Մետիսներ

Մետիսներ (ֆրանսերեն, եզակի թիվը՝ metis, < ուշ լատիներեն misticius — խառը, < լատիներեն misceo — խառնել), միջռասայական ամուսնություններից սերվածները։ Մարդաբանորեն մետիսները գրավում են միջանկյալ դիրք խառնասերվող ռասաների միջև։ Ամերիկայում մետիսներ անվանում են սպիտակամորթների ու հնդկացիների, Միջին Ասիայում՝ մոնղոլոիդների և եվրոպեոիդների ամուսնություններից ծնվածներին։ Բրազիլական մետիսները, որ պորտուգալացիների և երկրի բնակչության մեծամասնությունը կազմող տուպի հնդկացիների ամուսնություններից ծնվածներն են, հայտնի են մամելյուկոս անունով, հնկացիների և աֆրիկական նեգրերի ամուսնություններից ծնվածները՝ պարդո[2]։

(ձախից աջ) Ժոզե Ռամուշ-Օրտա (թիմորյան մետիս), Բոբ Մառլի (մետիս)[1]
«Մամելյուկո» աղջիկ (պորտուգալացի և տուպիի զավակ), Բրազիլիա, նկարիչ՝ Ալբերտ Էքհաութ, շուրջ 1641-1644 թվականներ

Պատմություն

Տարբեր ռասսաների ներկայացուցիչների խառն ամուսնությունները պատմականորեն կապված են մի երկրից մյուսը բնակչության տեղափոխությունների հետ։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունները դարձել են առաջին նշանակալի խթանն այդ գործընթացի համար։ Տարբեր ազգությունների ներկայացուցիչների խառն ամուսնությունների թվի ավելացման հարցում մեծ դեր է խաղացել Հոլանդիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի ստրկատիրական առևտուրը։ Մետիսը՝ որպես բնորոշում, տարբեր ռասաների ծնողների սերունդների անվանում է։ Եվրոպեոիդների և նեգրոիդների սերնդին անվանում են մուլատ, եվրոպեոիդներից ու մոնղոլոիդներից սերվածին՝ «եվրասիացի»[3]։ Շատ երկրներում նկատվում է մետիսների քանակի աճ այլ ռասաների ներկայացուցիչների համեմատ։ Այդ ֆոնի վրա նկատելի է նեգրոիդների և բնիկ ազգերի քանակի կրճատում այլ ժողովուրդների համեմատ[4]։

Աշխարհագրական տարածում

Մետիսներ կան Արևմտյան կիսագնդի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը հետևյալ երկներում՝ Մեքսիկայում, Նիկարագուայում, Կոստա Ռիկայում, Պերուում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Վենեսուելայում, Էկվադորում, Պարագվայում, Գվատեմալայում, Պանամայում։ Այնպիսի իսպանալեզու երկրներում, ինչպիսիք են Արգենտինան և Ուրուգվայը, բնակչության մեծամասնությունը սպիտակամորթներ են։ Մետիսներ կան նաև Ռուսաստանում և Միջին Ասիայում (Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան), Սիբիրում, Ուրալում և Պովոլժիեում[5]։

Հայտնի մետիսներ

  • Ինկա Գարսիլասո դե լա Վեգա (1539-1616), պերուացի պատմաբան,
  • Ժան Բատիստ Ուիլկի (1803-1886), կանադացի մետիսների առաջնորդներից մեկը 19-րդ դարում,
  • Գաբրիել Դյումոն (1837-1906), կանադացի մետիսների ներկայացուցիչ, կանադացի մետիսների ու հնդկացիների ամպտամբության առաջնորդներից մեկը[6],
  • Գաստոն Ժերվիլ Ռեաշ (1854-1908), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Գվադելուպայի բնակիչ,
  • Շարոն Բրունո (ծնվ.՝ 1964), կանադացի մետիսների ներկայացուցիչ, մոդել, կուլտուրիստ[7],
  • Քալիբ Ստարնես (անգլ.՝ Kalib Starnes, ծնվ.՝ 1975), կանադացի մետիսների ներկայացուցիչ, ընդհանուր մենամարտերի մարտիկ[8]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետիսներ» հոդվածին։