Մեխակ (համեմունք)

բույսերի տեսակ
Մեխակ (համեմունք)
Մեխակ (համեմունք)
Մեխակ (համեմունք)
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՄրտենածաղկավորներ (Myrtales)
ԸնտանիքՄրտենազգիներ (Myrtaceae)
ՑեղSyzygium
ՏեսակՄեխակ (համեմունք) (S. aromaticum)
Միջազգային անվանում
Syzygium aromaticum
Merr. & L.M.Perry, 1929

Մեխակը Մրտենազգիների ընտանիքի «սիզիջիում» (/sɪˈzɪəm ˌærəˈmætɪkəm/) ծառի (մեխակածառ) բուրավետ ծաղկային ընձյուղն է[1]։ Մեխակածառի հայրենիքը Ինդոնեզիայի Մոլուքյան կղզիներն են։ Մեխակը լայնորեն օգտագործվում է որպես համեմունք, համային բաղադրիչ կամ բուրավետիչ սննդամթերքի, ատամի մածուկի, օճառի կամ կոսմետիկայի արտադրության մեջ[2][3]։ Շնորհիվ տարբեր երկրներում մշակության տարբեր սեզոնների, այն հասանելի է ողջ տարվա ընթացքում[4]։

Նկարագրություն

Մեխակածառը մշտադալար ծառ է, որը հասնում է մինչև 12 մետր բարձրության, ունի խոշոր տերևներ, բոսորագույն ծաղիկներ։ Ծաղկի բողբոջները սկզբում ունենում են գունատ երանգ, աստիճանաբար դառնում են կանաչ, այնուհետև՝ վառ կարմիր, երբ արդեն պատրաստ են բերքահավաքին։ Մեխակը հավաքում են 1,5-2 սմ երկարությամբ ծաղկաբույլերով, որոնք ավարտվում են չորս չբացված ծաղկաթերթերով, որոնք կազմում են փոքր կենտրոնական գնդիկ։ Մեխակի ցողունները ծաղկաբույլերի առանցքի բարակ ցողուններ են, որոնք ունեն հակադիր ճյուղավորում։ Արտաքինից դրանք դարչնագույն են, կոպիտ և երկայնքով անկանոն կնճռոտված՝ կարճ կտրվածքով և չոր, փայտային հյուսվածքով։ Մայր մեխակները մեխակի հասած պտուղներն են, որոնք ձվաձև են, շագանակագույն, միաբլիթ և միասերմ։

Գործածություն

Չոր մեխակներ
Մեխակածառի ծաղկաբույլեր

Մեխակն օգտագործվում է ասիական, աֆրիկյան, միջերկրածովյան, Լևանտի, Մերձավոր և Միջին Արևելքի խոհանոցներում՝ մսամթերքը, օրինակ, ապուխտը համեմելու համար, կարի պատրաստելիս, մարինացման համար, ինչպես նաև ավելացվում է մրգային՝ խնձորով, տանձով, խավարծիլով կարկանդակներին։ Հաճախ համակցված այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են կիտրոնը և շաքարը, մեխակ են ավելացնում տաք ըմպելիքներին։ Մեխակն ընդունված համեմունք է համեմունքային խառնուրդներում, որ օգտագործվում են դդումով կարկանդակ պատրաստելիս։ Մեքսիկական խոհանոցում մեխակը հաճախ զուգակցվում է զիրայի և դարչինի հետ[5]։ Այն նաև օգտագործվում է պերուական խոհանոցում, այնպիսի կերակրատեսակներում, ինչպիսիք են կարապուլկրան և բրնձով պուդինգը։ Մեխակի համի հիմնական բաղադրիչը փոխանցվում է քիմիական էուգենոլի կողմից[6], բայց այդ դեպքում ավելացվում է համեմունքի զգալիորեն փոքր քանակ։ Այն լավ համադրվում է դարչինի, բուրավետ պղպեղի, վանիլի, կարմիր գինու, ռեհանի, սոխի, ցիտրուսային կեղևների և սև պղպեղի հետ։

Ոչ խոհանոցային գործածություն

Ինդոնեզիայում մեխակը օգտագործվում է ծխախոտի կրետեկ տեսակի արտադրության մեջ։ Մեխակով սիգարետներ ծխում են ամբողջ Եվրոպայում, Ասիայում և Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգների 2009 թվականի սեպտեմբերի՝ համեմունքներով սիգարետների արգելքից[7] հետո մեխակով սիգարետները Նահանգներում դասակարգվում են որպես սիգարներ[8]։ Մեխակի եթերայուղը կարող է օգտագործվել տարբեր տեսակի մթերքների վրա բորբոսի աճը կանխելու համար[9]։ Ի լրումն մեխակի այս՝ ոչ-խոհանոցային գործածությունների, այն կարող է օգտագործվել մշակութային ժառանգության պահպանման համակարգում՝ փայտը պաշտպանելու համար։ Ապացուցվել է,որ մեխակի եթերայուղի արդյունավետությունը ավելի բարձր է, քան բորի վրա հիմնված փայտի կոնսերվանտը[10]։ Նարնջի հետ համակցված մեխակը կարող է օգտագործվել բուրավետ պոմանդեր՝ բուրումնավետ գնդիկ պատրաստելու համար։ Երբ վիկտորիանական Անգլիայում նվեր էին տալիս, նման պոմանդերն արտահայտում էր զգացմունքների ջերմությունը։

Բուժական գործածություն և կողմնակի ազդեցություններ

Բուժական նպատակներով մեխակի գործածությունը չի խրախուսվել ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից և դրա գործածությունը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն լյարդի հիվանդություն, արյան մակարդման բարձր աստիճան, իմունային համակարգի շեղումներ և սննդային ալերգիաներ ունեցողների մոտ[3]։ Մեխակի եթերայուղն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ, որպես ցավազրկող, հիմնականում ատամնաբուժական շտապ օգնության և այլ խանգարումների համար[11]։ Ապացուցվել է, որ մեխակի եթերայուղն արդյունավետ ցավազրկող է ատամնացավի և այլ ցավերի համար[3][12][13], իսկ մի հետազոտություն էլ ցույց է տալիս նրա և ցինկի օքսիդի արդյունավետությունը լնդային հիվանդությունների բուժման մեջ[14]։ Մեխակի եթերայուղը կարող է կանխել Enterococcus faecalis բակտերիաների աճը, որը հաճախ տեղի է ունենում ատամների արմատային խողովակների բուժման ձախողման ժամանակ[15]։Մեխակի եթերայուղի արդյունավետությունը որոշելու ուսումնասիրությունները ջերմիջեցման, որպես մոծակների վանող միջոցի և վաղաժամ սերմնաժայթքման կանխարգելման համար դեռևս վերջնական չեն[3][12]։ Մեխակի կամ մեխակի յուղի միջոցով արյան շաքարի մակարդակի նվազման փաստը մնում է չապացուցված[12]։ Եթերային յուղը կարող է օգտագործվել արոմաթերապիայի մեջ[3]։

Պատմություն

Ավստրոնեզիայի նախապատմական և պատմական ծովային առևտրի ցանց Հնդկական օվկիանոսում[16]

Մեխակն առաջին անգամ վաճառվել է ավստրոնեզացի ժողովուրդների կողմից Ավստրոնեզիայի ծովային առևտրային ցանցում (որը սկսվել է մ.թ.ա. մոտ 1500 թվականին, հետագայում դառնալով ծովային մետաքսի ճանապարհ և համեմունքների առևտրի մաս)։ Ժամանակակից մեխակաբուծության առաջին նշանավոր օրինակը զարգացել է Մադագասկարի արևելյան ափին և մշակվում է երեք առանձին ձևերով՝ մոնոմշակույթով, գյուղատնտեսական այգիներով և ագրոանտառային համակարգերով[17]։ Հնէաբան Ջիորգիո Բուկելատին մեխակ է հայտնաբերել սիրիայի Տերքա վայրում՝ հրդեհից ավերված մի տան մեջ, որ թվագրվում է Ք.Ա. 1720 թվականին։ Սա առաջին ապացույցն է այն բանի, որ մեխակն օգտագործվել է արևմուտքում՝ հռոմեական ժամանակաշրջանից առաջ։ Այդ Հայտնագործության մասին առաջին անգամ հայտարարվեց 1978 թվականին[18][19][20]։ Քրիստոսից հետո առաջին դարում մեխակը հասավ Հռոմ[21][22][23]։ Մեխակի մեկ այլ հնագիտական գտածո ներկայացված է Շրի Լանկայի առևտրային նավահանգստում հայտնաբերված երկու օրինակով, որոնք թվագրվում են մ.թ. 900–1100 թվականներով[24]։ Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանում (960-ից 1279 թվականներին) չինական գրառումներում երևում է, որ մեխակը հիմնականում արտահանվում էր Մոլուկկայից Ավստրոնեզիայի քաղաքների՝ Ճավայի, Սրիվիջայայի, Չամպայի ու Բուտուանի նավերով[25]։ Մեխակը նաև առկա է եղել Չինաստանում, Շրի Լանկայում, Հարավային Հնդկաստանում, Պարսկաստանում և Օմանում Ք.Ա. երրորդ դարից մինչև երկրորդ դար[21][22][23]։ Չինաստանում, Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում մեխակի մասին այս հիշատակումները ստացվել են մինչև Հարավարևելյան Ասիայի ծովային առևտրի ստեղծումը։ Սակայն սրանք բոլորը սխալ նույնականացումներ են, որոնք վերաբերում էին այլ բույսերի (օրինակ՝ կասիայի բողբոջները, դարչինը կամ մշկընկույզը), կամ էլ սխալմամբ ճանաչվել են որպես այս տարածաշրջանների բնիկ մշակաբույսեր[25]։ Գաղութատիրության ժամանակաշրջանում մեխակը վաճառվում էր նավթի պես՝ արտահանման պարտադիր սահմանափակումով։ Մեխակի արտադրության ներկայիս առաջատարներն են Ինդոնեզիան, Մադագասկարը, Տանզանիան, Շրի Լանկան և Կոմորոսը[26]։ Ինդոնեզիան մեխակի ամենամեծ արտադրողն է, բայց արտահանում է իրենց արտադրած մեխակի միայն մի փոքր մասը, որը կազմում է երկրի մեխակի արտադրության մոտ 10-15%-ը։ Նրանք հաճախ ստիպված են մեխակ ներկրել Մադագասկարից՝ իրենց կարիքները հոգալու համար[26]։

Բուսաքիմիական նյութեր

Էուգենոլի միացությունը պատասխանատու է մեխակի բնորոշ բույրի մեծ մասի համար

Էուգենոլը կազմում է մեխակից արդյունահանվող եթերայուղի 72–90%-ը և հանդիսանում է մեխակի բույրի համար ամենապատասխանատու միացությունը[6][27]։ Ամբողջական արդյունահանումը տեղի է ունենում 80 րոպեում 125 °C ճնշման տակ գտնվող ջրի մեջ[28]։ Ուլտրաձայնային և միկրոալիքային արդյունահանման մեթոդներն ապահովում են արդյունահանման ավելի արագ տեմպեր՝ էներգիայի ավելի ցածր ծախսերով[29]։ Մեխակի յուղի այլ ֆիտոքիմիկատները ներառում են ացետիլ էուգենոլը, բետա-կարիոֆիլենը, վանիլինը, կրատեգոլաթթունը, տանինները, օրինակ՝ բիկորնինը[6][30], գալոտանաթթուն, մեթիլ սալիցիլատը, էուգենին, կաեմպֆերոլը, ռամնետինին[3]։ Թեև էուգենոլը չի դասակարգվել իր պոտենցիալ թունավորության պատճառով[27], այն թունավոր է փորձարկվող օրգանիզմների համար 50, 75 և 100 մգ/լ կոնցենտրացիաներում[31]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ (համեմունք)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ (համեմունք)» հոդվածին։