Դիֆթերիա

Դիֆթերիա, վարակային հիվանդություն, որն առաջանում է Corynebacterium diphtheriae բակտերիայի կողմից[1]։ Ախտանիշներն ու ախտանշանները կարող են դրսևորվել թեթև ու ծանր աստիճաններով[2]։ Սովորաբար ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո[1], առաջանում են աստիճանաբար, սկսվում են կոկորդի ցավով ու տենդով[2]։ Ծանր դեպքերում կոկորդում առաջանում է մոխրագույն կամ սպիտակ փառ[1][2]։ Այն կարող է փակել շնչառական ուղիները և առաջացնել հաչացող հազ, ինչպես կրուպի դեպքում[2]։ Պարանոցը կարող է մասնակի փքվել ավշային հանգույցների մեծացման պատճառով[1]։ Գոյություն ունի նաև դիֆթերիայի տեսակ, որն ախտահարում է մաշկը, աչքերը և սեռական օրգանները[1][2]։ Կարող է առաջացնել հետևյալ բարդությունները․ սրտամկանի բորբոքում(միոկարդիտ), նյարդերի բորբոքում, երիկամի հետ կապված խնդիրներ և արյունահոսություն՝ թրոմբոցիտների քանակի քչացման պատճառով[1]։ Միոկարդիտը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, իսկ նյարդաբորբը՝ պարալիզի[1]։

Դիֆթերիա
ՏեսակՎարակային հիվանդություն
ՊատճառCorynebacterium diphtheriae[1]
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՑավ կոկորդում,ջերմություն, հազ[2]
ԲուժաքննությունElek's test?, մանրէաբանական կուլտուրա և ֆիզիկալ զննում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9032
ՀՄԴ-10A36
ԱխտորոշումԿոկորդի տեսքը, բակտերյալ կուլտուրան[2]
ԲուժումՀակաբիոտիկներ, շնչափողահատում[1]
ԿանխարգելումՊատվաստանյութ[1]
Հաճախություն4,500 (ըստ 2015թ տվյալների)[3]
Մահացություն2,100 (2015)[4]
Սկիզբըվարակվելուց 2–5 օր հետո[1]
 Diphtheria Վիքիպահեստում

Դիֆթերիան հիմնականում տարածվում է անմիջական շփման միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով[1][5]։ Կարող է տարածվել նաև ախտահարված առարկաների միջոցով[1]։ Որոշ վարակակիրների մոտ հնարավոր է ախտանիշների բացակայություն, բայց նրանք կարող են վարակել մյուսներին[1]։ C. diphtheriae -ի երեք հիմնական տեսակները առաջացնում են տարբեր ծանրության աստիճանի հիվանդություններ[1]։ Ախտանիշները պայմանավորված են էկզոտոքսիններով, որոնք բակտերիաների կողմից արտադրվող թույներ են[2]։ Ախտորոշումը հաճախ կատարվում է կոկորդում մանրէաբանական կուլտուրայի հստատմամբ[2]։ Նախորդ վարակը չի կարող պաշտպանել կրկին վարակվելուց[2]։

Դիֆթերիաի դեմ պատվաստանյութը համարվում է բավականին արդյունավետ միջոց կանխարգելման համար և հասանելի է մի քանի ձևով[1]։ Ներարկվում է եռակի կամ քառակի դեղաչափով՝ փայտացման և կապույտ հազի պատվաստանյութերի հետ միասին մանուկ հասակում[1]։ Հաջորդ պատվաստումը դիֆթերիայի և փայտացման դեմ առաջարկվում է կատարել յուրաքանչյուր տաս տարին մեկ[1]։ Պաշտպանվածությունը հնարավոր է ստուգել՝ պարզելով արյան մեջ անատոքսինի աստիճանը[1]։ Դիֆթերիան հնարավոր է բուժել էրիթրոմիցին կամ բենզիլպենիցիլին հակաբիոտիկներով[1]։ Այս հակաբիոտիկները հնարավոր է օգտագործել նաև կանխարգելման նպատակով[1]։ Ծանր դեպքերում շնչառական ուղիները բացելու նպատակով կատարվում է շնչափողահատում(տրախեոտոմիա)[2]։

2015թ-ին ամբողջ աշխարհում պաշտոնապես գրանցվել է 4,500 դեպք, իսկ 1980թ-ին գրանցվել էր 100,000 դեպք[3]։ Նույնիսկ ենթադրվում է, որ 1980-ական թվականներին տարվա ընթացքում դիտվել է մինչև մեկ միլիոն դեպք[2]։ Ներկայումս դիֆթերիան առավել հաճախ հանդիպում է Աֆրիկյան երկրներում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում[2][6]։ 2015թ-ին դիտվել է մահացության 2100 դեպք, ի տարբերություն 1990թ-ին դիտված 8,000 դեպքի[4][7]։ Այն շրջաններում, որտեղ դեռ տարածված է դիֆթերիան, երեխաներն ավելի շատ են հիվանդանում մեծահասակների հետ համեմատած[2]։ Ախտահարման դեպքերը զարգացած երկրներում շատ հազվադեպ են, պատվաստանյութի հասանելիության պատճառով[2]։ ԱՄՆ-ում 1980-2004 թվականների ընթացքում ընդամենը դիտվել է 57 դեպք[1]։ Ախտահարվածների 5%-10%-ը մահանում են[1]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Հիպոկրատի կողմից մ․թ․ա․5-րդ դարում[1]։ Հարուցիչը հայտնաբերվել է 1882 թվականին Էդվին Կլեբսի կողմից[1]։

Նշաններ և ախտանիշներ

Կպչուն, խիտ, մոխրագույն փառ, ծածկում է նշագեղձերը, դիֆթերիային բնորոշ ախտանշան է։
Դիֆթերիայով պայմանավորված ոտքի մաշկի ախտահարում։

Ախտանշանները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո։ Ախտանիշներն ներառում են տենդ(38 °C կամ բարձր), ցնցում, հոգնածություն, ցիանոզ, ցավ կոկորդում, ձայնի խռպոտություն, հազ, գլխացավ, կլման դժվարացում և ցավի առկայություն, դժվարացած ու հաճախացած շնչառություն, վատ հոտ և արյունահոսություն քթից, լիմֆադենոպաթիա[8][9]։ Երկուսից երեք օրվա ընթացքում դիֆթերիան ախտահարում է շնչառական համակարգի առողջ հյուսվածքները։ Մահացած հյուսվածքը կազմում է հաստ, մոխրագույն ծածկույթ, որը կարող է կուտակվել կոկորդում կամ քթի մեջ։ Այն կարող է ծածկել քթի հյուսվածքները, նշագեղձերը, ձայնաճեղքը, կոկորդը և առաջացնել շնչառության և կլման դժվարացում[10]։ Ախտանիշները ընդգրկում են նաև առիթմիան, սրտամկանաբորբ, և նյարդերի պարալիչ։

Դիֆթերային կրուպ

Կոկորդի դիֆթերիան կարող է բերել կոկորդի այտուցի, փքված պարանոցի կամ ցլի պարնոցի առաջացման։ Այտուցված կոկորդը համարվում է շնչառական լուրջ հիվադություն, որին բնորոշ է հաչացող հազը, ստրիդորը(սուլող աղմկային շնչառություն), խռպոտ և դժվարացած շնչառությունը։ Պատմական անունն է դիֆթերիտիկ կրուպ[11], իսկական կրուպ[12][13] կամ պարզապես կրուպ[14]։ Այս հիվանդությունը չափազանց հազվադպեպ է հանդիպում այն երկրներում, որտեղ դիֆթերիայի դեմ պատվաստումը համարում է սովորական պրակտիկա։ Ներկայումս կրուպ տերմինը ավելի շատ վերաբերվում է վիրուսային հիվանդություններին, որոնք առաջացնում են նմանատիպ, բայց ավելի թեթև ախտանիշներ[15]։

Վարակի փոխանցում

Մարդուց մարդուն փոխանցման հիմնական եղանակը օդայինն է, երբ վարակված մարդը փռշտում կամ փսխում է[16]։ Շփումը ցանկացած տիպի վնասված մաշկի հետ նույնպես կարող է բերել վարակի փոխանցման, բայց շատ հազվադեպ դեպքերում[17]։ Հնարավոր է նաև անուղղակի վարակում։ Եթե վարակված մարդը դիպչում է ինչ որ մակերեսի կամ առարկայի, բակտերիաները կարող են մնալ այդտեղ և պահել իրենց կենսունակությունը։ Բացի այդ, որոշ տվյալներ ցույց են տալիս, որ դիֆթերիան կարող է լինել զոոնոզ(փոխանցվում է կենդանիներից), բայց սա դեռ պետք է ապացուցել։ Որոշ կենդանիների մոտ հայտնաերվել է Corynebacterium ulcerans հարուցիչը, որը ենթադրում է զոոնոզ լինելու մասին[18]։

Կառուցվածք

Դիֆթերիայի տոքսինը(թույն) արտադրվում է C. diphtheriae-ով միայն այն դեպքում, երբ վարակվել է բակտերիոֆագով, որը ինտեգրում է բակտերիայի տոքսինային գենետիկական տարրերը[19][20]։

Դիֆթերիայի տոքսինը պարունակում է 60-կԴա մոլեկուլյար զանգվածով մեկ տեսակի երկպեպտիդային շղթայով սպիտակուց, որում առանձնացվում է A և B հատված ու դրանք միացած են միմյանց երկսուլֆիդային կապով։ B հատվածը իրենից ներկայացնում է ճանաչման ենթամիավոր, որը ապահովում է տոքսինի մուտքը բջիջ կապվելով բջջի մակերեսին առկա հեպարին կախյալ EGF աճի գործոնի հետ։ Այն ազդանշում է տոքսինի՝ ընկալիչ միջնորդավորված էնդոցիտոզը, ձևավորվում է էնդոսոմ։ Էնդոսոմի մեջ տոքսինը տրիպսին կախյալ պրոտեազով ճեղքվում է առանձին A և B հատվածների։ Էնդոսոմի թթվային միջավայրը նպաստում է B հատվածին կապվել էնդոսոմալ թաղանթի հետ, ինչն էլ նպաստում է A հատվածի արտազատմանը բջջի ցիտոպլազմա։

A հատվածը ճնշում է բջջում նոր սպիտակուցների սինթեզը՝ կատալիզելով ԱԿՖ- ռիբոզիլացումը(ադենոզին կրկնակի ֆոսֆատ), որը ունի կարևոր նշանակություն սպիտակուցի սինթեզի գործընթացում։ ԱԿՖ- ռիբոզիլացումը ԱԿՖ- ռիբոզի փողադրումն է ՆԱԴ+ ից EF-2 սպիտակուցի վրա։ EF-2 սպիտակուցը պարտադիր է սպիտակուցի սինթեզի մեջ՝ փՌՆԹ-ի ռիբոսոմի A-ից P տեղամաս տեղափոխման գործընթացում։

EF-2 սպիտակուցի ԱԿՖ- ռիբոզիլացումը ամբողջովին փոփոխված է, որը բերում է նիկոտինամիդի(վիտամին B3) մեծ քանակների առաջացման։ Քանի որ այն հանդիսանում է ռեակցիայի վերջնանյութ, դրա շատ քանակը բերում է ռեակցիայի հակառակ ուղությամբ ընթանալուն[21]։

Ախտորոշում

Ախտորոշումը հիմնված է ինչպես լաբորատոր, այնպես էլ կլինիկական չափանիշների վրա(ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի)։

Լաբորատոր չափանիշներ

  • Տարբերակել C. diphtheriae ըստ Գրամի ներկման եղանակի կամ կոկորդից վերցված նմուշի բակտերիաբանական հետազոտությամբ[9]։
  • Դիֆթերիայի հյուսվածքաախտաբանական ախտորոշում ըստ Ալբերտի ներկման եղանակի։

Կլինիկական չափանիշներ

  • Վերին շնչառական ուղիների հիվանդություն զուգակցված նշիկաբորբով ( անգինայով)։
  • Ցածր ջերմաստիճան (հազվադեպ է դիտվում 39 °C ից բարձր ջերմություն)։
  • Կպչուն, խիտ, մոխրագույն փառ, որը ծածկում է կոկորդի հետին մասը։ Ծանր դեպքերում այն կարող է տարածվել ամբողջ բրոնխիալ ուղիներում։

Դեպքերի դասակարգում

  • Հնարավոր․ կլինիկորեն համընկնող դեպք, որը լաբորատոր չի հաստատվել կամ համաճարակաբանորեն կապված չէ լաբորատոր հաստատված դեպքերի հետ։
  • Հաստատված․ կլինիկորեն համընկնող դեպք, որը կամ լաբորատոր հաստատված է կամ համաճարակաբանորեն կապված է լաբորատոր հաստատված դեպքերի հետ։

Էմպիրիկ բուժումը, որպոս կանոն, սկսում են այն հիվանդից, ում մոտ դիֆթերիայի վարակի կասկածները մեծ են։

Կանխարգելում

Quinvaxem-ը համարվում է լայն օգտագործվող հնգավալենտ պատվաստանյութ, որն իրենից ներկայացնում է հինգ պատվաստանյութերի համակցում[22]։ Հակադիֆթերային պատվաստանյութը սովորաբար համակցվում է փայտացման և կապույտ հազի պատվաստանյութերի հետ։

Բուժում

Հիվանդությունը հնարավոր է վերահսկել, բայց ծանր դեպքերում պարանոցային ավշահանգույցները կարող են մեծանալ, իսկ կլումը և շնչառությունը դժվարանալ։ Նմանատիպ բարդություններով հիվանդները անհապաղ պետք է դիմեն բժշկի, քանի որ բրոնխների անանցանելիությունը կարող է ինտուբացիայի կամ շնչափողահատման(տրախետոմիայի) պատճառ հանդիսանալ։ Սրտի ռիթմի խանգարումները կարող են ի հայտ գալ հիվանդության սկզբնական շրջանում կամ մի քանի շաբաթ անց, և կարող են հանգեցնել սրտային անբավարարության զարգացման։ Դիֆթերիան կարող է նաև առաջացնել աչքի, պարանոցի, կոկորդի կամ շնչառական մկանների պարալիչ։ Ծանր աստիճանի հիվանդները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ հիվանդին ներարկվում է դիֆթերիայի դեմ հակաթույն։ Այն պարունակում է հակամարմիններ, որոնք անջատվել են դիֆթերիայի տոքսինով վարակված ձիու արյան շիճուկից[23]։ Քանի որ հակաթույնը չի կարող չեզոքացնել արդեն մկանների հետ կապված դիֆթերիայի տոքսինը, դրա ներարկաման ձգձգումները մեծացնում է մահվան ռիսկը։ Այս դեպքերում հակաթույնի ներարկումը կատարվում է ախտանիշներից ելնելով և պետք չէ սպսել ախտորոշման լաբորատոր հաստատմանը[24]։

Ապացուցված չէ, որ հակաբիոտիկները ունեն բուժիչ ազդեցություն հակաթույն ստացած հիվանդների մոտ։ Հակաբիոտիկները օգտագործվում են հիվանդների կամ բակտերիակիրների մոտ C. diphtheriae հարուցիչի ոչնչացման և վարակի փեխանցման կանխման նպատակով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս օգտագործել[25]

  • Մետրոնիդազոլ
  • Էրիթրոմիցին՝ պերօրալ կամ ներարկումային 14 օր տևողությամբ(40 մգ/կգ կամ առավելագույնը 2 գ/օր դեղաչափով)
  • Պրոկային պենիցիլին G՝ ներմկանային 14 օր տևողությամբ(300,000 միավոր/օր <10 կգ զանգվածով հիվանդներին և 600,000 միավոր/օր >10 կգ զանգվածով հիվանդների դեպքում)։ Պենիցիլին G-ի կամ էրիթրոմիցինի հանդեպ ալերգիա ունեցող հիվանդներին նշանակվում է ռիֆամպին կամ կլինդամիցին։

Կոկորդի ինֆեկցիայից հետո հիվանդության կրկնման դեպքում դիֆթերիայի տոքսինը տարածվում է արյան միջոցով և կարող է կյանքին սպառնացող լուրջ բարդություններ առաջացնել, օրինակ սրտի և երիկամների ախտահարում։ Այն կարող է առաջացնել նաև նյարդերի վնասում, ինչը վերջում կհանգեցնի պարալիչի։ Այն հիվանդները որոնք բուժում չեն ստացել կարող են մահանալ։

Համաճարակաբանություն

Դիֆթերիայի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց կյանքի տևողությունը 100,000 բնակչի հաշվով 2004թ․
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրանցված դեպքեր 1997-2006թ․ ընթացքում     տվյալներ չկան      1–49 գրանցված դեպք       50-99 գրանցված դեպք       100 ավել գրանցված դեպք

5%-10% դեպքերում այն մահացու է։ Մինչև հինգ տարեկան երեխաների և 40-ից բարձր տարիքի հիվանդների մոտ մահացության աստիճանը կարող է հասնել մինչև 20%-ի[24]։ 2013 թվականին այն հանգեցրել է 3300 մահվան, ի տարբերություն 1990 թվականի 8000-ի[7]։

Դեպքերի քանակը վերջին քսան տարվա մեջ փոփոխվել է հատկապես զարգացող երկրներում։ Կյանքի վիճակի բարելավումը, զանգվածային պատվաստումները, հետազոտությունների բարելավումը,արագ բուժումը և ավելի արդյունավետ բուժօգնությունը հանգեցրել են դեպքերի նվազմանը ամբողջ աշխարհում։ Չնայած որ բռնկումները հազվադեպ են, այնուամենայնիվ դրանք տեղի են ունենում ամբողջ աշխարհում հատկապես զարգացած երկրներում, ինչպիսիք են Գերմանիան(չպատվաստված երեխաների շրջանում) և Կանադան[26]։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նրա կազմում եղած երկրներում պատվաստումների աստիճանը այնքան ընկավ, որ տեղի ունեցավ դիֆթերիայի բռնկում։ 1991 թվականին ԽՍՀՄ-ում գրանցվել է ընդամենը 2000 դեպք, իսկ 1991-1998 թվականներին Անկախ Պետությունների Համագործակցության մեջ գտնվող երկրներում 200,000 դեպք, որի արդյունքում մահացել է 5000 մարդ[26]։

Պատմություն

1613 թվականին Իսպանիայում դիտվել է դիֆթերիայի բռնկում։ Այդ տարին հայտնի է որպես խեղդամահությունների տարի(El Año de los Garrotillos)[26]։

1735 թվականին այն տարածվեց Նոր Անգլիայում[27]։

Մինչ 1826 թվականը ամբողջ աշխարհում այն հայտնի էր տարբեր անուններով։ Անգլիայում, այն հայտնի էր որպես Բուլոյնի ցավոտ կոկորդ, քանի որ այն տարածվել էր Ֆրանսիայից։ 1826 թվականին Պիեր Բրետոննոն հիվանդությունը անվանեց դիֆթերիա, նկարագրելով կոկորդում առաջացած փոփոխությունները[28][29]։

1856 թվականին Վիկտոր Ֆուրժոն նկարագրել է Կալիֆորնիայում բռնկված համաճարակը[30]։

1878 թվականին Վիկտորիա թագուհու աղջիկ՝ արքայադուստր Ալիսան և նրա ընտանիքը վարակվեցին դիֆթերիայով, ինչի արդյունքում մահացան Մարիայի երկու արքայադուստրերը, Ռեյնը և հենց ինքը արքայադուստր Ալիսան[31]։

1883 թվականին գերմանացի էդվին Կլեբսը հայտնաբերել է դիֆթերիայի հարուցչին և անվանել Կլեբս-Լյոֆֆլերի բակտերիա[32]։ Այդ բակտերիայի քորոցանման ձևը օգնեց Էդվինի տարբերել այն մյուս բակտերիաներից։ Ժամանակին հարուցիչը անվանել են Microsporon diphtheriticum, Bacillus diphtheriae և Mycobacterium diphtheriae։ Ներկայումս օգտագործվում է Corynebacterium diphtheriae անունը։

Ֆրիդրիխ Լյոֆֆլերը առաջին մարդն էր, որ մշակել է C. diphtheriae-ն 1884 թվականին[33], և օգտագործել է Կոխի եղանակը դիֆթերիայի առաջացման մեջ դրա կապը ապացուցելու համար։ Այն նաև ապացուցեց, որ ցուպիկը սինթեզում է էկզոտոկսին։

Իմունիզացիա դիֆթերիայի դեմ, Լոնդոն 1941թվական։

Ջոզեֆ Պ.Դուաիերը 1885 թվականին ներկայացրեց Դուաիերի խողովակը, կոկորդի ախտահարումով հիվանդներին ինտուբացիա կատարելու համար։ Ավելի շուտ նա փոխարինեց արտակարգ իրավիճակում կատարվող շնչափողահատումը( տրախեոստոմիան) այս մեթոդով[34]։

1888 թվականին Էմիլ Ռուն և Ալեքսանդր Երսին ցույց տվեցին, որ C. diphtheriae-ի կողմից սինթեզվող նյութը կենդանիների մոտ առաջացնում է դիֆթերիայի սիմպտոմները[35][36]։

1890 թվականին Շիբասաբուրո Կիտազատոն և Էմիլ ֆոն Բերինգը ծովախոզուկներին պատվաստեցին ջերմային մշակման ենթարկված դիֆթերիայի տոքսինով[37]։ Նույն ձևով նրանք պատվաստեցին նաև այծերին ու ձիերին, և ապացուցեցին, որ պատվաստված(իմունիզացված) կենդանիների շիճուկից անջատված անտիտոքսինը(հակաթույն) կարող է բուժել պատվաստման չենթարկված կենդանիներին։ 1891թվականին Բերինգը այդ անտիտոքսինը օգտագործեց մարդկանց բուժելու նպատակով, սակայն առաջին փորձերը ձախողվեցին։ Հիվանդների բարեհաջող բուժումը ձիերից ստացված անատոքսինով սկսվեց 1894 թվականից[23][38]։ Ֆոն Բերինգը բժշկական ոլորտում կատարած աշխատանքի համար 1901 թվականին ստանում է Նոբելյան մրցանակ[39]։

1895 թվականին Ֆիլադելֆյան Mulford ընկերությունը սկսեց դիֆթերիայի անտիտոքսինի արտադրությունը և փորձարկումը ԱՄՆ-ում[40]։ Պարկը և Բիգգսը նկարագրեցին ձիերից շիճուկի ստացման եղանակը, դիֆթերիայի բուժման նպատակով։

1897 թվականին Պոլ Էռլիխը մշակեց ստանդարտացված միավոր դիֆթերիայի անատոքսինի համար, որը պատմության մեջ կենսաբանական արտադրանքի առաջին ստանդարտացումն էր, և այն հետագայում կարևոր դեր ունեցավ հակադիֆթերային շիճուկի և պատվաստանյութի մշակման մեջ։

Սենտ-Լյուիսում 1901 թվականին պատվաստված 11 երեխաներից 10-ը մահացան վարակված դիֆթերային անտիտոքսինից։ Ձին՝ որից ստացվել էր անտիտոքսինը, սատկել էր փայտացումից[41][42]։

1904 թվականի հունվարի 7-ին Ռութ Կլիվլենդը՝ նախկին նախագահ Գրովեր Կլիվլենդի, և նրա կնոջ՝ Ֆրենսիս Ֆոլսի դուստրը, մահացավ դիֆթերիայի պատճառով 12 տարեկան հասակում, Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում[43]։

1905 թվականին Ֆիլադելֆիայի համալսարանի հիվանդանոցից Ֆրանկլին Ռոյերը հրապարակել է մի հոդված, որում կոչ է անում ժամանակին բուժել դիֆթերիան անտիտոքսինի համարժեք չափաբաժիններով[44]։ 1906 թվականին Կլեմենս Պիրկեն և Բելա Շիկը նկարագրեցին երեխաների մոտ շիճուկային հիվանդությունը, որն առաջացել էր ձիերից ստացված անտիտոքսինի մեծ չափաբաժնի ներարկումից[45]։

1910-1911 թվականներին Բելա Շիկը առաջարկեց Շիկի փորձը, որի օգնությամբ հնարավոր է պարզել մարդու մոտ ավելի վաղ առաջացած իմունիտետը(անզգայունակություն) դիֆթերիայի հանդեպ։ Նրանք, ովքեր վարակված չեն եղել դիֆթերիայով անպայման պետք է պատվաստվեն։ Մեծ, հինգամյա քարոզարշավը համակարգել էր դոկտոր Շիկը։ Քարոզարշավի շրջանակներում 85 մլն անուն գրականություն բաժանվել է «MetLife» ապահովագրական ընկերության կողմից `ուղղված ծնողներին « Փրկեք ձեր երեխային դիֆթերիայից »։ Առաջիկա տասնամյակում մշակվեց պատվաստանյութը, իսկ 1924-ին մահացությունը սկսեց զգալի նվազել[46]։

Պատառ Մեծ Բրիտանիայից. գովազդվում է դիֆթերիայի դեմ պատվաստումը (հրապարակվել է մինչ 1962 թվականը)։

1919 թվականին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում պատվաստման հետևանքով մահացան 10 երեխաներ, իսկ 60-ը ծանր հիվանդացան թունավոր անատոքսինով, որը փորձարկվել էր Նյու-Յորքի առողջապահական կազմակերպության կողմից։ Ֆիլադելֆիայի Mulford ընկերությունը (արտադրողները) ցանկացած դեպքի ժամանակ փոխհատուցել են վնասները[47]։

1920-ական թվականներին ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի դիտվում էր 100,000-200,000 դիֆթերիայով վարակվածության դեպք, որը տարեկան 13,000-15,000 մարդու մահվան պատճառ էր հանդիսանում[24]։ Հիվանդացության և մահացության դեպքերով երեխաներն ավելի մեծ տոկոս էին կազմում։ Ամենահայտնի դեպքերից է դիֆթերիայի բռնկումը Ալյասկայի Նոմ քաղաքում, որտեղ անցկացվեց «Կարեկցանքի Մեծ Մրցավազք», դիֆթերիայի անատոքսինը ժամանակին տեղ հասցնելու նպատակով։ Ներկայումս այն նշվում է Iditarod Trail Sled Dog ամենամյա մրցավազքով։

1926 թվականին Ալեքսանդր Թոմաս Գլեննին մեծացրեց դիֆթերիայի անատոքսինի արդյունավետությունը, մշակելով այն ալյումինային աղերով[48]։ Այս պատվաստանյութը լայնորեն չէր օգտագործվում մինչև 1930-ական թվականի սկիզբը[49]։

1943 թվականին Եվրոպայում դիտվեց դիֆթերիայով վարակվածության 1 միլիոն դեպք, որից 50,000-ը մահացու։

1949 թվականին պատվաստված 606 երեխաներից 68-ը մահացան, անատոքսինի՝ ալյումինի ֆոսֆատով ոչ ճիշտ մշակման արդյունքում։

1974 թվականին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը(ԱՀԿ) ներառեց ԱԿԴՓ պատվաստանյութը իր պատվաստման ընդլայնված ծրագրի մեջ, զարգացող երկրների համար։

1975 թվականին Վաշինգտոն նահանգի Սիետլ քաղաքում գրանցվեց մաշկային դիֆթերիայի բռնկում[50]։

1994 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գրանցվեց 39,703 դիֆթերիայով վարակվածության դեպք, իսկ 1990 թվականին 1,211 դեպք[51]։ 1990-1998 թվականներին դիֆթերիան 5000 մահվան պատճառ է հանդիսացել նախկին ԽՍՀՄ տարածքում[23]։

2010 թվականի մայիսի սկզբին Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ախտորոշվեցին դիֆթերիայի դեպքեր 2010 թվականի երկրաշարժից հետո[52]։

2013 թվականին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում դիֆթերիայից մահացել է երեք երեխա[53]։

2015 թվականի հունիսի սկզբին Բարսելոնայի Վալ դ Էբրոն համալսարանական կլինիկայում ախտորոշվեց դիֆթերիա. վեց ամյա երեխան մահացավ չպատվաստվելու պատճառով, ծնողների համաձայն չլինելու հետևանքով[54]։ Ըստ El Mundo[55] պարբերականի տվյալների դա առաջին դեպքն էր 1986 թվականից հետո, իսկ ԱՀԿ տվյալներով 1998 թվականից հետո[56]։

2016 թվականի մարտ ամսին Բելգիայի Անտվերպեն քաղաքի համալսարանական կլինիկայում դիֆթերիայից մահացավ մի երեք ամյա աղջիկ[57]։

2016 թվականի հունիսին Մալայզիայում մահացան 3, 5 և 7-ամյա աղջիկներ[58]։

2017 թվականի հունվարին Վենեսուելայում գրանցվեց ավելի քան 300 դեպք[59][60]։

2017 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցավ դիֆթերիայի բռնկում, որի արդյունքում գրանցվեց 600 դեպք և 38 մահ[61]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Holmes, R .K. (2005). «Diphtheria and other corynebacterial infections». In Kasper; և այլք: (eds.). Harrison's Principles of Internal Medicine (16th ed.). New York: McGraw-Hill. ISBN 0-07-139140-1.
  • "Antitoxin dars 1735 and 1740." The William and Mary Quarterly, 3rd Ser., Vol 6, No 2. p. 338.
  • Shulman, S. T. (2004). «The History of Pediatric Infectious Diseases». Pediatric Research. 55 (1): 163–176. doi:10.1203/01.PDR.0000101756.93542.09. PMID 14605240.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիֆթերիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 417
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան