Իբն Բատուտա

Մուհամմադ Իբն Բատուտա (/ˌɪbənbætˈttɑː/; արաբ․՝ محمد ابن بطوطة‎‎; լրիվ անունը՝ լրիվ անունը՝ Իբն Բատուտա Աբու Աբդալլահ Մուհամմեդ իբն Աբդալլահ ալ-Լավատի ատ-Տանջի; ծնվել է 1304 թվականի փետրվարի 25-ին, մահացել 1368 կամ 1369 թվականին) մարոկկացի գիտնական, որը ճանապարհորդել է միջնադարյան աշխարհում[1][2]։ 30 տարվա ընթացքում Իբն Բատուտան եղել է Իսլամական աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև ոչ մուսուլմանական շրջաններում՝ Հյուսիսային Աֆրիկա, Աֆրիկյան եղջյուր, Արևմտյան Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, Հարավարևմտյան Ասիա, Հարավային Ասիա և Չինաստան։ Կյանքի վերջին տարիներին շարադրել է իր ճանապարհորդությունների մասին «Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին» գիրքում (تحفة النظار في غرائب الأمصار وعجائب الأسفار, Tuḥfat an-Nuẓẓār fī Gharāʾib al-Amṣār wa ʿAjāʾib al-Asfār)[3], որը պարզապես կոչում են «Ճանապարհորդությունները» (الرحلة, Rihla)[4]: Նրա ճանապարհորդությունների մասին գրառումները թույլ են տալիս պատկերացում կազմել միջնադարյան քաղաքակրթությունների մասին։

Իբն Բատուտա
أبو عبد الله محمد بن عبد الله اللواتي الطنجي بن بطوطة
Դիմանկար
Գրքի նկարազարդում՝ կատարված Լեոն Բեննետի կողմից, որը ներկայացնում է Իբն Բատուտային (աջից) Եգիպտոսում, 1878
Ծնվել էփետրվարի 25, 1304
ԾննդավայրՏանժեր, Մարինյան Մարոկկո
Մահացել է1369 (64–65 տարեկանում)
Մահվան վայրՄարինյան Մարոկկո
ԳերեզմանTomb of Ibn Batutta
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԵրկերThe Rihla?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, գրող, քարտեզագիր, կադի, վաճառական, ճանապարհորդ և ֆաքիհ
Ամուսինfirst wife of Ibn Battuta?
 Ibn Battuta Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ շրջան

Իբն Բատուտայի կենսագրությանը ծանոթանում ենք նրա կենսագրական գրառումների միջոցով, որից պարզ է դառնում, որ նա բերբերական ծագում ուներ[1], ծնվել էր Մարոկկոյի Թանժեր քաղաքում՝ իսլամական իրավահետների ընտանիքում, 1304 թվականի փետրվարի 25-ին։ Երիտասարդ տարիքում սովորել է սուննի ուղղության մալիքիական մազհաբում (կրոնական դպրոց), որը այդ ժամանակների Հյուսիսային Աֆրիկայում կրթության հիմնական տարբերակն էր[5]։ Մալիքիական մուսուլմանները խնդրում էին Իբն Բատուտային դառնալ իրենց կրոնական դատավորը[6]։

13-րդ դարի գրքի նկարազարդում, որտեղ պատկերված են մի խումբ ուխտագնացներ հաջ կատարելիս, ստեղծվել է Բաղդադում ալ-Վասիթիի կողմից։

Ճանապարհորդությունները 1325–1332 թվականներին

Իբն Բատուտայի ճանապարհորդությունները 1325–1332 թվականներին (Հյուսիսային Աֆրիկա, Իրաք, Պարսկաստան, Արաբական թերակղզի, Սոմալի, Սվահիլիի ափեր)

Առաջին ուխտագնացություն

1325 թվականին՝ 21 տարեկան հասակում, Իբն Բատուտան հաջ կամ ուխտագնացություն է կատարում դեպի Մեքքա. սա ճանապարհորդություն էր, որը սովորաբար տևում էր 16 ամիս, սակայն նա 24 տարի Մարոկկոն չտեսավ[7]։

Ես միայնակ ճանապարհ ընկա՝ չունենալով ո՛չ ընկերակից, որի ընկերակցությամբ կարող էի ուրախանալ, ո՛չ քարավան, որին կարող էի միանալ, բայց ինձ իշխում էր ներքին մի ուժ ու երկար փայփայված ցանկություն այցելելու այդ սրբավայրերը։ Ուստի ես վճռական տրամադրվեցի, որ պետք է լքեմ իմ սիրելիներին, լքելու իմ տունը այնպես, ինչպես թռչուններն են լքում իրենց բները։ Թե՛ իմ, թե՛ ծնողներիս համար դժվար էր բաժանումը[8]։

Իբն Բատուտան ցամաքային ճանապարհով գնում է Մեքքա։ Նրա երթուղին անցնում էր Ալժիրի մի շարք քաղաքներով, ապա Թունիսով, որտեղ նա մնում է շուրջ 2 ամիս[9]։ Ապահովության համար Իբն Բատուտան հաճախ միանում էր որևէ քարավանի, որպեսզի նվազեցնի կողոպտվելու հնարավորությունը։ Այնուհետև Սֆաքս քաղաքում ամուսնանում է[10], որը նրա ճանապարհորդության ընթացքում ամուսնություններից առաջինն էր[11]։

1326 թվականի գարնանը՝ 3500 կմ ճանապարհորդությունից հետո, Իբն Բատուտան հասնում է Ալեքսանդրիա նավահանգիստ, որն այդ ժամանակ Բահրի մամլուքյան կայսրության մասն էր։ Ալեքսանդրիայում նա հանդիպում է երկու ասկետիկ, բարեպաշտ մարդկանց։ Դրանցից մեկը շեյխ Բուրհանուդդին էր, ով կանխագուշակում է Իբն Բատուտայի ճակատագիրը որպես համաշխարհային ճանապարհորդ՝ ասելով. «Ինձ թվում է, որ դու սիրում ես օտարերկրյա ճանապարհորդության գնալ։ Դու այցելելու ես իմ եղբայր Ֆարիդուդդիին Հնդկաստանում, Ռուկոնուդդինին՝ Սինդում և Բուրհանուդդինին՝ Չինաստանում։ Փոխանցիր ողջույններս նրանց»։ Իսկ մյուս բարեպաշտ շեյխ Մուրշիդին մեկնաբանում է Իբն Բատուտայի երազը՝ ասելով, որ նա ծնվել է համաշխարհային ճանապարհորդ դառնալու համար[12][13]։ Իբն Բատուտան մի քանի օր մնում է Ալեքսանդրիայում, ծանոթանում տեսարժան վայրերին, այնուհետև ուղևորվում է Կահիրե՝ Մամլուքյան սուլթանության մայրաքաղաքն ու ամենակարևոր քաղաքն էր։ Շուրջ մեկ ամիս Կահիրեում անցկացնելուց հետո[14] Մեքքա տանող երեք հիմնական երթուղիներից ընտրեց այն, որով ամենաքիչն էին ճանապարհորդում։ Նախ պետք է Նեղոսի հովտով դեպի վեր ճանապարհորդեր, ապա դեպի արևելք՝ Կարմիր ծովի Այդաբ նավահանգիստ գնար[Ն 1]: Սակայն քաղաքին մոտենալիս այնտեղ սկսած տեղական ընդվզումը ստիպում է Իբն Բատուտային հետ վերադառնալ[16]։

17-րդ դարի օսմանյան հախճասալ, որը պատկերում է Քաաբան Մեքքայում

Իբն Բատուտան վերադառնում է Կահիրե և այս անգամ գնում է մեկ այլ ճանապարհով՝ մամլուքյան տիրապետության տակ գտնվող Դամասկոսով։ Իր առաջին ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է մի սուրբ մարդու, որը մարգարեացել էր, որ ինքը Մեքքա է հասնելու՝ անցնելով Սիրիայով[17]։ Ճանապարհից այս շեղումը որոշակի առավելություն ուներ. ճանապարհին եղած սուրբ վայրերի՝ Հեվրոն, Երուսաղեմ, Բեթղեհեմ, պատճառով մամլուքյան իշխանությունները ջանք չէին խնայում ապահովելու ուխտավորների անվտանգությունը։ Առանց դրա շատ ճանապարհորդներ կկողոպտվեին և կսպանվեին[18][Ն 2]:

Իսլամական Ռամազան ամիսը Դամասկոսում անցկացնելուց հետո Իբն Բատուտան միանում է մի քարավանի, որը ուղևորվում էր Մադինայից 1300 կմ հարավում գտնվող Մուհամմադ մարգարեի գերեզման։ Քաղաքում 4 օր մնալուց հետո նա ուղևորվում է Մեքքա, որտեղ ավարտելով իր ուխտագնացությունը՝ արժանացավ հաջիի հարգարժան կարգավիճակի։ Տուն վերադառնալու փոխարեն Իբն Բատուտան որոշեց շարունակել ճանապարհորդությունը՝ որպես իր հաջորդ վերջնակետ ընտրելով հյուսիսարևելքում գտնվող Իլխանությունը[23][23][23][23][23][23][23][23][23][23]:

Իրաք և Պարսկաստան

Իբն Բատուտան կարճատև այցելություն է կատարել պարսկական Թավրիզ քաղաք, 1327 թվական:

1326 թվականի նոյեմբերի 17-ին Մեքքայում մեկ ամիս անցկացնելուց հետո Իբն Բատուտան միանում է ուխտագնացների մի մեծ քարավանի, որը Արաբական թերակղզով վերադառնում էր Իրաք[24]։ Խումբը շարժվում է դեպի հյուսիս՝ Մադինա, ապա գիշերով անցնում Նաջդից Նաջաֆ, որը տևում է շուրջ երկու շաբաթ։ Նաջաֆում Իբն Բատուտան այցելում է 4 խալիֆներից Ալիի դամբարան[25]։

Այնուհետև քարավանի հետ Բաղդադ գնալու փոխարեն Իբն Բատուտան շեղվելով 6-ամսյա ճանապարհորդություն կատարեց՝ հասնելով Պարսկաստան։ Նաջաֆիդ նա շարժվեց դեպի Վասիթ, այնուհետև Տիգրիս գետի հարավով գնաց Բասրա։ Իբն Բատուտայի հաջորդ վերջնակետը Զագրոսյան լեռների ստորոտին գտնվող Սպահան քաղաքն էր։ Դրանից հետո ուղևորվում է հարավ՝ Շիրազ՝ մեծ ու ծաղկուն մի քաղաք, որը ի տարբերություն հյուսիսում գտնվող քաղաքների փրկվել էր մոնղոլ նվաճողների ավերածություններից։ Ի վերջո լեռներով վերադառնում է Բաղդադ՝ այստեղ հասնելով 1327 թվականի հունիսին[26]։ Քաղաքի որոշ մասերը դեռևս ավերված էին 1258 թվականին Հուլաղու խանի բանակների արշավանքից հետո[27]։

Բաղդադում Իբն Բատուտան գտնում է Աբու Սաիդին՝ միավորված Իլխանության վերջին մոնղոլ ղեկավարին, այնուհետև թողնում քաղաքը և շարժվում հյուսիս հսկա մի շքախմբի հետ[28]։ Իբն Բատուտան որոշ ժամանակով միանում է արքայական քարավանի, ապա շարժվում դեպի հյուսիս՝ Մետաքսի ճանապարհով Թավրիզ՝ առաջին ամենախոշոր քաղաքը, որը իր դռները բացել էր մոնղոլների առջև, այնուհետև դարձել խոշոր առևտրական կենտրոն[29]։

Իբն Բատուտան կրկին վերադառնում է Բաղդադ հավանաբար հուլիսին, բայց մինչ այդ մի կարճ ուղևորություն կատարեց Տիգրիս գետի երկայնքով։ Նա այցելում է Մոսուլ, որտեղ հյուրընկալվում է Իլխանության նահանգապետի կողմից[30], այնուհետև լինում է ներկայիս Թուրքիայի Ջիզրե և Մարդին քաղաքներում։ Սինջարի մոտակա լեռան ճգնարանում Իբն Բատուտան հանդիպում է մի քուրդ միստիկի, որը նրան տալիս է արծաթե կոպեկներ[Ն 3][33]: Մոսուլ վերադառնալով՝ միանում է մի քարավանի, որը շարժվում էր Բաղդադ՝ միանալու հիմնական քարավանին, որը Արաբական անապատով գնում էր Մեքքա։ Փորլուծությամբ հիվանդ Իբն Բատուտան վերադառնում է քաղաք հոգնած և ուժասպառ իր երկրորդ հաջի համար[34]։

Արաբիա

Իբն Բատուտան որոշ ժամանակ մնաց Մեքքայում (նրա գրքի համաձայն շուրջ 3 տարի՝ 1327 թվականի սեպտեմբերից մինչև 1330 թվականի աշուն)։ Ժամանակագրական անճշտությունների պատճառով որոշ մեկնաբաններ առաջարկում են այն տեսակետը, որ նա կարող է մեկնած լինի 1328 թվականի հաջից հետո[Ն 4]:

Հին Սանաա քաղաքը, Եմեն

1328 կամ 1330 թվականի հաջից հետո Իբն Բատուտան ուղևորվում է Կարմիր ծովի առափնյա Ջիդդա նավահանգիստը։ Եմենում գտնվելիս այցելում է Զաբիդ քաղաք, իսկ ավելի ուշ բարձրադիր Թաիզ քաղաք, որտեղ հանդիպում է Ռասուլիդների դինաստիայի թագավոր Մուջահիդ Նուր ադ-դին Ալիին։ Իբն Բատուտան նշում է նաև, որ այցելել է Սանաա, սակայն սա այնքան էլ վստահելի տեղեկություն չէ[35]։ Առավել հավանական է, որ նա Թաիզից անմիջապես գնացել է առևտրական կարևոր նավահանգիստ Ադեն՝ այստեղ հասնելով 1329 կամ 1331 թվականների սկզբին[36]։

Սոմալի

Զեյլա քաղաքի նավահանգիստը

Իբն Բատուտան, Ադենից նավ նստելով, գնում է Սոմալիի ափերին գտնվող Զեյլա քաղաք։ Մեկ շաբաթ այստեղ մնալուց հետո գնում է Գարդաֆույ հրվանդան՝ այստեղ ևս մնալով մեկ շաբաթ։ Դրանից հետո լինում է Մոգադիշոյում, որն այն ժամանակ «Բերբերների տարածքի» (بلد البربر Balad al-Barbar, Աֆրիկյան եղջյուրի միջնադարյան արաբական անվանում է) ամենանշանավոր քաղաքն էր[37][38][39]։

Երբ Իբն Բատուտան 1331 թվականին հասավ Մոգադիշո, այն իր բարգավաճման գագաթնակետին էր հասել։ Նա ներկայացնում էր քաղաքը որպես «չափազանց մեծ քաղաք», շատ հարուստ առևտրականներով, որոնք հայտնի էին իրենց բարձրորակ գործվածքներով, որոնք արտահանում էին տարբեր երկրնրեր, այդ թվում և Եգիպտոս[40]։ Իբն Բատուտան նաև նշում է, որ քաղաքը ղեկավարում էր սոմալիացի սուլթան Աբու Բաքըր իբն Սայծ Ումարը[41][42], որը Սոմալիի հյուսիսում գտնվող Բերբերա քաղաքից էր և հավասարապես տիրապետում էր թե՛ սոմալիերենին, թե՛ արաբերենին[42][43]։ Սուլթանն ուներ վեզիրների շքախումբ, իրավագետներ, հրամանատարներ, արքունի ներքինիներ[42]։

Սվահիլիի ափեր

Իբն Բատուտան ճանապարհորդությունը շարունակում է՝ նավարկելով հարավ՝ Սվահիլիի ափեր, մի շրջան, որը արաբերենում հայտնի է Bilad al-Zanj («Զանգի երկիր») անունով[44]։ Մեկ գիշեր մնում Մոմբասա կղզում[45], այդ ժամանակ քաղաքը փոքր էր, սակայն ընդամենը մեկ դար անց այն դառնալու էր կարևոր քաղաք[46]։ Ափամերձ ճանապարհորդությունից հետո Իբն Բատուտան գնում է ներկայիս Տանզանիայում Քիլվա կղզի[47], որը դարձել էր ոսկու առևտրի կարևորագույն կենտրոններից մեկը[48]։ Նա նկարագրում էր քաղաքը որպես «ամենագեղեցիկ և լավ կառուցված քաղաքներից մեկը. բոլոր շինությունները փայտից էին, իսկ տների տանիքները եղեգներից էին»[49]։

Իբն Բատուտան 1330 թվականին արձանագրել է նաև իր այցելությունը Քիլվա սուլթանությունը, գրել է տեղի ղեկավարի՝ սուլթան ալ-Հասան իբն Սուլեյման, համեստության և նրա կրոնի մասին, որը լեգենդար Ալի իբն ալ-Հասսան Շիրազիի ժառանգորդն էր։ Մուսսոնյան քամու փոփոխությունով պայմանավորված Իբն Բատուտան նավարկում է կրկին դեպի Արաբիա, նախ Օման և Հորմուզի նեղուց, ապա կիկին Մեքքա 1330 թվականի (կամ 1332) հաջի համար[50]։

Ճանապարհորդությունները 1332–1347 թվականին

Անատոլիա

Մեքքա կատարած երրորդ ուխտագնացությունից հետո Իբն Բատուտան որոշեց աշխատանք գտնել Դելիի մուսուլման սուլթան Մուհամմադ բին Թուղլաքի մոտ։ 1330 կամ 1332 թվականի աշնանը նա մեկնում է Անատոլիայի տարածք, որը գտնվում էր սելջուկների տիրապետության տակ, նպատակ ունենալով ցամաքային ճանապարհով գնալ Հնդկաստան[51]։ Իբն Բատուտան անցնում է Կարմիր ծովը և Արևելյան անապատը, հասնում Նեղոսի հովիտ, իսկ այնտեղից էլ շարժվում դեպի հյուսիս՝ Կահիրե։ Այստեղից անցնում է Սինայի թերակղզին և շարժվում դեպի հյուսիս՝ ևս մեկ անգամ այցելելով այն քաղաքներ, որտեղ եղել էր 1326 թվականին։ Լաթաքիայի սիրիական նավահանգստից նստում է ջենովական մի նավ ու գնում է Ալանիա՝ քաղաք ներկայիս Թուրքիայի հարավային ափին[52]։ Այստեղից էլ մեկնում Անթալիա նավահանգստային քաղաք։ Ընդհանուր առմամբ Իբն Բատուտան տպավորված էր տեղացիների հյուրընկալությամբ[53]։ Անթալիայից հետո ուղևորվում է Էղրիդիր, որը Համիդյան բեյլիքության մայրաքաղաքն էր։ Այս քաղաքում էլ նա անցկացնում է Ռամազանը (1331 թվականի հունիս կամ 1333 թվականի մայիս)[54]։

Իբն Բատուտան հավանաբար հանդիպել է Անդրոնիկոս III Պալեոլոգոսի հետ 1332 թվականի վերջերին.

Այստեղից հետո Իբն Բատուտայի գրքում Անատոլիայում կատարած ճանապարհորդությունների մասին փաստերը խճճված են։ Էղրիդիրից հետո նկարագրում է իր ճանապարհորդությունը դեպի Միլաս, ապա անցնելով 420 կմ Էղրիդիրից արևելք՝ պատմում Քոնյայի մասին։ Ապա պատմում է իր ճանապարհորդության մասին դեպի Էրզրում, որից անմիջապես հետո ներկայացնում Միլասի մոտակայքում գտնվող Բիրգի քաղաքի մասին, որը Էրզրումից հեռու էր 1160 կմ[55]։ Պատմաբանները այն տեսակետն են արտահայտում, թե Իբն Բատուտան այցելել է Կենտրոնական Անատոլիայի շատ քաղաքներ, բայց ոչ այն հերթականության, ինչպես իր գրքում է ներկայացնում[56][Ն 5]:

Կենտրոնական Ասիա

Սինոպից հետո Իբն Բատուտան նավարկում է Ղրիմի թերակղզի՝ հասնելով Ոսկե հորդայի տարածքներ։ Նավահանգստից ուղևորվում է Ազով, ապա մեծ ու հարուստ քաղաք Մաջար։ Այստեղից հեռանում է, որպեսզի հանդիպի Ոսկե Հորդայի խան Ուզբեկի հորդային, որը այդ ժամանակ գտնվում էր Բեշթաուի լեռների մոտ։ Այստեղից ուղևորվում է Բոլգար. այս քաղաքի հետ կապված արձանագրում է մի հետաքրքիր փաստ՝ անսովոր կարճ գիշերները։ Ավելի ուշ վերադառնում է խանի հորդայի հետ տեղափոխվում է Աստրախան։

Բակտրիան ուղտ (Մետաքսի ճանապարհի քարավանների խորհրդանիշներից մեկը) Թուրքեստանի Հոջա Ահմեդ Յասավիի դամբարանի առջև

Իբն Բատուտան արձանագրում է, որ Բոլգարում գտնվելու ժամանակ ցանկանում էր ավելի հյուսիս գնալ։ Այդ տարածքները ամբողջությամբ ձնով էին պատված և միակ փոխադրամիջոցը սահնակն էր, որը քաշում էին շները։ Ըստ Իբն Բատուտայի տեղի բնակչությունը խորհրդավոր էր այն առումով, որ չէին ցանկանում իրենց ցույց տալ։ Իսկ հարավի մարդկանց հետ առևտուրն անում էին յուրահատուկ ձևով։ Հարավի առևտրականները բերում էին տարեբր ապրանքները և դնում դրանք բաց վայրում գիշերը ձյան վրա, հետո վերադառնում էին իրենց վրանները։ Հաջորդ օրն առավոտյան գալիս էին և տեսնում, որ ապրանքը չկա, իսկ դրա փոխարեն դրված է մորթի, կաշի, որը կարելի էր օգտագործել թանկարժեք վերարկուներ, բաճկոններ և ձմեռային այլ պարագաներ պատրաստելու համար։ Փաստորեն այս առևտուրը կատարվում էր առանց միմյանց տեսնելու։ Եվ քանի որ Իբն Բատուտան առևտրական չէր ու որևէ օգուտ չէր լինելու նրա այնտեղ գնալուց, որոշում է հրաժարվել այդ մտքից[59]։

Երբ նրանք հասնում են Աստրախան, խան Ուզբեկը թույլ է տալիս իր հղի կանանցից Բայալունին, որը բյուզանդական կայսր Անդրոնիկոս III Պալեոլոգոսի դուստրն էր, վերադառնալ Կոստանդնուպոլիս ծննդաբերելու համար։ Իբն Բատուտան ցանկացավ միանալ այս ուղևորությանը, որը կլիներ իր առաջին այց իսլամական աշխարհի սահմաններից դուրս[60]։

Ոսկե Հորդայի դրոշը Ուզբեկ խանի կառավարման շրջանում

Մոտ 1332 կամ 1334 թվականի վերջերին հասնելով Կ.Պոլիս՝ Իբն Բատուտան հանդիպում է բյուզանդական կայսր Անդրոնիկոս III Պալեոլոգոսին։ Այնուհետև այցելում Սուրբ Սոֆիայի տաճար և մի ուղղափառ հոգևորականի հետ քննարկում իր այցելությունները Երուսաղեմ։ Մեկ ամիս քաղաքում մնալուց հետո Իբն Բատուտան վերադառնում է Աստրախան, ապա մեկնում մայրաքաղաք Սարայ աl-Ջադիդ՝ սուլթան Ուզբեկին զեկուցելու իր այցի մասին։

Այստեղից էլ Կասպյան և Արալյան ծովերով ուղևորվում է Բուխարա և Սամարղանդ, որտեղ այցելում է մեկ այլ մոնղոլ թագավորի Չաղաթայների խանության ղեկավար Թարմաշիրինի հորդային[61]։ Այնուհետև ուղևորվում է հարավ՝ Աֆղանստան, իսկ այստեղից էլ՝ Հնդկաստան Հինդուկուշ լեռներով[62]։ Իր «Ճանապարհորդություններ» գրքի մեջ հիշատակում է այս լեռների մասին և գրում[63].

Դրանից հետո ես գնացի քաղաք Բարվան, որի ճանապարհին մի բարձր լեռ կար՝ ծածկված ձնով և չափազանց ցուրտ. այն կոչում են Հինդուկուշ, որը բացատրվում է հետևյալ կերպ՝ Հինդու-մարդասպան, որովհետև Հնդկաստանից բերված ստրուկները մահանում էին այնտեղ ուժգին ցրտերի պատճառով[64]։
- Իբն Բատուտա

Հարավային Ասիա

Ֆերոզե շահ Թուղլաքի գերեզմանը Դելիում, որը Մուհամմադ բին Թուղլաքի ժառանգորդն էր: Իբն Բատուտան 6 ամիս կադի է լինում Մուհամմադ իբն Թուղլաքի կառավարման շրջանում:

Մուհամմադ բին Թուղլաքը հայտնի էր որպես այդ ժամանակի մուսուլմանական աշխարհի ամենահարուստ մարդ։ Նա հովանավորում էր տարբեր գիտնականների, սուֆիների, կադիների, վեզիրների և ուրիշների իր իշխանությունը ամրապնդելու նպատակով։ Ինչպես Եգիպտոսում մամլուքները, այնպես էլ Թուղլաքների դինաստիան մոնղոլական արշավանքներից հետո Ասիայում մուսուլմաների ղեկավարման հազվագյուտ օրինակներից էր։ Մեքքայում գտնվելու տարիներին Իվբ Բատուտան սուլթանի կողմից նշանակվել էր կադի կամ դատավոր[65]։

Իբն Բատուտան 1334 թվականին այցելում է Պակպատանում գտնվող բաբա Ֆերիդի տաճար:

Պարզ չէ, թե ինչ ճանապարհներով է Իբն Բատուտան մտել Հնդկական թերակղզի։ Նա կարող էր այստեղ հասնել Խայբերի լեռնանցքով կամ Փեշավարով կամ էլ ավելի հարավից[66]։ Նա անցել է Սաթլեզ գետը Պակպատտան քաղաքի մոտակայքից, որը գտնվում է ժամանակակից Պակիստանում, որտեղ գտնվել է բաբա Ֆարիդի տաճարում։ Իբն Բատուտան այցելում Հանսի, որը նկարագրում է որպես «ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, շատ լավ կառուցված ու խիտ բնակեցված։ Այն շրջապատված է ամուր պատերով, իսկ քաղաքի հիմնադիրը համարվում է ամենամեծ հավատացյալ թագավորներից մեկը, որին կոչում էին Թարա»[67]։ Սինդ հասնելուց հետո Իբն Բատուտան հիշատակում է հնդկական ռնգեղջյուրներին, որոնք ապրում էին Ինդոս գետի ափերի մոտ[68]։

Սուլթանը ժամանակի չափանիշների համար տարօրինակ էր, Իբն Բատուտան շուրջ 6 տարի ապրել է մերթ վստահելի ենթակայի, մերթ տարբեր հանցանքների համար կասկածելի անձի կարգավիճակով։ Նրա ծրագիրը հաջի պատրվակով հեռանալու երկրից արգելվել է սուլթանի կողմից։ Ի վերջո 1341 թվականին Իբն Բատուտան կարողանում է հեռանալ Դելիից շնորհիվ մի դեսպանության, որը ժամանել էր Չինաստանի Յուան դինաստիայի կողմից և թույլտվություն էր հայցում չինացի ուխտագնացների շրջանում հայտնի Հիմալայան բուդդիստական տաճարը վերակառուցելու համար[Ն 6]:

Իբն Բատուտան դեսպանության համար պատասխանատվություն էր կրում, սակայն դեպի Չինաստան ճանապարհորդությունը սկսելիս նա և իր արշավախումբը ավազակների կողմից հարձակման են ենթարկվում[70]։ Իր ընկերներից առանձնացված լինելով՝ նա կողոպտվում է և գրեթե մահամերձ վիճակում հայտնվում[71]։ Չնայած այս անհաջողությանը 10 օրվա ընթացքում կարողանում է հասնել իր խմբին և շարունակել ճանապարհը դեպի Քամբաթ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում։ Այստեղից նրանք նավարկեցին դեպի Կոժիկոդե, ուր պորտուգալացի ճանապարհորդ Վասկո դա Գաման լինելու էր 2 դար անց միայն։ Այստեղ գտնվելիս Բատուտան հյուրընկալվում է տեղի ղեկավար Զամորինինին[65]։ Մինչ Իբն Բատուտան ափամերձ մի մզկիթ էր գնացել փոթորիկ է սկսում, որը խորտակում է իրենց նավերից մեկը[72]։ Մյուս նավը մեկնում է առանց Իբն Բատուտայի, բայց մի քանի ամիս անց գրավվում է տեղի սումատրական թագավորի կողմից։

Վախենալով անհաջողության մատնված լինելով վերադառնալ Դելի՝ նա որոշ ժամանակ մնաց հարավային Հնդկաստանում Ջամալ ուդ-Դինի հովանավորության տակ, որը փոքր, սակայն ուժեղ Նավայաթ սուլթանության ղեկավարն էր։ Այս տարածքը այժմ հայտնի է Հոսապատանա անունով և ընկած է Ուտարա Կանադային Հոնովար վարչական շրջանի տարածքում։ Սուլթանության տապալումից հետո Իբն Բատուտան այլընտրանք չուներ, քան վերադառնալ Հնդկաստան։ Չնայած նրան, որ որոշել էր շարունակել իր ճանապարհորդությունը դեպի Չինաստան՝ նախ այցելեց Մալդիվյան կղզիներ, որտեղ դատավոր էր եղել[73]։

Մալդիվյան կղզիներից տեսարան

Իբն Բատուտան 9 ամիս մնում է այս կղզիներում՝ ավելի երկար, քան նախատեսում էր։ Որպես գլխավոր կադի՝ նրա ունակությունները մեծապես պահանջված էին բուդդիստ ազգերի շրջաններում, որոնք վերջերս էին ընդունել իսլամ։ Իբն Բատուտան գրեթե առևանգվում է և դառնում գլխավոր դատավոր, ամուսնանում է Օմար I թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի հետ։ Իր գրքում Իբն Բատուտան իր անհանգստությունն է հայտնում տեղի կանանց վերաբերյալ, որոնք գոտկատեղից վերև ոչինչ չէին հագնում, իսկ տեղացիները ուշադրություն չէին դարձնում իր դժգոհություններին[74]։ Մալդիվներից հետո Բատուտան գնում է Շրի Լանկա և այցելում Շրի Պադա և Թենավարամ տաճար։ Շրի Լանկայից Իբն Բատուտան գնաց Մադուրայի թագավորություն Հնդկաստանում, որտեղ որոշ ժամանակ անցկացրեց Մադուրայի սուլթանության արքունիքում[75]։ Այնուհետև այստեղից վերադարձավ Մալդիվներ, որտեղից էլ չինական առագաստանավով պետք է մեկներ Չինաստան։

Իբն Բատուտան ժամանում է Չիտագոնգի նավահանգիստ, որը գտնվում է ներկայիս Բանգլադեշի տարածքում, նպատակ ունենալով ճանապարհ ընկնել Սիլհեթ՝ հանդիպելու շահ Ջալալին, որը այնքան հռչակավոր էր դարձել, որ Բատուտան մեկ ամիս ծախսեց Կամարու լեռներով նրան հասնելու և հանդիպելու համար։ Իր գրքում շահին նկարագրում էր որպես բարձրահասակ, նիհար, բաց գույնի մաշկով մարդ, ով ապրում էր մզկիթի կողքին գտնվող քարանձավում, որտեղ իր համար միակ արժեքավոր բանը այծն էր, որին կթում էր և պատրաստում կարագ ու մածուն։

Դրանից հետո Իբն Բատուտան շարունակում է իր ճանապարհը դեպի հյուսիս՝ Ասսամ, իսկ հետո վերադառնում՝ իրագործելու իր սկզբնական ծրագիրը։

Հարավարևելյան Ասիա

Ըստ որոշ տվյալների Իբն Բատուտան եղել Է Վիետնամի Պո Կլոնգ Գարայ տաճարում, որտեղ էլ կարճատև հանդիպել է արքայադուստր Ուրդույային:

1345 թվականին Իբն Բատուտան ճանապարհորդում է դեպի Սամուդրա Պասայի սուլթանություն, որը գտնվում է ներկայիս Հյուսիսային Սումատրայի Աչեհ նահանգում։ Իբն Բատուտայի համաձայն Սումատրա կղզին հարուստ էր կամֆորայով, արեկա ընկույզով, մեխակներով և անագով։

Իբն Բատուտան պատկանում էր շաֆիական մազհաբին, որի սովորույթները ընդհանրություններ ունեին մերձափնյա Հնդկաստանի, հատկապես Մապիլա մուսուլմանների հետ. սրանք նույնպես առաջնորդ աշ-Շաֆիի հետևորդներն էին։ Հենց այդ ժամանակ Սամուդրա Պասան համարվում էր Dar al-Islam-ի (իսլամական աշխարհի) ծայրը, որովհետև այստեղից դեպի արևելք այլևս մուսուլմանները չէին ղեկավարում։ Իբն Բատուտան այստեղ մնում է երկու շաբաթ՝ որպես սուլթանի հյուր, իսկ հետո սուլթանը նրան ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նա իր ճանապարհը շարունակի դեպի Չինաստան[76]։ Իբն Բատուտան նավարկում է դեպի Մալակկա, որը գտնվում է Մալակկա թերակղզում։ Տեղի ղեկավարի մոտ մնում է 3 օր, ապա գնում Պո Կլոնգ Գարայ, Վիետնամ։ Այստեղ կարճատև հանդիպում է Ֆիլիպինների արքայադուստր ՈւրդույայինԼ Այստեղից հետո Իբն Բատուտան ի վերջո հասնում է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաք։

Չինաստան

1345 թվականին Իբն Բատուտան հասնում է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաք, որն այն ժամանակ գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ։ Առաջին բանը, որ Բատուտան հիշատակում է, այն է, որ մուսուլմանները քաղաքը կոչում էին "Zaitun" (ձիթապտուղ), սակայն Իբն Բատուտան որևէ տեղ ձիթապտուղ գտնել չի կարողանում։ Հիշատակում է նաև տեղի արվեստագետներին, որոնք կարողանում էին պատկերել նոր ժամանած օտարերկրացիների դիմանկարները. սա, իհարկե, անվտանգության նպատակներ էր հետապնդում։ Նա գովում էր նաև տեղի արհեստավորներին, նրանց մետաքսն ու ճենապակին, ինչպես նաև մրգերը՝ սալորներն ու ձմերուկները, նաև թղթե փողի առավելությունները[77]։ Իբն Բատուտան նկարագրում է Ցյուանչժոու քաղաքում մեծ նավերի արտադրական գործընթացը[78]։ Նա նաև նշում էր չինական խոհանոցը, որտեղ օգտագործում էին ամենատարբեր կենդանիների՝ գորտ, խոզ, շուն, նաև նշում էր, որ Չինաստանում հավերը չափերով ավելի մեծ են։ Սակայն գիտնականները ավելի ուշ նշել են, որ Իբն Բատուտայի՝ Չինաստանի վերաբերյալ հիշատակումների մեջ անճշտություններ կան, օրինակ այն, որ Դեղին ծովը շփոթում է Մեծ ջրանցքի հետ և այլն[79]։

Իբն Բատուտան տալիս է Չինական մեծ պարսպի մասին ամենահին հիշատակումը, չնայած որ այն անձամբ չի տեսել:

Ցյուանչժոուում Իբն Բատուտային ընդունում են տեղի մուսուլման կադին, շեյխ ուլ-իսլամը և տեղի մուսուլման առևտրականների առաջնորդը, որոնք եկել էին Բատուտային դիմավորելու դրոշներով, շեփորներով, հարվածային գործիքներով և երաժիշտներով[80]։ Իբն Բատուտան ներկայացնում էր, որ մուսուլման բնակչությունը ապրում էր քաղաքի առանձին մասում, որտեղ ուներ իր մզկիթները, շուկաներն ու հիվանդանոցները։ Ցյուանչժոուում հանդիպում է երկու հայտնի պարսիկների՝ Քազերունից Բուրհան ադ-Դինին և Թավրիզից Շարիֆ ադ-Դինին[81]։ Ցյուանչժոուում գտնվելիս Իբն Բատուտան այցելում է մի հայտնի դաոիստ վանականի իր քարանձավում։

Այնուհետև Իբն Բատուտան շարժվում է դեպի հարավ՝ Գուանչժոու, որտեղ մնում է երկու շաբաթ տեղի հարուստ առևտրականներից մեկի տանը[82]։ Այստեղից հետ է գնում Ցյուանչժոու, ապա Ֆուչժոու։ Այտեղ հանդիպում է ալ-Բուշրի անունով մի հարուստ հայրենակցի, որի հետ էլ շարունակում է ճանապարհը դեպի հյուսիս՝ Հանչժոու քաղաք, ալ-Բուշրին վճարում է նաև, որ Իբն Բատուտան գնի թանկարժեք նվեր, որը հանձնելու էր մոնղոլ կայսերը՝ Յուան դինաստիայից Թոգոն Թեմուրին[83]։

Ցյուանչժոու քաղաքի մասին Իբն Բատուտան ասում էր, որ իր տեսած ամենամեծ քաղաքն է, նկարագրում էր քաղաքը շրջապատող կանաչ բլուրները[84]։ Այս քաղաքում մնալու ժամանակ նրա վրա ուժեղ ազդեցություն էին գործել լավ կառուցված ու ներկված նավերը։ Իբն Բատուտան ներկայացնում էր նաև այն տեղացիներին, որոնք արևի աստվածությանն էին պաշտում[85]։

Մեծ ջրանցքով նավարկելու ժամանակ նկարագրում էր մշակաբույսերի դաշտերը, խոլորձները, առևտրականներին սև մետաքսով և կանանց և հոգևորականներին նույնպես մետաքսով[86]։ Պեկինում նա իրեն ներկայացնում է որպես Դելի սուլթանության՝ երկար ժամանակ կորած դեսպանը։ Նրան հյուրընկալում է մոնղոլ կասյր Թոնգոն Թեմուրը։ Իբն Բատուտան նկարագրում էր Խանբալըքի պալատը, որը պատրաստված էր փայտից[87]։

Իբն Բատուտան նաև մեծ զարմանքով գրում է, որ չի կարողացել գտնել մեկին, ով տեսել է կամ գիտի Չինական պարսպի մասին, ենթադրում էր, որ վաղ շրջանում կառուցված պատի նշանակալի մասը չի պահպանվել (ժամանակակից կառույցը կառուցվել է ավելի ուշ՝ Մինգ դինաստիայի օրոք)[88]։

Իբն Բատուտան Պեկինից հետո վերադառնում է Հանչժոու, ապա՝ Ֆուչժոու։ Ցյուանչժոու վերադառնալուց հետո նստում է չինական մի նավ և ուղևորվում Հարավարևելյան Ասիա, սակայն Իբն Բատուտայից անարդարացիորեն նավի անձնակազմը մեծ գումար է վերցնում, այսպիսով նա կորցնում է գումար մեծ մասը, որը խնայել ու հավաքել էր Չինաստանում մնալու ժամանակ[89]։ Մոնղոլ խանի վերաբերյալ Իբն Բատուտան ասում էր, որ նրա հետ թաղվել են 6 ստրուկ զինվորներ և 4 ստրկուհիներ[90]։ Նրա հետ թաղվել են նաև արծաթ, ոսկի, զենքեր և գորգեր[91]։

Վերադարձ

1346 թվականին Ցյուանչժոու վերադառնալուց հետո Իբն Բատուտան ճանապարհ է ընկնում դեպի Մարոկկո[92]։ Կոժիկոդեում գտնվելիս որոշում է դիմել Մուհամմադ բին Թուղլաքին օգնության խնդրանքով, բայց հետո հրաժարվում է այդ մտքից և վերադառնում Մեքքա։ Բասրա գնալիս Իբն Բատուտան անցնում է Հորմուզի նեղուցով և իմանում, որ Աբու Սաիդը՝ Իլխանների դինաստայի վերջին ղեկավարը, մահացել է Պարսկաստանում։ Աբու Սաիդի գերիշխանության տակ գտնվող տարածքները բաժանվում են՝ պայմանավորված պարսիկների և մոնղոլների միջև սկսած պայքարով[93]։

1348 թվականին Իբն Բատուտան հասնում է Դամասկոս՝ մտադրություն ունենալով անցնել իր առաջին հաջի ճանապարհը։ Ապա պարզում է, որ 15 տարի առաջ իր հայրը մահացել է[94]։ Հանկարծակի սկսած ժանտախտի համաճարակը արագորեն տարածվում էր Սիրիայում, Պաղեստինում և Արաբիայում։ Մեքքա հասնելուց հետո որոշում է հետ վերադառնալ Մարոկկո[95]։ Ճանապարհից շեղվելով՝ Իբն Բատուտան մտնում է Սարդինիա, իսկ 1349 թվականիին վերադառնում է Տանժեր Ֆեսով։ Ժամանելով հայրենի քաղաք՝ պարզում է, որ մի քանի ամիս առաջ էլ մայրն է մահացել[96]։

Ճանապարհորդությունները 1349–1354 թվականներին

##
Իբն Բատուտա (Աֆրիկա)
Թլեմսեն
Թենես
Սիջիլմասա
Թեգազա
Ուալատա
Թոմբուքթու
Թաքեդդա
Իբն Բատուտայի ճանապարհորդությունները 1349–1354 թվականներին (Հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա և Արևմտյան Աֆրիկա)

Իսպանիա և Հյուսիսային Աֆրիկա

Իբն Բատուտան այցելել է Գրանադայի ամիրայություն, որը ալ-Անդալուսում արաբ-անդալուզական բնակչության վերջին ժառանգությունն էր:

Թանժեր քաղաքում մի քանի օր մնալուց հետո Իբն Բատուտան ուղևորվում է մուսուլմանների կողմից ղեկավարվող Իբերական թերակղզու ալ-Անդալուսի շրջան։ Կաստիլիայի և Լիոնի թագավոր Ալֆոնսո XI սպառնացել էր հարձակվել Ջիբրալթարի վրա, ուստի 1350 թվականին Իբն Բատուտան միանում է Թանժերից մեկնող մուսուլմանների մի խումբը, որի նպատակն էր պաշտպանել նավահանգիստը[97]։ Մինչ նրանք տեղ կհասնեին ժանտախտի պատճառով մահացավ թագավոր Ալֆոնսոն, իսկ նվաճման սպառնալիքն էլ վերացավ։ Իբն Բատուտան իր ճանապարհորդության նպատակը դարձրեց նորանոր տեսարժան վայրերի ուսումնասիրությունը, այցելեց Վալենսիա, Գրանադա և մի շարք այլ քաղաքներ[98]։

Ալ-Անդալուսից հետո Իբն Բատուտան ուղևորվում է Մարոկկո։ Ճանապարհին կանգ է առնում Մարաքեշում, որը վերածվել էր ուրվական քաղաքի ժանտախտի համաճարակից հետո, իսկ մայրաքաղաքը դարձել էր Ֆեսը[99]։

Մալի և Թիմբուքթու

Սանկորեի մեդրեսեն Թիմբուքթուում, Մալի

1351 թվականի աշնանը Իբն Բատուտան հեռանում է Ֆեսից և ուղևորվում է ներկայիս Մարոկկոյում Սահարայի հյուսիսային մասերում գտնվող Սիջիլմասա քաղաք[100]։ Այստեղ գնում է ուղտեր և մնում 4 ամիս։ Ճանապարհ է ընկնում 1352 թվականի փետրվարին իր քարավանով և 25 օր անց հասնում է Թաղազա՝ աղի հանքեր։ Տեղի բոլոր շինությունները ստեղծված էին աղից, ստրուկները կտրում էին աղի մեծ կտորներ և տեղափոխում դրանք ուղտերի միջոցով։

Թաղազայում 10 օր մնալուց հետո քարավանը շարժվում է դեպի Թասարահլա[101][Ն 7], որտեղ 3 օր մնում է և պատրաստվում առավել ծանր ճանապարհորդության ընդարձակ անապատի միջով։ Ընդհանուր առմամբ անապատը անցնելը տևեց 2 ամիս՝ 1600 կմ սկսած Սիջիլմասայից[102]։

Այստեղից Իբն Բատուտան նավարկում է գետի վրայով հարավարևմուտք, որը իր կարծիքով Նեղոսն էր (իրականում այն Նիգեր գետն էր), մինչև Մալիի ամիրայության մայրաքաղաք[Ն 8]: Մայրաքաղաքում որոշ ժամանակ մնալուց հետո փետրվարին հեռանում է տեղի մի քանի առևտրականների հետ միասին և ուղևորվում Թիմբուքթու ուղտերի քարավանով[104]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում այդ քաղաքը դառնալու էր շրջանի ամենակարևոր քաղաքը, իսկ այդ պահին այն փոքր և անկարևոր քաղաք էր[105]։ Հենց այս ճանապարհորդության ընթացքում էր, որ Իբն Բատուտան առաջին անգամ տեսնում է գետաձի։ Կարճ ժամանակ այս քաղաքում մնալուց հետո նավակով ուղևորվում է Գաո, որն այդ ժամանակ առևտրական կարևոր կենտրոն էր[106]։ Մեկ ամիս Գաոյում մնալուց հետո Իբն Բատուտան մեծ քարավանով ուղևորվում է Թաքեդդա օազիս։ Այս ճանապարհորդության ընթացքում Մարոկկոյի սուլթանից նրան հրաման է գալիս շուտափույթ վերադառնալու մասին։ 1353 թվականի սեպտեմբերին դուրս է գալիս Սիջիլմասայից մի մեծ քարավանի հետ, որը տեղափոխում էր 600 ստրկուհիներ, և Մարոկկո է հասնում 1354 թվականին[107]։

Ազալայի աղ տեղափոխող քարավանը Աղադեզից Բիլմա ճանապարհին

Իբն Բատուտայի ճանապարհորդությունները գիտնականներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու, թե Աֆրիկայի արևմտյան շրջաններում երբ է տարածում գտել իսլամը[108]։

Ստեղծագործություն

Տուն Թանժեր քաղաքում, որտեղ ենթադրաբար Իբն Բատուտայի գերեզմանն է

1354 թվականին իր ճանապարհորդություններից վերադառնալուց հետո, ինչպես նաև Մարոկկոյի Մարինյան ղեկավարի առաջարկով Իբն Բատուտան թելադրում է իր ճանապարհորդությունների մասին գրառումները Իբն Ջուզային՝ գիտնականի, որին նախկինում հանդիպել էր Գրանադայում։ Այս գրառումները Իբն Բատուտայի արկածների մասին պատմող միակ աղբյուրն են։ Ձեռագրի ամբողջական անվանումն է «Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին» (تحفة النظار في غرائب الأمصار وعجائب الأسفار, Tuḥfat an-Nuẓẓār fī Gharāʾib al-Amṣār wa ʿAjāʾib al-Asfār)[3][Ն 9]: Սակայն այն ավելի կարճ կոչում են «Ճանապարհորդությունները»[4]։

Որևէ տեղ և որևէ կերպ չի մատնանշվում, որ Իբն Բատուտան իր ճանապարհորդությունների 29 տարիների ընթացքում կատարել է գրառումներ։ Երբ նա պետք է շարադրեր իր փորձությունների մասին, հիմնվում է հիշողության և ավելի վաղ շրջանի ճանապարհորդնեի ձեռագրերի վրա։ Իբն Ջուզայը չի նշում իր աղբյուրները և որոշ վաղ շրջանի նկարագրություններ ներկայացնում է որպես Իբն Բատուտայի դիտարկումները։ Դամասկոսը, Մեքքան, Մադինան և Մերձավոր Արևելքի շատ այլ քաղաքներ նկարագրելիս նա պատճենում է անդալուզիացի Իբն Ջուբայրի գրառումներից, որոնք գրի էին առնվել դրանից 150 տարի առաջ[110]։ Նմանապես Իբն Ջուզայի Պաղեստինի տարբեր շրջանների նկարագրության մեծ մասում պատճենված են 13-րդ դարի ճանապարհորդ Մուհամմադ ալ-Աբդարիի գրառումները[111]։

Գիտնականները կարծում են, որ Իբն Բատուտան չի այցելել այն բոլոր վայրերը, որոնք նկարագրում է, և մուսուլմանական աշխարհի տարբեր շրջանները համապարփակ նկարագրելու համար օգտագործել է տարբեր զրույցներ և վաղ շրջանի տարբեր ճանապարհորդների գրառումները։ Օրինակ՝ անհավանական է թվում, որ Իբն Բատուտան Վոլգա գետով ուղևորված լինի Նյու Սարայից Բոլգար։ Կան նաև հիմնավոր կասկածներ նրա մի շարք ճանապարհորդությունների հետ կապված, ինչպես օրինակ՝ Եմենում Սանաա[112], կամ Խորասանում Բալխից Բիսթամ[113], կամ էլ Փոքր Ասիա[114]։ Որոշ գիտնականները կասկած են հայտնում նաև նրա՝ Չինաստան կատարած ճանապարհորդության վերաբերյալ[115]։ Այնուամենայնիվ, եթե թեկուզ «Ճանապարհորդությունները» ամբողջությամբ հիմնված չեն փաստերի վրա, որոնց հեղինակը անձամբ ականատես է եղել, այն ամփոփում է իր մեջ 14-րդ դարի աշխարհի մասին կարևոր տեղեկություններ։ Իբն Բատուտան ամենատարբեր երկրներում ամուսնացել ու բաժանվել է, ունեցել երեխաներ Բուխարայում, Դելիում, Մալաբարում[116]։ Իբն Բատուտան վիրավորում է հույներին՝ կոչլեով «Ալլահի թշնամիներ», հարբեցողներ, մինչդեռ Եփեսոսում գնում է հույն ստրկուհու, որին դարձնում է իր հարեմի կանանցից մեկը։

Իբն Բատուտան հաճախակի էր ենթարկվում մշակութային շոկի տարբեր շրջաններում, ուր այցելում էր, որտեղ նոր իսլամ ընդունածների սովորույթները չէին համապատասխանում ուղղափառ մուսուլմանական սովորույթներին։

Շատ քիչ է հայտնի Իբն Բատուտայի կյանքի մասին 1355 թվականին «Ճանապարհորդությունները» ավարտելուց հետո։ Նա նշանակվել է դատավոր Մարոկկոյում և մահացել 1368 կամ 1369 թվականներին[117]։

Իբն Բատուտայի աշխատանքը մուսուլմանական աշխարհից դուրս հայտնի չէր մինչև 19-րդ դարի սկզբները, երբ մի գերմանացի ճանապարհորդ Մերձավոր Արևելքում գտնում է ձեռագրերի հավաքածու, իսկ դրա մեջ էլ 94 էջանի հատոր, որտեղ ներկայացված էր Իբն Ջուզզայի տեքստի կրճատ տարբերակը։ Դրա երեք հատվածներ հրատարակվեցին 1818 թվականին գերմանացի մի արևելագետի կողմից[118], իսկ 4-րդ հատվածն էլ մեկ տարի անց[119]։

Մեկ այլ կրճատ ձեռագիր գտնվեց շվեյցարացի ճանապարհորդի կողմից, արաբերեն տեքստը թարգմանվեց անգլերեն Սամուել Լիի կողմից և հրատարակվեց Լոնդոնում 1829 թվականին[120]։ 1830-ական թվականներին Ալժիրի ֆրանսիական օկուպացիայի ժամանակ հայտնաբերվեց ևս 5 ձեռագիր, որոնցից 2 ամբողջական էին։

1929 թվականին՝ Լիի թարգմանության տպագրությունից մեկ դար անց, պատմաբան և արևելագետ Հեմիլթոն Գիբը հրատարակում է արաբական տեքստի անգլերեն թարգմանված որոշ հատվածներ[121]։ Նա նպատակ ուներ բաժանել տեքստը 4 մասերի և հրատարակել 4 առանձին հատորներով, բայց 1971 թվականին մահանում է՝ հասցնելով հրատարակել միայն 3 հատոր։ Չորրորդ հատորը պատրաստեց և հրատարակեց Չարլզ Բեքինգեմը 1994 թվականին։

Նշումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 307
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան