Սեբորեային մաշկաբորբ

Սեբորեային մաշկաբորբ, հայտնի նաև սեբորեա, մաշկի երկարատև ախտահարում[1]։ Մաշկը ունի բնորոշ կարմրավուն, թեփոտված, ճարպոտ տեսք և առկա է քոր[2][3]։ Հաճախ ախտահարված են գլխամաշկի, դեմքի և կրծքավանդակի ճարպագեղձերը[1]։ Այն առաջացնում է սոցիալական և ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ[1]։ Երեխաների մոտ գլխամաշկի առաջնային ախտահարման դեպքում հիվանդությունը անվանում են բարուրային մաշկաբորբ[2]։ Գլխամաշկի թեփոտումը սեբորեային մաշկաբորբի թեթև դրսևորում է[4]։

Սեբորեային մաշկաբորբ
Տեսակդերմատոզ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-10L21
 Seborrhoeic dermatitis Վիքիպահեստում

Պատճառը անհայտ է, բայց ենթադրվում է, որ հիմքում ընկած են բազմաթիվ գենետիկական և արտաքին միջավայրի գործոններ[1][2]։ Ռիսկի գործոններն են՝ իմուն համակարգի ընկճումը, Պարկինսոնի հիվանդությունը և ալկոհոլային պանկրեատիտը[1][4]։ Վիճակը բարդանում է սթրեսային իրավիճակներում և ձմռանը[1]։ Malassezia սունկը ենթադրվում է, որ ունի իր դերը սեբորեային մաշկաբորբի առաջացման գործում[4]։ Այն վատ հիգիենայի արդյունք չէ[5]։ Ախտորոշումը հիմնված է կլինիկական նշանների վրա[1]։

Հիմնական բուժումը կազմված է հակասնկային կրեմից և հակաբորբոքային դեղորայքից[3]։ Մասնավորապես արդյունավետ են կետոկոնազոլը և ցիկլոպիրօքսը[6]։ Դեռևս առկա հետազոտությունները աղքատ են այլ հակասնկային դեղերի, օրինակ՝ միկոնազոլի, արդյունավետության մասին խոսելու համար[6]։ Կիրառում են նաև սալիցիլաթթու, քարածխի խեժ, բենզոիլ պերօքսիդ, ֆոտոթերապիա[3]։

Սեբորեային մաշկաբորբը սովորաբար առաջանում է 50 տարեկանին մոտ մարդկանց և մինչև երեք ամսական երեխաների մոտ[2]։ Այն հանդիպում է մեծահասակների 1-10%-ի մոտ[1]։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք[1]։ 70% և ավելի երեխաների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է սեբորեային մաշկաբորբ[7]։

Նշաններ և ախտանիշներ

Գլխամաշկի սեբորեային մաշկաբորբ
Գլխամաշկի սեբորեային մաշկաբորբ սրացման շրջանում

Սեբորեային մաշկաբորբի նշանները հիմնականում առաջանում են աստիճանական և սովորաբար առաջին նշանը մաշկի և գլխամաշկի թեփոտությունն է[8]։ Ախտանիշները տեղակայվում են մաշկի ցանկացած հատվածում՝ գլխամաշկ, ականջների հետին հատված, դեմք և մաշկի այն հատվածներում, որտեղ առկա են ծալքեր։ Թեփը կարող է լինել դեղին, սպիտակ կամ մոխրագույն[9]։ Կարմրությունը և թեփոտումը կարող է առաջանալ նաև թարթիչների, ճակատի, քթի, կրծքավանդակի և մեջքի վերին հատվածների վրա։

Ավելի ծանր դեպքերում առաջանում է դեղնավուն կամ կարմրավուն թեփոտվող բշտիկներ գլխի մազածածկ հատվածի եզրով, ականջների հետևում, լսողական անցուղիում, հոնքերի, հոնքամեջի, կրծքավանդակի և մեջքի վերին հատվածների վրա[10]։

Ընդհանրապես, հիվանդները նկարագրում են թեթև կարմրություն, մաշկի թեփոտված հատվածներ և որոշ դեպքերում մազաթափություն[11]։ Այլ նշաններից կարող է լինել կպչուն թեփոտված կամ հաստ կեղևակալած հատվածները գլխամաշկի վրա, կարմրավուն, ճարպոտ մաշկը, որը պատված է սպիտակ կամ դեղին թեփով, առկա է քոր, ցավոտություն և դեղին կամ սպիտակ կեղևներ, որոնք կպնում են մազի առանցքին[12]։

Սեբորեային մաշկաբորբը կարող է հանդիպել նաև մինչև երեք ամսական նորածինների մոտ և այդ դեպքում առաջանում է հաստ, ճարպոտ, դեղնավուն կեղևներ գլխի մազածածկ հատվածի սահմանին։ Նորածինների մոտ քորը բնորոշ չէ։ Հաճախ գլխամաշկի ցանավորումը զուգակցվում է համառ ցանավորմամբ տակդիրի շրջանում[10]։

Պատճառներ

Սեբորեային մաշկաբորբի պատճառը հստակ հաստատված չէ[13][14]։ Ենթադրվում է, որ այն առաջանում է ճարպագեղձերով հարուստ մաշկում՝ գլխամաշկում, դեմքի, կրծքավանդակի, մեջքի, ցայլքի վրա, անութափոսերում ի պատասխան Malassezia սնկի կոլոնիզացիային, որպես տեղային բորբոքային պատասխան[3][14]։ Այն կախված է Malassezia-ի քանակից ու տեսակներից, հակասնկային դեղերի բուժման ազդեցությունից[14]։ Malassezia-ի տեսակներն են՝ M. furfur (հին անվանումը՝ P. ovale), M. globosa, M. restricta, M. sympodialis, and M. slooffiae[3]։ Չնայած Malassezia-ն ունի կենտրոնական դեր սեբորեային մաշկաբորբի առաջացման մեջ, բայց այդ վիճակի առաջացման համար անհրաժեշտ է նաև նախատրամադրող մի քանի գործոններ[14]։ Դրա հիմքում ընկած է այն փաստը, որ այս սնկի մեծ քանակները միայնակ չեն կարող առաջացնել սեբորեային մաշկաբորբ[14]։ Հակաբորբոքային դեղերի (նվազեցնում են բորբոքումը) և հականդրոգենների (նվազեցնում են ճարպի արտադրությունը) արդյունավետությունը բավականին բարձր է, քանի որ ախտաֆիզիոլոգիական մեխանիզմների վրա են ազդում[3][15][16]։ Ներքինիների մոտ անդրոգենների ցածր քանակի և փոքր ճարպագեղձերի պատճառով սեբորեային մաշկաբորբի առաջացման հավանականությունը ցածր է[17]։

Սեբորեային դերմատիտի առաջացման և/կամ արտահայտվածության աստիճանի փոփոխման վրա ազդում են գենետիկական, արտաքին միջավայրի, հորմոնալ, իմուն համակարգի գործոնները և Malassezia սունկը[18][19]։ Վիճակը կարող է սրվել պայմանավորված այլ հիվանդության, հոգեբանական սթրեսի, հոգնածության, քնի խանգարման, եղանակի փոփոխության և ընդհանուր առողջության վատացման դեպքում[20]։ Երեխաների մոտ վիտամին A-ի արտահայտված կլանումը[21] կամ Δ6-desaturase ֆերմենտի հետ կապված խնդիրները[20] կորելացվում են բարձր ռիսկի հետ։ Սեբորեային մաշկաբորբի նման վիճակները կապված են նաև վիտամին B6 անբավարարությամբ[22]։ Սեբորեային մաշկաբորբի առաջացման հակում ունեն նաև իմունոդեֆիցիտով (հիմնականում ՄԻԱՎ վարակ) և նյարդաբանական խանգարումներով՝ Պարկինսոնի հիվանդություն ունեցող կամ ինսուլտ տարած հիվանդները[23]։

Վարում

Դեղորայքային

Սեբորեային մաշկաբորբի ախտանիշների նվազեցման համար առկա են տարբեր դեղեր[3]։ Դրանք են՝ որոշ հակասնկային, հակաբորբոքային դեղերը, օրինակ՝ կորտիկոստերոիդները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, հականդրոգենները և հակահիստամինային դեղերը[3][13]։

Հակասնկային

Ախտադարձերի դեպքում բավականին արդյունավետ է առանց դեղատոմսի հակասնկային շամպունների կամ կրեմների օգտագործումը։ Ամենալավ արդյունքը ստացվել է տեղային կետոկոնազոլի կամ ցիկլոպիրօքսի կիրառումից[6]։ Հստակ հետազոտություններ չկան այլ հակասնկային դեղերի արդյունավետության մասին[6]։ Սեբորեային մաշկաբորբի համար կիրառվող հակասնկային դեղերն են՝ կետոկոնազոլ, ֆլուկոնազոլ, միկոնազոլ, բիֆոնազոլ, սերտակոնազոլ, կլոտրիմազոլ, ֆլուտրիմազոլ, ցիկլոպիրօքս, տերբինաֆին, բուտենաֆին, սելենի սուլֆիդ և լիթիումի աղեր՝ լիթիումի գլյուկոնատ և լիթիումի սուկցինատ[3][6][24]։ Տեղային կլիմբազոլը ունի թույլ արդյունավետություն[6][24]։ Համակարգային թերապիան ևս արդյունավետ է պերօրալ հակասնկային դեղերի՝ իտրակոնազոլի, ֆլուկոնազոլի, կետոկոնազոլի և տերբինաֆինի միջոցով[3]։

Հակաբորբոքային

Սեբորեային մաշկաբորբի բուժման մեջ կարճատև կիրառում են նաև տեղային կորտիկոստերոիդներ և դրանք նույնքան արդյունավետ են կամ նույնիսկ ավելի արդյունավետ են քան հակասնկային թերապիան ազոլային խմբի դեղերով։ Կան փաստեր նաև կալցինեուրինի ինհիբիտոր տակրոլիմուսի և պիմեցրոլիմուսի, ինչպես նաև լիթիումի աղերի արդյունավետության մասին[25]։

Ներքին ընդունման իմունոդեպրեսանտները, օրինակ՝ պրեդնիզոնը, սեբորեային մաշկաբորբի ժամանակ կիրառվում են կարճ կուրսերով, քանի որ ունեն պոտենցիալ կողմնակի ազդեցություններ[26]։

Հակաանդրոգենային

Սեբորեան համարվում է անդրոգեն-զգայուն վիճակ, որը առաջանում է անդրոգենային սեռական հորմոնների՝ տեստոստերոնի և դիհիդրոտեստոստերոնի բարձր քանակների՝ հիպերանդրոգենիզմի ժամանակ (օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի ժամանակ)[27][28]։ Ի լրացում այս ամենի, սեբորեան և ակնեն առաջանում են սեռական հասունացման շրջանում անդրոգենների պիկային բարձրացման պատճառով[29]։

Սեբորեայի առաջացման մեջ անդրոգենների ունեցած դերի պատճառով հակաանդրոգենային դեղերը, ինչպիսիք են՝ ցիպրոտերոն ացետատը[30], սպիրոնոլակտոնը[31], ֆլուտամիդը[32][33] և նիլուտամիդը[34][35] ունեն բարձր արդյունավետություն վիճակի թեթևացման գործում[27][36]։ Դրանք կիրառվում են հիմնականում սեբորեայի բարդ դեպքերի ժամանակ[27][36][37]։ Արդյունավետությունը տարբեր է հականադրոգենային տարբեր դեղերի դեպքում, օրինակ՝ սպիրոնոլակտոնը (որը համարվում է հարաբերականորեն թույլ հակաանդրոգեն) դրսևորել է 50% արդյունավետություն երեք ամիս բուժումից հետո, մինչդեռ ֆլուտամիդը ախտանիշները բարելավում է ավելի քան 80%-ով երեք ամսվա բուժումից հետո[27][33]։ Ցիպրոտերոն ացետատը համեմատաբար ավելի արդյունավետ է, քան սպիրոնոլակտոնը և պայմանավորում է ակնեի անհետացումը և սեբորեայի ախտանիշների 90%-ով բարելավումը երեք ամսվա բուժումից հետո[38]։

Համակարգային հականդրոգենային թերապիան կիրառվում է հիմնականում կանաց, բայց ոչ տղամարդկանց մոտ, քանի որ բերում է ֆեմինիզացիայի՝ գինեկոմաստիայի, սեռական դիսֆունկցիայի և անպտղության տղամարդկանց մոտ[39][40]։ Ի լրացում, անդրոգենները տեսականորեն ունեն պոտենցիալ հղի կանանց արական պտուղների ֆեմինիզացիայի առաջացման, այդ պատճառով սեռական ակտիվ կանանց մոտ, ովքեր կարող են լինել հղի կամ հղի են կիրառվում են հղիության վերահսկամբ[38]։

Հակահիստամինային

Հակահիստամինային դեղերը կիրառվում են քորը պակասեցնելու նպատակով։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ փաստում են, որ որոշ հակահիստամինային դեղեր ունեն նաև հակաբորբոքային ազդեցություն[41]։

Այլ բուժում

  • Քարածխի խեժը կարող է լինել արդյունավետ և չնայած այն փաստին, որ ածխային խեժ պարունակող շամպունների քաղցկեղածին ազդեցության մասին չկան նշանակալի փաստեր[42], բայց կենդանիների մոտ հայտնաբերվել է քաղցկեղածին ազդեցություն, դրա համար պետք է զգուշանալ կիրառելուց։
  • Իզոտրետինոին ճարպի արտադրությունը ընկճող նյութ է և կիրառվում է հիվանդության ռեֆրակտեր փուլերում, որպես պահեստայինյ դեղորայք։ Այնուամենայնիվ, այն ունի բավականին լուրջ կողմնակի ազդեցություններ և միայն որոշ հիվանդներ ունեն իզոտրետինոինը կիրառելու ցուցումներ[26]։
  • Կերատոլիտիկ նյութեր՝ տեղային միզանյութ[43]։
  • Մետրիկոնազոլ[6]

Ֆոտոթերապիա

Malassezia-ի աճը ընկճելու համար կիրառվում է նաև բնական և արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթներով բուժում[44]։ Որոշները խորհուրդ են տալիս ֆոտոդինամիկ թերապիան, կիրառելով ուլտրամանուշակագույն A և B լազերային ճառագայթները կամ կարմիր, կապույտ լեդ լույսերը, որոնք ընկճում են Malassezia սնկի աճը և նվազեցնում սեբորեային բորբոքումը[45][46][47]։

Համաճարակաբանություն

Սեբորեան ախտահարում է ընդհանուր բնակչության 1-5%-ը[13][48][49]։ Այն ավելի տարածված է տղամարդկանց մոտ, բայց կանայք ունեն ավելի ծանր կլինիկական նշաններ[49]։ Վիճակը սովորաբար կրկնվում է կյանքի ընթացքում[50]։ Սեբորեան բնորոշ է տարբեր տարիքային խմբերին[50], բայց սովորաբար սկսվում է սեռահասունացման շրջանում և իր պիկին է հասնում 40 տարեկանում[51]։ Ծանրության աստիճանը խորանում է կլիմայի չորությունից[50]։

Տես նաև

  • Սեբորեային կերատոզ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ