Դոֆամին

քիմիական միացություն

Դոֆամին (դոպամին, 3,4-դիհիդրօքսիֆենեթիլամին), սիմպաթոադրենալային համակարգի հորմոն, միջնորդանյութ (մեդիատոր)։ Դոֆամինի նկատմամբ կան հինգ տեսակի ընկալիչներ (D1—D5)։ Փոքր չափաքանակներով դոֆամինը կարող է դրդել նաև α- և β-ադրենաընկալիչներին։ Վերջիններիս վրա դոֆամինի ազդեցությունն ավելի շատ կրում է միջնորդավորված, անուղղակի բնույթ, քանի որ այն նպաստում է նախասինապսային պահեստներից նորադրենալինի արտազատմանը։

Դոֆամինի եռաչափ պատկեր
դոֆամինի շրջապտույտը հիմային կորիզներում

Սինթեզը

ԿՆՀ-ում գտնվող բոլոր բջիջներից մոտավորապես 400000-ն են սինթեզում դոֆամին[1]։ Հայտնի են դոֆամինային մի քանի կորիզներ՝ կամարաձև (nucleus arcuatum), սև նյութի դոֆամինային նեյրոներ[2][3][4]։ Արտաբրգային համակարգում դոֆամինը, որպես նեյրոմիջնորդանյութ բարձրացնում է շարժողական ակտիվությունը, վերացնում շարժողական արգելակումը և թուլացնում մկանների գերլարվածությունը։ Ենթատեսաթմբում և մակուղեղում դոֆամինն արգելակում է մի շարք հորմոնների հյութազատումը։ Այն իրականացվում է դոֆամինի տարբեր խտաստիճաններով, որն էլ պայմանավորում է կարգավորման բարձր յուրահատկությունը։ Դոֆամինի արգելակող ազդեցությունն առավելապես արտահայտվում է պրոլակտինի, համեմատաբար թույլ՝ սոմատոլիբերինի և սոմատոստատինի, առավել թույլ՝ կորտիկոլիբերինի, ադենոկորտիկոտրոպ հորմոնի, և ամենաթույլը՝ թիրեոլիբերինի և թիրեոտրոպ հորմոնի նկատմամբ։

Արվիդ Կառլսոն 2011

Հայտնաբերումը

Առաջին անգամ սինթեզվել է 1910 թվականին Ջորջ Բարգերի և Ջեյմս Էվենսի կողմից Լոնդոնի լաբորատորիաներից մեկում[5]։ Այն կոչվեդ դոֆանին (դոպամին), քանի որ մոնոամին էր, որի նախանյութը (պրեկուրսոր) Բերգեր-Էվենսի սինթեզում 3,4-դիհիդրոօքսիֆենիլալանինն է։ Որպես միջնորդանյութ դոֆաինի նշանակությունը առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին Արվիդ Կառլսոնի և Նիլս-Ակե-Հիլլարփի կողմից Շվեդիայում[6]։ 2000 թվականին Կառլսոնը արժանացավ Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում։

Կատեխոլամինների և ամինների կենսասինթեզը

Նշանակությունը

Դոֆամինը բարձրացնում է արյունատար անոթների ծայրամասային դիմադրությունը, սակայն ավելի թույլ, քան նորադրենալինը, մեծացնում է զարկերակային արյան ճնշումը, խթանում սրտի կծկման ուժն ու հաճախությունը, մեծացնում սրտի սիստոլային ծավալը։ Երիկամներում առկա դոֆամինային ընկալիչների միջոցով այս հորմոնը մեծացնում է երիկամային արյունահոսքը և պատիճային քամումը, սակայն մեծ քանակներով դոֆամինը երիկամների վրա թողնում է հակառակ ազդեցություն։ Դոֆամինն ընկճում է ալդոստերոնի և ռենինի հյութազատությունը, սակայն խթանում է երիկամների կողմից պրոստագլանդինների հյութազատությունը։ Այս հորմոնն ընկճում է մարսողական ուղու շարժողական ակտիվությունը, իսկ կենտրոնական նյարդային համակարգում դրդում է փսխման քիմիաընկալիչներին։ Արյունաուղեղային պատնեշով դոֆամինը շատ քիչ է թափանցում։ Շոկի, վնասվածքների, այրվածքների, արյունահոսությունների, սթրեսի, ցավի, վտանգի և վախի ժամանակ արյան մեջ կտրուկ ավելանում է դոֆամինի քանակը։ Դոֆամինի քանակն ավելանում է նաև երիկամների արյան շրջանառության վատթարացման, արյան մեջ նատրիումի իոնների, անգիոթենզինի և ալդոստերոնի ավելացման դեպքում։

Գլխուղեղում դոֆամինէրգիական նեյրոնների ախտահարմամբ առաջանում է Պարկինսոնի հիվանդությունը։

Դոֆամին հայտնաբերվել է նաև բույսերում։ Այս նյութով հարուստ է բանանը, ավոկադոն, լոլիկը, բրյուսելյան կաղամբը[7]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ