Սարգոն Հին, Սարգոն Աքքադացի (աքքադերեն՝ 𒊬𒊒𒄀, Շարրում-քեն, Շարրուքին, մ.թ.ա. 24-րդ դար[1], Ազուպիրանու, Իրաք - մ.թ.ա. 23-րդ դար[1], Աքքադ), Աքքադ պետության հիմնադիր։ Սեմական ծագումով, Քիշ քաղաքից, ըստ ավանդության սերել է ժողովրդական ցածր խավերից։ Շումերի թագավոր Լուգալզագգիսիի կողմից Քիշի ավերումից հետո, Աքքադը դարձրել է թագավորության կենտրոն։ Հաղթել է Լուգալզագգիսիին և նվաճել Միջագետքի բոլոր քաղաք-պետությունները, հասել մինչև Էլամ, Ասորիք և Փոքր Ասիա։
Սարգոնի օրոք տաճարային տնտեսությունները ձուլվել են արքայականի հետ։ Սարգոնի պետությունը կենտրոնացված բռնապետություն ստեղծելու առաջին փորձն էր, որտեղ ոչ տոհմիկ արքայական բյուրոկրատիան կառավարման մարմիններից դուրս է մղել տոհմիկ ազնվականությանը, իսկ քաղաք-պետությունների ինքնավարական մարմինները (խորհուրդ, ժողովրդական ժողով) դարձել են վարչական ստորին օղակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։