Կանաչ հեղափոխություն

Կանաչ հեղափոխություն կամ գյուղատնտեսական երրորդ հեղափոխություն, զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտում 1940-1970-ական թվականներին տեղի ունեցած փոփոխությունների համալիր, որը հանգեցրել է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը։ Ներառել է բույսերի ավելի արգասավոր տեսակների ակտիվ սելեկցիան և դրանց ներդրումն արտադրության մեջ, ոռոգման համակարգերի ընդլայնումը, պարարտանյութերի, պեստիցիդների, ժամանակակից տեխնիկայի կիրառումը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր տեխնոլոգիաները, ներառյալ թունաքիմիկատները և պարարտանյութերը, ինչպես նաև բարձր բերքատվություն ունեցող նոր տեսակները, զգալիորեն մեծացրել են սննդի համաշխարհային արտադրությունը

Պատմություն

Տերմինը կիրառության մեջ է դրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության նախկին տնօրեն Վիլյամ Գաուդը 1968 թվականին[1]։

Կանաչ հեղափոխությունն սկիզբ է առել Մեքսիկայում 1943 թվականին երկրի կառավարության և Ռոքֆելլերի հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրով։ Այդ ծրագրով խոշորագույն հաջողությունների է հասել Նորման Բորլոուգը, որն ստացել է ցորենի՝ բարձր արդյունավետություն ունեցող բազմաթիվ սորտեր, այդ թվում՝ կարճ ցողունով, որը ենթակա չէ գետնամածման։ 1951-1956 թվականներին Մեքսիկան լիովին ապահովել է իրեն հացահատիկով և սկսել արտահանումը. 15 տարվա ընթացքում երկրում հացահատիկազգիների բերքատվությունն աճել է երեք անգամ։ Բորլոուգի մշակումներն օգտագործվել են սելեկցիոն աշխատանքներում Կոլումբիայում, Հնդկաստանում, Պակիստանում, իսկ 1970 թվականին Բորլոուգն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։

1963 թվականին մեքսիկական հետազոտությունների բազայում ստեղծվել է Եգիպտացորենի ու ցորենի բարելավման միջազգային կենտրոն (CIMMYT), որն ակտիվորեն աջակցել է Կանաչ հեղափոխության տարածմանը։

Նշանակություն

Կանաչ հեղափոխությունը թույլ է տվել ոչ միայն կերակրել Երկրի ավելացող բնակչությանը, այլև բարելավել նրանց կյանքի որակը։ Մեկ օրվա ընթացքում օգտագործվող սննդի կալորիականությունը զարգացող երկրներում ավելացել է 25 %-ով։Յու. Շիշկովն ասել է, որ տվյալ հեղափոխությունը, ինչպես նաև ջրային կուլտուրաների մշակումը թույլ է տվել մեղմացնել մթերքների մեծ մասի անբավարարությունը։ Ի վերջո հույս է ծագել, որ պարենային ապրանքների արտադրությունը կարելի է կազմակերպել այնպիսի տեմպերով, որը կհամապատասխանի բնակչության թվաքանակի աճին[2]։

Հետևանքներ

Հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների լայնորեն տարածման հետևանքով առաջացել են բնապահպանական խնդիրներ։ Երկրագործության ինտենսիվացումը խախտել է հողերի ջրային ռեժիմը, ինչն առաջացրել է մասշտաբային աղակալում և անապատացում։ Պղնձի ու ծծմբի հիման վրա ստեղծված թունաքիմիկատները, որ առաջացրել են հողի աղտոտում ծանր մետաղներով, մինչև 20-րդ դարի կեսերը փոխարինվել են արոմատիկ, հետերոցիկլիկ, քլոր- և ֆոսֆորօրգանական միացություններով (մալատիոն, դիխլոֆոս, ԴԴՏ և այլն)[3]։ Ի տարբերություն ավելի հին նյութերի՝ նորերն ազդում են ավելի ցածր խտության դեպքում, ինչը թույլ է տվել նվազեցնել քիմիական մշակման ծախսերը։ Այդ նյութերից շատերը, ինչպես պարզվել է, եղել են կայուն և վատ են քայքայվել բիոտայի կողմից։

Դուստը հայտնաբերվել է նույնիսկ Անտարկտիդայի կենդանիների մոտ[4]՝ այդ քիմիկատի օգտագործման տարածքներից հազարավոր կիլոմետրեր հեռու։

Երկրորդ կանաչ հեղափոխություն

Կանաչ հեղափոխության արդյունքը եղել է որոշ մշակաբույսերի բերքատվության բարձրացումը աշխարհի տարբեր երկրներում, սակայն աճի պոտենցիալը օգտագործվել է միայն մասամբ։ Արդիական են մնացել նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ բերքատվության բարձրացման խնդիրները։ Որպես հետևանք՝ շարունակվել են ուսումնասիրությունները Կանաչ հեղափոխության ընթացքում ի հայտ եկած բացասական կամ ոչ ամբողջական էֆեկտները ուղղելուն ուղղված հետազոտություները։ Այդ ոլորտում դրական արդյունքների են հանգեցրել, առաջին հայացքից, «բրնձային ինտենսիֆիկացիայի համակարգի» (անգլ.՝ «System of Rice Intensification»[5] ստեղծման ուղղության կատարվող փորձերը, ԴՆԹ-մարկերների ուղղորդված սելեկցիայի» (անգլ.՝ «Marker-assisted selection») տեխնոլոգիայի բացահայտումը[6], ագրոէկոլոգիայի գիտակարգի զարգացումը[7], ինչպես նաև աշխատանք է տարվել արդեն օգտագործվող տեխնոլոգիաներում առկա վնասակար բաղադրիչների փոխարինման կամ բացառման և դրանցում հայտնագործությունների արդյունքում ստացված[8] նոր բաղադրիչների ներդրման ուղղությամբ։ Իրենց երկրների ագրոարդյունաբերական կոմպլեքսն արդիականացնել ձգտող կառավարությունների ընթացիկ ջանքերը ներառել են տնտեսության արդյունաբերական ու գյուղատնտեսական սեկտորներում եկամուտների մոտեցմանը, մանր արդյունաբերողների ինտեգրմանը ավելացված արժեքի շղթային և գյուղատնտեսական ապրանքների շուկայում ազատ մրցակցության ապահովմանը[9]։ Սակայն թույլ զարգացած երկրներում «Երկրորդ կանաչ հեղափոխության» ֆոնին գյուղատնտեսական համակարգի արդիականացմանը խոչընդոտել են պարենի ու ֆինանսների քրոնիկ դեֆիցիտը և կոռուպցիայի բարձր մակարդակը[10]։ Վիճակագրական կանխատեսումը ցույց է տալիս, որ եթե մինչև 2050 թվականը Երկրի բնակչությունը, ինչպես սպասվում է, ավելանա 30 %-ով, գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը համապատասխանաբար պետք է ավելանա 70 %-ով, որպեսզի պահպանվի սպառման նույն մակարդակը[11]։ Այդպիսով, Երկրորդ կանաչ հեղափոխության խնդիրն է ավելի արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումից բացի մշակել հասարակության հանդուրժողականություն պեստիցիդների օգտագործման հանդեպ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ