Ինդիրա Գանդի

Հնդկաստանի քաղաքական գործիչ

Ինդիրա Գանդի (հինդի՝ इंदिरा प्रियदर्शिनी गांधी Indirā Priyadarśinī Gāndhī listen , նոյեմբերի 19, 1917(1917-11-19)[1][2][3][…], Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] - հոկտեմբերի 31, 1984(1984-10-31)[1][2][3][…], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ 1966-1977 և 1980-1984 թվականներին։

Ինդիրա Գանդի
 
Կուսակցություն՝Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝Սոմերվիլ Քոլեջ, Վիսվա-Բհարատի համալսարան, Բադմինթոնի դպրոց և Patha Bhavana?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և գրող
Դավանանքհինդուիզմ
Ծննդյան օրնոյեմբերի 19, 1917(1917-11-19)[1][2][3][…]
ԾննդավայրԻլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4]
Վախճանի օրհոկտեմբերի 31, 1984(1984-10-31)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՆյու Դելի, Հնդկաստան
ԹաղվածՌաջ Գհատ
ԴինաստիաՆերու-Գանդի
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
ՀայրՋավահարլալ Ներու[5]
ՄայրԿամալա Ներու
ԱմուսինՖերոզ Գանդի
ԶավակներՌաջիվ Գանդի և Սանջայ Գանդի
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Ջավահառլալ Ներուի դուստրը։

Կենսագրություն

Ինդիրա Գանդին ծնվել է 1917 թվականին Իլահաբադ քաղաքում, Հնդկաստանի ապագա վարչապետ Ջավահառլալ Ներուի ընտանիքում։ Նա Ներուի միակ զավակն էր։ Ավարտել է Ժողովրդական համալսարանը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայում և Օքսֆորդում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Ինդիրա Գանդին հոր մահից հետո՝ 1964 թվականին, ընտրվել է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատել Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։ Շաստրիի մահվանից հետո նա դարձել է Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ և Հնդկաստանի վարչապետ (աշխարհում երկրորդ կին-վարչապետը Սիրիմավո Բանդարանայիկից հետո)։ 1971 թվականին նա հաղթել է խորհրդարանական ընտրություններում' «աղքատության դեմ պայքար» կոչի ներքո։ Ինդիրա Գանդին անցկացրել է բանկերի ազգայնացում, նրա կառավարման տարիներին երկրում արագ տեմպերով զարգացել է արդյունաբերությունը, այդ թվում՝ ծանր արդյունաբերությունը, գյուղատնտեսության բնագավառում կատարվում է «կանաչ հեղափոխություն», որի շնորհիվ Հնդկաստանն առաջին անգամ երկար տարիների ընթացքում արտադրանքի ներմուծման բնագավառում դառնում է անկախ։ Ինդիրան բազմիցս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը Ներուի քաղաքական սկզբունքներին։ Գանդին վարել է ռազմական բլոկներին չմիանալու, խորհրդային միության և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու քաղաքականություն։ Պաշտոնական այցով բազմիցս եղել է ԽՍՀՄ-ում, 1976 թվականի հունիսին այցելել է Հայաստան[9]։

Սակայն ոչ բոլոր բարեփոխումներն են ժողովրդականություն վայելել, դրանց թվում՝ բնակչության աճը կանգնեցնելու նպատակով իրականացված ստիպողական խիստ միջոցառումները և քաղաքական ազատությունների սահմանափակումները։ 1977 թվականին Գանդին պարտվել է խորհրդարանական ընտրություններում, իսկ 1980 թվականին նորից վերադարձել իշխանության։ Նրա կառավարման երկրորդ փուլը բնորոշվել է Փենջաբ նահանգում ապրող սիկհերի հետ բախումներով։ Սիկհերի առաջնորդը սիկհերի համայնքը հայտարարել է անկախ ինքնակառավարվող մարմին։ Նրանք հարձակվել են հինդուիստների վրա և գրավել սիկհերի գլխավոր սրբատեղին՝ Ոսկե տաճարը։ Ի պատասխան՝ 1984 թվականին հնդկական կառավարությունն իրականացրել է պատերազմական գործողություն՝ «Երկնագույն աստղ» անունով, որի ընթացքում տաճարն ազատագրվել է, սակայն զոհվել են 500 մարդ։ Սիկհերի վրեժը երկար սպասեցնել չի տվել։ 1984 թվականի հոկտեմբերի 31-ին Ինդիրա Գանդին սպանվել է անձնական թիկնապահների կողմից։

Վաղ կյանք և գործունեություն

Ինդիրա Գանդին Մահաթմա Գանդիի հետ հանդիպման ժամանակ

Ինդիրա Գանդիի անունն ի ծնե եղել է Ինդիրա Ներու։ Ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 19-ին Իլահաբադում։ Հայրը՝ Ջավահառլալ Ներուն, ականավոր քաղաքական գործիչ էր Հնդկաստանը բրիտանական ազդեցությունից ազատելու հարցում։ Ընտանիքի միակ զավակն է եղել։ Նրան մեծացրել է մայրը՝ Կամալա Ներուն։ Մանկությունն անցկացրել է միայնության և տխրության մեջ։ Մայրը մահացել է տուբերկուլոզից[10], իսկ հոր հետ կապը եղել է միայն նամակագրական, որովհետև նա միշտ շրջագայել է քաղաքական գործերով[11]։

Ինդիրան 1930-ական թվականներին

Ինդիրան հիմնականում կրթություն է ստացել տանը։ Ընդմիջումներով դպրոց է հաճախել մինչև 1934 թվականը։ Նա սովորել է Դելիի մասնագիտացված դպրոցում, Սբ. Սեսիլիայի և Սբ. Մերիի քրիստոնեական եկեղեցիների դպրոցներում[12], Ժնևի միջազգային դպրոցում, Փանրայի և Բոմբեյի դպրոցում[13]։ Երբ Ինդիրան եկել էր Եվրոպա՝ հիվանդ մորը տեսնելու, ցանկություն էր առաջացել մնալու և իր կրթությունը շարունակելու Օքսֆորդի համալսարանում[14]։ Նա 2 անգամ հանձնել է ընդունելության քննությունը, որովհետև առաջին քննության ժամանակ լատիներենի իմացությունը թույլ էր[15]։ Օքսֆորդում նա լավ էր պատմությունից, քաղաքական գիտություններից, տնտեսագիտությունից[16][17]։ Եվրոպայում բնակվելու ժամանակաշրջանում Ինդիրան հիվանդացել է և ստիպված եղել թողնելու Օքսֆորդն ու մեկնել Շվեյցարիա՝ բուժվելու նպատակով։ Հետագայում Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է դիպլոմ։ Մեծ Բրիտանիայում նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ֆերոզ Գանդիին (կապված չէ Մահաթմա Գանդիի հետ)։ Իլահաբադում ամուսնանալուց հետո զույգն ունեցել է երկու որդի՝ Ռաջիվ Գանդի և Սանջայ Գանդի։

Առաջին ժամկետը որպես վարչապետ (1966-1977 թվականներ)

Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանը վերելք է ապրել։ Կոնգրեսականներն անգամ սիրում էին նշել, որ Հնդկաստանն Ինդիրան է, Ինդիրան՝ Հնդկաստանը[18]։

Առաջին տարի

Ինդիրան կազմել է կառավարություն Մորարջի Դեսայի հետ, որը նշանակվել էր փոխվարչապետ և ֆինանսների նախարար։ Իր կառավարման սկզբում նրա որոշումներն անընդհատ քննադատվել են, նրան անգամ տվել էին «անպետք խաղալիք» մականունը[19][20]։

1967-1971 թվականներ

Ինդիրայի առաջին ընտրական թեստը տեղի է ունեցել 1967 թվականի Լոկ Սաբայի և պետական համագումարների ընդհանուր ընտրություններում։ Ձայների մեծամասնությամբ Կոնգրեսական կուսակցությունն այս ընտրություններում հաղթել է։ Ընտրվող կուսակցությունը պարտավոր էր լուծել ապրանքների, գործազրկության, տնտեսական լճացման և սննդի ճգնաժամին վերաբերող բոլոր հարցերը։ Ինդիրան համաձայնվել է ռուպիի արժեզրկմանը, որը հնդիկ գործարարներին և սպառողներին դրել է ծանր դրության մեջ, իսկ ԱՄՆ-ից ցորենի ներմուծումը նվազել է քաղաքական վեճերի պատճառով։

1971-1977 թվականներ

1971 թվականին ընտրվելուց հետո Գանդիի ամենամեծ ձեռքբերումը եղել է 1971 թվականի դեկտեմբերին հնդկական զորքերի հաղթանակն ընդդեմ Պակիստանի, ինչը հետագայում նպաստել է Բանգլադեշի անկախացմանը։ Այս հաղթանակից հետո ընդդիմությունը նրան տվել է «Աստվածուհի Դուրգա» մականունը[21][22][23][24]։ Պակիստանին հաղթելուց հետո անգամ այս ժամկետում Կոնգրեսական կուսակցությունը մի շարք խնդիրներ է ունեցել։ Դրանցից մի քանիսը կապված էին բարձր գնաճի հետ, որն իր հերթին պայմանավորված էր պատերազմի ժամանակ ծախսերով, երկրի որոշ մասերում երաշտով և 1973 թվականի նավթային ճգնաժամով։

Ընտրական բողոքարկման վերաբերյալ վճիռ

1975 թվականի հունիսի 12-ին Իլահաբադի բարձր դատարանը բողոքարկեց Գանդիի թեկնածությունը Լոկ Սաբայի ընտրություններում։ Ինդիրան մեղադրվում էր պետական ռեսուրսների չարաշահման մեջ[25][26]։ Դատարանը որոշում կատարեց զրկել նրան 6 տարի որևէ ձեռնարկությունում աշխատելուց։ Գանդին իր կոլեգաներից մեկին՝ Աշոկ Կումար Սենին խնդրեց դառնալ իր փաստաբանը։ Դատի արդյունքում Ինդիրան ճանաչվեց մեղավոր, բայց շարունակվեց սիրվել ժողովրդի կողմից։

1980 թվականի ընտրություն ու 3-րդ ժամկետ

Գանդիի իշխանության ներքո 1980 թվականին Կոնգրեսական կուսակցությունը վերադարձավ կառավարման[27]։ Գանդին միայն իր ընտանիքի անդամներին կարող էր վստահել պետության առաջնորդությունը, սակայն նրա որդիներից մեկը, ով պետք է ստանար այս պատասխանատվությունը, հունիսի 23-ին սպանվում է[28]։ Մյուս որդին կտրականապես դեմ էր քաղաքական գործիչ դառնալուն։

Սպանություն

Իր մահից մեկ օր առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Ինդիրա Գանդին այցելել է Օրիսա, որտեղ վերջին անգամ ելույթ է ունեցել Օրիսայի քարտուղարության առջև։ Այդ ելույթում նա զարմանալիորեն խոսել է իր արյան և «երկրի առողջության» մասին։ Նա ասել է. «Ես այսօր ողջ եմ, բայց վաղը կարող եմ այստեղ չլինել։ Ես պարտավոր եմ ծառայել իմ երկրին մինչև իմ վերջին շունչը։ Երբ մահանամ, կարող եմ ասել, որ իմ արյան ամեն մի կաթիլը կբուժի և կհզորացնի Հնդկաստանը»[29][30]։

Ինդիրա Գանդիի սարին, որ հագել էր իր սպանության օրը
Գանդիի գերեզմանը

1984 թվականի հոկտեմբերի 31-ին Գանդիի երկու թիկնապահները՝ Սաթվանտ Սինգը և Բիանդ Սինգը, որոնք սիկհեր էին, իրենց ծառայողական զենքով վարչապետի նստավայրի այգում սպանել են Գանդիին[31]։ Նա պետք է հարցազրույց ունենար բրիտանացի լրագրողի հետ, բայց ճանապարհին իր երկու թիկնապահներն ավելի քան 30 կրակոցով իրեն սպանել են[32]։ Թիկնապահներից մեկը տեղում սպանվել է, մյուսը՝ դատապարտվել մահապատժի։ Սպանող Բիանդ Սինգի ազգական Քեհար Սինգը, որը մեղադրվում սպանության պատրաստմանը մասնակցելու մեջ, ևս ենթարկվել է մահապատժի։

Սպանության դրդապատճառը 1984 թվականի հուլիսին իրականացված «Կապույտ աստղ» գործողությունն էր, որի ընթացքում Հնդկաստանի անվտանգության ուժերը հարձակվել են սիկհերի կողմից սրբազան համարվող Ամրիթսարի Ոսկե տաճարի վրա՝ այնտեղից մի խումբ սիկհ անջատական զինյալներին հեռացնելու նպատակով։ Գործողության հետևանքով սպանվել են հարյուրավոր խաղաղ սիկհ ուղտավորներ։

Գանդիի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Ռաջ Գաթի մոտ[33]։ Այն վայրը, որտեղ նա թաղված է, այսօր հայտնի է որպես Շատտի Սթալ։ Նրա հուղարկավորությունը հեռարձակվել է ներքին և միջազգային կայաններով, այդ թվում՝ «Բի-բի-սի»-ով։ Նրա մահից հետո միլիոնավոր սիկհներ տեղահանվել և մոտ երեք հազար մարդ սպանվել են հակասիկհական ջարդերում[34]։ Ռաջիվ Գանդին հեռուստատեսությամբ մեկնաբանել է կոտորածները. «Երբ մեծ ծառ է ընկնում, երկիրը ցնցվում է»[35][36]։

Արտաքին հարաբերություններ

Ինդիրա Գանդին կարողացել է իր կառավարման շրջանում հարաբերություններ հաստատել մի շարք պետությունների հետ։

Հարավային Ասիա

1971 թվականին, երբ Պակիստանում սրվել էր պատերազմական իրավիճակը, մոտ 10 միլիոն փախստականներ գաղթեցին Հնդկաստան[37]։ Շուտով՝ դեկտեմբեր ամսին, Ինդիրան հավաքում է զորք և ազատագրում է Արևելյան Պակիստանը[38]։ Եթե Ինդիրան համաձայնագրով օգնություն էր ստանում ԽՍՀՄ-ից[39], ապա Պակիստանին էլ աջակցում էր ԱՄՆ-ն[40]։ ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը տանել չէր կարողանում Գանդիին։ Իր հեռախոսազրույցի ժամանակ նա անգամ Գանդիին անվանել է «կախարդ, խորամանկ աղվես»[41][42]։ Հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ավելի վատացան, երբ Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանի քաղաքական, ռազմական և առևտրային գործերում ամենամերձ բարեկամը դարձավ ԽՍՀՄ-ը[43]։

Միջին Արևելք

Ինդիրա Գանդին Իրանի շահի և նրա կնոջ հետ

Ինդիրան Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ ցույց է տվել իր աջակցությունը Պաղեստինին[44]։ Ինդիրան Հնդկաստանի և Իսրայելի բարեկամական հարաբերությունները հաստատեց համաձայնագրով, բայց երկու երկրների միջև կապը թուլացավ Պակիստանի հետ պատերազմի պատճառով[45]։

Ընտանիք, կյանք և հայացքներ

Ինդիրա Գանդին հոր և որդիների հետ

1942 թվականին՝ 25 տարեկանում, Գանդին ամուսնացել է Ֆերոզ Գանդիի հետ։ Ամուսնությունը տևել է 18 տարի՝ մինչև 1960 թվականը, երբ Ֆերոզը մահացել է սրտի կաթվածից։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ռաջիվ Գանդի (ծնված 1944 թվականին) և Սանջայ Գանդի (ծնված 1946 թվականին)։ Փոքր որդին՝ Սանջայը, պետք է ժառանգեր իր մոր դիրքը, բայց հանկարծակի մահը խլում է այդ հնարավորությունը։ Գանդին համոզել է մյուս որդուն թողնել իր աշխատանքը՝ որպես օդաչու, և դառնալ քաղաքական գործիչ։ 1984 թվականին՝ մոր մահից հետո, Ռաջիվ Գանդին դարձել է վարչապետ՝ պաշտոնավարելով մինչև 1989 թվականը։ 1989 թվականի մայիսի 21-ին նրան պայթուցիկով սպանել են։ Գանդիի յոգայի ուսուցիչը՝ Դիրենդրան Բրամմաչարին, օգնել է նրան որոշումներ կայացնելիս, հատկապես 1975-ից 1977 թվականներին, երբ Գանդին «արտակարգ դրություն էր հայտարարել և կասկածի տակ էր դրել քաղաքացիական ազատությունները»[46][47]։

Ֆերոզ և Ինդիրա Գանդիների դիմանկարը

2017 թվականին Պրիյա Պոլ անունով մի կին հայտարարել է, որ ինքը Գանդիի թոռն է՝ որպես Սանջայ Գանդիի դուստր։ Նա ասել է, որ իրեն հանձնել են մանկատուն, որովհետև Ինդիրան ցանկացել էր գաղտնի պահել երեխայի գոյությունը[48]։

Պարգևներ

1971 թվականին Պակիստանին պարտության մատնելուց հետո Գանդին պարգևատրվեց Հնդկաստանի ամենաբարձր շքանշանով՝ Բհարատ Ռատնայով[49][50][51]։ 2011 թվականին նա հետմահու պարգևատրվել է Բանգլադեշի ամենաբարձր շքանշանով Բանգլադեշի ազատագրման մեջ իր հսկայական ներդրման համար[52]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ինդիրա Գանդի հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիրա Գանդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիրա Գանդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 684