Պի թվի օր

Պի թվի օրը, մաթեմատիկական հաստատունին նվիրված տոն, որը նշում են մարտի 14-ին (ամիս/ամսաթիվ ֆորմատով՝ 3/14), որը համընկնում է պի թվի առաջին երեք իմաստալից նիշի հետ[1][2]։ Այն հիմնադրել է Exploratorium-ի աշխատակից Լարի Շոուն 1988 թվականին։ Տոնակատարությունները հաճախ ներառում են կարկանդակ ուտելը կամ պի թվի նիշերն անգիր ասելու մրցույթներ անցկացնելը։ 2009 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պի թվի օրվա նշանակմանը[3]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսը 2019 թվականի նոյեմբերին պի թվի օրը հայտարարել է մաթեմատիկայի միջազգային օր[4][5]։

Վաթերլոյի համալսարանում թվի օրը առաջարկվում է անվճար կարկանդակ (pie)

Պի թվի հետ է կապված նաև հուլիսի 22-ը՝ «Մոտավոր թվի օրը» (անգլ.՝ Pi Approximation Day), որովհետև ամսաթվերի եվրոպական ձևաչափով այդ օրը գրվում է 22/7, իսկ այդ տեսքով գրված կոտորակը համապատասխանում է -ի մոտավոր արժեքին[6]։

Մարտի 14-ին նշվում է նաև Ալբերտ Այնշտայնի (1879-1955) ծննդյան օրը, իսկ 2018 թվականի այդ օրը 76 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։

Պատմություն

Պի թվի օրվա հայտնի ամենավաղ պաշտոնական կամ մասշտաբային տոնակատարությունը 1988 թվականին կազմակերպել է Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիումում (անգլ.՝ Exploratorium)[7], որտեղ Շոուն աշխատում էր որպես ֆիզիկոս[8], որին մասնակցել են նրա աշխատակիցները և այլ մարդիկ, իսկ միջոցառման ավարտին կերել են մրգային կարկանդակներ[9]։ Հետագայում Էքսպլորատորիումը շարունակել է տոնել պի թվի օրը[10]։

2009 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ոչ պարտադիր բանաձև (111 H. Res. 224)[3], որը 2009 թվականի մարտի 14-ը ճանաչել է Պի թվի ազգային օր (անգլ.՝ National Pi Day)[11]։ 2010 թվականի մարտի 14-ին Google-ը ներկայացրել է պի թվի օրվան նվիրված Google Doodle-ը, որում Google բառը գտնվում էր շրջանագծերի և պի թվի խորհրդանիշների պատկերների վրա[12], իսկ 2018 թվականին՝ տոնի 30-ամյակին, դա եղել է Դոմինիկ Անսելի կարկանդակը՝ իր տրամագծով բաժանված շրջանագիծ[13]։

2014 թվականի ամբողջ մարտ ամիսը (3/14) ոմանց կողմից նշվել է որպես «Պի թվի ամիս»[14][15]։ 2015 թվականին մարտի 14-ը նշվել է որպես «սուպեր Պիի օր» (անգլ.՝ Super Pi Day)[16], որովհետև այդ ամսաթիվը գրվել է որպես 3/14/15 (ամիս/օր/տարի ձևաչափով)։ Ժամը 9:26:53-ին ամսաթիվը և ժամը միասին ներկայացնում էին π թվի առաջին 10 նիշերը[17]։

Տոնակատարություն

թվի արժեքով կարկանդակ

Պի թվի օրը նշվում է տարբեր կերպ․ այդ օրը ձոն են կարդում թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում, թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց թվի, ինչպես նաև կարկանդակ են ուտում, կարկանդակներ նետում․ դա կապված է անգլերենում «pi» (պի) և «pie» (կարկանդակ) բառերի նմանության (/paɪ/) և այն հանգամանքի հետ, որ շատ կարկանդակների ունեն կլոր ձև (շրջան)[18][19]։ Բացի այդ, որոշ դպրոցներում անցկացվում են մրցումներ, թե աշակերտներից ով կարող է հիշել պի թիվը ստորակետից հետո ամենաշատ նիշեր[20][21]։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ապագա ուսանողներին իրենց դիմումների վերաբերյալ որոշումների ընդունման մասին նամակները հաճախ ուղարկում է պի թվի օրը[22]։ Սկսած 2012 թվականից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտարարել է, որ այդ որոշումները (հասանելի միայն հասցեատերերին) առցանց հարապարակվելու են պի թվի օրը երեկոյան ուղիղ ժամը 6:28, որը նրանք կոչվում է «տաու ժամանակ»՝ հավասարապես պատվելու համար նաև պի թվի մրցակից տաու թիվը[23][24]։ 2015 թվականին կանոնավոր որոշումները համացանցում հրապարակվել են ժամը 9:26-ին՝ այդ տարվա «պի րոպեին»[25], իսկ 2020 թվականին կանոնավոր որոշումները հրապարակվել են ժամը 1։ 59-ին, երբ ամսաթիվն ու ժամը կազմել են պի թվի առաջին վեց նիշերը[26]։

Հունիսի 28-ը հայտնի է որպես «Two Pi Day», «տաու թվի օր», 2π, հայտնի է հունական տաու (𝜏) տառով, որը մաթեմատիկական բանաձևերում ընդհանուր բազմապատիկ է։ Ոմանք պնդում են, որ τ-ն ավելի հիմնարար հաստատում է, և որ դրա փոխարեն պետք է նշել տաուի օրը[27][28]։ Այս օրվա տոնակատարությունը կատակով առաջարկում է ուտել «երկու անգամ ավելի շատ կարկանդակ»[29][30][31][32]։

Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Ալբերտ Այնշտայնի ծննդյան օրվա (որը նույնպես նշվում է մարտի 14-ին) և պի թվի օրվա համատեղ տոնակատարության շրջանակներում[33]։ Այնշտայնը Փրինսթոնում ապրել է ավելի քան քսան տարի՝ աշխատելով Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ Կարկանդակներ ուտելուց և պի թվի նիշերի անգիր ասելու մրցույթից բացի այդ օրն անցկացվում է Այնշտայնի նմանակների ամենամյա մրցույթը[33]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ