Ամառային օլիմպիական խաղեր 1896

Ամառային օլիմպիական խաղեր 1896 (անգլ.՝ 1896 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1896, հուն․՝ Θερινοί Ολυμπιακοί Αγώνες 1896), պաշտոնական անվանումը՝ Առաջին Օլիմպիադայի Խաղեր[1], անցկացման ժամանակ կոչվել են Առաջին Միջազգային Օլիմպիական խաղեր[2]), առաջին ամառային Օլիմպիական խաղերը, որն անցկացվել է ապրիլի 6-15Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Մրցումներում մասնակցել են 14 երկրներից 241 մարզիկ, ընդ որում կանանց թույլ չէր տրվում մասնակցել Օլիմպիական խաղերին[1]։ Խաղարկվում էր ընդամենը 43 մեդալ՝ 9 մարզաձևերում[1]։

1896-ի օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Այս խաղերը շատ էին տարբերվում արդիականներից․ չկային շատ ավանդույթներ, ինչպիսիք են Օլիմպիական կրակը և ոսկե մեդալների շնորհումը[1]։ Կազմակերպիչները չէին հետևում մարզիկների ազգությանը, այդ պատճառով շատ տեղեկություններ կարող են խիստ տարբերվել։

Խաղերի պատմություն

Պիեր դը Կուբերտեն

1894 թվականի հունիսի 23-ին Սորբոնում (Փարիզ) անցկացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջին կոնգրեսը, որը գումարել է բարոն Պիեր դը Կուբերտենը, որպեսզի հայտարարի իր՝ Օլիմպիական խաղերի վերածննդի նախագծի մասին։ Նմատատիպ միջոցառումների անցկացման գաղափարը նոր չէր։ 19-րդ դարի ընթացքում տարբեր եվրոպական երկրներում անցկացվել են մի քանի տեղական սպորտային միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Անտիկ օլիմպիական խաղերի օրինակով։ Սակայն Կուբերտենը առաջինն էր, ով առաջարկել է այդ խաղերը դարձնել ավանդական, միջազգայնացված և, որպեսզի իր մեջ համախմբեն տարբեր սպորտաձևերի մրցումներ։

Կուբերտենը պատրաստվում էր Օլիմպիական խաղեր անցկացնել Փարիզում 1900 թվականին՝ ցանկանալով, որպեսզի այդ խԽաղերը համընկնեն Համաշխարհային ցուցահանդեսի հետ, որը պլանավորված էր այդ ժամանակի վրա։ Սակայն Օլիմպիական խաղերի վերածննդի մասին լուրը արդեն տարածվել էր մամուլում և ակտիվ քննարկվում էր հասարակության մեջ։ Կազմակերպիչները որոշել էին, որ Խաղերի վեցամյա սպասումները կարող են նվազեցնել հետաքրքրությունը նրանց նկատմամբ և պատվիրակները որոշեցին 1-ին Խաղերը անցկացնել 1896 թվականին։ Որպես Խաղերի անցկացման նոր վայր որոշ ժամանակ դիտարկվում էր Լոնդոնը[3]։ Սակայն Կուբերտենի ընկերը՝ հույն պոետ, գրականագետ և թարգմանիչ Դեմետրիուս Վիկելասը, ով հրավիրվել էր կոնգրեսին Անտիկ օլիմպիական խաղերի ավանդույթների մասին զեկույցով, անսպասելիորեն առաջարկեց Խաղերի անցկացման վայր ընտրել Աթենքը, ինչը կխորհրդանշեր Հին Հունաստանի խաղերի շարունակությունը[4]։ Կոնգրեսը հաստատել է այդ առաջարկը, իսկ Վիկելասին նշանակել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, քանի որ ըստ կանոնադրության այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել միայն Խաղերը ընդունող երկրի ներկայացուցիչը։

ՄՕԿ անդամներ (ձախից աջ)՝ 1. Դոկտոր Վիլիբիլդ Գեբհարդտ (Գերմանիա) 2. Բարոն Պիեր դը Կուբերտեն (Ֆրանսիա) 3. Խորհրդական Իրժի Գուտ-Յարկովսկի (Չեխիա) 4. Դեմետրիուս Վիկելաս (Հունաստան) 5. Ֆերենց Կեմենի (Հունգարիա) 6. Գեներալ Ա. Բուտովսկի (Ռուսաստան) 7. Գեներալ Վիկտոր Բալկ (Շվեդիա) (1896 թվական, ապրիլի 10, Աթենք)

Խաղերի կազմակերպում

Օլիմպիական խաղերի վերածննդի մասին նորությունը ոգևորել էր համաշխարհային հանրությանը։ Հունաստանում առանձնահատուկ ոգևորությամբ սպասում էին մրցումների սկզբին։ Սակայն, շուտով ի հայտ են եկել լուրջ դժվարություններ, որոնք պետք է հաղթահարեին Խաղերի կազմակերպիչները։ Այդպիսի բարձր մակարդակի մրցումների կազմակերպումը պահանջում էր մեծ ֆինանսական ծախսեր, իսկ երկրում այդ պահին տիրում էր տնտեսական և քաղաքական ճգնաժամ։

Գործող վարչապետ Խարիլաոս Տրիկուպիսը բացասաբար էր տրամադրված Կուբերտենի գաղափարի նկատմամբ։ Նա կարծում էր, որ այդպիսի հսկայական միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ծախսերը պետությանը անհասանելի են, իսկ Խաղերի անցկացումը՝ անժամանակ։ Ընդդիմության առաջնորդ Դելիանիսը օգտվեց դրանից, որպեսզի նախատի վարչապետին ազգասիրության բացակության, քաղաքական և սոցիալական հոռետեսության մեջ։ Մամուլը նույնպես բաժանվեց երկու խմբի՝ Խաղերի անցկացման դեմ և կողմ։ Կուբերնետը ստիպված էր բազմաթիվ հանդիպումներ անցկացնել քաղաքական գործիչների, պաշտոնյաների, գործարարների, լրագրողների հետ, որպեսզի իրենց իր կողմը թեքի։

Արքայազն Կոնստանտին (1896)

Իր նախագծի կարևորությունը, արդիականությունը և ազգային հեղինակությունը, ինչպես նաև մարմնավորման իրականությունը ցուցադրելու նպատակով Կուբերտենը նամակ էր ուղղել Կեմենի ՄՕԿ հունգարական ներկայացուցչից, որի մեջ ասվում էր, որ Աթենքի հրաժարվելու դեպքում Հունգարիան պատրաստակամ է ընդունել առաջին Օլիմպիական Խաղերը իր պետականության հազարամյակի տոնակատարության շրջանակներում։ Այդ ժամանակ թագավոր Գեորգիոս I-ը գտնվում էր Պետերբուրգում, սակայն Կուբերնետին հաջողվեց ունկնդրություն ստանալ նրա իրավահաջորդից՝ արքայազն Կոնստանտինոսից, և նրան համոզել Խաղերի անցկացման նպատակահարմարության մեջ։ Վերադառնալուն պես Գեորգ թագավորը աջակցեց իր որդուն։

1894 թվականի վերջին թերահավատների կանխատեսումները արդարացվեցին՝ կազմակերպչական կոմիտեն հայտարարեց, որ Խաղերի ծախսերը իրականում եռակի անգամ ավելի մեծ են, քան հաշվարկված գումարը, որը հայտարարվել էր սպորտային շինությունների կառուցումից առաջ։ Կարծիք է հնչել այն մասին, որ Աթենքում հնարավոր չէ անցկացնել Օլիմպիական խաղերը։ Տրիկուպիսը վերջնագիր է ներկայացրել թագավորին՝ կա՛մ նա, կա՛մ արքայազնը։ Թագավորը անդրդվելի էր, և 1895 թվականի հունվարի 24-ին վարչապետը հրաժարական տվեց։

Թվում էր, թե Օլիմպիական խաղերին վիճակված չէր իրականանալ։ Այդ ժամանակ արքայազն Կոնստանտինոսը կանգնեց կազմակերպչական կոմիտեի ղեկին, ինչը արդեն մեծ ներդրումների հոսք առաջացրեց։ Արքայազնը վերակազմավորել է կոմիտեն՝ այնտեղից վերացնելով ամբողջ ընդդիմությունը, անց է կացրել անձնական կապիտալի ներգրավման մի շարք միջոցառումներ և դրանով փրկել դրությունը։ Հատկանշական է, որ չնայած միջոցների սուր պակասին, կոմիտեն հանգանակություններն ընդունում էր միայն Հունաստանի քաղաքացիներից՝ դրանով պահպանելով Օլիմպիական Խաղերի կարգավիճակը, որպես ազգային գաղափար։ Որոշ ժամանակ անց Խաղերի անցկացման հիմնադրամում արդեն առկա էր 332 756 դրախմա, սակայն այդքանն էլ բավարար չէր։

Միջոցների ավելացման համար ստեղծվել է օլիմպիական թեմայով դրոշմանիշների մի շարք։ Այն կոմիտեի բյուջեին տվեց 400 000 դրախմա[5]։

Հունաստանի փոստային նամականիշները, որոնք նվիրված էին արդիականության 1896 թվականի առաջին ամառային Օլիմպիական խաղերին

Բացի այդ, 200 000 դրախմա հիմնադրամ է ավելացվել տոմսերի վաճառքից[5]։

Գործարար և բարերար Գեորգիոս Ավերոֆֆը, թագավորական ընտանիքի խնդրանքով իր միջոցներով վերանորոգել է հնադարյան Մարմարե մարզադաշտը՝ նվիրաբերելով մոտ 1 000 000 դրախմա[5]։ Դրանից հետո այլևս ոչինչ չէր կարող խանգարել Օլիմպիական խաղերի անցկացմանը։ Ի պատիվ Գեորգիոս Ավերոֆֆին և նրա հսկայական ներդրումների հիշատակին՝ Խաղերի բացման արարողությունից առաջ Մարմարե մարզադաշտի առջև արձան է կանգնեցվել, որը կանգնած է այնտեղ մինչ օրս։ Այդ բոլոր լրացուցիչ ներդրումները առաջին Խաղերին օգնեցին կայանալ[5]։

Խաղերի կազմակերպումը խիստ տարբերվում էր ժամանակակից խաղերից։ Չկար Օլիմպիական գյուղ, հրավիրված մարզիկները իրենք էին հոգում իրենց բնակության խնդիրները։ Որոշ օտարերկրյա մարզիկներ մասնակցում էին Խաղերին միայն այն դեպքում, եթե այդ պահին այլ հանգամանքներից ելնելով գտնվում էին Աթենքում։

Խաղերի բացման հանդիսավոր արարողություն

Խաղերի բացման արարողություն

Բացման արարողությունը տեղի է ունեցել 1896 թվականի ապրիլի 6-ին։ Այդ ամսաթիվը պատահականորեն չէր ընտրվել․ այդ օրը զատկի երկուշաբթին համընկել էր միանգամից երեք քրիստոնեական ուղղություններում՝ կաթոլիկության, ուղղափառության և բողոքականության մեջ։ Բացի այդ, այդ օրը Հունաստանում նշվում է Անկախության օրը[2]։

Խաղերի հանդիսավոր բացման ժամանակ ներկա է գտնվել 80 000 հանդիսատես, այդ թվում նաև ամբողջ թագավորական ընտանիքը՝ թագավոր Գեորգիս I-ը, նրա կինը՝ Օլգան և նրանց երեխաները։ Կազմակերպչական կոմիտեի ղեկավար, արքայազն Կոնստանտինոսի ելույթից հետո Գեորգիս I-ը հայտարարեց.[2]

Առաջին միջազգային Օլիմպիական խաղերը Աթենքում հայտարարում են բացված։ Կեցցե՛ Հունաստանը։ Կեցցե՛ նրա ժողովուրդը։

Այնուհետև 150 հոգուց բաղկացած երգչախումբը կատարել է Օլիմպիական օրհներգը, որը գրվել է Սպիրոս Սամարասի կողմից Կոստիս Պալամասի խոսքերի հիման վրա։

Խաղերի այդ առաջին բացման արարողությունը ստեղծել է երկու օլիմպիական ավանդույթ՝ Խաղերի բացումը այն երկրի ղեկավարի կողմից, որտեղ անց են կացվում մրցումները և Օլիմպիական հիմնի կատարումը։ Սակայն ժամանակակից Խաղերի այնպիսի պարտադիր ատրիբուտներ, ինչպիսիք են մասնակից-երկրների շքերթը, Օլիմպիական կրակի վառումը և Օլիմպիական երդման արտասանումը, չկային, դրանք կիրառության մեջ են մտել ավելի ուշ։

Խաղերի օրացույց

 ● Բացման արարողություն ● Մրցումների որակավորումը ● Մրցումների ավարտը ● Փակման արարողություն
Ապրիլ6789101112131415Մեդալներ
Արարողություններ
Ըմբշամարտ111
Հեծանվասպորտ13116
Թեթև աթլետիկա551516
Լող44
Սպորտային մարմնամարզություն628
Հրաձգություն111316
Թենիս1122
Ծանրամարտ22
Սուսերամարտ213
Մեդալներ59198132148
Ապրիլ6789101112131415

Մասնակից երկրներ

Մասնակից երկրները

Միջազգային օլիմպիական կոմիտեի հաշվարկներով Խաղերում մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ[1], սակայն այլ աղբյուրների տվյալներով, մրցումներում մասնակցել են 12[6]-15[7] երկրների ներկայացուցիչներ։ Որոշ գաղութների և պրոտեկտորատների ներկայացուցիչներ հանդես էին գալիս ոչ թե մայր երկրի անունից, այլ ինքնուրույն։ Որոշ երկրների ներկայացուցիչների հստակ թիվը նույնպես հայտնի չէ, քանի որ որոշ մարզիկների մասին տեղեկություններ չկան, արդյոք նրանք մասնակցել են Խաղերին, թե միայն մասնակցելու հայտ են ներկայացրել։ Բացի այդ, թենիսի մրցումներում մասնակցել են միջազգային զույգեր, որոնց արդյունքները ՄՕԿ-ը հաշվում էր առանձին՝ «խառը թիմ» պայմանական անվան տակ։

  •  Ավստրալիա - չնայած նրան, որ Ավստրալիան մտնում էր Բրիտանական կայսրության մեջ, այդ երկրի միակ ներկայացուցիչ Թեդի Ֆլեկի արդյունքները առանձին էին հաշվել։
  • Ավստրիա - Խաղերի անցկացման պահին Ավստրիան մտնում էր Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ, սակայն մրցումներին ավստրիական մարզիկները հանդես էին գալիս հունգարական մարզիկներից առանձին։
  •  Բուլղարիա - մարմնամարզիկ Շարլ Շամպոն Շվեյցարիայի քաղաքացի էր, սակայն Խաղերի անցկացման պահին բնակվում էր Բուլղարիայում և նրա արդյունքները հաշվում էին հօգուտ այդ երկրի հավաքականի։
  •  Միացյալ Թագավորություն - երկրի կազմի մեջ հանդես էին գալիս նաև Իռլանդիայի մարզիկներ, քանի որ այն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորություն էր։
  • Հունգարիա - Խաղերի անցկացման պահին Հունգարիան մտնում էր Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ, սակայն մրցումների ժամանակ հունգարական մարզիկները հանդես էին գալիս ավստրիական մարզիկներից առանձին։
  • Գերմանիա
  •  Հունաստան - որոշ մարզիկներ՝ բնակվելով այլ երկրներում, հանդես էին գալիս Հունաստանի կողմից։
  •  Դանիա
  • Իտալիա
  •  ԱՄՆ
  •  Ֆրանսիա
  •  Չիլի - Չիլիի Ազգային Օլիմպիական Կոմիտեի տվյալներով, մրցումներում այդ երկիրը ներկայացրել է 1 մարզիկ՝ Լուիս Սուբերկասիուկսը, սակայն նրա մասին այլ հիշատակումներ չկան։ Այնուամենայնիվ, Չիլին մտնում է Խաղերի մասնակից երկրների կազմի մեջ։
  •  Շվեյցարիա
  • Շվեդիա

Ռուսաստանը պատրաստվում էր իր մարզիկներին ուղարկել Խաղերին մասնակցելու համար։ Միջազգային օլիմպիական կոմիտեում Ռուսաստանը ներկայացնում էր գեներալ Ալեքսեյ Բուտովսկին, Խաղերին պատրաստությունը անց էր կացվում Ռուսական կայսրության մի շարք խոշոր քաղաքներում՝ Օդեսայում, Կիևում, Սանկտ Պետերբուրգում։ Խաղերում մասնակցությանը խանգարեց միջոցների բացակայությունը՝ ընդամենը մի քանի մարզիկ Օդեսայից ուղևորվել են Աթենք, սակայն նրանց հաջողվեց միայն հասնել մինչև Կոստանդնուպոլիս, այնուհետև նրանք վերադարձել են Ռուսաստան։ Կիևից Նիկոլայ Ռիտերը հասել է Աթենք, ըմբշամարտի և հրաձգային սպորտի մրցումներում մասնակցության հայտ է ներկայացրել, սակայն արդյունքում հայտը ետ է վերցրել։ Վերադառնալով Ռուսաստան, Ռիտտերը սկսեց ակտիվորեն քարոզել Օլիմպիական խաղերը։

Բելգիան նույնպես չկարողացավ ուղարկել իր ներկայացուցիչներին, չնայած ծրագրում էր անել այդ։

Մարզիկների քանակ

Խաղերին մասնակցել է 311 մարզիկ։ Ամենաբազմամարդ թիմով հանդես են եկել տանտերերը՝ հույները՝ մոտ 200 մարզիկ։ Գերմանիայից խաղերին մասնակցել են՝ 21, Ֆրանսիայից՝ 19, ԱՄՆ-ից՝ 14, Հունգարիայից՝ 7 մարզիկ։ Խաղերին մասնակցում էին միայն տղամարդիկ։ Ըստ Ֆերենց Մյոզեի՝ մասնակիցների թիվը 285 է եղել, որից Հունաստանը ներկայացնում էր 197 մարզիկ[10]։

Հանդիսական

«Ավերոֆ» մարմարե մարզադաշտը, որը նախատեսված էր 80 հազար հանդիսատեսի համար մշտապես լեփ-լեցուն էր, չնայած այն ժամանակ Աթենքում ապրում էր շուրջ 120 հազար մարդ։ Մի քանի հանդիսականներ ժամանել էին այլ քաղաքներից և երկրներից։

Մրցումներ

Խաղերի ժամանակ անցկացվել են մրցումներ 9 սպորտաձևերում.
Փակագծերի մեջ նշված է մեդալների քանակությունը

ՄՕԿ հատուկ հանձնաժողովը առաջարկել է բոլոր Խաղերի ժամանակ անցկացնել նաև ակադեմիական թիավարության, բռնցքամարտի, ժյո դը պոմի, ձիասպորտի, կրիկետի, առագաստային սպորտի, պոլոյի և ֆուտբոլի մրցումներ[11], սակայն տվյալ Խաղերի ժամանակ այդ մրցումները չեն անցկացվել։

Ցուցադրական ելույթներ չեն անցկացվել։

Ըմբշամարտ

Կառլ Շումանը և Գեորգիոս Ցիտասը մենամարտից առաջ իրար ձեռք են սեղմում

1896 թվականին դեռ չկային մենամարտելու միասնական կանոններ, չկային նաև քաշային կարգեր։ Ոճը, որով մենամարտում էին մարզիկները, շատ մոտ էր այսօրվա հունահռոմեական ըմբշամարտին, սակայն թույլատրվում էր բռնվածքներ կատարել հակառակորդի ոտքերից։ Խաղարկվում էր մեդալների ընդամենը մեկ կոմպլեկտ հինգ մարզիկների թվում, ընդ որում՝ նրանցից միայն երկուսն էին մենամարտում բացառապես ըմբշամարտում, մնացածները մասնակցում էին նաև այլ մարզաձևերի մրցումներին։

Բոլոր մրցումները անց էին կացվում բաց երկնքի տակ և պետք է ավարտվեին մեկ օրվա ընթացքում՝ ապրիլի 10-ին, սակայն գերմանական ըմբիշ, մարմնամարզիկ Կառլ Շումանի և հույն ըմբիշ Գեորգիոս Ցիտասի մենամարտերի եզրափակչի ժամանակ սկսեց մթնել և նրանց մենամարտը տեղափոխեցին հաջորդ օր[12]։ Ապրիլի 11-ին եզրափակչի մենամարտը շարունակվեց, որտեղ հաղթանակ է տարել Շումանը։

Հեծանվային սպորտ

Հեծանվային սպորտի մրցումներում խաղարկվում էր մեդալների 6 կոմպլեկտ՝ 5-ը մրցուղու և 1-ը՝ ավտոճանապարհի վրա։

Մրցուղիով կատարվող վազքամրցումները անցկացվել են Խաղերի համար հատուկ կառուցված «Նեո Ֆալիրոն» հեծանվային արշավարանում։ 4 տեսակը հաղթել են ֆրանսիացիները՝ Պոլ Մասոնը, ով դարձել է օլիմպիական եռակի չեմպիոն (հիտ տեղից 1 շրջանի համար, կարճ տարածության մրցավազք 2 կմ-ի համար և մրցավազք՝ 10 կմ-ի համար), և Լեոն Ֆլամանը (մրցավազք 100 կմ-ի համար)։ 12 ժամանոց մրցավազքում հաղթանակ է տարել ավստրիացի Ադոլֆ Շմալը, ով հաղթահարել է մոտ 315 կմ։ Նա նաև մասնակցել է սուսերամարտի մրցումներին։

Խմբակային ճանապարհային մրցավազքում հաղթանակ է տարել հույն Արիստիդիս Կոնստանտինիդիսը, ով անցել է Աթենք-Մարաթոն-Աթենք (87 կմ) երթուղին։

Թեթև ատլետիկա

Ռոբերտ Գարետը սկավառակ նետելիս

Թեթև ատլետիկայի մրցումները դարձել են ամենազանգվածայինը՝ 12 մարզաձևում մասնակցել է 63 մարզիկ 9 երկրներից։ Մարզաձևերում ամենամեծ քանակությունը՝ 9-ը, հաղթել են ԱՄՆ ներկայացուցիչները։

Մարզաձևերից 11-ը անցկացվել են Մարմարե մարզադաշտում, որը անհարմար էր վազորդների համար։ Անտիկ Խաղերի ժամանակ մրցումները անց էին կացվում ոչ թե շրջանագծով, այլ ուղիղ գծով։ Վերակառուցման ժամանակ մարզադաշտը չի լայնացվել, այդ պատճառով շրջանաձև վազքուղին դարձել է ձգված, շատ կտրուկ թեքադարձերով, ինչը նվազեցնում էր արագությունը։ Բացի այդ, վազքուղին չափից դուրս փափուկ էր։

100 մ և 400 մ վազքում հաղթեց ամերիկացի Թոմ Բյորկը, ով մասնակիցներից միակն էր, ով կիրառել է վազքի ցածր մրցասկիզբ, ինչը սկզբում հանդիսատեսի ծիծաղի պատճառ էր դարձել։ 800 մ և 1500 մ վազքում հաղթեց Խաղերի միակ ավստրալիացի Թեդի Ֆլեքը, իսկ 100 մ խոչընդոտներով վազքում՝ ամերիկացի Թոմաս Կյորտիսը։

Բոլոր ցատկող մարզաձևերում հաղթել են ամերիկացիները՝ Էլերի Կլարկ (ցատկեր բարձրությամբ և երկարությամբ), Ուելս Հոյթ (ցատկ ձողով) և Ջեյմս Քոնոլի (եռակի ցատկ)։ Եռակի ցատկի մրցումները ավարտվել են ապրիլի 6-ին օլիմպիական ծրագրի այլ մարզաձևերի մրցումներից շուտ, և Քոննոլին դարձել է ժամանակակից խաղերի օլիմպիական չեմպիոն։

Սկավառակի նետում մարզաձևում, որն ունի անտիկ արմատներ, հույները հույս ունեին հաղթանակ տանել։ Այդ մարզաձևում միջազգային մրցումներ 1896 թվականի Խաղերից առաջ անց չէին կացվում, իսկ հույն մարզիկները մի քանի ամիսների ընթացքում պատրաստվում էին ուսումնամարզական ճամբարում։ Սակայն, վերջին փորձը կատարելուց՝ առաջատարների մեջ դուրս գալով, հաղթեց ամերիկացի Ռոբերտ Հարեթը, ով առաջին անգամ տեսել է, թե ինչպես են նետում սկավառակը մրցումներից մի քանի օր առաջ։ Նա նաև հաղթել է գնդի հրում մարզաձևում, բացի այդ նվաճելով 2-րդ տեղը ցատկ բարձրություն մարզաձևում, նա դարձել է Խաղերի առավել տիտղոսավոր թեթև ատլետը։

Եվս մեկ մարզաձև անցկացվել է մարզադաշտից դուրս՝ վազք առասպելական երթուղով Մարաթոնից մինչև Աթենք (40 կմ), որը ստացել է մարաթոնյան վազք անվանումը։ Այն հաղթել է հույն Սպիրիդոն Լուիսը, ով հայրենիքում դարձել էր ազգային հերոս։ Հարկ է նշել նաև իտալացի մարաթոնցի Կարլո Այրոլդիին, ով վազքով և քայլով անցել է Միլանից Աթենք ճանապարհը, որպեսզի մասնակցի օլիմպիական մարաթոնին։

Լող

Մրցալողերից մեկը

Քանի որ Աթենքում արհեստական լողավազաններ չկային, մրցումները անց էին կացվում Պիրեյ քաղաքի բաց ծոցում, սկիզբն ու ավարտը նշվել է լողանների վրա ամրացված պարանով։ Եղանակը բարենպաստ չէր՝ անհանգիստ և ցուրտ ջուր (մոտ 13 °C)։

Մրցումները, որոնք անցկացվել են ապրիլի 11-ին, մեծ հետաքրքրություն առաջացրեցին՝ առաջին մրցալողի սկզբին ափի մոտ է հավաքվել մոտ 40 հազար մարդ։ Մրցումներին մասնակցեցին 6 երկրներից ժամանած 25 լողորդներ, նրանց մեծամասնությունը՝ ծովային սպաներ և Հունաստանի առևտրային նավատորմի նավաստիներ։

Մեդալները խաղարկվել են չորս մարզաձևերում, բոլոր մրցալողերը անցկացվել են «ազատ ոճով»՝ թույլատրվում էր լողալ ցանկացած եղանակով, ճանապարհին փոխելով լողաոճը։ Այդ ժամանակ ամենատարածված ոճերն էին գորտնալողը (բրաս), «օվեր-արմ»-ը և կրոլը։

Ամենամեծ հաջողության հասավ հունգարացի Ալֆրեդ Հայոշը, ով հաղթանակ տարավ երկու մրցալողերում՝ 100 մ և 1200 մ։ 500 մ մրցալողում հաղթեց ավստրիացի Պաուլ Նոյմանը։ 500 մ և 1200 մ մրցալողերի հաղթողների առավելությունը իրենց մրցակիցների հանդեպ ճնշող էր՝ համապատասխանաբար ավելի քան 1,5 և ավելի քան 2,5 րոպե։

Խաղերի կազմակերպիչների խնդրանքով ծրագրի մեջ է մտցվել նաև լողի կիրառական տեսակը՝ 100 մ նավաստիական հագուստով։ Նրանում մասնակցում էին միայն հույն նավաստիները; հաղթեց Իոաննիս Մալոկինիսը։

Սպորտային մարմնամարզություն

Գերմանական թիմը մարզաձողի վրա թիմային վարժությունների ժամանակ

Սպորտային մարմնամարզության մրցումներում խաղարկվում էին 8 կոմպլեկտ մեդալներ։ Մրցումները անց էին կացվում բաց երկնքի տակ, Մարմարե մարզադաշտում։

Մարմնամարզության մեջ առաջատարը գերմանական թիմն էր՝ նրան է հասել 5 ոսկե մեդալ՝ ներառյալ երկու մեդալ թիմային մրցումներում։ Լավագույն մարմնամարզիկներ էին ճանաչվել Հերման Վայնգերտները, Ալֆրեդ Ֆլատովը և Կարլ Շումանը, ովքեր հաղթեցին առնվազն 3 դիսցիպլիններում։

Մարմնամարզության այլ չեմպիոններ են դարձել հույներ Նիկոլաոս Անդրիակոպուլոսը և Իոաննիս Միտրոպուլոսը, և միակ շվեյցարացի չեմպիոն Լուիս Ցուտտերը։

Հրաձգություն

Հրաձգության մրցումներում խաղարկվել է մրցանակների հինգ կոմպլեկտ, որոնցից երկուսը հրաձգություն հրացանից և երեքը՝ հրաձգություն ատրճանակից։ Հինգ օրվա ընթացքում, ապրիլի 8-12-ը, մրցումներում մասնակցեցին յոթ երկրներից ժամանած հրաձիգները։

Այս մարզաձևում գերիշխում էին հույները, ովքեր հաղթեցին երեք դիսցիպլիններում, և ամերիկացիները, ովքեր հաղթեցին բոլոր դիսցիպլիններում։ Հունական չեմպիոններ են դարձել Պանտելիս Կարասևդասը, Գեորգիոս Օրֆանիդիսը և Իոաննիս Ֆրանգուդիսը, իսկ ամերիկացիներից՝ Ջոն և Սամներ Փեյն եղբայրները, ովքեր լավագույնն էին հրաձգություն ատրճանակից կատեգորիայում։

Թենիս

Թենիսի եզրափակիչ խաղը Ջոն Պիյ Բոլանդի և Դիոնիսիոս Կասդագլիսի միջև

Թենիսի մրցումները անցկացվել են Աթենքի թենիսային ակումբի կորտերում։ անցկացվել է երկու մրցաշար՝ մենախաղերում և զուգախաղերում։ Մենախաղերի մրցաշարը անցկացվել է ապրիլի 8, 9 և 11-ին, իսկ զուգախաղերի մրցաշարը մասնակիցների ոչ մեծ թվի պատճառով անցկացվեց մեկ օրում՝ ապրիլի 11-ին։ 1896 թվականի Խաղերում դեռ գոյություն չուներ այն պահանջը, որպեսզի թիմի բոլոր անդամները ներկայացնեն միևնույն երկիրը, և որոշ զույգեր ինտերնացիոնալ էին։

Կրկնակի չեմպիոն է դարձել իռլանդացի Ջոն Պիյ Բոլանդը, ով հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում, նա հաղթեց և՛ մենախաղում, և՛ (գերմանացի Ֆրիդրիխ Տրաունի հետ) զուգախաղում։

Ծանր ատլետիկա

Ծանր ատլետիկայի մրցումները անց էին կացվում առանց քաշային կատեգորիաների և ներառում էին երկու դիսցիպլիններ, որոնք անցկացվել են ապրիլի 7-ին։ Մրցումները անց էին կացվում բաց երկնքի տակ, Մարմարե մարզադաշտում։

Երկու ձեռքերով ծանրաձողի բարձրացում կատեգորիայում դանիացի Վիգո Յենսենը և բրիտանացի Լանչեստոն Էլիոտը ցույց են տվել միևնույն արդյունքը՝ 115,5 կգ, սակայն մրցավարները (գլխավորը՝ արքայազն Գեորգիոսը) հաշվեցին, որ Յենսենը վարժությունը կատարել է ավելի մաքուր, և նրան շնորհեցին առաջին տեղը։ Մեկ ձեռքով մարզագնդերի բարձրացում կատեգորիայում հաղթեց Էլլիոտը՝ 71,0 կգ՝ գրեթե 14 կգ առաջ անցնելով իր մրցակից Յենսենից։

Չեմպիոնները մրցում էին նաև այլ մարզաձևերում՝ Յենսենը զբաղեցրեց 2-րդ և 3-րդ տեղերը հրաձգություն մարզաձևում, իսկ Էլիոտը՝ մասնակցում էր ըմբշամարտի մրցումներին, երկուսով մասնակցել են մարմնամարզության արագությամբ պարանով մագլցում մարզաձևում։

Սուսերամարտ

Սուսերամարտի մենամարտերից մեկը

Սուսերամարտի մրցումները անցկացվել են ապրիլի 7-ին և 9-ին։ Խաղարկվել է մրցանակների 3 կոմպլեկտ, մրցումներին մասնակցել են 4 երկրներից ժամանած մարզիկները։ Սուսերամարտը դարձել էր միակ մարզաձևը, որտեղ թույլատրեցին մասնակցել նաև պրոֆեսիոնալներին՝ առանձին անցկացվել են մրցումներ «մաեստրո»՝ սուսերամարտի դասատուների միջև (նրանք մասնակցել են նաև 1900 թվականի Խաղերին, ինչից հետո այդ պրակտիկան դադարեցվել է)։

Ապրիլի 7-ին անցկացվել են ճկասուսերակիրների մրցումներ․ չեմպիոններ են դարձել ֆրանսիացի Էժեն Անրի Գրավլոտը և («մաեստրո» թվում) հույն Լեոնիդաս Պիրգոսը, ով Աթենքում հայտնի սուսերամարտի դպրոցի տերն էր։ Ապրիլի 9-ին սուսերակիրների մրցումներում հաղթանակ է տարել հույն Իոաննիս Գեորգիադիսը։

Խաղերի փակման արարողություն

Խաղերի փակման արարողությունը պետք է տեղի ունենար ապրիլի 14-ին, սակայն անձրևի պատճառով այն տեղափոխվել էր հաջորդ օրվա՝ ապրիլի 15-ի վրա։

Արարողությունը սկսվել է Օլիմպիական օրհներգի և գովերգի կատարումից, որի հեղինակն էր համարվում թենիսի երրորդ տեղը գրաված բրիտանացի մարզիկ Ջորջ Ռոբերթսոնը։ Այնուհետև Գեորգ I-ը մարզիկներին մրցանակներ է հանձնել՝ չեմպիոններին արծաթե մեդալներ, բրոնզե մեդալներ երկրորդ տեղ գրավածներին, ինչպես նաև ձիթապտղի ճյուղեր։ Որոշ մարզիկներին շնորհվել են լրացուցիչ մրցանակներ, օրինակ՝ Սպիրիդոն Լուիսը գավաթ է ստացել Միշել Բրեալի ձեռքից, ով առաջարկել էր մարաթոնյան վազք անցկացնել։ Մրցանակների շնորհումից հետո մարզիկները շրջան են անցել Խաղերի օրհներգի ներքո։ Արարողության ամենավերջում թագավորը հանդիսավոր կերպով I միջազգային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։

Պարգևատրման արարողություն

Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի էր ունենում խաղերի փակման օրը։ Կրկնելով անտիկ ժամանակների արարողությունները չեմպիոնի գլխին դափնե պսակ էին դնում, հանձնում մեդալը, դիպլոմը և ձիթապտղի ճյուղը, որը կտրում էին Օլիմպիայի հովտից։

Մեդալների հաշվարկ

Օլիմպիական առաջին խաղերի արծաթե մեդալը

Մրցումների հաղթողներին շնորհվում էին մեդալներ, որոնք պատրաստվում էին արծաթից։ Երկրորդ տեղը գրաված մարզիկները ստանում էին բրոնզե մեդալներ։ Երրորդ տեղը գրավածներին չէին հաշվում, և միայն ավելի ուշ Միջազգային օլիմպիական կոմիտեն ներառել է նրանց մեդալների հաշվարկի մեջ, սակայն ոչ բոլոր մադելակիրներն են հստակ որոշված։

Թավատառով առանձնացված են մեդալների առավելագույն քանակությունը իր կատեգորիայում, կազմակերպիչ-երկիրը նույնպես առանձնացված է։

Տ ԵրկրներՈԱԲԸ
1 ԱՄՆ117220
2 Հունաստան10171946
3 Գերմանիա65213
4 Ֆրանսիա54211
5 Մեծ Բրիտանիա2327
6 Հունգարիա2136
7 Ավստրիա2125
8 Ավստրալիա2002
9 Դանիա1236
10 Շվեյցարիա1203
11Խառը հավաքական1113

Առաջատարներ

Մեդալների քանակով առաջատարներ

Երեք և ավելի մեդալ ստացած մարզիկներ
ՀորիզոնականԵրկիրՈսկիԱրծաթԲրոնզԸնդհանուր
1
Հերման Վայգերտներ
3
2
1
6
2
Կառլ Շուման
4
0
0
4
3
Ալֆրեդ Ֆլատով
3
1
0
4
4
Ռոբերտ Գարետ
2
1
1
4
5
Պոլ Մասոն
3
0
0
3
6
Թեդի Ֆլեք
2
0
1
3
7
Լուիս Ցուտեր
1
2
0
3
8
Վիգո Յենսեն
1
1
1
3
Ջեյմս Քոնոլի
1
1
1
3
Լեոն Ֆլաման
1
1
1
3
Իոանիս Ֆրանգուդիս
1
1
1
3
12
Ադոլֆ Շմալ
1
0
2
3
13
Հոլգեր Նիլսեն
0
1
2
3

Ոսկե մեդալների քանակով առաջատարներ

Երեք և ավելի մեդալ ստացած մարզիկներ
ՀորիզորականԵրկիրՈսկիԱրծաթԲրոնզԸնդհանուր
1
Կառլ Շուման
4
0
0
4
2
Հերման Վայնգերտներ
3
2
1
6
3
Ալֆրեդ Ֆլատով
3
1
0
4
4
Պոլ Մասոն
3
0
0
3

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1896» հոդվածին։