Մասնակից:Aramokay/Ավազարկղ

Aramokay/Ավազարկղ

Քսավյե Դոլան (ֆր.՝ Xavier Dolan, ), կանադացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր:

Դոլանը իր գործունեությունը սկսել է մանուկ հասակում որպես դերասան՝ նկարահանվելով որոշ գովազդային հոլովակներում: Սկսած քսան տարեկան հասակից նա հեղինակել է թվով ութ «արտ հաուս» ֆիլմեր: Որպես ռեժիսոր միջազգային ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի թողարկումից հետո (ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի կինոփառատոնում):

Քսավյե Դոլանը արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ութ պարգևների, նա նաև «Սեզար» կինոմրցանակի եռակի դափնեկիր է:

Կենսագրություն

Քսավյե Դոլան Տադրոսը ծնվել է 1989 թվականի մարտի 20-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Նրա հայրը՝ Մանուել Տադրոսը, ճանաչված կատակերգու դերասան և երգիչ է, ունի եգիպտական (ղպտիական) ծագում: Մայրը՝ Ժենեվև Դոլանը, մանկավարժ է, ունի ֆրանկո-կանադական և իռլանդական արմատներ։ Քսավյեի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երկու տարեկան է եղել[1][2]: Հետագայում նրան մայրն է դաստիարակել:

Վաղ շրջան

Չորս տարեկան հասակում Դոլանը հոր նախաձեռնությամբ հայտնվել է նկարահանման հրապարակում, նկարահանվելով քվեբեկյան «Ժան Քությու» (ֆր.՝ Jean Coutu) դեղատների ցանցի տասնյակ գովազդային հոլովակներում, որոնց ռեժիսորն էր Անդրե Մելանսոնը[3][4]: 1994 թվականին՝ հինգ տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել կանադական հեռուստատեսությամբ, խաղալով «Ողորմածություն» (ֆր.՝ Miséricorde) հեռուստաֆիլմում։ Այնուհետև իրար են հաջորդել մի քանի փոքր դերեր ֆիլմերում և սերիալներում: Դոլանի գործունեության մեջ զգալի տեղ ունի անգլալեզու ֆիլմերի ֆրանսերեն հնչյունավորման աշխատանքը: Մասնավորապես՝ Դոլանի ձայնով է խոսում Ռոն Ուիզլիի կերպարը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի կանադական տարբերակում[2]: Վաղ շրջանում Դոլանի դերասանական մասնակցությամբ ֆիլմերի տիտրերում որպես կանոն նշվում էր Դոլան-Տադրոս ազգանունը[3]:

Ինչպես նկատել է «Cinema Scope» ամսագրի քննադատներից մեկը, Դոլանը «մեծացել է կանադացի հեռուստադիտողների աչքի առաջ»[4]: 2007 թվականին Էտյեն Դերոզյեի «Ամառվա հայելու մեջ» կարճամետրաժ կինոնկարում նա խաղացել է մի պատանու դեր, ով առերեսվում է սեփական սեռականության խնդրի հետ։ Դոլանի համար անձնական նշանակություն ունեցող այդ թեման հետագայում զարգացում է ստացել նրա ինքնուրույն ռեժիսորական աշխատանքներում[5]: Պատանի Դոլանի ամենանշանավոր դերը եղել է ազգային կինոշուկայում մեծ հաջողությունների հասած Պասկալ Լոժյեի «Նահատակներ» սարսափ ֆիլմում կատարած դրվագային մի դեր[3][4]:

Կարիերայի սրընթաց զարգացումը և անհանգիստ բնավորությունը թույլ չտվեցին Դոլանին հաշտվել դպրոցական շրջանակների հետ, և նա 16 տարեկանում լքեց դպրոցը՝ մնալով առանց հիմնական կրթությունը հաստատող ավարտական վկայականի։ Իր ռեզյումեի կրթության մասին բաժնում նա նշել էր երկու կետ. Ռոբերտ Մակիի սցենարական վարպետության սեմինարը և անգլերենի դասընթացը ըստ «Բերլից» մեթոդի[2]: Դպրոցը լքելուն հաջորդող ժամանակաշրջանը Դոլանը բնորոշել է որպես «անգոյություն». նա չէր ստանում նոր դերերի առաջարկներ և չէր կարողանում սպառել իր ստեղծագործական էներգիան[6]: Իր անբավարարվածությունը Դոլանը արտահայտեց ստեղծելով մի ֆիլմի ուրվանկար: Դոլանը նշել էր, որ «ֆիլմում կարող էր գլխավոր դեր կատարել, և այն սենսացիա կդառնար Կաննում»[2]: Ֆիլմի սցենարը պատրաստ էր, երբ Դոլանը 17 տարեկան դարձավ[7]: Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ պետք է ինքնուրույն սկսի ֆիլմի ստեղծման գործընթացը: Մտածվածը հաջողվեց իրագործել միայն երկու տարի անց, և 2008 թվականին Դոլանը սկսեց «Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère) ֆիլմի նկարահանումները[2][4]:

Ռեժիսորական կարիերա

«Ես սպանեցի մորս»

Դոլանը 2009 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

Քսավյե Դոլանը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը իր ռեժիսորական դեբյուտով՝ «Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère) ֆիլմով: 20-ամյա Դոլանը նաև հեղինակել էր ֆիլմի սցենարը, հանդես եկել ֆիլմում որպես գլխավոր դերակատար: Բացի այդ Դոլանը նաև ֆիլմի պրոդյուսերն էր. ֆիլմի իրագործման համար նա օգտագործել էր դեռևս մանուկ հասակում իր դերասանական գործունեության արդյունքում հավաքված միջոցները[8]: Կանադական «Le Soleil» թերթին տրված հարցազրույցում Դոլանը նշել է, որ ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է[9]: Դոլանի հետ միասին ֆիլմում գլխավոր դերեր են կատարել ֆրանկո-կանադացի դերասանուհի Ան Դորվալը (Դոլանի հերոսի մոր դերում) և երիտասարդ ֆրանկո-կանադացի դերասան, «Բորջիա» սերիալի աստղ Ֆրանսուա Արնոն (Դոլանի կերպարի սիրեկանի դերում):

Ի սկզբանե ֆիլմը ֆինանսավորվում էր բացառապես Դոլանի կողմից: Երբ ավելի մեծ գումարի անհրաժեշտություն է ի հայտ եկել, Դոլանը դիմել է «Telefilm Canada» և «SODEC» կազմակերպություններին՝ ակնկալելով դրամական աջակցություն, սակայն սկզբում երկուսն էլ մերժել են[9]: Ֆիլմի պրոեկտը «SODEC» կազմակերպության կողմից հավանության էր արժանացել, այնուհանդերձ «SODEC»-ը հրաժարվել էր ֆինանսավորել, քանի որ պրոեկտը ներկայացվել էր կազմակերպության չափազանց կոմերցիոն բաժանմունք: «SODEC»-ը առաջարկեց Դոլանին կրկին դիմել դրամական աջակցության համար, սակայն այս անգամ այլ՝ ինդի բաժանմունքին: Դոլանն այդպես էլ վարվեց, և 2008 թվականի դեկտեմբերին «SODEC»-ի կողմից ստացավ 400.000 կանադական դոլարի չափով սուբսիդիա: Ընդհանուր առմամբ ֆիլմի արտադրության վրա ծախսվեց մոտ 800.000 կանադական դոլար[7]: Ֆինանսավորում ստանալու համակարգի վերաբերյալ Դոլանը ասել է, որ այն «հնացած մեխանիզմ է, որը գերության մեջ է պահում Քվեբեկի ստեղծագործական ներուժը»[9]:

Ան Դորվալը, Ֆրանսուա Արնոն և Քսավյե Դոլանը 2009 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

«Ես սպանեցի մորս» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում, «Ռեժիսորական գիշեր» ծրագրի շրջանակներում: Հանդիսատեսը ողջունել է ֆիլմը 8 րոպեանոց հոտնկայս ծափահարություններով: Մայիսի 22-ին ֆիլմը արժանացել է փառատոնի երեք մրցանակների՝ «CICAE»-ի մրցանակ, «SACD»-ի մրցանակ և «Երիտասարդական հայացք» մրցանակ[10]: Բացի այդ, ֆիլմը նաև շահել է Լյումիեր կինոմրցանակը և հաղթել «Ժյուտրա» կինոմրցանակի երեք տարբեր անվանակարգերում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն սցենար» և «Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ»[11]: «Ջիննի» մրցանակացաշխության շրջանակներում ֆիլմը արժանացել է Կլոդ Ժյուտրայի անվան մրցանակի, իսկ Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիան Դոլանին՝ որպես նորահայտ տաղանդի, շնորհել է Ջեյ Սքոթի անվան մրցանակ 5000 ԱՄՆ դոլարի չափով: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կողմից «Ես սպանեցի մորս» ֆիլմը ընդգրկվել է Կանադայի 2009 թվականի թոփ 10 ֆիլմերի ցանկում: Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայտեր առաջադրող կանադական կոմիտեն պաշտոնապես ընտրել էր «Ես սպանեցի մորս» ֆիլմը որպես թեկնածու, սակայն թեկնածությունը չէր ընդունվել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից[12][13]:

Ֆիլմի տարածման իրավունքները հետագայում վաճառվել էն ավելի քան 20 երկրներում[14]: ԱՄՆ-ում ֆիլմի դիստիբյուտոր «Regent Entertainment» ընկերությունը որոշակի իրավական խնդիրների պատճառով չէր թողարկում ֆիլմը մինչև 2013 թվականը, իսկ թողարկումից հետո ֆիլմի շահույթը քիչ է եղել[15][16]:

«Ես սպանեցի մորս» ֆիլմը արժանացել է կինքոննադատների բարձր գնահատականին: Համաձայն «The Hollywood Reporter» ամսագրի թղթակից Փիթր Բրունետի կարծիքի՝ «այդ որոշակիորեն անհարթ ֆիլմը ցուցադրում է հեղինակի հսկայական տաղանդը, <…>, այն զվարճալի է և համարձակ»: Իսկ «Screen International» ամսագրից Ալան Հանթերը նշում է, որ ֆիլմը պարունակում է «խորաթափանցորեն դիտված ճշմարտության խայթ»: Կաննի կինոփառատոնի ժյուրին ընդգծել էր ֆիլմի իրագործման եզակիությունը, ֆիլմում հանդիպող ճշմարտությունը, բռնությունն ու լեզվի պոետիկությունը, բարձր էր գնահատել երիտասարդ ռեժիսորի կատարած ծանր աշխատանքը՝ «քրտինքը» (ֆիլմում նկատվում են Դոլանի ձախ ոտքի վրա դաջված Ժան Կոկտոի խոսքերը՝ «Աշխատանքը քրտինք է»): Ինքը Դոլանը բազմիցս նշել է, որ ֆիլմը «թերի է»[12]:

«Երևակայական սեր»

Դոլանի հեղինակած երկրորդ՝ «Երևակայական սեր» (ֆր.՝ Les Amours imaginaires) ֆիլմը ֆինանսավորվել է մասնավոր կերպով[14]: Ֆիլմի ֆինանսավորումը Դոլանը իրականացրել է իր «Mifilifilms» պրոդյուսերական ընկերության միջոցով՝ երեք գործարարների աջակցությամբ: Ֆիլմի սցենարը Դոլանը ավարտել էր 2009 թվականի աշնանը: Ֆիլմը պատմում է երկու ընկերների մասին, որոնք սիրահարված են մի տարօրինակ երիտասարդի, ինչից տուժում է իրենց ընկերությունը: Նկարահանումները տևել են 25 օր: Ռեժիսորի և սցենարիստի աշխատանքից բացի Դոլանը ստանձնել է նաև ֆիլմի խմբագրի պաշտոնը, հանդես եկել գլխավոր դերերից մեկում և ձևավորել հագուստները:

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի մայիսին Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Un Certain Regard» կատեգորիայի շրջանակներում: Այս անգամ ևս ֆիլմը դիմավորվեց հանդիսատեսի կողմից հոտնկայս ծափահարություններով և արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին[17]: Այն շահեց Կաննի կինոփառատոնի «Երիտասարդական հայացք» մրցանակը, ինչպես նաև հունիսին՝ Սիդնեյի կինոփառատոնի բարձրագույն մրցանակը[12]: Ֆիլմը 2011 թվականի ընթացքում ցուցադրվում էր փառատոններում, սակայն այն չգտավ իր լսարանը ոչ ֆրանսախոս երկրներում:

«Եվ միևնույնն է Լորենս»

2011 թվականի փետրվարին Քսավյե Դոլանը սկսեց նկարահանել իր երրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Եվ միևնույնն է Լորենս» (ֆր.՝ Laurence Anyways) անվանվամբ: Ֆիլմը պատմում է տրանսգենդեր կին Լորենսի և իր կյանքի ընկեր Ֆրեդի հարաբերությունների մասին, իրադարձությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին:

Այս ֆիլմի պրեմիերան ևս կայացել է Կաննում, 2012 թվականի Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում, կրկին «Un Certain Regard» կատեգորիայի շրջանակներում: Պրեմիերայի ժամանակ Դոլանը և ողջ դերասանական անձնակազմը փակցրել էին իրենց հագուստին կարմիր քառակուսիներ՝ որպես աջակցության նշան Քվեբեկում ուսանողության կողմից կազմակերպված ցույցերին[en]: Ֆիլմը արժանացել է կինոփառատոնի «Քվիր արմավենի» մրցանակին, իսկ Ֆրեդի դերակատար Սյուզան Կլենամը հաղթել է «լավագույն դերասանուհի» անվանակարգում[18][19]:

Ֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից[20][21]: Օլիվյե Պերեն այն «խանդավառող» է անվանել, իսկ «Libération» թերթի թղթակից Ժուլիեն Գեստերի կարծիքով «Եվ միևնույնն է Լորենս»-ը Դոլանի ամենագեղեցիկ ֆիլմն է: «MTV» ալիքի «The Out Take» հաղորդումը, որը հայտնի է ԼԳԲՏ թեմատիկայի ֆիլմերի վերլուծություններով, «Եվ միևնույնն է Լորենս» ֆիլմը որակել է որպես տարվա լավագույն ֆիլմ[22]:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմը հաղթել է «լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգում, իսկ փառատոնի ժյուրին պնդել է. «պատիվ ենք համարում հետևել այսպիսի հանճարի աշխատանքին, քանի որ այն օժտված է կինեմատոգրաֆիական կլանող էներգիայով և սիրո մասին բացառապես նոր պատմություն է»: Չնայած մեծ հաջողությանը, ֆիլմը չէր թողարկվում մեկ տարվա ընթացքում, իսկ թողարկումից հետո Կանադայում ֆիլմի հասույթը եղավ մոտավորապես 500.000 ԱՄՆ դոլար[23]:

«Թոմը ագարակում»

2012 թվականի մայիսին Դոլանը հայտարարեց, որ աշխատանքի մեջ է իր չորրորդ՝ «Թոմը ագարակում» (ֆր.՝ Tom à la ferme) ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է Միշել Մարկ Բուշարի համանուն պիեսը[24]: Դոլանը հեղինակել է ֆիլմի սցենարը, հանդես եկել գլխավոր դերում: Նա նաև ընդգրկվել է ֆիլմի պրոդյուսերների թվում՝ իր կողմից հիմնադրված «Sons of Manual» ընկերության միջոցով:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ սեպտեմբերի 2-ին ֆիլմը շահել է «FIPRESCI» մրցանակ: Դոլանն այս մրցանակը բնորոշել է որպես «եզակի և զգալի պատիվ»: Չնայած ֆիլմը ցուցադրվում էր տարբեր կինոփառատոններում 2013 թվականի ընթացքում, այն չէր թողարկվում ԱՄՆ-ում մինչև 2015 թվականը: 2015 թվականի օգոստոսին Դոլանը հարցազրույցում ասել է. «Ինձ ոչ ոք չի ճանաչում նահանգներում, քանի որ իմ ֆիլմերը թողարկվել են այնտեղ շատ անկանոն կերպով, բոլորը տարբեր դիստիբյուտորների կողմից… Չեմ ուզում հավակնոտ թվալ, բայց դա մտահոգում է ինձ:»[25]:

«Մայրիկ»

Դոլանը 2014 թվականի Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնում

Դոլանի հինգերորդ «Մայրիկ» (ֆր.՝ Mommy) ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին: Այն կինոքննադատների կողմից միաձայնորեն առանձնացվել է որպես Դոլանի մինչև այժմ կատարած ամենահասուն աշխատանք և համարվում է բեկումնային նրա ռեժիսորական կարիերայի համար[26]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը մասնավոր դիտումից հետո արժանացել է լրագրողների և քննադատների հիացական գնահատանքին: Մայիսի 24-ին ֆիլմը արժանացել է կինոփառատոնի ժյուրիի մրցանակին[27]: Ժյուրիի նախագահն էր ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, և Դոլանը մրցանակը ստանալիս ասել է.

«Դաշնամուր»-ը [Քեմփիոնի ֆիլմը] իմ դիտած առաջին ֆիլմն էր, որը սահմանեց, թե ով եմ ես… Այն ստիպեց ինձ ցանկություն ունենալ գրելու ֆիլմեր հոգով, կամքով և հզորությամբ օժտված գեղեցիկ կանանց համար: Ինձ համար բացառիկ է անգամ Ձեզ [Քեմփիոնի] հետ նույն բեմում գտնվելը[28]:
- Քսավյե Դոլան

«Մայրիկ»-ը Դոլանի առաջին ֆիլմն էր, որ նշանակալի հաջողությունների հասավ նաև վարձույթում: 2014 թվականին այն Քվեբեկում ամենաշատ վաճառված ֆիլմն էր, միայն Կանադայի ներսում ֆիլմի հասույթը 2014-ին կազմեց 3,5 միլիոն դոլար[29]: Համաձայն «Montreal Gazette» թերթի տվյալների՝ Ֆրանսիայում ֆիլմը դիտել են մեկ միլիոնից ավել մարդիկ: 2015 թվականին «Մայրիկ»-ը շահեց նաև «Սեզար» կինոմրցանակ «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[30]:

«Սա միայն աշխարհի վերջն է»

Դոլանը «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմի դերասանական անձնակազմի հետ Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնում

Դոլանի հաջորդ «Սա միայն աշխարհի վերջն է» (ֆր.՝ Juste la fin du monde) ֆիլմը Ժան-Լյուկ Լագարսի համանուն պիեսի էկրանավորումն էր: Ֆիլմի հերոսը երիտասարդ գրող է (Գասպար Ուլյել), ով երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում է ընտանիքի մոտ իր մոտալուտ մահվան լուրը հայտնելու համար: Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2015 թվականի մայիսի վերջին և ավարտվել 2016 թվականին[31]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է երկու՝ Գրան պրի և Էկումենիկ ժյուրիի մրցանակների[32][33][34]: Ֆիլմը Քվեբեկում և Ֆրանսիայում թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին[35]: Ֆրանսիայում Դոլանի այս ֆիլմի դիտողների քանակը կրկին գերազանցել է մեկ միլիոնը[36]:

2016 թվականի դեկտեմբերին «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմը ներառվել էր Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցող 9 ֆիլմերի ցանկում, սակայն 2017-ի հունվարին այն չի առաջադրվել[37][38][39]:

Դոլանը՝ իր երկու «Սեզար» կինոմրցանակներով (2017)

2017 թվականին «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմը մասնակցել է «Սեզար» 42-րդ մրցանակաբաշխությանը, որտեղ Դոլանը շահել է երկու մրցանակ՝ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն խմբագիր» անվանակարգերում[40]: Բացի այդ, Դոլանը նաև հաղթել է Կանադական կինոմրցանակաբաշխություն երեք անվանակարգերում՝ «լավագույն ռեժիսոր», «լավագույն ֆիլմ» և «լավագույն ադապտացված սցենար»[41]:

Չնայած կինոփառատոններում գրանցած լուրջ հաջողություններին, «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմը կինոքննադատության կողմից արժանացել է հակասական կարծիքների: «The Guardian» թերթը այն որակել է որպես «ընտանեկան դիսֆունկցիայի փայլուն, ոճավորված և զգայնախաբական արտահայտություն»[42]: Սակայն Կաննի կինոառատոնի ընթացքում հնչել են նաև բացասական կարծիքներ: Այսպես, օրինակ «Vanity Fair» ամսագրի համաձայն այն «Կաննում հանդիպող ամենահիասթափեցնող ֆիլմն է»[43][44][45]: «The Hollywood Reporter»-ը ֆիլմը կոչել է «սառը և խորապես չբավականեցնող»[46]: Դոլանը հայտնել է իր անհամաձայնությունը բացասական կարծիքների հետ[47][48]:

«Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը»

2013 թվականի մարտին Դոլանը սկսել էր աշխատել իր առաջին անգլալեզու «Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը» (անգլ.՝ The Death & Life of John F. Donovan) անվանվամբ ֆիլմի վրա[49]: Սցենարը Դոլանը գրել էր Ջեյքոբ Թիրնիի հետ համատեղ: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան կինոդերասան Ջոն Ֆ. Դոնովանի (Քիթ Հարինգթոն) մասին, ում կյանքն ու կարիերան կտրուկ փոխվում են, երբ մի թղթակից (Ջեսիկա Չեսթեյն) հրապարակում է Դոնովանի և իր 11-ամյա երկրպագուի անձնական նամակագրությունը: Ֆիլմում նաև նկարահանվում են այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են Նատալի Փորտմանը, Սյուզան Սարանդոնը, Քեթի Բեյթսը, Թենդի Նյուտոնը և Բելա Թորնը[50]: 2018 թվականին իր ինստագրամյան էջում Դոլանը հայտնում է, որ ֆիլմից հեռացվել են Ջեսիկա Չեսթեյնի դերակատարմամբ հատվածները[51]:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի Տորոնտոյի 43-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում: Այս անգամ Դոլանի հեղինակած ֆիլմը արժանացել է սոսկ բացասական արձագանքի կինոքննադատության կողմից[52]: «IndieWire» կայքը այն որակել է որպես Դոլանի կարիերայի «ամենավատ» ֆիլմ[53]: «The Guardian»-ը ֆիլմը գնահատել է 5-ից 1 աստղով, անվանելով այն «կասկածելի խառնաշփոթ»[54]: Համաձայն «Screen International» ամսագրի՝ «ֆիլմը կարող է այցելել Դոլանի համար շատ ծանոթ վայրեր, սակայն այս վիճակում այն ցանկալի է դիմավորել միայն տանը»[55]:

2019 թվականին «Télérama» ամսագրին տված հարցազրույցում Դոլանը նշել է ֆիլմի նկարահանման ընթացքում ծագած մի շարք բարդությունների մասին՝ ֆինանսավորման հետ կապված դժվարություններ, տարբեր մայրցամաքների վրա ընթացող նկարահանումներ, խմբագրման ընթացքում ընտրության դժվարություն՝ կապված նյութի չափից դուրս մեծ քանակության հետ: Համաձայն Դոլանի՝ «երեք ֆիլմի համար նյութ էր հավաքվել, ֆիլմի առաջին տարբերակը տևում էր 4 ժամից ավելի»: Մի շարք երկրների (Իտալիա, Ճապոնիա) ֆիլմի թողարկման իրավունք չի տրամադրվել: Ֆրանսիայում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի մարտի 13-ին:

Այլ աշխատանքներ

Դոլանը (աջից չորրորդը) Կաննի միջազգային 68-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում (2015)

Դոլանը հայտնի է նաև որպես երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր: 2013 թվականի մարտին նա հեղինակել է ֆրանսիական «Indochine» ռոք խմբի «College Boy» երգի տեսահոլովակը, որում դեռահաս տղան նվաստացվում է համադասարանցիների կողմից: Նույն թվականի մայիսի սկզբին Ֆրանսիայի տեսալսողական նյութերի բարձրագույն խորդուրդը որոշեց տարիքային սահմանափակում դնել տեսահոլովակի վրա: Դոլանը արդարացրեց իր աշխատանքը, նշելով, որ հոլովակում ցուցադրվող բռնությունն անհիմն չէ, իսկ խորհրդի որոշումը տեսահոլովակին էլ ավելի մեծ ճանաչում է բերում:

2015 թվականին Դոլանը հեղինակել է Ադելի «25» ալբոմի «Hello» սինգլի տեսահոլովակը, որն «IMAX» համակարգով նկարված կադրեր է պարունակում[56][57]: Տեսահոլովակը գերազանցել է «Vevo»-ի 24 ժամվա ընթացքում առավելագույն քանակությամբ դիտումների ռեկորդը՝ 27,7 միլիոն դիտում[58]: 2016 թվականին տեսահոլովակը արժանացել է «Ջունո» մրցանակի՝ «տարվա վիդեո» անվանակարգում[59]:

2015 թվականի մայիսին Դոլանը ընտրվել է Կաննի միջազգային 68-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[60][61]: 2018 թվականին Դոլանը երկրորդական դերերով հանդես է եկել «Ջնջված ինքնություն» և «Ծանր ժամանակներ Էլ Ռոյալում» ֆիլմերում[62]: Նա խաղալու է ամերիկյան «Այն 2» ֆիլմում, որի պրեմիերան նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին[63]:

Ազդեցություն

Քսավյե Դոլանը նշել է, որ որևէ կոնկրետ ռեժիսորի գործունեություն ազդեցություն չի ունեցել իր վրա: Սակայն 2009 թվականին Դոլանը հայտնել է, որ Միխայել Հանեկեն իր սիրելի ռեժիսորներից մեկն է՝ ընդգծելով Հանեկենի ճշգրիտ աշխատանքը կինոխցիկի հետ և ուժեղ սցենարները: Հանեկենի «Ուրախ խաղեր» (1997) և «Դաշնակահարուհի» (2001) աշխատանքները Դոլանի բնորոշմամբ իր սիրելի ֆիլմերն են[64]:

2014 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնի ընթացքում Դոլանն ասել է, որ Ջեյն Քեմփիոնի «Դաշնամուր» (1993) ֆիլմը իր համար ներշնչանքի հիմնական աղբյուր է հանդիսացել, իսկ «Տիտանիկ» (1997) ֆիլմը ազդել է իր կինոինդուստրիա մուտք գործելու որոշման վրա[65]: Համաձայն Դոլանի՝ «Իմ անձնական նահանգ Այդահո» (1991) ֆիլմը ազդեցություն է ունեցել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի վրա[66]: Դոլանը նաև նշել է, որ իր վրա մեծ տպավորություն է գործել երկնքից ընկնող գորտերի տեսարանը «Մագնոլիա» (1999) ֆիլմից:

2013 թվականին տված հարցազրույցում Դոլանն ասել է.

Ես ուզում եմ ասել որ ռեժիսորները այդքան մեծ ազդեցություն չեն թողնում ինձ վրա… Ես կարդացել եմ իմ ֆիլմերի մասին բոլոր հիմնական կարծիքները, որովհետև ես «խենթ» եմ և կենտրոնանում եմ բացասականի վրա, ես ուզում եմ իմանալ, թե ինչ են մարդիկ կարծում և ինչու են նրանք այդ կարծիքին: Իր կարծիքը, ենթադրություններն ու ասոցիացիաները պարտադրող հանդիսատեսը ինձ այնքան շատ է վախեցրել հղումներով և ազդեցություններով, որոնք երբեք իմը չեն եղել: Բայց եկեք ազնիվ լինենք. գաղափարները պտտվում են և ամեն ինչ արդեն արված է, այժմ ողջ հարցը նոր մեկնաբանություն գտնելն է[67]:
- Քսավյե Դոլան

Անձնական կյանք

Քսավյե Դոլանը բացահայտ գեյ է[68]: Իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմը Դոլանը կիսաինքնակենսագրական է բնորոշել[13][69]: Նա բազմիցս ելույթ է ունեցել հոմոֆոբիայի հետ կապված խնդիրների հաղթահարման կարևորության վերաբերյալ։

Ֆիլմագրություն

Բանալի
Այս նշանով առանձնացված են դեռևս չթողարկված ֆիլմերը
ԱնվանումՏարիԴերՌեժիսորՆշումներ
Ես ձեզ հետ եմ[en]1997ԷդուարդClaude Fournier[en]
Ավազյա մարդը1999Nadine Fournelle[en]Կարճամետրաժ ֆիլմ
Թաքնված ամրոցը2001ՄայքլRoger Cantin[en]
Հայելիներ2007ԺուլիենEtienne Desrosiers[en]Կարճամետրաժ ֆիլմ
Նահատակներ[en]2008Անտուան ԲելֆոնդPascal Laugier[en]
Սյուզի2009ՓանքMicheline Lanctôt[en]
Ես սպանեցի մորս2009Յուբեր ՄինելԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Երևակայական սեր2010ՖրանսիսԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Լավ հարևաններ[en]2010Ժան-ՄարկJacob Tierney[en]
Լիփսեթի օրագրերը[en]2010ՊատմողTheodore Ushev[en]
Եվ միևնույնն է Լորենս[en]2012Երեկույթում հանդիպող տղամարդԻնքըՆաև գործադիր պրոդյուսեր և սցենարիստ
Թոմը ագարակում[en]2013ԹոմԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Արտասովոր անձնավորություն[en]2013Monia Chokri[en]Խմբագիր
Հրաշք2014ԷտյենDaniel Grou[en]
Փղի երգը[en]2014Մայքլ ԱլինCharles Binamé[en]
Մայրիկ2014ԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Սա միայն աշխարհի վերջն է[en]2016ԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Ջնջված ինքնություն[en]2018ՋոնJoel Edgerton[en]
Ծանր ժամանակներ Էլ Ռոյալում[en]2018Բադդի ՍանդեյDrew Goddard[en]
Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը[en]2018ԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Մաթիաս և Մաքսիմ[en]2019ՄաքսԻնքըՆաև պրոդյուսեր և սցենարիստ
Այն 2 2019Ադրիան ՄելլոնAndy Muschietti[en]

Պարգևներ

Կինոպարգևներ

Հաղթանակներ44
Առաջադրումներ32

Կաննի միջազգային կինոփառատոն

ՏարիԱնվանակարգԱռաջադրված ֆիլմԱրդյունքՀղում
2009«CICAE»-ի պարգևԵս սպանեցի մորսՀաղթանակ[70]
«SACD»-ի մրցանակՀաղթանակ
«Երիտասարդական հայացք» մրցանակՀաղթանակ
2010«Երիտասարդական հայացք» մրցանակԵրևակայական սերՀաղթանակ
«Un Certain Regard» մրցանակԱռաջադրված
2012«Քվիր արմավենի» մրցանակԵվ միևնույնն է Լորենս[en]Հաղթանակ[71][72]
«Un Certain Regard» մրցանակԱռաջադրված
2014Ժյուրիի մրցանակՄայրիկՀաղթանակ[73]
2016Գրան պրիՍա միայն աշխարհի վերջն է[en]Հաղթանակ[74][75]
Էկումենիկ ժյուրիի մրցանակՀաղթանակ

«Սեզար» կինոմրցանակ

ՏարիԱնվանակարգԱռաջադրված ֆիլմԱրդյունքՀղում
2010Լավագույն արտասահմանյան ֆիլմԵս սպանեցի մորսԱռաջադրված[76]
2011Երևակայական սերԱռաջադրված[77]
2013Եվ միևնույնն է Լորենս[en]Առաջադրված[78]
2015ՄայրիկՀաղթանակ[79]
2017Լավագույն ռեժիսորՍա միայն աշխարհի վերջն է[en]Հաղթանակ[80]
Լավագույն խմբագիրՀաղթանակ
Լավագույն արտասահմանյան ֆիլմԱռաջադրված

«Ջիննի» մրցանակաբաշխություն և Կանադական կինոմրցանակաբաշխություն

2012 թվականին «Ջիննի» մրցանակաբաշխությունը[en] և Կանադական ազգային կինոմրցանակաբաշխությունը միավորվել են, անվանվելով Կանադական կինոմրցանակաբաշխություն[en][81]:

ՏարիԱնվանակարգԱռաջադրված ֆիլմԱրդյունքՀղում
2010Կլոդ Ժյուտրայի անվան մրցանակԵս սպանեցի մորսՀաղթանակ[82]
2013Լավագույն ռեժիսորԵվ միևնույնն է Լորենս[en]Առաջադրված[83][84]
Լավագույն սցենարԱռաջադրված
Հագուստի լավագույն ձևավորումՀաղթանակ
2014Լավագույն ռեժիսորԹոմը ագարակում[en]Առաջադրված[85][86]
Լավագույն ֆիլմԱռաջադրված
Լավագույն ադապտացված սցենարԱռաջադրված
2015Լավագույն ռեժիսորՄայրիկՀաղթանակ[87]
Լավագույն ֆիլմՀաղթանակ
Հագուստի լավագույն ձևավորումԱռաջադրված
Լավագույն խմբագիրՀաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենարՀաղթանակ
2017Լավագույն ռեժիսորՍա միայն աշխարհի վերջն է[en]Հաղթանակ[88]
Լավագույն ֆիլմՀաղթանակ
Լավագույն ադապտացված սցենարՀաղթանակ

«Ժյուտրա» մրցանակաբաշխություն և «Իրիս» մրցանակաբաշխություն

«Ժյուտրա» մրցանակաբաշխությունը 2016 թվականի հոկտեմբերին վերանվանվել է «Իրիս» մրցանակաբաշխության[en][89]:

ՏարիԱնվանակարգԱռաջադրված ֆիլմԱրդյունքՀղում
2010Լավագույն ֆիլմԵս սպանեցի մորսՀաղթանակ[90][91]
Լավագույն ռեժիսորԱռաջադրված
Լավագույն սցենարՀաղթանակ
Լավագույն դերասանԱռաջադրված
Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմՀաղթանակ
2013Լավագույն ռեժիսորԵվ միևնույնն է Լորենս[en]Առաջադրված[92]
Լավագույն սցենարԱռաջադրված
Լավագույն միջազգային ֆիլմԱռաջադրված
2014Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմԹոմը ագարակում[en]Առաջադրված[93]
2015Լավագույն ֆիլմԱռաջադրված[94][95]
Լավագույն ռեժիսորԱռաջադրված
Լավագույն սցենարԱռաջադրված
Լավագույն ֆիլմՄայրիկՀաղթանակ[96]
Լավագույն ռեժիսորՀաղթանակ
Լավագույն սցենարՀաղթանակ
Հագուստի լավագույն ձևավորումԱռաջադրված
Լավագույն խմբագիրՀաղթանակ
2017Լավագույն ֆիլմՍա միայն աշխարհի վերջն է[en]Հաղթանակ[97][98]
Լավագույն ռեժիսորՀաղթանակ
Լավագույն քասթինգՀաղթանակ
Հանրային մրցանակԱռաջադրված
Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմՀաղթանակ

Այլ կինոպարգևներ

ՏարիՖիլմՊարգևԱնվանակարգԱրդյունքՀղում
2009—2010Ես սպանեցի մորսՎանկուվերի միջազգային կինոփառատոն[en]Լավագույն կանադական ֆիլմՀաղթանակ[99]
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en]Լավագույն ֆրանսալեզու ֆիլմՀաղթանակ[100]
Ռեյկյավիկի միջազգային կինոփառատոն[en]«Ոսկե թնձրահավ» մրցանակՀաղթանակ[101]
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա[en]«Stella Artois Ջեյ Սքոթ» մրցանակՀաղթանակ[100]
Վանկուվերի կինոքննադատների շրջանի մրցանակ[en]Լավագույն կանադական ֆիլմՀաղթանակ[102]
Կանադական ֆիլմի լավագույն ռեժիսորՀաղթանակ
Կանադական ֆիլմի լավագույն դերասանՀաղթանակ
2010Երևակայական սերՍիդնեյի կինոփառատոն[en]Ֆիլմի մրցանակՀաղթանակ
2012—2013Եվ միևնույնն է Լորենս[en]«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en]Լավագույն ֆրանսալեզու ֆիլմԱռաջադրված[103]
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն[en]Լավագույն կանադակն ֆիլմՀաղթանակ[104]
«Ոսկե բզեզ» մրցանակաբաշխություն[en]Լավագույն օտարալեզու ֆիլմԱռաջադրված[105]
2014Թոմը ագարակում[en]Վենետիկի միջազգային կինոփառատոն[en]Կինոքննադատության միջազգային ֆեդերացիայի մրցանակՀաղթանակ[106]
2014—2015Մայրիկ«Դորիան» մրցանակաբաշխություն[en]Տարվա «Ուայլդ» արտիստԱռաջադրված[107]
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en]Լավագույն ֆրանսալեզու ֆիլմԱռաջադրված[108]
Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոն[en]Լավագույն հյուսիսամերիկյան անկախ ֆիլմՀաղթանակ[109]
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա[en]Լավագույն կանադական ֆիլմԱռաջադրված[110]
2016«Hello», Ադել«Ջունո» մրցանակաբաշխություն[en]Տարվա վիդեոՀաղթանակ[111]
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունԼավագույն ռեժիսորԱռաջադրված[112]
Լավագույն խմբագիրԱռաջադրված
2016—2017Սա միայն աշխարհի վերջն է[en]Համբուրգի կինոփառատոն[en]«Արտ սինեմա» մրցանակՀաղթանակ[113]
«Բյուրեղյա գլոբուս» մրցանակաբաշխություն[en]Լավագույն ֆիլմԱռաջադրված[114]
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en]Լավագույն ֆրանսալեզու ֆիլմԱռաջադրված[115]

Պետական պարգևներ

Այլ պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ