Թալիբան

Թալիբներ, Թալիբան (փուշթու՝ طالبان – մեդրեսեի սովորողներ, ուսանողներ), իսլամական շարժում, որ սկիզբ է առել Աֆղանստանում՝ պուշթունների շրջանում 1994 թվականին և ներկայումս փաստացի ղեկավարում է Աֆղանստանը։ Նաև ղեկավարել է Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստանի Իսլամական Էմիրություն»)։ Այդ շրջանում Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը դիվանագիտորեն ճանաչել էին երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը և Սաուդյան Արաբիան[32]։ 2016 թվականից Թալիբան շարժման առաջնորդն է Հայբաթուլլահ Ախունդզադան[33][34][35]։

Թալիբան
փուշթու՝ طالبان
ՏեսակԱհաբեկչական կազմակերպություն, քաղաքական շարժում, զինված խմբավորում և կրոնական կազմակերպություն
Էթնիկ կազմհիմնականում պուշթուններ[1][2], տաջիկներ հյուսիսային Աֆղանստանում[3]
Գաղափարախոսություն
ՀիմնադիրՄուհամմադ Օմար և Աբդուլ Ղանի Բարադար
ՂեկավարՀայբաթուլա Ախունդզադա (գերագույն հրամանատար)
Աբդուլ Ղանի Բարադար (համահիմնադիր)
Ղեկավար կենտրոնԱֆղանստան, Պակիստան և Կատար
Առաջացման երկիր Աֆղանստան
Գործունեության տարածք Աֆղանստան
Ստեղծման տարեթիվ1994
Համախոհներ
Անդամների քանակ
Կայքalemarahenglish.af
 Taliban Վիքիպահեստում
Սպիտակ գույնով նշված են այն տարածքները, որ վերահսկվում էին թալիբների կողմից 2016 թվականի փետրվարի 21-ի դրությամբ

«Թալիբան» շարժումը միջազգային մակարդակով դատապարտվել է իսլամական շարիաթի օրենքների իրենց մեկնաբանությունը խստորեն պահպանելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ աֆղանների նկատմամբ դաժան վերաբերմունքի[36][37]։ 1996-2001 թվականներին կառավարման ժամանակ թալիբները և նրանց դաշնակիցները զանգվածային սպանություններ են իրականացրել խաղաղ աֆղանների դեմ, մերժել ՄԱԿ-ի պարենի մատակարարումները 160 000 սովյալ քաղաքացիական անձանց համար, այրել բերրի հողերի հսկայական տարածքներ և ոչնչացրել տասնյակ հազարավոր տներ[38][39][40][41][42][43]։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ թալիբները և նրանց դաշնակիցները պատասխանատվություն են կրում 2010 թվականին Աֆղանստանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի 76 տոկոսի, 2011 և 2012 թվականներին՝ 80 տոկոսի համար[44][45][46][47][48][49]։ Թալիբներն իրականացրել են նաև մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Բուդդայի բամիանական 1500-ամյա հայտնի արձանները[50][51][52][53]։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին[54]։

2021 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ՝ թալիբները գրավեցին նշանակալի տարածքներ Աֆղանստանի բոլոր երկրամասերում[55]։ 2021 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո[55]։

Ստուգաբանություն

«Թալիբան» (փուշթու՝ طالبان [ṭālibān]) բառը փաշթոյից թարգմանաբար նշանակում է «աշակերտներ» և «թալիբ» բառի հոգնակին է։ Այն կազմված է արաբերենից փոխառված «թալիբ» (արաբ․՝ طالب‎‎ [ṭālib] – «աշակերտ», «ուսանող») բառից, որին ավելացվել է պարսկերեն հոգնակի թվի «ան» (փուշթու՝ ان) վերջավորությունը։ Արաբերենում «թալիբան» (արաբ․՝ طالبان‎‎) բառը նշանակում է ոչ թե «աշակերտներ», այլ «երկու աշակերտ» (երկակի թիվ)։ Այդ պատճառով Թալիբանի անվան թարգմանությունը երբեմն որոշակի շփոթմունքի տեղիք է տալիս արաբների մոտ։ Անգլերենում կարելի է հանդիպել մեկ թալիբի «թալիբան» կոչելու դեպքեր։ Խմբի վերաբերյալ հոգնակիի նշանակությամբ օգտագործվելուց բացի «թալիբան» բառը կարող է օգտագործվել նաև մեկ մարդու վերաբերյալ։ Օրինակ՝ Ջոն Ուոքեր Լինդը (անգլ.՝ John Walker Lindh, ԱՄՆ քաղաքացի, որ անդամակցեց Թալիբանին) հիշատակվում է որպես «ամերիկյան թալիբան», ոչ թե որպես «ամերիկյան թալիբ»։ Պակիստանի անգլիալեզու թերթերում «Թալիբաններ» (անգլ.՝ Talibans) բառը հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է մեկից ավելի թալիբանների։ «Թալիբան» (Taliban) գրելաձևն անգլերենում գերակշռում է «Թալեբան» (Taleban) ձևի նկատմամբ[56][57]։

Պատմություն

Թալիբանը հիմնադրվել է 1994 թվականի սեպտեմբերին մոլլա Մուհամմադ Օմարի կողմից՝ նրա հարազատ Քանդահար քաղաքում։ Խումբը կազմված էր մեդրեսեի աշակերտներից և Խորհրդային Միության ներխուժման դեմ մարտնչած մոջահեդներից[7]։ Ամիսների ընթացքում թալիբների թիվը հասել էր 15 000 մարդ, ընդգրկելով հազարավոր մեդրեսեի աշակերտներ Պակիստանից և սստանալով զգալի ֆինանսական և ռազմական օգնություն Պակիստանի հետախուզական ծառայությունից[7]։ 1994-ի նոյեմբերի 3-ին թալիբները գրավել են Քանդահարը[7]։

1995 թվականին հավանաբար ԱՄԷ-ի կողմից ֆինանսավովող[58] Թալիբները գրավել են Հիլմենդը, ոչնչացրել Գուլբեդդին Հեքմաթիյարի զինյալներին, սակայն Քաբուլի մոտ նրանց կանգնեցրել են Ահմադ Շահ Մասուդի դիվիզիաները։ Նրանք վերահսկել են Աֆղանստանի տարածքի մեկ երրորդ մասը երկրի հարավ-արևելքում։

1996 թվականի սեպտեմբերի 27-ին թալիբներն առանց մարտի գրավել են Քաբուլն ու հիմնել Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքում նրանք մտցրել են շարիաթական իրավունք։ Թալիբների վարչակարգի ընդդիմությունը կազմել է Հյուսիսային ալյանսը, որը հիմնականում կազմված էր տաջիկներից (Ահմադ Շահ Մասուդի և Բուրհանուդդին Ռաբանիի գլխավորությամբ) և ուզբեկներից (գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի գլխավորությամբ) և օգտվել է Ռուսաստանի աջակությունից։ Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին ապաստան տալն և բուդդայական ճարտարապետության հուշարձանների (Բուդդայի բամիանական արձաններ) ոչնչացումը թալիբների համար ստեղծել է բացասական համբավ համաշխարհային հանրության աչքում։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո ԱՄՆ-ը սկսել է հակաահաբեկչական գործողություն ընդդեմ Աֆղանստանի Իսլամական Էմիրության և Հյուսիսային ալյանսի աջակցությամբ տապալել թալիբների վարչակարգը։ Թալիբներն անցել են ընդհատակ և մասամբ հեռացել հարևան Պակիստան։ 2003 թվականի մայիսին Թալիբանի առաջնորդները տեղեկացրին, որ վերախմբավորվել են և պատրաստ են պարտիզանական պատերազմի ԱՄՆ-ի դեմ։ 2004 թվականին մոլլա Օմարը պարտիզանական պատերազմ հայտարարեց «Ամերիկայի և իր խամաչիկների դեմ»[59]։

Ըստ «Իսլամական ջիհադի միություն» իսլամիստական մարտական կազմակերպության ռազմական ամիր Հարուն աբու Մուհամմադի խոսքերի՝ 2014 թվականի մարտի վերջի դրությամբ Թալիբանը փաստացիորեն վերահսկել է Աֆղանստանի տարածքի շուրջ 70 %-ը, այդ թվում նաև Հելմանդ, Քանդահար, Պակտիա, Ուրուզգան, Նուրիստան, Կունար, Բադախշան, Զաբուլ, Ղազնի և այլ գավառներ։ ՆԱՏՕ-ի կոալիցիայի դիրքերը դեռևս ամուր են եղել Քաբուլում և Մազարի Շարիֆում։ Թալիբների շարքերում մեծացել է սալաֆիտների թիվը[60]։

2013 թվականի ապրիլի 23-ին Պակիստանում մահացել է Թալիբանի հիմնադիր և առաջնորդ մոլլա Մուհամմադ Օմարը[61]։ Թալիբները գաղտնի են պահել մոլլա Օմարի մահվան փաստը մինչև 2015 թվականը[61]։ Օմարին հաջորդեց Ախթար Մանսուրը որպես շարժման գերագույն հրամանատար։

2014 թվականի մայիսի 31-ին Թալիբանն Աֆղանստանում գերի մնացած վերջին ամերիկացուն՝ Բոուի Բերդգալին փոխել է Գուանտանամոյի բանտի հինգ կալանավորների հետ, որոնք նախկինում բարձր պաշտոններ էին զբաղեցրել Էմիրությունում[62][63]։

Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին ստատս-քարտուղար Անդրեաս ֆոն Բյուլովը 2002 թվականի հունվարի 13-ին գերմանական «Տագեսշպիգել» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թալիբան» շարժումն ստեղծվել է Կենտրոնական հետախուզական վարչության համագործակցությամբ[64].

ԱՄՆ հատուկ ծառայությունների որոշիչ աջակցությամբ առնվազն 30 հազար մուսուլման զինյալներ մարզվել են Աֆղանստանում ու Պակիստանում, այդ թվում նաև մոլեռանդների խումբ, որոնք պատրաստ էին մինչև հիմա էլ պաշտպանել իրենց գաղափարն ու հայրենիքը։ Նրանցից մեկն Ուսամա բեն Լադենն է։ Ես դեռ մի քանի տարի առաջ էի գրել. Ահա ԿՀՎ-ի այդ վիժվածքից է ծագել Թալիբանն Աֆղանստանում, որը Ղուրանի հիման վրա նախապատրաստվել է ամերիկացիների ու Սաուդյան Արաբիայի բնակիչների օգնությամբ ֆինանսավորվող դպրոցներում։

Մամուլում եղել են նաև այլ հայտարարություններ 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ի դեմ կռվող զինյալներին, այդ թվում նաև թալիբներին ԱՄՆ-ի՝ օժանդակություն ցույց տալու վերաբերյալ[65][66], թեև 1980-ական թվականներին Թալիբանը դեռ գոյություն չի ունեցել։

2016 թվականի մայիսի 21-ին ամերիկյան անօդաչու թռչող սարքը հրթիռային հարված է հասցրել այն մեքենային, որի մեջ ենթադրաբար գտնվել է շարժման առաջնորդ Ախտար Մանսուրը։ Մայիսի 22-ին Թալիբանի առաջնորդի մահվան մասին լուրը հաստատել են խմբավորման բարձրաստիճան հրամանատար մոլլա Աբդուլ Ռաուֆն ու Աֆղանստանի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան։

Հրթիռային հարվածը տեղի է ունեցել Աֆղանստանի ու Պակիստանի միջև ընկած սահմանամերձ շրջանում։ Գործողությանը մասնակցել են մի քանի ամերիկյան անօդաչու թռչող սարքեր, որոնց նպատակակետը եղել է այն մեքենան, որի մեջ ենթադրաբար եղել են զինյալները[67]։

Թալիբան շարժման առաջնորդի դիրքում Ախտար Մանսուրին հաջորդել է Մավլավի Հայբատուլլա Ախունձավան[68]։

2017 թվականի օգոստոսին Թալիբանի ներկայացուցիչները նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան կոչ անելով հանել ԱՄՆ զորքերը Աֆղանստանից[69][70]։

2018 թվականի հունիսի 9-ին նրանք 17 տարվա մեջ առաջին անգամ հայտարարել են ժամանակավոր զինադադար Աֆղանստանի կառավարության հետ, որը տևել է մինչև հունիսի 15-ը[71]։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը թալիբները կատարել են առաջին հարձակումը աֆղանական կառավարական ուժերի վրա[72]։

2018 թվականի օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Թվիթերում հայտարարել է, որ օգոստոսի 20-ից զինադադար է հաստատվել Թալիբանի դեմ կռվում այն պայմանով, որ խմբավորումը կպատասխանի փոխադարձությամբ[73]։

2019 թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել Աֆղանստանում տիրող դրության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանի Դաշնությունում արգելված Թալիբանի ներկայացուցիչների և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների միջև, որոնց թվում է եղել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Թալիբների պատվիրակությունը, որ կազմված էր 14 մարդուց, գլխավորել է մոլլա Բարադար Ախունդը[74]։

2020 թվականի փետրվարի 29-ին Թալիբանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ խաղաղության համաձայնագիր կնքեցին Դոհայում, որի պայմաններով ԱՄՆ-ը խոստացել է իրականացնել իր և ՆԱՏՕ-ի բոլոր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, մինչդեռ Թալիբանը խոստացել է արգելել «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության գործունեությունն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, և խաղաղության մասին բանակցություններ ձեռնարկել Աֆղանստանի իշխանությունների հետ[75]։ Աֆղանստանի գործող իշխանությունները Դոհայում կնքված համաձայնագրի կողմ չեն եղել[75]։

2021 թվականին ԱՄՆ-ի զորքերի Աֆղանստանից դուրբերումին զուգահեռ՝ թալիբները գրավել են նշանակալի տարածքներ Աֆղանստանի բոլոր երկրամասերում[55]։ 2021 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո[55]։

Գաղափարախոսություն

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները և համացանցը, շախմատը, սպիտակ կոիկը (սպիտակը թալիբների դրոշի գույնը), սեքսի մասին բաց քննարկումները և այլն[76]։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով և առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։

2001 թվականի փետրվարի 26-ին մոլլա Օմարը հրապարակել է դեկրետ երկրի բոլոր ոչ իսլամիստական հուշարձանների ավերման մասին[77]։ Կյանքի կոչելով դեկրետը՝ նույն թվականի մարտին թալիբները պայթեցրել են Բուդդայի բամիանական արձանները, որ քանդակված էին Բամիանի ժայռերին 3-րդ և 4-րդ դարերում, ինչը քննարկումների տեղիք է տվել համախարհային հասարակության շրջանում[78]։ Թալիբների գործողությունները քննադատվել են նաև մի շարք մուսուլմանական երկրների հանրությունների կողմից[79]։

Թալիբները հանդես են գալիս հօգուտ կանանց կրթության արգելման։ Նրանց հարձակումների օբյեկտ հաճախ դառնում են դպրոցներ։

Ահաբեկչական գործողություններ

  • 2009 թվականի հոկտեմբերի 8-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան մոտ։ Զոհվել է 17 մարդ (2 ոստիկան և 12 խաղաղ բնակիչ), իսկ ավելի քան 80-ն ստացել են վնասվածքներ։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները[80][81]։
  • 2009 թվականի հոկտեմբերի 28-ին թալիբները Քաբուլում հարձակվել են հյուրանոցի վրա, ինչի արդյունքում ՄԱԿ-ի 6 աշխատակից զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։
  • 2010 թվականի օգոստոսի 6-ին Աֆղանստանի Բադախշան շրջանում թալիբներն սպանել են International Assistance Mission միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության տասը անզեն աշխատակիցների, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերել աֆղաններին։ Սպանվածների թվում եղել են վեց ամերիկացիներ, մեկ բրիտանուհի,։
  • 2011 թվականի հոկտեմբերի 31-ին մահապարտ ահաբեկչի կողմից Քանդահարում կազմակերպված պայթյունի հետևանքով զոհվել են ՄԱԿ-ի երեք աշխատակիցներ, տեղի ոստիկանության պետը և մի քանի այլ մարդիկ։ Թալիբանն իր վրա է վերցրել ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը[82][83]։
  • 2012 թվականի սեպտեմբերի 4-ին մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի Նանգարհար շրջանում անցկացվող հուղարկավորության ժամանակ կազմակերպված պայթյունի ժամանակ զոհվել է առնվազն 20 և վիրավորվել ավելի քան 50 մարդ։ Բոլոր զոհերը եղել են խաղաղ բնակիչներ։ Ահաբեկչություն կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը[84]։
  • 2014 թվականի հունվարի 17-ին մայապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլում լիբանանյան ռեստորանի մոտ։ Զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի չորս աշխատակից։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները[85][86]։

Հայտնի են դեպքեր, երբ թալիբների զոհ են դարձել անչափահասները։ Այսպես, 2007 թվականին Պակտիկ շրջանում թալիբները գնդակահարել են դպրոցականի նրա համար, որ նա սովորել է անգլերեն[87]։ 2010 թվականին Հիլմենդ շրջանում նրանք մահապատժի են ենթարկել 7-ամյա տղայի, որը մեղադրվել է լրտեսության մեջ[88]։ 2011 թվականին նրանք կախել են 8-ամյա տղայի, որի հայրը, աշխատելով ոստիկանությունում, հրաժարվել էր անցնել նրանց կողմը[89]։

Թվաքանակ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալիբան» հոդվածին։