Փայտացում

բակտերիալ ինֆեկցիա, որը արտահայտվում է մկանային սպազմերով

Փայտացում՝ ինֆեկցիա է, որը բնորոշվում է մկանների սպազմով[1]։ Ամենաբնորոշ ձևում սպազմը սկսվում է ծնոտից և տարածվում ամբողջ մարմնի վրա[1]։ Այս սպազմները սովորաբար տևում են րոպեներ և հաճախակի են լինում 3-ից 4 շաբաթվա ընթացքում[1]։ Սպազմերը կարող են լինել այնքան ուժեղ, որ նույնիսկ կարող են կոտրվածքներ առաջացնել[6]։ Այլ ախտանիշներից են տենդը, ինտենսիվ քրտնելը, գլխացավը, կուլ տալու դժվարությունները (Դիսֆագիա), արյան բարձր ճնշումը և տախիկարդիան[1][6]։ Ախտանիշները սկսում են ի հայտ գալ վարակումից 3-21 օր հետո[1]։ Վերականգնումը կարող է տևել ամիսներ[1]։ Դեպքերի 10%-ը ավարտվում է մահով[1]։

Փայտացում
Tetanus
Մկանների սպազմ, օպիստոտոնուս կատաղությամբ հիվանդ մարդու մոտ
ՏեսակԻնֆեկցիոն հիվանդություններ
ՊատճառClostridium tetani[1]
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՄկանային սպազմ, տենդ, գլխացավ[1]
Բուժաքննությունֆիզիկալ զննում և մանրէաբանական կուլտուրա
Ռիսկի գործոններՄաշկի ամբողջականության խախտում[2]
ԱխտորոշումՀիմնված է յուրահատուկ ախտանիշների վրա[1]
ԲուժումՓայտացման իմունոգլոբուլին, մկանապաշարիչներ,թոքերի արհեստական օդափոխում[1][3]
ԿանխարգելումՓայտացման պատվաստանյութ[1]
Հաճախություն209,000 (2015)[4]
ՍկիզբըՎարակվելուց 3–21 օր հետո[1]
Մահերի քանակ56,700 (2015)[5]
 Tetanus Վիքիպահեստում

Փայտացումը հարուցում է Clostridium tetani բակտերիան[1], որը հայտնաբերվում է հողի, թքի, փոշու և գոմաղբի մեջ[2]։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով, որը կարող է լինել քերծվածքի կամ սուր գործիքով ծակածի տեսքով[2]։ Այդ բակտերիան արտադրում է թույն, որը ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում է բնորոշ ախտանիշներ[3]։ Ախտորոշումը դրվում է յուրահատուկ ախտանիշների հիմքի վրա[1]։ Հիվանդությունը չի տարածվում մարդկանց միջև[1]։

Ինֆեկցիան կարելի է կանխարգելել փայտացման պատվաստանյութով իմունիզացիայով[1]։ Մաշկի վնասվածքը պետք է մաքրվի և մեռուկացած հյուսվածքները պետք է հեռացվեն[1]։ Ինֆեկցված մարդկանց համար օգտագործվում է փայտացման իմունոգլոբուլին[1]։ Մկանապաշարիչները օգտագործվում են սպազմը կառավարելու համար[3]։ Շնչառության խանգարման դեպքում օգտագործվում է արհեստական շնչառություն[3]։

Փայտացումը հանդիպում է աշխարհի բոլոր մասերում, բայց ավելի հաճախ է տաք և խոնավ կլիմայով հատվածներում, որտեղ հողն ավելի շատ օրգանական նյութեր է պարունակում[1]։ 2015 թվականին դիտվել էր մոտ 209,000 վարակում և 59,000 մահվան դեպք[4][5]։ 1990 թվականին գրանցվել էր 356,000 մահվան դեպք[7]։ Հիվանդությունը նկարագրվել է դեռ մ․թ․ա 5-րդ դարում Հիպոկրատի կողմից[1]։ Պատճառը նկարագրվել է 1884 թվականին Անտոնիո Կարլի և Ջիորջիո Ռատտոնի կողմից Թուրինի համալսարանում, որտեղ հենց 1924 թվականին ստեղծվել է պատվաստանյութը[1]։

Ախտանիշներ

Տետանուսը հաճախակի սկսվում է ծամիչ մկանների սպազմից (Տրիզմ)։ Սպազմի կարող են ենթարկվել նաև դեմքի մկանները, որի արդյունքում դիտվում է դեմքի յուրահատուկ արտահայտություն՝ սարդոնիկ ժպիտ։ Կրծքի, պարանոցի, մեջքի, որովայնի և հետույքի մկանները նույնպես կարող են ախտահարվել" Մեջքի մկանների սպազմի արդյունքում մարմինը կամարի տեսք է ստանում, որը կոչվում է օպիստոտոնուս։ Երբեմն սպազմ է լինում շնչառությանը մասնակցող մկաններում, ինչի հետ կապված լինում են շնչելու հետ կապված դժվարություններ[1]։

Մկանների երկարատև, ուժեղ և ցավոտ կծկումը տետանիան է։ Կծկման նոպաներից կարող են լինել կոտրվածքներ։ Այլ ախտանիշներից են շատ քրտնելը, տենդը, ձեռքերի և ոտքերի սպազմը, կուլ տալու դժվարությունները, սրտի հետ կապված խնդիրները, շնչառական անբավարարությունը, առիթմիան, անկառավարելի միզելը և անկղապահությունը։[փա՞ստ]

Նույնիսկ բուժում ստանալու դեպքում վարակվածների 10%-ը մահանում է[1]։ Մահվան ցուցանիշները ավելի բարձր են չպատվաստված մարդկանց մոտ և 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ[1]։

Ինկուբացիոն շրջան

Փայտացման ինկուբացիոն շրջանը կարող է ձգվել մինչև ամիսներ, բայց սովորաբար տևում է մոտ 10 օր[8][9]։ Ընդհանրապես ինչքան հեռու է վարակման տեղը ԿՆՀ-ից, այնքան երկար է ինկուբացիոն շրջանը։ Ինչքան կարճ է ինկուբացիոն շրջանը, այնքան ավելի լուրջ են ախտանիշները[10]։ Նեոնատալ փայտացման դեպքում ախտանիշները ի հայտ են գալիս ծնունդից 4-ից 14 օր հետո։ Կլինիկական պատկերների հիման վրա նկարագրվել են փայտացման 4 տեսակներ[1]։

Տարածուն փայտացում

Տարածուն (Գեներալիզացված) փայտացումը ամենաբնորոշ տորբերակն է, որը դիտվում է մոտ 80% դեպքերում։ Տարածուն ձևը ախտահարում է դեպի ներքև։ Առաջին նշանն է տրիզմը (ծամիչ մկանների սպազմ), դիմային մկանների սպազմը (սարդոնիկ ժպիտ)։ Հետագայում պարանոցի մկաններն են ենթարկվում սպազմի, դիտվում են կուլ տալու դժվարություններ, կրծքի մկանների սպազմ։ Այլ ախտանիշներից են բարձր ջերմությունը, քրտնելը, հիպերտենզիան և տախիկարդիան։ Սպազմերը առաջանում են հաճախակի և տևում են րոպեներ։ Այդ ընթացքում մարմինը ընդունում է կամարաձև տեսք (օպիստոտոնուս)։ Սպազմերը շարունակվում են մոտ 4 շաբաթ, իսկ ամբողջական վերականգնումը կարող է տևել ամիսներ։[փա՞ստ] Սիմպատիկ գերակտիվությունը բնորոշ է այս տեսակին և ի հայտ է գալիս որպես հիպերտենզիա, տախիկարդիա, առիթմիա, ծայրամասային անոթների սպազմ, բարձր քրտնարտադրություն, տենդ, կատեխոլամինների բարձր արտազատում։ Մահը կարող է վրա հասնել 4 օրվա ընթացքում։

Նեոնատալ փայտացում

Նեոնատալ փայտացումը տարածուն փայտացման ձև է, որը դիտվում է նորածինների մոտ։ Եթե երեխայի մայրը պատվաստված է լինում ապա երեխաները ստանում են մորից պասիվ իմունիտետը և պաշտպանված են լինում[11]։ Հաճախակի այն առաջանում է պորտալարը սխալ մշակելու պատճառով։ 1998 թվականին նեոնատալ փայտացումը հաճախ էր հանդիպում զարգացող երկրներում և պայմանավորում էր նեոնատալ մահերի մոտ 14%-ը (215,000)[12]։ 2010 թվականին մահերի թիվն էր 58,000։ 1990 և 2010 թվականների միջև ցուցանիշը իջել է մոտ 90%-ով[13]։ Նեոնատալ փայտացումը հազվադեպ է զարգացած երկրներում։

Տեղային փայտացում

Տեղային փայտացման դեպքում սպազմի են ենթարկվում վնասված մասի մկանները։ Կծկումները կարող են տևել շաբաթներով։ Տեղային փայտացումը համեմատած ավելի բարորակ է ընթանում։ Միայն 1% դեպքերում է դիտվում մահ, բայց տեղային փայտացումը կարող է վերածվել տարածուն ձևի։[փա՞ստ]

Գլխային փայտացում

Գլխային փայտացումը ամենահազվադեպ տեսակն է փայտացման (դեպքերի 0.9–3%)[14] և սահմանափակվում է գլխի նյարդերով ու մկաններով[15]։ Այն հաճախակի առաջանում է գլխի տրավմայից հետո[16], մաշկի խորը վնասվելուց հետո[16], աչքի տրավմայից հետո[15], ատամների վնասվելուց հետո[17] և միջին օտիտի արդյունքում[18]։ Բայց այս ձևը դիտվել է նաև մարմնի մյուս մասերի վնասվածքից հետո[19]։ Դիմային նյարդի պարեզը դիտվում է հաճախակի, բայց մնացած նյարդերը նույնպես կարող են ախտահարվել[17][20]։ Գլխային փայտացումը կարող է վերածվել տարածուն ձևի[14][20]։

Պատճառ

Clostridium tetani բակտերիան երկար կարող է պահպանվել սպորի տեսքով։ Պատկերված են բակտերիան, սպորի առաջացումը և սպորը։

Փայտացումն առաջացնում է Clostridium tetani բակտերիան[1]։ Փայտացումը միջազգային առողջապահական խնդիր է, որովհետև այդ հարուցիչի սպորները ամենուրեք են։ Սպորները կարող են մարմին անցնել ծակած վերքով։ Քանզի Clostridium Tetani-ն անաերոբ բակտերիա է, այն կարողանում է աճել և բազմանալ միայն այնտեղ, որտեղ թթվածինը բացակայում է[21]։

Հիվանդությունը հատկապես շատ հանդիպում է չիմունիզացված մարդկանց մոտ։ Ավելի հաճախ հանդիպում է տաք և խոնավ կլիմայով վայրերում, որտեղ հողը հարուստ է օրգանական նյութերով։ Հարուցիչը առկա է տարբեր կենդանիների աղիներում և կղանքում, օրինակ՝ ձիերի, ոչխարների, շների, առնետների, խոզերի, հավերի[1]։

Սպորները հայտնաբերվում են նաև մաշկի մակերեսին և մշակված հերոինում[1]։ Հերոին օգտագործողները, նամանավանդ նրանք ովքեր ներարկում են ենթամաշկային, վարակման ավելի մեծ ռիսկ ունեն[1]։ Հազվադեպ վարակումը լինում է վիրահատության, ներմկանային ներարկումների, կոտրվածքների պատճառով[1]։ Հիվանդությունը փոխանցվում է կենդանիների կծածներով[1]։

Փայտացումը հաճախ կապված է ժանգի։ Ժանգը իրենով չի առաջացնում փայտացում, բայց իրերը, որոնց վրա հավաքվում է ժանգը, պարունակում են անաերոբ բակտերիաներ[22]։ Սպորը չմետաբոլիզվող կառուցվածք է, որի միջոցով բակտերիան գոյատևում է։ Մաշկի տակ առկա է անաերոբ միջավայր և ծակած վերքից հետո շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվում հարուցիչի համար[23]։ Ժանգոտած մեխով ոտքը ծակելը կարող է առաջացնել փայտացում[24][25]։:

Ախտաֆիզիոլոգիա

Փայտացումը ախտահարում է կմաղքային միջաձիգ զոլավոր մկանները, որոնք մասնակցում են կամային շարժումներին։ Սրտամկանը չի ախտահարվում իր էլեկտրական հատկանիշների շնորհիվ։

Փայտացման թույնը կապվում է ծայրամասային նյարդի վերջնամասին։ Այն տեղափոխվում է աքսոնով և սինապտիկ միացումներով անցնում է ԿՆՀ։ Այդտեղ թույնը միանում է արգելակիչ շարժական նեյրոնների նախասինապտիկ վերջավորությունների գանգլիոզիդներին և անցնում է աքսոնի մեջ էնդոցիտոզով։ Այդտեղ թույնը պաշարում է արգելակիչ նյարդամիջնորդանյութերի (գլիցին, ԳԱԿԹ) դուրսբերումը։ Քանզի արգելակող ազդեցությունը վերանում է, մկանները ենթարկվում են սպազմի։

Ախտորոշում

Չկան կոնկրետ արյան թեստեր փայտացման ախտորոշման համար։ Ախտորոշումը հիմնվում է փայտացման ախտանիշների վրա։ Լաբորատոր տվյալներից են միայն տետանոսպազմինի արտադրության հայտնաբերումը մկների մոտ[1]։ Վերջերս ունեցած գլխի տրավման կարող է վկայել փայտացման գլխային ձևի մասին, եթե ուրիշ ախտորոշում չի դրվել։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան