Աբդուլ Ղանի Բարադար

Մոլլա Աբդուլ Ղանի Բարադար (փուշթու՝ և դարի՝ عبدالغني برادراخوند, սեպտեմբերի 29, 1968(1968-09-29), Weetmak, Աֆղանստանի թագավորություն)[2], նաև հայտնի է որպես մուլլա Բարադար Ահունդ, աֆղանական «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարն ու քաղաքական թևի առաջնորդը։ 1994 թվականի ստեղծված «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիրներից մեկը։ Մոլլա Մուհամմեդ Օմարի տեղակալը (հնարավոր է նաև ազգականը) և Քվետտա Շուրայի խորհրդի ղեկավարը։ 2009 թվականից մինչև 2021 թվականը դե ֆակտո դիտարկվել է որպես «Թալիբանի» առաջնորդ[3], թեև շարժման դե յուրե առաջնորդը իսլամական աստվածաբան Հայբաթուլա Ախունձադան է[4]։

Աբդուլ Ղանի Բարադար
 
Կուսակցություն՝թալիբան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքիսլամ
Ծննդյան օրսեպտեմբերի 29, 1968(1968-09-29) (55 տարեկան)
ԾննդավայրWeetmak, Աֆղանստանի թագավորություն
Քաղաքացիություն Աֆղանստանի թագավորություն,  Republic of Afghanistan,  Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն,  Աֆղանստանի իսլամական պետություն և  Աֆղանստան
 
Պարգևներ

Կենսագրություն

Էթնիկ ծագմամբ պուշթուն է՝ դուրրանի ցեղի պոպալզայ կլանից[5]։ Աֆղանստանում պատերազմի ժամանակ կռվել է խորհրդային զորքերի դեմ[3][6]։ 1994 թվականին օգնել է Օմարին՝ հիմնել «Թալիբանը»։ Ղանին, որը նաև հայտնի է որպես Աբու Հաֆս Նեջդա, կազմակերպել է վերապատրաստման ճամբարներ և հարձակումներ է ծրագրել ցեղային առաջնորդների և օտարերկրացիների վրա[7]։

Թալիբների կառավարման ժամանակ (1996-2001) տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Հերաթ և Նիմրուզ նահանգների կառավարիչը[8][9] և Արևմտյան Աֆղանստանում ռազմական կորպուսի հրամանատարը[3]։ ԱՄՆ պետդեպարտամենտը նրան դիտարկել է որպես գլխավոր շտաբի պետի տեղակալ և Քաբուլի ռազմական կորպուսի հրամանատար[10]։ Ինտերպոլը նրան համարում էր պաշտպանության նախարարի տեղակալ[2]։

2010 թվականի փետրվարի 8-ին ձերբակալվել է Պակիստանի հետախուզության կողմից[11]։

2013 թվականի սեպտեմբերի 21-ին Աֆղանստանի կառավարության խնդրանքով վաղաժամկետ ազատ է արձակվել Պակիստանի բանտից[12]։

2021 թվականի օգոստոսի 15-ին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա «Թալիբան» շարժման հաջող հարձակումից հետո, երբ երկրի կառավարությունը տապալվեց և նախագահ Աշրաֆ Հանին փախավ երկրից, երկրի վրա վերահսկողությունն անցավ Աբդուլ Ղանի Բարադարին[13]։

2021 թվականի օգոստոսի 17-ին Բարադարը, 2001 թվականին «Թալիբանի» առաջին կառավարության անկումից հետո առաջին անգամ, վերադարձել է Աֆղանստան[14]։

2021 թվականի սեպտեմբերի 3-7-ը եղել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարության ղեկավարը[15]։

2021 թվականի սեպտեմբերի 7-ից Աֆղանստանի Իսլամական Էմիրության փոխվարչապետի պաշտոնակատարն է[16]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Ղանի Բարադար» հոդվածին։