Քլորելա (հուն․՝ χλωρός, «կանաչ» և լատին․՝ ella, անգլ.՝ Chlorella), կանաչուկ, կանաչ միաբջիջ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 20, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Քլորելա սովորական (Ch. vulgaris)։
Բջիջները մանր են, անշարժ, գնդաձև կամ էլիպսաձև, մինչև 17 մկմ՝ պատված հարթ, բարակ թաղանթով։ Պարունակում է մեկ քլորոպլաստ։ Հարուստ է սպիտակուցային միացություններով, որոնք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Բազմանում է սպորներով։
Քլորելան միաբջիջ, փոքրիկ, գնդաձև, առանց մտրակների և բաբախող վակուոլի կանաչ ջրիմուռ է։ Արտաքինից ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազման, կորիզը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գունավորում, այստեղից էլ՝ կանաչուկ անվանումը։
Քլորելան ֆոտոսինթեզի ընթացքում անջատում է մեծ քանակությամբ թթվածին, որը ֆոտոսինթեզի բուռն ընթացքի հետևանք է (օգտագործվում է արևի էներգիայի 10-12 % -ը, մինչդեռ ցամաքային բույսերըէ ընդամենը 2 %-ը)։ Այդ պատճառով, այն օգտագործվում է սուզանավերում և տիեզերանավերում օդի նորմալ բաղադրությանբ պահպանման համար, ինչպես նաև՝ որպես սննդի աղբյուր։
Քլորելան օգտագործում են նաև կեղտաջրերի մաքրման նպատակով։ Ջրիմուռների քանակով ու տեսակային կազմով կարելի է որոշել ջրավազանի աղտոտվածության աստիճանը։
Բազմանում է միայն անսեռ եղանակով և չափազանց արագ։ Նրա բջջի պարունակությունը բաժանվում է 4, 8, 16 մասի, առաջանում են փոքրիկ գնդիկներ՝ սպորներ, որոնք պատռելով մայրական բջջի թաղանթը, սկսում են ինքնուրույն կյանք վարել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։