Լաջվարդ

Լաջվարդ կամ կապույտ քար, մուգ կապույտ կիսաթանկարժեք քար, որը հնուց գնահատվում է իր վառ գունավորման համար։ Լաջվարդ դեռ մ.թ.ա. 7-րդ հազարամյակում[1] արդյունահանում էին Սար-ի Սանգի հանքահորերից[2] և Աֆղանստանի հյուսիս արևելյան հատվածում գտնվող Բադախշան նահանգի այլ հանքահորերից։ Լաջվարդի ուլունքներ են հայտնաբերվել Մեհրգարհի, Կովկասի և նույնիսկ Մավրիտանիայի նեոլիթյան գերեզմանատեղերում։ Այն օգտագործվել է նաև Թութենհամոնի (1341–1323 BC) թաղման դիմակի ունքերը նկարելու համար[3]։

Լաջվարդ
Լաջվարդն իր բնական վիճակում, Աֆղանստան
Ընդհանուր
ԿատեգորիաԱպար
Բանաձև
(կրկնվող միավորը)
տարբեր միներալների խառնուրդ, որտեղ լազուրիտը հիմնական բաղադրիչն է
Նույնականացում
ԳույնԿապույտ, սպիտակ կալցիտ և մեղրագույն պիրիտ բծերով
Բյուրեղային համակարգՈչ մի, քանի որ լաջվարդը ապար է։ Հիմնական բաղադրիչ լազուրիտը հաճախ հանդես է գալիս տասներկուանիստի տեսքով
Բեկումկենտ-կոնխոիդալ
Մոոսի կարծրություն5–5.5
Փայլխամրած
Շերտերվառ կապույտ
Ձգողականություն2.7–2.9
Բեկման ցուցանիշ1.5
Ենթակատեգորիափոխակերպված ապար

Միջին դարերի ավարտին լաջվարդն սկսում է արտահանվել Եվրոպա, որտեղ այն փոշիացնում են՝ ստանալով ծովազվարթ (ուլտրամարին) ներկը, որը կապույտ գունանյութերից ամենաթանկարժեքն էր։ Այն օգտագործվել է Վերածննդի և Բարոկկոյի ամենահայտնի նկարիչների կողմից՝ Մազաչչո, Պերուջինո, Տիցիան և Վերմեեր։ Նրանով ներկել են կենտրոնական կերպարների և հատկապես Մարիամ Աստվածածնի զգեստը։

Ներկայումս, հյուսիսային Աֆղանստանի և Պակիստանի հանքահորերը դեռ մնում են լաջվարդի ամենամեծ աղբյուրը։ Կարևոր են նաև Ռուսաստանի Բայկալ լճի արևմտյան հատվածում և Չիլիի Անդերում գտնվող հանքահորերը։ Քիչ քանակությամբ լաջվարդ է արդյունահանվում Իտալիայում, Մոնղոլիայում, ԱՄՆ-ում և Կանադայում[4]։

Ծագումնաբանություն

Հայերենում լաջվարդ բառը (գրաբարում՝ լազուարդ) ծագել է պարսկերեն لاجورد lājavard, բառից, որը պարսկերեն քարի անվանումն է[5] և այն վայրը, որտեղից արդյունահանում էին լաջվարդը[6][7][8]։

Հայերենում «լազուր» գույնն արտահայտող բառը ծագել է քարի անվանումից։

Գիտություն և կիրառություն

Բաղադրություն

Լաջվարդն ապար է, որի հիմնական բաղադրությունը լազուրիտն է[9] (25% - 40%), որը ունի (Na,Ca)8(AlSiO4)6(S,SO4,Cl)1-2[10] քիմիական բանաձևը։ Լաջվարդը պարունակում է նաև կալցիտ (սպիտակ), սոդալիտ (կապույտ) և պիրիտ (մետաղական դեղին)։ Այլ բաղադրիչներից են՝ աուգիտ, դիոպսիդ, էնստատիտ, միկա, հաույնիտ և այլն։ Լաջվարդը սովորաբար առկա է բյուրեղների տեսքով։

Գույն

Վառ կապույտ գունավորումը պայմանավորված է բյուրեղում եռածծմբի (S
3
) ռադիկալ անիոնի առկայությամբ[11]։

Կիրառություն

Լաջվարդը շատ լավ հղկվում է, որի պատճառով օգտագործվում է զարդերում, փորագրություններում, խճանկարներում, նախշազարդերում, փոքր քանդակներում և անոթներում։ Փոշիացված այն օգտագործվում է ուլտարամարին գունանյութի պատրաստման մեջ, որը լայնորեն կիրառվել է Վերածննդի որմնանկարներում և յուղանկարներում։ Այն դադարեց կիրառվել յուղանկարներում 19-րդ դարում, երբ արհեստական ճանապարհով ստացվեց ներկի սինթետիկ տարբերակը։

Լաջվարդի արհեստական տարբերակը սինթեզվում է Գիլսոնի գործընթացի ընթացքում, որի ժամանակ ստանում են արհեստական ծովազվարթ և ցինկի հիդրոֆոսֆատ[12]։

Ծանոթագրություններ