Ցանկ արգելված գրքերի

«Ցանկ արգելված գրքերի» (< լատ. Index Librorum Prohititorum), Հռոմի կաթոլիկ եկեղեցու արգելած (սպառնալիքի տակ) գրքերի ցանկ։ Առանձին հրատարակություններ ունեցել են նաև ընթերցանության, վաճառքի և գրաքննության ցուցումներ։ Հիմնական նպատակը եղել է հավատի ու բարոյականության դեմ ոտնձգություններից ու աստվածաբանական խոտորումներից պաշտպանելը։

Ցանկ արգելված գրքերի, 1564 թվական

Պատմություն

Գրաքննություն անցած գրքերը տպագրվել են «Առանց խոչընդոտների» (Nihili obstat), տիտղոսաթերթին՝ «Կարող է տպագրվել» (Imprimatur) գրիֆով։ Կաթոլիկ հեղինակներին վերապահվել է իրենց ստեղծագործությունները պաշտպանելու և նոր՝ սրբագրված հրատարակություններ տպագրելու իրավունք։

Առաջին «Ցանկ արգելված գրքերի» հրատարակել են Նիդեռլանդներում 1529 թվականին, ապա Վենետիկում՝ 1543 թվականին, Փարիզում՝ 1551 թվականին։ Առաջին հռոմեական ցուցակը կազմվել է Պողոս IV պապի օրոք, որը Տրիդենտյան ժողովը շատ խիստ է համարել և 1564 թվականին շրջանառության մեջ է դրել նրա մեղմացված տարբերակը։

1572 թվականին ձևավորվել է Ցուցակի սուրբ միաբանությունը, որը հատուկ զբաղվել է «Արգելված գրքերի ցանկի» կազմումով, իսկ 1917 թվականից այդ հարցերով զբաղվել է Սրբազան խորհուրդը։

«Ցանկ արգելված գրքերի» գործել է մինչև 1966 թվականը, ապա Վատիկանի 2-րդ ժողովն այն լուծարել է։ Տարբեր ժամանակներում արգելվել են Լ. Վալլայի, Է. Ռոտերդամցու, Լ. Ստեռնի, Վոլտերի, Դ. Դեֆոյի, Ջ. Բրունոյի, Ն. Կոպեռնիկոսի, Յ. Կեպլերի, Գ. Գալիլեյի, Օ. դը Բալզակի, Ժ.-Պ. Սարտրի, Սիմոնա դը Բովուարի, Միշել դը Մոնտենի, Դենի Դիդրոյի, Վիկտոր Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Անդրե Ժիդի, Նիկոս Կազանձակիսի, Էմանուել Սվեդենբորգի, Բենեդիկտ Սպինոզայի, Իմանուիլ Կանտի, Դեյվիդ Հյումի, Ռենե Դեկարտի, Ֆրենսիս Բեկոնի, Թոմաս Բրաունի, Ջոն Միլթոնի, Ջոն Լոքի, Բլեզ Պասկալի, Հուգո Գրոտիոսի և ուրիշների որոշ ստեղծագործություններ։ Առաջին կինը, որի գիրքն ընդգրկվել է ցանկում, եղել է Մագդալենա Հեյմայրը[1][2][3][4]։ Հայտնի է նաև Ոսկան Երևանցու՝ Վատիկանի սրբազան ժողովի ներկայացուցչի հետ հակադրությունը հայերեն առաջին Աստվածաշնչի (1666-1668) տպագրության ժամանակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։