Քաղաքական կոռեկտություն

Քաղաքական կոռեկտություն (որպես ածական՝ քաղաքականորեն կոռեկտ, անգլ.՝ Politically correct), տերմին, որն օգտագործվում է նկարագրելու լեզուն, գործելակերպը կամ միջոցները, որոնք կիրառվում են հասարակության որոշակի խմբերի անդամներին վիրավորանք կամ անհարմարություն չպատճառելու նպատակով[1][2][3][4][5]։

Հանրային խոսույթում և լրատվամիջոցներում տերմինը սովորաբար օգտագործվում է բացասական իմաստով՝ ենթադրելով, որ այդ գործելակերպերը չափազանցված կամ անհիմն են։ 1980-ական թվականների վերջից այս տերմինն օգտագործվում էր նկարագրելու ներառական լեզվի նախապատվությունը և խուսափելու լեզվից կամ վարքագծից, որը կարող է դիտվել որպես բացառող, առանձնացնող կամ վիրավորող այն մարդկանց խմբերի համար, որոնք անապահով են կամ խտրականության են ենթարկվում, մասնավորապես՝ պայմանավորված նրանց էթնիկական պատկանելությամբ, սեռով, սեռական կողմնորոշմամբ[3][6][7][8][9][10]։

Վաղ շրջանում՝ 1970-1980-ական թվականներին ձախակողմյանների կողմից քաղաքականորեն կոռեկտ տերմինի օգտագործումը ինքնաքննադատական երգիծանք էր, հեգնական էր, այլ ոչ թե լուրջ քաղաքական շարժման անուն[7][11][12][13]։ Ձախակողմյանների շրջանակում այն համարվում էր կատակ, որն օգտագործվում էր ծաղրելու նրանց, ովքեր չափազանց անսասան էին քաղաքական ուղղափառությանը հավատարիմ մնալու հարցում[14]։

Տերմինի ժամանակակից բացասական իմաստով օգտագործումը առաջ է եկել 20-րդ դարի վերջին նոր ձախակողմյանների կողմից պահպանողականների քննադատությունից։ Միացյալ Նահանգների քաղաքական ձախակողմյանների մեկնաբանները պնդում են, որ պահպանողականներն օգտագործում են քաղաքական կոռեկտության հասկացությունը՝ անապահով խմբերի նկատմամբ խտրական վարքագիծը թերագնահատելու և ուշադրությունը շեղելու նպատակով[15][16][17]։ Նրանք նաև պնդում են, որ քաղաքական աջակողմյանները կիրառում են քաղաքական կոռեկտության իրենց ձևերը՝ ճնշելու իրենց նախընտրած ընտրատարածքների և գաղափարախոսությունների քննադատությունը[18][19][20]։ Միացյալ Նահանգներում տերմինը մեծ դեր է խաղացել լիբերալների և պահպանողականների միջև «մշակութային պատերազմում»[21]։

Պատմություն

Ուիլյամ Սաֆիրը նշում է, որ քաղաքականորեն կոռեկտ տերմինի առաջին գրանցված տիպիկ ժամանակակից իմաստով օգտագործումը եղել է Թոնի Քեյդ Բամբարայի կողմից 1970 թվականին «Սև կինը» անթոլոգիայում[22]։ Տերմինը, հավանաբար, ժամանակակից կիրառության մեջ է մտել Միացյալ Թագավորությունում մոտավորապես 1975 թվականին[10][պարզաբանել]:

20-րդ դարի սկզբից մինչև կեսեր

20-րդ դարի սկզբից մինչև կեսերը քաղաքականորեն կոռեկտ արտահայտությունն օգտագործվում էր քաղաքականության մեջ մի շարք գաղափարական տեսություններին խստորեն հետևելու համար։ 1934 թվականին «The New York Times»-ը հաղորդում է, որ նացիստական Գերմանիան հաղորդումների թույլտվություն է տալիս «միայն մաքուր արիացիներին», որոնց կարծիքները քաղաքականորեն կոռեկտ են[2]։

Երբ մարքսիստ-լենինիստական շարժումները ձեռք բերեցին քաղաքական ուժ, արտահայտությունը սկսեց զուգորդվել ամերիկացի կոմունիստների և ամերիկացի սոցիալիստների միջև վեճերում համոզմունքի դոգմատիկ կիրառման մեղադրանքների հետ։ Այս կիրառումը վերաբերում էր կոմունիստական կուսակցությանը, որը սոցիալիստների աչքում «ճիշտ» դիրքորոշում էր ապահովում բոլոր քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ըստ ամերիկացի մանկավարժ Հերբերտ Քոլի՝ 1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին Նյու Յորքում բանավեճերի մասին գրելիս,

«քաղաքականորեն ճիշտ» տերմինը օգտագործվում էր արհամարհաբար՝ նկատի ունենալով մեկին, ում հավատարմությունը կոմունիստական կուսակցության հանդեպ գերազանցում էր կարեկցանքին և հանգեցնում վատ քաղաքականության։ Այն օգտագործվում էր սոցիալիստների կողմից կոմունիստների դեմ և նպատակ ուներ առանձնացնել հավասարության բարոյական գաղափարներին հավատացող սոցիալիստներին դոգմատիկ կոմունիստներից, ովքեր աջակցեում և պաշտպանում էին կուսակցական դիրքերը՝ անկախ դրանց բարոյականությունից
- «Անսովոր տարբերություններ», Առյուծը և Միաեղջյուրը (անգլ.՝ «Uncommon Differences», The Lion and the Unicorn)[3]:

1970-ական թվականներ

1970-ական թվականներին ամերիկյան Նոր ձախակողմյանները սկսեցին օգտագործել քաղաքականորեն կոռեկտ տերմինը[11]: «Սև կինը»՝ անթոլոգիա (1970) էսսեում Թոնի Քեյդ Բամբարան ասել է, որ «տղամարդը չի կարող լինել քաղաքականորեն կոռեկտ և տղամարդ շովինիստ»։ Այնուհետև տերմինը հաճախ օգտագործվում էր որպես ինքնաքննադատական երգիծանք։ Դեբրա Լ. Շուլցն ասել է, որ «1970-1980-ական թվականների ընթացքում Նոր ձախակողմյանները, ֆեմինիստները և առաջադեմները օգտագործել են իրենց «քաղաքականորեն կոռեկտ» տերմինը հեգնանքով, որպես իրենց իսկ ուղղափառությունից պաշտպանություն»[7][11][12]։ ՔԿ-ն օգտագործվում է Բոբի Լոնդոնի «Շարժման Մերտոն» կոմիքսում, որին հաջորդում է գաղափարապես հիմնավոր տերմինը Բարտ Դիկոնի կոմիքսներում[11][23]։ Իր «Դեպի ֆեմինիստական հեղափոխություն» (1992) էսսեում Էլեն Ուիլիսն ասել է. «Ութսունականների սկզբին, երբ ֆեմինիստներն օգտագործում էին «քաղաքական կոռեկտություն» տերմինը, այն օգտագործվում էր հեգնական հղում անելով հակապոռնոգրաֆիայի շարժման՝ «ֆեմինիստ սեքսուալություն»-ը սահմանելու ջանքերին[13]։

Ստյուարտ Հոլն առաջարկում է մի ուղի, որով տերմինի սկզբնական կիրառումը կարող էր վերածվել ժամանակակից տարբերակի.

Վարկածներից մեկի համաձայն, քաղաքական կոռեկտությունը իրականում սկսվեց որպես ձախակողմյանների շրջանակում կատակ. ամերիկյան համալսարաններում արմատական ուսանողները հեգնորեն հիշում էին մինչև վաթսունականների «վատ հին օրեր»-ը, երբ յուրաքանչյուր հեղափոխական խումբ ուներ իր կուսակցական գիծը ամեն հարցում։ Նրանք անդրադառնում էին իրենց համակուրսեցիների կողմից սեքսիստական կամ ռասիստական պահվածքի որոշ վառ օրինակների՝ ընդօրինակելով Կարմիր Գվարդիայի կամ Մշակութային Հեղափոխության կոմիսարի ձայնի տոնը. «Ոչ շատ «քաղաքականորեն կոռեկտ», ընկեր»[14]։

1980-1990-ական թվականներ

1987թվականին Ալլան Բլումի կողմից գրված «The Closing of the American Mind»[24] գիրքը ազդարարեց ամերիկյան բարձրագույն կրթության շրջանակներում «քաղաքական կոռեկտության» մասին բանավեճ 1980-1990-ական թվականներին[7][25][26]։ Կարնեգի Մելոն համալսարանի(CSU) անգլիական գրականության և մշակութային ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեֆրի Ջ. Ուիլյամսը գրել է, որ «քաղաքական կոռեկտության վրա հարձակումը, որը հասունացավ Ռեյգանի տարիներին, ճանաչում ձեռք բերեց Բլումի «The Closing of the American Mind» գրքի շնորհիվ[27]։ Ըստ Զ.Ֆ. Գամսոնի, Բլումի գիրքը «հարձակվել է ֆակուլտետի վրա «քաղաքական կոռեկտության» պատճառով[28]։ «CSU»-ի սոցիալական աշխատանքների պրոֆեսոր Թոնի Փլաթը ասում է, որ «քաղաքական կոռեկտության» դեմ արշավը մեկնարկել է 1987 թվականին Բլումի գրքով[29]։

The «New York Times» -ի 1990 թվականի հոկտեմբերին տպագրված Ռիչարդ Բերնշտայի հոդվածին է վերագրվում է տերմինի լայն տարածմանը[30][31][32][33][34]։ Այս ժամանակաշրջանում տերմինը հիմնականում օգտագործվում էր ակադեմիական ոլորտում. «Ամբողջ երկրում p.c. տերմինը, սովորաբար հապավված է, ավելի ու ավելի է լսվում բուհական բանավեճերում, որոնք առնչվում էին այն հարցին, թե ինչ պետք է դասավանդվի»[35]։ «Nexis»-ի մեջբերումները «arcnews/curnews»-ում բացահայտում են «քաղաքական կոռեկտության» միայն յոթանասուն հիշատակում 1990 թվականի հոդվածներում, սակայն մեկ տարի անց «Nexis»-ը գրանցում է 1532 մեջբերում՝ մինչև 1994 թվականը հաստատուն աճով մինչև 7000 մեջբերում[33][36]։ 1991 թվականի մայիսին «The New York Times»-ը հրապարակեց հաջորդ հոդվածը, ըստ որի տերմինն ավելի լայն հանրային կիրառություն ուներ.

Այն, ինչ կոչվում էր «քաղաքական կոռեկտություն», տերմին, որը սկսեց տարածում գտնել անցյալ տարվա աշնանը՝ ուսումնական տարվա սկզբին, տարածվեց վերջին ամիսներին և դարձավ բուռն ազգային բանավեճի կիզակետը, մասնավորապես համալսարաններում, բայց նաև ամերիկյան կյանքի ավելի լայն ոլորտներում
- Ռոբերտ Դ. Մաքֆադեն, «Քաղաքական կոռեկտություն. Կողմնակալության նոր թե՞ստ»(1991) (անգլ.՝ Robert D. McFadden, "Political Correctness: New Bias Test?")[37]:

Նախկինում անհասկանալի «ծայրահեղ ձախ» տերմինը դարձավ սովորական պահպանողական սոցիալական և քաղաքական մարտահրավերների բառապաշարում՝ ընդդեմ ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցներում և համալսարաններում ուսուցման առաջադեմ մեթոդների և ուսումնական ծրագրերի փոփոխությունների[8][38][39][40][41][42]։ Գործելակերպը, վարքագիծը և խոսքի ծածկագրերը, որոնք խոսողը կամ գրողը համարում էին լիբերալ ուղղափառության պարտադրանք, բնութագրվում և քննադատվում էին որպես «քաղաքականորեն կոռեկտ»[15]։ 1991 թվականի մայիսին Միչիգանի համալսարանի ավարտական դասարանի մեկնարկի արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր ելույթում օգտագործեց այդ տերմինը. «Քաղաքական կոռեկտության գաղափարը հակասություններ է առաջացրել ողջ երկրում։ Եվ չնայած շարժումը առաջանում է ռասիզմի, սեքսիզմի և ատելության բեկորները վերացնելու գովելի ցանկությունից, այն փոխարինում է հին նախապաշարմունքները նորերով։ Այն արգելված է հռչակում որոշակի թեմաներ, արտահայտություններ, նույնիսկ որոշակի ժեստեր»[43]։

1991 թվականից հետո դրա օգտագործումը որպես բացասական արտահայտություն լայն տարածում գտավ ԱՄՆ-ի պահպանողականների շրջանում[8]։ Այն դարձավ առանցքային տերմին, որն ամփոփում է ձախերի վերաբերյալ պահպանողականների մտահոգությունները մշակութային և քաղաքական բանավեճերում, որոնք տարածվում են ակադեմիական շրջանակներից դուրս։ 1990 թվականի վերջին այս թեմայի շուրջ «Forbes»-ում և «Newsweek»-ում երկու հոդվածներ իրենց վերնագրերում օգտագործեցին «մտքի ոստիկանություն» (անգլ.՝ thought police) տերմինը, որը ցույց էր տալիս տերմինի նոր օգտագործման երանգը, բայց դա Դինեշ Դ'Սոուզայի «Ոչ լիբերալ կրթություն. Ռասայի և սեռի քաղաքականությունը համալսարանում»(1991) աշխատանքն էր, որը «գրավեց մամուլի ուշադրությունը»[8]։ Դ'Սոուզան նմանատիպ քննադատական տերմինաբանություն է օգտագործել ակադեմիական շրջանակների մի շարք քաղաքականությունների համար, որոնք վերաբերում են հետապնդումներին, խրախուսանքի միջոցով բազմամշակութայնության խթանմանը, հակափոքրամասնությունների դեմ ատելության խոսքի դեմ պատժամիջոցներին և ուսումնական ծրագրերի վերանայմանը (երբեմն` «կանոնների ոչնչացում», անգլ.՝ canon busting)[8][44]: Այս միտումները գոնե մասամբ պատասխան էին բազմամշակութայնության և ինքնության շարժումների վերելքին, ինչպիսիք են ֆեմինիզմը, հոմոսեքսուալների իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների շարժումները։ Այդ պատասխանը ֆինանսավորում ստացավ պահպանողական հիմնադրամներից և վերլուծական կենտրոններից, ինչպիսին է Ջոն Մ. Օլինի հիմնադրամը, որը ֆինանսավորեց մի քանի գրքեր, որոնցից է Դ'Սոուզայի գիրքը[7][15]։

1992 թվականին Հերբերտ Կոլը մեկնաբանեց, որ մի շարք նեոպահպանողականներ, ովքեր 1990-ական թվականների սկզբին քարոզում էին «քաղաքականորեն կոռեկտ» տերմինի օգտագործումը նախկին Կոմունիստական կուսակցության անդամներ էին և, արդյունքում ծանոթ էին արտահայտության մարքսիստական օգտագործմանը։ Նա պնդում էր, որ դրանով նրանք մտադիր էին «ենթադրել, որ էգալիտար ժողովրդավարական գաղափարներն իրականում ավտորիտար են, ուղղափառ և գտնվում են կոմունիստական ազդեցության տակ, երբ նրանք դեմ են մարդկանց ռասիստ, սեքսիստ և հոմոֆոբ լինելու իրավունքին»[3]։

1990-ական թվականների ընթացքում պահպանողական և աջակողմյան քաղաքական գործիչները, վերլուծական կենտրոնները և բանախոսներն ընդունեցին արտահայտությունը որպես իրենց գաղափարախոսական թշնամիների բացասական բնութագրիչ, հատկապես լեզվի և հանրային դպրոցների ուսումնական ծրագրերի բովանդակության վերաբերյալ Մշակութային պատերազմների համատեքստում։ Ռոջեր Քիմբալը «Tenured Radicals»-ում, հավանություն է տվել Ֆրեդերիկ Քրյուսի տեսակետին, որ ՔԿ-ն լավագույնս բնութագրվում է որպես «Ձախ էկլեկտիցիզմ», տերմին, որը Քիմբալի կողմից սահմանվում է որպես «Հակակառավարական տեսությունների լայն շրջանակից մեկը՝ սկսած կառուցողականությունից մինչև հետստրուկտուրալիզմ, ապակառուցողականություն, և լականիան հոգեբանությունից մինչև ֆեմինիստական, հոմոսեքսուլական, սևամորթների և այլ ակնհայտ քաղաքական քննադատության ձևերը»[27][45]։

Լիբերալները պնդում են, որ պահպանողականներն ու հետադիմականները օգտագործում էին տերմինը՝ փորձելով շեղել քաղաքական քննարկումները սոցիալական խտրականությունը լուծելու բովանդակային խնդիրներից, ինչպիսիք են ռասայական, սոցիալական, գենդերային և իրավական անհավասարությունը այն մարդկանց նկատմամբ, ում պահպանողականները չեն համարում սոցիալական հիմնական խավի մի մասը[7][16][46]։ Յան Նարվեսոնը գրել է, որ «այդ արտահայտությունը ծնվել է չակերտների (հեգնական իմաստով) միջև ապրելու համար. այն հուշում է, որ հիմնական նկատառումները այսպես կոչված զուտ քաղաքական են՝ ստիպողաբար առաջ տանելով սկզբունքային իրական պատճառները, որոնց համար մենք պետք է գործեինք»[6]։ Բրիտանացի լրագրող Փոլի Թոյնբին[47][48], 2001 թվականին մեկնաբանելով տերմինը՝ ասաց, որ «այդ արտահայտությունը դատարկ, աջակողմյան զրպարտություն է, որը նախատեսված է միայն օգտագործողին բարձրացնելու համար», իսկ 2010 թվականին «քաղաքական կոռեկտություն» արտահայտությունը ծնվել է որպես ծածկագրված պատյան բոլոր նրանց համար, ովքեր դեռ ուզում են ասել «paki», «spastic» կամ «queer»»[49]: 2001 թվականին մեկ այլ բրիտանացի լրագրող Ուիլ Հաթոնը գրել է[50].

Քաղաքական կոռեկտությունը այն փայլուն գործիքներից մեկն է, որը ամերիկյան աջակողմյանների կողմից մշակվեց 1980-ական թվականների կեսերին՝ որպես ամերիկյան լիբերալիզմի ոչնչացման մի մաս… Այն, ինչ նրանց ակնառու մտածողները արագ տեսան, լիբերալիզմի մշակութային դրսևորումների դեմ պատերազմ հայտարարելն էր՝ «քաղաքական կոռեկտության» մեղադրանք առաջադրելով նրա ներկայացուցիչների դեմ. նրանք կարող էին վարկաբեկել ողջ քաղաքական նախագիծը
- Ուիլ Հաթոն, «Բառերն իսկապես կարևոր են, պարոն Բլանկետ», 2001 թ.(անգլ.՝ Will Hutton, "Words Really are Important, Mr Blunkett"):

1994 թվականին Գլեն Լուրին գրում է, որ «քաղաքական կոռեկտության» թեմային անդրադառնալը, այն դեպքում երբ ակադեմիական համայնքում կուսակցությունները իշխանության և հեղինակության պայքար են մղում տվյալ թեմայի երկու կողմերից էլ, կհանգեցնի ապագա «ընկերների» և «թշնամիների» կողմից յուրաքանչյուր փաստարկների մանրակրկիտ քննարկմանը։ Ձախակողմյան և աջակողմյան բանավիճողները կփորձեն գնահատել՝ գրողը «իրենց կողմ» է, թե «դեմ»[51]։

Ջեֆրի Հյուզն ասում էր, որ քաղաքական կոռեկտության շուրջ բանավեճը վերաբերում է այն հարցին, թե արդյոք լեզվի փոփոխությունն իրականում լուծում է քաղաքական և սոցիալական խնդիրներ, երբ քննադատներն այն ավելի շատ դրանք դիտարկում են գրաքննություն պարադրելու, մտավոր ահաբեկման համար, քան խնդիրներ լուծելու՝ ցույց տալով դա կիրառողների բարոյական մաքրությունը։ Հյուզը նաև պնդում է, որ քաղաքական կոռեկտությունը հաճախ առաջ է գալիս փոքրամասնությունների դրդումով, քան որպես լեզվական փոփոխության օրգանական ձև[52]։

Գործածություն

Տերմինի ժամանակակից բացասական կիրառությունը առաջացել է 20-րդ դարի վերջին պահպանողականներիպահպանողական կողմից Նոր ձախակողմյանների քննադատությունից։ 1990-ական թվականներին այս գործածությունը տարածվեց «The New York Times»-ի մի շարք հոդվածներում և այլ լրատվամիջոցներում[30][31][32][35][37][53], և այն լայնորեն կիրառվեց Ալլան Բլումի «The Closing of the American Mind» (1987) գրքում[7][24][25]։ Տերմինը իր հետագա տարածումը ստացավ Ռոջեր Քիմբալի «Tenured Radicals» (1990)[7][15][45] և պահպանողական հեղինակ Դինեշ Դ'Սոուզայի «Illiberal Education» (1991) գրքերի շնորհիվ[7][8][15][54]։ Քաղաքականորեն կոռեկտ լեզվի կողմնակիցները բացասական կերպով կոչվում են «լեզվի ոստիկանություն» (անգլ.՝ language police):

Կրթություն

Տերմինի վերաբերյալ ժամանակակից բանավեճի հիմք ծառայեց ակադեմիական և կրթական ոլորտում պահպանողականների կողմից լիբերալ կողմնակալության քննադատությունը[7]. այն ժամանակվանից պահպանողականներն օգտագործել են որպես հարձակման հիմնական գիծ[8]։ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ալան Չարլզ Քորսը և իրավաբան Հարվի Ա. Սիլվերգլեյթը ԱՄՆ-ի համալսարանների խոսքի կոդերը կապում են Ֆրանկֆուրտի դպրոցի փիլիսոփա Հերբերտ Մարկուզեի հետ։ Նրանք պնդում են, որ խոսքի կոդերը ստեղծում են «ճնշման միջավայր»՝ պատճառաբանելով, որ դրանք հիմնված են «մարկուզյան տրամաբանության» վրա։ Խոսքի կոդերը «պարտադրում են «ազատության» վերասահմանված հասկացություն՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ բարոյական օրակարգի պարտադրումը համայնքին արդարացված է», տեսակետ, որը «պահանջում է ավելի քիչ շեշտադրում անհատական իրավունքների վրա և ավելի շատ «պատմականորեն ճնշված» անձանց հավասար իրավունքներ ձեռք բերելու միջոցներ ապահովելու համար[55]։ Կորսը և Սիլվերգլեյթը հետագայում ստեղծեցին Կրթության մեջ անհատական իրավունքների հիմնադրամը (FIRE), որը պայքարում է պատշաճ դատավարության իրավունքների, մասնավորապես «խոսքի կոդերի» խախտման դեմ[56]։

Նմանապես, Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության նկատմամբ պահպանողականների տարածված քննադատությունն այն է, որ դասախոսական կազմի քաղաքական հայացքներն ավելի ազատական են, քան ընդհանուր բնակչության տեսակետները, և որ դա նպաստում է քաղաքական կոռեկտության մթնոլորտի ստեղծմանը[57]։ Ուիլյամ Դերեզևիչը քաղաքական կոռեկտությունը սահմանում է որպես «անցանկալի համոզմունքներն ու գաղափարները» լռեցնելու փորձ՝ պնդելով, որ դա հիմնականում շահույթ հետապնդող կրթության արդյունք է. համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը զգուշանում է ուսանողներին բարկացնելուց, քանի որ կախված են նրանց վարձավճարներից[58]։

2020 թվականին հրապարակված նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի խոշոր պետական համալսարանի ուսանողները հիմնականում զգում էին, որ դասախոսները լայնախոհ են և խրախուսում են տարբեր տեսակետների ազատ արտահայտումը, այնուամենայնիվ, ուսանողների մեծամասնությունը անհանգստանում էր իրենց քաղաքական կարծիքն արտահայտելու հետևանքներից՝ «քաղաքական տեսակետներ արտահայտելու և ինքնագրաքննության հետ կապված անհանգստություններ,.. ավելի տարածված են այն ուսանողների շրջանում, ովքեր հայտնի են որպես պահպանողական»[59][60]։

Որպես դավադրության տեսություն

Արևմուտքում որոշ պահպանողականներ պնդում են, որ «քաղաքական կոռեկտությունը» և բազմամշակութայնությունը դավադրության մի մասն են, որի վերջնական նպատակն է խարխլել հրեա-քրիստոնեական արժեքները։ Այս տեսությունը, որը պնդում է, որ քաղաքական կոռեկտությունը ծագում է Ֆրանկֆուրտի դպրոցի քննադատական տեսությունից՝ որպես դավադրության մի մասից, նրա ջատագովներն այն անվանում են «մշակութային մարքսիզմ»[61]։ Տեսությունը ծագել է Մայքլ Միննիկինոյի «Նոր մութ դարաշրջան. Ֆրանկֆուրտի դպրոց և «Քաղաքական կոռեկտություն»(1992) էսսեից, որը հրապարակվել է «Lyndon LaRouche» շարժման ամսագրում[62]։ 2001 թվականին պահպանողական մեկնաբան Պատրիկ Բյուքենանը «Արևմուտքի մահը» աշխատության մեջ գրեց, որ «քաղաքական կոռեկտությունը մշակութային մարքսիզմն է», և որ «նրա բնորոշ գիծը անհանդուրժողականությունն է»[63]։

Զանգվածային լրատվական միջոցներ

ԱՄՆ-ում տերմինը լայնորեն օգտագործվել է գրքերում և ամսագրերում, սակայն Բրիտանիայում գործածությունը սահմանափակվել է հիմնականում բուլվարային մամուլով[64]։ Հատկապես նման շատ աջակողմյան հեղինակներ և բուլվարային լրատվամիջոցների գործիչներ, օգտագործել են այդ տերմինը՝ քննադատելու այն, ինչ նրանք համարում են լրատվամիջոցների կողմնակալություն[6][15]։ Ուիլյամ Մաքգոուանը պնդում է, որ լրագրողները սխալ են հասկանում պատմությունները կամ անտեսում են լուսաբանման արժանի պատմությունները, ինչի պատճառը ըստ Մաքգոունի, իրենց ազատական գաղափարախոսություններն են և փոքրամասնությունների խմբերին հնարավոր վիրավորանք հասցնելու վախը[65]։ Ռոբերտ Նովակը իր «Քաղաքական կոռեկտությունը լրատվական սենյակում տեղ չունի» էսսեում օգտագործեց այդ տերմինը՝ մեղադրելու թերթերին լեզվի օգտագործման քաղաքականություն որդեգրելու համար, որը, նրա կարծիքով, հակված է չափից դուրս խուսափել կողմնակալության դրսևորումից։ Նա պնդում էր, որ լեզվի քաղաքական կոռեկտությունը ոչ միայն ոչնչացնում է իմաստը, այլև նսեմացնում է այն մարդկանց, ովքեր պետք է պաշտպանված լինեն[66]։

Հեղինակներ Դեյվիդ Սլոանը և Էմիլի Հոֆը պնդում են, որ ԱՄՆ-ում լրագրողները անտեսում են քաղաքական կոռեկտության վերաբերյալ մտահոգությունները՝ նույնացնելով քաղաքական կոռեկտության վերաբերյալ քննադատությունները հին «ազատական լրատվամիջոցների կողմնակալության» պիտակի հետ[67]։ Ըստ հեղինակ Ջոն Ուիլսոնի՝ ձախակողմյան «քաղաքական կոռեկտության» ուժերը մեղադրվում են ոչ տեղին գրաքննության մեջ, ընդ որում «Time»-ը նշում է, որ ԱՄՆ-ում ցանցային հեռուստատեսությամբ բռնության դեմ արշավները նպաստում են «հիմնական մշակույթին, որը դարձել է շրջահայաց, ողջամիտ, իր սեփական ստվերից վախեցող» «քաղաքական կոռեկտության ոստիկանության հետևողական աչքերի» պատճառով։ Բողոքի ակցիաները և գովազդատուների բոյկոտները, որոնք ուղղված են հեռուստաշոուների դեմ, հիմնականում կազմակերպվում են աջակողմյան կրոնական խմբերի կողմից, որոնք քարոզչություն են իրականացնում ընդդեմ բռնության, սեքսի և հեռուստատեսությամբ համասեռամոլության ցուցադրման[68]։

Ծաղրական գործածություն

Քաղաքական կոռեկտությունը հաճախ երգիծանքի է ենթարկվում, օրինակ՝ Սաուլ Ջերուշալմիի և Ռենս Զբիգնյու X-ի «The PC Manifesto» (1992)[69] և Ջեյմս Ֆին Գարների «Politically Correct Bedtime Stories» (1994), որը ներկայացնում է քաղաքական կոռեկտության տեսանկյունից ուռճացված հեքիաթներ։ 1994 թվականին «PCU» կատակերգական ֆիլմը անդրադարձավ քաղաքական կոռեկտությանը քոլեջի կամպուսում։

Այլ օրինակներ են «Politically Incorrect» հեռուստատեսային հաղորդումը, Ջորջ Քարլինի «Մեղմասություն»(անգլ.՝ Euphemism) առօրյան, և «The Politically Correct Scrapbook»[70]։ Հարավային այգի (անգլ.՝ South Park) մուլտֆիլմի ծրագրի հանրաճանաչությունը հանգեցրեց Էնդրյու Սալիվանի կողմից «South Park Republican» տերմինի ստեղծմանը, իսկ ավելի ուշ Բրայան Ք. Անդերսոնի «South Park Conservatives» գրքի ստեղծմանը[71]։ Իր 19-րդ եթերաշրջանում (2015), «Հարավային այգի»-ն ներկայացրեց «PC Principal»-ի կերպարը, որը մարմնավորում է քաղաքական կոռեկտության սկզբունքը ծաղրելը[72]։

«The Colbert Report»-ի հաղորդավար Սթիվեն Քոլբերտը հաճախ ծաղրական էր արտահայտվում «PC Police»-ի մասին[73]։

Գիտություն

Խմբերը, որոնք դեմ են էվոլյուցիայի, պասիվ ծխախոտի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, գլոբալ տաքացման, ռասայի և այլ քաղաքական վիճելի գիտական հարցերի վերաբերյալ ընդհանուր առմամբ ընդունված գիտական տեսակետներին, օգտագործել են «քաղաքական կոռեկտություն» տերմինը՝ նկարագրելու այն, ինչը նրանք համարում են գիտական համայնքի կողմից իրենց տեսակետների անհիմն մերժում, քանի որ այդ համայնքները կարծում են, որ դրանք կոռումպացված են լիբերալ քաղաքականության կողմից[74]։

Աջակողմյան քաղաքական կոռեկտություն

«Քաղաքական կոռեկտությունը» պիտակ է, որը սովորաբար օգտագործվում է լիբերալ տերմիններն ու գործողությունները նկարագրելու համար, բայց հազվադեպ է օգտագործվում աջակողմյանների կողմից նմանատիպ փորձերի միջոցով լեզուն և վարքագիծը ձևավորելու համար[75]։ Տնտեսագետ Փոլ Քրուգմանը 2012 թվականին գրել է, որ «մեր խոսույթի համար մեծ վտանգ է ներկայացնում աջակողմյանների քաղաքական կոռեկտությունը, որը, ի տարբերություն լիբերալ տարբերակի, ունի մեծ ուժ և փող իր հետևում։ Եվ նպատակը այն է, ինչ Օրուելը փորձել է փոխանցել Նորալեզվի (անգլ.՝ Newspeak) իր պատկերացումներով՝ անհնարին դարձնել խոսել և նույնիսկ մտածել գաղափարների մասին, որոնք մարտահրավեր են նետում հաստատված կարգին»[20][76]։ Կատո համալսարանից Ալեքս Նովրաստեհը աջակողմյանների քաղաքական կոռեկտությանը տվեց սեփական տարբերակը՝ անվանելով «հայրենասիրական կոռեկտություն»[77]։

Տես նաև

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան