Սովորական լորտու

Սովորական լորտու,Կողինջ (Natrix natrix), ոչ թունավոր օձ, որը պատկանում է լորտուների ընտանիքին։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերի լեռնային շրջաններում, երբեմն՝ նախալեռներում։ Տարածված է կանգուն ու հոսող ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում կարող է հանդիպել նաև ջրից հեռու։

Լորտու

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (11-120 սմ), պոչը 3-5 անգամ կարճ է։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ մուգ, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով լորտուն նմանվում է թունավոր իժերին։ Մոխրագույն, գորշավուն, կանաչավուն գունավորում ունեցող մեջքը ծածկված ՝մուգ բծերով։

Հանդիպում են երկայնակի դեղնավուն զոլավոր մոխրագույն առանձնյակներ, որոնց համարում են առանձին ենթատեսակ՝ պարսկական լորտու (Natrix natrix persa)։ Լեռնային վայրերում հանդիպում են մեջքի ամբողջական սև գունավորում ունեցող առանձնյակներ։ Գլխի հետևի մասում սովորաբար առկա են սպիտակավուն, դեղնավուն կամ նարնջագույն խոշոր զույգ խալեր։ Որովայնային մակերեսը խայտաբղետ է, վահանիկների Եզրերը սպիտակից դեղնավուն են, իսկ կենարարական մասով անցնում է կտրտված ուղիղ եզրերով լայն սև զոլ։ Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, նաև կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-40 ձու։ Ձվերը խոշոր են (23-32 x 12-23 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի կեսերը։ Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Պաշտպանվում է՝ հիմնականում սուր հոտով հեղուկ արտաթորելով և սատկած ձևանալով։ Կծում է շատ հազվադեպ, կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լորտու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լորտու» հոդվածին։