Հոլոքոստի ժխտում

Հոլոքոստի ժխտում, նեգացիոնիզմ, որի համաձայն Հոլոքոստ չի եղել այն ձևով, ինչ ներկայացնում է ընդհանուր ճանաչում գտած պատմագրությունը[1][2][3]։ Հոլոքոստը ժխտողներն իրենց դավադրության տեսությունում առաջ են քաշում փաստերը հօգուտ հրեաների թաքցնելու, մասշտաբային կեղծարարության և փաստերի խեղաթյուրման թեզեր[4][5][6][7]։ Հիմնականում վիճարկման առարկա են դառնում հետևյալ դրույթները[3][8][9][10][11].

Ժխտողները հաճախ պնդում են, որ վերոնշյալ տեղեկությունը գիտակցորեն կեղծվել է սիոնիստների կողմից՝ Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծումն արդարացնելու նպատակով[3][9][10][12]։

Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն։ Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով հակահրեականություն և նեոնացիստական տեսակետներ[2][9][10][13]։

ՄԱԿԳլխավոր ասամբլեան 2005 թվականի նոյեմբերի 21-ին առանց քվեարկության ընդունել է № 60/7 բանաձևը, որով քննադատում է Հոլոքոստի` որպես պատմական իրողության լրիվ կամ մասնակի ժխտումը։ Իսկ 2007 թվականի հունվարի 26-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա նախօրեին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է № 61/255 բանաձևը` «Հոլոքոստի ժխտում» անունով, որը դատապարտում է Հոլոքոստի` որպես պատմական իրողության ժխտումը[14]։ Մի շարք երկրներում Հոլոքոստի հրապարակային ժխտումը անօրինական է համարվում։

Ժխտման փաստարկներ

Ժխտման թեզը հաստատելու համար բերվում են հետևյալ փաստարկները[15][16][17].

  • Հրեաների զանգվածային անհետացումն իրենց բնակավայրերից տեղի է ունեցել ոչ թե նրանց բնաջնջման, այլ վերաբնակեցման արդյունքում։
  • Հրեաների ոչնչացման մասին փաստաթղթերի ու հրամանների բացակայությունը վկայում է, որ դրանք երբեք էլ չեն եղել, քանի որ կազմակերպիչները շտապ նահանջի պայմաններում չէին կարող դրանք ամբողջությամբ ոչնչացնել։
  • Հոլոքոստի իրողության վերաբերյալ շատ ավելի քիչ տեղեկություններ կան, քան ընդունված է համարել, իսկ եղածներն էլ հաճախ հակասում են իրար։
  • Գազով զանգվածային թունավորումը և զոհերի մարմինների այրումն այն քանակությամբ, որ բերվում է պաշտոնական պատմագրության մեջ, տեխնիկապես և տնտեսապես հնարավոր չէր իրականացնել։

Ժխտողների մի մասը, սրանով հանդերձ, ընդունում է, որ նացիստները մեծ թվով հրեաների փակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանցից շատերը մահացել են սովից և որ նացիստներն արևելյան ռազմաճակատում գնդակահարել են հրեաների[3][8]։

Ժողովրդագրություն

Աշխարհի հրեա բնակչության թվաքանակը միլիոն մարդով: Վերին երեք գրաֆիկները ենթադրյալ թվաքանակն է Հոլոքոստ չլինելու պարագայում, ստորինը` իրական: Աղբյուր` Սերջո դելա Պերգոլա։

Ժողովրդագրական խնդիրը քիչ է դիտարկվում Հոլոքոստը ժխտողների աշխատություններում և նրանց տեսության ամենախոցելի կողմն է, քանի որ դժվար է գտնել բացատրություն այն հարցին, թե Եվրոպայից ուր կորան միլիոնավոր հրեաներ, եթե նրանք չեն ոչնչացվել[18]։

Ինչպես պնդում է ռուս աշխարհագրագետ, գրող Պավել Պոլյանը, Հոլոքոստի ժողովրդագրական պատկերի մասին առաջին լուրջ աշխատանքը գրել է ամերիկացի սոցիոլոգ Ֆրենկ Հանկինսը 1958 թվականին։ Այս աշխատանքը չի հրատարակվել հեղինակի կենդանության օրոք` լույս տեսնելով միայն 1983 թվականին։ Հանկինսը չի ժխտել մահացածների թվաքանակը։ Այս աշխատանքի գլխավոր դրույթն այն է, որ 6 միլիոն հրեաների հիմնական մասի սպանության պատասխանատվությունը կրում է ոչ թե Հիտլերը, այլ Ստալինը։ Սակայն, ինչպես գրում է Պոլյանը, իրականում ԽՍՀՄ-ում հակահրեական զանգվածային բռնությունների մասին վկայություններ չեն հայտնաբերվել, այդ թվում և խորհրդային արխիվների բացումից հետո[19]։ Պոլյանը քննադատում է Հանկինսի աշխատանքը սկզբնաղբյուրների հետ` ցույց տալով, թե նա ինչպես է սխալ եզրահանգումներ կատարում։ Չնայած դրան` Հանկինսը հիմք է ստեղծել հետագա ժխտողների համար` ցույց տալով ցեղասպանության զոհերի ժողովրդագրական հաշվարկի խնդիրները[20]։

1983 թվականին՝ Հանկինսի գրքի լույսընծայումից գրեթե անմիջապես հետո, գրող Ուոլթեր Սենինգը հրատարակել է «Արևելյան Եվրոպայի հրեաների անհետացումը» գիրքը, որտեղ նա նկարագրել է, որ եվրոպական հրեաների մեծ մասը կարողացել է զարտուղի միջոցներով (այդ պատճառով էլ շրջանցել է պաշտոնական վիճակագրությունը) փախչել ԽՍՀՄ, ԱՄՆ և Պաղեստին[21][22][23][24]։ Հոլոքոստը ժխտողներից մեկը` Արթուր Բատցը, հայտարարել է, որ իբր սպանված հրեաները իրականում գոյատևել են` հետագայում չվերականգնելով իրենց կապերը մինչպատերազմյան շրջանի ազգականների հետ։

Ժխտողներին քննադատողները մատնանշում են, որ ոչ մի իրական բացատրություն չկա, թե հատկապես որտեղ են վերաբնակություն հաստատել 5-6 միլիոն հրեաները[25]։ Մասնավորապես Սենինգը իր հաշվարկներում օգտվել է անարժանահավատ տեղեկություններից` հեգնելով պաշտոնական աղբյուրները։ Իր օգտագործած աղբյուրներից նա ընտրել է այն տեղեկությունները, որոնք հաստատել են իր առաջ քաշած դրույթները` մնացած փաստարկները մի կողմ դնելով[26]։ Ժողովրդագիր Սերժո դելա Պերգոլան մատնանշում է, որ Հոլոքոստի արդյունքում սկսել է ծայրահեղ նվազել հրեական բնակչության թվաքանակը ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Նա նշում է, որ հրեական բնակչության քանակն աշխարհի ժողովուրդների ժողովրդագրական պատկերում 1939 թվականի 0.75 %-ից նվազել է 0.23 %-ի 21-րդ դարասկզբում։ Պերգոլայի հաշվարկներով, եթե Հոլոքոստ չլիներ, հրեական բնակչության թիվը 1990-ական թվականներին կկազմեր 20-31 միլիոն մարդ, բայց իրականում այն 13 միլիոն է[27]։

Հոլոքոստն ուսումնասիրողները հենվում են հրեաների բնաջնջման` գոյություն ունեցող հասանելի վիճակագրության վրա, այդ թվում ՍՍ-ի մարմինների կազմած փաստաթղթերի վրա։ Ժխտողները հեգնում են գերմանական վիճակագրության գրեթե բոլոր տվյալները` ներառյալ Հայնրիխ Հիմլերի ներկայացուցիչ դոկտոր Ռիխարդ Կորհերի երկու հաշվետվությունները, որն արդեն 1943 թվականի մարտի 31-ին փաստում էր Եվրոպայում հրեական բնակչության կրճատումը 4.5 միլիոնով[28][29][30]։ Հոլոքոստի հուշագրական թանգարանի` Յադ Վաշեմի տվյալներով՝ 2010 թվականին դեկտեմբերի դրությամբ 4 միլիոն զոհի ինքնությունը հաստատված է անձնապես[31]։

Ոչնչացման վերաբերյալ փաստաթղթեր

1943 թվականին գեներալ Հանս Կամլերին ուղարկված փաստաթղթի կրկնօրինակը` ցուցումով, թե ինչքան մարդ կարելի է ոչնչացնել Օսվենցիմում 1 օրվա ընթացքում` 4756։

Շվեյցարացի հրապարակախոս Յուրգեն Գրաֆը գրում է, որ Հիտլերի` հրեաների ֆիզիկական ոչնչացման ոչ մի հրաման չի գտնվել, ի տարբերություն, օրինակ, անհույս հիվանդների սպանման կամ ամերիկացի օդաչուների մահապատժի։ Դևիդ Իրվինգը պնդում էր, որ Հիտլերի կենսագրությունը գրելիս սկզբնաղբյուրներում ոչ մի փաստաթղթի չի հանդիպել, որ կվկայեր ցեղասպանությանը նրա մասնակցությունը[32]։ Նա մասնավորապես հայտարարել է, որ առաջարկում է «1.000 ֆունտ ստերլինգ տալ ցանկացած մարդու, ով կարող է պատերազմական շրջանի գեթ մեկ փաստաթուղթ ներկայացնել, որը կապացուցի, որ Հիտլերն իմացել է, օրինակ, Օսվենցիմի մասին»[33]։ Ոչնչացման փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են հետագայում, ցեղասպանության ժխտողները համարում են հետպատերազմյան կեղծարարություն[34]։ Ժխտողները մեկնաբանում են «հրեական հարցի վերջնական լուծում» եզրը որպես բնակչության միգրացիա կամ տեղահանություն, բայց ոչ բնաջնջում[35]։

Հոլոքոստի` ընդհանուր ճանաչում ստացած տեսակետի ներկայացուցիչները մատնանշում են, որ Եվրոպայի հրեաների բնաջնջման ծրագիրը գոյություն է ունեցել, և Երրորդ Ռայխի ղեկավարներն այդ առումով միանշանակ հայտարարություններ են կատարել։ Օրինակ` Յոզեֆ Գեբելսի օրագրում գրված է.

  • Փետրվարի 15, 1942 թվական։ Ֆյուրերը մեկ անգամ ևս հայտնել է Եվրոպան հրեաներից անխնա մաքրելու իր պատրաստակամությունը։ Այստեղ չպետք է լինի ոչ մի սենտիմենտալիզմ։ Հրեաները վաստակել են այն աղետը, որ հիմա կատարվում է նրանց հետ։ Մենք պետք է արագացնենք այդ գործընթացը սառնասիրտ անգթությամբ։
  • Մարտի 27, 1942 թվական։ Սա բավական բարբարոս գործընթաց է, որ չպետք է այստեղ մանրամասն նկարագրվի։ Քիչ հրեաներ կմնան։ Հիմնականում կարելի է ասել, որ նրանց 60 %-ը կոչնչացվի, և միայն 40 %-ը կմնա որպես աշխատուժ։

Սրանով հանդերձ, հենց նացիստների հաշվարկներով Եվրոպայում ավելի քան 11 միլիոն հրեա է եղել, իսկ դրա 60 %-ը կազմում է 6.6 միլիոն մարդ[36][37]։

Հրեաների նպատակաուղղված զանգվածային ոչնչացման համանանման միանշանակ հայտարություններ են արել Հիտլերը, Հիմլերը և ավելի ցածր աստիճանի բազմաթիվ պաշտոնյաներ[38]։

Կոնկրետ փաստաթուղթ, որ կվկայեր հրեաների զանգվածային բնաջնջման ճշգրիտ ամսաթվի մասին, չի պահպանվել։ Սակայն պատմաբանների մի մասը վստահ է, որ նման փաստաթուղթ եղել է, և այն ընդունվել է 1941 թվականի ամռանը։ Մասնավորապես, «Եվրոպական հրեաների ողբերգությունը» դասագրքի հեղինակները համարում են, որ դա կարող էր լինել Հիտլերի բանավոր գաղտնի հրամանը[39]։ Նրանք հղում են կատարում գերմանացի պատմաբան Մարտին Բրոշատին, որը «Հիտլերի պետությունը» գրքում ուսումնասիրել է Գերմանիայի ղեկավարման համակարգը։ Նույն կարծիքն է հայտնում նաև պատմաբան Հելմուտ Կրաուզնիկը։ Ուրիշ գիտնականներ (մասնավորապես Ռաուլ Հիլբերգը և ինքը Մարտին Բրոշատը) ենթադրում են, որ նման փաստաթուղթն ի հայտ է եկել ավելի ուշ կամ էլ ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Սակայն, ինչ էլ որ լինի, չի կարելի ժխտել հրեաների զանգվածային ոչնչացման գերմանական քաղաքանությունը[40]։ Քրիստոֆեր Բրաունինգը կարծում էր, որ տեղահանման ծրագրից բնաջնջման ծրագրին անցումը կատարվել է 1941 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[41]։

Պատմաբանների մեծամասնության մոտ կասկածներ չկան, որ Հիտլերն անձնապես մասնակից է եղել հրեաների զանգվածային բնաջնջման ծրագրին[33]։ Մասնավորապես, հրեա պատմաբան Սաուլ Ֆրիդլենդերը բերում է այնզաց խմբերի անձնական հաշվետվության օրինակներ և Ուկրաինայի Ռովնո շրջանում կենդանի մնացած հրեաների ոչնչացման` Հիտլերի ուղղակի հրամանը 1942 թվականին։ Բացի այդ, ինքնասպանության նախօրեին` 1945 թվականի ապրիլի 29-ին, Հիտլերը հրեաների ոչնչացումը համարել է նացիոնալ-սոցիալիստների` մարդկությանը թողած մեծագույն ծառայությունը[40]։

Վկաների ցուցմունքների քննադատություն

Աննա Ֆրանկի օրագիրը

Ականատեսների վկայությունների քննադատությունը պատմաբանների կարծիքով ցեղասպանությունը ժխտողների փաստարկների ուժեղ կողմերից է, քանի որ գերությունը վերապրածների պատմությունները, իսկապես, աչքի են ընկնում անճշտություններով, չափազանցություններով ու հակասություններով[42]։

Մասնավորապես, ռևիզիոնիստ Ֆրիդրիխ Բրուկները գրում է, որ Օսվենցիմում հրեաներին գազով սպանելու վկաները բազմիցս փոխել են իրենց ցուցմունքները, ինչպես նաև անհավանական պնդումներ են արել, օրինակ, 25 մ² տարածքում 700-800 մարդ տեղավորվելու մասին (ստացվում է 32 մարդ 1 մ² տարածքում, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ)[43]։

Հենց իրենց` նացիստների դիտարկումները ժխտողները համարում են սպառնալիքների կամ կտտանքների ազդեցությամբ կորզված, ամբողջությամբ կեղծված[18][34][44]։

Պատմաբանների կարծիքով ժխտողների բացատրությունները, որ նացիստների բազմաթիվ ցուցմունքներ ստիպողական են եղել, քննադատության չի ենթարկվում, քանի որ վկայությունները կրկնվել են նաև ավելի ուշ շրջանում` ընդհուպ մինչև 1960-ական թվականները, երբ ոչ մի ճնշում չի գործադրվել[34][38]։ Առանձին ոչ պարկեշտ խոստովանություններ չեն կարող ստահոդ դարձնել այն բազմաթիվ վկայությունները, որ թողել են ականատեսները[45][46]։ Օրինակ, Հոլոքոստը ժխտողները հերքում են ականատես Ռուդոլֆ Վրբայի վկայությունները Օսվենցիմի գազի խցիկների մասին միայն այն բանի համար, որ ականատեսը շփոթել է Հայնրիխ Հիմլերի` գազախցիկ այցելելու օրը[18]։ Ժխտողները, մերժելով ականատեսների վկայությունները ժամանակի տարբերության կամ դեպքերի նկարագրության առումով, հաշվի չեն առնում վկաների անհատականությունը և իրողությունների սուբյեկտիվ վերարտադրումը։ Պատմաբանները կարծում են, որ անձնական վկայությունները պատմական կարևոր աղբյուր են և որոշ մանրուքներում դրանց տարբերությունը չի նվազեցնում նրանց հավաստիությունը[47]։

Պատմաբան Ալեքսանդր Նեմիրովսկին նշում է, որ ականատեսների ցուցմունքներում եղած հակասությունները փոքրիկ մանրամասներում միանգամայն բնական են, քանի որ ականատեսները երբեմն ուղղակի չէին կարող դրանք ճշտորեն իմանալ և որոշ հատվածներում նրանք ներկայացրել են իրենց ենթադրությունները։ Սակայն բազմաթիվ օբյեկտիվ տվյալներով հաստատված զանգվածային սպանությունների փաստի ժխտումը հիմնավորված չէ որոշ վկայություններում առկա հակասություններով[46]։

Ժխտողներից ֆրանսիացի գրող Ռոբեր Ֆորիսոնը հետպատերազմյան կեղծիք է համարում Աննա Ֆրանկի օրագիրը[48]։ Բազմաթիվ դատաքննություններ, այդ թվում՝ Ռազմական փաստաթղթերի նիդերլանդական պետական ինստիտուտը, հերքել են Ֆորիսոնի ենթադրությունները[49]։

Դիակիզարանների արտադրողականություն

Բիրկենաուի III դիակիզարանի մուտքը, Օսվենցիմ։

Յուրգեն Գրաֆն իր «Առասպել Հոլաքոստի մասին» գրքում գրում է, որ Օսվենցիմի դիակիզարաններում անհնար կլիներ այնպիսի քանակությամբ դիերի այրումը, ինչը նշվում է գրականության մեջ` օրական 4756 դիակ։ Ռաուլ Հիլբերգին արված հղումով նա մուֆելային վառարանների հետևյալ հաշվարկն է անում.

Օսվենցիմի կենտրոնական առաջին դիակիզարանն ունեցել է մուֆելային 6 վառարան, Բիրկենաուի երկրորդ և երրորդ դիակիզարանները` 15-ական վառարան, իսկ Բիրկենաուի չորրորդ և հինգերորդ դիակիզարանները` 8-ական վառարան։ Ընդհանուր հաշվարկով ստացվում է 52 վառարան։

Գրաֆը պնդում է, որ ժամանակակից դիակիզարաններում մեկ դիակի այրումը տևում է 1-1.5 ժամ։ Եթե 52 վառարանում վառեին 4756 դիակ, ապա ամեն վառարանին օրական բաժին կհասներ 95 դիակ։ Այդ հաշվարկների համաձայն` Օսվենցիմի դիակիզարանների թողունակությունը 4 անգամ գերազանցում է ժամանակակից դիակիզարաններին[50]։

Քննադատների կարծիքով ժխտողները փոքրացնում են նացիստական դիակիզարանների թողունակությունը։ Ճիշտ չէ դրանց համեմատումը ժամանակակից քաղաքացիական դիակիզարանների հետ, քանի որ այս դեպքում նման արարողությունը տեղ չունի[46][51]։

1943 թվականի հունիսի 28-ի Բեռլին` ՍՍ գեներալ Հանս Կամլերին ուղարկված գրության մեջ նշվում է 1 օրում կիզվող դիերի քանակը` 4756[52][53]։ «Տոպֆ և որդիներ» ընկերությունը, որ մուֆելային վառարաններ էր արտադրում դիակիզարանների համար, 1951 թվականին ստացել է արտոնագիր, որում նշվում է, որ մեկ վառարանը մեկ դիակի կիզումն իրականացնում է կես ժամում։ Դեռևս 1941 թվականին Տոպֆը գրել է Հիմլերին[54].

Տոպֆ կրկնակի վառարաններում, որոնք աշխատում են կոքսով, 10 ժամվա ընթացքում կարելի է իրականացնել 30-35 դիակի կիզում։ Այս թվով դիակներ կարելի է կիզել` առանց վառարանի գերբեռնման։ Հոգ չէ, եթե արտադրության թելադրանքով պայմանավորված` վառարանն աշխատի գիշեր ու ցերեկ։

Բացի այդ, երբ վառարանները չեն բավարարել պահանջարկը, կիզումն իրականացվել է բաց հորերում գիշեր և ցերեկ[55]։

Գազով թունավորում

Գազի խցիկ Մայդանեկում

Ռաուլ Հիբերգի կարծիքով մարդկանց զանգվածային թունավորման համար նախատեսված գազի խցիկների գոյության հարցը նացիստների հանցավոր մտադրության իրականացման ամենակարևոր հարցերից է։ Օսվենցիմը համարվում է Հոլոքոստի խորհրդանիշը, այդ պատճառով գազի խցիկների թեման ցեղասպանությունը ժխտողների բանավեճում կենտրոնական տեղ է զբաղեցնում։

Ժխտողները պնդում են, որ գազի խցիկները բանտարկյալների զանգվածային սպանությունների վայր չեն եղել, այլ պատսպարաններ։ Նրանք նաև պնդում են, որ խցիկների կառուցվածքը թույլ չէր տա իրականացնել գազով թունավորումներ[34][56]։

Մարկ Վեբերը, Ռոբեր Ֆորիսոնին հղելով, գրում է, որ Դուայթ Էյզենհաուերի, Ուինսթոն Չերչիլի և Շառլ դը Գոլի հուշագրություններում ոչ մի անգամ չեն հիշատակվել գազի խցիկները[57]։

Հոլոքոստը ժխտողները հաճախ հղում են կատարում գերմանացի պատմաբան Մարտին Բրոշատին, որը գրել է, որ Բերգեն-Բելզենում և Բուխենվալդում գազի խցիկներ ընդհանրապես չեն եղել, իսկ Դախաու համակենտրոնացման ճամբարում դրանց կառուցումն ավարտին չի հասցվել։ Սակայն գազով թունավորումները հիմնականում իրակացրել են ոչ թե Գերմանիայի, այլ Լեհաստանի տարածքում` Հելմնոյում, Բելժեցում, Սոբիբորում, Տրեբլինկայում և Օսվենցիմում։ Բացի այդ, ի տարբերություն նահանջից առաջ նացիստների կողմից ոչնչացված գազի խցիկների` Մայդանեկում պահպանվել է գազի խցիկ[58]։

Արտազատվող գազը` ցիանական թթուն, պատերի ծածկույթի վրա ձևավորում է քիմիական կայուն միացություն, սակայն պատի քերուքի վերլուծությունը, որ կատարել են ամերիկացի տեխնիկ Ֆրեդ Լեյխտերը և գերմանացի քիմիկոս Գերմար Ռուդոլֆը, տվել է բացասական արդյունք[59]։

Սակայն Լեյխտերի և այլոց հետազոտությունները, որոնց հղում են կատարում ցեղասպանությունը ժխտողները` ապացուցելով, որ Օսվենցիմում մարդկանց թունավորում չի իրականացվել, կատարվել են մեթոդական մի շարք սխալներով, որոնք հանգեցրել են սխալ եզրակացության։ 1994 թվականին Կրակովի Դատական քննության ինստիտուտը հրապարակել է Օսվենցիմի և Բիրկենաուի գազախցիկների ցիանիդի մանրամասն հետազոտությունը, որի արդյունքում «հաստատվել է ցիանիդի առկայությունը բազմաթիվ գազախցիկների ավերակներում»[58]։

Աուշվից-2 գազի խցիկի ավերակները։

Պնդումները, որ խցիկներում անցքեր չեն եղել գազի արտահոսքի համար, հերքում են ականատեսները՝ փաստաթղթերով և նրագույն հետազոտություններով, իսկ խցիկների` ապաստարաններ լինելու մասին փաստարկները չեն հաստատվել, քանի որ դրանք բավական հեռու են եղել զորակայաններից[34][56][60]։ Օսվենցիմի 5 գազախցիկներից միայն մեկն է 1944 թվականին վերածվել ապաստարանի[58]։

Քննադատները նշում են, որ ժխտողները հերքում են իրենց իսկ կողմից առաջ քաշված տեսակետը, թե իբր 6 միլիոն հրեա սպանվել է հենց գազի խցիկներում։ Համենայն դեպս, գիտական պատմագրությունը նման տեսակետ երբեք առաջ չի քաշել. գազի խցիկներում սպանվել է Հոլոքստի զոհերի մի մասը միայն, իսկ մնացածը մահացել են այլ պատճառներով` գնդակահարություն, սով, հիվանդություններ[46][61]։ Ժխտման համանման օրինակ է հանդիսանում Լեոն Դեգրելի «Օսվենցիմի գազի խցիկներում օրական 24.000 սպանվածների մասին պաշտոնական վիճակագրությունը» այն դեպքում, երբ 24.000 մարդ մեկ օրում Օսվենցիմում սպանվել է նրա ողջ գոյության մեջ միայն մեկ անգամ` 1944 թվականի հունիսի 28-ին[62][63]։

Հոլոքոստի ժխտման ու ռևիզիոնիզմի պատմություն

1945-1970

Հոլոքոստի ժխտման հիմքեր ստեղծել են հենց նացիստները. երբ հասկանալի դարձավ, որ հնարավոր է պատերազմը տանուլ տալ, Հիմլերը հրամայել է ոչնչացնել ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը։ 1945 թվականի ապրիլին նա պաշտոնական հրամանագիր է ստորագրել, որ համակենտրոնացման ճամբարներում գտնվող ոչ մի բանտարկյալ «կենդանի չընկնի թշնամու ձեռքը»[64]։

Ինդիանայի համալսարանից Ռոբերտ Վեստը ենթադրել է, որ Հոլոքոստի առաջին ժխտողը եղել է շոտլանդացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ալեքսանդր Ռատկլիֆը (անգլ.՝ Alexander Ratcliffe), ով 1945 թվականի վերջին իր «Vanguard» ամսագրում պնդել է, որ Հոլոքոստը հրեաների երևակայության արդյունքն է։ Ռատկլիֆը նաև պնդել էր, որ բրիտանական կառավարությունը փաստացի հսկվում է հրեաների կողմից, իսկ Հիտլերը Եվրոպայի փրկարարն է բոլշևիզմից[10][65][66]։ Վաղ հերքողներից մեկն էլ անգլիացի գրող և լրագրող Դուգլաս Ռիդն է[67][68]։

Պատմաբան և ժողովրդագիր Պավել Պոլյանը գրել է, որ Նյուրնբերգյան դատավարության եզրակացություններն առաջին անգամ կասկածի տակ է դրել ֆրանսիացի Մորիս Բարդեշը 1947 թվականին։ Բարդեշը պնդում էր, որ գերմանական ճամբարներում մարդկանց զանգվածային մահվան պատճառ են եղել ռազմական խիստ պայմանները և դրանց հետևանքով մարդկանց հյուծվածությունն ու համաճարակները[69]։

Սակայն Հոլոքոստի առաջին ժխտողը, որը հանրաճանաչություն է ձեռք բերել, ֆրանսիացի Պոլ Ռասինյեն է, որը պատերազմի տարիներին եղել է Դիմադրության շարժման մեջ և Բուխենվալդի գերիներից, իսկ պատերազմից հետո դարձել է խորհրդարանի պատգամավոր։ 1848 թվականին նա լույս է ընծայել «Սահմանների հատում» (ֆր.՝ Le Passage de la Ligne) գիրքը, որում, չհերքելով ահաբեկչության քաղաքականությունը և հրեաների ոչնչացումը համակենտրոնացման ճամբարներում, ողջ մեղքը դնում է արտոնյալ գերիների` կապոների վրա, որոնք հսկում էին բարաքները։ Ռասինյեն կասկած է հայտնում և՛ զոհերի թվի, և՛ գերմանացիների՝ հրեաների դիտավորյալ սպանության վերաբերյալ[70]։

1961 թվականին Ռասինյեն հրատարակում է «Ուլիսի խաբկանք» գիրքը, իսկ 1964 թվականին՝ «Եվրոպացի հրեաների դրաման» գրքերը։ Ռասինյեն փորձում էր ապացուցել, որ մահացել է ընդամենը 0.5-1.5 միլիոն հրեա և կրկնում էր Բարդեշի պնդումը, որ նրանք մահացել են ոչ թե այն պատճառով, որ գերմանացիները սպանել են նրանց, այլ որ չեն կարողացել հարմարվել պատերազմական դաժան պայմաններին[71]։ 1964 թվականին Ռասինյեն ժխտողներից առաջինը հայտարարեց, որ ոչ մի գազի խցիկ գերմանացիները չեն ունեցել[69]։

Այդ շրջանում Հոլոքոստի ժխտումը Եվրոպայում թռուցիկ երևույթ էր, քանի որ պատերազմի մասին հիշողությունները թարմ էին, և շատ ականատեսներ դեռևս կենդանի էին[69]։

ԱՄՆ-ում Հոլոքոստի ժխտման պարարտ հող էր իզոլյացիոնիզմը (ուղղություն արտաքին քաղաքականության մեջ, որի հիմքում ընկած էր այլ պետությունների, ժողովուրդների գործերին չմիջամտելը), որի առավել հայտնի ներկայացուցիչներից էր պատմաբան-գերմանասեր Գարի Էլմեր Բարնսը։ Իզոլյացիոնիստների կարծիքով ԱՄՆ-ն իզուր էր ներքաշվել Գերմանիայի դեմ պատերազմի մեջ, որ հրահրել էին նրա թշնամիները` մասնավորապես Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան։ Համանման տեսակետ է հայտնել Դևիդ Հոգանը իր «Պարտադրված պատերազմ» գրքում[72]։ Հոլոքոստի ժխտումը նման հանգամանքներում առասպելի տեսք է ընդունում այն մասին, որ բազմաթիվ հրեաներ փրկվել են` տեղափոխվելով այլ երկրներ։ 1968 թվականին Բարնսը մեղադրել է Իսրայելին չեղած հրեական դիակների համար Գերմանիայից գումար ստանալու համար[73]։

1970 թվականից հետո

1970-ական թվականները նշանավորվեցին Եվրոպայում ժխտողական շարժման աճով. թողարկվում են բազմաթիվ գրքեր, հոդվածներ, սկսվում են հարձակումներ Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշի` Օսվենցիմի նկատմամբ[69]։

1973 թվականին Գերմանիայում լույս են տեսնում Տիս Կրիստոֆերսենի «Օսվենցիմի սուտը», «Ստի կասկածելի համադրումներ», Էմիլ Արեցի «Խաբեություն 6 միլիոնի մասին» գրքերը։ 1974 թվականին Մեծ Բրիտանիայում հրատարակվել է Ռիչարդ Հարվուդի «Արդյոք մահացել է 6 միլիոն» գիրքը։ Հարվուդն ապացուցում էր, որ մահացել է ընդամենը 10 000 հրեա, ընդ որում՝ բռնությունները հատուկ ուղղված չէին հրեաների նկատմամբ, այլ նացիստական ռեժիմի հակառակորդների[71]։ Այս շրջանում իր գրքերն ու էսսեներն է հրատարակում համբուրգցի իրավաբան Վիլհելմ Շտեգլիխը, որը կենտրոնացած էր Հոլոքոստի մասին վկայությունները ժխտելու վրա։

Օստին Էպպը ձևակերպել է «8 անհերքելի դրույթներ», որոնք երկար տարիներ դարձան ժխտողների «կատեխիզիսը»[74]։

  • Նացիստների ծրագրերը նախատեսում էին հրեաների տեղահանումը Երրորդ ռայխին պատկանող տարածքներից, իսկ բնաջնջման ծրագիր երբեք չի եղել։ «Վերջնական լուծում» եզրը նշանակել է տեղափոխում, ոչ թե ոչնչացում։
  • Անհետացած եվրոպական հրեաների մեծամասնությունը չի սպանվել, այլ արտագաղթել է ԱՄՆ, Պաղեստին և ԽՍՀՄ։ Այդ պատճառով էլ նրանք դուրս են մնացել վիճակագրությունից։
  • Գերմանացիներից տուժած հրեաները եղել են պարտիզաններ, դիվերսանտներ, սաբոտաժներ և նացիստական ռեժիմի հակառակորդներ։ Նրանց նկատմամբ խստագույն վերաբերմունքն արադարացված է պատերազմական ժամանակի օրենքներով։
  • Փաստաթղթերը, որոնցում երևում է Հոլոքոստի մտացածին լինելը, գտնվում են խորհրդային ու իսրայելական արխիվներում և անհասանելի են անկաշառ հետազոտողների համար։
  • Հրեաների ոչնչացումը ռազմական ժամանակաշրջանի դաշնակիցների մտքի արդյունք է, որ ստեղծվել է հրեական ԶԼՄ-ների ջանքերով ազգայնական շարժումը Եվրոպայում և ողջ աշխարհում ճնշելու համար։
  • «Հոլոքոստի մասին առասպելը» թույլ է տալիս հրեաներին և Իսրայել պետությանը ստանալ բարոյական կարևոր առավելություններ և նյութական շահ։
  • Այս «խաբեությունը» շարունակում է գոյություն ունենալ հրեական «գիտական ճիչի» և «ազնիվ» պատմաբանների նկատմամբ բռնությունների շնորհիվ։

Այս շրջանի ամենահայտնի գիրքն էլեկտրոնիկայի մասնագետ Արթուր Բատցի «20-րդ դարի հերյուրանք» գիրքն է, որ լույս է տեսել 1975 թվականին։ Բատցն ապացուցում էր, որ հրեաների շրջանում զոհերի թիվը կազմել է 1 միլիոն մարդ, և պնդում էր, որ Վերմախտը և ՍՍ-ն չեն իրականացրել հրեաների կոտորած։ Նրա կարծիքով գերմանացիների քաղաքականությունը նպատակաուղղված է եղել հրեաների վերաբնակեցմանը Ռայխի սահմաններից դուրս, նրանց գույքի բռնագրավմանը և հրեական աշխատուժի օգտագործմանը ռազմական գործարաններում[71]։

1978 թվականներին Դևիդ Մակալդենը և Ուիլիս Կարտոն հիմնում են «Պատմության վերանայման ինստիտուտ» կազմակերպությունը, որն իր առաջ բացահայտ նպատակ է դնում ժխտելու Հոլոքոստի պատմության` համընդհանուր ճանաչում ստացած տեսակետը[75][76]։ Ինստիտուտը պատմական ռևիզիոնիզմի ավանդական ներկայացուցչի դերն է ստանձնում։ Նրա հրապարակած ու տարածած նյութերի մեծամասնությունն ուղղված էր Հոլոքոստի հետ կապված փաստերի ժխտմանը[77]։ Այն դարձավ Հոլոքոստը ժխտող ամենակարևոր կազմակերպություններից մեկը։ 2000 թվականից ինստիտուտի տնօրեն է դառնում Մարկ Վեբերը` քչերից մեկը ժխտողներից, որն ունեցել է մասնագիտական պատմական կրթություն[78]։

«Պատմության վերանայման ինստիտուտը» սկսում է հրատարակել Journal of Historical Review ամսագիրը և կազմակերպել միջազգային համաժողովներ այդ թեմայով[71]։ Դրանցից առավել խոշորն ու ներկայացուցչականը 2006 թվականի դեկտեմբերի 11-12-ին կայացած համաժողովն էր «Հոլոքոստի ակնարկ. գլոբալ տեսություն» վերնագրով, որ կազմակերպել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

1970-ական թվականների կեսերից ռևիզիոնիզմը, որ նախկինում ասոցացվում էր բացառապես նեոնացիզմի հետ, ինքնուրույն շարժման համբավ է ձեռք բերում` ստանալով որոշակի հարգանք[71]։ Ժամանակից հերքողների գրքերն ու հոդվածները գրվում են հարաբերականորեն չեզոք լեզվով` ապահովելով մեծ քանակությամբ հղումներ սկզբնաղբյուրներից, ինչը նրանց արտաքնապես նման է դարձնում գիտական գրականությանը[10]։ Ժխտողական նյութերի տարածման գործում գլխավոր դեմք է հանդիսանում Կանադայում ապրող գերմանացի ռևիզիոնիստ Էռնստ Ցյունդելը[79]։ Սթիվեն Ատկինսը գրում է, որ այդ շարժումը բազմանդամ է. աշխարհում հաշվվում է մոտ 250 ակտիվիստ, սակայն շարժման համախոհներն ավելի շատ են[80]։

Հոլոքոստը ժխտողների նշանակալից հաջողությունը Հոլոքոստի թեմայով բաց քննարկումների կոմիտեի վճարովի հայտարությունների հրատարակումն է ԱՄՆ-ի համալսարանական թերթերում։ Կոմիտեն հիմնադրել են Մարկ Վեբերը և Բրեդլի Սմիթը։ 1989 և 1992 թվականներին երկու ընկերություններ նրանց օգնել են ոչ միայն հայտնվել խոշոր համալսարանների ուսանողների ու դասախոսների նախատրամադրված լսարանում, այլև հասնել այն բանին, որ ռևիզիոնիստներով առաջին անգամ հետաքրքրվել են հեռուստատեսությունն ու ազգային խոշոր թերթերը։

21-րդ դարի սկզբից ժխտողներն իրենց գաղափարները տարածելու համար սկսել են զանգվածաբար կիրառել համացանցը։ Ստեղծվել են շատ կայքեր, որտեղ հրապարակվում են ռևիզիոնիստների հոդվածները[81][82][83][84]։ 2000-ական թվականների վերջում ժխտողներն ակտիվացել են նաև սոցիալական կայքերում[85]։

Սկանդալներ

Մերմելշտայնն ընդդեմ «Պատմության վերանայման ինստիտուտի» դատավարություն

1980 թվականին «Պատմության վերանայման ինստիտուտը» 50 000 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում է խոստացել ցանկացած մարդու, ով կարող է ապացուցել, որ հրեաներին Օսվենցիմում սպանել են գազով։ Օսվենցիմի նախկին գերի Մել Մերմելշտեյնը, որը Մուկաչևոյի բնակիչ է եղել, ընդունել է մարտահրավերը` ներկայացնելով նոտարի կողմից հաստատված փաստաթուղթ, որի համաձայն՝ նա տեղահանվել է Օսվենցիմ և ականատես է եղել, թե ինչպես են գերմանացիներն իր մորն ու երկու քույրերին տեղավորել № 5 գազի խցիկում[86]։

Ինստիտուտը մերժել է ընդունել այդ վկայությունները և վճարել խոստացված պարգևը, ինչից հետո Մարմելշտայնը դիմել է Լոս Անջելեսի դատարան` խոստացված պարգևատրումը վճարելու և բարոյական փոխհատուցման պահանջով[87]։

Դատարանը գործի քննության ժամանակ ընդունել է Մարմելշտայնի պնդումը։ Դատավոր Թոմաս Թ. Ջոնսոնը հայտարարել է, որ հրեաների` գազով սպանությունն Օսվենցիմում 1944 թվականի ամռանն անքննելի փաստ է և չի կարող կասկածի տակ դրվել[88]։

Դատարանի որոշման համաձայն, որ կայացել է 1985 թվականի հուլիսին, ինստիտուտը Մարմելշտայնին վճարել է 90 000 ԱՄՆ դոլար` հրապարակելով անհատական ներողությունով նամակ[89]։

Քիգստրայի գործ

1984 թվականին կանադացի դասախոս Ջեյմս Քիգստրան, քրեական օրենսգրքի 281 հոդվածի համաձայն (այժմ` 319 հոդված), մեղադրվել է որոշակի խմբի հանդեպ ատելության բորբոքման համար։ Քիգստրան իր դասախոսությունների ժամանակ քարոզել է հակասեմական տրամադրություններ` ներառյալ Հոլոքոստի ժխտումը[90]։ Նա տուգանվել է 5 000 ԱՄՆ դոլարով` զրկվելով դասախոսելու իրավունքից։ Քիգստրայի գործն առիթ է հանդիսացել Կանադայի Գերագույն դատարանում քննարկել խոսքի ազատության հարցը[91]։ Դատական որոշումների բազմաթիվ վերանայումներից հետո 1996 թվականի փետրվարին Գերագույն դատարանը հրապարակել է իր վերջնական վճիռը` 2 տարվա ազատազրկում և 3 000 ԱՄՆ դոլար տուգանք[92]։

«Իրվինգն ընդդեմ Լիպշտադտի» դատավարություն

Դևիդ Իրվինգը 2003 թվականին

Առավել հայտնի կոնֆլիկտներից մեկը, որ կապված է Հոլոքոստի ժխտման հետ, Իրվինգն ընդդեմ Լիպշտադտի դատավարությունն է։

1993 թվականին ամերիկացի պատմաբան Դեբորա Լիպշտադտը հրատարակում է «Հոլոքոստի ժխտում. ճշմարտության ու հիշողության վրա հարձակման աճ» գիրքը` նվիրված Հոլոքոստի ժխտմանն ու նրա փաստարկումներին, մասնավորապես Դևիդ Իրվինգին[6][93]։

1996 թվականին Իրվինգը հայց է ներկայացնում բրիտանական դատարանին` ընդդեմ Դեբոր Լիպշտադտի և Penguin Books հրատարակչության՝ զրպարտության և իր գիտական ու գործնական հեղինակությանը վնաս հասցնելու համար։ Իրվինգն ընդգծում էր, որ ինքը հանդես չի գալիս իր հակառակորդների իրավունքի դեմ, այլ իր նկատմամբ եղած զրպարտության ու իրեն նեոնացիզմի մեջ մեղադրելու դեմ[94]։

Պատասխանող կողմը որպես փորձագետ հրավիրում է բրիտանացի պատմաբան Ռիչարդ Էվանսին, որը մասնագիտացած էր Երրորդ ռայխի պատմության մեջ։ Նա հետազոտել էր Իրվինգի գրքերը, հրապարակումներն ու ելույթները, որպեսզի պարզաբանի, թե արդյոք Հոլոքոստի ժխտումը միտումնավոր բնույթ է կրել` կախված քաղաքական հետաքրքություններից ու Իրվինգի համոզմունքներից։ Էվանսը Իրվինգի աշխատանքներում բացահայտում է մի շարք դեպքեր, որտեղ նա օգտագործել է կեղծ փաստաթղթեր, հեգնել է փաստաթղթային ապացույցները, աղբյուրներից կատարել է կամային հղումներ` դրանք կտրելով ենթատեքստից[95]։ Դատավարության ընթացքում ելույթ են ունեցել մի շարք փորձագետներ` Պետեր Լոնգերիխը, Ռոբերտ Յան վան Պելտը, Քրիստոֆեր Բրաունինգը և Հայտո Ֆունկեն[96]։

2000 թվականի ապրիլի 11-ին դատավոր Գրեյը հրապարակում է 333 էջանոց դատավճիռը[97]։ Իրվինգի հավակնությունները մերժվում են։ Դատարանը վերջինիցս պահանջում է 3 միլիոն ֆունտ վճարել որպես դատական ձգձգումների համար փոխհատուցում, որից հետո հռչակվում է սնանկ։ Դատական որոշման տեքստում Իրվինգն անվանվում էր ռասիստ և հակասեմական[6][98][99][100][101]։

Մեթոդներ և ժխտման մոտիվացիա

Հետազոտողներն առանձնացնում են հոգեբանական հիմնական 5 եղանակներ, որոնց միջոցով մոտիվացվում է ցեղասպանության, այդ թվում՝ Հոլոքոստի ժխտումը[102]։

  • Կարևոր է վերականգնել ճշմարտությունը։ Մարդիկ չէին կարող այդպիսի հրեշային արարքներ գործել, որոնք վերագրվում են նրանց։
  • Գիտությունը չունի արժանահավատ ու ճշգրիտ փաստեր ցեղասպանության մասին, իսկ ոչ լիարժեք տեղեկատվություն պետք չէ մատուցել, քանի որ դա շփոթեցնում է մարդկանց։
  • Ներկայումս կարիք չկա քննարկելու հնում կատարված իրողությունները, քանի որ դա չի բարելավում ժամանակակից աշխարհը։
  • Եթե ցեղասպանությունը ճանաչվի, ապա զոհերի սերունդները կահաբեկեն հետապնդողների սերունդներին։
  • Զոհերն իրենք են մեղավոր իրենց հետ կատարվածի համար։

Հոլոքոստի ժխտման հիմնական մոտիվներն են համարվում նեոնացիզմը և հակասիոնականությունը, որոնք սերտորեն առնչվում են հակասեմականությանը։

Նեոնացիզմ, հակասեմականություն և Հոլոքոստի ժխտում

Գերմանացի նեոնացիստ, Հոլոքոստը ժխտող Մանֆդրեդ Ռյոդերը։
Ամերիկացի ռասիստ, Հոլոքոստը ժխտող Դևիդ Դյուկը։

Հոլոքոստի ժխտումը խթանող շարժառիթներ են նեոնացիզմն ու հակասեմականությունը։ Հոլոքոստի ժխտումը կարևոր դեր է խաղում միջազգային նեոնացիստական շարժման մեջ, քանի որ թույլ է տալիս նացիզմի վրայից հանել միլիոնավոր հրեաների սպանության մեղքը և դրանով կրկին վերականգնել շարժումը[103][104]։ Մի շարք հետազոտողների կարծիքով դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Հոլոքոստի ժխտումը տարածված է եվրոպական ու ամերիկյան ծայրահեղ աջ թևում[80][105]։ Նման տեսակետը տարածված է նաև ազգայնական բազմաթիվ խմբավորումների, մասնավորապես` նացիոնալ-անարխիստների և ռասիստների[106][107] շրջանում։ Հայտնի է, որ շատ ժխտողներ, օրինակ` Դևիդ Իրվինգը, Էռնստ Ցյունդելը, ոչ միայն սերտորեն կապված են հակասեմական և նեոնացիստական կազմակերպությունների հետ, այլև իրենք ևս տարածում են նման գաղափարներ[108][109][110][111]։ Իրվինգի նկատմամբ բրիտանական դատարանի կայացրած վճռի համաձայն` վերջինս միտումնավոր մեքենայությունների է դիմել պատմական փաստաթղթերում, ինչը պայմանավորված էր նրա հակասեմական գաղափարներով[112][113][114][115],: Գերմանացի փաստաբան Մանֆրեդ Ռյոդերը գլխավորել է «Իրադարձությունների գերմանական խումբ» նեոնացիստական խմբավորումը, իսկ ամերիկացի հրապարակախոս Դևիդ Դյուկը ղեկավարել է Կու-կլուքս-կլանի խմբավորումներից մեկը։

Շատ հետազոտողներ ենթադրում են, որ հակասեմականությունն ու Հոլոքոստի ժխտումը սերտորեն փոխկապակցված են[116][117][118][119]։ Դեբորա Լիպշտադտը կարծում էր, որ մարդիկ, ովքեր հավատում են ժխտողներին և կրկնում են նրանց դրույթները, հակված են հակասեմականությանը[120]։ Գերմանացի պատմաբան Յուրգեն Ցարուսկին գրել է, որ Հոլոքոստը ժխտողների պարագայում

խոսքը գիտության ու գիտականության մասին չէ, որ թեկուզ հենվում է սխալ հիմքերի վրա, այլ քաղաքական քարոզչության հատուկ ձև է, որի մեկնակետն ու վերջնակետը հակասեմականությունն է[121]:

Հոլոքոստի ժխտման գաղափարական հիմքի մասին համանման կարծիք են հայտնում Ֆրանսիայում նեգացիոնիզմի պատմության մասնագետ Վալերի Իգունեն, «Հիմնարար իրավունքների եվրոպական գործակալությունը», Չեխիայի սենատը և այլք[122][123][124]։

Հակասիոնիզմ և Հոլոքոստի ժխտում

2005-2013 թվականների Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադ

Կա տեսակետ, որի համաձայն սիոնիստները միտումնավոր չափազանցրել են Հոլոքոստի զոհերի թիվը, ինչը նրանց բարոյական առավելություն է տվել Իսրայել պետության հիմնադրման հարցում։

Որոշ ժխտողներ նաև պնդում են, որ փոխհամաձայնություն է եղել նացիստների և սիոնիստների միջև հրեաների ոչնչացման հարցում։ Մասնավորապես, ռուս հասարակական գործիչ Յուրի Մուխինը, պնդելով, որ Եվրոպայում նացիստները հրեաներին չեն ոչնչացրել, գրում է, որ խորհրդային հրեաներին սպանել են սիոնիստների ցուցումով[125]։

Հայտնի անտիսիոնիստ ժխտողներից մեկն էլ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադն է։ Նա բազմիցս արտահայտել է այն կարծիքը, որ Հոլոքոստը «սուտ է` հենված անապացուցելի ու առասպելական պնդումների վրա», և որ այդ ստի հիմքով Պաղեստինի տարածքն օկուպացվել է սիոնիստների կողմից։ ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի ներկայացուցիչները խստորեն քննադատել են Ահմադինեջադին և նրա արտահայտությունները, որոնցով ժխտում էր Հոլոքոստը և սպառնում «ջնջել Իսրայելը երկրի երեսից»[126][127][128][129]։

Հոլոքոստի ժխտումը, որ կապված է հակասիոնիզմի հետ, տարածված է իսլամական երկրներում, որտեղ բնակչության հիմնական մասը հրաժարվում է ընդունել Իսրայել պետության գոյությունը, հատկապես` Սիրիայում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում[130][131][132][133]։

Ահաբեկչության ուսումնասիրման տեղեկատվական կենտրոնի հաշվետվության մեջ նշվում է, որ բազմաթիվ հոդվածներ, որոնք նվիրված են Հոլոքոստի ժխտմանը, սիրիական ԶԼՄ-ներում լույս են տեսնում իշխանությունների անմիջական հովանավորությամբ[134]։ Իրանցի քաղաքագետ Ռամին Ջահանբեղլուն իր «Հոլոքոստի ժխտումը Իրանում և հակասեմական տրամադրություններն իսլամական աշխարհում» աշխատանքում գրում է հակասեմականության, հակասիոնիզմի և Հոլոքոստի ժխտման սերտ կապերի մասին արաբական ու մուսուլմանական աշխարհում։ Նա նշում է, որ արաբական երկրները զգալի օգնություն են ցույց տալիս եվրոպացի ժխտողներին[135]։ Քաղաքագետ, պարսկագետ Մատիաս Կյունցելը հակադրում է Հոլոքոստի` որպես ռեալ իրողության ժխտումը և Իրանում դարեր շարունակ ակտիվորեն քարոզվող «Տասներկուերորդ իմամի մասին» մտացածին հորինվածքը[136]։ Նա նշում է, որ ժամանակակից իրանյան ռեժիմը հակասեմականությունն ու Հոլոքոստի ժխտումը դարձրել է պետական գաղափարախոսության մի մաս, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին դեպքն է աշխարհում[137]։ Իսլամագետ Գյոտց Նորդբրուխը գրում է, որ արաբական երկրներում Հոլոքոստի ժխտման գործում մեծ դեր է խաղացել ֆրանսիացի ռևիզիոնիստ Ռոժե Գարոդիի «Իսրայելյան քաղաքականության հիմնարար լեգենդները» գիրքը[138]։

Հոլոքոստի ժխտման քարոզչությամբ ակտիվորեն զբաղվում են իսլամական կազմակերպությունները, մասնավորապես Համաս շարժումը։ Համասի ղեկավար Աբդուլ Ռախման Ջամալը BBC ընկերությանը տված հարցազրույցում Հոլոքոստը հորջորջել է «մեծ սուտ», իսկ շարժման հոգևոր առաջնորդ Յունիս ալ Աստալը հայտարարել է, որ Հոլոքոստի պատմության դասավանդումը պաղեստինցի երեխաներին, ինչը նախատեսել էր ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը, «ռազմական հանցանք է»[139]։ Համանման դիրքորոշում ունի Պաղեստինյան ազգային վարչությունը[140]։

Իսրայելի ստեղծումը, իսկապես, պատմականորեն կապված է Հոլոքոստի հետ։ Սրա հետ կապված` գիտնականների ու փորձագետների մի խումբ կարծում է, որ ժխտողների ակտիվությունը, մասնավորապես Մահմուդ Ահմադինեջադինը, բնորոշվում է նրանց հակասիոնական ու հակասեմական համոզմունքներով, ոչ թե պատմական ճշմարտությունը վերհանելու ձգտումով։ Նրանց նպատակն է Իսրայելի քաղաքական մեկուսացումն ու ոչնչացումը[9][141][142][143][144][145]։ Մասնավորապես, արևելագետ Վլադիմիր Մեսամեդը գրում է, որ

Իրանի նախագահի կողմից Հոլոքոստի ժխտման գլխավոր պատճառն այն է, որ իսլամական Իրանի ղեկավարությանն անհրաժեշտ է իրենց կողմից Իսրայելի ոչնչացման գաղափարախոսությունն արդարացնելու հակադրույթներ ներկայացնել` աշխարհի քննադատական կարծիքն այս դիրքորոշման նկատմամբ մեղմացնելու նպատակով, քանի որ Իսրայելը Հոլոքոստն օգտագործելու եղանակով հալածում է պաղեստինցիներին։

Միայն 2013 թվականի սեպտեմբերին Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին CNN-ին տված իր հարցազրույցում ընդունել ու դատապարտել է Հոլոքոստը` այն համարելով նացիստների կողմից «մեծ հանցագործություն» հրեաների դեմ[146]։

Իսրայելցի պատմաբան Իեհուդա Բաուերը պնդում է, որ «Հոլոքոստի ժխտողները, որոնց հովանավորում են արմատական իսլամիստները, ճանապարհ են հարթում նոր ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված նոր հացանքների համար»[147]։

Հակասիոնիստական միջավայրում կա կարծիք, որ պաղեստինյան արաբների իրավունքի պայքարը չպետք է հիմնվի ապաբարոյական, կեղծ հղումներին, որոնցից մեկը Հոլոքոստի ժխտումն է[148]։ Մասնավորապես, պաղեստինցի ահաբեկիչ Մահմուդ ալ Սաֆադին (անգլ.՝ Mahmoud al-Safadi), որը 18 տարի նստել է իսրայելյան բանտում, Մահմուդ Ահմադինեժադին գրել է.

Մենք չենք ձգտում այն անկախությանն ու այնպիսի հաղթանակի, որին հասնելու համար պետք է ստենք հրեաների ցեղասպանության հարցի շուրջ, եթե նույնիսկ ուժերը, որոնք գրավել ու խլել են մեզնից մեր հողերը, այդ ժողովրդի մաս են կազմում։

Շեյխ Համզա Յուսուֆը կարծում է, որ Հոլոքոստի ժխտումը վնասում է իսլամին։ Նա ենթադրում է, որ Հոլոքոստն ակնհայտ փաստ է, և դրա ժխտումը կտրում է իմացաբանության հիմքերը։ Նա կարծում է, որ Հոլոքոստի նկատմամբ մուսուլմանների պատշաճ վերաբերմունքը խթան է հանդիսանում, որ հրեաները մերձավորարևելյան հակամարտության մեջ լավ հասկանան մուսուլմանների խնդիրները[149]։ Հոլոքոստի ժխտումը քննադատել է նաև նշանավոր մշակութաբան, հակասիոնիստ Էդվարդ Սաիդը[150]։

Մի խումբ հակասիոնիստներ հրաժարվել են Հոլոքոստի ժխտման` իրենց վերագրվող տեսակետներից։ Պաղեստինի ազտագրության շարժման աշխատակից Մահմուդ Աբբասն իր «Այլ անձինք» գրքում գրել է.

Ակնհայտ է, որ սիոնիստական շարժումը հետաքրքրված է [Հոլոքոստի զոհերի] մեծացման հարցով` ավելի մեծ շահ ստանալու ակնկալիքով։ Դա նրանց հասցրել է թվի [6 միլիոն], որը ներմուծվել է սիոնիզմի նկատմամբ միջազգային համայնքի համակրանքը շահելու համար[151][152][153]։

Ավելի ուշ, իսրայելյան «Հաարեց» թերթին տված հարցազրույցում Աբբասը պնդել է, որ երբեք չի ժխտել Հոլոքոստը[154]։

Հոլոքոստը եղել է սարսափելի ու աններելի հանցանք հրեա ժողովրդի նկատմամբ, հանցանք մարդկության նկատմամբ, ինչը չի կարող ընդունվել մարդկության կողմից։ Հոլոքոստը դաժան իրադարձություն է, և ոչ ոք չի կարող պնդել, որ ես ժխտել եմ այն։

Նման իրադարձություններ տեղի են ունեցել թուրք իսլամիստ գրող Ադնան Օքթարի հետ։ Նրա «Soykırım yalanı» (թուրք․ թարգմ․՝ «Ցեղասպանության սուտը») գիրքը, որտեղ հերքվում էր Հոլոքոստը, սկանդալի առիթ է դառնում, ինչի արդյունքում հեղինակը հրաժարվում է գրքի գաղափարներից[155][156][157][158]։

Ամերիկացի քաղաքագետ Նորման Ֆինկելշտայնը, որը հայտնի է արաբա-իսրայելական հակամարտությանը նվիրված իր վիճահարույց աշխատություններով, որոշ գիտնականների ու հասարակական գործիչերի կողմից մեղադրվել է ռևիզիոնիզմի մեջ[159][160]։ Ինքը՝ Ֆինկելշտայնը, հայտարարել է, որ Հոլոքոստի ընդհանուր ճանաչում գտած տեսակետը ճիշտ է համարում[161]։

Իմ գրքում չկա ոչ մի բառ, որ կարող է մեկնաբանվել որպես Հոլոքոստի ժխտում։ Ընդհակառակը, ես իմ ողջ գրքում պնդել եմ, որ Հոլոքոստի նկատմամբ ընդհանուր ճանաչում ստացած տեսակետը` հրեաների զանգվածային սպանությունը, ճիշտ է, և ճիշտ են նաև (շատ թե քիչ) սպանված հրեաների վերաբերյալ թվերը:

Հոլոքոստի` լռության մատնում և «մեղմ ժխտում»

Երբեմն Հոլոքոստի ժխտումը կապում են այն միտումնավոր լռության մատնելու կամ դրա էական գաղափարների մասնակի ժխտման հետ։

2007 թվականի փետրվարին Հոլոքոստի պատմաբան, Էմորիի համալսարանի պրոֆեսոր Դեբորա Լիպշտադտը Սիոնիստական միավորման` Լոնդոնում կայացած ամենամյա բարեգործական ճաշկերույթում օգտագործել է «նեոլոգիզմ»` «մեղմ ժխտում» եզրը։ Խոսելով Ջիմի Քարթերի «Պաղեստին. աշխարհ, ոչ թե ապարտեիդ» գրքի մասին` նա հայտարարել է.

Երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը գիրք է գրում իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի մասին և գրքի սկզբում տեղադրում է ժամանակագրական աղյուսակ` իրավիճակը ճիշտ ընկալելու համար, բայց չի նշում 1939-1947 թվականների ընթացքում կատարված գլխավոր իրադարձությունները․ դա մեղմ ժխտում է[162]:

Հետագայում Լիպշտադտն այս եզրն օգտագործել է նրանց նկատմամբ, ովքեր ընդունում են ամբողջական իրադարձությունը` փորձելով, սակայն, փոքրացնել դրա մասշտաբները, լռության մատնել գլխավոր հարցերը կամ ոչ պատշաճ համեմատություններ անել այլ իրադարձությունների հետ[163][164]։ Համանման եզր օգտագործել է Սթիվեն Ատկինսը` տարբերակելով «կոպիտ» և «մեղմ» ժխտում, որը, հրեաների սպանությունը կասկածի տակ չդնելով, կասկածի տակ է դնում, սակայն, սպանությունների զանգվածային բնույթը[11]։ Պավել Պոլյանը, քննադատելով Հանկինսի մեթոդաբանությունը, որը Հոլոքոստի զոհերը վերագրում էր Ստալինին, նրա մոտեցումը բնորոշում է հարաբերականապաշտություն կամ ռեդուկցիոնիզմ[165]։

Հոլոքոստը հետազոտողներ պատմաբան, հրապարակախոս Յակով Բասինը և Մարիա Ալտմանը ենթադրում են, որ նպատակաուղղված լռությունը կարող է հավասարվել Հոլոքոստի ժխտմանը[166][167]։ Մասնավորապես, ԽՍՀՄ-ում Հոլոքոստը լռության է մատնվել գաղափարախոսական նկատառումներով[168][169][170][171][172][173]։

Վալերի Էնգելի և Պավել Պոլյանի կարծիքով, հիմնական պատճառը, որ ԽՍՀՄ-ը լռության է մատնել Հոլոքոստը, եղել է պետական հակասեմականությունը[174][175]։ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Ցվի Գիտելմանը մատնանշել է խորհրդային պատմագրության կարևոր առանձնահատկություններից մեկը։ Խորհրդային պատմագրությունը ոչ միայն լռության է մատնել Հոլոքոստը, այլև հրաժարվել է այլ բարբարոսությունների ֆոնին առանձնահատուկ ընդունել այն` չընդգծելով նացիստների կողմից հրեաների ոչնչացման փաստը[176]։ Լռության մատնումը շարունակվել է նաև հետխորհրդային Ռուսաստանում, ինչի մասին խոսվել է համակենտրոնացման ճամբարներից գերիների ազատագրման 60-ամյակին նվիրված համաժողովում, որտեղ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Արկադի Միլմանը գրել է.

Ես չեմ խոսում որպես Իսրայելի դեսպան, այլ որպես մարդ, ում ընտանիքի անդամները կռվել ու տուժել են Երկրորդ աշխարհամարտում։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր պատմության ռուսական դասագրքերում հրեական ժողովրդին պատուհասած աղետի մասին ոչ մի հիշատակում չկա[177]։

Այս տեսակետն ընդունել են ռուս գիտնականներն ու հասարակական գործիչները։ Մասնավորապես, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի հրեական կոնգրեսի ինստիտուտների առաջատար գիտաշխատողներն այս հարցի նկատմամբ իրենց պահանջներն են ներկայացրել պատմության դասագրքերի հեղինակներին։ Հետազոտողները պնդում են, որ չկա ոչ մի դասագիրք, որտեղ ռուսական հրեաների հարցը պատշաճ ներկայացված լինի։ Հոլոքոստը դասագրքերում կամ ընդհանրապես հիշատակված չէ կամ էլ ներկայացված չէ որպես «պատմական նշանավոր իրադարձություն, երբ մի պետությունը փորձել է ամբողջապես բնաջնջել մեկ այլ ժողովրդի»[178]։ Պատմության դպրոցական դասագրքերում, որոնք հրատարակվել են 2010-ական թվականներին, հրեաների բնաջնջումը ներկայացված է առանձին բաժիններում, որոնք նվիրված են ֆաշիստների կողմից «նոր կարգի» հաստատմանը[179]։

Քննադատություն

Մայքլ Շերմեր՝ գիտնական, գրող, ակտիվ քննադատ, Հոլոքոստի ժխտման ընդդիմադիր։

Հոլոքոստը ժխտողների հետ բանավեճի մեջ մտնելու վերաբերյալ կան տարբեր տեսակետներ։ Արհեստավարժ պատմաբաններից շատերը բանավեճ չեն վարում այդ թեմայով, քանի որ այն աղերսներ չունի իրենց գիտական գործունեության հետ։ Կա նաև տեսակետ, որի համաձայն նման բնույթի բանավեճերը լրացուցիչ անգամ ժխտողներին ուշադրություն դարձնելու միջոց է, որոնք քարոզչական այդ միջոցն օգտագործում են զանգվածային լսարանի վրա ազդելու համար[10][180]։

Սակայն կան հետազոտողներ, որոնք կարծում են, որ ժխտողներին անտեսելը վնասակար է, քանի որ նրանց դրույթների ճշմարտացի լինելու պատրանք է ստեղծվում[9][181]։ Օրինակ` 2006 թվականի դեկտեմբերի 11-ին Բեռլինում կայացել է գիտաժողով` «Հոլոքոստը միջազգային հիշողության մեջ. Հոլոքոստը ժխտողների և հակասեմականների մտադրությունները։ Հակառազմավարությունը մշակելու և այն ուսումնասիրելու միջազգային գիտաժողով» թեմայով, իսկ դեկտեմբերի 14-ին Երուսաղեմի Յադ Վաշեմ ինստիտուտում կազմակերպվել է սիմպոզիում` «Հոլոքոստի ժխտումը` նոր ցեղասպանության ճանապարհ» թեմայով[182]։

Համանման հարցեր են քննարկվել «Երկրորդ աշխարհամարտի և Հոլոքոստի զոհերը» թեմայով միջազգային համաժողովում, որ կայացել է 2009 թվականի դեկտեմբերի 15-17-ին Բեռլինում[183]։

Ժխտողների առավել հայտնի քննադատներից է Էմորիի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի պատմաբան Դեբորա Լիպշտադտը։ Ժխտողների հետ պարբերաբար հրապարակային վեճի է բռնվում նաև Skeptic ամսագրի գլխավոր խմբագիր, «Պատմության ժխտում» գրքի հեղինակ Մայքլ Շերմերը[184][185]։

Էնտուզիաստների մի խումբ` Քեն Մաքվեյի գլխավորությամբ, սկզբում ժխտողների դեմ բանավեճ էր մղում Usenet ցանցում` հետագայում ստեղծելով Նիզկոր ծրագիրը, ուր հավաքվում են Հոլոքոստին վերաբերող փաստաթղթերի հարուստ բազա և ժխտողների ստի ու կեղծարարության նյութեր[180]։ Կապված այս գործունեության հետ` Մաքվեյը բազմիցս հարձակումների է ենթարկվել` ընդհուպ մինչև մահվան սպառնալիք։ Կան համանման այլ ծրագրեր ևս[186][187][188][189]։

Հոլոքոստը ժխտողների քննադատները կարծում են, որ ժխտողներն առաջնորդվում են ոչ թե գիտական, այլ քաղաքական նկատառումներով։ Մասնավորապես, քննադատների կարծիքով ժխտողների նպատակն է նոր շունչ հաղորդել նացիզմին, քարոզել հակասեմականություն և հակաիսրայելյան գաղափարներ[2][9][190][191]։ Թերահավատները Հոլոքոստի ժխտումը համեմատում են կրեացիոնիզմի կամ էվոլյուցիայի զարգացման տեսության ժխտման հետ[192][193]։

Քննադատները պնդում են, որ ժխտողները փորձում են գիտական հետազոտություններում, վկաների ցուցմունքներում գտնել որոշ անհարթություններ, անճշտություններ, այնուհետև դրանք ընդհանրացնում են և եզրակացնում, որ աղբյուրները լիարժեք հավատ չեն ընծայում[6]։ Նրանց մոտեցումը հիմնված է այն բանի վրա, որ «բավական է Հոլոքոստում գտնել փոքր ճեղքվածքներ, որպեսզի քանդվի ողջ շինությունը»[194]։

Մարիա Ալտմանը կարծում է, որ Օլեգ Պլատոնովի ենթադրություններն այն մասին, թե ինչ կպատահի, եթե ժխտողներն ապացուցեն իրենց դրույթների ճշմարտացիությունը, ցույց է տալիս ռևիզիոնիստների նպատակները` հրեաների նկատմամբ բացասական տրամադրությունների աճ, Իսրայելի քաղաքական մեկուսացում, ազգայնական շարժումների աճ Եվրոպայում, Գերմանիայի և այլ երկրների դեմոկրատական կառավարման խաթարում[142]։

Ժխտողները մեծամասնության կողմից հաճախ են ենթարկվում սոցիալական ճնշման և դատական հետապնդման։ Հայտնի են նաև նրանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների և նրանց գույքի ոչնչացման դեպքեր[195][196]։

Պատմական գիտություն և Հոլոքոստի ժխտում

Հոլոքոստի թեման քննարկելիս վիճելի շատ հարցեր են առաջանում։ Դրանցից է, օրինակ, մարդկային ճարպից օճառ ստանալու հարցը, զոհերի ճիշտ թվաքանակը, Հոլոքոստի եզակիությունը մարդկային կյանքի պատմության մեջ, Հոլոքոստի օգտագործումը ժամանակակից քաղաքականության մեջ և այլն[197]։ Բազմաթիվ տարիներ շարունակվում է գիտական վեճը, այսպես կոչված, ֆունկցիոնալիստների և ինտերնացիոնալիստների մեջ. արդյո՞ք Հոլոքոստը եղել է հրեաներին ոչնչացնելու Հիտլերի նախնական ծրագիրը, թե՞ այդ գաղափարը ձևավորվել է հետզհետե հակասեմական քարոզչության արդյունքում։ Սակայն նման բանավեճերի բոլոր մասնակիցները կասկածի տակ չեն դնում Հոլոքոստի փաստը[198][199]։

Հենց սկզբից ժխտողներն իրենց տեսակետը փորձել են ներկայացնել որպես պատմական վիճելի հարցերի գիտական մոտեցում, այդ պատճառով էլ իրենց անվանել են ոչ թե ժխտողներ, այլ ռևիզիոնիստներ[10][200]։ Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ցիմերմանը կարծում է, որ «ռևիզիոնիզմ» եզրով ժխտողներին մատնանշելը կարող է թյուրիմացության տեղիք տալ, քանի որ «պատմական ռևիզիոնիզմ» պատմագրության մեջ կոչվում է այն ուղղությունը, որը ենթադրում է` դեպքերի համընդհանուր ճանաչում գտած նկարագրությունները համարվում են վիճելի և ճշտման կարիք ունեն[201][202]։ Նման կարծիք է արտահայտել Թենեսիի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Բեն Օսթինը[89]։ Գիտնականների ճնշող մեծամասնությունը Հոլոքոստի ժխտումը համարում է ոչ թե գիտական, այլ քարոզչական մոտեցում` հրաժարվելով ժխտողների հետ որևէ աղերս ունենալուց։

Այսպես, «Ամերիկացի պատմաբանների ընկերությունը», որի 12 000 անդամներին 1980 թվականին ուղարկվել էին Պատմության վերանայման ինստիտուտի տեղեկագրի առաջին համարները, ոչ մի կերպ չի արձագանքել այդ իրողությանը, իսկ 10 տարի անց` 1990 թվականին, հրաժարվել է այդ տեղեկագրերը մատենագիտական հավաքածուում ներառել։ Պավել Պոլյանը գրում է, որ նման վարվելակերպը բացատրվում է ինչպես նյութերի հեղինակների ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ, այնպես էլ նրանց հակասեմականությամբ[203]։ Իրանի Քաղաքական ու միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) մասնակցությունը ժխտողների թեհրանյան համաժողովի կազմակերպմանը հիմք է հանդիսացել, որ ամբողջ աշխարհում նրանց գիտական գործընկերները խզեն կապերն ինստիտուտի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հրաժարվի Հոլոքոստի ժխտումից և կվերեդառնա հետազոտությունների ակադեմիական ստանդարտին[204]։

Գիտնականները կարծում են, որ Հոլոքոստը համաշխարհային պատմության ամենից մանրամասն ուսումնասիրված փաստերից է[9][205]։ Այսպես, ուկրաինացի և խորհրդային պատմաբան Յարոսլավ Գրիցակը գրում է.

Պատերազմից հետո միայն ԱՄՆ-ն գերմանական արխիվներից Հոլոքոստի մասին այնքան փաստաթուղթ է բռնագրավել, որ դրանք մի գծով շարելու դեպքում շարքը կձգվեր մի քանի տասնյակ հազար կիլոմետր։ Եթե դրանց ավելացնենք արխիվային այլ նյութեր, ականատեսների ու զոհերի հուշերը, դատական գործերին վերաբերող փաստաթղթերը, կինո-լուսանկարչական նյութերը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ համաշխարհային պատմության ոչ մի այլ իրադարձություն այդպես լավ չի վավերագրվել, ինչպես հրեաների բնաջնջման դեպքը։ Բացի այդ, այն նաև ամենից լավ ուսումնասիրվածն է. 20 տարի առաջ Հոլոքոստի մասին գիտական մենագրությունների քանակը 200 000 էր, իսկ միայն Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հրատարակվել է ավելի քան 100 000 գործ[206]։

Ջոն Ցիմերմանը գրել է, որ Հոլոքոստը ժխտողների գաղափարները հայտնի ոչ մի պատմաբանի կողմից լուրջ ընդունելություն չեն գտնում։ Ակադեմիական գիտությունը մերժում է ժխտողներին. միակ բանը, որին կարող են հավակնել ժխտողները, խոսքի ազատությունն է։ Ցիմերմանի կարծիքով, նրանց հեղինակությունն ու կարևորությունն ավելի մեծ չէ, քան Տափակ երկրագնդի ընկերությունը կամ նրանց, ովքեր պնդում են, որ Ջոն Քենեդին չի սպանվել Դալլասում[202]։ Համանման կարծիք է արտահայտել իսրայելցի պատմաբան Դանիել Ռոմանովսկին, որն ասում էր, որ «Հոլոքոստի ժխտումը գիտության մեջ ժամանակակից ժխտման մասնավոր դեպք է միայն»[207]։

Սակայն Յուրգեն Ցարուսկին նշում է, որ աջ հայացքների տեր հայտնի պատմաբան, պրոֆեսոր Էռնստ Նոլտեն իր հրապարակումներում ձգտել է նացիզմի հանցավորությունը նվազեցնելու` ներառյալ Հոլոքոստը, ինչպես նաև հղումներ է կատարել ռևիզիոնիստների աշխատանքներին[121]։

Ամերիկացի պատմաբան, մարքսիստ Առնո Մայերը իր «Ինչո՞ւ երկինքը չի մթնում» աշխատության մեջ գրել է, որ Օսվենցիմի բանտարկյալներից շատերը մահացել են ոչ թե գազից, այլ հիվադություններից` հղվելով Բատցին ու Ռասինյեին[208]։ Սակայն Մայերի այդ գիրքը խիստ քննադատության է արժանացել գիտական շրջանակներում[209][210][211][212]։

Մի խումբ հետազոտողների կարծիքով Հոլոքոստի ժխտումը բնորոշ է պոստմոդեռնիզմի ապակառուցողական կարծրատիպին[89][213][214][215]։ Ռուս պատմաբան Ալեքսանդր Նեմիրովսկին, վերլուծելով ժխտողների հայացքներն ու տեսակետները, հանգել է այն եզրակացության, որ «ռևիզիոնիստները հերետիկոսական գիտական դպրոց չեն, ոչ էլ կեղծարար հակասեմականներ. ռևիզիոնիզմը լիարժեք կրոն է»[46]։ Ռևիզիոնիստների` պատմության նկատմամբ ունեցած միստիկ կապի մասին է խոսել նաև մշակույթի ու կրոնի պատմաբան Լեոնիդ Կացիսը[216]։

Կա նաև տեսակետ, որ Հոլոքոստի ժխտումն օգուտ է բերում պատմական գիտությանը։ Օրինակ, Դանիել Ռոմանովսկին ասում էր, որ որոշ ռևիզիոնիստների հետ կարելի է ակադեմիական բանավեճ վարել։ Հոլոքոստի նշանավոր ուսումնասիրողներից մեկը` Ռաուլ Հիլբերգը, մահից ոչ շատ առաջ ասել է, որ «Հոլոքոստը ժխտողների ու հակասեմականների հետ պետք չէ բանավիճել, բայց նրանք երբեմն հետաքրքիր հարցեր են առաջ քաշում»[217]։ Քաղաքագետ Վյաչեսլավ Լիխաչևը գրում է, որ ռևիզիոնիստական քննադատությունը գիտնականներին առիթ է տվել վերադիտարկելու ընդունված պատմագրության մի շարք դրույթներ` վերաձևակերպելով ոչ ստույգ պնդումները[218]։

ՄԱԿ-ը և Հոլոքոստի ժխտումը

ՄԱԿԳլխավոր ասամբլեան իր 60/7 բանաձևում, որը 2005 թվականի նոյեմբերի 21-ին ընդունվել է Ավստրալիայի, Իսրայելի, Կանադայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, մերժել է Հոլոքոստի` որպես պատմական իրողության ժխտումը` կոչ անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ծրագիր պատրաստել «Հոլոքոստը և Միավորված ազգերի կազմակերպությունը» թեմայով։

2007 թվականի հունվարի 26-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա նախօրեին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձև է ընդունել` 61/255 «Հոլոքոստի ժխտում», որով առանց նախապայմանների քննադատվում է Հոլոքոստի ժխտման ցանկացած փորձ։ Բանաձևը «կոչ է անում բոլոր անդամ պետություններին անառարկելիորեն մերժել Հոլոքոստի ժխտման ցանկացած դեպք` լինի դա ամբողջական, թե մասնակի, և ցանկացած այլ գործողություն այդ նպատակով»[14]։ Փաստաթղթի նախագիծը Գլխավոր ասամբլեայի քննարկմանն են ներկայացրել ՄԱԿ-ի 192 անդամ երկրներից 103-ը։

Միակ երկիրը, որը դեմ է արտահայտվել 61/255 բանաձևի ընդունմանը, եղել է Իրանը։ Իրանի ներկայացուցիչների կարծիքով բանաձևի հեղինակները ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել են անձնական քաղաքական նկատառումներով։ ԱՄՆ-ի պատվիրակությունը հայտարարել է, որ այդ փաստաթղթի ընդունման առիթ է հանդիսացել Իրանի դիրքորոշումը, որը 2006 թվականի դեկտեմբերին կազմակերպել է ժխտողների մասշտաբային համաժողով[219]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը 2009 թվականի հունվարի 26-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ արված հայտարարության մեջ ընդգծել է Հոլոքոստը ժխտողների դեմ տարվող պայքարը, որպեսզի ողբերգությունը չկրկնվի[220]։

Հոլոքոստի ժխտման քրեական հետապնդում

Բրիգիտա Ցիպրիս՝ Գերմանիայի արդարադատության նախարար, Հոլոքոստը ժխտողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ակտիվ կողմնակիցներից մեկը։
Գերմանական դատարանը Հոլոքոստը ժխտելու համար տուգանել է բրիտանացի եպիսկոպոս Ռիչարդ Ուիլյամսոնին։

Որոշ պետություններում Հոլոքոստի ժխտումը հետապնդվում է նացիոնալ-սոցիալիզմի և նեոնացիզմի արգելման օրենքներով։ Այդ պետությունների թվում, որպես կանոն, եվրոպական պետություններն են, որոնք տուժել են նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությունից ու գործողություններից։ Հոլոքոստի հրապարակային ժխտումն արգելող, նացիստների գործած հանցանքներն արդարացնող հրապարակումների արգելքը գործում է Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Իսրայելում[221][222][223]։ Համանման օրենքներ են գործում Լիխտենշտայնում, Պորտուգալիայում, Չեխիայում և Սլովակիայում։ 2010 թվականին տոտալիտար ռեժիմները մերժող օրենք է ընդունվել Հունգարիայում[224]։ ԱՄՆ-ում Հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի չէ, քանի որ սեփական տեսակետ արտահայտելու իրավունքը պաշտպանված է Սահմանադրության առաջին բարեփոխումով[225]։

Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Կանադայում և այլ երկրներում այս օրենքները բազմիցս կիրառվել են Հոլոքոստը ժխտողների նկատմամբ։ Միայն 2007-2008 թվականներին Եվրամիությունում Հոլոքոստի ժխտման համար դատապարտվել է մոտ 10 մարդ[226]։ Որոշ դատավճիռներ հետագայում վիճարկվել են միջազգային դատական ատյաններում։

1996 թվականին ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների կոմիտեն «Ֆորիսոնն ընդդեմ Ֆրանսիայի» գործի քննման ժամանակ ընդունել է աննախադեպ որոշում, որի համաձայն Հոլոքոստի ժխտման կապակցությամբ մանկավարժական գործունեությունից զրկելը ֆրանսիական օրենսդրության հիման վրա չի խախտում Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտը[227]։

1998 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լեիդյոն և Իզորնին ընդդեմ Ֆրանսիայի» գործով իր որոշման մեջ ընդունել է Հոլոքոստի ժխտման համար պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը[222]։ Իսկ «Գարոդին ընդդեմ Ֆրանսիայի» գործում (2003) դատարանը նշել է, որ ժխտելով Հոլոքոստը` Ռոժե Գարոդին գործել է մարդու իրավունքների ու ազատության ոչնչացման ուղղությամբ, ինչն ամրագրված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով. այդ պատճառով էլ նրա հավակնությունները կոնվենցիայի 10-րդ կետի մասով, որով երաշխավորվում է խոսքի ազատությունը, մերժվել են։ Այդպիսի եզրակացությունների համար հիմք է ծառայել 17-րդ կետը, որը սահմանված է եղել «տոտալիտար խմբավորումների կողմից իրենց շահերի համար կոնվենցիայի ձևակերպումները խեղաթյուրելու համար»[228]։

2007 թվականի հունվարին Գերմանիայի արդարադատության նախարար Բրիգիտա Ցիպրիսը Եվրամիության բոլոր երկրներին առաջարկել է Հոլոքոստի ժխտումը հանցանք համարել և արգելել նացիստական խորհրդանշանների հրապարակային ցուցադրումը։ Մի խումբ լրագրողներ և քաղաքագետներ քննադատել են այս առաջարկությունը, մասնավորապես այն բանի համար, որ արգելքը խոսքի ազատության իրավունքի խախտում է և չի նպաստի նեոնացիզմի հեղինակության նվազմանը[229][230][231]։ Արդյունքում 2007 թվականի ապրիլին ընդունվել է օրենք, որ ազգային և ռասայական խտրականությունների հրահրումը համարվել է հանցանք բլոկի 27 անդամ երկրների կողմից, սակայն այն չի ներառում Հոլոքոստի ժխտումը[232]։

2007 թվականի նոյեմբերին Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Հոլոքոստի ժխտման համար բանտարկության ձևով պատիժը։ Այս որոշման համաձայն` բոլոր անձինք, որոնք բանտարկվել էին Հոլոքոստի ժխտման համար, ազատ են արձակվել։ Այս որոշումը չի վերաբերել հրեաների դեմ ուղղված նացիստական ահաբեկչությունն արդարացրած անձանց այնքան ժամանակ, քանի դեռ Իսպանիայի Գերագույն դատարանը 2011 թվականին չի փոխել Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի գործողություններն արդարացնող մարդկանց չմեղադրելու որոշումը[233]։ Իսպանացի դատավորները բերել են արտահայտությունների օրինակներ, որոնց համար այլևս չի գործում քրեական հետապնդման վտանգը. «Գերմանացիներն ունեին հրեաներին վառելու բոլոր հիմքերը», «Գերմանացիները երբեք չեն վառել հրեաներին»[234]։

2007 թվականին ռուս պատգամավորների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել Հոլոքոստի ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու տեսակետի անընդունելի լինելու շուրջ նրանց համակարծիք լինելը։ Ռուս պատգամավորների կարծիքով այս խնդիրը չի կարելի առանձնացնել ֆաշիզմի գործած այլ հանցանքների շարքում[235]։ 2014 թվականի մայիսից քրեական հետապնդում է սահմանվել Միջազգային ռազմական դատարանի կողմից հաստատված փաստերի ժխտման, հանցագործությունները խրախուսելու համար[221]։ Մասնավորապես, այս որոշմամբ հաստատվել է 1933-1945 թվականների ընթացքում ամբողջ Եվրոպայում մոտ 6 միլիոն հրեաների ոչնչացման փաստը, որը հետագայում ստացել է «Հոլոքոստ» անվանումը[236]։

Բրիտանացի պատմաբան Թիմաթի Գարտոն Էշը կարծում է, որ Հոլոքոստի ժխտման դեմ պետք է պայքարել ԶԼՄ-ներում և կրթության մեջ։

Լիբերալ տրամադրվածություն ունեցող քաղաքական ու հասարակական որոշ գործիչներ, այդ թվում` Հոլոքոստը ժխտողներին ընդդիմադիր այնպիսի հայտնի գործիչ, ինչպիսին Դեբորա Լիպշտադտն է, քննադատել են ժխտողների քրեական հետապնդումը` գտնելով, որ այն խաթարում է խոսքի ազատության իրավունքը[205][237][238][239]։ Ինչպես կարծում է բրիտանացի պատմաբան Թիմաթի Գարտոն Էշը՝ «Հոլոքստի ժխտման դեմ պետք է պայքարել մեր դպրոցներում, համալսարաններում, ԶԼՄ-ներում, ոչ թե ոստիկանական բաժանմունքներում ու դատարաններում»[229]։ Պավել Պոլյանը կարծում էր, որ խոսքի ազատության ու ատելության քարոզման պայքարի լուծման լավ նախադեպ է Իսպանիայի Սահմանադրական դատարանի 2007 թվականի որոշումը, որի համաձայն հենց ահաբեկչության արադարացումն է համարվում հանցագործություն[240]։

Հրապարակախոս Լեոնիդ Ռաձիխովսկու կարծիքով Հոլոքոստը ժխտողների դեմ ուղղված օրենքներն առաջին հերթին կապված են այն բանի հետ, որ նացիստների գործած հրեշավոր հանցագործություններն այն բանի հիմքն են հանդիսացել, որի վրա հենվում են ռևանշիզմի անթույլատրելիությունն ու Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վերանայումը[241]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Հոլոքոստը ժխտողների կայքեր

Հոլոքոստը ժխտելը քննադատողների կայքեր

Հարցազրույցներ ու տեսանյութեր

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստի ժխտում» հոդվածին։