Վասաբի

բույսերի տեսակ
Վասաբի
Վասաբի
Վասաբի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԿաղամբածաղկավորներ (Brassicales)
ԸնտանիքԿաղամբազգիներ (Brassicaceae)
ՏրիբաEutremeae
ՑեղEutrema
ՏեսակՎասաբի (E. japonicum)
Միջազգային անվանում
Eutrema japonicum
Koidz., 1930

Վասաբի (ճապ.՝ 山葵 կամ ワサビ, ճապ.՝ 和佐比, [wásàbì]), կամ Էվտրեմա ճապոնական (լատին․՝ Eutrēma japōnicum), էվտրեմա ցեղի կաղամբազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի տեսակ։ Բույսը հայտնի է որպես «ճապոնական ծովաբողկ», բայց իրականում այն ծովաբողկ չէ, թեև ազգակից է նրան (երկու ցեղերն էլ պատկանում են նույն ընտանիքին)։ Նրա կոճղարմատից պատրաստված համեմունքը նույնպես կոչվում է «վասաբի» և լայնորեն օգտագործվում է ճապոնական խոհանոցում։ Քանի որ վասաբին դժվար է աճեցնել, այս թանկարժեք մթերքը Ճապոնիայից դուրս սովորաբար փոխարինվում է ծովաբողկի (որը ճապոնացիները երբեմն անվանում են «արևմտյան վասաբի»[1]), մանանեխի և սննդային կանաչ ներկանյութի խառնուրդով[2]։

Ստուգաբանություն

Աշխարհի շատ լեզուներում վասաբին նշանակելու համար օգտագործվում է ճապոներենին նման բառ կամ արտահայտություն, որը թարգմանվում է որպես «ճապոնական ծովաբողկ»․ անգլ.՝ Japanese horseradish, դան․՝ Japansk Peberrod, գերմ.՝ Japanischer Merretich, լեհ.՝ Chrzan japoński, ռումիներեն՝ Ridiche japoneză, ֆիններեն՝ Japaninpiparjuuri, ֆր.՝ Raifort japonais։ Որոշ լեզուներով վասաբին հայտնի է որպես «կանաչ մանանեխ»՝ չինարեն՝ 青芥辣, փինյին qīng jiè là, անգլ.՝ green mustard

Բուսաբանական նկարագրություն

Բազմամյա կոճղարմատ խոտաբույս է՝ սողացող կամ բարձրացող պարզ տերևավոր ցողունով, որը, սակայն, հասնում է 45 սմ բարձրության։

Տերևները կլոր կամ սրտաձև են, երկար կոթունով և ատամնավոր եզրով, ցողունի ստորին մասում ավելի խոշոր են, գագաթային տերևները հաճախ բաժանվում են մասերի։

Ծաղիկները փոքր են, սպիտակ, ծաղկատերևներով, հավաքված են գագաթային ողկույզի մեջ։ Ծաղկաթերթիկները ձվաձև են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Պտուղը ութ սերմերով պատիճ է։

Մշակություն

Վասաբին աճում է լեռնային գետերի հուների երկայնքով։ Մշակման սկիզբն անհայտ է, բայց ամենահին բժշկական տեղեկատուն՝ «Հոնձովամեն», 918 թվականին նշում է, որ բույսը հայտնի է ավելի քան հազար տարի[3]։ Գոյություն ունի երկու ագրոտեխնիկա․ լեռնային սառը ջրում կիսաընկղմված վիճակում աճեցնելը (հոն-վասաբի) և բանջարանոցում։ Երկրորդ սորտը համարվում է ավելի ցածրորակ․ ափերին աճած վասաբին ավելի ուժեղ համ ունի։

Բացի Ճապոնիայից, վասաբին մշակվում է Թայվանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Կորեայում և Նոր Զելանդիայում։

Նշանակություն

Ըստ Men's Health ամսագրի՝ ճապոնացի գիտնականները պարզել են, որ հատուկ նյութերի՝ իզոթիոցիանատների շնորհիվ վասաբին կանխում է ատամների քայքայումը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ նյութերն արգելակում են Streptococcus mutans բակտերիաների աճը, որոնք առաջացնում են ատամների ոսկրափուտ[4]։ Հրապարակման մեջ նշվում է նաև վասաբիի արյան թրոմբների ձևավորումը կանխելու և հակաասթմատիկ բաղադրիչի դեր խաղալու կարողությունը[4]։

Օգտագործում

Բույսը բուժական նպատակներով օգտագործվել է առնվազն 10-րդ դարից[3]։ Վասաբին քերած արմատի տեսքով ուտելը սկսվել է 1396 թվականին Սիձուոկա շրջանում։ Սիձուոկայի բնակիչները վասաբին նվեր են բերել ապագա սյոգունին։ Ըստ ավանդության՝ նրան դուր է եկել համեմունքը և նա սկսել է վասաբին տարածել Ճապոնիայի այլ շրջաններում։ Չորացրած և մանրացված արմատը շատ ուժեղ հոտ ունի։ Նրա կծվությունն ավելի շատ նման է մանանեխի կծվությանը, քան կծու պղպեղին, և ավելի շատ խթանում է քթանցքերը, քան լեզուն։

Այդպիսի «իսկական վասաբին» (որը կոչվում է նաև հոն-վասաբի, ինչը թարգմանաբար նշանակում է «իսկական վասաբի») կարելի է գտնել միայն Ճապոնիայում, բայց նույնիսկ այնտեղ այն աճում է հատուկ պայմաններում՝ հոսող ջրի մեջ և 10-17°C ջերմաստիճանում։ Ահա թե ինչու է այն այդքան թանկ և այդքան գնահատված։ Պատրաստման համար օգտագործվում են երեք և չորս տարեկան արմատներ։ Ճապոնական շատ քիչ ճաշատեսակներ են պատրաստվում առանց վասաբի համեմունքի։ Ամենից հաճախ վասաբին խառնում են սոյայի սոուսի հետ կամ, ինչպես սուշիի դեպքում, բրնձի վրա բարակ շերտ են անում[5]։

Ճապոնական խոհանոցում օգտագործվում են նաև վասաբիի ցողունները և ծաղիկները։ Մասնավորապես, դրանք օգտագործվում են տեմպուրա պատրաստելու համար։

Իսկական վասաբիի կոճղարմատի 1 կգ-ն արժե ավելի քան 200 եվրո[6]։ Քանի որ վասաբին թանկ է, Ճապոնիայից դուրս գտնվող ռեստորանների ճնշող մեծամասնությունն օգտագործում է վասաբիի իմիտացիա՝ ծովաբողկի, համեմունքների և սննդի ներկերի հիման վրա։ Վասաբիի իմիտացան արտադրվում է փոշու կամ պատրաստի մածուկի տեսքով՝ պարկուճներում[7]։ Վասաբիի իմիտացան, որպես կանոն, պարունակում է տարտրազին (E102), E133 ներկանյութեր և մանանեխի փոշի։ Վասաբիին նմանակող մածուկներում վասաբին կա՛մ ամբողջությամբ բացակայում է, կա՛մ դրա բաղադրությունը 2%-ից ցածր է[6]։

2008 թվականին ճապոնացի մի խումբ գիտնականներ առաջարկել են լուռ հրշեջ ազդանման հայեցակարգ, որը հիմնված է վասաբիի վրա[8]։ Նրանց կարծիքով՝ բույսի սուր հոտը կարող է արթնացնել քնած մարդուն կամ վտանգի ազդանշան դառնալ խուլերի համար։ 2011 թվականին այս գյուտի համար հետազոտողները ստացել են Իգնոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում[8][9]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Сокольский И. Васаби, японский хрен или китайская горчица // Наука и жизнь : журнал. — 2021. — В. 5. — С. 72—75. — ISSN 0028-1263.
  • Hodge, W.H. Wasabi — native condiment plants of Japan /Economic Botany, 1974, vol. 28, pp. 118—129.
  • Маюрникова Л. А., Трихина В. В., Кокшаров А. А., Крапива Т. В. Изучение влияния добавок к суши: васаби, имбиря и соевого соуса на безопасность их потребления // Пищевая промышленность. — 2015. — № 4. — С. 38—41.
  • Tamanna Sultana, Geoffrey P. Savage. Wasabi-japanese horseradish // Bangladesh Journal of Scientific and Industrial Research. — 2008. — С. 433—448.

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասաբի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասաբի» հոդվածին։