Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)

Հայ-ադրբեջանական պատերազմ, Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 00։ 05-ին[12]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Աջից ձախ՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գնդակոծված բնակելի տուն Ջերմուկում, Ռուսաստանի ԱԴԾ-ի վնասված տեխնիկան Գեղարքունիքի մարզում, Ռուսաստանի՝ Գեղարքունիքի մարզում ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած հրթիռը Սոթքում, ԱՄՆ-ի հայ համայնքի բողոքի ակցիան Նյու Յորքում
ԹվականՍեպտեմբերի 13, 2022Սեպտեմբերի 15, 2022
ՎայրՀայաստան Գեղարքունիքի մարզ (մասնավորապես Սոթքի, Վերին Շորժայի և Վարդենիսի ուղղությամբ)
Հայաստան Վայոց Ձորի մարզ (մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ)
Հայաստան Սյունիքի մարզ (մասնավորապես Մեծ Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղությամբ)
ԱրդյունքԱդրբեջանի ռազմական հաղթանակ,
հրադադարի հաստատում սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից
Տարածքային
փոփոխություններ
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Հայաստանի տասնյակ հեկտարներով հաշվող տարածքի նկատմամբ[1]

Ադրբեջանը հայ-ադրբեջանական գործող շփման գծի երկայնքով գրավել է ռազմավարական բարձունքներ[2]

Հակառակորդներ
Հայաստան ՀայաստանԱդրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան (վարչապետ)
Հայաստան Սուրեն Պապիկյան (պաշտպանության նախարար)
Ադրբեջան Իլհամ Ալիև (նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով (պաշտպանության նախարար)
Կողմերի ուժեր
Հայաստանի զինված ուժեր Ադրբեջանի զինված ուժեր
Ռազմական կորուստներ
Հայկական պաշտոնական՝
  • 224 զոհ[3][4][5]
  • 293 վիրավոր[4]
  • առնվազն 20 գերեվարված[5][6]
  • տասնյակ հեկտարներով տարածքի կորուստ[1]
  • մարտական հենակետերի կորուստ[1]
  • բազմաթիվ քաղաքների և գյուղերի, ենթակառուցվածքների ավերածություններ[7][8][9]
Ադրբեջանական պաշտոնական՝

Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին[13][14]։

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ[4][5], ավելի քան 20 գերևարված[5] և 293 վիրավոր[4]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[1], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[7][8][9]։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ[10][11] և 282 վիրավոր[11]։

Նախապատմություն

2021 թվականի ապրիլի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ՝ մայրաքաղաք Երևանը, Զանգեզուրը (Սյունիք) և Սևանը (Գեղարքունիք) հայտարարելով Ադրբեջանի «պատմական հողերը»[15][16]։ 2021 թվականի ապրիլին արված հայտարարության մեջ նա հայտնել էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ միջանցք տրամադրել Սյունիքի մարզով, ապա Ադրբեջանը դա կստեղծի ուժի կիրառմամբ՝ պնդելով, որ ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա այսպես կոչված՝ «Արևմտյան Զանգեզուր»[17][18][19][20]։

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք[21][22][23][24]։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից[25][26]։

Իրադարձությունների ժամանակագրություն

Սեպտեմբերի 13

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների քարտեզ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման գործողություններ։

Ժամը 14։ 00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ[27]։

Կեսօրին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութ գյուղում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, տարհանվել են կանայք ու երեխաները[28]։

Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը[29]։ Տավուշի մարզ

Սեպտեմբերի 14

Ժամը 08:00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով՝ հարվածելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին[30]։ Գիշերը նաև ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ Ջերմուկի ուղղությամբ[31]։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել «հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին»[10]։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկզբից Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել են առնվազն 2570 բնակիչ[10]։

Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է․ թե կոչ են անում դադարեցնել կրակը և պատրաստ են միակողմանիորեն հայկական կողմին հանձնել սեպտեմբերի 12-ին և 13-ին զոհված հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները։ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն[10]։

Երեկոյին մոտ Հանրապետության հրապարակում և Ազգային ժողովի շենքի առջև սկսվել է բողոքի ցույց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Ազգային Ժողովում իր հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 20:00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է[32]։

Սեպտեմբերի 15

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին և 15-ի գիշերը էական միջադեպեր չեն գրանցվել, իսկ ՀՀ Անվտանգության Խորհուրդի քարտուղարն էլ հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է հասնել հրադադարի[10]։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի երեք մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ[10]։

Սեպտեմբերի 28. հետպատերազմական դրություն

Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերից ու խոշոր տեսակի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ջերմուկ քաղաքի մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող[33][34][35]։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի գնդակոծում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի հենակետը Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում, որը գնդակոծվել Է Ադրբեջանի զինված ուժերի կողմից
Ռուսաստանի՝ Գեղարքունիքի մարզում տեղակայված ԱԴԾ-ի տեխնիկան, որը վնասվել է Ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունից

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ըստ հայկական ԶԼՄ-ների, Ադրբեջանի զինված ուժերը հարված են հասցրել Գեղարքունիքի մարզում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։ Ռուսական զորքերի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը։  Ելնելով հրապարակված լուսանկարներից՝ գնդակոծության հետևանքով վնասվել են ռուսական զորքերի զորանոցներն ու ռազմական տեխնիկան[36][37]։

Մի քանի ժամ անց տեղեկություն հայտնվեց ռուսական զորքերի երկրորդ գնդակոծության մասին։ Հայկական ԶԼՄ-ներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է ռուսական գնդակոծված շարասյունը։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ռուսական մարդասիրական օգնություն իրականացնող ավտոշարասյունը Վերին Շորժա գյուղի շրջանում գնդակոծվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից[36][38][39]։

Ավելի ուշ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտարարեց, որ հայկական տարածքի գնդակոծության հետևանքով ռուս սահմանապահների շրջանում տուժածներ չկան[40]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին տեղեկացրեց Հայաստան ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Գոլուբիցկին ցուցադրել է Սոթքի ռուսական սահմանապահ կետի գնդակոծության կադրերը։ Իր զեկույցում նա նշել է, որ շենքում եղել է 15 մարդ, որոնք գնդակոծության սկսվելուց հետո թաքնվել են առաջին հարկի միջսենյականոց տարածքում։ Գոլուբիցկու խոսքով՝ կրակի տակ գտնվող անձնակազմին հաջողվել է դուրս բերել կետից, սակայն ողջ գույքն ու տեխնիկան տարհանել չի հաջողվել[41][42]։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները երկու դեպքում էլ հերքել են ռուսական զորքերի տեղակայման և հումանիտար օգնությամբ շարասյան գնդակոծման փաստը[38]։

Հետևանքներ

Միջոցառումների չեղարկում

Ադրբեջանում Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների մահվան կապակցությամբ չեղյալ են հայտարարվել «Գիտելիքի օրվան» և «Ազգային երաժշտության օրվան»[43][44] նվիրված հանդիսավոր միջոցառումները, հետաձգվել է Ադրբեջանի երիտասարդական ծանրամարտի առաջնության անցկացումը[45], իսկ Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնը չեղյալ է հայտարարել ներկայացումները, որոնք նախատեսված են սեպտեմբերի 16-ին և 17-ին[46]։

Բաքվում կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ուկրաինացի կատարող Մաքս Բարսկիխի համերգը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-ին։ Չեղարկման պատճառն այն էր, որ երգիչը սոցցանցերում կիսվել է հայ լրագրող Մհեր Բաղդասարյանի Հրապարակումով՝ պնդելով, որ «Հայաստանը գրոհում են»[47]։ Ավելի ուշ Բարսկիխը հայտարարել է, թե իբր ինքն է չեղարկել իր համերգը՝ Ադրբեջանին մեղադրելով ագրեսիայի մեջ[48]։

Սեպտեմբերի 19-ին Բաքվում չեղյալ է հայտարարվել ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլի համերգը, որը պետք է կայանար նոյեմբերի 15-ին։ Պատճառն այն էր, որ երգչուհին սոցցանցում կիսվել է այն պնդմամբ, թե «Հայաստանը գրոհում են» և ավելացրել «Armenian lives matter» գրությունը[49]։

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով հետաձգվել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը[50]։

Չեղարկվել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի բնագավառում աշխարհի ամենանշանավոր ուսանողական Ժան Պիկտեի դատախաղ-մրցույթը, որ նախատեսվում էր անցկացնել ագրեսիայի թիրախ դարձած Ջերմուկ քաղաքում։

Բողոքի ակցիաներ

Հայաստան

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց, սեպտեմբերի 13, 2022

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ազգային ժողովի և կառավարության շենքի առջև տեղի են ունեցել երկու բողոքի ակցիաներ՝ պահանջելով կառավարության ղեկավարի հրաժարականը։ Պատճառը սեպտեմբերի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էին այն մասին, որ հայկական կողմը[51] պատրաստ է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որից հետո շատերը հաստատ նրան դավաճան կհայտարարեն[52]։  Ցուցարարներին են միացել նաև նախկին պաշտոնյաներ և կուսակցությունների առաջնորդներ, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հասարակական գործիչ Կարին Տոնոյանը, «Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանը և այլք։ Ոմանք առաջարկում էին շարժվել դեպի կառավարական ամառանոցներ, որտեղ կարող էր գտնվել Փաշինյանը։  Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլը դավաճան է»[53]։

Ցուցարարները փորձել են քանդել դարպասները և մտնել խորհրդարանի շենք, սակայն նրանց չի հաջողվել։ Տելեգրամյան Shot ալիքի փոխանցմամբ՝ դրանից հետո իշխանությունները որոշել են դարպասները զոդել։ Երևանում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ են արել գալ աշխատանքի և իմպիչմենտ հայտարարել Փաշինյանին։ Ավելի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորների ստորագրությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի մասին փաստաթղթի տակ կան, նրան իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 18 ձայն։ Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ընդդիմադիր պատգամավորները գնացել են խորհրդարանի շենք՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար և միացել ցուցարարներին[54]։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը և կոչ արել քաղաքացիներին դուրս գալ փողոց և «միանալ իրենց պայքարին հանուն հայոց պետականության»[55]։

2022 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում «Ազգային ժողովրդավարական բևեռ» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն» քաղաքական կուսակցությունները կազմակերպել են հանրահավաք՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից և բանակցություններ սկսել այլ դաշնակիցների հետ, որպեսզի ստեղծվի անվտանգության նոր համակարգ։

Հայկական սփյուռք

Հայկական սփյուռքի բողոքի ակցիան Նյու Յորքում

ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան[56], ինչպես նաև Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ[57]։ Ակցիայի մասնակիցները պահանջել են «դադարեցնել ռմբակոծել Հայաստանի խաղաղ քաղաքացիներին»[56]։

Դատական հայցեր

ՄԱԿ-ի միջազգային դատարան

2022 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ ենթադրյալ ռասսայական խտրականության, քաղաքացիական օբյեկտների վրա հնարավոր հարձակման և այլ հիմքերով[58][59]։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, ի պատասխան Երևանի գործողությունների, հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նման հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան[59]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանը մի քանի հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով[60][61]։

Հայտարարությունները, մասնավորապես, վերաբերում էին Հայաստանում քաղաքացիական բնակավայրերի ենթադրյալ գնդակոծություններին, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնական իրավունքների պաշտպանությանը[61]։  Հայաստանը նաև դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել իր կանոնադրության 39-րդ հոդվածի 2-րդ կետը և իր որոշման մասին անհապաղ տեղեկացնել Նախարարների կոմիտեին[61]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցում է ուղարկել Ադրբեջանին ռազմագերիների մասով և ժամանակ տվել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 22-ը[61]։

Արձագանք

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը[62]։ Ֆրանսիան նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումը[63]։ Նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին։
  • ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը, իրավիճակը կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
  • ՌԴ ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից, ցուցաբերել զսպվածություն ու անկեղծորեն կատարել 20 թվականի նոյեմբերի 9-ի, 21 թվականի հունվարի տասնմեկի և նոյեմբերի 26-ի հայտարարությունը[64]։
  • Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով[65]։
  • ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է արել[66]։
  • «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը[67]։
  • Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն[68]։
  • Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը[69]։
  •  ԱՄՆ
    • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները[70]։
    • ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և ենթակառուցվածքները[71]։
    • Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտել և անընդունելի են համարել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը[72], կոնգրեսի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը[73], ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը[74]։
  • Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են նաև ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն[75], ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը[76]։
  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը[77]։
  • Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել Հայաստանի Ազգային Ժողովը։
  • Հնդկաստանը ագրեսոր կողմին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները[78]։
  • Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամամանակ ցավակցել է զոհերի համար, նաև հայտարարել է՝ Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանի կողքին է[79]։
  • Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել և դատապարտել «հայկական զինված ուժերի ռազմական սադրանքը»։ Նա նաև Հայաստանին կոչ է արել պահպանել երկու երկրների միջև ձեռք բերված ընթացիկ համաձայնությունները[80]։
  • Ուկրաինան կողմերին կոչ է արել հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա[81]։
  • Կանադայի ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններից, ներառյալ հայկական բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հարվածներից[82]։
  • Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը խոստորեն դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազմաթիվ թիրախների վրա[83]։
  • Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ժապարովը նշել է նաև, որ «Ղրղզստանը չափազանց մտահոգված է իրավիճակի սրմամբ երկու բարեկամ պետությունների սահմանին»[84]։

Տես նաև

Ծանոթագրություններ