Ջորջ Ֆլոյդի սպանություն

Ջորջ Ֆլոյդ (անգլ.՝ George Floyd), աֆրոամերիկացի, որը մահացել է 2020 թվականի մայիսի 25-ին այն պատճառով, որ Մինեապոլիսից սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը ծնկով սեղմել է նրա պարանոցը և այդպես նրան պահել ավելի քան 7 րոպե, մինչդեռ Ջորջն ընկած էր ճանապարհին դեմքով դեպի ներքև[2][3]։ Ոստիկաններ Թոմաս Լեյնը և Ջ․ Ալեքսանդր Քուենգը նույնպես օգնում էին պահել Ֆլոյդին, իսկ Թու Թաոն կանգնած էր նրանց մոտ և պարզապես նայում էր[4]։ Միջադեպը տեղի է ունեցել Փաուդերհորնում (Մինեապոլիս, Մինեսոտա նահանգ) Ֆլոյդի՝ խանութում կեղծ չեկով գնումներ կատարելու կասկածանքով ձերբակալության ժամանակ[5], և մի քանի ականատեսների կողմից տեսագրվել է հեռախոսներով[6]։ Տեսանյութերը, որոնցում Ֆլոյդը բազմիցս ասում էր. «Ես չեմ կարողանում շնչել», արագորեն տարածվել են սոցիալական մեդիայում և հեռարձակվել ԶԼՄ-ներով։ Միջադեպին մասնակցած չորս ոստիկան հաջորդ օրը հեռացվել է աշխատանքից[7]։

Ջորջ Ֆլոյդի սպանություն
Ականատեսի կողմից նկարահանված տեսանյութ
Թվական2020-5-25 (3 տարի առաջ)
Ժամանակ8:00–8:30[1]
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Մինեապոլիս, Մինեսոտա)
Կոորդինատներ44°56′03″ հս․. լ. 93°15′45″ ամ. ե.HGЯO
Նկարահանել էԴարնելա Ֆրազիեր
ՄասնակիցներԴերեկ Շովին
Թու Թաո
Թոմաս Լեյն
Ջ․ Ալեքսանդր Քուենգ
Մահ(եր)1 (Ջորջ Ֆլոյդ)

Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում այն վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։

Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպի հետաքննություն է սկսել Մինեապոլիսի ոստիկանության բաժնի խնդրանքով, մինչդեռ Մինեսոտայի քրեական հետապնդման բյուրոն հետաքննում է, թե արդյոք Մինեսոտայի օրենքների խախտումներ են եղել[8]։ Ֆլոյդի սպանությունը համեմատում են Էրիկ Գարների՝ 2014 թվականին տեղի ունեցած սպանության հետ, որը կրկնում էր․ «Ես չեմ կարողանում շնչել»։ Սպաները խեղդել են նրան ձերբակալության ժամանակ, թեև նա անզեն էր[9]։

Ֆլոյդի սպանությունից հետո Մինեապոլիս-Սենտ Փոլ շրջանում ցույցերը և բողոքի ակցիաները սկզբում եղել են խաղաղ, սակայն կտրուկ բռնության են վերածվել, երբ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների վրա սկսել է օգտագործել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Արդյունքում ոստիկանության բաժնում կոտրվել են պատուհանները, հրկիզվել է երկու խանութ, իսկ հարակից շրջաններում գտնվող մյուս խանութները թալանվել և վնասվել են[10]։ Իրավապահ մարմինները պատասխանել են արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով[11][12]։

Միջադեպի մասնակիցներ

Ջորջ Ֆլոյդ

Ջորջ Ֆլոյդը 46-ամյա աֆրոամերիկացի էր։ Ծնունդով Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքից, նա հաճախել է Եյթսի միջնակարգ դպրոցը որպես բազմասպորտ մարզիկ և ավարտել է այն 1993 թվականին[13]։ Նա ռեփեր էր, որը կապված է եղել Հյուստոնի Screwed Up Click հիփ հոփ խմբի հետ և հանդես է եկել «Big Floyd» կեղծանունով DJ Screw-ի կողմից թողարկված միքսթեյփերի վրա[14]։ Ֆլոյդը Մինեսոտա է տեղափոխվել 2014 թվականին։ Նա ապրել է Սենթ Լուիս Պարկում և հինգ տարի աշխատել է որպես մոտակա Minneapolis ռեստորանի պահակ[15]։ Իր մահվան պահին նա արդեն կորցրել էր աշխատանքը COVID-19 համավարակով պայմանավորված Մինեսոտայի տանը մնալու հրամանի ժամանակ[16]։ Ֆլոյդը ունեցել է երկու դուստր՝ 6 և 22 տարեկան, որոնք մնացել են Հյուստոնում[17][18]։

Ոստիկանության աշխատակիցներ

44-ամյա Դերեկ Շովինը նույնականացվել է որպես սպա, որը ծնկով գետնին էր սեղմում Ֆլոյդի պարանոցը։ Նա Մինեապոլիսի ոստիկանական վարչությունում սպա է աշխատել 2001 թվականից ի վեր[19]։ Շովենը 18 բողոք է ունեցել իր պաշտոնական ծառայողական ցուցակում, որոնցից երկուսն ավարտվել են վարչության կողմից կարգապահական տույժով, այդ թվում՝ նկատողությամբ պաշտոնական նամակներով[20]։ Նա ոստիկանության հետ մասնակցել է երեք փոխհրաձգությունների, որոնցից մեկն ավարտվել է մահացու ելքով[19][21][22]։

Նախնական շփում

Ակումբի նախկին սեփականատեր Մայա Սանտամարիայի խոսքերով՝ Ֆլոյդը և Շովինը աշխատել են որպես պահակներ և մասամբ համընկնող հերթապահություններ են ունեցել լատինական El Nuevo Rodeo գիշերային ակումբում։ Սակայն ակնհայտ չէ, թե արդյոք նրանք ճանաչում էին միմյանց[23]։

Դեպքեր

Ձերբակալություն և ոստիկանության նախնական հայտարարություններ

Մայիսի 25-ի երեկոյան ժամը 8-ից հետո՝ Հիշատակի օրը, Մինեապոլիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները արձագանքել են Մինեապոլիսի Փաուդերհորն շրջանի Չիկագոյի հարավային պողոտայում «կատարված կեղծիքին»։ Ըստ WCCO-TV-ի՝ ենթադրվում էր, որ Ֆլոյդը «փորձել է կեղծ փաստաթղթեր օգտագործել մոտակա նպարեղենի խանութում»։ Ոստիկանության տվյալներով՝ Ֆլոյդը գտնվել է մեքենայում և «ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել»։ Ոստիկանության բաժնի ներկայացուցիչն ասել է, որ սպաները հրամայել են իրեն դուրս գալ մեքենայից, ինչից հետո նա դիմադրել է ձերբակալությանը[24]։

Այն ժամանակ, երբ ոստիկանությունն ի սկզբանե պնդում էր, որ Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը, տեսանյութը մոտակա խանութից «ցույց է տալիս, որ ոստիկանները նրան հանգիստ ձերբակալում են», ինչպես հայտնել է CBS News-ը[25]։

Մինեապոլիսի ոստիկանության տվյալներով՝ սպաները «կարողացել են ձեռնաշղթաներ հագցնել կասկածյալին և նշել, որ նա, կարծես, առողջական խնդիրներ ունի։ Աշխատակիցները շտապօգնություն են կանչել»[24]։ Մինեապոլիսի հրշեջ պահպանության նախարարության համաձայն՝ բուժաշխատողները Ֆլոյդին տեղափոխել են դեպքի վայրից, կրծքավանդակի մերսում արել և այլ փրկարարական միջոցառումներ ձեռնարկել տղամարդու համար, որը ոչ մի ռեակցիաներ չէր ցուցադրում[26]։ Ֆլոյդին հասցրել են Հենեփին շրջանի բուժկենտրոն, որտեղ պաշտոնապես հայտարարվել է, որ նա մահացել է[27]։ Համաձայն Մինեապոլիսի ոստիկանության հայտարարության՝ միջադեպում զենք չի օգտագործվել[24]։

Ձերբակալության տեսանյութեր

Ձերբակալության մի մասը նկարահանվել է ականատեսների կողմից և հրապարակվել է Facebook Live-ում[24][28]։ Տեսանյութի սկզբում Ֆլոյդին արդեն սեղմել են գետին, իսկ սպա Շովինի ծունկը եղել է նրա պարանոցին[29]։ Ֆլոյդը բազմիցս ասել է Շովինին․ «Խնդրում եմ» և «Ես չեմ կարողանում շնչել»՝ դրա հետ մեկտեղ տնքոց և հեկեկոց հանելով[30]։ Կադրից դուրս անհայտ մի մարդ ասել է ոստիկաններին․ «Դուք նրան արդեն ձերբակալել եք։ Հնարավորություն տվեք, որ նա շնչի»[31]։

Այն բանից հետո, երբ Ֆլոյդն ասել է․ «Ես շուտով կմահանամ», Շովինն հրամայել է Ֆլոյդին «թուլանալ»[29]։ Ոստիկանությունը հարցրել է Ֆլոյդին․ «Ի՞նչ ես ուզում», ինչին Ֆլոյդը կրկնել է․ «Ես չեմ կարողանում շնչել»[30] և շարունակել․ «Խնդրում եմ․․․ ծունկը պարանոցիս վրա, ես չեմ կարողանում շնչել»։ Ոստիկանները հրամայել են Ֆլոյդին «կանգնել և նստել մեքենայի մեջ»[32], ինչին նա պատասխանել է․ «Ես այդպես էլ կանեմ․․․ Ես չեմ կարողանում շարժվել»[33]։ Ֆլոյդը սկսել է գոռալ․ «Մամա՛», նա բողոքել է․ «Որովայնս ցավում է, պարանոցս ցավում է» և ջուր է խնդրել։ Ոստիկանությունը չի արձագանքել դրա վրա։ Ֆլոյդն աղաչել է, որ չսպանեն իրեն[34]։

Ֆլոյդի քիթը սկսել է արյունահոսել[24]։ Ականատեսներից ևս մեկը հայտնել է ոստիկանությանը, որ Ֆլոյդը չի դիմադրում ձերբակալությանը։ Ոստիկանությունը հայտնել է կողմերին, որ իբր Ֆլոյդն ասել է, «որ իրան լավ է զգում», ինչին ականատեսներից մեկը պատասխանել է, որ Ֆլոյդը «լավ վիճակում չէ»[35]։

Վերջիվերջո Ֆլոյդը դադարել է շարժվել, սակայն Շովինն իր ծունկը դեռ պահում էր նրա պարանոցի վրա[29]։ Ականատաեսները խնդրել են հեռացնել ծունկը նրա պարանոցից և ստուգել Ֆլոյդի երկազարկը[24]։ Կադրից դուրս ձայնը հարցրել է․ «Նրանք սպանե՞լ են նրան»[36]։

Հետո ժամանել է շտապօգնությունը։ Շովինը դեռ պահել է ծունկն այնքան ժամանակ, մինչև բուժօգնությունը Ֆլոյդին չի պառկեցրել պատգարակի վրա։ Ֆլոյդին տեղափոխել են շտապօգնության մեքենա և տարել[24][34][35]։ Ականատաեսը կադրից դուրս ասել է, որ ոստիկանությունը «պարզապես սպանել է» Ֆլոյդին[29]։

Շովինը ծնկով սեղմում էր Ֆլոյդի պարանոցն առնվազն 7 րոպե, ներառյալ 4 րոպեն այն բանից հետո, երբ Ֆլոյդը դադարել է շարժվել[37][38]։

Հետևանքներ

Մայիսի 26-ին Մինեապոլիսի ոստիկանության պետ Մեդարիա Արադոնդոն հայտարարել է, որ սպաներն ուղարկվել են արձակուրդ[39]։ Ավելի ուշ նույն օրը չորս սպաներն էլ ազատվել են աշխատանքից։

Նույն օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել է, որ դիտարկում է այդ միջադեպը։ Սպաների մարմինների վրա տեղադրված դիտարկման տեսախցիկների կադրերը փոխանցվել են Մինեսոտայի հանցագործների ձերբակալման բյուրո[40]։ Քաղաքացիական իրավունքների փաստաբան Բենջամին Քրամփը ներկայացնում է Ֆլոյդի ընտանիքի շահերը։

Մայիսի 27-ին Շովինի դեմ ուղղված ապատեղեկատվությունը սկսել էր տարածվել սոցիալական ցանցերում, ընդ որում հատկապես նկատելի էին պնդումներն այն մասին, որ գոյություն ունի Շովինի մասնակցությամբ լուսանկար, որում նա «Make White Great Again» (անգլ. թարգմանաբար՝ «Սպիտակը կրկին մեծ դարձնենք») գլխարկ է կրում։ Համաձայն մեկ այլ ապատեղեկատվության՝ Շովինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն բեմում է եղել քաղաքական հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ այս տեղեկությունները կեղծ են հայտարարվել[41][42][43]։

Մայիսի 28-ին Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ՀԴԲ-ի հետ համատեղ հայտարարություն է հրապարակել, որում ասվում էր, որ նրանք Ֆլոյդի մահվան հետաքննությունը դարձրել են «գլխավոր առաջնահերթություն»։ Նրանք հայտարարել են, որ նշանակել են քրեական գործերով հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառու դատախազներին և քննիչներին և կարգադրել հետաքննության հետևյալ քայլերը․ «Բազմակողմանի հետաքննությունը թույլ կտա ստանալ առկա բոլոր տեղեկությունները և հանգամանորեն գնահատել վկաներից ստացված ապացույցներն ու տեղեկությունները։ Եթե պարզվի, որ տեղի է ունեցել Դաշնային օրենքի խախտում, ապա քրեական գործ կհարուցվի»[44]։

Մինեսոտայի համալսարանը հայտարարել է, որ կսահմանափակի կապերը Մինեապոլիսի ոստիկանության վարչության հետ և այլևս պայմանագիր չի կնքի տեղական ոստիկանության բաժնի հետ՝ խոշոր միջոցառումներին աջակցելու համար[45][46]։

Հուշարձաններ, բողոքներ և անկարգություններ

Ցուցարարներն հավաքվել են այս վայրում մայիսի 26-ին՝ Ֆլոյդի մահվանից մեկ օր անց[47]
Ավտոբուսի կանգառի մոտ գտնվող հանպատրաստից հուշարձանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, լուսանկարված մայիսի 27-ին
Անկարգություններից հետո վնասված շենքը, մայիսի 28

Մինեապոլիսում հասարակական վրդովմունքի ալիքի ժամանակ Չիկագո պողոտայում` Ֆլոյդի մահվան վայրում, ավտոբուսի կանգառը մայիսի 26-ի օրվա ընթացքում դարձել է հանպատրաստից հուշարձան՝ բազմաթիվ ցուցապաստառներով և Black Lives Matter շարժմանը հղումներով[48]։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ էին դուրս գալիս ցույցերի Ֆլոյդի մահվան պատճառով։ Ամբոխի կազմում, ըստ գնահատականների, հարյուրավոր մարդիկ են եղել[49][50][51][52]։ Նրանք շարժվել են դեպի Մինեապոլիսի ոստիկանության 3-րդ տեղամաս[51]։ Մասնակիցներն օգտագործել են պաստառներ և կարգախոսներ այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «Justice for George» (անգլ.՝ արդարություն Ջորջի համար), «I Can't Breathe» (անգլ.՝ Ես չեմ կարող շնչել) և «Black Lives Matter» (անգլ.՝ Սևամորթների կյանքը նշանակություն ունի)[53]:

Բողոքի ակցիան հարյուրավոր մարդկանց է հավաքել։ Սկզբում այն խաղաղ է ընթացել, բայց աստիճանաբար վերածվել է բռնության, որի գագաթնակետն այն էր, որ տեղամասը վանդալիզմի է ենթարկվել ոստիկանական մեքենաների պատուհաններին ցուցարարների կողմից նետած քարերի և փոշիացրած ներկերի պատճառով[54]։ Չիկագոյի հարավային պողոտայից մինչև 3-րդ տեղամաս երթից հետո ցուցարարների մի փոքր խումբ անջատվել է նախնական ամբոխից և վանդալացրել 3-րդ տեղամասի շենքը և ոստիկանական մեքենաները։ Նրանք կարծում էին, որ սպաներն այնտեղ էին աշխատում[55]։ Երեկոյան ժամը 8-ին ոստիկանությունը հատուկ հագուստով քիմիական նյութեր է արձակել ամբոխի մեջ[56]։

Բողոքի ակցիաները շարունակվել են նաև մայիսի 27-ին, այդ թվում՝ Չիկագոյի հարավային պողոտայում։ Ցուցարարները նաև բողոքում էին ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ, որտեղ նախօրեին երեկոյան վանդալիզմի ակտ էր իրականացվել։ Երեկոյան ժամը 6-ից սկսած՝ ոստիկանությունը սկսել է քիմիական գրգռիչ թունավոր նյութեր կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով տեղամասում բազմաթիվ բողոքողների վրա։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսահոլովակներ ցույց են տվել, որ որոշ ցուցարարներ ջարդում են տեղամասի պատուհանները և առարկաներ են նետում ոստիկանության վրա[57]։ Երեկոյան Իսթ Լեյք Սթրիթի վրա AutoZone-ը հրկիզվել է, և սոցիալական ցանցերում սկսել են հոլովակներ տարածվել տեղի ունեցող զանգվածային կողոպուտների մասին[58]։

Մինեապոլիսի Միդթաուն համայնքում ավելի քան 30 ձեռնարկություն վնասվել է հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած գործողություններից։ Գրավատան սեփականատերը մահացու վիրավորել է մի մարդու, որը, նրա կարծիքով, կողոպտել է իր ձեռնարկությունը[59][60]։ Հրկիզվել է Wendy's-ը, իսկ հարակից շրջաններում գտնվող մյուս խանութները թալանվել և վնասվել են, ներառյալ Target-ը և Dollar Tree-ն[61]։

Երբ մայիսի 28-ին Մինեապոլիսում վրա է հասել գիշերը, 3-րդ տեղամասին հարակից շենքերում երկու կողմից հրդեհներ են վառվել, և շենքի ներսում աշխատել է հրշեջ ազդանշանը։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, քանի որ շենքը շրջապատող ժամանակավոր ցանկապատը քանդվել է։ Ավելի ուշ երրորդ տեղամասի շենքը գրավվել է ցուցարարների կողմից, իսկ ոստիկանությունը տարհանվել է։ Այնուհետև ցուցարարները սկսել են հրկիզել շենքը[62]։

Տեղի ժամանակով առավոտյան ժամը 5-ին CNN-ի լրագրող Օմար Խիմենեսն անձնակազմի մի քանի անդամների հետ ձերբակալվել է Մինեապոլիսի ոստիկանության կողմից բողոքի ցույցերը լուսաբանող ուղիղ հեռուստատեսային ռեպորտաժի ժամանակ։ Ոստիկանությունը, ինչպես հաղորդվում է, հայտնել է նկարահանող խմբին, որ նրանք ձերբակալվել են, քանի որ չեն հետևել տեղափոխման հրահանգներին, սակայն ուղիղ հեռարձակումներն ապացուցել են հակառակը[63]։ CNN-ը հրապարակել է հայտարարություն, որում ասվել է, որ անձնակազմն իր աշխատանքը ճիշտ էր կատարում, և, հետևաբար, ձերբակալությունները եղել են մարդու իրավունքների բացահայտ խախտում[64]։

Ազգային բողոքի ակցիաներ

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել նաև Լոս Անջելեսում մայիսի 27-ին, որտեղ մոտավորապես 500-1000 ցուցարարներ բռնվել են իրար ձեռքերից, որպեսզի արգելափակեն քաղաքի կենտրոնի մոտ US-101-ի երկու ուղղությունները, նույն նշաններով և կարգախոսներով, ինչպես Մինեսոտայում[65]։ Ցուցարարները նաև կարճ ժամանակով կասեցրել են կալիֆոռնիական մայրուղու պարեկային մեքենայի շարժումը, նախքան ցրվելը երեկոյան ժամը 6:30-ին[66]: Ավելի մանր բողոքի ցույցերը շարունակվել են մայիսի 28-ին Լոս Անջելեսի կենտրոնում՝ ոստիկանական վարչության կենտրոնակայանի մոտ[67]։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մայիսի 28-ին և 29-ի առավոտյան Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի Կապիտոլ սքվերում։ Դրանց մասնակցել է ավելի քան 300 մարդ, և չնայած բողոքներն ի սկզբանե խաղաղ բնույթ են կրել, բռնությունն ու վնասը առաջացել են ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառումից հետո[68]։ Ավելի ուշ ցույցերը գնալով ավելի կատաղի էին դառնում, վնասվում էին ձեռնարկությունները, ավտոբուսի կանգառները և Օհայոյի շենքերի պատուհանները։ Շուտով ոստիկանությունը ձերբակալել է որոշ ցուցարարների[69]։

Մայիսի 28-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում ցուցարարները փակել են մայրուղիները՝ բողոքելով Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով։ Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և գազային բալոններ է օգտագործել ամբոխի վրա[70], և ինչ-որ պահի ավտոմոբիլիստներից մեկը միտումնավոր շրջվել է, որպեսզի անցնի ցուցարարի վրայով[71]։

Նյու Յորքում մայիսի 28-ին գրեթե 100 ցուցարարներ հավաքվել են Յունիոն սքվերում[72]։ Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է ոստիկանության հետ բախումից հետո, որը փողոցներն ազատ էր պահում տրանսպորտի երթևեկության համար[73]։

Մոտավորապես 40 մարդկանց լուռ ցույցերը Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում[74], բողոքում էին Ֆլոյդի, Բրիոնա Թեյլորի և Ահմադ Արբերիի մահվան պատճառով[75]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ