Սուեզի ջրանցքի խցանում 2021

Սուեզի ջրանցքի խցանում, առաջացել է 2021 թվականի մարտի 23-ին, երբ «Ոսկե դասի» բեռնարկղային «Էվըր Գիվեն» (անգլ.՝ Ever Given) նավը Եգիպտոսի Սուեզի ջրանցքում ծանծաղուտի մեջ է խրվել[1]։ 400 մետր երկարությամբ նավը ըստ նախնական վարկածի ենթարկվել է մինչև 74 կիլոմետր ժամում (40 հանգույց) ավազի փոթորկի և ուժեղ քամու ազդեցությանը, դուրս է եկել երթուղուց[2]։ Իշխանությունները պնդել են, որ վթարի հիմնական պատճառը դա չի եղել, և որ «հնարավոր է եղել են տեխնիկական կամ մարդկային սխալներ»[3]։ Նավը բախվել է ջրանցքի ափերին, ծանծաղուտն է խրվել, ամբողջությամբ փակել է ջրանցքը, անհնարին դարձնելով երթևեկությունը[4]։ Նավը ծանծաղուտից լիովին հանվել է մարտի 29-ի տեղական ժամանակով 15:05-ին[5]։

Սուեզի ջրանցքի խցանում 2021
Վթարված նավի դիրքը ջրանցքում։ Նկարված է տիեզերքից։
ԹվականՄարտի 23, 2021 (2021-03-23)
Ժամանակ3 տարի, 4 շաբաթ, 1 օր և 2 ժամ
ՎայրԵգիպտոս Եգիպտոս, Սուեզի ջրանցք
Կոորդինատներ30°01′03″ հս․. լ. 32°34′48″ ավ. ե.HGЯO
Պատճառտեխնիկական
Մասնակիցներ«Էվըր Գիվեն»
ՀետևանքՍուեզի ջրանցքի խցանում

Վթար

2021 թվականի մարտի 24-ի գիշերը «Էվըր Գիվեն» բեռնարկղային նավը շարժվել է Սուեզի ջրանցքով։ Կառավարման սարքավորումների խափանման պատճառով նավը պտտվել է, որի արդյունքում նավացռուկն ու նավախելը խորը խրվել են ծանծաղուտը։ Վթարի արդյունքում ջրանցքի շարժումը դադարել է։ Նավում կար 20 հազար բեռնարկղ, դա աշխարհի ամենամեծ բեռնարկղային նավերից մեկն է[6]։

Վթարի վերացման աշխատանքներ

Նավը բուքսիրային նավերի օգնությամբ ծամծաղուտից դուրս բերելու նախնական փորձերն անհաջողության են մատնվել[7]։

Վթարի վերացման աշխատանքներում ներգրավված են եղել չորս էքսկավատոր. դրանք խորացրել են ջրանցքի հատակը նավացռուկի աղեղի հատվածում։ Հեռացրել են 27 հազար խորանարդ մետր ավազ և խորացել 15-16 մետր։ Բացի այդ, ինը բուքսիրային նավեր անընդհատ փորձել են վթարված նավը քաշելով հանել ծանծաղուտից։ Մարտի 27-ին նրանց համատեղ ջանքերով հաջողվել է նավի ցռուկը որոշ չափով տեղից շարժել[8]։

Ծովային ծառայությունների Inchcape Shipping Services ընկերությունը մարտի 29-ին հայտնել է, որ վաղ առավոտյան ժամը 04:30-ին նավը մասնակի հանվել է ծանծաղուտից[9], իսկ վերջնականապես նավը հանվել է ծանծաղուտից կեսօրին, տեղական ժամանակով ժամը 15:05-ին (UTC 13:05)[5] և շարժվել է դեպի Մեծ Դառը լիճ՝ տեխնիկական զննում կատարելու համար[10][11][12]։ Ջրանցքը ստուգվել է վերագործարկելուց առաջ[5]։ Սուեզի ջրանցքի կառավարման մարմինը տեղեկացրել է բեռնափոխադրման գործակալություններին, որ ջրանցքով շարժը կարող է վերսկսվել տեղական ժամանակով 19:00-ից (UTC 17:00)[13]:

Հետևանքներ

«Էվըր Գիվեն» նավը 2020 թվականի մարտին

Մարտի 27-ին, վթարից չորս օր անց, ավելի քան 300 նավ հերթի էին կանգնած ջրանցքով անցնելու համար և սպասում էին իրավիճակի հանգուցալուծմանը[3][14]։ 2021 թվականի մարտի 23-29-ը նավը մնացել է ջրանցքում[15]։ Խցանումն առաջացել է Սուեզի ջրանցքի հարավում, որտեղ ճյուղավորում չկա և մյուս նավեր չեն կարողացել շրջանցել այն[16]։

Ջրանցքի խցանումը համաշխարհային առևտրին ժամում 400 մլն[17] կամ օրական 9,6 մլրդ[18] դոլարի վնաս է հասցրել։

Դեպքից մեկ օր անց Սուեզի ջրանցքով արաբական նավթով բեռնատարների տեղաշարժի դադարը հանգեցրել է նավթի գների բարձրացմանը ավելի քան 5%-ով[6]։

Եթե մի քանի օրում Սուեզի ջրանցքը չբացվեր, Ասիայից նավերը ստիպված կլինեին անցնել Արևմտյան Աֆրիկան շրջանցող կամ Հյուսիսային ծովային երթուղով շրջանցել Ռուսաստանը[19][20]։ Դա կհետաձգեր ապրանքների առաքումը, կավելացներ տրանսպորտային ծախսերը և կհանգեցներ բեռնարկղերի և բեռնարկղային նավերի պակասի։

Ջրանցքի խցանման այլ դեպքեր

Սուեզի ջրանցքը նախկինում էլ է խցանվել[21]՝ բեռնարկղային նավերի վթարի պատճառով 1990 սեպտեմբերի 29-ին խցանվել է մեկ, իսկ 2004 թվականի նոյեմբերի 7-ին՝ երկու օրով։ Մի քանի դեպքի պատճառով էլ ջրանցքը փակվել է մի քանի ժամով[22]։

Սուեզի ջրանցքը փակվել է նաև Վեցօրյա պատերազմի ժամանակ և վերաբացվել է միայն ութ տարի անց[23]։

Ծանոթագրություններ