Սվանտե Արենիուս
Սվանտե Ավգուստ Արենիուս (շվեդ.՝ Svante August Arrhenius, փետրվարի 19, 1859[1][2][3][…], Balingsta parish, Շվեդիա[3] - հոկտեմբերի 2, 1927[4][2][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4][6]), շվեդ քիմիկոս, ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։ Շվեդական ԳԱ անդամ (1901), մի շարք երկրների (նախկին ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ԳԱ պատվավոր անդամ։
Կենսագրություն
Սովորել է Ուփսալայի (1876-1881) և Ստոկհոլմի (1881-1884) համալսարաններում։ 1895 թվականից Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր, 1905 թվականից Նոբելյան ինստիտուտի տնօրեն։ 1887-1902 թվականներին Արենիուսը միաժամանակ վարել է Ստոկհոլմի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 1882 թվականից զբաղվել է էլեկտրոլիտների նոսր լուծույթների էլեկտրահաղորդականության ուսումնասիրությամբ։ «էլեկտրոլիտների գալվանական հաղորդականության հետազոտություն» (1884) և հետագա աշխատանքներում (մինչև 1887) Արենիուսը մշակել է էլեկտրոլիտային դիսոցման տեսությունը (նոբելյան մրցանակ, 1903), որը 19-րդ դարում քիմիայի խոշորագույն ընդհանրացումներից էր։ Ուսումնասիրել է քիմիական ռեակցիաների արագությունները և արել կարևոր հետևություններ։ Քիմիական ռեակցիայի արագության և ջերմաստիճանի կապը արտահայտող հավասարումը (1889) հայտնի է Արենիուսի հավասարում անվամբ։ Արենիուսը զբաղվել է նաև կոսմոգոնիայի և կենսաքիմիայի խնդիրներով։ Ֆիզիկաքիմիական օրենքները կենսաբանական երևույթների վրա կիրառելու միջոցով Արենիուսը փորձում էր վերականգնել գիտության կողմից մերժված պանսպերմային տեսությունը։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 22)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվանտե Արենիուս» հոդվածին։ |