Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում (պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր), Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ
Թվականօգոստոսի 6, 1945օգոստոսի 9, 1945
Մասն էՀիմնական կոնֆլիկտ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրՀիրոսիմա, Նագասակի, Ճապոնական կայսրություն
ԱրդյունքԴաշնակից ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Թագավորություն Բրիտանական կայսրություն
Ճապոնիա Ճապոնական կայսրություն
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ուիլյամ Ստերլինգ Փերսոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փոլ Տիբեթս
Ճապոնիա Հատա Շունրոկու
Կողմերի ուժեր
«Մանհեթենյան ծրագիր»
«509-րդ խառը ռազմաօդային խումբ»
«Երկրորդ հրաման»
Ռազմական կորուստներ
չկան90.000–166.000 Հիրոսիմայում
60.000–80.000 Նագասակիում

1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։

Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի և Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին և հետագայում կրեցին նրա սարսափելի հետևանքները, հետևյալ կերպ էին պատմում կատարվածը.

Կուրացուցիչ կանաչագույն բռնկում, պայթյուն, գիտակցությունը ճնշված է, տաք քամու ալիք․․․ և հաջորդ վայրկյանին շուրջն ամենինչ այրվում էր․․․ փլվող տների բեկորների տակ ընկած են ուշագնաց մարդիկ, կրակի մեջ մեռնում են կանայք, կրակե օղակում մեռնում են ուշքի եկած և փրկվել ցանկացող մարդիկ․․․ մի ակնթարթ և մարդկանց վրայից թափվում է բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերն ու դեմքերը, կուրծքը, պայթում են արնագույն բշտիկները և ծվեն-ծվեն ցած են սահում մաշկի կտորները․․․ դրանք ուրվականներ են։ Վեր բարձրացրած ձեռքերը նրանք շարժվում են ամբոխով՝ օդը խլացնելով աղեկտուր ճիչերով։ Գետնին ընկած է նորածին երեխան, մայրը մեռել է, բայց ոչ ոք ուժ չունի օգնելու, բարձրացնելու։ Խլացած և այրված մարդիկ խելագարված կիտվել են ոռնացող ամբոխում և կուրորեն դես ու դեն են խփվում՝ ելք փնտրելով։

Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, և դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել։

ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը և ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի վարչապետ Կանտարո Սուձուկիի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին[1]։

1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին[2][3]։ Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձևականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։

Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։

Նախադրյալներ

Հիրոսիմայի վրա նետված «Փոքրիկ տղա» ռումբի փորձատիպարը (անգլ.՝ Little boy)

1944 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Հայդ պարկում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է կնքվել, ըստ որի նախատեսվում էր Ճապոնիայի դեմ ատոմային զենք կիրառել[4]։ 1945 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի և Կանադայի աջակցությամբ Մանհեթենյան նախագծի շրջանակներում ավարտել են ատոմային զենքի առաջին գործող օրինակների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։

ԱՄՆ-ի՝ երեք ու կես տարվա Երկրորդ համաշխարհային պատերազմում ուղղակի մասնակցությունից հետո սպանվել է մոտ 200 հազար ամերիկացի, նրանցից կեսը՝ Ճապոնիայի դեմ պատերազմի ժամանակ։ 1945 թվականի ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում ճապոնական Օկինավա կղզու գրավման գործողության ժամանակ զոհվել է ավելի քան 12 հազար ամերիկյան զինծառայող, ևս 39 հազարը՝ վիրավորվել (ճապոնացիների կորուստները կազմել էին 93-110 հազար զինծառայող և ավելի քան 100 հազար քաղաքացիական անձինք)։ Սպասվում էր, որ Ճապոնիա ներխուժումը կհանգեցնի կորուստների, որոնք մի քանի անգամ ավելի մեծ կլինեն, քան Օկինավայում։

1945 թվականի մայիս․ թիրախների ընտրություն

Հիրոսիման և Նագասակին Ճապոնիայի քարտեզի վրա

Երկրորդ նիստի ժամանակ Լոս Ալամոսում (1945 թվական, մայիսի 10-11) Թիրախների ընտրության կոմիտեն՝ որպես թիրախ առաջարկում է ատոմային զենքը գործածել Կիոտո (խոշորագույն արդյունաբերական կենտրոն), Հիրոսիմա, Յոկոգամա (ռազմական արդյունաբերության կենտրոն), Կոկուրա (խոշորագույն ռազմական զինապահեստ) և Նիհիգատա (ռազմական նավակայան և մեքենայաշինության կենտրոն) քաղաքներում։ Կոմիտեն մերժեց միայն ռազմական նպատականերով զենքի կիրառման գաղափարը, քանի որ կար հավանականություն վրիպելու փոքր տարածքում՝ չշրջապատված լայնարձակ քաղաքային գոտիով[5]։

Թիրախների ընտրման հարցում մեծ նշանակություն տրվեց այնպիսի հոգեբանական գործոններին, ինչպիսիք են՝

  • Հասնել առավելագույն հոգեբանական ազդեցության Ճապոնիայի դեմ,
  • Առաջին անգամվա զենքի կիրառումը պետք է լիներ բավականաչափ նշանակալից՝ դրա կարևորությունը միջազգայնորեն ընդունելու համար։ Կոմիտեն նշեց, որ Կիոտոյի ընտրությունը խոսում էր այն մասին, որ դրա բնակչությունը ավելի բարձր կրթական մակարդակ ուներ և այդ պատճառով, ավելի լավ կարող էր գնահատել զենքի նշանակությունը։ Հիրոսիման էլ ուներ այնպիսի չափս և դիրք, որ ըստ հաշվարկների՝ շրջակա բլուրներից կիզակետվելու ազդեցությամբ, ժայթքման ուժը կարող էր մեծանալ[6]։

ԱՄՆ-ի ռազմական նախարար Հենրի Ստիմսոնը նշել է Կիոտոն՝ որպես մշակութային նշանակություն ունեցող քաղաք։ Էդվին Օ. Ռայշաուերի խոսքերով՝ Ստիմսոնը «գիտեր և գնահատում էր Կիոտոն դեռ մի քանի տասնամյակ առաջ այնտեղ անցկացրած մեղրամսի ժամանակներից»[7]։

Գրականություն

  • Ալեքսանդր Կուզին - « Երբ աշխարհները հաղորդակցվում են»

Ծանոթագրություններ