VIII դարի երկրորդ կեսին Օմայանների իշխանությունը զգալիորեն թուլացել էր նվաճված ժողովուրդների ըմբոստության և ներքին երկպառակությունների պատճառով։ Հենվելով պարսիկ ֆեոդալական վերնախավի և շիա աղանդի հետևորդների վրա՝ Աբբասյանները 750-ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում իսլամի գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Իսլամում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մուսուլմանական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմական ասպարեզներում։ Մայրաքաղաքը Դամասկոսից փոխադրվեց 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Խալիֆաները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Աբբասյանների խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմնական ճյուղերն էին հողագործությունը և անասնապահությունը։ Գյուղացիները հողահարկ՝ «խարաջ» էին վճարում, ոչ մուսուլմանները՝ նաև գլխահարկ՝ «ջիզիե»։ Արհեստներն ու առևտուրը նպաստեցին քաղաքների զարգացմանը (Բաղդադ, Բասրա, Դամասկոս, Կահիրե, Բուխարա)։ Զարգացավ արաբական մշակույթը։ Մամուն խալիֆայի օրոք (813 - 833) հին պարսկերենից, հունարենից և ասորերենիցարաբերեն թարգմանվեցին բազմաթիվ աշխատություններ, ստեղծվեցին գրադարաններ, զարգացավ մաթեմատիկան, աստղաբաշխությունը, ճարտարապետությունը ևն։
Սակայն շուտով կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833 - 842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով արաբականցեղային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք ստրուկներով։ Երկրով մեկ ծավալվեց աղանդավորական շարժումը։ Աշխատավորների հակաֆեոդալական պայքարը և ժողովուրդների ազատագրական շարժումը խարխլեցին խալիֆայության հիմքերը, իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքին։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին։ Դեռևս խալիֆայության կազմավորման սկզբում նրանից անջատվեց Օմայանների մի ճյուղը (756 - 1031)՝ հիմնելով ԻսպանիայումԿորդովայի խալիֆայությունը։ Այնուհետև անջատվեցին Իդրիսյանները (788 - 985)՝ Մարոկկոյում, Աղլաբյանները (800 - 909)՝ Ալժիրում ու Թունիսում և Թահիրյանները (821 - 873)՝ Խորասանում։ Մեծ դժվարությամբ ճնշվեց սևամորթ ստրուկների (զինջերի) 869 - 883-ի ապստամբությունը։ Եգիպտոսում անկախության հասան Թուլունյանները (868 - 905), Իրանում՝ Սաֆարյանները (867 - 908) և Սամանյանները (875 - 999), Արաբիայում՝ Կարմաթները։ իշխանություններ։
945-ին, երբ բուվայհիները (բուիներ) գրավեցին Բաղդադը, Աբբասյանները փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մուսուլմանների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ Մոնղոլների ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին Կահիրե։ 1517-ին օսմանյան սուլթան Սելիմ I գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մուսուլմանների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց Կ. Պոլիս։
Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912
Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917
Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887
Ֆասմեր Ռ., Ժամանակագրություն արաբական ոստիկաններու, «ՀԱ», 1928, 29, 32 թթ.
Беляев Е. А., Арабы, ислам и арабский халифат, М 1965
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։