Դիրակ Պոլ Ադրիեն Մորիսը ծնվել է 1902 թ. օգոստոսի 8-ին Բրիստոլ քաղաքում։ Սովորել է Բրիստոլի, ապա Քեմբրիջի համալսարաններում ավարտել է 1924 թվականին։ 1932 թվականից Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Դիրակը կառուցել է քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, ձևափոխությունների տեսությունը 1926-1927 թթ., մշակել է ճառագայթման քվանտային տեսության հիմունքները։ Էնրիկո Ֆերմիի հետ մեծ ավանդ է ներդրել քվանտային վիճակագրության բնագավառում (Ֆերմի-Դիրակի վիճակագրություն), մասնավորապես պարզել բաշխման վիճակագրական բնույթի և ալիքային ֆունկցիայի սիմետրիայի հատկությունների կապը 1925 թվականին։ 1928 թվականին ստեղծել է էլեկտրոնի շարժման ռելյատիվիստական տեսությունը, որը հնարավորություն տվեց բացատրել մի շարք ֆիզիկական երևույթներ և կանխատեսել պոզիտրոնի գոյությունը։ Դաշտի քվանտային տեսության տարբեր բնագավառներին են նվիրված նաև Դիրակի մի շարք ուրիշ աշխատանքներ, նա առաջինն է կիրառել երկրորդային քվանտացման մեթոդը 1927 թվականին, որը հետագայում լայն տարածում գտավ տեսական ֆիզիկայում։ Դիրակը Էրվին Շրյոդինգերի հետ 1933 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քվանտային մեխանիկայի վերաբերյալ աշխատությունների և էլեկտրոնային տեսության զարգացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 409)։