Ժա Ժա Գաբոր

դերասանուհի

Ժա Ժա Գաբոր (անգլ.` Zsa Zsa Gabor, իրական անունը` Շարի Գաբոր (հունգար.` Gábor Sári), փետրվարի 6, 1917(1917-02-06)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 18, 2016(2016-12-18)[5][1][6][…], Լոս Անջելես, ԱՄՆ[5][4]), հունգարական ծագումով ամերիկյան դերասանուհի, որը ձեռք էր բերել աշխարհիկ տիկնոջ համբավ։

Ժա Ժա Գաբոր
Ծննդյան թիվ՝փետրվարի 6, 1917(1917-02-06)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 18, 2016(2016-12-18)[5][1][6][…] (99 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ[5][4]
Քաղաքացիություն՝ Ավստրո-Հունգարիա
 ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001248

Կենսագրությունը

Ժա Ժա Գաբորը ծնվել է Բուդապեշտում, Վիլմոշ և Ջոլի Գաբորների ընտանիքում։ Նրա քույրերը` Մագդան և Էվան, հետագայում նույնպես դարձել են դերասանուհիներ։ Իր Շարի անունը (Սառա անվան հունգարական տարբերակն է) նա ստացել էր ի պատիվ հունգար դերասանուհի Շարի Ֆեդակի և քանի որ մանուկ հասակում չէր կարողանում այն արտասանել, ուստի մայրը նրան կոչում էր ինչպես ինքը` Ժա Ժա։

1936 թվականին Ժա Ժա Գաբորը հաղթանակ է տարել «Միս Հունգարիա» գեղեցկության մրցույթում, սակայն որակազրկվել է` իր տարիքը խաբելու համար[7]։ Նույն թվականին ուղևորվել է Վիեննա, որտեղ նրան նկատել է երգիչ Ռիխարդ Տաուբերը և հրավիրել երգելու աղախնի դերը իր նոր «Der singende Traum» («Երգող երազանք») օպերետում։ 1941 թվականին, հետևելով իր քրոջը, մեկնել է Հոլիվուդ։

Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1952 թվականին՝ «Մենք ամուսնացած չենք» կինոնկարում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջինջեր Ռոջերսը։ Նույն թվականին թողարկվել է նաև Ջոն Հյուսթոնի «Մուլեն Ռուժ» կինոնկարը, որտեղ Ժա Ժա Գաբորը հանդես է եկել հայտնի պարուհի Ժաննա Ավրիլի դերում։ Հետագա տարիներին նա առավելապես ակտիվ էր հեռուստատեսությունում և ֆիլմերում հանդես էր գալիս կամ էպիզոդիկ դերերով, կամ` ինքն իր դերը կատարելով։ Այդպիսի ֆիլմերից էին «Մղձավանջ Թեղիների փողոցում 3. Երազի մարտիկները» (1987 թ.), «Մերկ ատրճանակ 2½. Վախի բույրը» (1991 թ.), «Ռամիկը Բևեռլի Հիլզում» (1992 թ.), «Բրեդիի ընտանիքը 2» (1996 թ.) և այլն։

Բացի կինոնկարներում, հեռուստահաղորդումներում և բազմաթիվ ժամանցային ներկայացումներում մասնակցելուց, նա դարձել էր աշխարհիկ կյանքի ամենանշանակալից աստղերից մեկը։ Նրա հումորի զգացումը, տարօրինակությունն ու սկանդալային և ցնցող իրադարձությունների կիզակետում հայտնվելու հակումները, թույլ տվեցին պահպանել իր հանրաճանաչությունը` անկախ իր կինոկարիերայում տեղ գտած բարդություններից։

Խնդիրներ օրենքի հետ

1989 թվականին Ժա Ժա Գաբորը Բևեռլի Հիլզում ապտակել էր ոստիկան Փոլ Կրամերին, երբ վերջինս կանգնեցրել էր նրան` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար[8]։ Դատարանում նա իր գործողությունները արդարացնում էր նրանով, թե իբր ոստիկանը չարաշահել էր իր ծառայողական պարտականությունները և իրեն կոպիտ էր պահում։ Արդյունքում Ժա Ժա Գաբորը մեղավոր ճանաչվեց` ոստիկանի վրա հարձակվելու համար և դատապարտվեց 72 ժամ ուղղիչ աշխատանքների, ինչպես նաև 13 հազար դոլարի չափով տուգանքի։ Հետագայում նա հումորով էր վերաբերվում այդ միջադեպին։

Առողջական խնդիրներ

2002 թվականին Ժա Ժա Գաբորը ավտովթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում։ Վթարի պահին նա ապահովագրված էր և արդյունքում ստացել է երկու միլիոն դոլար ապահովագրական գումար։ 2005 թվականին կաթված է տարել, որը մեծ վտանգ էր ներկայացնում նրա կյանքի համար։ Վիրահատվելուց հետո դուրս է գրվել և 2007 թվականին կրկին բուժման կուրս անցել։

2010 թվականին, մահճակալից անհաջող կերպով վայր ընկնելու պատճառով կրկին հայտնվել է հիվանդանոցում, քանի որ ստացել էր կոնքազդրային հոդի կոտրվածքներ[9]։ Նույն թվականի օգոստոսին, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և նրա հնարավոր մահվան հանգամանքը հաշվի առնելով, ստիպված քահանա էին հրավիրել հիվանդասենյակ` հատուկ ծիսակարգ կատարելու համար[10]։ Օգոստոսի վերջերին Ժա Ժա Գաբորը հրաժարվեց հետագա բուժումներից և մեկնեց տուն, որոշելով իր կյանքի վերջին օրերն անցկացնել հարազատների հետ[11]։ Նոյեմբերին ոտքի թրոմբի պատճառով, կրկին հայտնվել է հիվանդանոցում[12]։ Հետազոտելով, 93-ամյա դերասանուհու մոտ հայտնաբերել են գանգրենա և որոշում են կայացրել ծնկից ներքև անդամահատել ստորին վերջույթը[13]։

2011 թվականի մարտին, Ժա Ժա Գաբորը հրաժարվել է երկրորդ ոտքի անդամահատումից, որից հետո բժիշկները նրա ապրելու հնարավորությունը` գոնե մեկ տարի, գնահատել են 50%։ Մարտի 23-ին, իմանալով իր հին ընկերուհու` Էլիզաբեթ Թեյլորի մահվան մասին, Գաբորը կրկին հոսպիտալացվել է[14]։ 2011 թվականի մայիսին դերասանուհին նորից հոսպիտալացվել է, այս անգամ թոքաբորբի ծանր բարդացումների պատճառով և մեկ շաբաթ անց է կացրել կոմայի մեջ[15][16][17]։

Անձնական կյանքը

Ժա Ժա Գաբորն ամուսնացած է եղել 9 անգամ։ Յոթ անգամ ամուսնալուծվել է, իսկ ամուսնություններից մեկը չեղյալ է հայտարարվել։

  • Թուրք դիվանագետ Բուրհան Ասաֆ Բելգե (1937-1941 թթ.)
  • Գործարար Կոնրադ Հիլթոն (1942-1947 թթ.)
  • Դերասան Ջորջ Սանդերս (1949-1954 թթ.)
  • Փաստաբան Հերբերտ Հատներ (1962-1966 թթ.)
  • Ջոշուա Ս. Կոսդեն-կրտսեր (1966-1967 թթ.)
  • Դիզայներ Ջեք Ռայան (1975-1976 թթ.)
  • Դերասան Մայքլ Օ'Հարա (1976-1982 թթ.)
  • Մեքսիկացի դերասան Ֆիլիպե դե Ալբա (1983 թ. ամուսնությունը չեղյալ է հայտարարվել)
  • Գերմանացի գործարար Ֆրեդերիկ ֆոն Անհալտ (1986 թ-ից մինչ կյանքի վերջը)

Ժա Ժա Գաբորը իր քույրերից միակն էր, որ երեխա է ունեցել։ Համաձայն նրանց «One Lifetime Is Not Enough» կենսագրական գրքի, նրա հղիությունը Կոնրադ Հիլթոնի կողմից բռնաբարության արդյունք էր։ Նրա դուստրը` Ֆրանչեսկա Հիլթոնը, ծնվել էր 1947 թվականին, իր ծնողների ամուսնալուծությունից հետո։ 2005 թվականին Ժա Ժա Գաբորի անունից Կալիֆոռնիայի դատարան հայց էր ներկայացվել ընդդեմ Ֆրանչեսկայի, որում վերջինս մեղադրվում էր գողության և խարդախության մեջ[18]։ Հայցը նախաձեռնել էր Գաբորի ամուսինը` Ֆրեդերիկ ֆոն Անհալտը, որը սակայն մերժվել էր` Գաբորի դատարան չներկայանալու պատճառով։

Ֆրանչեսկան մահացել է 2015 թվականին՝ կաթվածից, 67 տարեկանում։ Ժա Ժա Գաբորը այդպես էլ մինչ իր մահը, չիմացավ դստեր մահվան մասին։ Նրա ամուսինը թաքցրել էր դստեր մահվան փաստը նրանից, վախենալով Ժա Ժա Գաբորի հոգեկան և ֆիզիկական վիճակից։

Ժա Ժա Գաբորը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, 99 տարեկանում, Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում[19]։ Նրա աճյունը թաղվել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Վեսթվուդյան գերեզմանոցում[20]։

Հայտնի արտահայտությունները

Ժա Ժա Գաբորը հայտնի էր իր սրամիտ արտահայտություններով[21]։ Իր նախկին ամուսինների մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ.

  • Ես նրանց վրա երբեք չեմ զայրացել այն աստիճան, որ վերադարձնեմ ադամանդները։

Իսկ ամուսնալուծությունների մասին ասել է.

  • Ես հիանալի տանտիրուհի եմ։ Յուրաքանչյուր բաժանումից հետո` տանտիրուհին մնացել եմ ես։

Նրա հայտնի արտահայտություններից են նաև.

  • Տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք` ականջներով։
  • Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, քանի որ մշտապես ամուսնացած եմ եղել։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1952Մենք ամուսնացած չենքWe're Not Married!Իվ Մելռոուզ
1952Դա գեղեցիկ տեսք ունիLovely to Look atԺա Ժա
1952Մուլեն ՌուժMoulin RougeՋեյն Ավրիլ
1953Սիրո երեք պատմություններThe Story of Three Lovesպչրուհի
1953ԼիլիLiliՌոզալիա
1953-1965Տեղ ազատեք հայրիկի համարMake Room for DaddyԼիզա
1953Հասարակության թիվ 1 թշնամինL'ennemi public n° 1Լոլա լա Բլոնդե
1954Կրկես` երեք արենայով3 Ring CircusՍադիա
1955-1958Առավոտյան թատրոնMatinee TheatreԷուժենիա
1956Սրիկայի մահըDeath of a Scoundrelմիսիս Ռայան
1957Աղջիկը ԿրեմլումThe Girl in the KremlinԼիլի Գրիշենկո, Գրետա Գրիշենկո
1958Մարդը, ով չէր կարող խոսելThe Man Who Wouldn't TalkԵվա Տրենտ
1958Չարի կնիքըTouch of Evilսթրիփ ակումբի սեփականատեր
1958Տիեզերքի թագուհինQueen of Outer SpaceՏալիա
1959Մեծ սիրո սերենադըFor the First TimeԳլորիա Դե Վադնուց
1960ՆինոչկաNinotchka-
1960Մեքսիկացին ՀոլիվուդումPepeԺա Ժա Գաբոր
1962Ճանապարհ դեպի ՀոնկոնգThe Road to Hong Kongկամեո
1962Տղաները ուղևորվում են զբոսնելուBoys' Night Out-
1964-1967Գիլլիգանի կղզինGilligan's IslandԷրիկա Տիֆանի-Սմիթ
1966-1968ԲեթմենBatmanՄիներվա
1966Մեռած մոր նկարըPicture Mommy DeadՋեսիկա Ֆլագմոր Շելլի
1966Որ դու սատկես, թանկագինսDrop Dead DarlingԺիժի
1967Ադամանդե ՋեկըJack of DiamondsԺա Ժա Գաբոր
1976Վոն Տոն Տոն - շունը, որ փրկեց ՀոլիվուդըWon Ton Ton։ The Dog Who Saved Hollywood-
1977-1987Սիրո մակույկըThe Love BoatԱննետ
1978Յուրաքանչյուր աղջիկ ունի իր հնարավորությունըEvery Girl Should Have OneՕլիվիա Ուայն
1979ՍուպերգնացքSupertrainՕդրի
1984Տիլլին, մեծն Ֆրանկենշտեյնի մորաքույրըFrankenstein's Great Aunt TillieԿլարա
1987Մղձավանջ Թեղիների փողոցում 3. Երազի մարտիկներըA Nightmare on Elm Street 3։ Dream WarriorsԺա Ժա Գաբոր
1987Յոհան Շտրաուս. Չթագադրված արքաJohann Strauss - Der König ohne Krone-
1988Ծննդյան տոների հատուկ թողարկումChristmas at Pee Wee's Playhouseարքայադուստր Ժա Ժա
1990-1996Արքայազնը Բևեռլի ՀիլզիցThe Fresh Prince of Bel-AirՍոնյա Լամոր
1991Մերկ ատրճանակ 2½. Վախի բույրըThe Naked Gun 2½։ The Smell Of FearԺա Ժա Գաբոր
1992Մերկ ճշմարտությունThe Naked Truthուղեկցորդուհի
1993Ռամիկը Բևեռլի ՀիլզումThe Beverly HillbilliesԺա Ժա Գաբոր
1996Բրեդիի ընտանիքըA Very Brady SequelԺա Ժա Գաբոր

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժա Ժա Գաբոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժա Ժա Գաբոր» հոդվածին։