Դրախտավարդ

բույսերի ցեղ
Դրախտավարդ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԻնֆրաթագավորությունStreptophyta
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀոնածաղկավորներ (Cornales)
ԸնտանիքԴրախտավարդազգիներ (Hydrangeaceae)
ՑեղԴրախտավարդ (Hydrangea)
L., 1753

Դրախտավարդ (լատին․՝ Hydrangea), հորտենզիա, քարբեկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է։ Հայտնի է շուրջ 80 տեսակ։ ՀՀ-ում մշակվում է ջերմատնային և սենյակային պայմաններում, հիմնականում՝ դրախտանման ծառանման (H. arborescens), դրախտավարդ խոշորատերև (H. macrophylla), դրախտավարդ հուրանավոր (H. paniculata), դրախտավարդ պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր։

Նկարագրություն

Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր։ Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ։ Նկատելիորեն աչքի է ընկնում տերևաջղերը, որոնց շնորհիվ տերևները ուռուցիկ են թվում։ Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր։ Աչքի չեն ընկնում պսակաթերթիկները։ Դրանք գտնվում են ծաղկի կենտրոնում, չբացված վիճակում։ Սակայն շատ գեղեցիկ են բաժակաթերթիկները, որոնք բավականին խոշոր են և բազմերանգ, հիմնականում սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ։ Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արտադրությունում, ինչպես նաև թղթի արտադրության մեջ[1]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 448
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտավարդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտավարդ» հոդվածին։