Սիրուշո

հայ երգչուհի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրուշո (այլ կիրառումներ)

Սիրանուշ Հրաչյայի Հարությունյան (հունվարի 7, 1987(1987-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Սիրուշո, հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ Սիրուշոյի երաժշտական ոճն արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդել է «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացել է 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին թողարկվել է երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

Սիրուշո
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՍիրանուշ Հարությունյան
Ծնվել էհունվարի 7, 1987(1987-01-07) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերփոփ, սոուլ, ժամանակակից R&B, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, Հայկական երաժշտություն, ռոմանս և փոփ֊ֆոլք
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կատարող
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1999 - ներկա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱմուսինԼևոն Քոչարյան
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքsirusho.am
 Sirusho Վիքիպահեստում

Անդրադառնալով 2008 թվականին Սիրուշոյի հաջողությանը՝ BBC-ն նկարագրել է նրան որպես «Ազգային գանձ»[1]։ Սիրուշոն միջազգային ճանաչում է ստացել Եվրատեսիլ 2007երգի մրցույթի ընթացքում Հայաստանի միավորները հայտնելուց հետո[2] և Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելուց հետո (Սերբիա, Բելգրադ)։ Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[3] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ Երգի հեղինակն է Սիրուշոն և Դեր Հովան։ Քելե-Քելեն հիթ դարձավ ամբողջ աշխարհի եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում։ Երգի երևանյան ռեմիքս տարբերակը կարելի էր լսել Հունաստանի տարբեր ակումբներում, Մեծ Բրիտանիայի ռադիոներով, ինչպես նաև հունական և կիպրական Իքս Ֆակտոր նախագծի շրջանակում։

2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Երգից ոգեշնչված շուտով Սիրուշոն թողարում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որում հիմնականում ներկայացված են հայկական մշակույթն ու զարդարվեստը՝ ժամանակակից նորաձև թրենդների հետ միաձուլված։ Սիրուշոն միակ հայ արտիստն է, ով երեք անգամ նոմինացված է եղել World Music Awards-ում իր «Պռեգոմեշ» երգով[4]։2017 թվականի Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչում։

Կենսագրություն

1987-2004: Մանկություն և կարիերայի սկիզբ

Սիրուշոն ծնվել 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում[5]։ Նրա հայրը՝ Հրաչյա Հարությունյանը անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, Հայաստանի Ազգային արտիստ։ Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Սիրուշոն իր առաջին մրցանակը ստացել է երեխա հասակում, ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ «Լուսաբաց» երգի համար. հայկական ժողովրդական երգ է, որը գրել է Կոմիտասը 20-րդ դարում։ Արդեն 7 տարեկանում Սիրուշոն սկսեց գրել երգի երաժշտություն և խոսքեր[6]։ Առաջին ալբոմը՝ «Սիրուշո», թողարկեց 13 տարեկանում։ 2004 թվականին Սիրուշոն ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ Ավելի ուշ անցել է դաշնամուրի դասեր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը գերազանց առաջադիմությամբ[7]։

2005-2009: «Շերամ» և «Հիմա»

Սիրուշոն Եվրատեսիլում (2008)

Թեպետ Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում ավելի շատ հանդես է եկել սոուլ և փոփ ժանրերում, նա սկսեց աշխատել իր «Շերամ» ալբոմի վրա, որը ներառում է Գուսան Շերամի բազմաթիվ երգեր։ Այն թողարկվեց 2005 թվականին։ Ալբոմի մեջ ներառվեց նաև «Շորորա» երգը, որը հետագայում լայն ճանաչում ստացած։ 2005 թվականի ազգայի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Շերամը» ճանաչվեց տարվա ալբոմ, իսկ Սիրուշոն՝ տարվա լավագույն երգչուհի[8]։

«Այս տարի շատ եմ շրջագայել, նույնիսկ այս իրադարձությունից մի քանի ժամ հետո կրկին պատրաստվում եմ թռնել Միացյալ Նահանգներ համերգային ծրագրով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կյանքիս հետագա թռիչքներում ինձ թևեր պարգևելու համար»

—Սիրուշոյի շնորհակալական խոսքը, երբ 2005 թվականին ստացավ տարվա լավագույն երգչուհ մրցանակը[9]

2006 թվականին մահացավ հայտնի երգչուհի Վարդուհի Վարդանյանը, որ Սիրուշոյի մանկության ընկերուհին էր։ Նրա մահից հետո Սիրուշոն երգ նվիրեց Վարդուհուն՝ «Մեզ ոչինչ չի բաժանի»։ Հետագայում երգը ընգրկվեց Սիրուշոյի «Հիմա» ձայնասկավառակում։ 2006 թվականին ամենամյա հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի էր ունենում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Սիրուշոն ստացավ տարվա լավագույն երգչուհի մրցանակը։ Մի քանի օր հետո թողարկվեց նրա նոր սինգլը ՝ «Հեռանում եմ», որը կարճ ժամանակ անց դարձավ հիթ։ Երգը ընդգրկվեց «Հիմա» ձայնասկավառակում։ Այդ ձայնասկավառակում է ներառվել նաև Սիրուշոյի և Սոֆի Մխեյանի համատեղ դուետը՝ «Արժանի է»[10]։ «Հիմա» ալբոմը նոր շունչ մտցրեց Հայկական երգարվեստում, միախառնելով սոուլ և R&B երաժշտությունը ոճերը հայկական ազգային երաժշտական գործիքների հետ ինչպիսիք են դուդուկը, զուռնան, դհոլը և այլն։ 2008 թվականին Սիրուշոն ընտրվեց Եվրատեսիլ 2008-ի հայաստանյան պատվիրակ։ Նա ելույթ ունեցավ Քելե Քելե երգով, որի համահեղինակը կանադահայ երգահան Դերհովան էր։ Սիրուշոն իր երգով հաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրաձակիչ փուլը, իսկ եզրափակիչ փուլում 199 միավորով զբաղեցրեց 4-րդ հերիզոնականը։ 2009 թվականի ապրիլի 1-ին Սիրուշոն թողարկեց հունարեն իր առաջին երգը, որը կոչվում էր «Էրոտաս»՝ ակտիվ պարային ռիթմերով և հունական երաժշտական մոտիվներով։ Երգի հեղինակներն են երգիչ Հայկոն և Նատալիա Գերմանուն[11]։ 2009 թվականի ապրիլի ամենամյա Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ Սիրուշոն հանդես եկավ երգի կենդանի կատարմամբ[12]։2009 թվականի հունիսի 6-ին Սիրուշոն ամուսնացավ Լևոն Քոչարյանի հետ, ով ՀՀ երկրորդ նախագահի որդին է[13]։ 2009 թվականին Սիրուշոն Եվրատեսիլ 2008-ի Իսրայելի և Սերբիայի ներկայացուցիչների՝ Բոազ Մաուդայի և Ելենա Տոմաշևիչի հետ միասին ձայնագրեցին խաղաղությանը նվիրված երգ ` "Time too Pray"/ «Ժամն է աղոթքի», որը թողարկվեց մայիսին։ Երգի խոսքերի հեղինակը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն է։ Երգը դարձավ հիթ մի շարք երկրներում՝ Ռուսաստան, Սերբիա, Հայաստան։

2010-2012: «Հավատում եմ» և «ՊռեԳոմեշ»

2010 թվականին Սիրուշոն կատարեց իր «Հավատում եմ» երգը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի հայաստանի պատվիրակի ընտրության ժամանակ։ Երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակը Սիրուշոն է։ 2010 թվականի փետրվարին Սիրուշոն հրավիրվեց Մալթա՝ որպես հատուկ հյուր, որտեղ մասնակցեց Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի Մալթայի ազգային ընտրությանը։ Մալթայում գտնվելու ընթացքում Սիրուշոն նաև հյուընկալվեց տարբեր հեռուստահաղորդումների, որի ընթացքում կատարեց «Հավատում եմ» երգը։ 2010-ի մայիս ամսին կայացավ երգչուհու «Հավատում եմ» կոչվող չորրորդ ալբոմի պրեմիերան, որում ներառված էին մի շարք նոր սինգլներ, այդ թվում «Erotas», «Հավատում եմ», «Time to pray»[14]: Ալբոմը փոփ և R&B ժանրերի մեջ է։

2010-ին Սիրուշոն գրեց «Судьба Зима» կոչվող երգը հայտնի ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համար։

2011 թվականին երգչուհին ձայնագրեց իր «I like it» երգը[15][16]։ Նույն տարվա դեկտեմբերին նա հատուկ հյուր էր Երևանում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին[17]։

  • 2012 թվականի դեկտեմբերին երգչուհին ոգեշնչվելով Կոմիտասի «Լոռվա գութան» ստեղծագործությամբ, ներկայացրեց իր «ՊռեԳոմեշ» երգը[18]։ Ե՛վ երգը, և՛ տեսահոլովակը կարճ ժամանակում հիթ դարձավ մի շարք երկրներում։

2013-ներկա։ Կարիերայի շարունակություն

2013 թվականի հոկտեմբերին ամերիկյան «W» ամսագիրը Սիրուշոյին ընդգրկեց իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկում[19]։ Նույն տարվա դեկտեմբերին հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ նա թողարկեց «See» երգը[20]։2014 թվականի ապրիլ ամսին տեղի է ունենում Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը (World Music Awards), որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները։ Այդտեղ Սիրուշոն նոմինացվաշ էր երեք տարբեր անվանակարգերում որպես եվրոպական արտիստ՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» («ՊռեԳոմեշ»), «Լավագույն տեսահոլովակ» («ՊռեԳոմեշ»)։

2014 թվականի մայիսի 11-ին՝ Կալիֆորնիայում, տեղի ունեցավ World Armenian Entertainment Awards 2013 մրցանակաբաշխությունը, որտեղ Սիրուշոն արժանացավ "Queen of Armenian pop Music" մրցանակին։2014 թվականին միախառնելով տարբեր սերունդների աանդական երաժշտական ոճերը, Սիրուշոն, հայ հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ միասին ներկայացրեցին բոլոր ժամանակների հիթային հայտնի «Տարներ» երգի նոր տարբերակը։ 2014 թվականի նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի NOKIA թատրոնում տեղի ունեցավ Սիրուշոյի առաջին մենահամերգը։

Նույն թվականին տեղի ունեցավ Սիրուշոյի և մեկ այլ հայազգի երգիչ Հարութ Փամբուկչյանի «Տարիներ» երգի և տեսահոլովակի պրեմիերան։

2015 թվականի մարտին Սիրուշոն վերադարձավ Հայաստան և սկսեց աշխատել իր նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում պատրաստ էր նրա նոր երգն ու տեսահոլովակը՝ «Կգա մի օր» («Where were you»)։ Ե՛վ երգը, և՛ տեսահոլովակը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Թողարկվեց երգի միանգամից երկու տարբերակ՝ հայերեն և անգլերեն։

2015 թվականի վերջին թողարկվեց Սիրուշոյի նոր սինգլը՝ «Մի թող ինձ մենակ», որի տեսահոլովակը նկարահանվել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ 2016 թվականին ամենամյա Daf Bama Music Awards-ի շրջանակներում Սիրուշոն ելույթ ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Համբուրգում իր Քելե Քելե երգի ռեմիքս տարբերակով։ Մրցույթի ընթացքում նա ճանաչվեց որպես հայազգի լավագույն երգչուհի։ Նույն ամսին Սիրուշոն հայտարարեց իր հաջորդ սպասվող «Արմատ» ալբոմի մասին, որում ներկայացված էր հայկական մշակույթը։ Նույն թվականի նոյեմբերին կայացավ Սիրուշոյի «Արմատ» ալբոմի շնորհանդեսը[21]։2017 թվական թվականի հունվար ամսին Սիրուշոն ներկայացրեց «Արմատ» ալբոմի առաջին երգի տեսահոլովակը՝ «Դեր Զոր», արի տեսահոլովակը նկարահանվել էր Արևմտյան Հայաստանում, մասնավորապես Անի քաղաքում։ Նույն թվականի ամռանը Սիրուշոն ամերիկյան հայտնի Capital Cities խմբի մենակատար, հայազգի երգիչ, երգահան Սեպուհ Սիմոնյանի հետ միասին ներկայացրեցին «Վույ Աման» երգը և տեսահոլովակը[22]։ Կարճ ժամանակում այն հիթ դարձավ ոչ միայն Հայաստանում այլ նաև արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում։ Տեսահոլովակից ոգեշնչված Սիրուշոն, աշխարհահռչակ հայկական ՓիքսԱրթ ընկերության հետ համատեղ ներկայացրեցին երգի տեսահոլովակի անվանական սթիքերները[23]։2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սիրուշոն ներկայացրեց «Արմատ» ալբոմի հերթական երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը՝ «Հուհ-Հահ», որտեղ գեղեցիկ կերպով երգչուհին ներկայացնում է հայկական գորգարծական արվեստն ու ազգային երաժշտական գործիքները[24]։

Սկավառակագրություն

Ալբոմներ

ՏարիԱնվանում
2000Սիրուշո
2005Շերամ
2007Հիմա
2010Հավատում եմ
2016Արմատ

Սինգլներ

ՏարիԱնվանում
2004Հեքիաթն է կանչում
2005Շորորա
2005Սերը Մեր
2006Մայրիկ
2006Հեռանում եմ
2007Հիմա
2007Արժանի է (մասն. Սոֆի Մխեյան)
2007Մեզ ոչինչ չի բաժանի
2008Քելե-Քելե
2009Էրոտաս
2009Time to Pray
2010Հավատում եմ
2011I Like It
2012ՊռեԳոմեշ
2013See (մասն. Սակիս Ռուվաս )
2014Անտարբեր Աշխարհ
2014Այբուբեն (մասն. Արսեն Գրիգորյան)
2014Տարիներ (մասն. Հարութ Փամբուկչյան)
2015Կգա մի օր
2016Մի թող ինձ մենակ
2017Զարթոնք
2017
2017Վույ Աման
2019Summer Love:Vuy Aman

Մրցանակներ

ՏարիՄրցանակԱնվանակարգՔաղաքԱրդյունք
2003Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունՀայ երգի ապագանԵրևանՀաղթանակ
2004Կռունկ մրցանակաբաշխությունԼավագույն երգչուհիԵրևանՀաղթանակ
2005Ոսկե Քնար ՄրցանակաբաշխությունԼավագույն երգ – "Սերը մեր"ԵրևանՀաղթանակ
2005Հայաստանի ազգային երաժշտակաան մրցանակաբաշխությունՏարվա լավագույն ալբոմ – "Շորորա"ԵրևանՀաղթանակ
2005Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունՏարվա լավագույն երգչուհիԵրևանՀաղթանակ
2005Տաշիր ամենամյա մրցանակաբաշխությունՏարվա Լավագույն երգչուհիՄոսկվաՀաղթանակ
2006Տաշիր ամենամյա մրցանակաբաշխությունՏարվա լավագույն երգչուհիՄոսկվաՀաղթանակ
2006Ամենամյա MCLUB AMVA մրցանակաբաշխությունԼավագույն տեսահոլովակ – "Մայրիկ"ԱՄՆՀաղթանակ
2007Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն - ԱնուշՏարվա լլավագույն երգչուհհիԱՄՆՀաղթանակ
2007Թոփ 10 մրցանակաբաշխությունԼավագույն տեսահոլովակ – "Հիմա"ԵրևանՀաղթանակ
2007Ես ամսագրի մրցանակաբաշխությունՀայ երգի թագուհիԵրևանՀաղթանակ
2007Ոսկե Քնար մրցանակաաբաշխությունԼավագույն երգ – "Հեռանում եմ"ԵրևանՀաղթանակ
2008Թոփ 10 մրցանակաբաաշխությունԼավագույն տեսահոլովակ – "Քելե Քելե"ԵրևանՀաղթանակ
2008Եվրատեսիլ երգի մրցույթԵվրատեսիլի երկրպագուների մրցանակԲելգրադՀաղթանակ
2008Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունՏարվա լավագույն երգչուհիԵրևանՀաղթանակ
2009Ամենամյա Տաշիր մրցանակաբաշխությունԼավագույն միջազգային հայ երգչուհիՄոսկվաՀաղթանակ
2010Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունԼավագույն երգ – "Հավատում եմ"ԵրևանՀաղթանակ
2010Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունԱմենաշատ վաճառված ալբոմ – "Հավատում եմ"ԵրևանՀաղթանակ
2010Լայշրի մրցանակաաբաշխությունԼավագույն երգչուհի և Լավագույն մեդիա աստղԵրևանՀաղթանակ
2010Ամենամյա Տաշիր մրցանակաբաշխությունՀատուկ մրցանակ - Հայ երգը Եվրոպայում տարածելու համարՄոսվաՀաղթանակ
2011Վան երաժշտական մրցանակաբաշխությունՀատուկ մրցանակ երգի համարԵրևանՀաղթանակ
2012The Armenian Pulse Music AwardԼավագույն երգչուհիՀաղթանակ
2013Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունԼավագույն կատարում – ՊռեԳոմեշԵրևանՀաղթանակ
2013Համաշխարհային մրցանակաբաշխությունՀայ փոփ երգի թագուհիԼոս Անջելես, ԱՄՆՀաղթանակ[25]
2014World Music AwardsԱշխարհի լավագույն երգչուհիՄոնտե ԿառլոԱռաջադրված

[26]

2014World Music AwardsԱշխարհի լավագույն երգ - ՊռեԳոմեշՄոնտե ԿառլոԱռաջադրված

[26]

2014World Music AwardsԱշխարհի լավագույն տեսահոլովակ – ՊռեԳոմեշՄոնտե ԿառլոԱռաջադրված

[26]

2016DAF Bama երաժշտական մրցանակաբաշխությունԼավագույն հայազգի երգչուհիՀամբուրգ, ԳերմանիաՀաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրուշո» հոդվածին։