Նեուկեն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեուկեն (այլ կիրառումներ)

Նեուկեն (իսպ.՝ Neuquén), քաղաք Արգենտինայում, գտնվում է Նեուկեն և Լիմայ գետերի միջագետքում։ Արգենտինայի ամենահարուստ քաղաքներից մեկն է և համանուն պրովինցիայի մայրաքաղաքը։ Համարվում է Կոնֆլուենսիայի դեպարտամենտի վարչական կենտրոնը և արգենտինական Պատագոնիայի խոշորագույն քաղաքը[4]։

Քաղաք
Նեուկեն
Neuquén
Դրոշ

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաՆեուկեն (պրովինցիա)
ՔաղաքապետՕրասիո Կիրոգա
Հիմնադրված է1904 թ.
Տվյալ կարգավիճակում1904 թվականից
Մակերես63 կմ²
ԲԾՄ260 մ
Բնակչություն231 780[1] մարդ (2010)
ԱգլոմերացիաՆեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 (0)299
Փոստային ինդեքսQ8300
Փոստային դասիչQ8300
Ավտոմոբիլային կոդQ (մինչև 1994 թվական)
Պաշտոնական կայքmuninqn.gov.ar
քույր քաղաքներ Նոքսվիլլ[2]
Տրևիզո[2]
Վալդիվիա[3]
Նեուկեն (Արգենտինա)##
Նեուկեն (Արգենտինա)
Կոնֆլուենսիայի դեպարտամենտը Նեուկենի պրովինցիայի քարտեզում

Քաղաքում է գտնվում Նեուկենի պրովինցիայի նահանգապետի նստավայրը, Բարձրագույն դատարանը և օրենսդիր մարմինը։Քաղաքը Պլոտիեր և Չիպոլետի քաղաքների հետ միասին կազմում է խոշոր ագլոմերացիա, որը կոչվում է Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի։ Վերջինիս բնակչությունը կազմում է 355 հազար մարդ (2009)[5]։

Պատմություն

Քաղաքի առաջին քարտեզը (1904 թվական)

Այն տարածքը, որտեղ ներկայումս գտնվում է Նեուկեն քաղաքը նախկինում անվանվում էր Կոնֆլուենսիայի («միախառնման») վայր։ Այս անվանումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ քաղաքի մոտակայքում միմյանց էին միախառնվում Նեուկեն և Լիմայ գետերը՝ կազմավորելով Ռիո Նեգրո (Սև) գետը։ Այս տարածքով էր անցնում հնդկացիների կողմից կառուցված ճանապարհը, որը սկսվում էր ներկայիս Արգենտինայի տարածքից և հասնում մինչև Չիլի։ Սկսած 1500 թվականից տարածաշրջան են ներթափանցում իսպանացի կոնկիստադորները[6]։ 1873 թվականին Վասիլիո Վիլյարինոն դուրս գալով Կարմեն դե Պատագոնեսից բարձրանում է Նեգրո գետն ի վեր՝ հասնելով ներկայիս Նեուկենի տարածք։ Իսպանական իշխանություններին ուղղված զեկուցագրում նա նշում է տարածաշրջանի ուսումնասիրության կարևորության մասին և կազմում է պաշտպանական կառույցների շինարարության ծրագիր՝ հնդկացիներից պաշտպանվելու համար, սակայն դրանք այդպես էլ չեն կառուցվում[7]։

1870-ական թվականներին գեներալ Խուլիո Ռոկայի գլխավորությամբ իրականացված «Անապատի նվաճում» ռազմական կոմպանիայից հետո շրջանում անցկացվեց հեռագրական կապ։ Այս տարածքը դիտարկվում էր ոչ միայն որպես անցումային կետ դեպի Չիլի, այլև որպես հարմար վայր նոր քաղաքի հիմնադրման համար։ Հենց այս ժամանակ ի հայտ են գալիս առաջին բնակիչները, որոնք այստեղ են գալիս Ռիո Նեգրո պրովինցիայից։ Կառուցվում են առաջին տնակներն ու փողոցները։

1902 թվականի մայիսին քաղաքում ավարտվում է երկաթուղային կամրջի և երկաթուղային կայարանի կառուցումը[8]։ Քաղաքի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1904 թվականը, իսկ հիմնադիրը՝ Բուկետ Ռոլդանը (es:Bouquet Roldan)[9]: Հիմնադրումից անմիջապես հետո քաղաքը սկսվում է համարվել պրովինցիայի մայրաքաղաքը[10]։ Մայրաքաղաքի տեղափոխության գաղափարը ի սկզբանե հանդիպում է քննադատության, քանի որ այն շատ մոտ էր գտնվում չիլիական սահմանին։ Սակայն հետագայում քաղաքը դարձավ կարևոր առևտրային հանգույց, որտեղից երկաթգծի միջոցով տեղի էր ունենում մեծաքանակ ապրանքաշրջանառություն այլ շրջանների և երկրների հետ։

Հիմնադրման պահից սկսած քաղաքը սկսում է անշեղորեն զարգանալ։ 1916 թվականին քաղաքում կառուցվում է ջրամատակարարման համակարգ, իսկ փողոցներում տեղադրվում են լապտերներ[11]։ 1930 թվականին քաղաքը ուներ 5000 բնակիչ։ 1937 թվականին շահագործման է հանձնվում առաջին ավտոմոբիլային կամուրջը, որն անցնելով Նեուկեն գետի վրայով միավորում էր Նեուկեն և Չիպոլետի քաղաքները[12]։ 1960ականների ավարտին քաղաքի դերը էականորեն բարձրացավ, ինչը պայմանավորված էր YPF ընկերության կողմից նավթի հայտնաբերմամբ։ 1970-ական և 1980-ական թվականներին տեղի էր ունենում ժողովրդագրական աճ, ինչը ուղեկցվում էր բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ։ 1972 թվականին բացվում է Կոմաուեի ազգային ինստիտուտը։

Ներկայումս Նեուկենը համարվում է Արգենտինայի խոշորագույն քաղաքներից մեկը[13]։

Պրովինցիայի և քաղաքի անվանումը ծագում է արակուներեն Newenken բառից, ինչը թարգմանվում է որպես «խիզախ», «փոթորկոտ», «սլացող»[14]։

Նեուկենի կենտրոնը 1916 թվականին

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Աշխարհագրական դիրք

Նեուկենի աշխարհագրական կոորդինատներն են՝ 38°57.6 հարավային լայնություն և 68°4.28 արևմտյան երկարություն։ Քաղաքը գտնվում է համանուն պրովինցիայի արևելյան հատվածում՝ արգենտինական Պատագոնիայի Կոնֆլենսիա դեպարտամենտում՝ Բուենոս Այրեսից 1200 կիլոմետր հեռավորության վրա։ Մոտակա քաղաքներն են՝ Չիպոլետին, Պլոտիերը, Սենտենարիոն և Սենիլյոսան։ Քաղաքը տեղակայված է Նեուկեն և Լիմայ գետերի ջրբաժանում։ Քաղաքից դեպի արևելք ընկած հատվածում սկիզբ է առնում Նեգրո գետը։

Նեուկենի հեռավորությունը խոշոր քաղաքներից (ավտոճանապարհներով)[15]
Անյելո ~ 106 կմ[16]
Չոս Մալալ ~ 242 կմ
Սենտենարիո ~ 15 կմ[16]
Սինկո Սալտոս ~ 30 կմ (իսպ.)[17]
Պլոտիեր ~ 15 կմ[18]
Սապալա ~ 186 կմ
Հորիզոնի կողմեր
Չիպոլետի ~ 8 կմ<[19]
Գեներալ Ռոկա ~ 48 կմ<[20]:
Պիեդրա դել Ագիլա ~ 226 կմ[16]
Սան Մարտին դե լոս Անդես ~ 421 կմ

Պայմանավորված այն հանգամանքով, որ քաղաքը գտնվում է հովտի և բարձրավանդակի միջև, Նեուկենին բնորոշ են թեք փողոցները։ Քաղաքի այն հատվածը, որը գտնվում է Լիմայ գետի մոտ իր հարթ ռելիեֆի պատճառով անվանվում է «Էլ Բախո» (ներքին), իսկ հյուսիսային հատվածը, որը գտնվում է բարձրավանդակում՝ «Էլ Ալտո» (վերին)։ Էլ Ալտոն և Էլ Բախոն միմյանցից սահմանազատվում են երկաթգծով։ Քաղաքի հարավային սահմանը անցնում է Լիմայ գետով, իսկ հյուսիսայինը՝ Նեուկենով։

Բնահողը կազմված է կավից և մանր քարերից։ Չոր կլիմայի պատճառով բնահողի պարարտացման համար պահանջվում է արհեստական ոռոգում։

Լիմայ և Նեուկեն գետերի վրա կառուցված են ամբարտակներ։

Կլիմա

Նեուկենում կլիման չորային է։ Տարածաշրջանին բնորոշ են չոր, սառը և արագընթաց քամիները։ Միջին տարեկան տեղումները կազմում են 185 միլիմետր։ Ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 24 °C, իսկ ձմռանը՝ 6 °C: Ձմռանը գիշերները նկատվում է թեթև ցրտահարություն։

Նեուկենի կլիման

Անդերում առատ տեղումների և սառույցի հալվելու հետևանքով քաղաքում երբեմն տեղի են ունենում գետերի վարարումներ և ջրհեղեղներ։

Քաղաքում ձյան տեսքով տեղումներ լինում են միջինը 5 տարին մեկ անգամ։

Նեուկեն
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
15
 
31
14
 
 
15
 
30
13
 
 
28
 
27
11
 
 
15
 
22
6
 
 
13
 
17
3
 
 
15
 
13
1
 
 
15
 
13
1
 
 
10
 
16
1
 
 
18
 
19
4
 
 
18
 
23
7
 
 
10
 
27
11
 
 
13
 
30
14
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: The Weather Channel (անգլ.)

Ժամային գոտի

Նեուկենի պրովինցիան, ինչպես և Արգենտինայի արևմտյան պրովինցիաների մեծ մասը, գտնվում է UTC-5 ժամային գոտում, սակայն սկսած 2009 թվականից Արգենտինայի կառավարությունը հրաժարվել է անցում կատարելուց ամառային ժամանակի[21]։

Էկոհամակարգ

Ծովախոզուկ

Քաղաքային ֆաունայի ներկայացուցիչներն են համարվում՝ մողեսները,կարիճները, ծղրիդները, բզեզները, լամաները, փոքր նանդուները, պատագոնյան նապաստակները և ծովախոզուկները։Գետերի էկոհամակարգի մեջ մտնում են՝ բադերը, սևավիզ կարապները, իսկ ձկներից՝ կարմրախայտը։Քաղաքային ֆլորան կազմում են ուռենիները, բարդիները, նոճիները, խնձորենիները և տանձենիները։ Քանի որ այստեղ կլիման չորային է՝ մեծ չէ նաև բույսերի ջրային պահանջարկը։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակ

Նեուկեն համարվում է իր բնակչությամբ ամենամեծ քաղաքը Պատագոնիայում։

ԹվականԲնակչություն
198090.089
1991167.296
2001201.868
2010231.780

Կրոն

Քաղաքի գրեթե ամբողջ բնակչությունը դավանում է կաթոլիկություն[22]։ Սակայն կան նաև բողոքականներ, հուդայականներ և այլ կրոնական ուղղությունների հետևորդներ։ Սկսած 1961 թվականից Նեուկենում է գտնվում պրովինցիայի եպիսկոպոսությունը, որի կենտրոնը համարվում է Maria Auxiliadora եկեղեցին։

Սոցիալական շերտեր

Քաղաքի հարուստ բնակիչները մեծ մասամբ բնակվում են քաղաքի հյուսիսային հատվածում՝ Լիմայ գետի մերձակայքում, որտեղ գտնվել է քաղաքի պատմական կենտրոնը[23]։ Աղքատ թաղամասերը գտնվում են քաղաքի հարավային ու արևմտյան հատվածներում և համարվում են ամենավտանգավորները՝ լինելով քրեական տարրերի հավաքատեղի[24]։

Օդանավակայանի շուրջ գտնվում են ֆերմաները։ Այստեղի բնակիչների սոցիալական կազմը միանշանակ չէ, քանի որ այստեղ բնակվում են ինչպես խոշոր և մանր հողատերեր, այնպես էլ միջինից բարձր սոցիալական ապահովվածություն ունեցող քաղաքացիներ։

Բնակչության էթնիկ կազմը

Մինչև իսպանացիների հայտնվելը ներկայիս քաղաքի տարածքը հիմնականում բնակեցված էր հնդկացիներով[25]։ 19–րդ դարում արգենտինական կառավարությունը ոչնչացրեց տեղի արաուկանիական բնակչությանը[26] և զբաղեցրեց նրանց տարածքները։ 20–րդ դարի սկզբին Նեուկեն ժամանեցին մեծաքանակ ներգաղթյալներ (մեծ մասամբ Իսպանիայից, Իտալիայից, Սիրիայից և Լիբանանից)։ Սկսած 2000ական թվականներից այստեղ են ժամանում նաև մեծաքանակ ներգաղթյալներ Բոլիվիայից[27]։

Սոցիալական խնդիրներ

Վերջին շրջանում քաղաքի հարավային և արևմտյան թաղամասերում կառուցվում են բազմաթիվ ապօրինի շինություններ քաղաքի չքավոր բնակչության կողմից։ Այս թաղամասերում հաճախ բացակայում են կոմունալ ծառայությունները, իսկ քաղաքում տեղի ունեցող հանցագործությունների մեծամասնությունը տեղի են ունենում հենց այստեղ։ Չնայած որ քաղաքը անընդհատ աճում ու զարգանում է, այնուամենայնիվ աղքտությունը ինչպես Նեուկենում, այնպես էլ ամբողջ պրովինցիայում ունի բավականին բարձր մակարդակ։ Այս խնդիրը գտնվում է կաթոլիկ եկեղեցու ուշադրության կենտրոնում[28]։

Քաղաքականություն

1904 թվականին Նեուկեն դարձավ համանուն պրովինցիայի մայրաքաղաքը։ Քաղաք տեղափոխվեցին պրովինցիայի կառավարական արխիվներն ու բյուջեն։ Տեղափոխվեցին նաև պաշտոնյաներն իրենց ընտանիքներով։ Այստեղ է գտնվում նաև պրովինցիայի կառավարական պալատը, որը համարվում է նահանգապետի նստավայրը։ Նահանգապետերն ընտրվում են 4 տարի ժամկետով[29]։

Քաղաքում է գտնվում պրովինցիայի միակ քաղաքական կուսակցության՝ Movimiento Popular Neuquino-ի գրասենյակը։

Քաղաքի վարչակազմ

Քանի որ քաղաքը համարվում է պրովինցիայի կենտրոն, այստեղ են գտնվում տարածքային ինքնակառավարման բոլոր մարմինները։ Այստեղ 1929 թվականին բացվեց նահանգապետի նստավայրը[30]։ Նեուկենում են գտնվում նաև պրովինցիայի Գերագույն դատարանը և լեգիսլատուրան։

Քաղաքային ինքնակառավարումը ձևավորվել է 1905 թվականին։ Քաղաքապետը գլխավորում է քաղաքային գործադիր իշխանությունը։ Քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1960ական թվականներին[31]։ Մունիցիպալ խորհուրդը, որին պատկանում է քաղաքի օրենսդիր իշխանությունը, կազմված է 18 պաշտոնյաներից։ Սկսած 1995 թվականի օգոստոսից քաղաքում գործում է տեղական սահմանադրություն, համաձայն որի քաղաքապետը ընտրվում է 4 տարի ժամկետով[32]։

Քաղաքի գործադիր իշխանության կառուցվածք

Ղեկավարման մարմին[33]

Մունիցիպալիտետ

Տեղական զարգացման և տուրիզմի քարտուղարություն

Կառավարման քարտուղարություն

Իրավաբանական և տեխնիկական ենթաքարտուղարություն

Կադրերի ենթաքարտուղարություն

Կառավարման ենթաքարտուղարություն

Կոմունալ ծառայությունների քարտուղարություն

Կոմունալ ծառայությունների ենթաքարտուղարություն

Շրջակա միջավայրի ենթաքարտուղարություն

Քաղաքային վարչակազմի ենթաքարտուղարություն

Սոցիալական զարգացման և ինստիտուցիոնալ հարաբերությունների քարտուղարություն

Սոցիալական զարգացման ենթաքարտուղարություն

Ինստիտուցիոնալ հարաբերությունների ենթաքարտուղարություն

Մշակույթի և սպորտի քարտուղարություն

Մշակույթի ենթաքարտուղարություն

Սպորտի ենթաքարտուղարություն

Կոորդինացիայի և ենթակառուցվածքների քարտուղարություն

Կոորդինացիայի ենթաքարտուղարություն

Հասարակական աշխատանքների ենթաքարտուղարություն

Բնակարանային ենթաքարտուղարություն

Պետական իշխանության ապակենտրոնացման մարմին

Տնտեսական զարգացման քարտուղարություն

Ֆինանսների ենթաքարտուղարություն

Կոնցեսիայի վերահսկման մարմին

Հարկերի և տուրքերի մունիցիպալ կառավարում

Մարդու իրավունքների քարտուղարություն

Հաշվապահություն

Քաղաքագլուխներ

Չնայած որ Նեուկենը քաղաքի կարգավիճակ ստացել էր դեռևս 1904 թվականին, սակայն առաջին բուրգոմիստր Պեդրո Լինարեսը միայն 1906 թվականին հաստատվեց այս պաշտոնում[34]։ 2009 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ Նեուկենն արդեն ունեցել է 81 քաղաքագլուխներ։

Դրոշ

2010 թվականի սեպտեմբերի 12ին՝ քաղաքի հիմնադրման 106ամյակի օրը, առաջին անգամ բարձրացվեց քաղաքի պաշտոնական դրոշը։ Արարողությանը մասնակցում էին բազմաթիվ պաշտոնյաներ և հյուրեր։ Այցելուների մեջ էին նաև նահանգապետ Խորխե Սապախը և քաղաքապետ Մարտին Ֆարիսանոն[35]։ Դրոշի հեղինակը ճարտարապետ և նկարիչ Կառլոս Ալբերտո Խուարեսն է, որը հաղթել է դրոշի դիզայնի համար հայտարարված բաց մրցույթում, որի ժամանակ ներկայացվել էր 75 աշխատանք[36]։ Դրոշը ունի երկնագույն երանգ, իսկ 2 ժապավենները խորհրդանշում են քաղաքը գոտևորող Լիմայ և Նեգրո գետերի միախառնումը[37]։

Վարչական բաժանում

Քաղաքի առաջին հատակագիծը կազմվել է 1904 թվականին՝ Բուկետ Ռոլդանի կողմից ստեղծված քաղաքի մանրակերտի հիման վրա։

Քաղաքի հյուսիսային մասում՝ Էլ Ալտոյի շրջանում են գտնվում վարչական կառավարման մարմիններն ու ֆինանսական հաստատությունները։ Իսկ երկաթգծից հարավ՝ Էլ Բախոյի շրջանում գտնվում են Նեուկենի հիմնական առևտրային կենտրոնները[38]։

Քաղաքի տարածքը կազմում է 63 քառակուսի կիլոմետր։ Վարչական առումով Նեուկենը բաժանվում է 46 շրջանների[39]՝

Քաղաքային զարգացում

Վերջին տարիներին քաղաքի կենտրոնում կառուցվում են բարձրահարկ շինություններ, հյուսիսում նախատեսվում է հիպերմարկետի և առևտրային կենտրոնի կառուցում[40]։

2000ական թվականներին քաղաքային իշխանությունը կայացրել է որոշում, որով փորձելու է ազատվել անօրինական շինություններից և ավաններից, ու կառուցել բնակարաններ 2000 կարիքավոր ընտանիքների համար[41]։

Տնտեսություն

Քանի որ Նեուկենը համարվում է պրովինցիայի կենտրոն, այստեղ գործում են բազմաթիվ կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների մասնաճյուղեր։ Քաղաքում է գտնվում Նեուկենի պրովինցիայի Բանկի գլխավոր մասնաճյուղը։

Պտղաբուծությունը և նավթի արդյունաբերությունը ավանդաբար համարվում են քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերը[42]։

Արդյունաբերություն

Նեուկենի հյուսիսում գործում է արդյունաբերական գոտի, որը կառուցվել է 1970ականերին։ Զարգացած են նաև ծանր մետալուրգիական արդյունաբերությունը, փայտամթերումը և կերամիկայի արտադրությունը[43]։

Գյուղատնտեսություն

Քաղաքի տարածքում կարելի է աճեցնել խնձոր, տանձ, խաղող և այլ պտուղներ։ Ջրի առկայությունը գետերում թույլ է տալիս զբաղվել ինտենսիվ գյուղատնտեսությամբ։ Այս արտադրանքը ոչ միայն կարող է բավարարել ներքին պահանջարկը, այլև ենթակա է արտահանման։Քաղաքում զարգացած է նաև գինեգործությունը։

Բնական պաշարներ

Քաղաքից ոչ հեռու գտնվում են նավթահորերը։ Այստեղ գործունեություն են ծավալում այնպիսի նավթային ընկերություններ, ինչպիսիք են՝ Petrobrasը և Repsol YPFն[44][45]։

Պրովինցիան հարուստ է նաև գազի պաշարներով[46]։

Բանկեր

Նեուկենում գործում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բանկերի մասնաճյուղեր։ Գործում են նաև փոխանակման կետեր։

Քաղաքի խոշորագույն բանկերն են՝ Citibank-ը, HSBC-ն, Banco Nacion-ը, Banco de la Pampa-ն, Banco Galicia-ն, Banco Hipotecario-ն, Banco Credicop-ը и Banco Provincia del Neuquen-ը։

Տուրիզմ

Նեուկենը տուրիստական քաղաք չէ, սակայն այն հաճախ գրավում է դեպի Սան Մարտին դե լոս Անդես ուղևորվող զբոսաշրջիկների ուշադրությունը։

Հյուրանոցներ

Չնայած որ Նեուկենը տուրիստական քաղաք չէ, այնուամենայնիվ այստեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ։

Դեռևս հնագույն ժամանակներից քաղաքի իշխանությունները վարում էին զբոսաշրջիկներին կացարանով ապահովելու քաղաքքականություն, իսկ երբ 1902 թվականին շահագործման հանձնվեց երկաթգիծը՝ հյուրանոցներն ավելի ընդարձակվեցին։

Քաղաքում հիմա գործում են ավելի քան 20 հյուրանոցներ, որոնք համապատասխանում են այցելուների պահանջներին[47]։

Կապ

Կապի առաջին միջոցը քաղաքում եղել է հեռագիրը։ Առաջին հեռախոսը քաղաքում հայտնվել է 1913 թվականին։ Ներկայումս քաղաքում գործում են կապի բազմաթիվ օպերատորներ։

Տրանսպորտ

Մինչև քսաներորդ դարի սկիզբը Նեուկեն հասնելը բավականին դժվար էր։ Սակայն երկաթգծի անցկացումը էականորեն փոխում է այս իրավիճակը։ Քաղաքը սկսում է ակտիվ առևտուր իրականացնել Բուենոս Այրեսի պրովինցիայի խոշոր քաղաքների հետ, ինչը զարկ է տալիս տնտեսության զարգացմանը։

Հետագայում քաղաքում հիմնվում են նաև օդանավակայան և ավտոկայարան։

Ներկայումս քաղաքային տրանսպորտը ներկայացված է տաքսիներով և ավտոբուսներով։

Երկաթուղային

Ներկայումս մշակվում է ծրագիր՝ վերականգնելու միջքաղաքային ուղևորափոխադրումները՝ Նեգրո և Նեուկեն գետերի ավազաններում[48]։

Օդային

«Պրեզիդենտ Պերոն» միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից ամեն օր չվերթնոր են իրականացվում դեպի Բուենոս Այրես, Կոմոդորո Ռիվադավիա և այլ արգենտինական քաղաքներ։

Ավտոմոբիլային

1937 թվականին քաղաքում կառուցվում է առաջին ավտոմոբիլային կամուրջը։ 1997 թվականին ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջների միջև կառուցվում է մի նոր կամուրջ, որը հատելով քաղաքը հասնում է մինչև Պլոտիեր[49]։

Ավտոբուսներ

Ազգային և միջազգային ուղիներ

2005 թվականին կառուցված ETON[50] ավտոբուսային կայարանը համարվում է Արգենտինայի ամենաժամանակակից կայարաններից մեկը, որտեղ ներկայացված են երկրի բոլոր խոշորագույն ավտոբուսային ընկերությունները։

Նեուկենայի ավտոբուսային կայարան
Տեղական ավտոբուսային ընկերություններ

Տեղական ավտոբուսային ընկերություններից միայն «Indalo»-ն է իրականացնում ներքաղաքային ուղևորափոխադրումներ[51], իսկ «Co-Co»-ն և «Peuquenches»-ը իրականացնում են միայն միջազգային ուղևորափոխադրումներ։

Առողջապահություն

Նեուկենի պրովինցիայում զարգացած է նաև առողջապահության համակարգը։ «Դոկտոր Կաստրո Ռենդոն» հիվանդանոցը համարվում է ամենաբազմապրոֆիլայինը[52]։ Գործում են նաև «Սիրենա» և «Դոկտոր Հորասիո Գելլեր» հիվանդանոցները, որոնք գտնվում են քաղաքի արևելյան հատվածում։

Քաղաքային հիվանդանոցներ

Երեք քաղաքային հիվանդանոցներց առաջինը հիմնադրվել է «Դոկտոր Կաստրո Ռենդոն» հիվանդանոցը (1913 թվականին)։ Հիմնադրման պահին այն ուներ 15 մահճակալ, իսկ այսօր այս խոշորագույն հիվանդանոցը ունի որակավորման 9-րդ մակարդակ[53]։

Մասնավոր կլինիկաներ

Նեուկենում աշխատում են այնպիսի մասնավոր կլինիկաներ, ինչպիսիք են՝ CMIC-ը որը հիմնադրվել է 1991 թվականին[54] և Սան Լուկասը, որը համարվում է Պատագոնիայի խոշորագույն մանկաբուժական հաստատությունը[55]։

Կրթություն

Նեուկենում գործում են բազմապրոֆիլ կրթական կենտրոններ, մշակույթի և արվեստի բազմաթիվ ինստիտուտներ։ Մասնավոր և պետական դպրոցների կրթական ծրագրերի մեջ էական տարբերություններ չկան։

Տարրական և միջնակարգ կրթուրյուն

Ներկայումս քաղաքի երեխաների մեծամասնությունը այցելում են պետական դպրոցներ։ Նեուկենում գործում է պարտադիր միյնակարգ կրթության համակարգը[56], որի տևողությունը 5 տարի է։ Նեուկեն պրովինցիան առաջիններից մեկն էր Արգենտինայում, որտեղ ներդրվել է պարտադիր միջնակարգ կրթության համակարգը։

Բարձրագույն կրթություն

1965 թվականին հիմնադրվեց Նեուկենի պրովինցիալ համալսարանը։ Հետագայում այն միավորվում է այլ բուհերի հետ և 1972 թվականին ստեղծվում է Կոմաուեի Ազգային Համալսարանը, որը վերածվում է տարածաշրջանային կարևոր կրթական կենտրոնի։

Ինչպես Արգենտինայի այլ քաղաքներում ևս, այստեղի երիտասարդությունը նախընտրում է բարձրագույն կրթություն ստանալ Բուենոս Այրեսում, Լա Պլատայում և այլ խոշոր քաղաքներում։

Այլ կրթական հաստատություններ

Նեուկենում գործում է մարիոնետային դպրոց, ինչպես նաև երաժշտական(1968 թվական) և թաթերական(1960 թվական) բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Մշակույթ

Քաղաքը համարվում է արգենտինական Պատագոնիայի խոշորագույն մշակութային կենտրոնը։ Աշխատում են խոշոր թանգարաններ և գրադարաններ։ Կան բազմաթիվ հուշարձաններ։

Թանգարաններ և պատկերասրահներ

  • Գրիգորիո Ալվարեսի թանգարան[57]։

Թանգարանի ժամանակակից շենքը կառուցվել է 1901 թվականին։

թանգարան Կոֆլուենսիա
  • Էմիլիո Սարակոյի նկարչական պատկերասրահ Պատկերասրահում հիմնականում ցուցադրվում են տեղական նկարիչների գործեր։
  • Թանգարան Միախառնման վայր[58]

Զբոսայգիներ

Քաղաքի կենտրոնական զբոսայգին գտնվում է Էլ Ալտոյի և Էլ Բախոյի միջև՝ քաղաքի ամենակենտրոնում։ Սա քաղաքի ամենաառաջին և ամենամեծ զբոսայգին է։ Այստեղ է գտնվում քաղաքի սահադաշտը և Գրիգորիո Ալվարեսի թանգարանը։

Քաղաքի հյուսիսում գտնվում է Դրոշակների հրապարակը, որը համարվում է քաղաքի ամենահայտնի հրապարակներից մեկը։

Թատրոններ

Քաղաքի առաջին թատրոնը, որը կոչվում է Հին թատրոն հիմնադրվել է 1938 թվականին[59]՝ Avenida Argentina փողոցում։Նեուկենի առաջին կինոթատրոնը կոչվում է Իսպանական կինոթատրոն։

Գրադարաններ

Նեուկենի առաջին գրադարանը բացվել է 1928 թվականի նոյեմբերի 10ին[60]՝ Խուանե Ալբերդիի օրոք։ Քաղաքային մունիցիպալիտետի վերահսկողուրյան տակ գործում են մի շարք հասարակական գրադարաններ։ 2009 թվականի դրությամբ Նեուկենում գործում են 31 գրադարաններ[61]։

Սպորտ

Քաղաքում գործում են Նեուկենի ֆուտբոլային լիգան, հանդբոլի, բասկետբոլի, գեղասահքի ֆեդերացիաները։ Բասկետբոլի ու հանդբոլի հանդիպումները տեղի են ունենում «Ռուկա Չէ»(«մարդկանց տուն») կոչվող մարզադաշտում, որը ամենամեծն է քաղաքում։ վերջինս հիմնադրվել է 1995 թվականին։ 2009 թվականի հունվարի 6 ից այսեղ է անցկացվել Դաքարի ավտոռալլիի մրցարշավներից մեկը։

Տեսարժան վայրերը

Քաղաքի դիտարժան կոթողներից է Սան Մարտինի հուշարձանը, որը կառուցվել է գեներալի մահվան հարյուրամյակի կապակցությամբ։

Կենտրոնական զբոսայգում է գտնվում Ամառային թատրոնը։

Քաղաքի հյուսիսում՝ Դրոշակների հրապարակից ոչ հեռու գտնվում է քաղաքի աստղադիտարանը։

Լիմայ գետի մոտ գտնվող առողջարանը շոգ օրերին հանդիսանում է հանգստի պահանջված վայր։

Նահանգապետի նստավայրի դիմաց գտնվող հրապարակը անվանակոչվել է ի պատիվ գեներալ Խուլիո Ռոկայի[62]։

Հետաքրքրություններ

Հանգստյան օրերին քաղաքի կենտրոնում տեղի են ունենում ներկայացումներ։ Այստեղ է գտնվում նաև Իսպանական կինոթատրոնը, որը ամենահինն է քաղաքում[63]։ Քաղաքի կենտրոնական մասում կան շատ ռեստորաններ և սրճարաններ։ Քաղաքի միակ խաղատունը, որը կոչվում է «Մեջիք» գտնվում է օդանավակայանում[64]։ Կան բազմաթիվ դիսկոտեկներ և փաբեր։

Առողջարաններ

Նեուկենի ամենահայտնի առողջարանը Լիմայ գետի վրա գտնվող ամառային առողջարանն է[65]։ Եվս մեկ առողջարան գտնվում է Լա Էրրադուրազբոսայգում, որը գտնվում է օդանավակաըանի մոտ։

Նեուկենի հետ կապված ճանաչված մարդիկ

Խորխե Սոբիշ (ծնվել է 1943 թվականին)՝ արգենտինացի քաղաքական գործիչ՝ Նեուկենի նաղկին նահանգապետը։

Մարսելո Բերբել (1925-2003)՝ հայտնի արգենտինացի բանաստեղծ, Նեուկենի օրհներգի հեղինակը։

ՈՒգո Բերբել՝ ժողովրդական երգիչ, Los Hermanos Berbel խմբի անդամ։

Մարիետե Բերբել՝ ժողովրդական երգչուհի Los Hermanos Berbel խմբի անդամ։

Սերխիո Արաուխո (ծնվել է 1992 թվականին)՝ ֆուտբոլիստ, խաղում է Բարսելոնա Բում։

ԶԼՄ-ներ

Տեղական թերթեր

«Նեուկեն» թերթը համարվում Է առաջին քաղաքային պարբերականը[66], իսկ «Ռիո Նեգրոն»՝ ամենապոպուլյարը[67]։

Հեռուստատեսություն և ռադիո

Ներկայումս քաղաքում գործում են բազմաթիվ ռադիոկայաններ[68]։

ՀաճախականությունԱնվանում
600 կԳց«ԼՈՒ85 Ռադիո Նեուկեն[69]»
103.7 ՄԳց«Ռադիո Կալֆ Կոմաուեի համալսարան»
104.7 ՄԳց«ֆՄ Ռեքորդ»
100.9 ՄԳց«Ֆրեկուենսիա Ռիո»
1400 կԳց«Ռադիո Կումբրե»
94.3 ՄԳց«Ռադիո Լուսին»

Յոթերորդ ալիքը, որը պատկանում է «Telefe» խմբին, համարվում է միակ քաղաքային հեռուստաալիքը։ Այն հիմնականում ցուցադրում է «Telefe»ի հեռուստահաղորդումները, ինչպես նաև որոշ տեղական հաղորդումներ և լուրեր։ Քաղաքում հասանելի է նաև տասներորդ ալիքը, որը կոչվում է «Գեներալ Ռոկա»։

Քույր քաղաքներ

Քույր քաղաքների ցանկ[2][70]՝

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեուկեն» հոդվածին։