Միոցեն

Միոցեն (անգլ.՝ Miocene, հին հուն․μείων - փոքր, քիչ նշանակություն ունեցող և καινός - նոր, ժամանակակից), նեոգենյան ժամանակաշրջանի առաջին դարաշրջանը։ Սկսվել է 23,03 միլիոն տարի առաջ և ավարտվել է 5,333 միլիոն տարի առաջ[1]։ Միոցենի դարաշրջանին նախորդ դարաշրջանը օլիգոցենն է, հաջորդը` պլիոցենը[2]։

Պարուրաձև զարգացման երկրաժամանակագրական սանդղակ

Անվանում

Միոցեն տերմինի հեղինակ Չարլզ Լայել

Տերմինի հեղինակը շոտլանդացի գիտնական Չարլզ Լայելն է (1828), որն իր «Երկրաբանության հիմքերը» գրքի առաջին հատորում առաջարկել է կայնոզոյան երրորդական ժամանակաշրջանը բաժանել չորս երկրաբանական դարաշրջանների` Էոցեն, միոցեն, հին պլիոցեն, նոր պլիոցեն։ Լայելը տերմինի անունը հիմնավորում էր նրանով, որ այդ շրջանում ի հայտ են եկել «ժամանակակից» բրածո կակղամորթավորների մի փոքր մասը (18%)։ Դարաշրջանների համար Լայելը կիրառել է հունական անուններ։ Այդ բաժանումը թեպետև համապատասխանում էր գիտնականի ուսումնասիրած տարածքին (Ալպերի մի մասը և Իտալիայի տափաստանները), սակայն Եվրոպայի և Ամերիկայի այլ շրջաններին չէր համապատասխանում։ Այդ պատճառով դադարեցվեց դարաշրջանը բրածո կակղամորթավորների միջոցով որոշելը, իսկ դարաշրջանները վերանվանվել և վերաբաշխվել են.

  1. պալեոցեն (66,0-56,0 մլն տարի առաջ)
  2. էոցեն (56,0-33,9 մլն տարի առաջ)
  3. օլիգոցեն (33,9-23,03 մլն տարի առաջ)
  4. միոցեն (23,03-5,333 մլն տարի առաջ)[3]։

Ներկայումս Երկրագնդի ժամանակագրական սանդղակում Կայնոզոյան երկրաբանական դարաշրջանի Նեոգենի ժամանակաշրջանը բաժանվում է պլիոցենի (սկիզբը 5,333 միլիոն տարի առաջ) և միոցենի (սկիզբը 23,03 միլիոն տարի առաջ)[4][5]։

Ֆլորա և ֆաունա

Երկիր մոլորակի պատմության նշանակալից փոփոխություններ են եղել վերջին 18-20 միլիոն տարիների ընթացքում, երրորդական շրջանի երկրորդ կեսին` միոցենի և պլիոցենի ժամանակ։ Արևմտյան Եվրոպայի անտառներում նշանակալիորեն կրճատվել են արեւադարձային բույսերի թիվը և ավելի շատ հանդիպել են ձմռանը տերևաթափ եղող ծառատեսակներ, սակայն ձմեռները դեռևս տաք են եղել։ Օրինակ, ներկայիս Տոբոլսկի տարածքում աճել է ընկուզենի, սոսի, հացենի, բոխի

Կենդանիների տեսակներից արդեն հանդիպոոլ են արջեր, բորենիներ, կզաքիսներ, գայլեր, փորսուղներ, վայրի խոզեր, որոնք շատ նման են եղել մեր ժամանակների այդ կենդանիներին։ Խոշոր կաթնասուններից եղել են ներկայիս փղերի նախնիները` մաստոդոնտները, դինոտերիները, որոնց ներքևի ծնոտից ցցված էին երկու դեպի ներքև թեքված կեռաժանիքներ, ընձուղտները, ռնգեղջյուրները։ Ծառերի վրա ապրել են կապիկներ, դրանց թվում մարդանման կապիկներ` դրիոպիտեկներ, որոնք հաճախակի ծառերց իջնում էին և սնունդ փնտրում անտառների բացատներում։ Ի հայտ են եկել ներկայիս թռչունների նախնիները, իսկ միջատներից` թիթեռները և խայթող միջատները։ Ծովերն ու գետերը լի են եղել կենդանիներով, որոնք բավականաչափ նման են եղել ժամանակակից տեսակներին[6]։

Կատակլիզմներ

Միոցենի ընթացքում (25-5 միլիոն տարի առաջ) մայրցամաքները գտնվել են շարժման մեջ և նրանց բախումներից մի շարք խոշոր կատակլիզմներ են եղել։ Աֆրիկան «խրվել» է Եվրոպայի և Ասիայի մեջ, որի արդյունքում առաջացել են Ալպերը։ Հնդկաստանի և Ասիայի բախումից բարձրացել են Հիմալայան լեռները։ Այդ ժամանակ են ձևավորվել Ժայռոտ լեռները և Անդերը, քանի հսկա քարոլորտային այլ սալերը նույնպես շարունակել են շարժվել և իրար վրա բարձրանալ։ Սակայն Ավստրալիան և Հարավային Ամերիկան նախկինի պես շարունակել են մեկուսացված մնալ Երկրի մնացած մասից և այդ մայրցամաքներից յուրաքանչյուրում շարունակել է զարգանալ իր անհատական ֆաունան և ֆլորան[7]։

Սառցադաշտերի առաջացում

Միջին միոցենի ժամանակ տարեկան միջին ջերմաստիճանը կազմել է 17-20 °С, իսկ միոցենի ավարտին ամենուրեք իջել է մինչև 3-5 °С։ Դեռևս օլիգոցենի ժամանակ սկսած սառցապատումը, միոցենի ժամանակ տարածվել է ողջ Անտարկտիդայով։ Սա հանգեցրել է համաշխարհային կլիմայի էլ ավելի սառեցմանը։ Ջերմաստիճանի անկմանը զուգընթաց անշեղորեն աճել են տափաստանները և ի վերջո զբաղեցրել են Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի մեծ մասը, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաները[7]։ Հատկապես խիստ արտահայտվել է բևեռային և չափավոր կլիմայի պայմաններում և առավել արտահայտվել է Անտարկտիդայի սառցածածկում։ Առաջին սառույցներն առաջացել են Անտարկտիդայի լեռնային շրջաններում մոտավորապես 20-22 միլիոն տարի առաջ։ Հետագայում սառցադաշտերը տեղաշարժվել են հարթավայրեր և նրանց մակերեսը հատկապես ավելացել է նեոգենի կեսերին[8]։

Պատկերասրահ

Տես նաև

  • Մեսինի աղայնության գագաթ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միոցեն» հոդվածին։