Դորիս Դեյ

Դորիս Դեյ (անգլ.՝ Doris Day, ծնված Դորիս Մերի Էն Կապելհոֆ (անգլ.՝ Doris Mary Ann Kappelhoff), ապրիլի 3, 1922(1922-04-03)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4][3] - մայիսի 13, 2019(2019-05-13)[5][6][3][…], Carmel Valley, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][3]), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և կենդանիների պաշտպանության ակտիվիստ։ 1950-ականներից մինչև 1960-ականների սկիզբը եղել է կինոյի առաջին մեծության աստղ։ Նկարահանվել է տարբեր ժանրի ֆիլմերում՝ մյուզիքլներ, կատակերգություններ, դրամաներ և թրիլլերներ։ Նրան մեծ ճանաչում են բերել ռոմանտիկ երաժշտական կատակերգություններում կատարած դերերը։ Ֆիլմերում նրա գործընկերներն են եղել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Քերի Գրանտը, Ջեյմս Կեգնին, Դեյվիդ Նիվենը, Ջեք Լեմոնը, Ֆրենկ Սինատրան, Քըրք Դուգլասը, Լորեն Բեքոլը և Ռոդ Թեյլորը։ «Ջեյն աղետ» (1953) և «Մարդ, որը չափից դուրս շատ բան գիտեր» (1956) ֆիլմերում երգեր կատարելու համար երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ 1959 թվականին «Մտերիմ զրույց» ֆիլմում կատարած դերի համար լավագույն դերասանուհի կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Երկար ժամանակ Դորիս Դեյը մնում էր Հոլիվուդի Ոսկե դարի վերջին կենդանի աստղերից մեկը։

Դորիս Դեյ
անգլ.՝ Doris Day
Ծնվել էապրիլի 3, 1922(1922-04-03)[1][2][3][…]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ[4][3]
Մահացել էմայիսի 13, 2019(2019-05-13)[5][6][3][…] (97 տարեկան)
Մահվան վայրCarmel Valley, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ստուդիական երաժիշտ և դերասանուհի
Ժանրերավանդական փոփ երաժշտություն[8][9], բիգ բենդ[10][11][12] և փոփ
ԸնտրանիQué Será, Será?
Ծնողներհայր՝ Frederick Wilhelm Kappelhoff?[13], մայր՝ Alma Sophia Welz?[13]
Ամուսին(ներ)George William Weidler?, Martin Melcher?, Barry Comden? և Al Jorden?
Երեխա(ներ)Terry Melcher?[13]
Պարգևներ և մրցանակներ
dorisday.com

Կենսագրություն

Երիտասարդ տարիներ

Դորիս Դեյը ծնվել է 1922 թվականի ապրիլի 3-ին (այլ տվյալներով՝ 1924 թվականին[16]) Էվանսթոնի Ցինցինատի արվարձանում՝ կաթոլիկ ընտանիքում։ Նրա մայրը՝ Ալմա Սոֆիա Վելցը (1895-1976), տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ Ուիլյամ Ջոզեֆ Կապելհոֆը (1892-1967), երաժշտության ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր։ Նրա պապերն ու հայրական և մայրական տատիկները գերմանացի գաղթականներ էին։ Դորիսը երրորդ երեխան էր ընտանիքում։ Նա ուներ երկու եղբայր՝ Ռիչարդը, որը մահացել է նախքան նրա ծնվելը, և Պոլը, որը մի փոքր ավելի մեծ էր նրանից։ Դորիս անունը նրան տվել են ի պատիվ ամերիկացի կինոդերասանուհի Դորիս Քենյոնի, որով հիանում էր նրա մայրը։

Մանկության տարիներին Դորիսը մեծ հետաքրքրություն է ունեցել պարերի նկատմամբ և որոշել է դրանով զբաղվել մասնագիտորեն։ Նա Ցինցինատիում հաճախել է մասնավոր պարային դպրոցներ, իսկ 11-12 տարեկան հասակում արդեն պարել է սիրողական համույթներում՝ օգտվելով հաջողությունից և նույնիսկ նվաճելով մրցանակներ։ Սակայն այն բանից հետո, երբ նա ավտովթարի է ենթարկվել և ստացել ոտքի կոտրվածք, ստիպված է եղել հրաժարվել պարուհու պրոֆեսիոնալ կարիերայից։ Բուժման ընթացքում Դորիսը տարվել է երգով, սկսել է դասեր վերցնել և արդեն 17 տարեկանից ելույթ է ունեցել հանդիսատեսի առջև՝ սկզբում հանդես գալով Ցինցինատիի ակումբային ռեստորաններից մեկում որպես Բարնի Ռեփ երաժշտախմբի մենակատար-վոկալիստ։ Հենց Ռեփն է նրան դրդել իր հայրենի ազգանվան փոխարեն վերցնել կեղծանուն, որը համարում էր չափազանց տարօրինակ։ Այդպես Դորիս Կապելհոֆը դարձել է Դորիս Դեյ։

1939 թվականին սկսել է հանդես գալ որպես երգչուհի և Լես Բրաունի սվինգային բիգ-բենդի հետ հասել է առաջին մեծ հաջողությանը. նրա «Sentimental journey» երգը դարձել է Եվրոպայից տուն վերադարձող զորացրված ամերիկացի զինվորների հիթը։ 1947 թվականին Դեյը թողել է Լես Բրաունի նվագախումբը, որպեսզի սկսի անհատական կարիերան։ Հաջորդ քսան տարիների ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 650 երգ, ինչը Դորիս Դեյին դարձրել է 20-րդ դարի ամենահայտնի և ճանաչված երգչուհիներից մեկը։

1941 թվականին Դորիս Դեյն ամուսնացել է իր նվագախմբի երաժիշտ Էլա Ջորդանի հետ, որի հետ ամուսնությունը տևել է ընդամենը երկու տարի։ 1943 թվականին ամուսինները բաժանվել են։

Դորիսը նաև աշխատել է բազմաթիվ այլ կատարողների, մասնավորապես, Բոբ Քրոսբիի ջազ-նվագախմբի հետ։

Կարիերա ֆիլմում

Լես Բրաունի հետ աշխատելու և Բոբ Հոփի հետ կարճատև համագործակցության ընթացքում Դորիսը շատ է շրջել ԱՄՆ-ում։ 1946 թվականին նա կրկին ամուսնացել է սաքսոֆոնահար Ջորջ Ուայդլերի հետ։ 1948 թվականին Դեյը բաժանվել է նրանից, որից հետո էլ որոշել է հեռանալ Լոս Անջելեսից և վերադարձել է իրեն հարազատ Ցինցինատի քաղաքը։ Սակայն նրա գործակալ Էլ Լիվին նրան համոզել է հետաձգել մեկնումը և գնալ կոմպոզիտոր Ժյուլ Սթայնի տան երեկույթին, որտեղ նա կարող էր ցույց տալ իրեն, և հնարավոր էր, որ այն օգներ կարիերայի հետագա զարգացմանը։ Երեկույթի ժամանակ Դորիսը կատարել է «Embraceable You» երգը, որը մեծ տպավորություն է թողել Սթայնի և նրա գործընկեր Սեմմի Կանի վրա։ Նրանք իրենց հերթին այն ներկայացրել են «Warner Bros.» ընկերությանը։

Գորդոն Մակրեյի հետ «Օդանավում աստղերի հետ» ֆիլմում (1952 թվական)

Դեյի կարիերան որպես դերասանուհի սկսվել է «Սիրավեպ բաց ծովում» (Romance on the High Seas, 1948 թվական) ֆիլմով. այս բնագավառում նրա հաջողությունն իր քսանամյա կարիերայի սկիզբն է դրել։ 1949 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է ևս երկու ֆիլմ՝ «Երազում եմ քո մասին» և «Սա մեծ զգացմունք է», որոնք դերասանուհուն դարձրել են ճանաչելի և հանրաճանաչ աստղ։ Դրան նպաստել է նաև «Սիրավեպ բաց ծովում» ֆիլմի «It’s Magic» հիթը։ Այնուհետև հաջորդել են նոր ֆիլմեր՝ հիմնականում ոչ շատ պահանջկոտ երաժշտական կատակերգություններ, ինչպես օրինակ՝ «Արծաթե լուսնի լույսի ներքո» և «Թեյ երկուսի համար»։ 1953 թվականին թողարկվել է նոր հաջողված ֆիլմ Դորիս Դեյի հետ՝ «Ջեյն աղետ»-ը, որի երգը «Secret Love»-ն է, որի կատարման համար «Տարվա լավագույն երգ» անվանակարգում Դորիսը ստացել է «Օսկար» մրցանակ։

«Սա երիտասարդ սիրտ է» ֆիլմից հետո, որտեղ Դեյը նկարահանվել է Ֆրենկ Սինատրայի հետ, դերասանուհին խզել է իր «Warner Bros.» պայմանագիրը և սկսել է աշխատել իր երրորդ ամուսնու՝ Մարտին Մելչերի հսկողության ներքո, որը դարձել է բոլոր հետագա ֆիլմերի նրա գործակալն ու պրոդյուսերը. սրանից հետո Դորիս Դեյը կատակերգական դերերից բացի լուրջ դրամատիկ դերեր էլ է ունեցել։ 1955 թվականին «Սիրիր կամ լքիր ինձ» ֆիլմում կատարած երգչուհի Ռութ Էթինգի դերի համար, որում նրա գործընկերը եղել է Ջեյմս Կեգնին, ստացել է քննադատների բարեհաջող արձագանքներ։ Հետագայում իր ինքնակենսագրության մեջ նա այս ֆիլմը անվանել է լավագույնը իր կարիերայի մեջ։ Ալֆրեդ Հիչքոքի «Մարդը, որը չափից դուրս շատ բան գիտեր» ֆիլմում, որտեղ Դորիս Դեյը ելույթ է ունեցել իր գործընկեր Ջեյմս Ստյուարտի հետ, կատարել է «Whatever Will Be, Will Be (Que Sera, Sera)» երգը, որը նրան արժանացրել է երկրորդ «Օսկար» մրցանակի։

1950-ական թվականների վերջին Դորիս Դեյի ժողովրդականությունը անկում է ապրել։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը շարունակել են քննադատների ջերմ արձագանքներ ստանալ, սակայն հաղթանակներ չեն եղել։ Թերևս պատճառն այն էր, որ քնարերգական երաժշտական ֆիլմերը 1950-ականների վերջին այլևս պահանջարկ չեն ունեցել. գլխավոր երաժշտական ուղղությունը դարձել էր ռոքնռոլը։

1959 թվականին Դորիս Դեյը Ռոք Հադսոնի հետ զուգերգով նկարահանվել է «Մտերիմ զրույց» ֆիլմում։ Այս ֆիլմը կրկին դերասանուհուն վերադարձրել է հանրության նախկին ուշադրությանը, իսկ ինքը «Լավագույն կանացի դեր» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի[17]։ 1960-ական թվականներին շատ ֆիլմերում ռեժիսորները հարգանքի տուրք են մատուցել դերասանուհի Դորիս Դեյի պրոֆեսիոնալիզմին, մինչդեռ նրա՝ երգչուհու հնարավորությունները անտեսվել են։

1960-ական թվականների վերջին ԱՄՆ-ում սկսվել է սեռական հեղափոխություն։ Փոխվում էր սեքսուալության մասին պատկերացումը, կինոն դառնում էր ավելի անկեղծ, մինչդեռ Դորիս Դեյի մասնակցությամբ ֆիլմերը մնում էին միամիտ, պարզամիտ ու մաքրաբարո։ Այդ ժամանակների քննադատներն ու լրագրողները Դորիսին անվանել են «Անփոփոխ հին կույս», և նա աստիճանաբար կորցրել է իր աստղային կարգավիճակը, և միայն վերջում է, որ փայլել է «Ապակե հատակով նավակ» ֆիլմում (1966 թվական)։ Դորիս Դեյը ինքն է խոստովանել իր ֆիլմերի միջին որակը՝ ասելով, որ նկարահանվել է միայն ամուսնու պնդմամբ։

Ճաշակի փոփոխությունն անդրադարձել է նաև Դորիս Դեյի՝ որպես երգչուհու կարիերայի վրա։ Նրա «Duet» և «Latin» ալբոմները արժանացել են քննադատների գովասանքի, սակայն ԱՄՆ-ում առևտրական հաջողություն չեն ունեցել։ 1967 թվականին Դորիս Դեյը ձայնագրել է իր վերջին ալբոմը՝ «The Love Album», որի թողարկումը կայացել է միայն 1994 թվականին։

Սնանկացում և կարիերա հեռուստատեսությունում

Իր սեփական հեռուստաշոուում 1968 թվականին

1968 թվականին մահացել է Դորիս Դեյի ամուսինը՝ Մարտին Մելչերը, որից հետո պարզվել է, որ իր վաստակի մեծ մասը վատնվել է, իսկ ինքը խրվել է պարտքերի մեջ։ Պարզվել է նաև, որ մահից քիչ առաջ Մելչերը «Դորիս Դեյի շոու»-ի թողարկման համար հեռուստատեսության հետ պայմանագիր է ստորագրել։ Դերասանուհին երբեք չի «այրվել» հեռուստատեսությամբ նկարահանվելու ցանկությամբ, սակայն պայմանագիրը ժխտել չէր կարող և 1968 թվականի աշնանը մեկնարկվել է շոուն։

1968-1973 թվականներին Դորիսը եղել է սեփական կատակերգական շոուի հաղորդավարը, որի հիմնական երաժշտական թեման «Que sera, sera» երգն էր։ Դեյը տքնաջան աշխատել է ամբողջ սերիալի ընթացքում, որպեսզի վճարեր ամուսնու պարտքերը։ Նկարահանումների ավարտից հետո Դորիս Դեյն այլևս չի նկարահանվել ո՛չ հեռուստատեսությունում, ո՛չ կինոյում։

Կենդանիների պաշտպանություն

1970-ական թվականներին դերասանուհին ակտիվորեն զբաղվել է կենդանիների պաշտպանությամբ։ Իր հարցազրույցներից շատերի ժամանակ նա քննադատել է բնական մորթիներ կրող հայտնի մարդկանց։ Նրան դատապարտել են Մերի Թայլեր Մուրը, Էնջի Դիքինսոնը և Ջեյն Մեդոուզը։ Դորիսը կենդանիների պաշտպանության վերաբերյալ իր առաջարկները եռանդորեն հասցրել է Կոնգրես, ինչպես նաև օրենսդրության մեջ ուղղումների առաջարկով դիմել է նախագահներ Ռոնալդ Ռեյգանին և Բիլ Քլինթոնին։ Նա ստեղծել է նաև «Դորիս Դեյի կենդանիների լիգա», որը ֆինանսավորել է ինքը։

Անձնական կյանք

Դորիս Դեյն ամուսնացել է չորս անգամ.

  1. Էլ Ջորդան (1941-1943) - տրոմբոնահար Բարնի Ռեպի խմբից։ Այս ամուսնությունից ծնվել է միակ որդին՝ Թերենս Պ. Ջորդանը (Թերենս Մելչեչ, 1942 թվականի փետրվարի 8-2004 թվականի նոյեմբերի 19)։ Ջորդանի հետ ամուսնությունն ուղեկցվել է նրա կողմից ծեծով, ինչի պատճառով Դեյը ցանկացել է բաժանվել նրանից։ Երբ Ջորդանն իմացել է հղիության մասին, պահանջել է, որ Դեյն ընդհատի հղիությունը։ Որդու ծնվելուց անմիջապես հետո նրանք բաժանվել են։ Ջորդանը հազվադեպ է այցելել Թերենսին և գրեթե ոչ մի կերպ չի մասնակցել նրա դաստիարակությանը։ 1967 թվականին Էլ Ջորդանը ինքնասպան է եղել։
  2. Ջորջ Ուայլդեր (1946-1949) - սաքսոֆոնահար։
  3. Մարտին Մելչեր (1951-1968) - նրա անձնական գործակալը և պրոդյուսերը։ Նրա հետ ամուսնությունը եղել է բավականին երկար, և այն մինչև նրա մահն ունեցել է միանգամայն երջանիկ տեսք։ Սակայն հետո Դեյը բացահայտել է, որ նրանց համատեղ կյանքի ընթացքում նա անամոթաբար ծախսել է իր հոնորարները, և ինքը երկար ժամանակ վճարել է պարտքերը։ Չնայած նրան, որ Մելչերը որդեգրել և իր ազգանունն է տվել Թերենսին, վերջինս նրա մահից հետո հայտարարել է, որ Մելչերն իր հետ վատ է վարվել։
  4. Բարի Կոմդեն (1976-1981) - որպես սեղանապետ աշխատել է Դորիսի սիրելի ռեստորաններից մեկում։ Ամուսնալուծությունից հետո Բարին խոստովանել է, որ Դեյն իր ընկեր-կենդանիներին ավելի շատ է ժամանակ հատկացրել, քան իրեն։

Դորիս Դեյի անվան նկատմամբ հետաքրքրության վերականգնում

1990-ական թվականներին կրկին հետաքրքրություն է առաջացել Դորիս Դեյի նկատմամբ։ 1992 թվականին թողարկվել է նրա լավագույն հիթերի սկավառակը, և երգերից մեկը օգտագործվել է «Խիստ կանոններով» ֆիլմի սաունդթրեքի համար։ 2000-ական թվականների սկզբին մեծ պահանջարկ են վայելել նրա ֆիլմերի տեսասկավառակները, համացանցում հայտնվել են նրան նվիրված բազմաթիվ վեբ կայքեր։ 2011 թվականին Դորիս Դեյը թողարկել է «My Heart» 29-րդ ստուդիական ալբոմը, որը նոր նյութով մտել է Մեծ Բրիտանիայի լավագույն ալբոմների տասնյակում։ Դա տեղի է ունեցել երգչուհու 87 ամյակում և նրա առաջնաելույթային ալբոմի թողարկումից 62 տարի անց[18]։ 2012 թվականին Դեյը զբաղեցրել է վեցերորդ տեղը հայտնի դրամարկղային երգիչների շարքում[19][20][21]։

2004 թվականին դերասանուհին պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով, սակայն ավիաթռիչքի հանդեպ ունեցած վախի պատճառով արարողությունը տեղի չի ունեցել։ Նույն պատճառով Դեյը հրաժարվել է «Օսկար» պատվավոր մրցանակից (չնայած կինոակադեմիան դա մի քանի անգամ առաջարկել է նրան), ինչպես նաև «Քենեդի կենտրոնի մրցանակից»։

Նրա մրցանակների թվում են նաև «Grammy Lifetime Achievement Award» (հանձնվել է 2008 թվականի փետրվարի 9-ին) և երգիչների հասարակությունից (Society of Singers) «Legend Award» մրցանակները։ 1989 թվականին կինոյում նրա բոլոր նվաճումների համար նրան շնորհվել է «Սեսիլյա Բ. Դե Միլյա» մրցանակը։ 2004 թվականին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով, իսկ 2011 թվականին՝ կարիերայում նվաճումների համար կինոքննադատների լոսանջելեսյան ասոցիացիայի մրցանակով (Los Angeles Film Critics Association’s Career Achievement Award):

Զարգացած կինոյում ներդրման և ԱՄՆ-ի զարգացած երաժշտական արդյունաբերության համար Դորիս Դեյն ունի երկու աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Մահացել է թոքերի բորբոքումից 2019 թվականի մայիսի 13-ին Կալիֆոռնիայի իր տանը 97 տարեկան հասակում[22][23][24]։

Սկավառակագրություն

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1948ֆՍիրավեպ բաց ծովումRomance on the High SeasՋորջիա Գարեթ
1949ֆԵրազում եմ քո մասինMy Dream Is YoursՄարթա Գիբսոն
1949ֆՍա մեծ զգացմունք էIt’s a Great FeelingՋուդի Ադամս
1950ֆՇեփորահարYoung Man with a HornՋո Ջորդան
1950ֆԹեյ երկուսի համարTea for TwoՆանեթ Քարթեր
1950ֆՎեսթպոյնտյան պատմությոնThe West Point StoryՋեն Ուիլսոն
1951ֆՓոթորկի նախազգուշացումStorm WarningԼյուսի Ռայս
1951ֆԲրոդվեյի օրորոցայինըLullaby of BroadwayՄելինդա Հովարդ
1951ֆԼուսնի ծովածոցOn Moonlight BayՄարջորի Ուինֆիլդ
1951ֆԵս կտեսնեմ քեզ իմ երազներումI’ll See You in My DreamsԳրեյս Լեբոյ Կան
1951ֆՕդանավում աստղերի հետStarliftինքն իր դերում
1952ֆՀաղթողների խումբըThe Winning TeamԷյմի Ալեքսանդր
1952ֆԱպրիլը ՓարիզումApril in ParisԷթել Ջեքսոն
1953ֆԱրծաթե լուսնի լույսի ներքոBy the Light of the Silvery MoonՄարջորի Ուինֆիլդ
1953ֆԱյսպիսով, դու հեռուստացույց ես ուզումSo You Want a Television Setինքն իր դերում
1953ֆՋեյն աղետCalamity Janeփորձանք բերող Ջեյն
1954ֆՀանցագործության ալիքCrime Waveինքն իր դերում
1954ֆԲախտավորLucky MeՔենդի Ուիլմս
1954ֆՍա երիտասարդ սիրտ էYoung at HeartԼորի Թաթլ
1955ֆՍիրիր կամ լքիր ինձLove Me or Leave MeՌութ Էթինգ
1956ֆՄարդը, որը չափից դուրս շատ բան գիտերThe Man Who Knew Too MuchՋո Մեքենա
1956ֆՋուլիյաJulieՋուլիյա Բենթոն
1957ֆԳիշերազգեստով խաղThe Pajama GameԲեյբ Ուիլյամս
1958ֆՈւսուցչի սիրեցյալըTeacher’s PetԷրիկա Սթոուն
1958ֆՍիրո թունելThe Tunnel of LoveԻզոլդա Պուլ
1959ֆՍա տեղի ունեցավ Ջեյնի հետIt Happened to JaneՋեյն Օսգուդ
1959ֆՄտերիմ զրույցPillow TalkՋեյն Մորոու
1960ֆԽնդրում եմ, մի կեր մարգարիտներըPlease Don’t Eat the DaisiesՔեյն Ռոբինսոն ՄաքՔեյ
1960ֆԿեսգիշերային ժանյակMidnight LaceՔիթ Պրեսթոն
1961ֆՀետ արի, իմ սերLover Come BackՔերոլ Թեմփլոն
1962ֆԱյս ջրաքիսի մորթինThat Touch of MinkՔեթի Թիմբերլեյք
1962ֆՋամբո Բիլլի ՌոուզBilly Rose’s JumboՔիթի Ուանդեր
1963ֆՀասցնել մինչև բռնակներըThe Thrill of It AllԲեվերլի Բոյեր
1963ֆԵս վերադարձա, սիրելիսMove Over, DarlingԷլեն Բագսթավ Արդեն
1964ֆՄի ուղարկիր ինձ ծաղիկներSend Me No FlowersՋուդի
1965ֆԱնհանգիստ վկաDo Not DisturbՋանեթ Հարպեր
1966ֆԱպակե հատակով նավակThe Glass Bottom BoatՋենիֆեր Նելսոն
1967ֆՔմահաճույքCapriceՊատրիշա Ֆոսթեր
1967ֆԲալլադ Ջոզիի մասինThe Ballad of JosieՋոզի Մինիք
1968ֆԻսկ որտեղ ես եղել դու, երբ մարել է լույսըWhere Were You When the Lights Went Out?Մարգարեթ Գարիսոն
1968ֆՎեցը մեկ կտուրի տակWith Six You Get EggrollԷբի Մաքլյուր
1968-1973սԴորիս Դեյի շոունThe Doris Day ShowԴորիս Մարտին
1970սՆահանգապետը և Ջեյ ՋեյըThe Governor & J.J.ինքն իր դերում

Գրականություն

  • Barothy, Mary Anne. Day at a Time: An Indiana Girl’s Sentimental Journey to Doris Day’s Hollywood and Beyond. Hawthorne Publishing, 2007.
  • Bret, David. Doris Day: Reluctant Star. JR Books, London. 2008.
  • Day, Doris, as told to A. E. Hotchner. Doris Day: Her Own Story. William Morrow & Co., Inc., 1976.
  • McGee, Garry. Doris Day: Sentimental Journey. McFarland & Company, Inc., 2005.
  • Patrick, Pierre and Garry McGee. Que Sera, Sera: The Magic of Doris Day Through Television. Bear Manor Media, 2005.
  • Patrick, Pierre and Garry McGee. The Doris Day Companion: A Beautiful Day (One on One with Doris and Friends). BearManor Media, 2009.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Դեյ» հոդվածին։