Իսմայիլ Կադարե

ալբանացի արձակագիր և բանաստեղծ

Իսմայիլ Կադարե (ալբաներեն արտասանություն [ismaˈil kadaˈɾe], ֆրանսերեն գրվում է՝ Ismaïl Kadaré, հունվարի 28, 1936(1936-01-28)[1][2][3][…], Գիրոկաստրա[4][5]), ալբանացի արձակագիր, բանաստեղծ, էսսեների հեղինակ, սցենարիստ և դրամատուրգ։ Նա միջազգային առաջատար գրական գործիչ է և մտավորական։ Պոեզիայի վրա կենտրոնացել է նախքան իր առաջին՝ «Մահացած բանակի գեներալը» վեպի հրատարակությունը, որի շնորհիվ ձեռք է բերել միջազգային ճանաչում[17]։

Իսմայիլ Կադարե
ալբ․՝ Ismail Kadare
Ծնվել էհունվարի 28, 1936(1936-01-28)[1][2][3][…] (88 տարեկան)
ԾննդավայրԳիրոկաստրա[4][5]
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող և թարգմանիչ
Լեզուալբաներեն և ֆրանսերեն
Ազգությունալբանացի
Քաղաքացիություն Ալբանիա[6],  Ֆրանսիա[6] և  Կոսովո[7]
ԿրթությունՏիրանայի համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներThe General of the Dead Army?, The Castle?, Chronicle in Stone?, Broken April?, The Three-Arched Bridge?, The File on H.?, The Pyramid? և The Palace of Dreams?
ԱնդամակցությունԱլբանիայի գիտությունների ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա[8] և Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիա[9][10]
Պարգևներ
ԱմուսինՀելենա Կադարե[16]
ԶավակներBesiana Kadare?
Изображение автографа
 Ismail Kadare Վիքիպահեստում

1992 թվականին Կադարեն արժանացել է Չինո դել Դուկայի համաշխարհային մրցանակին, 1998 թվականին՝ Հերդերի մրցանակին, 2005 թվականին՝ Բուքերյան միջազգային անդրանիկ մրցանակին, 2009 թվականին՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակին և 2015 թվականին՝ Երուսաղեմյան մրցանակին։ 2019 թվականին պարգևատրվել է Փակ Քյոնգ Նի մրցանակով և 2020 թվականին՝ Նյուսթադ գրական միջազգային մրցանակ[18]։ 1996 թվականին նա դարձել է Գիտությունների Մորալես և Քաղաքական Ակադեմիայի արտասահմանյան գործընկեր, իսկ 2016 թվականին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է առաջադրվել 15 անգամ։ 1990-ականներից ի վեր, Ալբանիայի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները Կադարեին առաջարկել են դառնալ Ալբանիայի համախոհ նախագահ, սակայն վերջինս մերժել է։

Նյուսթադ մրցանակի համար նրան առաջադրած ժյուրին գրել է․ «Կադարեն Ֆրանց Կաֆկայի իրավահաջորդն է։ Կաֆկայից ի վեր ոչ ոք չի խորացել ամբողջատիրական իշխանության դժոխային կառուցվածքի և մարդկային հոգու վրա դրա ունեցած ազդեցության մեջ այնպիսի հիպնոսային խորությամբ, որքան Կադարեն»։ Նրա ստեղծագործությունները նաև համեմատվել են Նիկոլայ Գոգոլի, Ջորջ Օրուելի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Միլան Կունդերայի և Բալզակի գրվածքների հետ։ Ապրելով Ալբանիայում, երբ կար խիստ գրաքննություն, Կադարեն խորամանկ հնարքների է դիմել՝ գերազանցելու կոմունիստ գրաքննիչներին, որոնք արգելել էին նրա երեք գրքերը՝ օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են առակը, առասպելը, ժողովրդական հեքիաթը, այլաբանությունը, լեգենդը, որոնք լի էին կրկնակի բովանդակությամբ, ակնարկով, զրպարտությամբ, երգիծանքով և փոխաբերական իմաստներով։ 1990 թվականին կոմունիստական ռեժիմից և Սիգուրիմիի գաղտնի ոստիկանությունից փախչելու համար նա մեկնել է Փարիզ։ Նրա գործերը հրատարակվել են 45 լեզուներով։ Նյու Յորք Թայմսը գրել է, որ վերջինս ազգային գործիչ է Ալբանիայում, և որին իր հայտնիությամբ կարելի է համեմատել Միացյալ Նահանգներում ճանաչված Մարկ Տվենի հետ։ «Ալբանիայում գրեթե չկա ընտանիք, որ չունենա Կադարեի գրքերից»։

Կադարեին ոմանք համարում են 20-րդ և 21-րդ դարերի մեծագույն գրողներից և մտավորականներից մեկը, ինչպես նաև համընդհանուր ձայն ընդդեմ ամբողջատիրության[19][20][21]։ Նա հանդիսանում է Հելենա Կադարեի ամուսինը, ՄԱԿ-ի դեսպան և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ Բեսիանա Կադարեի հայրը։

Վաղ և անձնական կյանք

Իսմայիլ Կադարեն ծնվել է Ալբանիայի թագավորությունում Զոգ Առաջին թագավորի կառավարության ժամանակ։ Նա ծնվել է Գիրոկաստրա քաղաքում, պատմական Օսմանյան կայսրության լեռնային, բարձր քարե տներից կառուցված քաղաք-ամրոց, որը գտնվում է հարավային Ալբանիայում, Հունաստանի հետ սահմանից մեկ տասնյակ մղոն հեռավորության վրա[22][23][24]։ Նա անտեղ ապրել է մի ոլոր, նեղ փողոցում, որը հայտնի էր որպես «Խենթերի արահետ»[25][26][27]։

Ծնողներն էին փոստի աշխատակից Հաիթ Կադարեն և տնային տնտեսուհի Հաթիջե Դոբին, ովքեր ամուսնացել էին 1933 թվականին, երբ Հաթիջեն 17 տարեկան էր[28][29][30][31]։ Մոր կողմից՝ նրա նախապապը եղել է Բեկթաշինների միաբանության բեյտեջի, որը հայտնի էր որպես Հոջհե Դոբի[32]։ Չնայած ծնվել էր մուսուլմանական ընտանիքում, Իսմայիլ Կադարեն աթեիստ էր[33][34]։

Կադարեի ծնվելուց երեք տարի անց Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի զորքերը ներխուժել են Ալբանիա և վտարել թագավորին։ Իտալիայի իշխանությունն է տիրել դրանից հետո[35]։ Կադարեն ինը տարեկան է եղել, երբ իտալական զորքերը դուրս են բերվել, և ստեղծվել է Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ[36]։

Կադարեն հաճախել է Գիրոկաստրի տարրական և միջնակարգ դպրոցներ[36]։ Այնուհետև Տիրանիայի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետում սովորել է լեզուներ և գրականություն[36][37]։ 1956 թվականին ստացել է ուսուցչի դիպլոմ[38]։ Ալբանիայի Տիրանիա քաղաքում ապրել է նախքան 1990 թվականը՝ Ֆրանսիայի քաղաքացի դառնալը[39][40][41][42]։ 2019 թվականին Կադարեի Տիրանիայում գտնվող բնակարանը վերածվել է նրա կյանքն ու աշխատանքը ցուցադրող թանգարանի[43]։

Ամուսնացել է ալբանացի գրող Հելենա Գուշիի հետ և ունի երկու դուստր։

Նրա դուստրը՝ Բեսիանա Կադարեն, Ալբանիայի դեսպանն է Կուբայում, հանդիսանում է ՄԱԿ-ի դեսպան և Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փոխնախագահ[44]։

Գրական գործունեություն

Վաղ գրական գործունեություն

Իսմայիլ Կադարեի տունը (Կոնակը) Օսմանյան հին քաղաքում՝ Գիրոկաստրայում։

11 տարեկանում Կադարեն կարդացել է Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթը»։ Տարիներ անց նա վերհիշել է․ «Ես ձեռագրով պատճենում և տուն էի տանում այն, որովհետև չգիտեի որ կարող եմ ուղղակի գնել գրախանութից։ Մանկական երևակայությունս ստիպում էր հավատալ, որ ես պիեսի համահեղինակ եմ»[45]։

Շուտով գրականությունը գրավել է նրա ուշադրությունը[23][45][46]։ Կադարեն իր առաջին պատմվածքները գրել է 12 տարեկանում, որոնք տպագրվել են Տիրանիայի Պիոներ կոմունիստական մանկական ամսագրում[36][47]։ 1954 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տղայական ոգեշնչում»[48]։1957 թվականին հրատարակվել է «Երազներ» բանաստեղծությունների ժողովածուն[49]։

17 տարեկանում Կադարեն հաղթել է Տիրանիայում անցկացվող պոեզիայի մրցույթում, որի շնորհիվ մեկնել է Մոսկվա՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում սովորելու[19]։ Գրականություն սովորել է ասպիրանտուրայում՝ 1958-1960 թվականներին՝ Խրուշչովի ժամանակաշրջանում[27]։ Նրա վերապատրաստման նպատակն էր դառնալ կոմունիստ գրող և «մարդկային հոգիների ինժեներ», որպիսի օգնի ստեղծել նոր Ալբանիայի մշակույթը[50]։ Մոսկվայում նա հանդիպել է սոցիալիստական ռեալիզմի դրոշի ներքո միավորված գրողների․ արվեստի ոճ, որը բնութագրվում է հեղափոխական կոմունիստական արժեքներ իդեալականացված պատկերմամբ, ինչպիսին է պրոլետարիատի ազատությունը։ Կադարեն նաև հնարավորություն է ունեցել կարդալու ժամանակակից արևմտյան գրականություն, այդ թվում՝ Ժան Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի և Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունները[51]։ Այնուամենայնիվ, նա մերժել է սոցիալիստական ռեալիզմի կանոնները և ներքուստ պարտավորվել է գրել ընդդեմ դոգմատիզմի[52][53][54]։ Նաև արհամարհել է նոմենկլատուրան, որը, ինչպես հետագայում գրել է, ավելի շուտ իր երիտասարդական ամբարտավանության արդյունքն էր, քան քաղաքական ընդդիմություն[55]։ Խորհրդային Միության տարիներին Կադարեն հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու ռուսերեն լեզվով, իսկ 1959 թվականին գրել է իր առաջին վեպը՝ «Քաղաքն առանց նշանների», որը քննադատում էր Սոցիալիստական կարիերիզմը Ալբանիայում[56][57]։

1960 թվականի հոկտեմբերին Կադարեն տուն է վերադարձել ալբանական հրամանով, նախքան Ալբանիայի ԽՍՀՄ-ի հետ քաղաքական և տնտեսական կապերի խզումը[27][29][58]։ Հաջորդ 30 տարիներին ապրել է Տիրանիայում, մի բնակարանում, որտեղ ներկայումս գտնվում են նրա տուն-թանգարանն ու արխիվները[59][60]։ Աշխատել է որպես լրագրող, դարձել Ալբանական նամակներ գրական պարբերականի գլխավոր խմբագիրը (հրատարակվում էր և՛ ալբաներեն, և՛ ֆրանսերեն), այնուհետև հինգ տարի աշխատակցել է «Դրիտա» գրական գրախոսականին՝ միաժամանակ սկսելով իր իսկ գրական կարիերան[31][36][60][61]։

Այդ ժամանակ Կադարեն հայտնի էր իր պոեզիայով։ 1961 թվականին հրատարակել է «Իմ դարը» բանաստեղծությունների ժողովածուն[49][58]։ Նրա գործերը հատկապես սիրում էին ալբանացի երիտասարդները։ Նրա ապագա կինը՝ Հելենան, որն այն ժամանակ աշակերտուհի էր, երիտասարդ գրողին նամակ էր գրել որպես երկրպագու, ինչի շնորհիվ էլ նրանք ամուսնացել են 1963 թվականին[62]։

Իր ամենավաղ ստեղծագործություններից մեկը՝ «Արքայադուստր Արջիրո» վերնագրով բանաստեղծությունը Կադարեն գրել է 1960-ականներին։ Բանաստեղծությունը վերափոխում է 15-րդ դարի լեգենդար արքայադուստր Արջիրոյի դարավոր առասպելը, ըստ որի, նա երեխայի հետ ցատկել էր Գիրոկաստրո ամրոցից՝ օսմանացիների գերևարությունից խուսափելու համար[50][63]։ Բանաստողծությունը քննադատվել է, չեղարկվել, և պատվիրվել է ընթերցողի պաշտոնական զեկույց, որը պնդում էր, որ գրողը պատմական և գաղափարական սխալներ է թույլ տվել[50][63]։ Կադարեին անուղղակիորեն քննադատել են սոցիալիստական գրական սկզբունքները անտեսելու համար[50][63]։

1962 թվականին Կադարեն կոմունիստական երիտասարդական ամսագրում տպագրել է իր առաջին վեպից մի հատված՝ որպես պատմվածք՝ «Սրճարանի օրերը» վերնագրով[64][65][66]։ Հրատարակումից հետո այն անմիջապես արգելվել է՝ նպաստելով նրա «անկումային» համբավին[36][55][67][68]։ Իր ընկերների այս քննադատությունների և խորհուրդների պատճառով Կադարեն չի հրատարակել ամբողջական վեպը մինչև 1990 թվականը[փա՞ստ]։

1963 թվականին, 26 տարեկան հասակում, Կադարեն հրատարակել է իր «Մահացած բանակի գեներալը» վեպը, որը բանակի գեներալի և քահանայի մասին է, ում Երկրորդ համաշխարհային պատերազմից 20 տարի անց ուղարկել են Ալբանիա՝ գտնելու և իրենց հայրենիք վերադարձնելու զոհված իտալացի զինվորների մարմինները[23][36][69]։ Վեպը բախվել է ալբանացի գրականագետների քննադատությանը՝ սոցիալիստական ստանդարտները արհամարհելու և «մութ տոնի» համար[փա՞ստ]։ Այսպիսով, վեպը խիստ հակադրվում էր այն ժամանակվա ալբանացի գրողների վեպերին, որոնք փառաբանում էին կոմունիստական հեղափոխությունը[70][71]։ Վեպը ոգեշնչանք է հանդիսացել 3 ֆիլմի ստեղծման համար՝ Լուչանո Տովոլիի «Մահացած բանակի գեներալը» (1983) ֆիլմը իտալերենով(գլխավոր դերակատարներ՝ Մարչելո Մաստրոյանի և Միշեր Պիկոլի), Բերտրան Տավեռնիեի «Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» (1989) ֆիլմը ֆրանսերենով (գլխավոր դերակատար՝ Ֆիլիպ Նուարե) և Դիմիտեր Անագնոստիի «Մահացած բանակի վերադարձը» (1989) ֆիլմը ալբաներենով (գլխավոր դերակատար՝ Բույար Լակո)[69]։ Կադարեն այս վեպը համարում է «լավ գրականություն», այլ ոչ թե իր լավագույն ստեղծագործությունը, թեև այն վերջինիս ամենահայտնի գործն է[72]։

1964 թվականին Կադարեն գրել է «Ի՞նչ են մտածում այս լեռները» գործը[49]։ Նրա հաջորդ կարճ վեպը «Հրեշը» տպագրվել է 1965 թվականին Նենտորի գրական ամսագրում, համարվել է «անկումային» և հրատարակվելուց հետո արգելվել է․ սա Կադարեի երկրորդ արգելված գործն էր[36]։

1960-ականների կեսերին տասնամյակի սկզբի մշակութային գրաքննության «հալոցքն» ավարտվել էր, և պայմանները կտրուկ փոխվել էին։ 1967 թվականին Ալբանիան նախաձեռնել է իր մշակութային հեղափոխությունը։ Կադարեն և ալբանացի այլ գրողներ 2 տարով աքսորվել են Բերատ՝ գյուղացիների և բանվորների կողքին կյանքի մասին սովորելու համար[53][73]։ Այդ ժամանակ ալբանացի 2 դրամատուրգներ դատապարտվել են 8 տարվա ազատազրկման[73]։ Ալբանացի գրողներն ու արվեստագետները բախվել են Ալբանիայից դուրս գտնվող աշխարհի անտարբերությանը, որը աջակցություն չէր ցուցաբերում ի օգուտ նրանց[74]։

Միջազգային ճանաչում (1970–80)

Կադարեին Ալբանիայի սահմաններից դուրս առաջինը հաջողություն է բերել «Մահացած բանակի գեներալը»-ը[75]։ Յուսուֆ Վրիոնիի ֆրանսերեն թարգմանությունը, որը 1970 թվականին Փարիզում հրատարակել է Ալբին Միշելը, հանգեցրել է Կադարեի միջազգային ճանաչմանը[52][76]։ Հեգնական այս վեպում իտալացի գեներալը և իտալական բանակի քահանան Երկրորդ համաշխարհային պատերազմից 20 տարի անց վերադառնում են Ալբանիա, որպեսզի գտնեն և իրենց հայրենիք վերադարձնեն պատերազմում զոհված իտալացի զինվորների մարմինները[22][42]։ Ֆրանսիական հրատարակչությունը վեպը հրատարակել է առանց Կադարեի իմացության և համաձայնության, քանի որ այդ ժամանակ Ալբանիան չէր ստորագրել հեղինակային իրավունքի համընդհանուր կոնվենցիան և տեքստը չուներ հեղինակային իրավունքի պաշտպանություն[77]։ Ֆրանսիայում հայտնվելուն պես գիրքը թարգմանվել է եվրոպական բազմաթիվ լեզուներով[77]։ 1977 թվականին այն թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով, ընդ որում ալբանական կոմունիստական մամուլը այն ողջունել է որպես «70-ականների ամենահաջող թարգմանություններից մեկը աշխարհում»[78]։

1970 թվականին Արևմուտքում վեպի հաջոողությունից հետո ալբանացի գրողների և դոգմատիկ գրականագետների ավագ սերունդը չափազանց դառնացել է «Արևմուտքի սիրելիի» դեմ։ «Այս վեպը հրատարակվել է բուրժուազիայի կողմից, և դա անհնար է ընդունել»,-ասվել է Ալբանիայի գաղտնի ոստիկանության զեկույցում[79]։ Գաղտնի ոստիկանությունում Կադարեի թշնամիները և Ալբանիայի քաղբյուրոյի նախկին պատասխանատուն նրան անվանել էին Արևմուտքի գործակալ, ինչը ամենավտանգավոր մեղադրանքներից էր, որ կարող էր հնչել Ալբանիայում[80]։ Այնուամենայնիվ, Կադարեն շարունակել է հրատարակել իր հայրենիքում և լայն տարածում գտել այնտեղ՝ ալբանական մամուլում հաճախակի հղումներով իր ստեղծագործությունների նոր հրատարակություններին և թարգմանություններին։ Կադարեին ողջունել են որպես «նոր ալբանական գրականության հերոս»[81][82][83]։ Նրա գործերը նկարագրվել են որպես «ալբանական հասարակությանը մտահոգող խնդիրների բուժում» և որպես «հեղափոխության օգտագործում՝ որպես գրականության կազմակերիչ տարր»[84]։ Գրողին նաև գովաբանել են որպես «հեղափոխական մղում», որը «կյանքին համընթաց է և պայքարում է հին գաղափարների դեմ»[84]։

1971 թվականին Կադարեն հրատարակել է «Քրոնիկոն քարի մեջ» վեպը, որտեղ պատմողը մի երիտասարդ ալբանացի տղա է, որի քարե քաղաքը ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում և հաջորդաբար գրավվել է հունական, իտալական և գերմանական ուժերի կողմից[85]։ Վեպը բնութագրվել է որպես «կախարդական ռեալիզմ»[62]։ Ջոն Ափդայքը գրել է Նյու Յորքեր ամսագրում, որ դա «միանգամայն կախարդական վեպ էր՝ բարդ և իրագործված իր բանաստեղծական արձակով ու պատմողական հմտությամբ, սակայն ռեզոնանս է բերում իր արմատներից Եվրոպայի ամենապարզունակ հասարակություններից մեկում»[86]։ Գիրքը մեծ տարածում է գտել ալբանական մամուլում, հանրության մեջ և ամսագրերում (ինչպիսին էր Նոր Ալբանիա ամսագիրը), որոնք ուղղված էին ալբանական սոցիալիզմն ու մշակույթը միջազգային լսարանին քարոզելուն[81]։

1970-ականների ընթացքում Կադարեն սկսել է ավելի շատ առնչվել առասպելների, լեգենդների և հեռավոր անցյալի հետ՝ հաճախ ակնարկեր անելով Օսմանյան կայսրության և ներկայիս Ալբանիայի միջև[87]։ Այդ ժամանակ նա նաև աշխատել է որպես խմբագիր և հեղինակ «Նոր Ալբանիա» արվեստի և մշակույթի ամսագրում, որը ձգտում էր քարոզել ալբանական սոցիալիզմը համաշխարհային լսարանի առաջ[88]։

1970 թվականին Կադարեն հրատարակել է «Դղյակը» կամ «Պաշարումը», որը փառաբանվել է և՛ Ալբանիայում, և՛ Արևմտյան Եվրոպայում։ 1972 թվականին այն թարգմանվել է ֆրանսերեն[82]։ Այն մանրամասնում էր ալբանացիների և օսմանացիների միջև պատերազմը Սկանդերբեգի համար[փա՞ստ]։

1978 թվականին նա հրատարակել է «Եռակամար կամուրջ» վեպը․ քաղաքական առակ (1377 թվական), որը պատմում էր ալբանացի վանականը[89]։ Նյու Յորք Թայմսը այն անվանել է «միանգամայն գրավիչ, տարօրինակ, վառ, չարագուշակ, մակաբր և իմաստուն պատմվածք»[89]։

Այն բանից հետո, երբ 1975 թվականին Կադարեն վիրավորել է իշխանություններին «Կարմիր փաշա» վերնագրով քաղաքական պոեմով, որը ծաղրում է ալբանական կոմունիստական բյուրոկրատիան, նա դատապարտվել է՝ խուսափելով գնդակահարվելուց, և ի վերջո ուղարկվել ձեռքի աշխատանք կատարելու Կենտրոնական Ալբանիայի հեռավոր գյուղերից մեկում[90][91][92]։ Տիրանիա վերադառնալուց հետո Կադարեն սկսել է ավելի ու ավելի շատ կարճ վեպեր հրատարակել[53]։

1980 թվականին Կադարեն հրատարակել է «Կոտրված ապրիլ» վեպը, որը պատմում է 1930-ական թվականներին հյուսիսային Ալբանիայի լեռնաշխարհում հյուրընկալության, արյան վրեժի և վրեժխնդրության դարավոր ավանդույթի մասին[93][94]։ Վերանայելով՝ Նյու Յորք Թայմսը գրել է․ «Կոտրված ապրիլը գրված է վարպետի պարզությամբ՝ բարդիական ոճով, ասես հեղինակն ասում է․ Հանգիստ նստի՛ր և թույլ տուր պատմեմ իմ երկրում արյան վրեժի և մահվան անխուսափելիության մասին մի սարսափելի պատմություն պատմեմ։ Գիտես, որ դա անխուսափելի է, քանի որ այդպիսինն է կյանքը ասյ լեռներում։ Վիրավորանքների համար պետք է վրեժ լուծել, ընտանիքի պատիվը պետք է պահել․․․»[95]։ Վեպի հիման վրա կինոռեժեժիսոր Վալտեր Սալլեսը 2001 թվականին բրազիլական ֆիլմ է նկարահանել «Արևի հետևում» անունով, որում նկարահանվել է Ռոդրիգո Սանտորոն, և որի գործողությունները ընթացել են Բրազիլիայում։ Ֆիլմը առաջադրվել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի լավագույն ոչ անգլերեն ֆիլմի համար և Ոսկե գլոբուս մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար[96]։

Հակասություններ և լարվածություն Ալբանիայում (1981–90)

1981 թվականին Կադարեն հրատարակել է «Երազների պալատը» հակաամբողջատիրական ֆանտաստիկ վեպը[97]։ Վեպում բռնապետական դիստոպիան (երևակայական ԱՄՆ-ը, Օսմանյան Միացյալ Նահանգները) հսկայական բյուրոկրատական սուբյեկտի (Երազանքների պալատ) միջոցով հավաքում է կայսրության բոլոր երազանքները, դասավորում դրանք, զետեղում, վերլուծում և ամենավտանգավորները հայտնում սուլթանին[23][98][99]։ Կադարեն առաջին անգամ հրատարակել է վեպից մի հատված՝ որպես պատմվածք, իր մի քանի նոր ստեղծագործությունների հետ մեկտեղ, 1980 թվականին իր չորս վեպերից բաղկացած «Սառնարյունություն» ժողովածուում։ Հաջորդ տարի, նույն վերնագրով, Կադարեն ավարտված վեպը հրատարակել է «Անցյալի նշաններ» երկրորդ հրատարակության մեջ։ Չնայած իր քաղաքական թեմաներին, այն գրաքննության չի ենթարկվել Ալբանիայի իշխանությունների կողմից[100]։

«Երազների պալատը» հրատարակելուց հետո ընթերցողները սկսել են համեմատություններ անցկացնել ամբողջատիրության քննադատության և Ալբանիայի այդ ժամանակվա կառավարության միջև։ Ալբանիայի գրողների միության նիստում Միության նախագահը Կադարեին մեղադրել է քաղաքականությունից միտումնավոր խուսափելու մեջ՝ թաքցնելով պատմության և բանահյուսության մեջ իր գեղարվեստական գրականության մեծ մասը, և «Երազների պալատը» բացահայտորեն դատապարտվել է Ալբանիայի քաղբյուրոյի մի քանի անդամների ներկայությամբ[23]։ Կադարեին մեղադել են կառավարության վրա քողարկված հարձակման մեջ, իսկ վեպը իշխանությունների կողմից դիտվել է որպես հակակոմունիստական ստեղծագործություն և ծաղր քաղաքական համակարգի դեմ[23][101][102]։ Արդյունքում ստեղծագործությունն արգելվել է, բայց նախքան այդ, վաճառվել էր 20000 օրինակ[23][103]։ Իշխանությունները ի սկզբանե չէին ցանկացել բանտարկել կամ վերացնել Կադարեին, քանի որ նա դարձել էր միջազգայնորեն ճանաչված գրական գործիչ, և դա կհանգեցներ միջազգային արձագանքի, որից, հաշվի առնելով երկրի արագ տնտեսական անկումը, կառավարությունն ամեն գնով ցանկանում էր խուսափել[104]։ Արևմտյան մամուլն արձագանքել է «Երազանքների պալատի» դատապարտմանը, իսկ Արևմուտքում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն հեղինակի[53]։ Իր գրած բոլոր գրքերից ամենաշատը Կադարեն հպարտացել է հենց այս մեկով[105]։

Նույն տարում Կադարեն ավարտել է իր «Համերգը» վեպը, որը երգիծական պատմություն է չին-ալբանական պառակտման մասին, սակայն այն քննադատության է արժանացել իշխանությունների կողմից և տպագրվել միայն 1988 թվականին[106]։

Կոմունիստ ալբանացի առաջնորդ Էնվեր Խոջան նախագահել է ստալինյան բռնի կոլեկտիվացման և ճնշման ռեժիմով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև 1985 թվականը[28][107]։ Նա նախաձեռնել է Կադարեի ոչնչացման գործընթացը, բայց Արևմուտքի արձագանքի պատճառով ավարտին չի հասցրել այն[108]։ Այնուամենայնիվ, Կադարեի բնակարանից դուրս իշխանությունների գիշերային հսկողություն է եղել[109]։ Ալբանացի պատմաբան և գիտնական Անտոն Լոգորեցին այս ժամանակաշրջանում Կադարեին նկարագրել է որպես «հազվագյուտ ամուր ծաղիկ, որն աճում է, անբացատրելիորեն, հիմնականում անպտուղ հատվածում»[110]։

1985 թվականի հունվարին լույս է տեսել Կադարեի «Լուսնով գիշեր» վեպը, որը արգելվել է իշխանությունների կողմից[111][112]։ 1985 թվականի ապրիլի 9-ին Հոջան ընկել է կոմայի մեջ. հաջորդ գիշերը նա մահացել է 76 տարեկան հասակում։ Հիվանդ բռնապետի մահվան երեկոյան Գրողների միության, Ալբանիայի քաղբյուրոյի և Կոմկուսի Կենտկոմի անդամները հապճեպ հավաք են կազմակերպել՝ դատապարտելու Կադարեի վերջին՝ «Լուսնի գիշեր» վեպը[113]։

Նույն տարում Կադարեն գրել է «Ագամեմնոնի դուստրը» վեպը, որը ուղիղ քննադատություն էր, և որի իրադարձությունները 1970-ականներին Ալբանիայի ճնշող վարչակարգի վերաբերյալ են։ Այն մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել երկրից՝ Կադարեի ֆրանսիացի խմբագիր Կլոդ Դյուրանի օգնությամբ, սակայն լույս է տեսել միայն 2003 թվականին[94][114]։

1990 թվականին Կադարեն հանդիպել է խնդրում Ալբանիայի նախագահ Ռամիզ Ալիայի հետ, որտեղ նա հորդորել է վերջ տալ մարդու իրավունքների խախտումներին, իրականացնել ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ և վերջ տալ Ալբանիայի մեկուսացմանը[90]։ Կադարեին հիասթափեցրել է Ալիայի դանդաղ արձագանքը[90]։

Քաղաքական ապաստան Ֆրանսիայում (1990–մեր օրեր)

1990 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ նա քննադատել է Ալբանիայի կառավարությանը, կոչ արել ժողովրդավարացնել մեկուսացման մեջ գտնվող Ալբանիան՝ Եվրոպայի վերջին կոմունիստական երկիրը (այն ժամանակ ընդհանուր առմամբ կազմում էր 3,3 միլիոն մարդ), և բախվել է նրա իշխանությունների զայրույթին և, ի վերջո, սպառնալիքներ ստացել Ալբանական Սիգուրիմի գաղտնի ոստիկանությունից, Կադարեն քաղաքական ապաստարան է խնդրել և ստացել Ֆրանսիայում[90][115][116]։ Նա հեռացել է Փարիզ․ այդ ժամանակից ի վեր նա հիմնականում ապրել է Փարիզում, իսկ որոշ ժամանակ անց Տիրանիայում[35][91][105][117][118]։ Նա որոշել էր հեռանալ, քանի որ հիասթափվել էր Ռամիզ Ալիայի կառավարությունից, Ալբանիայում չէր թույլատրվում օրինական ընդդիմությունը, և նա համոզվել էր, որ «իմ հեռացումը կօգնի ժողովրդավարացմանը ավելին, քան ցանկացած գործողություն»[91][119]։ Նյու Յորք Թայմսը գրել է, որ նա Ալբանիայում ազգային գործիչ էր, որը հանրաճանաչությամբ կարող էր համեմատվել ԱՄՆ-ում Մարկ Տվենի հետ, և որ «հազիվ թե լինի ալբանական ընտանիք, որ չունենա Կադարեի գրերից, և նույնիկս օտարերկրյա այցելուներին են ներկայացվում նրա բանաստեղծությունների հատորները»[91]։

Ալբանիայի պաշտոնական մամուլի գործակալությունը արձագանքում է՝ «այդ տգեղ արարքի» վերաբերյալ հայտարարություն տարածելով՝ ասելով, որ Կադարեն իրեն դնում է «Ալբանիայի թշնամիների ծառայության կեջ»[91]։ Որոշ մտավորականներ, անձնական մեծ ռիսկի ենթարկելով, հրապարակայնորեն սատարել են Կադարեին, որին իշխանությունները դավաճան էին հայտարարել։ Բանաստեղծ Դրիտերո Ագոլին, որը գլխավորում էր Ալբանիայի գրողների միությունը, ասել է․ «Ես շարունակում եմ մեծ հարգանքով վերաբերվել նրա ստեղծագործությանը»[91]։ Չնայած այս ամենին, կոմունիստական իշխանությունները լիովին չեն արգելել նրա գրքերը, և վերջինս մնացել է հայտնի և հռչակավոր հեղինակ[118][120]։

Քաղաքական ապաստան ստանալուց և Ֆրանսիայում հաստատվելուց հետո Կադարեն շարունակել է գրել։ Նրա աքսորը Փարիզ բեղմնավոր էր և հնարավորություն էր տվել հաջողությունների հասնել՝ գրելով և՛ ալբաներեն, և՛ ֆրանսերեն[121]։

Նրա «Բուրգը» վեպը (1992) քաղաքական այլաբանություն է, որի իրադարձությունները տեղի են ունենում մ․թ․ա․ 26-րդ դարում Եգիպտոսում․ այն կենտրոնանում է Քեոփսի մեծ բուրգի կառուցման հիմքում ընկած խարդավանքների վրա[29][122]։ Վեպում Կադարեն ծաղրում է ցանկացած բռնապետի սերը հիերարխիայի և անպետք հուշարձանի նկատմամբ։ Կադարեի որոշ վեպերում, որոնք ներառում են այսպես կոչված «Օսմանյան ցիկլը», Օսմանյան կայսրությունը օգտագործվում է որպես ամբողջատիրական պետության նախատիպ։ 1993 թվականին վեպը արժանացել է Օտարերկրյա միջերկրածովյան մրցանակի Ֆրանսիայում[123]։

1994 թվականին նա սկսել է աշխատել իր ստեղծագործության առաջին երկլեզու հատորի վրա ֆրանսիական Ֆայարդ հրատարակչությունում[124]։ Նույն թվականին նա Փարիզում ֆրանսիացի խմբագիր Ֆլամարիոնի համար՝ հրամանով գրել է «Լեգենդների լեգենդը» էսսեն, որն անմիջապես թարգմանվել է ֆրանսերեն և տպագրվել 1995 թվականին։

Կադարեի 1996 թվականի «Սպիրիտուս» վեպը պատմողական և կոմպոզիցիոն շրջադարձ է հանդիսանում նրա գրական կարիերայում։ Դրանում երկու ուրվականներ վերադառնում են հետկոմունիստական աշխարհ[92]։ Այս վեպի ազդեցությունը զգացվում է Կադարեի հետագա բոլոր վեպերում[125]։ Այն վերաբերում է մի խումբ օտարերկրացիների, որոնք շրջագայել են Աևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալումից հետո և Ալբանիայում գտնվելու ժամանակ լսում են հուզիչ խոսակցություններ մեռելներից ոգին գրավելու մասին։ Ինչպես պարզվում է, ոգին իրականում տխրահռչակ գաղտնի ծառայությանը հայտնի լսող սարք է՝ «եղջյուր» անվամբ[104]։

Նրա 2008 թվականի «Քարե քաղաքի անկումը» վեպը արժանացել է Կոսովոյի ՌԵչայ Սուրոյի մրցանակին և 2013 թվականին ընդգրկվել է Անկախ արտասահմանյան գեղարվեստական գրականության մրցանակի կարճ ցուցակում[126]։

Նրա «Տիկինը» կիսակենսագրական վեպը լույս է տեսել 2020 թվականին[127]։ Այն կենտրոնանում է Կադարեի մոր և իր երկրի հետ ունեցած բարդ կապերի վրա[127]։

1990-ականներից ի վեր, Ալբանիայի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները բազմիցս խնդրել են Կադարեին առաջադրվել Ալբանիայի նախագահի պաշտոնում, սակայն վերջնս մերժել է[18][116][128]։

Մրցանակներ

Կադարեն 2011 թվականին Ալբանիայի փոստային նամականիշի վրա․ նշում է իր ծննդյան 75-ամյակը

1992 թվականին Կադարեն Ֆրանսիայում արժանացել է Չինո Դել Դուկայի համաշխարհային մրցանակին[129]։ 1996 թվականին նա դարձել է Ֆրանսիայի Գիտությունների Մորալես և Քաղաքական ակադեմիայի ցմահ անդամ, որը հանդիսանում է գիտական հասարակությունը կազմող 5 ակադեմիաներից մեկը՝ ոչ շատ վաղ մահացած փիլիսոփա Կարլ Փոփերի ամբիոնում[18][19][61][69]։ 1998 թվականին Ավստրիայում արժանացել է Հերդերի միջազգային մրցանակի[130]։ 2003 թվականին Ռումինիայում ստացել է Օվիդ միջազգային մրցանակը, իսկ Կոսովոյի նախագահի կողմից Պրիզրենի լիգայի նախագահական ոսկե մեդալը[131][132][133]։

2005 թվականին Միացյալ Թագավորությունում ստացել է Բուքերյան միջազգային անդրանիկ մրցանակը՝ իր բոլոր գործերի համար։ Մրցանակի ստացման ելույթում Կադարեն ասում է․ «Մենք միմյանց թիկունք ենք կանգնել, քանի որ փորձում էինք գրականություն գրել այնպես, կարծես գոյություն չուներ այդ ռեժիմը։ Ժամանակ առ ժամանակ, հանում էինք այն, երբեմն էլ՝ ոչ»[23]։

2008 թվականին Իտալիայում ստացել է Ֆլայանո միջազգային մրցանակ[134]։ 2009 թվականին Կադարեն Իսպանիայում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակին՝ իր գրական ստեղծագործությունների համար[135]։

2015 թվականին Կադարեին Իսրայելում շնորհվել է Երուսաղեմյան երկամյա մրցանակը[136]։ Խոսելով Ալբանիայի և հրեաների միջև հարաբերությունների մասին՝ Կադարեն ասել է․ «Ես գալիս եմ աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկից, որոնք օգնել են հրեաներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կարծում եմ, որ այնտեղ պատերազմի սկզբից մինչև ավարտը հրեաների թիվը 200-ից աճել է մինչև 2000։ Բնակչությունը միշտ պաշտպանել է հրեաներին, լինի թագավորության ժամանակ, կոմունիզմի օրոք, թե դրանից հետո»[26][137][138]։ Նա նշել է, որ Հոլոքոստի ժամանակ ալբանացիները հրաժարվել են հրեաներին հանձնել նացիստներին, և շատ ալբանացիներ ամեն ինչ արել են՝ պաշտպանելու Ալբանիա հասած հրեա փախստականներին[117]։ Նա նաև նշել է, որ Ալբանիան և Իսրայելը կիսում են երբեմն թշնամական եղբայրության «գոյության համար պայքարելու» փորձը[117]։

2016 թվականին Կադարեն դարձել է առաջին ալբանացին, որը ստացել է Պատվո լեգեոն շքանշան, և որը նրան շնորհել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը[92][139]։ Այդ տարի նա Ալբանիայի նախագահ Բույար Նիշանիի կողմից արժանացել է Ալբանիայի ազգային դրոշի պարգևին, որը բարձրագույն պարգև է հանդիսանում[140][141]։ Նա արժանացել է Իտալիայի 2018 թվականի միջազգային Նոնինո մրցանակին[142]։

2019 թվականին՝ 350 գրողների ցանկից՝ Կադարեն արժանացել է Փակ Քյոնգ Նի մրցանակին՝ իր կարիերայի ընթացքում ստեղծած գրական ստեղծագործությունների համար[143][144]։ Այն միջազգային մրցանակ է ստեղծված Հարավային Կորեայում[145]։

Այդ նույն տարում, Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնի հատուկ հրամանագրով Կադարեն արժանացել է նաև Պատվո լեգեոնի Մեծ սպա կոչմանը և այդպիսով դասվել Ֆրանսիայի կողմից պարգևատրված 250 աշխարհահռչակ անձանց շարքին[59]։ Պատվո լեգեոնը Ֆրանսիայի կողմից շնոհված բարձրագույն պետական կոչումն է[146]։

Նյուսթադ մրցանակի փետուրը

Բուլղարացի գրող Կապկա Կասոբովան Կադարեին առաջադրել է 2020 թվականի Նյուսթադի գրական միջազգային մրցանակի (նկարագրվում է որպես «Ամերիկյան նոբել») ԱՄՆ-ում[147]։ Նա ժյուրիի կողմից ընտրվել է որպես 2020 թվականի դափնեկիր[148]։ Արժանացել է 2020 թվականի Նյուսթադ գրական միջազգային մրցանակին[18]։ Մրցանակն ընդունելիս իր ելույթում ասել է․ «Ապագա աշխարհի գրականության համար տեղ չկա»[149] Նրան առաջադրած ժյուրին գրել է․ «Կադարեն Ֆրանց Կաֆկայի իրավահաջորդն է։ Կաֆկայից հետո ոչ ոք չի խորացել ամբողջատիրական իշխանության դժոխային մեխանիզմի և մարդկային հոգու վրա դրա ազդեցության մեջ այնքան հիպնոսային խորությամբ, որքան Կադարեն»[39]։

Նա նաև արժանացել է 2020 թվականի «Պրոզարտ» մրցանակին, որը տրվել է «ՊՈՏ Բալկանյան» գրականության միջազգային փառատոնի կողմից՝ Բալկաններում գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար[150]։

Կադարեն ստացել է Ալբանիայի Հանրապետության նախագահի «Ազգի պատիվ» և Ֆրանսիայի պետական «Պատվո լեգեոնի խաչ» շքանշանները[129]։ Նա նաև Ալբանիայի ակադեմիայի և Մալարմեի ակադեմիայի անդամ է և 1992 թվականին Ֆրանսիայի Գրենոբլ 3-րդի համալսարանից մրցանակ է ստացել, 2003 թվականին՝ Կոսովոյի Պրիշտինայի համալսարանից, և 2009 թվականին՝ Իտալիայի Պալերմո համալսարանից[41][61][151]։

Կադարեն 15 անգամ առաջադրվել է գրական Նոբելյան մրցանակի[34]։ Նա հայտարարել է, որ մամուլն այնքան է խոսել իր՝ պոտենցիալ Նոբելյան մրցանակակիր լինելու մասին, որ «շատերը կարծում են, արդեն իսկ ստացել եմ այն»[152]։

Ժառանգություն

Կադարեն համարվում է կենդանի մեծագույն գրողներից[19][26]։ Լոնդոնյան Անկախություն թերթը Կադարեի մասին գրել է․ «Նրան համեմատել են Գոգոլի, Կաֆկայի և Օրուելի հետ։ Բայց Կադարեի ձայնը ինքնատիպ է, հանընդհանուր, բայց խորապես արմատավորված իր հողում»[153]։ Նյու Յորք Թայմսը նշում է, որ նրա գեղարվեստական գրականությունը համեմատվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի, ինչպես նաև Միլան Կունդերայի հետ, իսկ Քրիստոնեական գիտությունների ազդարարը գրել է, որ նրան համեմատել են նաև Դոստոևսկու և Իսակ Դինեսենի հետ[28][85][93]։ Թարգմանիչ և կենսագիր Դեյվիդ Բելոսը գրել է, որ «որոշ առումներով նա նման է Բալզակին»[94]։ Քննադատ Ռիչարդ Էդերը նրան անվանել է «ճնշման հոգեբանության և ֆիզիոգնոմիայի գերագույն գեղարվեստական թարգմանիչ»[98]։

Կադարեի գրական ստեղծագործությունները ստեղծվել են ալբանական փոքրիկ գրականության հիմքում, որը մինչ այդ գրեթե անհայտ էր Եվրոպայում կամ ընդհանրապես աշխարհում[154]։ Նրա հետ այն հայտնի դարձավ, կարդացվեց, գնահատվեց։ Իր պատմության մեջ առաջին անգամ Կադարեի միջոցով ալբանական գրականությունը ինտեգրվել է ավելի լայն եվրոպական և համաշխարհային գրականության մեջ[155]։

Կադարեի ստեղծագործությունը դիմադրության գրականություն է։ Նրան հաջողվել է նորմալ գրականություն ստեղծել «աննորմալ» երկրում՝ կոմունիստական բռնապետությունում։ Նա ստիպված էր պայքարել իր գրականությունը տպագրելու համար՝ դեմ գնալով պետական քաղաքականությանը՝ երբեմն նույնիսկ վտանգի տակ դնելով իր կյանքը։ Ալբանիայում այլախոհությունը անթույլատրելի էր[23]։ Կադարեն նշել է․ «Անհնար էր։ Գնդակահարվելու ռիսկի էինք դիմում։ Ոչ թե դատապարտվելու, այլ ռեժիմի դեմ խոսելու համար գնդակարհվելու ռիսկի։ Միայն մեկ բառի համար»[23]։

Խոջայի օրոք առնվազն 100 հազար մարդ էր բանտարկվել քաղաքական դրդապատճառներով կամ իրենց հնչեցրած կամ գրած խոսքերի համար․ այդ թվում՝ 5000 գրողներ մահապատժի են ենթարկվել[23][156]։

Կադարեն մշակել է նուրբ ռազմավարություններ և խորամանկ ստրատեգիաներ՝ կոմունիստ գրաքննիչներին գերազանցելու համար[23][157]։ Նա օգտագործել է հին միջոցներ, ինչպիսիք են այլաբանությունը, առակը, առասպելը, ժողովրդական հեքիաթը, լեգենդը, և դրանց ավելացրել է երկտող, ակնարկ, զրպարտություն, երգիծանք և փոխաբերական իմաստով արտահայտություններ[23][91][92]։

Ընդհանուր առմամբ նրա ստեղծագործությունը տեսականորեն և գործնականորեն հակադրվում է պետության կողմից պահանջվող պարտադիր սոցիալիստական ռեալիզմին[154]։ Կադարեն երեք տասնամյակ մարտահրավեր է նետել սոցիալիստական ռեալիզմին և հակադրվել դրան իր սուբյեկտիվ ռեալիզմով[158][159]՝ խուսափելով պետական գրաքննությունից՝ օգտագործելով այլաբանական, խորհրդանշական, պատմական և առասպելական միջոցներ[160]։

Պայմանները, որոնցում ապրել և հրատարակել է Կադարեն իր գործերը, համեմատելի չէին եվրոպական այլ կոմունիստական երկրների հետ, որտեղ գոնե որոշ մակարդակի հանրային այլախոհություն հանդուրժվում էր։ Ընդհակառակը իրավիճակը Ալբանիայում համեմատելի էր Հյուսիսային Կորեայի կամ Խորհրդային Միության հետ 1930-ականներին Ստալինի օրոք[161]։ Ֆրանսիայի Մորալես և Քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ Անրի Ամուրուն նշում է, որ Խորհրդային այլախոհները, այդ թվում՝ Սոլժենիցինը, հրապարակել են իրենց ստեղծագործությունները ապաստալինացման ժամանակաշրջանում, մինչդեռ Կադարեն ապրել և հրապարակել է իր ստեղծագործությունները մի երկրում, որը ստալինյան է մնացել մինչև 1990 թվականը[162]։

Ստեղծագործություններ

Մինչև 2020 թվականը Կադարեի մոտ 80 վեպերի, պիեսների, սցենարների, պոեզիայի, էսսեների և պատմվածքների ժողովածուների մեծ մասը թարգմանվել էին տարբեր լեզուներով[116]։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են 45 լեզուներով[129][163][164][165]։

Նրա ամենահայտնի գրքերն են «Մահացած բանակի գեներալը» (1963), «Պաշարումը» (1970), «Ուրվական հեծյալը» (1980), «Կոտրված ապրիլը» (1980․ արյան վրեժը հյուսիսային Ալբանիայի լեռնաշխարհում), «Երազանքների պալատը» (1981), «Բուրգը» (1992) և «Հաջորդը» (2003․ Խոջայի ընտրված իրավահաջորդի՝ Մեհմեդ Շեհուի խորհրդավոր մահվան մասին)[29]։

Նրա որոշ գործեր թարգմանել է անգլերեն Դեյվիդ Բելոսը, թեև ոչ թե ալբաներեն բնագրից, այլ ֆրանսերեն թարգմանությունից[114]։

Անգլերեն թարգմանություններ

Կադարեի հետևյալ վեպերը թարգմանվել են անգլերեն․

  • The General of the Dead Army (ալբ․՝ Gjenerali i ushtrisë së vdekur)
  • The Siege (ալբ․՝ Kështjella)
  • Chronicle in Stone (ալբ․՝ Kronikë në gur)
  • Broken April (ալբ․՝ Prilli i thyer)[54]
  • The Three-Arched Bridge (ալբ․՝ Ura me tri harqe)
  • The Palace of Dreams (ալբ․՝ Pallati i ëndrrave)
  • The Concert (ալբ․՝ Koncert në fund të dimrit)
  • The File on H (ալբ․՝ Dosja H: roman)
  • The Pyramid[166] (ալբ․՝ Piramida)
  • Elegy for Kosovo (ալբ․՝ Tri këngë zie për Kosovën)
  • Spring Flowers, Spring Frost (ալբ․՝ Lulet e ftohta të marsit)
  • The Successor (ալբ․՝ Pasardhësi)
  • Agamemnon's Daughter (ալբ․՝ Vajza e Agamemnonit)
  • The Blinding Order (ալբ․՝ Qorrfermani)
  • The Fall of the Stone City (ալբ․՝ Darka e Gabuar)
  • The Accident (ալբ․՝ Aksidenti)
  • The Ghost Rider (ալբ․՝ Kush e solli Doruntinën?)
  • Twilight of the Eastern Gods (ալբ․՝ Muzgu i perëndive të stepës)
  • A Girl in Exile (ալբ․՝ E penguara)
  • The Traitor's Niche (ալբ․՝ Kamarja e turpit)
  • Essays on World Literature: Aeschylus • Dante • Shakespeare (ալբ․՝ Tri sprova mbi letërsinë botërore)
  • Stormy Weather on Mount Olympus (ալբ․՝ Stinë e mërzitshme në Olimp)
  • The Doll: A Portrait of My Mother (ալբ․՝ Kukulla)

Ալբաներենով հրատարակված ստեղծագործություններ

Իսմայիլ Կադարեի ամբողջական ստեղծագործությունները (բացի էսսեներից, բանաստեղծություններից և պատմվածքներից) հրատարակվել են Ֆայարդի կողմից՝ միաժամանակ և՛ ֆրանսերեն, և՛ ալբաներեն, 1993-2004 թվականներին, որպես առանձին ստեղծագործություններ կամ ամբողջական ժողովածուներ[106]։ Կադարեի ալբաներեն բնօրինակ ստեղծագործությունները՝ որպես առանձին ստեղծագործություններ կամ ամբողջական ժողովածուներ, տպագրել է բացառապես Օնուֆրի հրատարակչությունը սկսած 1996 թվականից[167]։ Ամբողջական հրատարակությունների շարքը, որը լույս է տեսել 2009 թվականին, կազմում է 20 հատոր[168]։

Այստեղ նշված են առաջին հրատարակության ամսաթվերը, եթե որևէ այլ բան չկա նշված։

Վեպեր և վիպակներ

  • Gjenerali i ushtrisë së vdekur (Մահացած բանակի գեներալը) (1963)
  • Përbindëshi (Հրեշը) (1965)
  • Lëkura e daulles (Հարսանիքը) (1967)
  • Kështjella (Պաշարումը) (1970)
  • Kronikë në gur (Քրոնիկոնը քարի մեջ) (1971)
  • Dimri i vetmisë së madhe (Մեծ մոնության ձմեռը) (1973)
  • Nëntori i një kryeqyteti (Մայրաքաղաքի նովեմբերը) (1975)
  • Muzgu i perëndive të stepës (Արևելյան աստվածների մթնշաղը) (1978)
  • Komisioni i festës (Տոնական հանձնաժողով) (1978)
  • Ura me tri harqe (Եռակամար կամուրջը) (1978)
  • Kamarja e turpit (Դավաճանի տեղը) (1978)
  • Prilli i thyer (Կոտրված ապրիլ) (1980)
  • Kush e solli Doruntinën? (Ուրվական հեծյալը) (1980)
  • Pallati i ëndrrave (Երազանքների պալատը) (1981)
  • Nata me hënë (Լուսնյակ գիշեր) (1985)
  • Viti i mbrapshtë (Սև տերին) (1985)
  • Krushqit janë të ngrirë (Հարսանեկան երթը սառչում է) (1985)
  • Koncert në fund të dimrit (Համերգ) (1988)
  • Dosja H. (Ֆայլ Էյջ) (1989)
  • Qorrfermani (Կուրացնող հրամանը) (1991)
  • Piramida (Բուրգը) (1992)
  • Hija (Ստվերը) (1994)
  • Shkaba (Արծիվ) (1995)
  • Spiritus (Սպիրիտուս) (1996)
  • Qyteti pa reklama (Առանց նշանների քաղաքը) (1998, written in 1959)
  • Lulet e ftohta të marsit (Գարնանային ծաղիկներ, գարնանային սառնամանիք) (2000)
  • Breznitë e Hankonatëve (2000)
  • Vajza e Agamemnonit (Ագամեմնոնի դուստրը) (2003)
  • Pasardhësi (Հետնորդը) (2003)
  • Jeta, loja dhe vdekja Lul Mazrekut (Լուլ Մազրեկի կյանքը, խաղն ու մահը) (2003)
  • Çështje të marrëzisë (Խենթության հարց) (2005)
  • Darka e Gabuar (Քարե քաղաքի անկումը) (2008)
  • E penguara: Rekuiem për Linda B. (Աղջիկը աքսորում) (2009)
  • Aksidenti (Պատահարը) (2010)
  • Mjegullat e Tiranës (Տիրանայի մշուշները) (2014, originally written in 1957–58)
  • Kukulla (Տիկնիկը) (2015)

Պիեսներ

  • Stinë e mërzitshme në Olimp (Փոթորկոտ եղանակ Օլիմպոս լեռան վրա) (1998)

Սցենարներ

  • Sorkadhet e trembura (Վախեցած գազելները) (2009)

Բանաստեղծություններ

  • Frymëzime djaloshare (1954)
  • Ëndërrimet (1957)
  • Princesha Argjiro (1957)
  • Shekulli im (1961)
  • Përse mendohen këto male (1964)
  • Motive me diell (1968)
  • Koha (1976)
  • Ca pika shiu ranë mbi qelq (2004)
  • Pa formë është qielli (2005)
  • Vepra poetike në një vëllim (2018)

Էսսեներ

  • Autobiografia e popullit në vargje (Ժողովրդական ինքնակենսագրությունը չափածոյում) (1971)
  • Eskili, ky humbës i madh (Էսքիլոս․ Կորածը) (1985)
  • Ftesë në studio (Հրավեր գրողի արվեստանոց) (1990)
  • Nga një dhjetor në tjetrin (Ալբանական գարուն) (1991)
  • La légende des légendes (1994)
  • Kushëriri i engjëjve (Հրեշտակների զարմիկը) (1997)
  • Kombi shqiptar në prag të mijëvjeçarit të tretë (Ալբանական ազգը երրորդ հազարամյակի շեմին) (1998)
  • Unaza në kthetra (Մատանին ճանկի վրա) (2001)
  • Poshtërimi në Ballkan (Ստորացում Բալկաններում) (2004)
  • Identiteti evropian i shqiptarëve (Ալբանացիների եվրոպական ինքնությունը) (2006)
  • Dantja i pashmangshëm (Դանթե․ Անխուսափելին) (2006)
  • Hamlet, le prince impossible (Համլետը․ Անհավանական իշխանը) (2007)
  • Don Kishoti në Ballkan (Դոն Կիխոտը Բալկաններում) (2009)
  • Mosmarrëveshja, mbi raportet e Shqipërisë me vetveten (2010)
  • Mbi krimin në Ballkan; Letërkëmbim i zymtë (Բալկաններում հանցագործության մասին)(2011)
  • Çlirimi i Serbisë prej Kosovës (Սերբիայի ազատագրումը Կոսովոյից) (2012)
  • Mëngjeset në Kafe Rostand (Առավոտները Ռոսթանդ սրճարանում) (2014)
  • Arti si mëkat (Արվեստը որպես մեղք) (2015)
  • Uragani i ndërprerë: Ardhja e Migjenit në letërsinë shqipe (Ընդհատված փոթորիկը․ Միգենիի գալուստը ալբանական գրականություն) (2015)
  • Tri sprova mbi letërsinë botërore (Էսսեներ համաշխարհային գրականության մասին) (2017)
  • Kur sunduesit grinden (Երբ տիրակալները վիճում են) (2018)

Պատմվածքների ժողովածուներ

  • Emblema e dikurshme (1977)
  • Ëndërr mashtruese (1991)
  • Tri këngë zie për Kosovën (1998)
  • Vjedhja e gjumit mbretëror (1999)
  • Përballë pasqyrës së një gruaje (2001)
  • Bisedë për brilantet në pasditen e dhjetorit (2013)
  • Koha e dashurisë (Rrëfim Trikohësh) (2015)
  • Proza e shkurtër, në një vëllim (2018)

Մեջբերումներ

  • «Գրականությունն է ինձ տարել դեպի ազատություն, ոչ թե հակառակը»։
  • «Դա միայն մի արտահայտություն էր, որը բերանից բերան էր անցնում և երբեք ամբողջությամբ կուլ չէր գնում»։
  • «Օրերը ծանր էին ու տհաճ։ Բոլորը նույն կերպ, իրար նման։ Շուտով նույնիսկ կազատվեն իրենց մեկ մնացյալ տարբերակումից՝ իրենց անվան պատյանից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի»[169]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Apolloni, Ag (2012). Paradigma e proteut ("Gjenerali i ushtrisë së vdekur"): monografi. Prishtinë: OM. ISBN 978-9951-632-04-1.
  • Brisku, Adrian (2013). Bittersweet Europe: Albanian and Georgian Discourses on Europe, 1878–2008. New York: Berghahn Books. ISBN 978-0-85745-985-5.
  • Bejko, Sadik (2007). Disidentët e rremë (ալբաներեն). Tiranë: 55.
  • Morgan, Peter (2011). Kadare: Shkrimtari dhe diktatura 1957-1990 (1 ed.). Tiranë: Shtëpia Botuese "55". ISBN 978-9928-106-12-4.
  • Dervishi, Met (2014). Intertekstualja dhe disidentja te Dimri i Vetmisë së Madhe. Tirana: Saras.
  • Sinani, Shaban (2011). Letërsia në totalitarizëm dhe "Dossier K". Naim Frashëri.
  • Sulstarova, Enis (2006). Arratisje Nga Lindja: Orientalizmi Shqiptar Nga Naimi Te Kadareja. Globic Press. ISBN 978-0-9776662-4-9.
  • Jose Carlos Rodrigo Breto (2018). Ismail Kadare: La grand estratagema. Barcelona: Ediciones del Subsuelo. ISBN 978-84-947802-0-2.
  • Kadare, Helena (2011). Kohë e pamjaftueshme. Tirana: Onufri. ISBN 978-99956-87-51-9.

Հետագա ընթերցանություն

  • Akademia e Shkencave e Shqipërisë (2008) (in Albanian), Fjalor Enciklopedik Shqiptar 2 (Albanian encyclopedia), Tirana, 978-99956-10-28-9
  • Elsie, Robert, Historical Dictionary of Albania, New Edition, 2004, 0-8108-4872-4
  • Gould, Rebecca. "Allegory and the Critique of Sovereignty: Ismail Kadare's Political Theologies", Studies in the Novel vol. 44, no. 2 (Summer 2012): 208–230.
  • Hysa, Shefki, "The Diplomacy of self-denial" (Diplomacia e vetëmohimit), publicistic, Tirana, 2008. 978-99956-650-3-6
  • Morgan, Peter (2011) "Ismail Kadare's Inner Emigration", in Sara Jones & Meesha Nehru (Eds.), Writing under Socialism, (pp. 131–142). Nottingham, UK: Critical, Cultural and Communications (CCC) Press.
  • Morgan, Peter (2011) "Greek Civilisation as a Theme of Dissidence in the Work of Ismail Kadare", Modern Greek Studies (Australia and New Zealand), 15, 16–32.
  • Morgan, Peter (2010) Ismail Kadare: The Writer and the Dictatorship 1957–1990, Oxford: Legenda, 2010, Albanian translation 2011.
  • Morgan, Peter (2010) Kadare post Communism: Albania, the Balkans and Europe in the Work of Ismail Kadare, 1990–2008, Australian Research Council (ARC)/Discovery Projects (DP).
  • Morgan, Peter (2005) "Ismail Kadare: Creativity under Communism", The Australian Newspaper.
  • Ossewaarde, Marinus (2015). «Ismail Kadere's Idea of Europe». The European Legacy. Routledge. 20 (5): 715–730. doi:10.1080/10848770.2015.1065097. ISSN 1084-8770. S2CID 143046941.
  • Rranzi, Paulin. "Personalities – Missionaries of Peace" publicistic, (2011), Tirana, 978-99956-43-60-7

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլ Կադարե» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան