Խորհրդարանական հանրապետություն

Խորհրդարանական հանրապետություն կամ Խորհրդարանական սահմանադրական հանրապետությունը հանրապետության տեսակ է, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ։ Գոյություն ունեն մեծ թվով տարբեր խորհրդարանական հանրապետություններ։ Շատերը ունեն հստակ տարանջատում կառավարության ղեկավարի և երկրի ղեկավարի միջև, որի կառավարության ղեկավարը ունի իրական իշխանությունը, շատ նման է սահմանադրական միապետությանը։ Որոշներում երկրի ղեկավարի լիազորությունները ավելի շատ են քան կառավարության ղեկավարինը, շատ նման նախագահական համակարգին, սակայն ունեն բարձր իշխանություն ունեցող խորհրդարան։

Աշխարհի պառլամենտական հանրապետությունները` նարնջագույնով ներկայացված են (Խորհրդարանական հանրապետություն ոչ գործադիր նախագահով) և կանաչով (Խորհրդարանական հանրապետություններ գործադիր նախագահով, որ կապված է պառլամենտի հետ): Սահմանադրական միապետությունները ներկայացված են կարմիր գույնով։

Վերը նշված առաջին դեպքում խորհրդարանական կամ կիսանախագահական հանրապետությունում ընտրվում են երկրի ղեկավար (հաճախ նրան անվանում են «նախագահ») և կառավարության ղեկավար (հաճախ անվանում են «վարչապետ» կամ «կանցլեր»), ով ընտրվում է խորհրդարանի կողմից և ունենում է ամենամեծ իշխանությունը։

Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն, և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով։ Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի։

Խորհրդարանական հանրապետության հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական հիմքով և ամբողջապես պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև։

Խորհրդարանական հանրապետությունը հիմնականում բնութագրվում է նրանով, որ իշխանական գերակայությունը պետական կառավարման այդ համակարգում պատկանում է խորհրդարանին, իսկ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջև, և հրաժարական է տալիս խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու դեպքում։ Կառավարման այս համակարգում նույնպես օգտագործվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը և փոխադարձ զսպումների մեխանիզմը։ Գործադիր իշխանությունը, ի դեմս կառավարության, ունի ինքնուրույնություն, որի օրինակ կարող է լինել այն, որ խորհրդարանի կողմից կառավարությանը երկրորդ անգամ անվստահություն հայտնելու դեպքում կառավարությունը կարող է դիմել երկրի նախագահին խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու համար։ Խորհրդարանական կառավարման դեպքում կառավարությունը որոշակի կախվածություն է ունենում խորհրդարանից, որն արտահայտվում է նրանում, որ կառավարության ղեկավար է նշանակվում խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցությունից կամ կոալիցիայից, կառավարությունը հաշվետու է միայն խորհրդարանին և վերահսկվում է նրա կողմից, և ցանկացած ժամանակ խորհրդարանը կարող է կառավարության հրաժարականը պահանջել անվստահության քվեի միջոցով։

Խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունն այն է, որ, ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերի, խորհրդարանական կառավարման համակարգում ներառված սկզբունքներով և կազմակերպվածությամբ ահագին նվազեցնում է քաղաքական ճգնաժամի առաջացումը երկրում` զսպելով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև դիմակայության առաջացման հնարավորությունը։

Խորհրդարանական կառավարման համակարգի մեկ այլ առավելություն է` երկրի կառավարման համար կարևորագույն որոշումներ ընդունելու ժամանակ երկրի բնակչության առավել ներկայացվածությունը, այսինքն` եթե նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգում երկրի համար կարևորագույն որոշումներն ընդունվում է հիմնականում նախագահի կողմից, ով հանդիսանում է ընտրությունների միջոցով բնակչության մեծամասնությունը ներկայացնողը, ապա խորհրդարանական կառավարման համակարգում կարևորագույն որոշումներ ընդունելու ժամանակ խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերին մասնակցության հնարավորություն է տրվում, այսինքն` նույնիսկ նվազագույն քվե ստացած և երկրի բնակչության փոքր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացին։

Խորհրդարանական հանրապետության դեպքում կարելի է ասել նաև, որ երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացն ավելի ծավալուն և մանրակրկիտ է լինում, քանի որ այս դեպքում ընդունվելիք որոշումների վերաբերյալ իրենց կարծիքներն են արտահայտում տարբեր քաղաքական ուժեր, և տարաբնույթ մոտեցումների արդյունքում ընդունվում է առավել նպատակահարմար որոշում։

Ներկայիս խորհրդարանական երկրներ

Ծանոթագրություններ