Եհովայի վկաներ

Եհովայի վկաներ, 19-րդ դարի վերջում Միացյալ Նահանգներում ստեղծված միջազգային քրիստոնեական կրոնական կազմակերպություն։ Կազմակերպության հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց անդամների թիվը ողջ աշխարհում 8.68 մլն է[1]։ Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է 8 անձից կազմված խմբի՝ «կառավարիչ մարմնի» կողմից[2]։

Եհովայի վկաները հայտնի են տնետուն քարոզչություն իրականացնելով, փողոցում պատահական անցորդների հետ զրուցելով և կրոնական գրականություն, մասնավորապես՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը բաժանելով։ Նրանք հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված աշխարհի վախճանին նախորդող ժամանակաշրջանում։ Նրանք կատարել են մի շարք կանխատեսումներ, որոնք չեն իրականացել[3]։ Oրինակ՝ կանխատեսել են, որ 1914, 1925 և 1975 թթ. լինելու է աշխարհի վախճանը (Արմագեդոնը)[4][5][6]։

Նրանք չեն հավատում երրորդության, անմահ հոգու և դժոխքի (որպես հավիտենական տանջարան) ուսմունքներին՝ համարելով դրանք ոչ սուրբգրային։ Նրանք չեն նշում Ամանորը, Սուրբ ծնունդը, ծննդյան օրերը և շատ այլ տոներ ու սովորույթներ՝ համարելով դրանք հեթանոսական ծագում ունեցող[7]։ Նրանք չեն մասնակցում ընտրություններին, պատիվ չեն տալիս պետական դրոշին և հրաժարվում են զինվորական ծառայությունից, որի փոխարեն որոշ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, զորակոչման ենթակա Եհովայի վկաներն իրականացնում են այլընտրանքային աշխատանքային ծառայություն[8] (տե՛ս ստորև)։

Եհովայի վկաներն ընդունում են որոշակի գիտակցական տարիքի հասած անձանց, այդ թվում՝ երեխաների մկրտությունը[9], որով նորահավատը նրանց կազմակերպության անդամ է դառնում։ Որոշ Եհովայի վկաներ մկրտվել են 6 կամ 7 տարեկանում[10][11]։

Եհովայի վկաները հրաժարվում են ամբողջական արյան և դրա հիմնական բաղադրամասերի՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկումից՝ անկախ հիվանդի տարիքից և առողջական վիճակի ծանրությունից։ Նրանց նաև արգելված է արյուն տալ ուրիշներին ներարկելու համար և պահեստավորել սեփական արյունը իրենց իսկ ներարկելու համար։ Արյան պլազմայի առանձին բաղադրամասերի ներարկումը (օր.՝ իմունոգլոբուլիններ, ալբումին) անձնական որոշման հարց է[12]։

Նրանք «ընկերակցությունից զրկում» են կազմակերպությունից դուրս եկող անդամներին, այսինքն՝ չեն բարևում և չեն շփվում ո՛չ կրոնական, ո՛չ էլ որևէ այլ թեմայով։ Եթե վտարված անհատն ընտանիքի անդամ է, շփումը պետք է հասցվի նվազագույնի[13][14]։

Եհովայի վկաներին խրախուսվում է բարձրագույն կրթություն չստանալ[15][16]։

Պատմություն

Չարլզ Ռասելը (1852-1916), Աստվածաշունչ ուսումնասիրողների հիմնադիրը և «Դիտարանի ընկերության» առաջին նախագահը

Եհովայի վկաների կազմակերպությունը սկիզբ է առել Աստվածաշունչ ուսումնասիրողների շարժումից, որը հիմնադրվել է 1870-ականներին Պիտսբուրգում (Փենսիլվանիա, ԱՄՆ) Չարլզ Թեյզ Ռասելի կողմից։ 1884 թվականին նա հիմնում է «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը» (այժմ կոչվում է «Փենսիլվանիայի Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն», անգլ.՝ Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania) և դառնում վերջինիս առաջին նախագահը։ 1909 թվականին Ռասելը ընկերության գլխավոր վարչությունը Պիտսբուրգից տեղափոխում է Բրուքլին (Նյու Յորք)[17]։

Ջոզեֆ Ռատերֆորդը, «Դիտարանի ընկերության» երկրորդ նախագահը

1909-1932 թթ. Աստվածաշունչ ուսումնասիրողների համայնքում բաժանումների[18][19] արդյունքում ձևավորվում են մի շարք ինքնուրույն կրոնական կազմակերպություններ։

Ռասելի մահվանից մոտ երկու ամիս անց՝ 1917 թվականի հունվարին «Դիտարանի ընկերության» երկրորդ նախագահ է ընտրվում Ջոզեֆ ֆրանկլին Ռատերֆորդը («Դատավոր Ռատերֆորդ»; 1869–1942): Ռատերֆորդը կատարեց կազմակերպչական և ուսմունքային նշանակալի փոփոխություններ և 1931 թվականին Աստվածաշունչ ուսումնասիրողների իր խումբն այլ խմբերից առանձնացնելու համար ընտրեց «Եհովայի վկաներ» անվանումը[19]։

1942 թվականին ընկերության երրորդ նախագահ է նշանակվում Նաթան Նորը (1905-1977)։ 1943 թվականին միսիոներներ պատրաստելու նպատակով նա հիմնում է «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ» դպրոցը։ Նրա որոշմամբ մինչ օրս ընկերության բոլոր գրքերն ու պարբերագրերը տպագրվում են անանուն։ Նորի գլխավորությամբ մի խումբ Եհովայի վկաներ ստեղծում են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը[17]։

Կազմակերպության հաջորդ նախագահներն են եղել Ֆրեդերիկ Ֆրանցը, Միլթոն Հենշելը, Դոն Ադամսը։ 2014 թվականին ընկերության նախագահ է նշանակվում Ռոբերտ Սիրանկոն[20]։ 2016 թվականին Եհովայի վկաների կազմակերպության գլխավոր վարչությունը տեղափոխվել է Ուորվիք (Նյու Յորք, ԱՄՆ)[17]։

Կազմակերպություն

Կազմակերպչական կառուցվածքը

Կառավարիչ մարմին

Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է գլխավոր վարչությունում (Ուորվիք, Նյու Յորք, ԱՄՆ) գտնվող 8 անձից կազմված խմբի՝ «կառավարիչ մարմնի» կողմից[2] (տարբեր ժամանակաշրջաններում անդամների թիվը եղել է 7-18)։ Կառավարիչ մարմնի բոլոր անդամները տղամարդիկ են։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է «օծյալների դասի» անդամ, որոնք ունեն երկնային կյանքի հույս (մինչդեռ Եհովայի վկաների մեծ մասը երկրային դրախտում ապրելու հույս ունեն)։ Կառավարիչ մարմնի նոր անդամներն ընտրվում են գործող անդամների կողմից[21]։ Կառավարիչ մարմնի անդամները կարծում են, որ իրենք Աստվածաշնչում հիշատակված (Մատթեոս 24։45) «հավատարիմ և իմաստուն ծառան» են[22] (մինչև 2012 թվականը նրանք իրենց համարում էին այդ դասակարգի ներկայացուցիչներ, իսկ «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի մեջ ընդգրկվում էին բոլոր 144,000 «օծյալները»[23]): Կառավարիչ մարմինը ղեկավարում է մի շարք կոմիտեներ, որոնք պատասխանատու են հրատարակչական, քարոզչական և այլ գործերի համար[2]։

Մասնաճյուղեր

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաներն ունեն 87 մասնաճյուղ[1] (կոչվում է նաև «Բեթել»), որոնք գտնվում են գլխավոր վարչության ներկայացուցիչների (նախկինում՝ զոնալ վերակացու) վերահսկողության տակ, ովքեր ժամանակ առ ժամանակ ստուգայց են կատարում իրենց նշանակված մասնաճյուղեր։ Մասնաճյուղերում աշխատում են «Բեթելի ընտանիք» կազմող կամավորները։ Յուրաքանչյուր մասնաճյուղ վերահսկվում է երեք կամ ավելի երեցներից կազմված կոմիտեի կողմից, որոնցից մեկն աշխատում է որպես կոորդինատոր։ Որոշ երկրներում, որտեղի վկաները գտնվում են այլ երկրի մասնաճյուղի կոմիտեի վերահսկողության տակ, նշանակվում է երկրի կոմիտե։ Այս բոլոր նշանակումները կատարում է Կառավարիչ մարմինը[24]։ Մասնաճյուղերն ունեն կամ կարող են ունենալ բաժիններ, որոնք պատասխանատու են քարոզչական գործի վերահսկողության, իրավաբանական հարցերի, գրականության թարգմանության, տպագրման և/կամ առաքման համար։

Ժողովներ

Հրատարակչական գործունեություն

«Դիտարանի ընկերությունը» ամբողջությամբ կամ մասնակիորեն հրատարակել է Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության ավելի քան 220 միլիոն օրինակ՝ ավելի քան 160 լեզուներով[25]։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը աշխարհում ամենալայն տարածում ունեցող պարբերագրերն են[26]։ Եհովայի վկաների գրականությունը տպագրվում է ավելի քան 750 լեզուներով[27]։ Գրականությունը հասանելի է նաև օնլայն տարբերակով Եհովայի վկաների պաշտոնական կայքում։

Ֆինանսավորում

Կազմակերպության գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է Եհովայի վկաների նվիրատվությունների միջոցով։ Նրանց հանդիպումների ժամանակ հանգանակություն չի արվում, և անդամներից տասանորդ չի պահանջվում[28]։ Եհովայի վկա քարոզիչները, ծառայող օգնականները, երեցները, ենթառահվիրաները, ընդհանուր ռահվիրաները վարձատրություն չեն ստանում։ «Լիաժամ ծառայություն» իրականացնող կամավորների (բացառությամբ ընդհանուր ռահվիրաների)՝ միսիոներների, շրջանային և մարզային վերակացուների, հատուկ ռահվիրաների և մասնաճյուղում աշխատողների ապրուստի ծախսերը հատուցվում են կազմակերպության կողմից, և յուրաքանչյուր ամիս անձնական կարիքների համար նրանց տրամադրվում է ֆինանսական օգնություն[29][30][31]։ Կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն` «2019 թ. ծառայողական տարվա (01.09.2018 թ.-ից մինչև 31.08.2019 թ.) ընթացքում Եհովայի վկաները ծախսել են ավելի քան 224 միլիոն ԱՄՆ դոլար՝ հոգալու համար հատուկ ռահվիրաների, միսիոներների և շրջագայող վերակացուների կարիքները, որոնք նշանակված են ծառայելու դաշտում»[1]։

Համոզմունքներ

Եհովայի վկաների ուսմունքները հաստատվում են «կառավարիչ մարմնի» կողմից, որը ստանձնում է Աստվածաշունչը մեկնաբանելու պատասխանատվությունը։ «Կառավարիչ մարմինը» թեև իրեն Աստծուց ներշնչված և անսխալական չի համարում, պնդում է, որ տրամադրում է «առաջնորդություն Աստծու կողմից»[32]՝ իր ուսմունքները բնութագրելով որպես «....հիմնված Աստծու Խոսքի վրա։ Հետևաբար այն, ինչ.... [Եհովայի վկաները սովորում են], Եհովայից է և ոչ թե մարդկանցից»[33]

Տետրագրամմատոն

Եհովայի վկաները կարևորություն են տալիս Աստծու անվան կիրառմանը և նախընտրում են օգտագործել տետրագրամմատոնի «Եհովա» արտասանությամբ տարբերակը[34]։ Նրանք հավատում են, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը, իսկ Սուրբ Հոգին, որին կոչում են «սուրբ ոգի», Աստծու «գործուն ուժն» է, և ոչ թե՝ անձնավորություն[35]։

Նրանք հավատում են, որ Հիսուսը Աստծու միակ անմիջական ստեղծագործությունն է, և մնացած ամեն բան ստեղծվել է Հիսուսի կողմից՝ Աստծու զորությամբ[36]։ Եհովայի վկաները հավատում են, որ Հիսուսը մահացել է մարդկության մեղքերի ներման համար և Հիսուսի մահվան շնորհիվ Արմագեդոնը վերապրածներին երկրային դրախտում հավիտյան ապրելու հնարավորություն կտրվի[37]։ Նման հնարավորություն կտրվի նաև մինչև Արմագեդոնը մահացածներին, ովքեր Արմագեդոնից հետո հազար տարվա ընթացքում հարություն կառնեն[38]։ Իսկ նրանք, ովքեր կմերժեն վկաների հաղորդած «բարի լուրը» կոչնչացվեն Արմագեդոնի ժամանակ[39]։ Նրանք կարծում են, որ Հիսուսին գամել են ոչ թե խաչի, այլ՝ ուղղահայաց սյան կամ ցցի վրա[40]։

Նրանք չեն հավատում երրորդության, անմահ հոգու և դժոխքի (որպես հավիտենական տանջարան) ուսմունքներին՝ համարելով դրանք ոչ սուրբգրային։ Նրանք չեն նշում Ամանորը, Սուրբ ծնունդը, Զատիկը, Տրնդեզը, ծննդյան օրերը և շատ այլ տոներ ու սովորույթներ՝ համարելով դրանք հեթանոսական ծագում ունեցող[7]։

Եհովայի վկաները սովորեցնում են, որ 1914 թվականին Սատանան և նրա դևերը երկնքից ցած են նետվել երկրի վրա, որով և սկսվել է «վերջին օրերը»[41]։ Նրանք հավատում են, որ մարդկային հասարակությունը գտնվում է Սատանայի և նրա դևերի ազդեցության տակ, ուստի շատ Եհովայի վկաներ ձգտում են մտերիմ ընկերություն չանել ոչ վկա անհատների հետ[42]։

Կրոնական գործունեություն

Երկրպագություն

Երկրպագություն «Թագավորության սրահում»

Երկրպագության և ուսումնասիրության համար նախատեսված հանդիպումներն անցկացվում են Թագավորության սրահներում։ Այս հանդիպումները հիմնականում նվիրված են «Դիտարանի ընկերության» գրականության և Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Հանդիպումները սկսվում և ավարտվում են թագավորության երգերով և կարճ աղոթքներով։ Մինչև 2009 թվականը ժողովները հանդիպում էին շաբաթական 3 անգամ, ներկայումս ժողովը հավաքվում է շաբաթական 2 անգամ (յուր. մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ)։ Նման փոփոխության նպատակն այն էր, որ ընտանիքները կարողանան առանձին երեկո տրամադրել ընտանեկան երկրպագության համար[43]։ Միևնույն շրջանի կազմում ընդգրկված ժողովների Վկաները ամեն տարի երկու անգամ մասնակցում են մեկօրյա շրջանային համաժողովի։ Տարին մեկ անգամ սովորաբար մի քանի շրջանների ժողովներ մասնակցում են եռօրյա տարածաշրջանային համաժողովին։ Ժամանակ առ ժամանակ որոշ երկրներում անցկացվում են միջազգային կամ հատուկ համաժողովներ, որոնց մասնակցում են տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։ Նրանց ամենակարևոր և հանդիսավոր միջոցառումը Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն, կամ՝ Տիրոջ ընթրիքն է, որը նշելու օրը համապատասխանում է Պասեքի (հրեական զատիկ) օրվան[44]։

Քարոզչություն

Եհովայի վկաները Բրիտանական թանգարանի մոտ, 2017 թ.

Եհովայի վկաները առավել հայտնի են իրենց համոզմունքները այլ մարդկանց պատմելով՝ առաջին հերթին տնետուն քարոզչության միջոցով։ Քարոզչության այլ կերպերից են ոչ պաշտոնական վկայությունը, փողոցում, զբոսայգիներում, կայանավայրերում կամ այլ մարդաշատ վայրերում քարոզչությունը, որը հաճախ իրականացվում է շարժական ցուցատախտակների օգնությամբ[45]։ Քարոզչության նպատակը ոչ վկա անհատների հետ «Աստվածաշնչի ուսումնասիրություն» սկսելն է, որի նպատակն էլ իր հերթին տվյալ անհատի չմկրտված քարոզիչ դառնալն ու հետագայում որպես Եհովայի վկա մկրտվելն է[46]։ Եհովայի վկաներին խորհուրդ է տրվում դադարեցնել Աստվածաշնչի ուսումնասիրությունը այն ուսումնասիրողների հետ, ովքեր իրենց կրոնի անդամ դառնալու մտադրություն չունեն[47]։ Եհովայի վկաներին սովորեցնում են, որ մարդկանց քարոզելը Աստվածաշնչային պատվեր է[48]։ Նրանց խրախուսում են որքան հնարավոր է երկար ժամանակ հատկացնել քարոզչական ծառայությանը, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջում քարոզիչները հաշվետվություն են հանձնում իրենց քարոզչության մասին[49]։

Էթիկա և բարոյականություն

Ամուսնությունից դուրս ցանկացած տեսակի սեռական հարաբերությունը հիմք է վտարելու համար, եթե անհատը զղջացող չի համարվում[50], նույնասեռական վարքը լուրջ մեղք է համարվում, իսկ նույնասեռ ամուսնություններն արգելված են։ Աբորտը համարվում է սպանություն[51]։ Ինքնասպանությունը Աստծու դեմ գործած մեղք է համարվում[52]։ Հագուստի համեստությանը և անձնական խնամքին հատուկ կարևորություն է տրվում։ Խաղամոլությունը, հարբեցողությունը, թմրամնյութերի օգտագործումը և ծխելը արգելված են[53]։ Չափավոր քանակությամբ ալկոհոլային խմիչքների օգտագործումը թույլատրված է[51]։

Ընտանիքում ամուսինն ընտանեկան հարցերում որոշումներ կայացնելու իշխանություն ունի, սակայն խրախուսվում է հաշվի առնել կնոջ և երեխաների կարծիքն ու զգացմունքները։ Բազմակնությունն արգելված է, իսկ ամուսնությունը պետք է լինի օրինականորեն գրանցված[54][55]։ Խիստ քննադատվում է այլակրոն և անկրոն անհատների հետ ամուսնությունը[56][57]։

Ամուսնալուծությունը ևս քննադատվում է, իսկ վերաամուսնությունն արգելված է, բացառությամբ դավաճանության հիմքով ամուսնալուծության դեպքերի[58]։ Եթե ամուսնալուծությունը կատարվել է ցանկացած այլ պատճառով, այլ անհատների հետ ամուսնությունը համարվում է դավաճանություն՝ մինչև առաջին կողակիցը կմահանա կամ «սեռական անբարոյություն» կգործի[59]։ Ծանր ֆիզիկական բռնությունը, ընտանիքի մասին հոգ տանելուց կամավոր հրաժարվելը, կամ «հոգևորի խիստ վտանգված» լինելը կարող են հիմք հանդիսանալ առանձին բնակվելու համար[60][61]։

Կարգապահական միջոցներ

Ժողովում պատիժը սահմանվում է երեցների կողմից։ Երբ մկրտված վկան մեղադրվում է «լուրջ մեղք» գործելու մեջ, օրինակ՝ սեռական անբարոյության կամ հավատուրացության մեջ, երբ անհատը կասկածի է ենթարկում Վկաների ուսմունքները, ձևավորվում է իրավական կոմիտե՝ մեղավորությունը որոշելու, օգնություն տրամադրելու և որոշ դեպքերում պատիժ սահմանելու համար։ Պատժի ամենածանր տեսակը «ընկերակցությունից զրկելը» կամ վտարելն է, որը կիրառվում է, երբ մեղավորը համարվում է չզջացող[62]։ Ընկերակցությունից զրկված անհատի հետ կարող են շփվել միայն միևնույն տան մեջ բնակվող ընտանիքի անդամները և ժողովի երեցները, որոնք կարող են վերականգնման համար դիմելու առաջարկություն անել[14]։ Երբ անհատը ֆինանսապես կամ պայմանագրով ստիպված է շարունակել աշխատանքային փոխհարաբերությունները, թույլատրվում է միայն գործին առնչվող հարցերը քննարկել[63]։ Վկաներին սովորեցնում են, որ վտարված անհատների հետ շփվելուց խուսափելը զերծ է պահում ժողովը անբարո ազդեցությունից և որ «սիրելի մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կորցնելը գուցե մղի [վտարված անհատին] «խելքի գալ», գիտակցել իր սխալի լրջությունը և քայլեր անել դեպի Եհովան»[13]։ Կազմակերպությունը կամավոր լքողները ևս վտարվում են[64]։ Վտարված անհատը կարող է վերականգնվել, եթե ժողովի երեցները նրան զղջացող համարեն[65]։

Պատժի ավելի մեղմ տեսակ է հանդիմանությունը, որն իրավական կոմիտեն տալիս է այն մկրտված Վկաներին, որոնց համարում է զղջացող։ Հանդիմանություն ստացած անհատը ժամանակավորապես զրկվում է որոշակի առանձնաշնորհումներից (օր.՝ հանդիպումներին մեկնաբանություններ տալու հնարավորությունից), սակայն հոգևոր և ընկերական շփման սահմանափակումներ չեն դրվում[66]։ Նշան դնելը՝ միայն ընկերական շփման սահմանափակումը կիրառվում է, երբ մկրտված անհատը, չնայած մի քանի անգամ իրեն տրված նախազգուշացումներին, շարունակում է խախտել աստվածաշնչյան համարվող այն սկզբունքները, որոնք Վկաները լուրջ մեղք չեն համարում[67]։

Եհովայի վկաները և իշխանությունները

Արյան փոխներարկումից հրաժարվելը

Եհովայի վկաները, անկախ տարիքից, հրաժարվում են արյան փոխներարկումից և այն համարում են Աստծու օրենքի խախտում։ Նրանց կարծիքով այս պահանջը հիմնված է Աստվածաշնչի Գործեր 15։28, 29 և նմանատիպ խոսքերի վրա[12]։ Սկսած1961 թվականից՝ կամավոր արյան փոխներարկում ընդունելը և դրա համար չզղջալը հիմք է հանդիսանում տվյալ անհատին կազմակերպությունից վտարելու («ընկերակցությունից զրկելու») համար[68]։ Անգամ կյանքին սպառնացող վիճակներում կառավարիչ մարմինը խրախուսում է հրաժարվել արյան փոխներարկումից[69]։

Եհովայի վկաներն անընդունելի են համարում ամբողջական արյան և դրա հիմնական բաղադրամասերի՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկումը։ Նրանց նաև արգելված է արյուն տալ ուրիշներին ներարկելու համար և պահեստավորել սեփական արյունը իրենց իսկ ներարկելու համար։ Արյան պլազմայի առանձին բաղադրամասերի ներարկումը (օր.՝ իմունոգլոբուլիններ, ալբումին), հեմոդիալիզը, հեմոդիլյուցիան անձնական որոշման հարց է[12]։

Դեմոգրաֆիա

Դիտարանի ընկերության ակտիվ անդամների թիվը 1945-2013 թթ.

Եհովայի վկաներ կան գրեթե բոլոր երկրներում, բայց ոչ մի երկրի բնակչության մեծ մասը չեն կազմում։

Կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ նրանց քարոզիչների թիվը ողջ աշխարհում 2019 թվականի դրությանբ 8.68 մլն է՝ միավորված մոտ 120,000 ժողովում։ Նախորդ տարվա համեմատ աճը 1.3% է։ Նույն տարվա համար նրանք տրամադրել են ավելի քան 2 միլիարդ ժամ քարոզչությանը, և անցկացրել են Աստվածաշնչի ուսումնասիրություն ավելի քան 10 մլն մարդու հետ[1] (ներառում է Վկաների՝ իրենց երեխաների հետ անցկացված ուսումնասիրությունը[70]

Պաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն այն անդամներին, որոնք հաշվետվություն են տրամադրում իրենց քարոզչական ծառայության մասին[71] և չի ներառում ոչ ակտիվ ու ընկեակցությունից զրկված անհատներին և այն հետաքրքվողներին, որոնք հաճախում են նրանց հանդիպումներին։ Արդյունքում՝ անկախ դեմոգրաֆիկ հետազոտություններում իրենց Եհովայի վկա համարողների միայն կեսն են համարվում ակտիվ կազմակերպության կողմից[72][73]։ Ըստ US Pew Forum on Religion & Public Life-ի 2008-ի հետազոտության՝ Վկաների ընտանիքում մեծացածների միայն 37%-ն է շարունակում իրեն Եհովայի վկա համարել[74][75], հաջորդ ամենացածր ցուցանիշներն են. բուդդայականություն՝ 50% և կաթոլիկություն՝ 68%։ Հետազոտությամբ նաև պարզվել է, որ ԱՄՆ-ում չափահաս Եհովայի վկաների 65%-ը կրոնափոխներ են[76]։

Հետապնդումներ

Եհովայի վկաները Հայաստանում

«Դիտարան» պարբերագիրը արևմտահայերենով (հունվար, 1930 թ.)

Պատմություն

Դեռևս 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում բնակվող հայերը հետաքրքրվում էին Աստվածաշունչ ուսումնասիրողների ուսմունքներով։ Առաջին հայերեն լեզվով համաժողովն անցկացվել է 1916 թվականին Ռոդ Այլենդում (ԱՄՆ)[77]։ Առնվազն 1920-ականներին ԱՄՆ-ում արդեն տպագրվում էր «Դիտարանը և Քրիստոսի ներկայութեան մունետիկը» պարբերագիրը՝ արևմտահայերեն թարգմանությամբ[78]։

1924 թվականին Եհովայի վկաները գրասենյակ են հիմնում Բեյրութում (Լիբանան)՝ որոշ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում քարոզչական գործը վերահսկելու համար[79]։

1975 թվականին Ռուսաստանից ժամանած մի հայ ընտանիք՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Հայաստանում հիմք է դնում Եհովայի վկաների կազմակերպության գործունեությանը[80]։ 1989 թվականին կրոնական հանդիպումներին կանոնավոր հաճախում էր մոտ 100 հոգի։ 2003 թվականին Հայաստան են ժամանում «Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներներ[77]։ 1993-2004 թթ. ընթացքում Եհովայի վկաները 15 անգամ դիմում են պետական գրանցում ստանալու համար, սակայն մերժվում են։ 2004 թվականին կազմակերպությունը ստանում է պետական գրանցում[80]։

Ըստ 2011 թվականին ՀՀ-ում անցկացված մարդահամարի՝ Եհովայի վկաների թիվը այդ տարի եղել է 8,695 (բոլոր տարիքային խմբերը ներառված են)[81], իսկ ըստ Եհովայի վկաների պաշտոնական տվյալների՝ նրանց քարոզիչների թիվը եղել է 11,115 (չմկրտված քարոզիչները ներառված են, սակայն փոքր երեխաները և պարզապես «հետաքրքրվողները»՝ ոչ), նրանց ամենակարևոր կրոնական հանդիպմանը՝ Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին ընդհանուր առմամբ մասնակցել է 24,494 մարդ[82]։

Ըստ Եհովայի վկաների պաշտոնական կայքի՝ 2019 թվականի դրությամբ Հայաստանում կա 129 ժողով և 10,924 քարոզիչ, իսկ հիշատակի երեկոյին մասնակցել է 20,968 մարդ[83]։

Դատական գործընթացներ

1993–2012 թթ. զինվորական ծառայությունից հրաժարված ավելի քան 450 Եհովայի վկաներ ազատազրկվել են հիմնականում 1-3 տարի ժամկետներով։ Հայաստանում դատական պաշտպանություն չգտնելով՝ որոշ Եհովայի վկաներ դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ 2012 թվականին «Խաչատրյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Հայաստանի կառավարությունը կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված 19 դիմումատուներից17-ին պետք է վճարեր 6000-ական եվրո, ևս 10,000 եվրո՝ ընդհանուր դատական ծախսերի համար։ Ծառայությունից հրաժարվելու համար պատիժ կրած այլ Եհովայի վկաներ նույնպես դիմել էին ՄԻԵԴ, և նրանցից երեքը՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» (2011 թ.), «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» (2012 թ.), հաղթել են։ Ընդհանուր առմամբ այս դատավարությունները շահած Եհովայի վկաներին պետությունը պետք է վճարեր 142,000 եվրո[84]։

2017 թվականին ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9–րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում։ Դատարանը գտել է, որ Հայաստանի կառավարությունը 4 դիմումատուներին պետք է վճարի ընդհանուր առմամբ 48,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում[85]։

2019 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը հրապարակել է «Աղայանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանին պարտավորեցվել է 22 դիմումատուներին վճարել ընդհանուր առմամբ 242,000 եվրո[86]։

Այլընտրանքային ծառայություն

2013 թ. ԱԺ-ն ընդունեց «այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որից հետո զորակոչման ենթակա Եհովայի վկաները անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայություն։ Նրանք կարող են նշանակվել որպես հանրային ծառայող, բակի հավաքարար, փողոց մաքրող, տեխսպասարկման աշխատող, աղբահան, բուժքրոջ օգնական, փոստատար, գործավար, սանիտար, շտապօգնության մեքենայի վարորդ կամ գրասենյակային աշխատող[87]։

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը 36 ամիս է։ Ծառայողների համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, իսկ աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է շաբաթական 48 ժամ։ Այլընտրանքային ծառայողին ծառայության ընթացքում տրվում է տարեկան 10 օրացուցային օր տևողությամբ արձակուրդ։ Այլընտրանքային ծառայողի երեխայի ծնվելու, ընտանիքի անդամի ամուսնության կամ մահվան դեպքերում նրան կարող է տրվել լրացուցիչ արձակուրդ` մինչև 5 օրացուցային օր տևողությամբ[88]։ Այլընտրանքային ծառայություն կատարողները ստանում են 30,000 դրամ աշխատավարձ[84]։ Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա։ Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30,000 դրամը[89]։

Քննադատություն

Եհովայի վկաները քննադատվում են քրիստոնեական այլ կրոնների ներկայացուցիչների, որոշ բժիշկների, նախկին անդամների և վերլուծաբանների կողմից։ նրանք մեղադրվում են նախկին անդամներին վտարելու, արյան փոխներարկումից հրաժարվելու, երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը իշխանություններին չհաղորդելու, ուսմունքային փոփոխություններ և Աստվածաշնչի ոչ ճշգրիտ թարգմանություն կատարելու մեջ։

Հայտնի քննադատներ

1980 թվականին «Կառավարիչ մարմնի» անդամ Ռեյմոնդ Ֆրանցը (1922-2010) դուրս է եկել և վտարվել է Եհովայի վկաների կազմակերպությունից[90][91]։ Կազմակերպությունը լքելուց հետո նա գրել է «Խղճի ճգնաժամ»[92] և «Քրիստոնեական ազատություն փնտրելով»[93] գրքերը, որոնցում քննադատական վերլուծության է ենթարկել «Դիտարանի ընկերության» գործունեությունն ու որոշ ուսմունքներ։

Նախկին անդամներին «ընկերակցությունից զրկելը»

Եհովայի վկաները չեն բարևում և չեն շփվում «լուրջ մեղք» գործած չզղջացող մկրտված անդամների և կազմակերպությունից կամավոր դուրս եկող անհատների հետ[14]։ «Կառավարիչ մարմնի» տված բացատրության համաձայն՝ «չզղջացող մեղավորին ժողովից հեռացնում են, որպեսզի Աստծու չափանիշները չնսեմացվեն, ու ժողովը հոգևորապես մաքուր մնա։ Դա նաև կարող է մղել անզեղջ մեղավորին սթափվելու»[94]։ Նրանք ընկերակցությունից զրկելը ներկայացնում են որպես «սիրո դրսևորում՝ մեղք գործած անհատի հանդեպ»[95][96]։ Վտարված անհատից պետք է խուսափեն բոլոր Եհովայի վկաները, այդ թվում նաև ընտանիքի այն անդամները, որոնք միևնույն տան մեջ չեն բնակվում, «նույնիսկ եթե գործի բերումով.... [շփվելն] անհրաժեշտ է, ապա դա [պետք է] անեն նվազագույն չափով»[13]։

Վտարված անհատները հաճախ բախվում են դժվարությունների և ենթարկվում են հոգեկան տրավմայի, քանի որ Եհովայի վկա եղած ժամանակ նրանց շփումը ոչ վկա անհատների հետ եղել է սահմանափակված[97]։ «Դիտարան» պարբերագրում նախկին անդամներին որպես հավատուրաց «հոգեկան հիվանդներ» ("mentally diseased"[98]) բնութագրելը (հոդվածի հայերեն թարգմանության մեջ կիրառվում է «հիվանդությամբ բռնված» արտահայտությունը[99]) բազմաթիվ քննադատությունների առիթ է հանդիսացել[100][101]։

Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանություն»

Տարբեր աստվածաշնչագետներ, այդ թվում՝ Բրյուս Մեցգերը[102] և ՄաքԼին Գիլմորը[103] ասել են, որ թեև Աստվածաշնչի Նոր աշխարհ թարգմանության (անգլերեն տարբերակի) գիտականությունն ակներև է, որոշ հատվածներ ճշգրիտ չեն և ձևափոխված են՝ ի նպաստ Վկաների ուսմունքների և սովորույթների[104][105][106][107][108]։ «Նոր աշխարհ թարգմանության» քննադատությունը հիմնականում առնչվում է Նոր կտակարանին, մասնավորապես «Եհովա» անվան ներմուծմանը և Երրորդության ուսմունքի հետ կապված խոսքերին[109][110]։

Խոսքի և մտքի ազատություն

Եհովայի վկաների ուսմունքները հաստատում է Կառավարիչ մարմինը[111]։ Դենոմինացիան չի հանդուրժում կրոնական գործունեության և ուսմունքների հարցում այլակարծությունը[112]։ Այն անդամները, որոնք ազատորեն արտահայտում են իրենց անհամաձայնությունը կրոնական ուսմունքներին, վտարվում են[113]։ Վկաների գրականությունը խիստ քննադատում է Կառավարիչ մարմնի տված խորհուրդները և ուսմունքները կասկածի ենթարկողներին՝ պնդելով, որ դրանք պետք է դիտարկվեն որպես «Աստծո կազմակերպության» մաս[114][115][116]։ Վկաներին նաև զգուշացնում են «խուսափել անկախ մտածելակերպից»՝ պնդելով, որ նման մտածելակերպը «ներմուծվում է Բանսարկու Սատանայի կողմից»[117] և «կառաջացնի բաժանումներ»[118]։ Նրանք, ովքեր ազատորեն հայտնում են իրենց անհամաձայնությունները, մեղադրվում են «հավատուրացության» մեջ[99]։

Ալան Ռոջերսոնը Վկաների ղեկավարությունը համարում է տոտալիտար[119]։ Կազմակերպության առաջնորդները քննադատվում են Վկաների անհատական որոշումներ կայացնելու հնարավությունը սահմանափակելու և արհամարհելու համար, որով նրանք ստեղծում են անառարկելի հնազանդության համակարգ[120]։ Քննադատները մեղադրում են Վկաների առաջնորդներին նաև նրանց հանդեպ «ինտելեկտուալ վերահսկողություն» իրականացնելու, ինֆորմացիան սահմանափակելու և «մտավոր իզոլյացիա» ստեղծելու մեջ, որոնք ըստ Կառավարիչ մարմնի նախկին անդամ Ռեյմոնդ Ֆրանցի «մտքի կառավարման» տարրեր են[121]։

Եհովայի վկաների գրականության մեջ նշվում է, որ հավատքի շուրջ համաձայնությունը նպաստում է միասնությանը և ժխտում է, որ միասնությունը սահմանափակում է վկաների անհատականությունը[122]։ Պատմաբան Ջեյմս Իրվին Լիխտին համաձայն չէ, որ դենոմինացիան «տոտալիտար» է[123]։

Սոցիոլոգ Ռոդնի Ստարկը պնդում է, որ Եհովայի վկաների առաջնորդները «միշտ չէ, որ դեմոկրատ են» և անդամներից «ակնկալվում է համաձայնություն բավականին խիստ ստանդարտների», բայց ավելացնում է, որ «այդ պարտադրությունը հիմնականում ոչ պաշտոնական է, ապահովվում է խմբում մտերիմ կապերի և ընկերական փոխհարաբերությունների միջոցով» և որ «Եհովայի վկաները իրենց համարում են հզոր կառույցի մաս, ու ոչ թե՝ այդ կառույցի հպատակներ»[124]։ Սոցիոլոգ էնդրյու Հոլդենը պնդում է, որ Եհովայի վկաներին միացողների մեծ մասը կատարում է գիտակցված ընտրություն[125]։ Սակայն, նա նաև պնդում է, որ կազմակերպությունը լքողները հազվադեպ են արժանապատիվ ձևով դուրս գալիս[126], և նրանց կառավարման ձևը բնութագրում է որպես ավտոկրատական[127]։

Չիրականացած կանխատեսումներ

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր

Եհովայի վկաները մեղադրվում են այնպիսի մշակույթ և քաղաքականություն ունենալու մեջ, որը նպաստում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը գաղտնի պահելուն[128]։ Կազմակերպությունը մեղադրվում է իր «երկու վկայի կանոնը» կիրառելու համար (ըստ Եհովայի վկաների այս կանոնը հիմնված է Աստվածաշնչյան 2-րդ Օրենք 19:15; Մատթեոս 18:15-17 խոսքերի վրա), որի համաձայն՝ եթե սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող անձը ժխտում է մեղադրանքը, երեք երեցներից կազմված «իրավական կոմիտեն» այն հիմնավորված կարող է համարել, երբ նույն դեպքի վերաբերյալ, բացի սեռական բռնության զոհից, կա մեկ այլ անձի վկայություն[129]։ Այն դեպքերում, երբ երկրորդ անձի վկայություն չկա, «Դիտարանի ընկերության» կարգադրությունն է. «երեցները հարցը կթողնեն Եհովայի ձեռքերում»[130]։

«Դիտարանի ընկերությունը» երեցներին կարգադրում է սեռական բռնության դեպքերը հաղորդել իշխանություններին, երբ օրենքն է պարտադրում այդպես վարվել, այլ դեպքերում՝ իշխանություններին հաղորդելու հարցը պետք է թողնել տուժածի կամ նրա ընտանիքի անդամների հայեցողությանը[129][131]։ Որոշ տուժածների խոսքերով՝ տեղի երեցները կարգադրել են նրանց լռություն պահպանել, որ մեղադրյալը և կազմակերպությունը զերծ մնան վարկաբեկությունից[132][133]։

2015 թվականին Ավստրալիայի «Երեխաների նկատմամբ սեռական բռնության ինստիտուցիոնալ արձագանքների արքայական կոմիտեն» (անգլերեն՝ The Royal Commission into Institutional Responses to Child Sexual Abuse) հայտնաբերել է, որ այդ երկրում սկսած 1950 թվականից Եհովայի վկաների երեցների կողմից ուսումնասիրված սեռական բռնության մեջ մեղադրվող1,006 անձանց դեպքերից (կապված ավելի քան 1800 զոհի հետ) «ոչ մեկը չի հաղորդվել աշխարհիկ իշխանություններին»[111]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քննադատական