Հարավային Կորեայի տնտեսություն

Հարավային Կորեայի տնտեսությունը
Комплекс Самсунг тауэр пэлас в Сеуле, Южная Корея
Արժույթ1 հարավկորեական վոն (₩) = 100 չոն (տեսականորեն)
Ֆիսկալ տարիօրացուցային տարի
Առևտրային կազմակերպություններԱԽՏԽ, ԱՀԿ և ՏՀԵԿ
Ընդհանուր վիճակագրություն [1] Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.)
ՀՆԱԱշխարհի 11-րդն է գնողունակության համարժեքությունով (2018), 14-րդը՝ անվանական ՀՆԱ-ով (2018)։
ՀՆԱ (անվանական)$1,655 միլիարդ (2018)[1]
ՀՆԱ (ըստ գնողունակության համարժեքության)$2,139 միլիարդ (2018)[1]
ՀՆԱ-ի աճը2,8 % (2015), 2,9 % (2016), 3,1 % (2017), 2,7 % (2018f)[2][3]
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (գնողունակության համարժեքության)$41 416
(2018)[1]
ՀՆԱ (անվանական) մեկ շնչի հաշվով$32 046
(2018)[1] 
ՀՆԱ-ն ըստ տնտեսական ոլորտի(3 %) գյուղատնտեսություն (39.4 %) արդյունաբերություն (57.6 %) ծառայություններ (2008, գնահատում)
Գնաճ1,9 % (2017, գնահատում)
Բնակչությունը աղքատության մակարդակից ցածր15 % (2006, գնահատում)
Աշխատուժ25,09 միլիոն մարդ (2011, գնահատում)
Տնտեսության ճյուղերում աշժխատողներգյուղատնտեսություն (7%), արդյունաբերություն (23,6 %), ծառայությունների ոլորտ (69,4%) (2011, գնահատում)
Գործազրկություն3,9 % (2017, գնահատում)
Արդյունաբերության հիմնական ճյուղերըԷլեկտրոնիկա, ավտոմոբիլային, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն, պողպատ, տեքստիլ և սննդի արդյունաբերություն
Առևտրային գործընկերներ [2] Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.)
Արտահանում$558,8 միլիարդ (2011)
Արտահանման գործընկերներՉինաստան 27,9 %, ԱՄՆ 10,2 %,Ճապոնիա 5,8 %(2010)
Ներմուծում$525,2 միլիարդ (2011)
Ներմուծման գործընկերներՉինաստան 17,9 %, Ճապոնիա 16,2 %, ԱՄՆ 10,1 %, Սաուդյան Արաբիա 5,2 %, Ավստրալիա 4,9 % (2010)
Բյուջե [3] Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.)
Ներքին պարտք28 % ՀՆԱ(2009)
Արտաքին պարտք$397,3 միլիարդ(2011)
Օտարերկրյա ներդրումներ$86 միլիարդ(2009)
Ոսկու պաշարներ$320,1 միլիարդ( 2011 թվականի վերջ)
Եկամուտներ$267,9 միլիարդ(2011)
Ծախսեր$242 միլիարդ(2011)
править

2011 թվականի դրությամբ Հարավային Կորեայի տնտեսությունը աշխարհում 12-րդն է համախառն ներքին արդյունքի (գնողունակության պարիտետով) և աշխարհում 15-րդը՝ անվանական ՀՆԱ-ով։ Մեկ շնչի հաշվով համախառն ազգային արտադրանքը 1963 թվականին հասել է 100 ԱՄՆ դոլարի, իսկ 2014 թվականին՝ 35,000 ԱՄՆ դոլարի։

Հարավային Կորեայի տնտեսության առանցքային ուղղությունները պետության գոյության 60-ամյա պատմության ընթացքում խիստ փոխվել են։ 1940-ական թվականներին երկրի տնտեսությունը հենվում էր առավելապես գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության վրա։ Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում շեշտը դրվել է թեթև արդյունաբերության և սպառողական ապրանքների արտադրության, իսկ 20-րդ դարի 70 և 80-ական թվականներին՝ ծանր արդյունաբերության վրա։ 30 տարի հետո, երբ երկրի նախագահ Պակ Չոն Հին 1962 թվականին հայտարարեց առաջին հնգամյա ծրագրի սկիզբը, երկրի տնտեսությունը աճեց շատ բարձր տեմպերով, և դրա կառուցվածքը շատ փոխվեց։

1980-ական թվականների տնտեսական բուռն աճը դանդաղեց մինչև տասնամյակի վերջ։ Այդ ժամանակ աճը տարեկան 6,5% էր, և բնակչության աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ աճում էր նաև գնաճը։

Ինչպես և շատ զարգացած երկրներում, 90-ական թվականների սկզբին ծառայությունների ոլորտը գերակշռում էր երկրի տնտեսության մեջ, և 21-րդ դարի սկզբին այն կազմում էր ամբողջ ՀՆԱ-ի երկու երրորդը[4]։

Վիճակագրություն

Հետևյալ աղյուսակում ներկայացված են 1980-2017 թվականների հիմնական տնտեսական ցուցանիշները։ 2% -ից ցածր գնաճը նշվում է կանաչ սլաքով[5]։

ՏարիՀՆԱ (Գնողունակության համարժեքություն)
(միլիարդ ԱՄՆ դոլար)
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ (Գնողունակության համարժեքություն)

(ԱՄՆ դոլար)

ՀՆԱ-ի աճը

(իրական)

Գնաճի մակարդակը

(տոկոսներով)

Գործազրկություն

(տոկոսներով)

Պետական պարտքը

(ՀՆԱ տոկոս)

198083,32 184Decrease−1,7 %negative increase28,7 %5,2 %ԱԵ
198197,62 5207,2 %negative increase21,4 %positive decrease4,5 %ԱԵ
1982112,22 8538,3 %negative increase7,2 %negative increase4,1 %ԱԵ
1983132,13 30913,2 %negative increase3,4 %4,1 %ԱԵ
1984151,03 73810,4 %negative increase2,3 %positive decrease3 9 %ԱԵ
1985167,94 1167,8 %negative increase2,5 %negative increase4,0 %ԱԵ
1986190,64 62411,2 %negative increase2,8 %positive decrease3,8 %ԱԵ
1987219,85 28112,5 %negative increase3,0 %positive decrease3,1 %ԱԵ
1988254,66 05611,9 %negative increase7,1 %positive decrease2,5 %ԱԵ
1989283,06 6687,0 %negative increase5,7 %negative increase2,6 %ԱԵ
1990322,37 5189,8 %negative increase8,6 %positive decrease2,5 %13,4 %
1991367,58 48910,3 %negative increase9,3 %2,5 %positive decrease12,5 %
1992399,19 1236,2 %negative increase6,2 %2,5 %positive decrease12,2 %
1993436,59 8796,8 %negative increase4,8 %negative increase2,9 %positive decrease11,4 %
1994486,910 9079,2 %negative increase6,3 %positive decrease2,5 %positive decrease10,1 %
1995544,712 0799,6 %negative increase4,5 %positive decrease2,1 %positive decrease8,9 %
1996596,713 1087,6 %negative increase4,9 %2,1 %positive decrease8,2 %
1997642,913 9905,9 %negative increase4,4 %negative increase2,6 %negative increase10,2 %
1998Decrease614,3Decrease13 272Decrease−5,5 %negative increase7,5 %negative increase7,0 %negative increase14,7 %
1999694,214 89211,3 %0,8 %positive decrease6,6 %negative increase16,7 %
2000773,416 4528,9 %negative increase2,3 %positive decrease4,4 %negative increase17,1 %
2001826,817 4544,5 %negative increase4,1 %positive decrease4,0 %negative increase17,7 %
2002901,918 9307,4 %negative increase2,8 %positive decrease3,3 %positive decrease17,6 %
2003946,919 7712,9 %negative increase3,5 %negative increase3,6 %negative increase20,4 %
20041 020,621 2264,9 %negative increase3,6 %positive decrease3,7 %negative increase23,3 %
20051 094,822 7203,9 %negative increase2,8 %negative increase3,8 %negative increase27,0 %
20061 186,824 5015,2 %negative increase2,3 %positive decrease3,5 %positive decrease29,3 %
20071 284,926 3945,5 %negative increase2,5 %positive decrease3,3 %positive decrease28,7 %
20081 347,227 4642,8 %negative increase4,7 %positive decrease3,2 %positive decrease28,2 %
20091 367,027 7250,7 %negative increase2,8 %negative increase3,6 %negative increase31,4 %
20101 473,729 7386,5 %negative increase2,9 %negative increase3,7 %positive decrease30,8 %
20111 559,431 2293,7 %negative increase4,0 %positive decrease3,4 %negative increase31,5 %
20121 624,632 3622,3 %negative increase2,2 %positive decrease3,2 %negative increase32,2 %
20131 698,633 6842,9 %1,3 %positive decrease3,1 %negative increase35,4 %
20141 786,935 2123,3 %1,3 %negative increase3,5 %negative increase37,3 %
20151 856,736 3952,8 %0,7 %negative increase3,6 %negative increase39,5 %
20161 933,537 7302,8 %1,0 %negative increase3,7 %negative increase40,0 %
20172 029,039 4343,1 %1,9 %3,7 %positive decrease39,8 %

Պատմական ակնարկ

Հետպատերազմյան վիճակ (1945—1961)

Կորեան մասնակցեց Երկրորդ աշխարհամարտին՝ որպես աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ գերազանցապես գյուղատնտեսությամբ[6]։ Հետպատերազմյան ավերածությունները և Կորեական պատերազմը խաթարել են երկրի տնտեսության կայուն զարգացումը։ Երկրի ազգային տնտեսությունը անկում էր ապրում, բնակչության եկամուտները շատ ցածր էին։

Կորեայի երկու մասի՝ ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի բաժանումից հետո, ոչնչացվեցին  գյուղատնտեսությամբ աչքի ընկնող հարավի և արդյունաբերական հյուսիսի միջև եղած երկարաժամկետ կապերը։ Հարավային Կորեան կորցրեց այնպիսի արդյունաբերություններ, ինչպիսիք են մետալուրգիան, քիմիականը, ցեմենտի արտադրությունը։ Հարավում կենտրոնացած էին հիմնականում թեթև և սննդի արդյունաբերությունները[7]։

Կորեական պատերազմը վերջնականապես քայքայեց երկրի տնտեսությունը։ Պատերազմի ավարտից հետո հարավի դաշնակիցների կողմից կառավարության աջակցությամբ մշակվել է Հարավային Կորեայի տնտեսությանն աջակցելու ծրագիրը։ 1954-1959 թվականներին ԱՄՆ-ն տրամադրեց մոտ 1,5 միլիարդ դոլար՝ դրամաշնորհ և «զարգացման վարկեր» (վարկերը կազմել են 12,4 միլիոն դոլար)։ Այս գումարը հիմնականում ծախսվել է ամերիկյան սննդի և սպառողական ապրանքների գնման վրա, միայն մի փոքր մասն է գնացել արդյունաբերության և գյուղատնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը։ Համախառն ազգային արտադրանքի աճի միջին տարեկան տեմպերը 1954-1958 թվականներին կազմել են 5,2 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունն այս տարիների ընթացքում կրկնապատկել է իր արտադրությունը[8]։

1958 թվականի սկզբին գործազուրկների և կիսագործազուրկների թիվը կազմում էր մոտ 4,3 միլիոն մարդ (Հարավային Կորեայի աշխատունակ բնակչության 36,6 տոկոսը)[8]։

Բուռն աճի սկիզբը (1962-1970)

20-րդ դարի 60-ական թվականների սկզբից կորեական տնտեսությունը բուռն զարգանում էր։ Երեք տասնամյակի ընթացքում (1962-ից մինչև 1989 թվականը) համախառն ազգային արտադրանքն տարեկան աճել է միջինը 8 տոկոսով, որը 1962 թվականին կազմում էր 2,3 միլիարդ դոլար, իսկ արդեն 1989 թվականին հասավ 204 միլիարդի։ Բնակչության միջին տարեկան եկամուտը 1962 թվականին մեկ անձի համար կազմում էր 87 դոլար, իսկ 1989 թվականին հասավ 4,830 դոլարի։ Արդյունաբերական հատվածի մասնաբաժինը 1962 թվականին կազմել է ՀՆԱ-ի 14.3% -ը, իսկ 1987 թվականին՝ 30.3%-ը։ Սպառողական ապրանքների առևտրի ծավալը նույնպես դրական փոփոխության է ենթարկվել՝ 1962 թվականի 480 միլիոն դոլարից 1990 թվականին հասել է 127,9 միլիարդ դոլարի։

Երկրի տնտեսության զարգացումը արագացնելու ամենակարևոր գործոնը նոր Նախագահ Պակ Չոն Հիի տնտեսական քաղաքականությունն էր, որն ուղղորդում էր կառավարության ջանքերը՝ արտաքին ներդրումներ ներգրավելու, արտահանումներն ավելացնելու և տնտեսությունը արդյունաբերացնելու ուղղությամբ։ Պետությունը սկսեց ավելի ակնառու դեր ունենալ հասարակության տնտեսական կյանքում։ Սկսվեցին ներդրված պլանավորված տնտեսության տարրերը` հնգամյա տնտեսական ծրագրեր։

Թեթև արդյունաբերության զարգացման՝ 1962 թվականից մինչև 1971 թվականն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները կազմել են 2,6 միլիարդ դոլար՝ հիմնականում վարկերի ձևով[8]։

Հենվելով տնտեսության արդյունաբերական հատվածի և երկրից արտահանմանն ուղղված զարգացման ռազմավարության վրա՝ երկրի կառավարությունը արհեստականորեն ընդլայնեց տնտեսության արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտների միջև առկա անջրպետը, ինչը լուրջ խնդիր էր դարձել 1970-ական թվականների սկզբին։

Կայունացման ժամանակաշրջան (1970-1997)

Կորեայի ՀՆԱ-ի աճի տեմպը 1911-ից 2008 թվականներին

Սակայն 1970-ական թվականների սկզբին երկրի արդյունաբերական ոլորտը կանգնած էր մարտահրավերների առաջ։ Մինչ այդ ազգային արդյունաբերությունը էժան ապրանքներ էր արտադրում՝ օգտագործելով էժան աշխատուժ, ինչը մեծացնում էր հարավկորեական ապրանքների մրցունակությունը և խթանում էր այլ զարգացող երկրների կողմից հովանավորչության քաղաքականության իրականացումը։ Կառավարությունը պատասխանեց՝ ավելացնելով ծանր և քիմիական արդյունաբերությունների ֆինանսավորումը և ներդրումներ կատարելով տնտեսության կապիտալ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչը գնաճի ալիք առաջացրեց[9]։

Կապիտալ արդյունաբերության ոլորտի կառուցվածքային անցումը դժվար է եղել։ Իրավիճակը բարդացնում էր այն, որ 1970-ական թվականների վերջին տեղի ունեցավ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամ, որը հանգեցրեց նավթի թանկացմանը և սահմանափակեց Հարավկորեական արտահանման ծավալները։ 1980 թվականին հարավկորեական տնտեսությունը ժամանակավոր ճգնաժամ է ապրել։ 1962 թվականից ի վեր առաջին անգամ ազգային տնտեսությունը ցույց տվեց բացասական աճ, նկատվեց գնաճ։

1980-ական թվականների սկզբին երկրի կառավարությունը սկսեց լայնածավալ տնտեսական բարեփոխումներ իրականացնել։ Գնաճը կասեցնելու համար պետական ծախսերը կրճատվեցին, և ձեռնարկվեցին կոշտ հարկաբյուջետային միջոցներ։ 1970-ական թվականների դրամի աճը սահմանափակվում էր 30%-ից մինչև 15%։ Բյուջեն կարճ ժամանակով սառեցվեց։ Իրականացվեց լայնածավալ ազատականացում, ծախսերը կրճատվեցին, տնտեսության մեջ կառավարության միջամտությունը մեծապես կրճատվեց։ Արտասահմանյան ներդրողների համար ստեղծվեցին ավելի շատ ազատ պայմաններ։ Որպեսզի կրճատի քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև եղած անջրպետը, կառավարությունը մեծացրեց ներդրումները այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, կապի ցանցերը և գյուղական աշխատուժի մեխանիզմացումը[10]։

Այս միջոցները, համաշխարհային տնտեսության ընդհանուր վերականգնմանը զուգահեռ, օգնեցին Հարավային Կորեայի տնտեսությանը վերադառնալ 1980-ականների երկրորդ կեսի աճի նախորդ մակարդակին։ 1982 թվականից մինչև 1987 թվականը ընկած ժամանակահատվածում տնտեսությունն աճել է միջին հաշվով տարեկան 9,2%, իսկ 1986 թվականից 1988 թվականներին ընկած ժամանակահատվածում` 12,5%-ով։ Գնաճը, որը 70-ական թվականներին տոկոսային արտահայտությամբ կազմում էր երկնիշ թիվ, նվազեցվել է կենտրոնական բանկի կողմից և արտաքին փոխառությունների սահմանափակման շնորհիվ։ Սպառողական ապրանքների գները տարեկան աճել են միջինը 4,7%-ով։ 1986 թվականին Սեուլը գրանցեց վճարների հաշվեկշռի էական աճ, իսկ 1987 և 1988 թվականներին վճարների մնացորդը համապատասխանաբար կազմում էր 7,7 միլիարդ դոլար և 11,4 միլիարդ դոլար։ Այս արագ զարգացումը օգնեց Հարավային Կորեային նվազեցնել իր արտաքին պարտքը։

1980-ական թվականների վերջին ներքին շուկան դարձավ տնտեսական աճի հենակետ։ Ավտոմեքենաների և այլ բարձրորակ ապրանքատեսակների պահանջարկ բարձրացավ՝ պայմանավորված բնակչության գնողունակության ընդհանուր աճով։ Դրա հետևանքով, նախկինում կորեական ապրանքների արտահանմանն ուղղված կառավարության տնտեսական քաղաքականությունը փոխվել է դեպի ինքնապահովում, ինչը հանգեցրել է այլ պետություններից կախվածության նվազման։ Հատկապես այդ տարիներին բուռն կերպով զարգացել է ծառայությունների ոլորտը։

1990-ական թվականները նշանավորվեցին համաշխարհային տնտեսությանը Հարավային Կորեայի սերտ ինտեգրմամբ (90-ականների կեսերին այն դարձավ մի քանի միջազգային տնտեսական կազմակերպությունների անդամ) և բնակչության եկամուտների բուռն աճով։ Սակայն 1990 թվականին պարզ դարձավ, որ 80-ականների աճի բարձր տեմպերը կդանդաղեն։ 1989 թվականին տնտեսական աճը կազմել է ընդամենը 6,5%։ 90-ականների առաջին կիսամյակում տեմպերը չեն նվազել, ընդհակառակը՝ նկատվել է մի փոքր վերականգնում՝ ներդրումների և արտահանման աճի քանակով, տնտեսական աճը 1992 թվականի 3%-ից 1994 թվականին դարձել է 8,6% և 1995 թվականին՝ 8,9%: Մեկ շնչի հաշվով համախառն ազգային արտադրանքը 1995 թվականին բարձրացավ մինչև 10,000 ԱՄՆ դոլար, իսկ 1996-ին գործազրկությունը հասավ աննախադեպ մակարդակի՝ 2%-ի։ Գնաճը մնացել է համեմատաբար կայուն` տարեկան 4%[11]։

Ասիական ֆինանսական ճգնաժամ (1997)

Հարավային Կորեայի տնտեսության կայուն տնտեսական զարգացումն ընդհատվել է 1997 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ միասին։ 1997 թվականի հոկտեմբերին սկսվեց դոլարի նկատմամբ վոնի փոխարժեքի կտրուկ անկումը։ Նոյեմբերի 21-ին երկրի ոսկու և արժույթի պաշարները գրեթե ամբողջությամբ սպառվել էին, և տնտեսության լիակատար փլուզումը կանխելու համար կառավարությունը ստիպված էր խոշոր փոխառություններ կատարել Արժույթի միջազգային հիմնադրամից[12]։

Կառավարության կողմից ձեռնարկված մի շարք միջոցառումներ, ներառյալ տնտեսական մի շարք բարեփոխումներ, թույլ են տվել Հարավային Կորեային շուտափույթ դուրս գալ ճգնաժամից։ Արդեն 1999 թվականին տնտեսական աճը կազմել է 10%, իսկ 2000-ին` 9%։

Ներկայիս վիճակը

Համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը և արտահանման ծավալների անկումը 2001 թվականին ազդեցին հարավկորեական տնտեսության վրա. 2001 թվականին աճը կազմել է ընդամենը 3,3%։ Այնուամենայնիվ, արդեն հաջորդ տարվա ընթացքում՝ 2002 թվականին, տնտեսկան աճը հասել է 6%-ի։ Խոշոր ընկերությունների վերակազմավորումը (չեբոլ), բանկերի սեփականաշնորհումը և տնտեսության ընդհանուր ազատականացումը երկրի կառավարության գործունեության հիմնական ուղղություններն են։ 2004 թվականին տնտեսական զարգացման հեռանկարներն այնքան էլ լավ չէին թվում, ինչը չի կարելի ասել նախորդ տարիների մասին։ Այնուամենայնիվ, Չինաստանի հետ ակտիվ առևտուրը լավ գործոն է Հարավային Կորեայի զարգացման համար։

Այս պահին հարավկորեական տնտեսությունը հիմնված է հիմնականում սպառողական ապրանքների արտադրության վրա, ինչպիսիք են էլեկտրոնիկան, տեքստիլը, մեքենաները, ինչպես նաև ծանր արդյունաբերության ոլորտը՝ նավաշինարարություն, պողպատի արտադրություն։ Այս արդյունաբերության արտադրանքը արտահանման հիմնական ապրանքներն են։ Չնայած այն հանգամանքին, որ ներմուծման շուկան վերջին տարիներին դարձել է ավելի ազատ, գյուղատնտեսական ոլորտը դեռևս գտնվում է պաշտպանողական քաղաքականության ներքո` գյուղատնտեսական մթերքների, ինչպիսին է բրինձը, ներքին և ամբողջ աշխարհում գների մակարդակի լուրջ անհավասարությունների պատճառով։ 2005 թվականին Հարավային Կորեայում բրինձի գինը միջազգային շուկայից հինգ անգամ բարձր էր[13]։ 2004 թվականի վերջին, սակայն, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկրում բրնձի շուկայում ներմուծման մասնաբաժնի աստիճանական բարձրացման մասին։ Մինչեւ 2014 թվականը ներմուծված բրնձը պետք է կազմի սպառվող ամբողջ քանակի 8 տոկոսը։ Բացի այդ, ներմուծված բրնձի մինչև 30 տոկոսը պետք է հասնի վերջնական սպառողներին (մինչ այդ ներմուծված բրնձը հիմնականում օգտագործվել է տարբեր սննդամթերքի և ըմպելիքների արտադրության համար, ինչպիսին է սոջան)։ Մինչև 2014 թվականը Հարավային Կորեայում բրինձի շուկան պետք է ամբողջությամբ բաց լինի։

2008-2010 թվականների տնտեսական ճգնաժամը խիստ ազդեց հարավկորեական տնտեսության վրա։ 2008 թվականին երկրում արդյունաբերական արտադրությունը նվազել է 26%-ով[14], աճել է գործազրկությունը, զգալիորեն նվազել է դոլարի նկատմամբ վոնի փոխարժեքը։ 2009 թվականի ընթացքում երկրի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվել է, ինչին նպաստել է ճգնաժամի դեմ պայքարի կառավարական ծրագիրը և 2008 թվականին վոնի փոխարժեքի նվազումը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել կորեացի արտահանողների համար։ 2010 թվականին աճը արագացել է՝ հարավկորեական ապրանքների սպառողներ հանդիսացող համաշխարհային շուկաների վերականգնման սկսվելուց հետո, մասնավորապես 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի տարեկան աճի կանխատեսումը կազմել է 5,2%, իսկ գործազրկությունը՝ 4,4%-ից հասել է 3,8%-ի[15]։

Կառավարության դերը

Պակ Չոն Հիի տնտեսական քաղաքականություն

1961 թվականին գեներալ Պակ Չոն Հին տապալեց երկրի վարչապետ Չան Մյոնի վարչակարգը։ Տնտեսական ոլորտում նրա գործողությունների հիմնական ուղղությունը եղել է գյուղատնտեսական արտադրանքից անցումը ժամանակակից արդյունաբերական ոլորտի։ Նրա կառավարման օրվանից Հարավային Կորեայի տնտեսությունը բուռն աճ է ապրել։

Պակ Չոն Հիի վարչակազմը որոշեց, որ կենտրոնացված կառավարումը պետք է առանցքային դեր խաղա տնտեսական զարգացման մեջ։ Կառավարության միջոցառումների արդյունքում առաջացած տնտեսության կառուցվածքը ներառում էր ինչպես միջամտության, այնպես էլ ազատ առևտրի տարրեր։ Հենց գեներալ Պակի օրոք երկրում հայտնվեցին չեբոլիներ՝ տարբեր գործունեությամբ զբաղվող խոշոր մասնավոր կոնգլոմերատները։ Այսպես, կառավարությունը պահպանել է երկաթուղիները, էլեկտրաէներգիայի աղբյուրները, ջրամատակարարումը, ավտոճանապարհներն ու նավահանգիստները[8]։

Ամբողջ բանկային համակարգն անցել է պետության վերահսկողության տակ։ Իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են բարելավել իրավիճակը գյուղատնտեսության մեջ (1961 թվականին գյուղացիությունը կազմում էր բնակչության 58%-ը)։ Այսպիսով, իշխող խումբը գյուղացիներին ազատեց ահռելի տոկոսներով պարտքեր վճարելուց, ընդունեց գյուղատնտեսական մթերքների գների կայունացման ծրագիր, ավելացրեց բանկային ավանդների վճարումների տոկոսը, ինչը նաև խթանեց անվճար միջոցների հոսքը դեպի բանկեր և դյուրացրեց վարկերի ստացումը, ձեռնարկվեցին բազմաթիվ նման միջոցառումներ[8]։

Պակ Չոն Հիի կառավարության հիմնական տնտեսական նպատակներն էին ուժեղ արդյունաբերության ամրապնդումը, գործազրկության կրճատումը և կառավարման ավելի արդյունավետ պրակտիկայի զարգացումը։ Միջոցառումներն ուղղված էին արտահանման մակարդակի բարձրացմանը, ինչը նշանակում էր հարավկորեական ապրանքների մրցունակության և աշխատանքի արտադրողականության ուժեղացում։ Էլեկտրոնիկան, նավաշինությունը և ավտոմոբիլային արդյունաբերությունը ճանաչվել են որպես հիմնական արդյունաբերություն։ Կառավարությունը ամեն կերպ խրախուսեց այս ոլորտներում նոր ճյուղերի բացումը։

Այս միջոցառումների արդյունքում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է տարեկան 25%, իսկ 70-ականների կեսերին դրույքաչափն տարեկան աճել է մինչև 45%։

Արտադրության քաղաքականություն

Գլխավոր խնդիրը, որին բախվեց Պակ Չոն Հիի կառավարությունը 1960-ական թվականների սկզբին, բնակչության համատարած աղքատությունն էր։ Անհրաժեշտ էր նաև ավելացնել պետական պահուստները՝ արդյունաբերական աճը խթանելու համար։ Պետության ներքին խնայողությունները չնչին էին։ Արդյունքում, կառավարությունը սկսեց ակտիվորեն վարկեր վերցնել այլ նահանգներից, ինչպես նաև ստեղծել հարկային համակարգ՝ արտաքին կապիտալը երկիր մտցնելու համար։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արագ զարգացող բոլոր երկրներից` Թայվանից, Հոնկոնգից, Սինգապուրից և Հարավային Կորեայից, միայն վերջինն է ֆինանսավորել իր տնտեսությունը հիմնականում արտաքին փոխառության միջոցով։ 1985 թվականին երկրի արտաքին պարտքը կազմել է 46,8 միլիարդ դոլար, իսկ արտաքին ներդրումները հիմնականում եկել են Ճապոնիայից և ԱՄՆ-ից։

Կառավարությունը կարողացել է մոբիլիզացնել երկրի ներքին կապիտալը կապիտալի խրախուսման ճկուն համակարգի միջոցով, որն առանձնանում է արդյունաբերության տարբեր ճյուղերի և դրանց արտահանման ներուժի համար։ Կառավարությունը նաև կարողացել է վերակառուցել բազմաթիվ ոլորտներ, ինչպիսիք են ռազմաարդյունաբերական համալիրը և շինարարությունը, հաճախ խթանելով կամ թուլացնելով մրցակցային պայքարը[16]։

Ձեռնարկություններ և ընկերություններ

Կորեական պատերազմի պաշտոնական ավարտից հետո արտասահմանյան օգնությունը դարձել է ռեսուրսների ամենակարևոր աղբյուրը՝ տնտեսության վերականգնման համար։ Ճապոնացիների կողմից 1950-ականների կեսերին՝ գաղութային տիրապետության ընթացքում կառուցված ճյուղերից մնացած գործարաններից շատերը ոչնչացվեցին պատերազմի հետևանքով։ Մնացածը անցավ մասնավոր սեփականատերերի ձեռքը։ Այս ժամանակահատվածում Հարավային Կորեայում սկսեցին ձևավորվել խոշոր արդյունաբերական կոնգլոմերատներ, որոնք հետագայում կոչվեցին չեբոլներ։ Ընկերությունների այս խմբերը, որոնք զբաղվում են առևտրով, արտադրությամբ և ծառայություններ մատուցելով, շարունակում են գերակշռել հարավկորեական տնտեսությունում։

Չեբոլիի առաջացումը բարենպաստ ազդեցություն է ունեցել երկրից արտահանման ծավալների ավելացման վրա։ 1987 թվականին[16] չորս խոշորագույն չեբոլների եկամուտները կազմել են 80,7 մլրդ դոլար, ինչը կազմում էր համախառն ազգային արտադրանքի երկու երրորդը։ Նույն թվականին Samsung ընկերությունների խումբը 24 մլրդ դոլար եկամուտ է ստացել, Hyundai-ն՝ 22,7 մլրդ դոլար, Daewoo-ն՝ 16 մլրդ դոլար, իսկ LG Group-ը՝ 18 մլրդ դոլար։ Հաջորդը մեծությամբ Sunkyong-ն է, որի  եկամուտը հասավ 7,3 միլիարդ դոլարի։ Այդ տարվա առաջին առաջին տասնյակը կազմել է բոլոր բանկային վարկերի 40% -ը, երկրի արդյունաբերական արժեքի 30% -ը և հարավկորեական արտահանման 66% -ը։ Հինգ խոշորագույն չեբոլիներ աշխատում էին երկրի աշխատանքային ռեսուրսների 8,5%-ով և ստեղծում էին ամբողջ արդյունաբերական արտադրանքի 22.3% -ը։

Տնտեսական ծրագրեր

1960-ական թվականներից ի վեր երկրի տնտեսական ծրագիրը հիմնված էր հնգամյա տնտեսական պլանավորման վրա։ Առաջին հնգամյա տնտեսական ծրագիրը (1962-1966) ներառում էր արդյունավետ արդյունաբերության կայացմանն ուղղված առաջին քայլերը։ Շեշտը դրվեց այնպիսի արդյունաբերությունների զարգացման վրա, ինչպիսիք են էլեկտրաէներգիա, հանքային պարարտանյութեր, նավթաքիմիական արդյունաբերություն և ցեմենտի արդյունաբերություն։ Երկրորդ հնգամյա ծրագիրը (1967-71) նախատեսում էր արդյունաբերության արդիականացում և առաջին հերթին արդյունաբերության զարգացում, որը հնարավորություն կտար ներկրող երկրից դառնալ արտադրող երկիր՝ պողպատի արտադրություն, մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն։ Երրորդ հնգամյակը (1972-76) նշանավորվեց արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության բուռն զարգացմամբ, առաջին հերթին ծանր և քիմիական արդյունաբերության, այդ թվում՝ մեքենաշինության, էլեկտրոնիկայի, նավաշինության և նավթավերամշակման ոլորտներում։ Չորրորդ հնգամյակում (1977-81) երկիրը սկսեց արտադրել այնպիսի արտադրանք, որը մրցունակ է համաշխարհային շուկայում։ Ռազմավարական ուղղությունները ներառում էին գիտատար բարձր տեխնոլոգիական ոլորտներ՝ մեքենաշինություն, էլեկտրոնիկա և նավաշինություն, քիմիական արդյունաբերություն։ Արդյունքում, 1981 թվականին ծանր և քիմիական արդյունաբերություններն աճել են 51,8%-ով, արտահանման մասնաբաժինը արտադրության մեջ աճել է մինչև 45.3%: Հինգերորդ և վեցերորդ հնգամյա ծրագրերը նվազեցրեցին շեշտը դնելով ծանր և քիմիական արդյունաբերության վրա և այն տեղափոխեցին բարձր տեխնոլոգիաների արտադրություն՝ էլեկտրոնիկա, կիսահաղորդչային արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Յոթերորդ հնգամյա ծրագիրը (1992-96) և դրան հաջորդած հնգամյա ծրագրերը շարունակեցին այս ուղղությունը, բայց հնգամյա պլանավորումից հետո դադարեցվեցին։

Երկրի բյուջե

Երկրի բյուջեն մշակվում է պլանավորման և բյուջեի նախարարության կողմից և հաստատվում երկրի խորհրդարանի կողմից։ 2006 թվականին բյուջեն նախատեսում է անվանական ՀՆԱ-ի աճ 7,5 տոկոսով։ Ծախսերի մակարդակը 2005 թվականի բյուջեի համեմատությամբ ավելացել է 5,9 տոկոսով՝ մինչև 220 տրլն վոն (շուրջ 230 մլրդ դոլար)։ Արտաքին պարտքը ենթադրաբար պետք է պահվի ՀՆԱ-ի մոտ 30% մակարդակում, բայց 2007 թվականին նախատեսվում է այն նվազեցնել տոկոսային առումով։ Հարկային բեռը ենթադրվում է 20%։ Վերջերս այդ ցուցանիշն աճել է եկամտի անկման պատճառով։ 2005-2009 թվականների ժամանակահատվածում նախատեսվում է պահպանել այս ցուցանիշը նույն մակարդակի վրա։

Բյուջեի ծախսային կողմում շեշտը դրվում է տնտեսության այն ոլորտների վրա, որոնք  ունեն կառավարության աջակցության խիստ կարիք։ Նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել հետազոտության և զարգացման, կրթության ոլորտում։ Ավելացել են նաև պաշտպանական ծախսերը։

Ստորև բերված է բյուջեի ծախսային մասի մանրամասնությունն ըստ առանցքային ոլորտների 2005 թվականին, 2006 թվականին և 2009 թվականին։ Բոլոր տվյալները բերված են տրիլիոն վոնով[17]։

ԱրդյունաբերությունՀատկացումների ծավալը (2005)Հատկացումների ծավալը (2006)Հատկացումների ծավալը (2009), պլան
Հետազոտական և զարգացման աշխատանքներ7,88,911,1
Կրթություն27,628,736,3
Առողջապահություն, սոցիալական ծրագրեր49,65670,5
Գյուղատնտեսություն, ձկնորսություն14,115,115,8
Արդյունաբերություն, փոքր և միջին բիզնես11,912,413,4
Շրջակա միջավայրի պաշտպանությունը3,63,84,9
Ազգային պաշտպանություն46,665ԱԵ
Արտաքին հարաբերություններ, համախմբման ծախսեր22,62,7
Մշակույթ, զբոսաշրջություն2,62,93,3
Ներքին անվտանգություն9,410,211,7

Ֆինանսական համակարգ

Ակնարկ

Հարավային Կորեայի ֆինանսական հաստատությունները կարելի է բաժանել երեք հիմնական կատեգորիաների' կենտրոնական բանկ, մասնավոր բանկային կազմակերպություններ և ոչ բանկային կազմակերպություններ, ինչպիսիք են ապահովագրական ընկերությունները, վենչուրային հիմնադրամները և այլն։ Հարավային Կորեայի ժամանակակից ֆինանսական համակարգի հիմքերը դրվել են 1950-ական թվականների սկզբին, երբ ընդունվեցին բանկային համակարգի գործունեությունը կարգավորող մի շարք նորմատիվ փաստաթղթեր[18]։

Երկրի ֆինանսական համակարգի կառուցվածքի և դրանցում ձեռնարկությունների քանակի վերաբերյալ տվյալները[18] (ըստ 2002 թվականի նոյեմբերի տվյալների)՝

 ՀաստատություններԳումար
ԲանկերՄարզային բանկեր

Ազգային բանկեր

Օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր

Մասնագիտացված բանկեր

9
6
41
5
Ապահովագրական ընկերություններԿյանքի ապահովագրություն

Ապահովագրության այլ տեսակներ

22
23
Արժեթղթերի ընկերություններՆերդրումային ընկերություններ

Այլ

130
177
Այլ176

Բանկային համակարգ

Կորեայի բանկ

Ոչ բանկային ֆինանսական հաստատությունների մեծ մասն առաջացել է 1970-ական թվականների ընթացքում՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել ֆինանսական ռեսուրսները և խթանել երկրում դրամական շրջանառությունը, ինչպես նաև հասնել ներդրումների։ 1980-ականներից ի վեր մի քանի առևտրային բանկեր և ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ ներգրավված են տնտեսության ազատականացման և միջազգայնացման արագացման ծրագրում։

Առևտրային բանկերի մասնաճյուղերի ընդհանուր քանակը 2004 թվականի հունիսին կազմել է 4 448[19]։

Բանկերի արժեթղթերի միանձնյա տիրապետումը սահմանափակվել է 1982 թվականին։ Սահմանը 8% էր 1982 թվականին, իսկ 1994 թվականին խստացվեց մինչև 4%։ Սակայն 2002 թվականին այն կրկին բարձրացվել է մինչև 10 %։

Բանկերի ակտիվները (2004 թվականի հունիսին) բաշխվել են հետևյալ կերպ[19]՝

  • Ազգային բանկեր՝ 661.881.6 տրիլիոն վոն(80,3 %)։
  • Մասնագիտացված բանկեր ՝ 61,886,2 տրիլիոն վոն(7,5 %)։
  • Արտասահմանյան բանկի մասնաճյուղեր՝ 100,196,1 տրիլիոն վոն(12,2 %)։

Մասնագիտացված բանկերը սկսել են ստեղծվել 20-րդ դարի 60 -ական թվականներին։ Հիմնականում դրանք գոյացել են տնտեսության առանցքային հատվածներին աջակցելու համար (ըստ հնգամյա տնտեսական պլանների)։ Այժմ մասնագիտացված բանկերն աշխատում են հիմնականում գյուղատնտեսության (National Agricultural Cooperative Federation), ձկնորսության (National Federation of Fisheries Cooperatives), արտաքին առևտրի (Export-Import Bank of Korea), արդյունաբերության (Industrial Bank of Korea) և այլնի համար։

Հարավային Կորեայի կենտրոնական բանկը հիմնադրվել է 1950 թվականի հունիսի 12-ին։ Դրա հիմնական գործառույթն է ազգային արժույթի թողարկումը, դրամավարկային և վարկային քաղաքականության սահմանումը, արտարժույթի փոխարժեքի վերահսկողությունը, երկրի ֆինանսական համակարգի մասին վիճակագրության ուսումնասիրումը և հավաքագրումը, մասնավոր բանկերի գործունեության կարգավորումը։ Կորեայի բանկն իրականացնում է կառավարության վարկավորումը և հանդիսանում է կառավարության գործունեության իրականացնողը երկրի բանկերի նկատմամբ։ Հարավային Կորեայի բոլոր բանկերը աջակցում են Կենտրոնական բանկին։

Ներդրումներ

Հարավային Կորեայում արտաքին առևտրի ծավալը 2005 թվականին կազմել է ՀՆԱ-ի 70 տոկոսը, իսկ արտասահմանյան ներդրվող ընկերությունների եկամուտները կազմել են ամբողջ արդյունաբերության վաճառքի ծավալի գրեթե 14 տոկոսը։ Հարավային Կորեայի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Ամենաթարմ օրինակն է աշխարհի խոշորագույն LCD-համալիրի բացումը Փաջուում, ապառազմականացված գոտուց ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա[20]։

Հարավային Կորեայի տնտեսության խոշորագույն ներդրողներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան։ Ստորև բերված են օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներն ըստ ներդրող երկրների (մլն ԱՄՆ դոլար)[20]

ՏարիԲոլորըԱՄՆՃապոնիաՀոնկոնգԳերմանիաՄեծ ԲրիտանիաՖրանսիաԱյլ
1980143,170,642,50,58,62,318,6
1985532,2364,359,913,411,312,35,165,9
1990802,6317,5235,9362,344,822,4116,6
19951 947,2644,9418,358, 044,686,735,2659,5
19976 970,93 189,6265,784,6398,1258,6410,72363,6
200015 216,72 9222 448,0123,01&599,084,0607,07 433,6
20029 101,04 500,01 403,0234,0284,0115,0111,02 454,0
20036 468,01 240,0541,055,0370,0871,0150,03241
200412 787,64 717,62 258,190,1487,0642,0180,04 899,8
200511 563,52 689,81 787,8819,7704,82 307,885,23 168,4

Երկրի տնտեսությունն օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու համար կառավարությունն դիմել է մի շարք միջոցառումների, որոնց թվում հարկ է նշել նոր նորմատիվ փաստաթղթի՝ «արտարժույթով գործառնությունների մասին ակտի» ընդունումը (անգլ.՝ Foreign Exchange Transaction Act)։ Այդ միջոցները բաժանվել են երկու փուլի՝ երկու տարվա հաշվարկով։ Հիմնական նպատակներն են կապիտալի ազատականացումը և արտարժույթի փոխանակման շուկայի արդիականացումը։ 1998 թվականի մայիսին չեղարկվել է Հարավային Կորեայի բաժնետոմսերի օտարերկրյա ներդրումներ՝ առանց ֆիքսված շահաբաժնի։ Նույն թվականի մայիսի 25-ից օտարերկրացիները կարող են բաժնետոմսեր ձեռք բերել հարավկորեական ցանկացած ընկերությունից՝ առանց տնօրենների խորհրդի թույլտվության։ Օտարերկրացիները կարող են ձեռք բերել հասարակական միավորումների արժեքի մինչև 50%-ը։

2002 թվականի ապրիլին կառավարությունը ներկայացրեց արտարժույթի շուկայի զարգացման ծրագրերը՝ Հարավային Կորեայում ավելի նպատակային ներդրումային միջավայր ստեղծելու նպատակով։ Երկրի Կենտրոնական բանկի կողմից սերտիֆիկացման կարգը վերացվել է, իսկ ֆինանսական գործարքների համար փաստաթղթաշրջանառությունը պարզեցվել է։ Կապիտալի հոսքերը դարձել են ավելի ազատ։

Գյուղատնտեսություն և ձկնորսություն

Բրինձի դաշտերը Կյունջուում

Հարավային Կորեան մուսոնային կլիմա ունի՝ տաք և խոնավ ամառներով և համեմատաբար ցուրտ ու չոր ձմեռներով։ Մինչև 20-րդ դար բրինձը երկրի հիմնական գյուղատնտեսական արտադրանքն էր, բայց այժմ ապրանքների տեսականին զգալիորեն ընդլայնվել է և ներառում է բազմաթիվ տեսակի մրգեր, բանջարեղեններ, անասնաբուծական և անտառային արտադրանքներ։

Գյուղատնտեսության և անտառտնտեսության մասնաբաժինը 2001 թվականին կազմել է երկրի համախառն եկամտի (անգլ.՝ Gross National Income) 4% -ը, գյուղացիական բնակչությունը՝ 4 միլիոն մարդ (ընդհանուր բնակչության 8,3%)։ Չնայած երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը փոքր է, սակայն հարակից արդյունաբերության մասնաբաժինը, ինչպիսիք են հանքային պարարտանյութերի արտադրությունը, սննդի վերամշակումը և այլն, կազմում է համախառն ազգային եկամտի 14% -ը[21]։ 1995 թվականի երկրի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը արագացրեց գյուղատնտեսական շուկայի վերափոխումն ու ազատականացումը, ինչը հանգեցրեց ապրանքների գների նվազմանը։ Կառավարությունը ստիպված էր վարել պաշտպանողականության քաղաքականություն՝ կապված ազգային արտադրողների հետ։

Հարավային Կորեայի հիմնական գյուղատնտեսական արտադրանքը բրինձն է։ Հարավկորեական ֆերմերային տնտեսությունների մոտ 80% -ը մշակում է այս հացահատիկը։ Բրինձը հիմնականում սպառվում է երկրի ներսում, քանի որ իր բարձր գնի պատճառով ի վիճակի չէ մրցակցել արտաքին շուկայում։ 2001 թվականին բրինձը աճեցվեց 1,08 միլիոն հեկտար հողի վրա։ Մեկ հեկտարի համար բերքը կազմել է 5,16 տոննա։ 2001թվականին այլ հացահատիկային տնտեսությունների (հիմնականում գարու և ցորենի) արտադրությունը կազմել է 271 հազար տոննա։ Նույն տարում սոյայի և կարտոֆիլի արտադրությունը կազմեց 140 հազար տոննա։ 2001 թվականին արտահանվել է 11,46 հազար տոննա դեղձ (հիմնականում ԱՄՆ, Կանադա, Թայվան և Ինդոնեզիա), 3,73 հազար տոննա խնձոր (հիմնականում Թայվան, Սինգապուր և Ճապոնիա) և 4,66 հազար տոննա մանդարին։

Գյուղատնտեսության բնագավառում եկամտաբերության առումով բրինձին հաջորդում է անասունը։ 2001 թվականին խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում էր 1 954 հազար գլուխ, խոզերի թիվը հասնում էր 8,7 միլիոն գլուխ, հավերի թիվը՝ 102 միլիոն։ XX դարի վերջին - XXI դարի սկզբին անասունների արտադրանքի սպառումը անընդհատ աճում էր։ 2001 թվականին տավարի սպառումը հասել է 384.06 հազար տոննայի, խոզի միսը` 807,42 հազար տոննայի, թռչնաբուծականինը` 350.3 հազար տոննայի[21]։

Փայտանյութի արդյունաբերությունը երկրում սկսեց զարգանալ 1960-ականներից։ Անտառները զբաղեցնում են երկրի տարածքըի 6,4 միլիոն հեկտարը։ Երկրում շուկայում ընդհանուր ծավալը 2001 թվականին կազմել է 428 միլիոն խորանարդ մետր, նույն տարում ներմուծվել է 7,1 միլիոն խորանարդ մետր ծավալով հատումներ, դրամական առումով բոլոր տեսակի անտառամթերքների ներմուծման ծավալը կազմել է 1,7 միլիարդ դոլար։ Որոշ ապրանքներ, այնուամենայնիվ, արտահանվում են, հիմնականում սունկը և շագանակը։ 2001 թվականին արտահանման ծավալը կազմել է 210 միլիոն դոլար։

Ձկնորսությունը հարավկորեական տնտեսության կարևոր մասն է։ Այս ուղղությամբ աշխատում է մոտ 140 հազար մարդ։ Երկրում կա մոտ 96 հազար ձկնորսական նավ։ 2000 թվականին արտադրությունը դրամական առումով կազմել է 3,6 միլիարդ դոլար։

Էներգետիկա

Վառելիքաէներգետիկ համալիրում 2001 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 5212 հազար տոննա՝ նավթային համարժեքով (ՏՆԷ), ինչը համապատասխանում է երկրում սպառվող էներգիայի միայն 2,7%-ին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում երկրում էներգիայի սպառումը զգալիորեն աճել է՝ 1980-ի 43,9 միլիոն տոննայից հասնելով 2001-ի 198,4 միլիոն տոննա։ Երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է։ 1980 թվականի 37 TWh-ից 2001 թվականին հասել է մինչև 285 TWh: Տարիների ընթացքում մեծապես փոխվել է էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի որոշակի տեսակների մասնաբաժինը։ Ստորև ներկայացված է  էլեկտրական էներգիայի աղբյուրների ցուցակը տոկոսներով[22]՝

198019902001
Նավթ78,717,69,8
Բնական գազ-8,910,7
Քարածուխ6,718,538,7
Հիդրոէլեկտրակայաններ5,35,91,5
Ատոմային էներգիա9,349,139,3

Զբոսաշրջություն

Չանդոկունի պալատը գիշերը

Հարավային Կորեայում զբոսաշրջության զարգացման համար լավ հնարավորություններ կան։ Գեղեցիկ բնությունը, պատմական ժառանգությունը, լեռները և ծովը այն դարձրել են գրավիչ զբոսաշրջիկների համար։ Իրավամբ, երկրում ամենահանրաճանաչ զբոսաշրջության ձևը լեռնայինն է։ Երկրի մոտ 70 %-ը ծածկված է լեռներով, որտեղ գտնվում են բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր։

Երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 1970 թվականի 173 հազարից ցուցանիշից 1999 թվականին հասել է 4 600 հազարի։ Զբոսաշրջության զարգացումը երկրի տնտեսական աճի բնական արդյունք է, սակայն կարևոր գործոն է նաև զբոսաշրջային օբյեկտների զարգացման ուղղությամբ նպատակային ներդրումների ճիշտ քաղաքականությունը։ Կառավարությունն ընդունել է զբոսաշրջության զարգացման մասին մի շարք օրենքներ, ինչի արդյունքում 20-րդ դարի վերջին տասը տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի միջին տարեկան աճը կազմել է 5,57%[23]։

Զբոսաշրջային ինդուստրիան 20-րդ դարի վերջին ամերիկյան մայրցամաքից տեղափոխվել է ասիական տարածաշրջան։ 1970 թվականին զբոսաշրջիկների 32 տոկոսը կազմում էին ամերիկացիները, իսկ երկրորդ տեղը Կորեայի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվով պատկանում էր ճապոնացիներին։ Սակայն 1999 թվականին Ճապոնիայի քաղաքացիների թիվն արդեն կազմել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 46,9 տոկոսը, իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներից զբոսաշրջիկների թիվը, հիմնականում ԱՄՆ-ից, կրճատվել է շուրջ 10 տոկոսով։ Հարավային Կորեայի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չինացի զբոսաշրջիկների թիվը կայուն աճ է գրանցվել[23]։

2006 թվականի նոյեմբերի 6-7-ը Սեուլում տեղի ունեցավ զբոսաշրջության ոլորտում ներդրումների առաջին միջազգային համաժողովը, որտեղ քննարկվեցին զբոսաշրջության վիճակը և Արևելյան Ասիայում դրա զարգացման հեռանկարները։ Ըստ համաշխարհային տուրիստական կազմակերպության, մոտ ապագայում Արևելյան Ասիայի զբոսաշրջային շուկայի աճը կգերազանցի շուկայի աճը ցանկացած այլ տարածաշրջանի[24]։

Աշխատանքային ռեսուրսներ

2004 թվականին Հարավային Կորեայի ձեռնարկություններում աշխատել է ավելի քան 15 մլն վարձու աշխատող, բացի այդ, հաշվվել է 7,8 մլն ինքնազբաղված բնակչություն, որից 60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 30 տոկոսը՝ արդյունաբերությունում։ Գործազրկության մակարդակը երկրում բարձր չէ՝ 1963 թվականին տնտեսապես ակտիվ բնակչության 8,230 մլն մարդուց մինչև 2004 թվականին 23,370 մլն մարդ աճով, գործազրկության մակարդակը երկար տարիներ չի գերազանցել 2 տոկոսը[25]։

Սոցիալաշխատանքային հարաբերությունների ժամանակակից համակարգը վերջնականապես ձևավորվել է 2004 թվականին։ 2004 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել կենսաթոշակային ապահովության մասին օրենքը (անգլ.՝ Employee Retirement Benefit Security Act), որը ներդրել է աշխատողների կենսաթոշակային ապահովագրության կուտակային սխեման։ Նույն թվականին օրենսդրորեն սահմանվել է հնգօրյա 40-ժամյա աշխատանքային շաբաթը՝ մինչ այդ գոյություն ունեցող վեցօրյա 44-ժամյա աշխատանքային շաբաթվա փոխարեն։

20-րդ դարի վերջին տասնամյակներում աշխատուժի կառուցվածքն էապես փոխվել է՝ երկրում ծնելիության գումարային գործակիցը չափազանց ցածր է, հասարակությունը գնում է ծերացման։ Այդ պատճառով Հարավային Կորեան արդեն 90-ականներին բախվել է աշխատուժի պակասի հետ։ Սպասվում է, որ 21-րդ դարում բնակչության ծերացման և աշխատողների թվաքանակի հարաբերական նվազման պատճառով իրավիճակն ավելի կխորանա[26]։

1988 թվականի Օլիմպիական խաղերից առաջ երկրում քիչ էին օտարերկրացիները, իսկ արտասահմանյան աշխատուժի զբաղվածությունը նույնպես ցածր էր։ Հետագա տարիներին հարավկորեական տնտեսության մեջ օտարերկրացի աշխատողները սկսեցին ավելանալ։ Նրանք աշխատանքի անցան տարբեր ձեռնարկություններում՝ հիմնականում կատարելով կեղտոտ, դժվար և վտանգավոր աշխատանքներ։ Արդյունքում՝ 1993 թվականին օտարերկրացի բանվորները կազմում էին փոքր և միջին ձեռնարկություններում աշխատողների մոտ 25 տոկոսը։ 90-ական թվականների ընթացքում, կապված արդյունաբերության առանձին ճյուղերի աշխատուժի պակասի հետ, Հարավային Կորեան դարձավ աշխատանքային ռեսուրսներ ներկրող երկիր։

Որպես Հարավային Կորեայի միգրացիայի առանձնահատկություն, տնտեսագետները նաև առանձնացնում են որակյալ աշխատուժի ներգաղթը, քանի որ երկրում բարձր պահանջարկ կա[27]։

Բնակչության եկամուտ

2017 թվականին նվազագույն աշխատավարձի հանձնաժողովը որոշեց 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ավելացնել 16.4 %-ով, ₩6470-ից ($5,75) ₩7530 ($6,70) ժամոմ.[28] Սա նվազագույն աշխատավարձի ամենամեծ աճն է (1060 վոնա) 2001 թվականից 16 տարի շարունակ, երբ այն աճել է 16.8 %-ով[29]։ 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է ₩7530 ($6,70) ժամում[30]։ 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է ₩8350 ($7,43) ժամում[31][32][33][34][35][36][37]։ 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ միջին աշխատավարձը կազմում է ₩ 3 737 254($3323,93)ամսական։ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 8590 վոնա(7,47 դոլար) ժամում[38][39]։

Հարավային Կորեայի տնտեսական կապերը

Արևմուտքի երկրներ

Արևմուտքի երկրների հետ առևտրային հարաբերությունները ներառում են տնտեսական գործընկերությունը նախ և առաջ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

ԱՄՆ-ը Հարավային Կորեայի գլխավոր տնտեսական գործընկերն է։ Բացի այդ, Հարավային Կորեան յոթերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի առևտրային գործընկերների ցուցակում՝ առաջ անցնելով Եվրոպայի շատ զարգացած երկրներից, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան, և վեցերորդ տեղը՝ ԱՄՆ-ից ներմուծող երկրների ցուցակում[40]։ Բացի այդ, Հարավային Կորեան գրավիչ երկիր է ամերիկյան ընկերությունների ներդրումների համար։ 1996 թվականից մինչև 2003 թվականը ԱՄՆ-ը 20 միլիարդ դոլար ներդրեց Հարավային Կորեայի տնտեսության մեջ։ 2003 թվականին Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի ամենամեծ առևտրային գործընկերն էր և արտահանման յոթերորդ խոշոր շուկան։ Երկու երկրների միջև աճող տնտեսական կապերը, այնուամենայնիվ, ուղեկցվեցին բազմաթիվ տարաձայնություններով առևտրի քաղաքականության մեջ։ Այս վեճերի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբից։ Դա կախված էր նրանից, որ Հարավային Կորեան շուկայում ձեռնարկեց մի շարք բարեփոխումներ՝ 1997 թվականի ճգնաժամից հետո Արժույթի միջազգային հիմնադրամից 58 միլիարդ դոլարի վարկը փոխհատուցելու համար։ 21-րդ դարի սկզբին երկու երկրներն էլ փորձում են ավելի մեղմորեն լուծել հակամարտությունները։ Դրանում մեծ դեր ունեցան 2001 թվականի սկզբին ձեռք բերված երկկողմ առևտրային համաձայնագրերը[40]։

Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի և ԵՄ երկրների միջև ստորագրվել են մի շարք առևտրային համաձայնագրեր, որոնք խթանել են երկու տարածաշրջանների միջև առևտրի աճը։ Առևտրի ծավալը հասել է 46 միլիարդ եվրոյի՝ երկու տարվա ընթացքում կրկնապատկվելով[41]։ Սակայն մինչ օրս չլուծված են մնում փոխադարձ առևտրի որոշ հարցեր։ 21-րդ դարի սկզբին ամենամեծ առաջընթացը կատարվել է գիտության և գիտատար տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ փոխանակման գործընթացների արագացման հարցում (ինչպես հայտնի է, Հարավային Կորեան իր համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը ծախսում է գիտական հետազոտությունների վրա)։ 2005 թվականին տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ գիտական և տեխնիկական ոլորտում փոխանակումների վերաբերյալ։ Հարավային Կորեան նաև մասնակցում է Եվրամիության նախաձեռնած որոշ գլոբալ նախագծերին, մասնավորապես Galileo-ին և ITER-ին[41]։

Արևելքի երկրներ

Արևելյան, հատկապես Արևելյան Ասիայի երկրները Հարավային Կորեայի հիմնական առևտրային գործընկերներն են։ Այս երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ առանձնանում են երեք երկրներ՝ Չինաստանը, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան, որը Հարավային Կորեայում նավթի հիմնական մատակարարն է։

Արևելյան Ասիայի տարածաշրջանում առևտուրն աշխուժացավ 21-րդ դարի առաջին տարիներին։ Շրջանի առաջատար երկրները (Հարավային Կորեա, Ճապոնիա և Չինաստան) ավելի բաց են դարձել, քան 20-րդ դարի վերջին էին։ Եթե 1991 թվականին այդ երեք երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում էր 56 միլիարդ դոլար, ապա 2004 թվականին այն գերազանցեց 324 միլիարդ դոլար։ Չինաստանի և Ճապոնիայի հետ Հարավային Կորեայի ապրանքաշրջանառության աճը 2000-2004 թվականներին երկու անգամ գերազանցել է մյուս բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության աճին[42]։ Ներկայումս տարածաշրջանում առևտրի կենտրոնացումը ավելի բարձր է, քան Եվրամիությունում, չնայած որ ի տարբերություն Եվրոպայի, տարածաշրջանի երկրները չունեն բարենպաստ իրավական հիմք փոխադարձ հարաբերությունների համար։

Ստորև ներկայացված են Հարավային Կորեայի և Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև միլիարդավոր դոլարների արտահանման և ներմուծման ծավալները[42]։

Ուղղություն199120012004
Հարավային Կորեա-Չինաստան1,018,1949,76
Չինաստան-Հարավային Կորեա2,1812,5427,82
Հարավային Կորեա-Ճապոնիա12,3616,5121,70
Ճապոնիա-Հարավային Կորեա20,0925,2944,25

Չինաստանը և Ճապոնիան Հարավային Կորեայի առաջին և երրորդ առևտրային գործընկերն են։

Հարավային Կորեայի արտահանման հիմնական կետերը Արևելյան Ասիայի երկրներ են՝ ուր ներմուծվում են ճարտարագիտական արդյունաբերության արտադրանքները, ավտոմեքենաները, էլեկտրոնիկան, տեքստիլը, մետալուրգիական և նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքները։ Այդ ուղղությունները կազմում են Հարավային Կորեայի ընդհանուր արտահանման երեք քառորդը դեպի Արևելքի երկրներ։ Հատկապես ակտիվորեն զարգանում է առևտուրը Չինաստանի հետ, քանի որ այդ երկրում ինտենսիվ զարգանում է ծանր և քիմիական արդյունաբերությունը։

Ռուսաստան

Առևտրատնտեսական կապերը ԽՍՀՄ-ի և Հարավային Կորեայի միջև սկսել են 1988 թվականի վերջից (մինչ այդ առևտուրը իրականացվում էր երրորդ երկրների միջնորդական ձեռնարկությունների միջոցով)։ Այժմ Ռուսաստանի մասնաբաժինը Հարավային Կորեայի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ չի գերազանցում 1,5% -ը։ Ռուսաստանից ներմուծվող հիմնական ապրանքներն են հանքանյութեր, ինչպիսիք են բնական գազը, հում նավթը և ածուխը, ինչպես նաև մետալուրգիական արդյունաբերության արտադրանքները։ Սպառողական էլեկտրոնիկա, տեքստիլ և մեքենաշինական արդյունաբերության ապրանքներ հիմնականում արտահանվում է Ռուսաստան։

Ստորև ներկայացված են երկու երկրների միջև 1996-2003 թվականների առևտրային հարաբերությունների ծավալի վերաբերյալ տվյալները (տվյալները միլիարդ ԱՄՆ դոլարով)[43][44][45]

ՏարիՇրջանառությունՌուսաստանից Հարավային ԿորեաՀարավային Կորեայից ՌուսաստաՄնացորդ
19963,71,81,9−0,1
19973,31,51,8−0,3
19982,10,91,1−0,2
19991,70,90,80,1
20002,21,20,90,3
20012,81,90,91
20023,32,21,11,1
20034,22,51,70,8

21-րդ դարի սկզբին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը արագորեն զարգացան։ Վառելիքի և էներգետիկ համալիրում փոխգործակցությունը կարծես համագործակցության հեռանկարային ոլորտ է։ Մշակվում է Իրկուտսկի գազի նախագիծը (ներդրումների գնահատված ծավալը մինչև 12 միլիարդ դոլար է)։ Այս ոլորտում համագործակցությունը, կարծես ձեռնտու է երկու կողմերին (սա պետք է ներառի Սիբիրում և Հեռավոր Արևելքում էներգետիկ պահուստների հնարավոր զարգացումը՝ կորեական ընկերությունների հետ միասին, այդ թվում՝ Իրկուտսկի շրջանում՝ բացի գազից, ածխի զարգացումը Յակուտիայում և Բուրյաթիայում, Սախալին կղզու նավթային և գազային պաշարները)[45]։

Հյուսիսային Կորեա

1988 թվականից ի վեր Կորեայի երկու պետությունների միջև երկկողմ առևտրի ծավալը մի քանի անգամ աճել է (1989 թվականին այն կազմել է 18,8 միլիոն դոլար, իսկ 2002 թվականին այն արդեն 647 միլիոն դոլար էր)։ 2006 թվականին այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազեց երկրների փոխհարաբերությունների վատթարացման պատճառով։ 2002 թվականին Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից ներմուծեց 271,57 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, հիմնականում գյուղատնտեսական և մետալուրգիական արտադրանքներ, իսկ արտահանեց 371,55 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, հիմնականում՝ որպես մարդասիրական օգնություն, ներառյալ պարարտանյութեր և հագուստ։ Ներկայումս Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի առևտրաշրջանառության ծավալով երրորդ առևտրային գործընկերն է՝ Չինաստանից և Ճապոնիայից հետո։ Հարավկորեական Hyundai Group ընկերությունը Հյուսիսային Կորեային վերաբերող մի քանի ներդրումային նախագծեր է գործարկել, որոնց թվում է Կիմգանսանում զբոսաշրջության զարգացումը։ Միայն 2001 թվականին այս նախագծի շրջանակներում Հյուսիսային Կորեա է տեղափոխվել 84 347 մարդ։ Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա է ժամանել շուրջ հազար հյուսիսկորեացի՝ հիմնականում մարզական մրցումներին մասնակցելու համար։ Մեկ այլ հարավկորեական ընկերություն, որը ակտիվորեն ներդրումներ է կատարում Հյուսիսային Կորեայի տնտեսության մեջ, Hyundai Asan-ն է, որը ծրագրում է արդյունաբերական համալիր կառուցել Կեսոնում՝ 3.2 կմ² տարածք, Դեմիլիտարիզացված գոտու հարևանությամբ։ 2002 թվականը նշանավորվեց նաև Սեուլ-Սինիյջու երկաթուղու կառուցման գործում զգալի առաջընթացով (2004 թվականի սկզբին այս նախագիծը սառեցվեց)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • John Feffer. North Korea / South Korea: U. S. Policy at a Time of Crisis. — Seven Stories Press, 2003. — С. 176. — ISBN 1-58322-603-6
  • Tong-wŏn Kim, Dong-One Kim, Johngseok Bae. Employment Relations and Hrm in South Korea. — Ashgate Publishing, Ltd, 2004. — С. 256. — ISBN 0-7546-1356-9
  • Kong Tat Yan. The Politics of Economic Reform in South Korea: A Fragile Miracle. — Routledge (UK), 2001. — С. 280. — ISBN 0-415-14503-1
  • Seuing-Ho Kwon, Michael O'Donnell. The Chaebol and Labour in Korea: The Development of Management Strategy in Hyundai. — Routledge (UK), 2001. — С. 215. — ISBN 0-415-22169-2
  • Brian Bridges. Korea After the Crash: The Politics of Economic Recovery. — Routledge (UK), 2001. — С. 224. — ISBN 0-415-22326-1
  • Страны мира. Краткий политико-экономический справочник. — M., 1996. — ISBN 3-932173-55-4
  • Родионова И. Н. Экономическая география отдельных зарубежных стран. — M.: Московский лицей, 1997.
  • Максаковский В. П. 1. // Географическая карта мира. Общая характеристика мира. — Ярославль: Верхневолжское книжное издательство, 1996.
  • Хруцкий В. Е. Южнокорейский парадокс. — М: Финансы и статистика, 1993. — ISBN 5-279-00918-0

Արտաքին հղումներ

Հոդվածներ անգլերենով
Официальные сайты
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կորեայի տնտեսություն» հոդվածին։