Տուրիզմ

Զբոսաշրջություն (տուրիզմ), մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվում` նաև Հայաստանում` զբոսաշրջություն տերմինին զուգահեռ։ Այն առաջացել է մեծ շրջապտույտ՝ Grand tour արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորություն` ծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը` այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր[1]։

Պատմություն

Մի երկրի ներսում կատարվող ճանապարհորդությունները միավորվում են «ներքին (ազգային) տուրիզմ», երկրի սահմաններից դուրս կատարվողները՝ «արտաքին տուրիզմ» հասկացություններով։ Միջազգային տուրիզմն ու ազգային տուրիզմը գտնվում են փոխադարձ կապի ու պայմանավորվածության մեջ, շատ երկրներում ունեն ընդհանուր նյութատեխնիկական բազա և աշխատանքի միասնական ոլորտ։ Միջազգային տուրիզմն սկսել է զարգանալ տասնիներորդ դարի կեսին և մասսայական է դարձել XX դարի կեսից։ Աշխարհի հիմնական տուրիստական շրջանը Եվրոպան է։ Վերջին տասնամյակում յուրաքանչյուր տարի Իտալիա է այցելում ավելի քան 20 միլիոն արտասահմանյան քաղաքացի, Ֆրանսիա՝ մոտ 10 միլիոն, Շվեյցարիա՝ 8 միլիոն քաղաքացի։ Միջազգային տուրիզմի զարգացող կենտրոններ են դարձել Հարավսլավիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Բուլարիան։

Տուրիզմը որպես տնտեսության ճյուղ

Տնտեսության անարտադրողական բնագավառ է, որի ձեռնարկություններն ու կազմակերպությունները տուրիստների պահանջարկը բավարարում են նյութական ու ոչ նյութական սպասարկմամբ։ Տուրիզմի արդյունքը տրանսպորտի, հյուրանոցային տնտեսության, առևտրի, էքսկուրսիոն, կուլտուր-տեսարժան, մարզական, կոմունալ-կենցաղային, բուժական հիմնարկների ու ձեռնարկությունների փոխադարձ կապերի մեջ գտնվող սպասարկման տարրերի համալիր ծառայություն է, որի տարրերի տեսակարար կշիռը տատանվում է՝ կախված տուրիզմի տեսակից։

1  Մյանմա73,5 %
2  Սուդան49,8 %
3  Ադրբեջան36,4 %
4  Կատար34,1 %
5  Սան Տոմե և Պրինսիպի30,1 %
6  Շրի Լանկա26,4 %
7  Կամերուն25,5 %
8  Վրաստան22,7 %
9  Ղրղզստան19,5 %

Երկրներ, որոնք 2016 թվականին ունեցան ամենալավ հաջողությունները տուրիզմի ոլորտում[2]։

1  Ադրբեջան46,1 %
2  Մոնղոլիա24,4 %
3  Հայաստան20,1 %
4  Կիպրոս15,4 %
5  Ղազախստան15,2 %
6  Կոստա Ռիկա12,1 %
7  Վրաստան11,2 %
8  Շրի Լանկա10,7 %
8  Թաիլանդ10,7 %

Զբոսաշրջության ձևեր

Ներքին տուրիզմը մարդկանց ժամանակավոր մեկնումն է տվյալ կոնկրետ երկրի մշտական բնակության վայրից ազգային սահմանների ներսում դեպի այլ բնակավայր` հանգստի, սպորտի և այլ տուրիստական նպատակների կազմակերպման համար։

Միաջազգային տուրիզմը տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից համակարգված և նպատակաուղղված գործողության ծավալումն է, օտարերկրյա տուրիստներին տվյալ երկրի տարածքում տուրիստական ծառայությունների և տուրիստական ապրանքների տրամադրման միջոցով։ Միջազգային տուրիզմը ներառում է ներգնա և արտագնա տուրիզմները։Ներգնա տուրիզմն այցելություններն են այն երկիր, որը իրենց հիմնական բնակատեղին չէ։ Արտագնա տուրիզմը տուրիզմի այն ձևն է, երբ տվյալ երկրի քաղաքացին դուրս է գնում մի այլ երկիր։

#Երկիր2010 թվական
(հազար մարդ)
2011 թվական
(հազար մարդ)
2012 թվական
(հազար մարդ)
1  Թուրքիա236826822516
2  Եգիպտոս219814531907
3  Չինաստան144015021329
4  Թաիլանդ264780885
5  Իսպանիա411645792
6  Գերմանիա471702713
7  Հունաստան387612690
8  Իտալիա451572571
9  Արաբական Միացյալ Էմիրություններ287395549
10  Ֆինլանդիա709912512
11  Կիպրոս234324405
12  Բուլղարիա263340389
13  Չեխիա267367380
14  Ֆրանսիա223267299
15  Ավստրիա136191219
16  Իսրայել185226219
17  Թունիս180145207
18  Շվեյցարիա121149177
19  Միացյալ Թագավորություն120154164
20  ԱՄՆ86112134
21  Խորվաթիա99106109
Ընդամենը12 60014 50015 332

Այս տվյալները կարող են փոփոխվել ուղեգրի արժեքից[3]։

Զբոսաշրջության տեսակներ

Ագրոտուրիզմ

Ագրոտուրիզմ, հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես առողջ, թարմ սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստը մաքուր օդի պայմաններում և այս ամենը մատչելի գներով։ Այս ամենով պայմանավորված ագրոտուրիզմն անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը։

էկոտուրիզմ

Էկոտուրիզմ, բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։

Առողջարանային տուրիզմ

Առողջարանային տուրիզմը զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։

Էքստրեմալ տուրիզմ

Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկներով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ, Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։

Ուխտագնացային տուրիզմ

Ուխտագնացային տուրիզմը պաշտամունքային նպատակներով ճամփորդություն է, հանդիսանում է տուրիզմի ամենահին ձևերից մեկը։ Նրա զարգացումը կապված է համաշխարհային երեք կրոնների առաջացման հետ։ Դրանցից առաջինը բուդդայականությունն է (մ․թ․ա․ 6-5 դդ․), Քրիստոնեությունը (մ․թ․1-ին դ) և իսլամ․ (մ․թ․ 7-րդ դ․)։ Բոլոր կրոններն էլ խրախուսում են ուխտագնացությունը, քանի որ այն բարձրացնում է եկեղեցու հեղինակությունը, հնարավորություն է տալիս տվյալ հավատքի տարածմանը, բերում է հսկայական շահույթներ։ Դարերի ընթացքում տուրիզմի այս տեսակը ձեռք բերեց ավելի քաղաքակիրթ բնույթ, դարձավ առավել անվտանգ և ապահով։ Այն երկրները, որտեղ կան կրոնական կենտրոններ և սրբավայրեր, նրանց իշխանությունները միջոցներ չեն խնայում ենթակառուցվածքների ապահովման համար։

Ծանոթագրություններ