնպես էլ մանր-անոթային հիվանդության պատճառով բազմակի լակունար ինֆարկտների հետևանք, ինչը հանգեցնում է ենթակեղևայինսպիտակ նյութի իշեմիայի[45]։ Մի շարք կլինիկական հետազոտություններ ենթադրում են, որ հակահիպերտենզիվ թերապիան բարենպաստ ազդեցություն է ունենում ճանաչողական գործառույթի վրա, չնայած դա շարունակում է մնալ ակտիվ հետազոտությունների ոլորտ[46][47][48]։

Ուղեղային արյունահոսքը մնում է անփոփոխ զարկերակային ճնշման լայն միջակայքում (50-150 մմսս․․ միջին զարկերակային ճնշում) արյան հոսքի ինքնակարգավորման գործընթացի շնորհիվ[49]։ Հիպերտենզիվ էնցեֆալոպաթիայի նշանները և ախտանշանները կարող են ներառել ուժեղ գլխացավ, սրտխառնոց և փսխում (հաճախ անզուսպ բնույթի), օջախային նյարդաբանական նշաններ և մտավոր կարգավիճակի փոփոխություններ։ Չբուժված հիպերտենզիվ էնցեֆալոպաթիան կարող է ժամերի ընթացքում բերել ստուպորի, կոմայի, ցնցումների և մահվան[50][51][52]։ Կարևոր է տարբերակել հիպերտենզիվ էնցեֆալոպաթիան այլ նյարդաբանական համախտանիշներից, որոնք կարող են կապված լինել գերճնշման հետ, օրինակ՝ ուղեղային իշեմիա, հեմոռագիկ կամ թրոմբոտիկ կաթված, ցնցումային խանգարում, զանգվածային ախտահարումներ, ներգանգային հիպերտենզիա, հարբեցատենդ, մենինգիտ, սուր ընդհատվող պորֆիրիա, ուղեղի տրավմատիկ կամ քիմիական վնասվածք և ուրեմիկ էնցեֆալոպաթիա[39]։

Աչքը ախտահարող բարդություններխմբագրել կոդը

Գերճնշումային ռետինոպաթիա զարկերակ-երակային խաչման և թեթև անոթային ոլորունության հետ:

Հիպերտենզիվ ռետինոպաթիան վիճակ է, որը բնութագրվում է ցանցաթաղանթի անոթային ախատահարման նշաններով՝ արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ[53]։ Այն առաջին անգամ նկարագրվել է Լիբրիխի կողմից 1859 թվականին[54]։ Ցանցաթաղանթի արյունահոսքը, ի պատասխան արյան բարձր ճնշման, ենթարկվում է մի շարք պաթոֆիզիոլոգիական փոփոխությունների[55]։ Նախնական՝ վազոկոնստրիկտիվ փուլում տեղի է ունենում անոթների սեղմում և ցանցաթաղանթի զարկերակիկների տոնուսի բարձրացում`պայմանավորված ինքնակարգավորման գործընթացով։ Այս փուլը կլինիկականորեն դիտվում է, որպես ցանցաթաղանթային զարկերակիկների ընդհանրացված նեղացում։ Զարկերակային ճնշման կայուն բարձրացումը հանգեցնում է ինտիմայի հաստացման, մեդիայի հիպերպլազիաի, և հիալինային դեգեներացիայի հաջորդող՝ սկլերոտիկ փուլում։ Այս փուլը համապատասխանում է զարկերակիկային ավելի ծանր տարածուն և օջախային նեղացմանը, զարկերակիկային և երակիկային հանգույցների փոփոխություններին և զարկերակիկային լուսային ռեֆլեքսի փոփոխություններին ( կենտրոնական լուսային ռեֆլեքսի ուժեղացում կամ «պղնձյա լարեր»)[56]։

Դրան հաջորդում է էքսուդատիվ փուլը, որի ընթացքում խանգարվում է արյուն-ցանցաթաղանթ պատնեշը, առկա է հարթ մկանների և էնդոթելիալ բջիջների նեկրոզ, արյան և լիպիդների արտահոսք (էքսուդացիա) և ցանցաթաղանթի իշեմիա։ Այս փոփոխությունները ցանցաթաղանթում դրսևորվում են որպես միկրոանևրիզմաներ, արյունազեղումներ, կոշտ էքսուդատներ և բամբակյա-բրդյա բծեր։ Այդ ժամանակ կարող է զարգանալ տեսողական սկավառակի այտուց, որը սովորաբար խոսում է զարկերակային ճնշման խիստ բարձրացման մասին (այսինքն ՝ չարորակ գերճնշում)։ Քանի որ այժմ առկա են զարկերակային ճնշման վերահսկման ավելի լավ մեթոդներ չարորակ հիպերտենզիան հազվադեպ է հանդիպում։ Ի տարբերություն դրա ԶՀ-ի այլ ցանցաթաղանթային-անոթային բարդությունները, ինչպիսիք են մակրոանևիրիզմաները և ճյուղավորվող երակային խցանումները, հազվադեպ չեն քրոնիկ բարձր զարկերակային ճնշում ունեցող հիվանդների մոտ։ Այնուամենայնիվ, հիպերտենզիվ ռետինոպաթիայի այս փուլերը կարող են հաջորդական չլինել[55][57]։ Օրինակ՝ ռետինոպաթիայի էքստրիվատիվ փուլի նշանները՝ ցանցաթաղանթային արյունազեղումները կամ միկրոանևրիզմաները, կարող են նկատվել առանց սկլերոզային փուլի առանձնահատկությունների։ Էքստրավատիվ նշանները սպեցիֆիկ չեն, քանի որ դրանք հաննդիպում են նաև շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների դեպքում։

Երիկամները ախտահարող բարդություններխմբագրել կոդը

Հիպերտենզիան ռիսկի գործոն է երիկամների քրոնիկ հիվանդության և երիկամային անբավարարության համար[58][59][60][61][62][63][64]։ Երիկամային ռիսկը ավելի սերտորեն կապված է սիստոլիկ, քան դիաստոլիկ զարկերակային ճնշման հետ[65][66] և սևամորթ տղամարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան սպիտակամորթ տղամարդիկ երիկամային անբավարարություն ձեռք բերելիս՝ զարկերակային ճնշման ցանկացած արժեքների դեպքում[67][68][69]։

Երիկամների աթերոսկլերոտիկ, հիպերտենզիվ անոթային վնասումները հիմնականում ախտահարում են նախակծիկային զարկերակիկները[65][70][71], ինչի հետևանքով առաջանում են իշեմիկ փոփոխություններ կծիկային և հետկծիկային կառուցվածքներում[39]։ Կծիկների ախտահարումը կարող է նաև լինել կծիկային մազանոթների ուղղակի վնասման հետևանք՝ կծիկային հիպերպերֆուզիայի պատճառով։ Կծիկների ախտահարմանը հաջորդում է գլոմերուլոսկլերոզը[72][73] և, ի վերջո, երիկամների խողովակները նույնպես կարող են դառնալ իշեմիկ և աստիճանաբար ապաճել։ Չարորակ հիպերտենզիայով պայմանավորված երիկամային ախտահարմանը բնորոշ է բերող զարկերակիկների ֆիբրինոիդ մեռուկացումը[74][75][76][77][78][79], որը երբեմն տարածվում է կծիկի մեջ և կարող է հանգեցնել կծիկային հանգույցի մեռուկի[80][81]։

Կլինիկորեն երիկամային վնասման վաղ նշաններ են հանդիսանում մակրոալբումինուրիան (պատահական մեզի ալբումինի/կրեատինինի հարաբերակցությունը >300 մգ/գ) կամ միկրոբալբինուրիան (պատահական մեզի ալբումինի/կրեատինինի հարաբերակցությունը 30-300 մգ/գ)։ Սրանք նաև ռիսկի գործոններ են երիկամների հիվանդությունների առաջընթացի և սիրտանոթային հիվանդությունների համար[39]։

Շաքարային դիաբետի և հիպերտենզիայի հետ կապված բարդություններխմբագրել կոդը

Դիաբետը ունի մի քանի բարդություններ, որոնցից մեկը հիպերտենզիան կամ զարկերակային բարձր ճնշումն է։ Տվյալները ցույց են տալիս, որ դիաբետ ունեցող անձանց առնվազն 60-80%-ի մոտ ի վերջո կզարգանա ԶՀ։ ԶՀ- ն վաղ փուլերում զարգանում է աստիճանաբար և լիարժեք զարգացման համար կարող է պահանջվել առնվազն 10–15 տարի։ Բացի դիաբետից, այլ գործոններ, որոնք կարող են բարձրացնել զարկերակային ճնշումը, ներառում են ճարպակալումը, ինսուլինի հանդեպ կայունությունը և խոլեստերինի բարձր մակարդակը։ Ընդհանուր առմամբ, դիաբետիկների 25%-ից պակասն են նորմալ վերահսկում ԶՃ- ն։ Դիաբետով հիվանդների մոտ ԶՀ-ի առկայությունը կապված է մահվան ռիսկի 4 անգամ մեծացման հետ, հիմնականում սրտի հիվանդությունների և կաթվածների հետևանքով[82]։

Դիաբետով տառապող մարդկանց մոտ ԶՀ-ի առաջացման հիմնական պատճառը զարկերակների կարծրացումն է։ Դիաբետը հակված է արագացնել աթերոսկլերոզի գործընթացը։ Դիաբետի մասին մյուս փաստն այն է, որ այն ախտահարում է ինչպես մարմնի մեծ, այնպես էլ փոքր արյան անոթները։ Ժամանակի ընթացքում արյան անոթները խցանվում են ճարպային վահանիկներով, կորցնում են իրենց քոմփլայենսը և առաձգականությունը։ Աթերոսկլերոզի գործընթացը շատ ավելի արագ է դիաբետիկ այն մարդկանց մոտ, ովքեր լավ չեն վերահսկում իրենց արյան գլյուկոզը։ Արյան բարձր ճնշումը, ի վերջո, հանգեցնում է սրտային անբավարարության, կաթվածների, սրտամկանի ինֆարկտի, կուրության, երիկամային անբավարարության, լիբիդոյի կորստի և ոտքերի արյան շրջանառության խանգարման։ Երբ ոտքերի արյան մատակարարումը խանգարվում է, մեծանում է նաև վարակների և անդամահատումների հավանականությունը։ Բոլոր դիաբետիկները պետք է իմանան, որ արյան ճնշման նույնիսկ թեթև բարձրացումը կարող է վնասակար լինել առողջության համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան ճնշման նույնիսկ չնչին բարձրացում ունեցող դիաբետիկները սրտի հիվանդության ձեռքբերման 2-3 անգամ ավելի մեծ ռիսկ ունեն՝ համեմատած ոչ դիաբետիկների[83]։

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ զարկերակային ճնշումը չպետք է տատանվի 140/80-ից բարձր։ Բացի այդ, հիպերտենզիան լուռ հիվանդություն է, ուստի բոլոր դիաբետիկների համար կենսական նշանակություն ունի պարբերաբար ստուգել իրենց ԶՃ- ն կամ կանոնավոր կերպով ստուգվել բժշկի սենյակում։ Դիաբետի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս, որ բոլոր դիաբետիկների արյան ճնշումը չափվի առողջապահական մասնագետի կողմից առնվազն տարեկան 2-5 անգամ[84]։

Հիպերտենզիա ունեցող դիաբետիկ հիվանդների բուժումխմբագրել կոդը

Դիաբետով հիվանդների մոտ ԶՀ հայտնաբերվելուց հետո դրա բուժման եղանակներ կան.

Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորները (ԱՓՖ-ին) լայնորեն օգտագործվում են դիաբետիկների մոտ ԶՃ- ն վերահսկելու համար։ Այս դեղամիջոցները ոչ միայն վերահսկում են զարկերակային ճնշումը, այլև հետաձգում կամ կանխում են դիաբետիկների մոտ երիկամային հիվանդության զարգացումը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ԱՓՖ-ին ԶՀ ունեցող դիաբետիկների մոտ պիտի լինեն առաջին ընտրության դեղամիջոց։ Երբեմն ԶՀ-ի բուժման համար օգտագործվում է դեղամիջոցների համադրություն։ Բոլոր դիաբետիկները պետք է հրաժարվեն ծխելուց։ Դիաբետի և ծխելու համադրությունը սովորաբար հանգեցնում է ոտքի մատերի և ոտքերի անդամահատումների։ Պարբերաբար չափեք ձեր արյան շաքարները և համոզվեք, որ դրանք լավ հավասարակշռված են, քանի որ դիաբետի բարդությունների մեծ մասը հնարավոր է կանխել՝ այդ շաքարները նորմայի սահմաններում պահպանելով։ Խորհուրդ է տրվում նաև առողջ սննդակարգ, խուսափում շաքարային կերակուրներից և աղի ընդունման սահմանափակում։ Նաև վերահսկեք ձեր խոլեստերինի մակարդակները։ Ֆիզիկական վարժությունները պարտադիր են բոլոր դիաբետիկների համար։ Օրական երկու անգամ 30 րոպե քայլելը կարող է լինել հարմար փոխարինող նրանց համար, ովքեր չեն զբաղվում դահլիճում ինտենսիվ սպորտով։ Քաշ կորցնելը նույնպես օգտակար է, քանի որ դա ցույց է տրվել, որ դա բարելավում է արյան շաքարների վերահսկողությունը, ինսուլինի հանդեպ զգայունությունը և ԶՃ-ի նվազեցումը[85]։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ