Flickr

Flickr (արտասանվում է «ֆլիքր»), նկարների և հոլովակների հոսթինգ ապահովող վեբկայք և վեբ ծառայություններների հավաքակազմ, որը ստեղծվել է Ludicorp ընկերության կողմից՝ 2004 թվականին։ 2005 թվականի մարտի 20-ին Yahoo համացանցային կորպորացիան ձեռք բերեց Ֆլիքրը[1]։ Բացի նրանից, որ վեբկայքը հայտնի գործիք է օգտատերերի շրջանում սեփական լուսանկարներով կիսվելու և դրանք ներդնելու համար, ծառայությունը լայնորեն տարածված է լուսանկարիչների և բլոգերների շրջանում, որոնք բլոգներում և սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարները տեղադրում են Flickr հոսթինգում[2]։ The Verge-ը (ամերիկյան վեբկայք՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների մասին) 2013 թվականի մարտին հաղորդել է, որ Ֆլիքրն ընդհանուր հաշվով ունի 87 միլիոն գրանցված անդամ, և օրական ներբեռնվում է ավելի քան 3,5 միլիոն պատկեր[3]։ 2011 թվականի օգոստոսին կայքը հաղորդեց, որ Ֆլիքրի հոսթում կա ավելի քան 6 միլիարդ պատկեր և այդ թիվը շարունակում է անշեղորեն աճել[4]։ Ֆլիքրում լուսանկարներից և տեսանյութերից կարելի է օգտվել առանց հաշվի գրանցման, սակայն կայքում լուսանկար կամ տեսանյութ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Կայքում գրանցվելը նաև հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել պրոֆիլ, որը պարունակում է օգտատերի ներբեռնած լուսանկարներն ու տեսանյութերը։ Գրանցումը նաև հնարավորություն է տալիս կոնտակտներում ավելացնել մեկ այլ Ֆլիքր օգտատիրոջ։ Բջջային հավելվածներից օգտվողների համար Ֆլիքրն ունի պաշտոնական բջջային հավելվածներ՝ iOS[5], Անդրոիդ[6], PlayStation Vita[7] օպերացիոն համակարգերի համար և օպտիմիզացված բջջային կայք[8]։

Flickr
flickr.com(անգլ.)
Տեսակimage hosting service?, վիդեոհոսթինգի ծառայություն, առցանց համայնք, image sharing?, Wikimedia type of file source? և բջջային հավելված
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Լեզուանգլերեն, չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, կորեերեն, իտալերեն, պորտուգալերեն, վիետնամերեն և ինդոնեզերեն
Մայրական ընկերությունSmugMug?
ՀեղինակStewart Butterfield? և Caterina Fake?
Բացվածփետրվարի 10, 2004
 Flickr Վիքիպահեստում

Պատմություն

Ֆլիքր վեբկայքը գործարկվել է 2004 թվականի փետրվարին Ludicorp ընկերության կողմից։ Ընկերությունը հիմնել են Սթյուարթ Բաթերֆիլդը և Կատերինա Ֆեյքը Վանկուվերում։ Սկզբնական շրջանում ծառայությունը եղել է գործիք «Game Neverending» խաղերի ստեղծման համար։ Այն մասսայական բազմաօգտատերային առցանց խաղ է, որի ընթացքում խաղացողները կարող են պահպանել պատկերներ, ներդնել դրանք համացանցի իրենց անձնական էջերում և ցույց տալ միմյանց[9]։ Սակայն Ֆլիքրն ավելի իրագործելի նախագիծ էր և, ի վերջո, «Game Neverending» խաղը չեղարկվեց[10]։ Բաթերֆիլդը հետագայում թողարկեց նմանատիպ առցանց խաղ, որը կոչվում է Glitch: Խաղը փակվեց 2012 թվականի նոյեմբերին[11][12]։ Նախագծի հեղինակներ Սթյուարթ Բաթերֆիլդը և Կատերինա Ֆեյքը տեսան լուսանկարների սոցիալական ասպեկտի պոտենցիալը և ծնվեց «flickr» վեբկայքի գաղափարը[13]։

Ֆլիքրի սկզբնական տարբերակները կենտրոնացել էին նամակագրության սենյակի վրա, որը կոչվում էր FlickrLive: Այն ընձեռում էր իրական ժամանակում լուսանկարների փոխանակմնան հնարավորություններ[14]։ Հաջող առաջընթացն ավելի շատ կենտրոնացավ անհատական օգտատերերի բեքենդում ֆայլեր ներբեռնելու և դրանք պահպանելու մեջ և նամակագրության սենյակի գործառույթը դադարեց գործածվել։ Այն ի վերջո ջնջվեց, քանի որ Ֆլիքրի կոդի մի մասը գալիս էր Game Neverending խաղի կոդից, որը չուներ նման գործառույթ[15]։

Yahoo-ն ձեռք բերեց Ludicorp-ը և Ֆլիքրը 2005 թվականի մարտին։ Գործարքը կազմել է 22-25 միլիոն դոլար[16]։ Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայքի ամբողջ պարունակությունը Կանադայի սերվերներից տեղափոխվեց Միացյալ Նահանգների սերվերներ և, արդյունքում, բոլոր տվյալները դարձան Միացյալ Նահանգների դաշնային օրենքի պաշտպանության առարկա[17]։ 2007 թվականի մայիսին Yahoo ընկերությունը հայտարարեց, որ Yahoo Photos-ը կփակվի 2007 թվականի սեպտեմբերի 20-ին, ինչից հետո բոլոր նկարները կջնջվեն։ Օգտատերերին խորհուրդ էր տրվում տեղափոխվել Ֆլիքր[18]։ 2007 թվականի հունվարին Yahoo ընկերությունը հայտարարեց, որ «հին դպրոցի» այն անդամները, ովքեր միացել են Yahoo-ին մինչև Ludicorp-ի հետ գործարք կնքելը, պետք է կապեն իրենց էջերը Yahoo ID-ով մինչև մարտի 15-ը, որ շարունակեն օգտվել ծառայությունից[19]։ Այս քայլը քննադատվեց շատերի կողմից[20]։

2006 թվականի մայիսին Ֆլիքրը բարելավեց իր ծառայությունները բետա տարբերակից հասցնելով գամա տարբերակի։ Փոփոխությունները Lifehacker-ից շատերի ուշադրությունը գրավեցին[21]։ 2006 թվականի դեկտեմբերին անվճար հաշիվների ներբեռնումների սահմանափակումը բարձրացվեց ամսական մինչև 100 մեգաբայթ (20 մեգաբայթից), իսկ Ֆլիքրի Pro հաշիվներից սահմանափակումը հեռացվեց (նախնական սահմանափակումը յուրաքանչյուր ամսում կազմում էր 2 գեգաբայթ)[22]։ 2008 թվականի ապրիլի 9-ին Ֆլիքրը թույլ տվեց վճարովի բաժանորդագրություններ՝ տեսահոլովակներ ներբեռնելու համար։ Այդ տեսահոլովակները կարող էին ունենալ մինչև 90 վայրկյան տևողություն և մինչև 150 մեգաբայթ ծավալ։ 2009 թվականի մարտի 2-ին Ֆլիքրը հնարավորություն ստեղծեց ներբեռնել և դիտել HD որակով հոլովակներ, իսկ անվճար հաշիվ ունեցող օգտատերերին հնարավորություն տրվեց ներբեռնել սովորական թույլտվությամբ հոլովակներ։ Միաժամանակ, բարձրացվեց անվճար հաշիվների վրա դրված սահմանափակումները[23]։ 2009 թվականին Ֆլիքրը հայտարարեց Getty Images-ի հետ գործընկերության մասին, որտեղ ընտրված օգտատերերը կարող էին ներբեռնել լուսանկարներ ֆոնդային լուսանկարների կիրառման համար և ստանալ վարձատրություն։ 2010 թվականին սա փոխվեց այնպես, որ օգտատերերը կարող էին ինքնուրույն պիտակել նկարները որպես ֆոնդային[24]։2013 թվականի մայիսի 20-ին Ֆլիքրը գործարկեց հիմնական էջի վերափոխման առաջին փուլը, ներկայացնելով «Պարզեցված տեսք» լուսանկարների մոտ դասավորությունը[25], որը բեռնվում էր «անվերջ սքրոլի» միջոցով և ավելացնում էր նոր գործառույթներ՝ ներառյալ անվճար մեկ տերաբայթ բոլոր օգտատերերի համար, սքրոլի հնարավորությամբ գլխավոր էջ (հիմնականում կոնտակտներ, լուսանկարներ և մեկնաբանություններ) և թարմացված Անդրոիդ հավելված[26][27]։ Պարզեցված տեսքը էջադրում է 72-360 լուսանկար յուրաքանչյուր էջում, բայց չի հրապարակում դրանք որոնման արդյունքներում։ Tech Radar-ը նկարագրում է Ֆլիքրի նոր էջը, որպես իր նպատակին ծառայող «ծովային փոփոխության» ներկայացում[28]։ Շատ օգտատերեր քննադատեցին նոր փոփոխությունները և կայքի օգնության ֆորումը ստանում էր բազմաթիվ բացասական արձագանքներ[29]։ 2014 թվականի մարտին Ֆլիքրի նոր տարբերակը լքեց բետա տարբերակը և առաջարկեց ավելի բարելավված և արագացված տարբերակ[30]։

2015 թվականի մայիսի 7-ին Yahoo-ն ստուգեց կայքը և ավելացրեց ֆոտոժապավեն, լուսանկարները ներբեռնելու նոր տարբերակ և բարելավեց կայքի հավելվածները։ Նոր վերբեռնման ծրագիրը հասանելի էր Mac, Վինդոուզ օպերացիոն համակարգերի և բջջային սարքավորումների համար[31]։

Կորպորատիվ փոփոխություններ

2008 թվականի հունիսին Ֆլիքիրի համահիմնադիր Սթյուարթ Բաթերֆիլդը հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին, ինչից հետո՝ 2008 թվականի հունիսի 13-ին, պաշտոնից հեռացավ նաև նրա կինը՝ Կատերինա Ֆեյքը, ով նաև կայքի համահեղինակն է[32]։ Բաթերֆիլդը հրաժարականի հումորային նամակ գրեց Բրեդ Գարլինգհաուսին[33]։

2008 թվականի դեկտեմբերի 14-ին The Guardian-ը զեկուցեց, որ Ֆլիքրի աշխատակիցներից երեքը հեռացվել են, քանի որ Yahoo-ն շարունակում էր կրճատել իր աշխատաշուկան[34] , իսկ 2010 թվականի նոյեմբերի 30-ին CNET-ը հաղորդեց, որ Yahoo-ն մասնատման եզրին է կանգնած, ինչի հետևանքով աշխատակիցների 10-20 %-ը կրճատվեց։ Ֆլիքրը կրճատումների թիրախում էր[35]։

2016 թվականի հուլիսի 25-ին Verizon Communications ընկերությունը հայտարարեց, որ գործարք է կնքել Yahoo-ն և Ֆլիքրը ձեռք բերելու համար։ Գործարքը կավարտվի 2017 թվականին Q1-ում[36][37]։

Նկարագրություն

Հաշիվներ

Ֆլիքրն առաջարկում է հաշիվների երեք տեսակ՝ անվճար, առանց գովազդի և Doublr՝ կրկնակի։ Անվճար հաշիվները պարունակում են մեկ տերաբայթ ծավալ՝ յուրաքանչյուր նկարի համար 200 մեգաբայթ և յուրաքանչյուր հոլովակի համար մեկ գեգաբայթ սահմանափակումով։ Հոլովակների թույլատրելի տևողությունն է մինչև 3 րոպե։ Առանց գովազդի հաշիվները թույլ են տալիս բաժանորդներին մեկ տարի անվճար խուսափել գովազդներից։ Doublr հաշիվները ներառում են անվճար հաշիվների կրկնակի չափով ծավալ[38]։ 2011 թվականի մայիսին Ֆլիքրը նոր գործառույթ ավելացրեց, որի միջոցով հնարավոր է հեշտորեն դասավորել հաշվի պարունակությունը հակառակ հերթականությամբ. դրա պատճառն այն էր, որ Ֆլիքրի օգտատերերը պատահական ջնջում էին իրենց հաշիվները[39]։ Ֆլիքրը կարող էր ջնջել հաշիվներ առանց պատճառն ասելու կամ զգուշացնելու[40]։

Մինչև 2013 թվականը Ֆլիքրն առաջարկում էր երկու տիպի հաշիվ՝ անվճար և պրո։ Անվճար հաշիվները սահմանափակ ծավալ ունեին։ Պրո հաշիվներն ընձեռում էին անսահմանափակ ծավալ և թույլ էին տալիս ներբեռնել անսահմանափակ քանակով լուսանկարներ և հոլովակներ յուրաքանչյուր ամիս։ Այլևս կայքում չեն առաջարկվում պրո հաշիվներ, բայց նախկին պրո հաշիվները շարունակում են ակտիվ մնալ և չեն հեռացվում[41]։

Մուտքի կառավարում

Ֆլիքրն ապահովում է ինչպես փակ, այնպես էլ հանրային պատկերների պահպանման հնարավորություն։ Օգտատերը որևէ պատկեր ներբեռնելիս կարող է վերահսկել պատկերի գաղտնիությունը, որից էլ կախված է, թե ո՞վ կարող է դիտել այն։ Լուսանկարը կարող է պիտակվել կամ հանրային, կամ՝ գաղտնի[42]։ Գաղտնի պատկերները նախնական կարգավորումներով տեսանելի են միայն ներբեռնողին, բայց կարող են պիտակվել այնպես, որ տեսանելի լինեն նաև ընկերներին և/կամ ընտանիքին։ Լուսանկարների գաղտնիության կարգավորումները կարելի է նաև որոշել ներբեռնողի լուսանկարների հոսքից լուսանկարները որևէ խումբ տեղափոխելով։ Եթե խումբը գաղտնի է, միայն խմբի անդամները կարող են տեսնել լուսանկարները։ Եթե խումբը հանրային է, լուսանկարը ևս դառնում է հանրային։ Ֆլիքրը նաև ապահովում է կոնտակտների ցուցակ, որի միջոցով կարելի է կարգավորել լուսանկարների հասանելիությունը որոշակի օգտատերերի համար։ 2006 թվականի նոյեմբերին Ֆլիքրն ստեղծեց «հյուրի մուտք» համակարգը, որը թույլ էր տալիս լուսանկարներով կիսվել Ֆլիքրում չգրանցված անդամների հետ։ Այս կարգավորումը թույլ է տալիս կիսվել նույն կատեգորիայի լուսանկարներով (ընկերներ կամ ընտանիք)[43]։ Շատ անդամներ թույլ են տալիս իրենց լուսանկարները դիտել բոլորին և ձևավորում են տարբեր կատեգորիաների լուսանկարների համատեղ տվյալների բազա։ Նախնական կարգավորումներով այն անդամները, որոնք թույլտվություն ունեն դիտել լուսանկարը, կարող են ավելացնել մեկնաբանություն կամ, շատ դեպքերում, կարող են ավելացնել այն թեգերի ցուցակին, որը կապված է տվյալ լուսանկարի հետ։

Արտոնագրում

Creative Commons-ի լիցենզիայի օգտագործումը Ֆլիքրում 2009 թվականից սկսած[44]

Ֆլիքրն առաջարկում է օգտատերերին թողարկել լուսանկարները կամ որոշակի արտոնագրի ներքո, կամ էլ օգտվել «Բոլոր իրավունքները պաշտպանված են» պիտակից։ Արտոնագրման տարբերակները հիմնականում ներառում են Քրիեյթիվ Քոմոնս 2.0 հատկորոշում և կարճ բովանդակությամբ հսկողության արտոնագրեր, սակայն իրավասության և հատուկ տարբերակով արտոնագրեր չեն կարող ընտրվել։ Թեգերի միջոցով հեշտորեն կարելի է որոնել որոշակի արտոնագրով լուսանկարներ[45]։

Մի շարք թանգարաններ և արխիվներ թողարկում են լուսանկարներ «Չկան հայտնի սահմանափակումներ» արտոնագրի ներքո, որն առաջին անգամ հասանելի դարձավ 2008 թվականի հունվարի 16-ին։ Ըստ Ֆլիքրի՝ արտոնագրման նպատակն է «առաջին հերթին ցույց տալ աշխարհի հանրային լուսանկարչական արխիվների թաքնված գանձերը և երկրորդը՝ ցույց տալ, թե Ձեր ներդնումն ու գիտելիքներն ինչքանով կարող են օգնել այս հավաքածուները դարձնել էլ ավելի հարուստ»։ Մասնակիցների թվում են Դանիայի ազգային թանգարանը, Powerhouse թանգարանը, George Eastman թանգարանը, Կոնգրեսի գրադարանը, Նիդերլանդների ազգային արխիվը, ԱՄՆ-ի ազգային արխիվների և գրառումների վարչությունը, Շոտլանդիայի ազգային գրադարանը, Նոր Հարավային Ուելսի պետական գրադարանը և Սմիթսոնյան ինստիտուտը[46][47]։

2009 թվականի մայիսին Սպիտակ տան պաշտոնական լուսակարիչ Փիթ Սոուզան սկսեց օգտագործել Ֆլիքրը՝ որպես Սպիտակ տան լուսանկարների թողարկման կապուղի։ Լուսանկարները ի սկզբանե տեղադրվում էին Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրի ներքո, որը պահանջվում էր օգտագործման դեպքում բնօրինակ լուսանկարների կրեդիտավորում։ Ֆլիքրը ստեղծեց նոր արտոնագիր՝ «Միացյալ Նահանգների կառավարության աշխատանք», որը չի կրում որևէ սահմանափակում[48]։

2015 թվականի մարտին Ֆլիքրն իր արտոնագրերի ցուցակում ավելացրեց Քրիեյթիվ Քոմոնս հանրային դոմեյնի նշան և Creative Commons Zero (CC0) նշանը[49]։ Հանրային դոմեյնի նշանը նախատեսված է այն պատկերների համար, որոնք այլևս պաշտպանված չեն հեղինակային իրավունքներով։ CC0 օգտագործվում են այն աշխատանքների համար, որոնք դեռ պաշտպանված են հեղինակային իրավունքներով կամ հարակից հեղինակային իրավունքներով, որոնց դեպքում իրավատերերը նախընտրում են հրաժարվել այդ իրավունքներից։

Flickrwashing-ը իրավունքի լվացման այն տեսակն է, որի դեպքում երրորդ կողմը, այլ լիցենզիայով, գրանցում է արվեստաբանի հեղինակային իրավունքով պաշտպանված գործը։

Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրով լուսանկարների վաճառք

2014 թվականի նոյեմբերին Ֆլիքրը հայտարարեց լուսանկարների պատի չափով տպագրությունների վաճառքի մասին, որոնք տրամադրվում էին Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրի կոմերցիոն կիրառման թույլտվությամբ։ Չնայած լուսանկարների օգտագործման այս տարբերակը օրինական է և թույլատրվում է տվյալ արտոնագրերի ներքո, սակայն Ֆլիքրի օգտատերերը քննադատեցին այս քայլը, քանի որ արվեստագետների ստեղծագործությունների վաճառքից ստացվող հասույթը փոխանցվում էր Yahoo! ընկերությանը և շահույթը չէր կիսվում համապատասխան լուսանկարիչների հետ։ Օգտատերերը դժգոհ էին նաև այն պատճառով, որ չկար այնպիսի արտոնագիր, որով նկարները հասանելի չէին լինի ոչ կոմերցիոն կիրառման համար։ Ընդ որում, նման մեկ այլ ծրագիր արտոնագրված լուսանկարների համար լուսանկարիչներին վաճառքից տրամադրում էր 51 % հասույթ։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Բեռնարդո Էռնանդեսը հայտարարեց, որ «հետագայում, մենք սերտորեն կաշխատենք Քրիեյթիվ Քոմոնսի հետ և կվերադառնանք ավելի լավ ծրագրերով, որոնք համապատասխանում են մեր համայնքային արժեքներին»"[50][51][52]:

Արգելափակում

2015 թվականից սկսած Ֆլիքրը արգելափակվեց Ղազախստանում[53]։

2015 թվականի դեկտեմբերի 7-ից սկսած կայքը արգելափակվեց նաև Ռուսաստանի տարածքում[54] այն պատճառով, որ www.flickr.com և sports.yahoo.com-ի արգելափակված կայքերն ունեին ընդհանուր IP հասցե (188.125.93.38, 188.125.93.39):

Այդ կայքերը արգելափակվել էին 2016 թվականի հունվարի 16-ին[54]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Flickr» հոդվածին։