Իգնացի Լուկասևիչ

Յան Յուզեֆ Իգնացի Լուկասևիչ (լեհ.՝ Jan Józef Ignacy Łukasiewicz, մարտի 8, 1822(1822-03-08)[1] կամ մարտի 23, 1822(1822-03-23), Zaduszniki, Podkarpackie Voivodeship, Gmina Padew Narodowa, Mielec County, Subcarpathian Voivodeship, Լեհաստան - հունվարի 7, 1882(1882-01-07)[1], Chorkówka, Gmina Chorkówka, Կրոսնո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան), հայկական ծագումով լեհ դեղագործ, քիմիկոս-տեխնոլոգ և ձեռնարկատեր[2][3]։

Իգնացի Լուկասևիչ
լեհ.՝ Ignacy Łukasiewicz
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1822(1822-03-08)[1] կամ մարտի 23, 1822(1822-03-23)
ԾննդավայրZaduszniki, Podkarpackie Voivodeship, Gmina Padew Narodowa, Mielec County, Subcarpathian Voivodeship, Լեհաստան
Մահացել էհունվարի 7, 1882(1882-01-07)[1] (59 տարեկան)
Մահվան վայրChorkówka, Gmina Chorkówka, Կրոսնո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, դեղագործ, ակադեմիկոս, գյուտարար, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
ԱմուսինHonorata Łukasiewicz?
Զբաղեցրած պաշտոններԳալիսիայի և Լոդոմերիայի միաբանության անդամ
 Ignacy Łukasiewicz Վիքիպահեստում

Եղել է լեհական նավթարդյունաբերության հիմնադիր և աշխարհում նավթարդյունաբերության պիոներներից մեկը, ստեղծել է նավթահումքից թորման եղանակով կերոսինի ստացման մեթոդը[4]։ 1853 թվականին Լվովում հայտնագործել է կերոսինով լամպը[4][5]։

Կենսագրություն

Մանկություն և երիտասարդություն

Յան Յուզեֆ Իգնացի Լուկասևիչը ծնվել է 1822 թվականի մարտի 8-ին Մելեցից ոչ հեռու գտնվող Զադուշնիկի գյուղում՝ Լեհաստանի այն մասում, որը Լեհաստանի առաջին բաժանումից հետո անցել է Հաբսբուրգյան միապետությանը։ Եղել է Յուզեֆ Լուկասևիչի և Ապոլոնիայի (օրիորդական ազգանունը՝ Սվետլիկ) որդին։ Հայրն ունեցել է հայկական ծագում և եղել է Լադա գերբի աղքատացած շլյախտա, ժամանակին կռվել է Տադեուշ Կոստյուշկոյի բանակի շարքերում։ Ընտանիքը եկամուտներ էր ստանում Զադուշնիկի, Զախվեյուվ և Չայկովա գյուղական տիրույթներից, սակայն այդ եկամուտները չափազանց քիչ էին, որպեսզի կերակրեին բազմանդամ ընտանիքին (Իգնացին ուներ երկու եղբայր և երկու քույր)[3][6][7][8]։

1830 թվականին Լուկասևիչների ընտանիքը տեղափոխվել է Ժեշուվ։ այնտեղ Իգնացին 1832-1836 թվականներին սովորել է Ժեշուվի գիմնազիայում (անգլ.՝ Konarski Secondary School in RzeszówI Liceum Ogólnokształcące im. ks. Stanisława Konarskiego w Rzeszowie), սակայն, ավարտելով չորրորդ դասարանը, ստիպված է եղել ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով (որի մեջ հայտնվել է Յուզեֆ Լուկասևիչի մահվանից հետո) ընդհատել ուսումն ու գնալ աշխատելու։ Նա աշակերտել է դեղագործ Անտոնիո Սվոբոդայի դեղատանը, որը գտնվում էր Ժեշուվից ոչ հեռու գտնվող Լանցուտ ավանում։ Սկսել է քիմիայի և դեղագործության գաղտնիքները յուրացնել գործնականում։ 1840 թվականին քննություն է հանձնել դեղագործի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար և վերադարձել է Ժեշուվ, որտեղ դեղագործ Էդվարդ Հյուբլի դեղատանը զբաղեցրել է օգնականի պաշտոնը[3][9]։

Հյուբլի մոտ աշխատանքն ընդհատվել է 1846 թվականի փետրվարի 19-ին Լուկասևիչի առաջին ձերբակալությամբ՝ կապված նրա ընդհատակյա հայրենասիրական գործունեությամբ (դեռ 1845 թվականին՝ Էդուար Դեմբովսկու հետ հանդիպումից հետո Լուկասևիչը Ժեշուվում Լեհաստանի ժողովրդավարական միության ներկայացուցչի երդում է տվել[10]): Մոտ երկու տարի նա անցկացրել է ժեշուվոյի և Լվովի ավստրիական բանտերում, ազատ է արձակվել 1847 թվականի դեկտեմբերի 28-ին[11]։ Սակայն Լվովի Քրեական դատարանի որոշմամբ նա, այնուամենայնիվ, գտնվել է ոստիկանության մշտական վերահսկողության տակ և ստիպված է եղել մշտապես բնակվել Լվովում[12]։

Աշխատանքը Լվովում

Լվով: «Ոսկե աստղի տակ» դեղատան մուտք (2009 թվականի լուսանկար)

Լվովում Լուկասևիչն աշխատանքի է անցել Պյոտր Միկոլյաշի «Ոսկե աստղի տակ» դեղատանը, այնտեղ նա արժանացել է դեղատան սեփականատիրոջ վստահությանը, և վերջինս իշխանություններից ստացել է իր աշխատակցի՝ Լվովից հեռանալու թույլտվությունը[3]։

Դրանից հետո իգնացի Լուկասևիչը որոշել է կրթությունը շարունակել և 1850 թվականին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարան, որտեղ սովորել է երեք կիսամյակ։ Սակայն, չկարողանալով հանձնել դեղագիտության քննությունը, վերջին կիսամյակը սովորել է Վիեննայի համալսարանում, որտեղ էլ 1852 թվականի հուլիսի 30-ին ստացել է դեղագիտության մագիստրոսի աստիճան (պրոֆեսոր Յոզեֆ Ռեդտենբախերի ղեկավարությամբ պաշտպանել է «Baryta et Anilinum» թեմայով մագիստրոսական ատենախոսությունը)[12][13][14]։

Նորաթուխ մագիստրոսը վերադարձել է Լվով՝ Պյոտր Միկոլյաշի դեղատուն։ 1852 թվականի աշնանը Միկոլյաշի մյուս օգնականի՝ Յան Զեխի հետ զբաղվել է նավթահումքի թորման լաբորատոր ուսումնասիրությամբ, որի սկզբնական նպատակը նոր դեղերի ստացումն էր։ 1852 և 1853 թվականների սահմանագծին հետազոտողները, թորելով նավթը, ստացել են դեղնավուն յուղոտ հեղուկ, որն այրելիս վառ և համաչափ լույս էր տալիս։ Դա կերոսին էր (համարվում է, որ այն 1846 թվականին առաջինն ստացել է կանադացի բժիշկ Աբրահամ Գեսները քարածխի թորումից[15]): Թորված արտադրանքի գործնական կիրառության որոնումների ընթացքում Լուկասևիչն ու Զեխը փորձել են այն օգտագործել սենյակը լուսավորելու համար, սակայն սովորական յուղային լամպերը, պայթյունավտանգ լինելով, կերոսինի համար հարմար չէին[3][16]։

Անհրաժեշտ էր փոփոխություն կատարել ջահի կառուցվածքում, ինչով էլ զբաղվել են Լուկասևիչն ու Զեխը։ 1853 թվականին, աշխատանքի մեջ ընդգրկելով նաև լվովցի թիթեղագործ Ադամ Բրատկովսկուն, նրանք նախագծել և պատրաստել են աշխարհի առաջին կերոսինի լամպի փորձնական օրինակը։ Այն թիթեղե կմախքով էր, գլանաձև վերին մասով, մատակարարման պատուհանը փայլարից էր, օդը ներթափանցում էր ներքևից և ուներ ծակոտկեն պատրույգ, որի ստորին ծայրն ընկղմվում էր հաստ պատերով ամանում լցված կերոսինի մեջ։ Մարտից Պյոտր Միկոլյաշի դեղատան ցուցափեղկը լուսավորում էր նրա վրա դրված լամպը։ 1853 թվականի հուլիսի 31-ին վիրաբույժ Զաորսկին Լվովի հիվանդանոցում գիշերը հաջողությամբ կատարել է որդանման ելունը հեռացնելու շտապ վիրահատություն՝ փրկելով Վլադիսլավ Խոլեցկու (լեհ.՝ Władysław Cholecki) կյանքը[13][17][18]։ Լեհաստանում այդ օրը համարվում է նավթի և գազի հայրենական արդյունաբերության ծննդյան օրը[19][20]։

Աշխատանքն Արևմտյան Գալիցիայում

Գորլիցե: Կերոսինե լամպի ձևով մատուռ այն վայրում, որտեղ առաջին անգամ վառվել է փողոցային առաջին կերոսինե լապտերը

1854 թվականի սկզբին Լուկասևիչը, որ մտադիր էր շարունակել նավթով կատարվող փորձերը, տեղափոխվել է Գորլիցե՝ ավելի մոտ լեհական նավթային հիմնական հանքատեղերին։ Այնտեղ նա աշխատանքի է ընդունվել է Յան Տոմաշևիչի դեղատանը, բայց հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել է նավթի վերամշակման և այդպիսի վերամշակված արտադրանքի գործնական կիրառության վրա։ Լուկասևիչի հերթական հաջողությունը փողոցային լուսավորության համար կերոսինե լամպերի օգտագործումն էր. 1854 թվականին Գորլիցեի Հունգարական և Կոստյուշկո փողոցների հատման տեղում վառվել է աշխարհում առաջին կերոսինե փողոցային լապտերը[21][22][23]։

Բնակություն հաստատելով Գորլիցեում՝ Լուկասևիչն առևտրային գործընկերության շուրջ համաձայնության է եկել ձեռնարկատերեր Տիտ Տշեցեսկու և Կարոլ Կլյոբասսայի հետ[24]։ Նույն 1854 թվականին Կլյոբասսային պատկանող Բուբրկա գյուղում (Կրոսնոյից 12 կիլոմետր հեռավորության վրա) Լուկասևիչը հորատել է Եվրոպայում առաջին նավթային հորանցքը[5][20][25] (աշխարհում հետախուզական առաջին նավթային հորանցքը Ն. Ի. Վոսկոբոյնիկովը հորատել էր 1846 թվականին Բիբի-Էյբաթ բնավայրում՝ Բաքվի մերձակայքում, իսկ 1847-1848 թվականներին նա այնտեղ հորատել է նաև շահագործվող առաջին նավթային հորանցքը[26]): Լուկասևիչի հորանցքերով Բուբրկայում սկսվել է նավթի արդյունահանումը, 20-րդ դարի վերջին Բուբրկայի հանքատեղում արդյունահանվող նավթի ընդհանուր ծավալը կազմել է մոտավորապես 1,2 հազար տոննա[27]։

Իգնացի Լուկասևիչը հիմնել է նաև Ավստրիական կայսրությունում նավթավերամշակման առաջին գործարանը, ըստ մի տեղեկատվության՝ նա դա հիմնել է 1856 թվականին Յասլոյի մոտի Ուլյաշովիցե ավանում[20][23], ըստ մեկ այլ տեղեկատվության՝ Նովի-Սոնչ քաղաքի մոտ գտնվող Կլենչանի գյուղում 1857 թվականին[22][28]։ Գործարանում նավթից արտադրում էին ոչ միայն կերոսին, այլ նաև ասֆալտ և տարբեր քսայուղեր[22]։

1857 թվականի ապրիլի 20-ին Իգնացի Լուկասևիչն ամուսնացել է իր զարմուհի Հոնորատա Ստախերսկայայի հետ (լեհ.՝ Honorata Stacherską): Հաջորդ տարվա փետրվարին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիաննան, որը, սակայն, 1859 թվականի դեկտեմբերին մահացել է թոքերի կաթվածից[29]։

1857 թվականին Իգնացի Լուկասևիչը տեղափոխվել է Յասլո[29] (ըստ այլ աղբյուրների՝ դա տեղի է ունեցել 1858 թվականին[3]): 1861 թվականի հունիսի 12-ին Յասլոյի քաղաքային իշխանությունները Լուկասևիչին պարգևատրել են քաղաքի պատվավոր քաղաքացու դիպլոմով՝ ընդգծելով նրա ակտիվ մասնակցությունը քաղաքի գործերին[29][30]։ Սակայն Յասլոյում Լուկասևիչն ապրել է համեմատաբար կարճ ժամանակ, և շուտով նորից տեղափոխվել է, բայց այս անգամ Պոլյանկա գյուղ (այժմ՝ Կրոսնո քաղաքի շրջաններից մեկը), որը պատկանում էր նրա ընկեր և գործընկեր Տիտ Տշեցեսկուն։ 1861 թվականին այնտեղ նա կառուցել է նավթավերամշակման նոր գործարան[31]։

1860-ական թվականների սկզբին գործընկերների բիզնեսը վերելք է ապրում, և Լուկասևիչը դառնում է պատշաճ կարողության տեր։ Իր ունեցվածքի մեծ մասն օգտագործել է բարեգործական նպատակներով. նրա միջոցներով կառուցվել են ճանապարհներ և կամուրջներ, հիվանդանոցներ և դպրոցներ, բավականին միջոցներ է հատկացրել աղքատության և ալկոհոլամոլության դեմ պայքարի համար, բացի այդ, մեկենասը անվճար լուսավորման կերոսին է բաժանել կաթոլիկ և ուղղափառ համայնքներին։ Լուկասևիչը ֆինանսական առատ օգնություն է ցույց տվել 1863-1864 թվականների Լեհական ապստամբության մասնակիցներին, ապստամբությունն ավարտվել է Լեհաստանի անկախության կողմնակիցների պարտությամբ[32]։

1865 թվականին Իգնացի Լուկասևիչը Կրոսնոյի շրջակայքում ձեռք է բերել մի քանի կալվածքներ։ Դրանցից մեկում՝ Խորկուվկայում, նա բնակություն է հաստատել՝ այնտեղ կառուցելով նավթավերամշակման հերթական գործարանը, որը սարքավորված էր տեխնիկայի վերջին խոսքով։ Հետագա տարիներին Լուկասևիչը բացել է նավթային նոր հորանցքեր, կառուցել գործարաններ և անխոնջ կերպով կերոսինը մասսայականացրել որպես վառելիքի նոր տեսակ։ Միևնույն ժամանակ նա, ի տարբերություն Գալիցիայի մյուս գործարարների, աշխատողների համար սահմանել է այդ ժամանակվա չափանիշներից բարձր վարձատրություն՝ նախատեսելով տարբեր խրախուսադրամների վճարում։ 1866 թվականին Բուբրկայի հորանցքի աշխատողների համար Լուկասևիչն առաջին անգամ սահմանել է պարտադիր ապահովագրության համակարգ հիվանդությունների, դժբախտ պատահարների, հրդեհի դեպքում[31][33]։

1873 թվականին Պիոս IX պապը Լուկասևիչին իր բարեգործության համար շնորհել է պապական սենեկապետի տիտղոս և պարգևատրել սուրբ Գրիգոր Մեծի շքանշանով։ 1876 թվականին Իգնացի Լուկասևիչն ընտրվել է Գալիցիայի երկրամասային սեյմի պատգամավոր։ 1877 թվականին նա Լվովում կազմակերպել և անցկացրել է աշխարհում առաջին Նավթային կոնգրեսը, որին մասնակցել են Եվրոպայի առաջատար գիտնականներն ու նավթավերաշակողները[33][34]։

Իգնացի Լուկասևիչը մահացել է 1882 թվականի հունվարի 7-ին Խորկուվկայի իր կալվածքում սուր թոքաբորբից։ Թաղված է Զրենցին գյուղում՝ նրա փողերով կառուցված եկեղեցու պարսպի մեջ (Խորկուվկա գմինա)[33]։ Հուղարկավորությանը մասնակցել է մոտ 4000 մարդ, միասնական շարքերով քայլել են լեհեր, ուկրաինացիներ և հրեաներ՝ հարգանքի տուրք մատուցելով այն մարդուն, որը մեծ հարգանք ու ճանաչում էր ձեռք բերել տեղական համայնքի կողմից[35]։

Հիշատակ

Լուկասևիչի պատվին անվանված օբյեկտներ

1961 թվականին Բուբրկայում հիմնադրվել է Նավթի և գազի արդյունաբերության Իգնացի Լուկասևիչի անվան թանգարան[36]։

1974 թվականի սեպտեմբերի 19-ին Լեհաստանի նախարարների խորհրդի որոշմամբ 1974 թվականի հոկտեմբերի 1-ից Ժեշուվի պոլիտեխնիկը կոչվել է Իգնացի Լուկասևիչի անունով[37][38]։

2012 թվականի փետրվարին հիմնադրվել է «Իգնացի Լուկասևիչի ինստիտուտի հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակներն էին գիտա-կրթական գործունեության իրականացումը (ներառյալ Իգնացի Լուկաշևիչի գործունեության և գիտական ժառանգության մասին գիտելիքների տարածումը), ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելը, տնտեսական կրթության և ընտանեկան իրավունքների պաշտպանության միջոցների խթանումն աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ[39][40]։

Հուշարձաններ

Բուբրկա: Իգնացի Լուկասևիչի կիսանդրին (1998)

Իգնացի Լուկասևիչի հուշարձանները տեղադրվել են Լեհաստանի մի շարք քաղաքներում։ Առավել հայտնիներն են.

  • Կրոսնոյի հուշարձան (Մայիսի 3-ի Սահանադրության հրապարակում), գրանիտե պատվանդանով բրոնզե արձանի հեղինակը քանդակագործ Յա. Ռաշկան է։ Բացվել է 1932 թվականի հոկտեմբերի 23-ին[41][42]։
  • Խորկուվկայի հուշարձան, բացվել է 1979 թվականին[43]։
  • Հուշարձան Ժեշուվում, քանդակագործ Վլադիսլավ Կանդեֆերի աշխատանքը տեղադրված է Ժեշուվի պոլիտեխնիկի շենքի մոտ, բացվել է 2001 թվականի հունիսի 22-ին[44]։
  • Հուշարձան Պլոցկում, քանդակագործ Կարոլ Բադինայի աշխատանքը տեղադրված է Կոբիլինյան ծառուղու և Լուկասևիչի փողոցի անկյունում, բացվել է 2007 թվականին[45]։
  • Հուշարձան Զիելոնա Գուրայում, քանդակագործ Ռոբերտ Տոմակի աշխատանքը տեղադրված է Վեստերպլատտեի հերոսների փողոցում, բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 3-ին[46]։
  • Իգնացի Լուկասևիչի կիսանդրին, քանդակագործ Վլադիսլավ Կանդեֆերի աշխատանքը Բուբրկայում՝ Գազի և նավթի արդյունաբերության Իգնացի Լուկասևիչի անվան թանգարանի շենքի դիմաց, բացվել է 1982 թվականին[47]։
  • Իգնացի Լուկասևիչի կիսանդրին Գորլիցեի Կոստյուշկո փողոցում, հեղինակը քանդակագործ Վլադիսլավ Կանդեֆերն է, Լուկասևիչի ևս մեկ կիսանդրի տեղադրվել է Գորլիցեի Վիշինսկի փողոցում՝ Իգնացի Լուկասևիչի անվան № 1 միջնակարգ դպրոցի շենքի դիմաց[43], իսկ Հունգարական և Կոստյուշկո փողոցների հատման տեղում (այնտեղ, որտեղ վառվել է Լուկասևիչի փողոցային առաջին կերոսինե լամպը[48]։
  • Իգնացի Լուկասևիչի կիսանդրին Կրակովի Լյուբիչ փողոցում, հեղինակը քանդակագործ Վլադիսլավ Կանդեֆերն է (Նավթի և գազի ինստիտուտի շենքի մոտ)[43]։

Լուկասևիչի արձաններ տեղադրվել են նաև Ուկրաինայում։ 2008 թվականին Լվովի Հայկական փողոցում բացվել է կերոսինե լամպը հայտնագործողների՝ Յան Զեխի և Իգնացի Լուկասևիչի հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Վլադիմիր Ցիսարիկն է։ Հուշարձանի կոմպոզիցիան յուրօրինակ է. Զեխը ներկայացված է «Կերոսինե լամպ» սրճարանի մուտքի մոտ աթոռին նստած, իսկ Լուկասևիչը՝ շենքի երրորդ հարկի պատուհանից նայելիս[49]։

Ֆիլատելիա և նումիզմատիկա

1960 թվականի սեպտեմբերի 14-ին Պոզնան քաղաքում Լեհաստանի դեղագործական ընկերության կողմից դեղագործական V գիտական համագումարի անցկացման առթիվ (անցկացվել է սեպտեմբերի 22-24-ին) ԼԺՀ-ում թողարկվել է 60 գրոշ անվանական արժեքով փոստային նամականիշ Իգնացի Լուկասևիչի դիմանկարով (նկարի հեղինակ՝ Ե. Դեսելբերգեր)[50][51]։ Միաժամանակ թողարկվել է նշված իրադարձությանը նվիրված գեղարվեստական դրոշմավորված ծրար, որի վրա տպագրված էր վերը նշված նամականիշը[52]։

1982 թվականի մարտի 22-ին ԼԺՀ-ում թողարկվել է «Իգնացի Լուկասևիչի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ» 6 նամականիշների շարքը (նկարների հեղինակ՝ Վ. Անջեևսկի)։ 1 զլոտի անվանական արժեքով նամականիշի վրա Ի. Լուկասևիչի դիմանկարն է, իսկ 2, 2,5, 3,5, 9 և 10 զլոտի անվանական արժեքով նամականիշների վրա պատկերված է 19-րդ դարի կերոսինե լամպ[53][54]։

Իգնացի Լուկասևիչի դիմանկարով մետաղադրամ (1983)

Ի. Լուկասևիչի հիշատակին ԼԺՀ-ում թողարկվել են նաև ամբողջական իրեր, որոնց թվում են օրիգինալ նամականիշով միակողմանի փոստային քարտերը[55].

  • 1973 թվականի հոկտեմբերի 13-ին շրջանառության համար թողարկվել են Լեհական գիտությունների տարվան նվիրված յոթ փոստային քարտեր, որոնցից մեկի վրա եղել է Լուկասևիչի դիմանկարով օրիգինալ նամականիշ 1 զլոտի անվանական արժեքով։
  • 1984 թվականի հուլիսի 12-ին թողարկվել է посвящённая «Բուբրկայում լեհական նավթի առաջին հորանցքի 130-ամյակին» նվիրված փոստային քարտ, որը նույնպես ուներ Լուկասևիչի դիմանկարով օրիգինալ նամականիշ (5 զլոտի անվանական արժեքով)։

1983 թվականին Լեհաստանի ազգային բանկը թողարկել է 611700 տպաքանակով հուշադրամ 50 զլոտի արժեքով, որի դիմերեսին Իգնացի Լուկասևիչի դիմանկարն է և «Ignacy Łukasiewicz • 1822 - 1882» ստորագրությունը (պատրաստված է պղնձա-նիկելային համաձուլվածքից, Ա. Յարնուշկևիչի և Ս. Վոնտրուբսկոյ-Ֆրինդտի նախագծով)[56]։

2003 թվականին թողարկվել է «Նավթային և գազային արդյունաբերության 150-ամյակին» մետաղադրամների շարքը. հուշադրամները 2 զլոտի արժեքով են (պատրաստված են Nordic gold համաձուլվածքից, Է. Տից-Կարպինսկու և Ռ. Նովակովսկու նախագծով, տպաքանակը՝ 600000) և երկու կոլեկցիոն մետաղադրամ (պատրաստվել են Ռ. Նովակովսկու նախագծով). 10 զլոտի արժեքով արծաթե մետաղադրամ (43700 տպաքանկով) և 200 զլոտի արժեքով ոսկե մետաղադրամ (2100 տպաքանակով)։ Բոլոր երեք մետաղադրամների դիմերեսին Իգնացի Լուկասևիչի դիմանկարն է ու «31•VII•1853» ամսաթիվը[57][58][59][60]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնացի Լուկասևիչ» հոդվածին։