Սելևկյան տերություն


Սելևկյանների կայսրություն (հին հունարեն՝ Βασιλεία τῶν Σελευκιδῶν, Basileía tōn Seleukidōn), Հելլենական պետություն, որը ղեկավարել է Սելևկյանների տոհմը մ.թ.ա. 312 թվականից մինչև մ.թ.ա. 63 թվականը։ Այն հիմնադրել է Սելևկիոս I-ը Մակեդոնական կայսրության փլուզումից հետո[1][2][3][4]։ Սելևկիոսը մեկնեց Բաբելոն և այնտեղից հավաքելով կողմնակիցներ սկսեց հավակնել Ալեքսանդր Մակեդոնացու մերձավոր արևելյան տարածքներին։ Իր հզորության գագաթնակետին նրա տիրապետության տակ ընկան կենտրոնական Անատոլիան, Պարսկաստանը, Լևանտը, Միջագետքը և այժմյան Քուվեյթը, Աֆղանստանը և Պակիստանի ու Թուրքմենստանի մի մասը։

Սելևկյանների կայսրություն
 Մակեդոնական կայսրություն Մ. թ. ա. 312 թվական - Մ. թ. ա. 63 թվական Սիրիա (Հռոմեական պրովինցիա) 
Պարթևաստան 
Հունա-բակտրիական թագավորություն 
Քարտեզ


(Կայսրությունը իր հզորության գագաթնակետին Սելևկիոս I-ի մահից հետո, մ. թ. ա. 281 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սելևկիա
(Մ. թ. ա. 305–240)

Անտիոք
(Մ. թ. ա. 240–63)
Իշխանություն
Պետական կարգ Կայսրություն

Սելևկյանների կայրությունը իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան[4][5][6][7]։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն[4][5]։ Սելևկյանների առաջխաղացումն Անատոլիայից մինչև Հունաստան կանգնեցրեցին միայն հռոմեացիները։ Նրանց փորձերը պարտության մատնելու իրենց վաղեմի թշնամի Պտղոմեոսյան Եգիպտոսին ձախողվեցին, քանի որ վերջիններիս օգնեցին հռոմեացիները։ Հակամարտության մեջ մտնելով Մաուրյա կայսրության առաջնորդ Չանդրագուտպա Մաուրյայի հետ՝ Սելևկյանները մի քանի պարտությունից հետո ստիպված հաշտություն կնքեցին՝ զիջելով ընդարձակ տարածքներ Մաուրյայի, այդ թվում Հնդկաստանի արևմուտքը, Հինդու Կուշը, ներկայիս Աֆղանստանը, Բալոչիստանը, ներկայիս Պակիստանը և կնության տվեց իր աղջկան Մաուրյային։ Կայսրության արևելյան տարածքների մեծ մասը գրավեցին պարտթևները Միհրդատ Ա Պարթևի գլխավորությամբ մ.թ.ա. երկրորդ դարի կեսերին, սակայն Սելևկյան արքաները շարունակեցին կառավարել Սիրիայում մինչև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծը վերջնականապես գրավեց Սելևկյանների վերջին տարածքները։

Պատմություն

Մակեդոնացու կայսրության մասնատում

Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց Պարսկական կայսրությունը Աքամենյան տոհմի վերջին արքա Դարեհ III-ի գլխավորությամբ, սակայն նրա կայսրությունը կարճ կյանք ունեցավ։ Մակեդոնացին մահացավ երիտասարդ մ. թ. ա. 323 թվականին՝ թողնելով հսկայական կայսրությունը կիսահելլենական մշակույթով։ Կայսրության կառավարումը հանձնվեց Ալեքսանդրի զորավար Պերդիկասին, իսկ տարածքները բաժանվեցին նրա զորավարների միջև, որպես սատրապություններ։

Սելևկյանների հզորացում

Ալեքսանդրի զորավարները (Դիադոքոսները) սկսեցին պայքարել կայսրության տարածքների համար։ Պտղոմեոսը, ով Մակեդոնացու մտերիմ զորավարներից էր և Եգիպտոսի սատրապը, առաջինն էր, ով ներդրեց նոր համակարգը, ինչը բերեց Պերդիկասի վախճանին։ Պտղոմեոսի ապստամբության արդյունքում կայրությունը նոր բաժանման ենթարկվեց։ Սելևկիոս I-ը, ով Պերդիկասից հետո կայսրության զորքերի գլխավոր հրամանատարն էր մեկնեց Բաբելոն, որտեղից սկսեց հավակնել կայսրության հիմնական տարածներին։ Սելևկիոսը մ. թ. ա. 312 թվականին հիմնեց Սելևկյանների կայսրությունը, նա տիրացավ ոչ միայն Բաբելոնին, այլ Մակեդոնացու կայսրության մեծ մասին։

Ծանոթագրություններ