Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա (2022-այժմ)

զինված հակամարտությունը, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանի զինված ուժերը մտան Ուկրաինա

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա կամ Ռուս-ուկրաինական պատերազմ, զինված հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ[4]։ Պատերազմին նախորդել է Ռուսաստանի կողմից, Ուկրաինական տարածքից օկուպացված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը[5]։ Համարվում է ամենամեծ ռազմական հակամարտությունը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո[6][7][8]։ Քանի որ ավելի քան 2,9 մլն ուկրաինացիներ լքել են երկիրը, ներխուժման հետևանքով առաջացել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում փախստականների ամենամեծ ճգնաժամը[9][10][11]։

Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
Թվական

Փետրվարի 24, 2022
2 տարի, 2 ամիս և 3 օր

Մասն էՌուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ)
ՎայրՈւկրաինա Ուկրաինա
ԱրդյունքԸնթանում է
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան
ԴԺՀ
ԼԺՀ

Աջակցություն

Ուկրաինա Ուկրաինա
Հրամանատարներ
Ռուսաստան Վլադիմիր Պուտին
Ռուսաստան Միխայիլ Միշուստին
Ռուսաստան Սերգեյ Շոյգու
Ուկրաինա Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինա Դենիս Շմիգալ
Ուկրաինա Ալեքսեյ Ռեզնիկով
Կողմերի ուժեր
Ռուսաստան Ռուսաստան
  • 12
  • 1,000,000 (Զինված ուժեր)

    • 944,000 (Կիսառազմական)
    • 2,000,000 (Պահեստազոր)[1]
    • • այդ թվում՝ 175,000-ից[2] 190,000[3] Ուկրաինայի սահմանին
    • ԴԺՀ
    • 20,000[1]
    • ԼԺՀ
    • 14,000[1]
    Ուկրաինա Ուկրաինա
  • 209,000 (Զինված ուժեր)
  • 102,000 (Կիսառազմական)
  • 900,000 (Պահեստազոր)[1]
  • Ռազմական կորուստներ

    Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին (UTC+3) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում[12]։ Ռուսական զորքերը ներխուժեցին ուկրաինական տարածք՝ Ռուսաստանի մայրցամաքային տարածքից, Բելառուսից և դեռևս 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմից։ Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։ Գործողությունների շրջանակում ձևավորվեցին չորս հիմնական ռազմաբեմեր՝ Կիևի, հյուսիսարևելյան, արևելյան և հարավային (խերսոնյան)։ Բացի այդ, ռուսական օկուպացիոն ուժերը նաև օդային և հրթիռային հարվածներ հասցրին Ուկրաինայի արևմուտքում։ Ռուսական ուժերը մոտեցել կամ պաշարել են առանցքային համարվող բնակավայրերը, ինչպիսիք են՝ Չերնիգովը, Խարկովը, Խերսոնը, մայրաքաղաք Կիևը, Մարիուպոլը և Սումին[13], սակայն ողջ ընթացքում ընդհարվել են կոշտ դիմադրության, ինչպես նաև առերեսվել լոգիստիկ և այլ բնույթի մարտահրավերների, որոնք խոչընդոտել են հետագա առաջընթացը[14][15]։ Լայնամասշտաբ ներխուժումը սանձազերծելուց երեք շաբաթ անց ռուսական բանակն առավել շոշափելի հաջողություններ է գրանցել Ուկրաինայի հարավում։

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ այս ռազմական գործողությունների հիմնական նպատակը Ուկրաինայի՝ որպես պետության կազմալուծումն է[16]։ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին[17]։

    Ռուսաստանի ներխուժումն արժանացավ միջազգային համատարած դատապարտմանը, ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, մինչդեռ Ռուսաստանում հակապատերազմական բողոքի ցույցերն ուղեկցվեցին զանգվածային անօրինական ձերբակալություններով[18][19]։

    Նախապատմություն

    Հետխորհրդային համատեքստ և նարնջագույն հեղափոխություն

    Նարնջագույն հեղափոխության մասնակիցները Կիևի Անկախության հրապարակում (նոյեմբեր, 2004թ․)

    Խորհրդային Միության կազմալուծումից (1991) հետո Ռուսաստանը և Ուկրաինան սերտ կապեր պահպանեցին։ 1994 թվականին Ուկրաինան համաձայնեց միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին որպես միջուկային զենք չունեցող պայմանագրի մասնակից պետություն, և երկրում տեղակայված նախկին խորհրդային միջուկային զենքերն ապամոնտաժվեցին[20]։ Ատոմային զեքնից կամավոր կերպով հրաժարվելու դիմաց Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները (ԱՄՆ) Բուդապեշտի համաձայնագրով պարտավորվում էին երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը[21][22]։ 1999 թվականին Ռուսաստանը մասնակցեց Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին, որով վերահաստատեց «յուրաքանչյուր մասնակից պետության՝ սեփական անվտանգային միջոցառումները, ներառյալ դաշինքի պայմանագրերը, ազատ ընտրելու կամ փոխելու» իրավունքը։ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին սոցիալիտական ճամբարի մի շարք երկրներ երկրներ միացան ՆԱՏՕ-ին՝ մասամբ ի պատասխան տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների, ինչպիսիք էին 1993 թվականի նոյեմբերին Ռուսաստանում սկզբնավորված սահմանադրական ճգնաժամը, Աբխազիայում ընթացող զինված հակամարտությունը (1992–1993) և Չեչենական առաջին պատերազմը (1994–1996 թթ.): Ռուսաստանի պետական պաշտոնյաներն այս ընդլայնումը որակեցին որպես արևմտյան տերությունների տված ոչ պաշտոնական երաշխիքների խախտում, ըստ որի ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվեր դեպի արևելք[23]։

    2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցան խնդրահարույց պայմաններում։ Նախագահական արշավի ժամանակ Եվրաինտեգրման կողմնակից ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոն թունավորվեց տետրաքլորոդիբենզոդիոքսին նյութով[24]։ Իր դիոքսինային թունավորման մեջ Յուշչենկոն մեղադրեց Ռուսաստանի ղեկավարությանը[25] Նոյեմբերին, չնայած դիտորդների կողմից արձանագրված ընտրակեղծիքներին, հաղթող ճանաչվեց վարչապետ Վիկտոր Յանուկովիչը։ Նախագահական ընտրությունների արդյունքը բողոքարկելու համար երկրում ծայր առան լայնածավալ բողոքի խաղաղ ցույցեր, որոնք շուրջ երկու ամիս տևեցին՝ հետագայում հայտնի դառնալով որպես Նարնջագույն հեղափոխություն։ Ցույցերը պսակվեցին հաջողությամբ այն բանից հետո, երբ Ուկրաինայի գերագույն դատարանի որոշմամբ չեղարկվեցին արդյունքները և նշանակվեցին նոր ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ Յուշչենկոն։ Ռուսաստանի ռազմական գործիչները նարնջագույն հեղափոխությունը և հետխորհրդային երկրներում բողոքի այլ շարժումները դիտում էին որպես արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի ազգային անվտանգությունը ջլատելու փորձ։ Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների կեղծման դեմ բռնկված բողոքի ակցիաների մասին խոսելիս նախագահ Վլադիմիր Պուտինն այն որակում էր «Նարնջագույն հեղափոխությունը Ռուսաստան բերելու» փորձ[26]։ Հետագայում Պուտինի օգտին տեղի ունեցած հանրահավաքները կոչվում էին «հականարնջագույն» ակցիաներ[27][28]։ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում Ուկրաինան և Վրաստանը ցանկություն հայնտեցին անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչին անդամ երկրների արձագանքը ոչ միանշանակ էր. Ռուսաստանին հակազդելուց խուսափելու համար արևմտաեվրոպական պետությունները դեմ էին Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում ընդգրկելուն։ Ի տարբերություն եվրոպացի կոլեգաներին, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կողմ էր Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելուն։ ՆԱՏՕ-ն, ի վերջո, անդամակցելու գործողությունների ծրագիր առաջարկելուց, սակայն նաև հայտարարություն տարածեց այն մասին, որ «այդ երկրներն ի վերջո կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ»։ Պուտինը խիստ դեմ արտահայտվեց Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին։ 2019 թվականի փետրվարի 7-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկեց սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին՝ հայտարարելով, որ երկրի երկարաժամկետ նպատակների մեջ է մտնում ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։

    Եվրամայդան, Արժանապատվության հեղափոխություն և Դոնբասի պատերազմ

    2009 թվականին Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու մասին։ 2010 թվականի փետրվարի 14-ին, Յանուկովիչն ընտրվեց Ուկրաինայի նախագահ։ 2013 թվականի նոյեմբերին նա հայտարարեց, որ «Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման» և «Ռուսաստանի Դաշնության հետ արտադրության և առևտրատնտեսական հարաբերությունների կորցրած ծավալների վերականգնման նպատակով» չի ստորագրի Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը՝ փոխարենը նախընտրելով առավել սերտ կապեր հաստատել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ[29]։ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման վրա ճնշում էր գործադրել Ռուսաստանը։ Ի պատասխան կառավարության՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների կասեցման, քաղաքացիական բնակչության շրջանում ինքնաբուխ բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնք հետագայում ստացան Եվրամայդան անվանումը։ Ժամանակի ընթացքում բողոքի ցույցերն առավել զանգվածային բնույթ ստացան՝ ձեռք բերելով հականախագահական և հակակառավարական բնույթ։ Մայդանական շարժումը նաև մեղադրում էր կառավարությանը կոռուպցիայի, աղքատության, ոստիկանական բռնությունների և ազգային շահերին դավաճանության մեջ[30][31]։ 2014 թվականի փետրվարին Կիևի կենտրոնում ցուցարարների և «Բերկուտ» ոստիկանական հատուկ ջոկատի միջև բախումների հետևանքով զոհվեց 100 ցուցարար և 13 ոստիկան․ զոհերի մեծ մասը սպանվել էին ոստիկանական դիպուկահարներից[32]։ 2014 թվականի փետրվարի 21-ին Յանուկովիչը խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ միասին ստորագրեց քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր, որով նախատեսվում էր ձևավորել ժամանակավոր կառավարություն և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Հաջորդ օրը Յանուկովիչը փախավ Կիևից, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայից, որից հետո խորհրդարանը քվեարկեց նրան պաշտոնանկ անելու օգտին։ Այնուամենայնիվ, ռուսախոս արևելյան Ուկրաինայի շրջանների առաջնորդները շարունակեցին սատարել Յանուկովիչին, ինչից հետո այդ շրջաններում պրոռուսական բնույթի զանգվածային անկարգություններ բռնկվեցին։

    Անկարգություններին հաջորդեցին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին (2014 թվականի մարտ) և Դոնբասում բռնկված պատերազմը (2014 թվականի ապրիլ), Ռուսաստանի աջակցությունը վայելող երկու անջատողական քվազիպետությունների՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ձևավորմամբ։ Հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավված էին նաև ռուսական զորքերը։ 2014 թվականի սեպտեմբերին ստորագրվեցին Մինսկի համաձայնագրերը՝ 2015 թվականի փետրվարին մարտերը դադարեցնելու նպատակով։ Առաջացան տարաձայնություններ Ռուսաստանի դերակատարման շուրջ։ Այսպես կոչված «Նորմանդական քառյակի» անդամներ Ֆրանսիան, Գերմանիան և Ուկրաինան Մինսկը տեսնում էին որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն, մինչդեռ Ռուսաստանը պնդում էր, որ Ուկրաինան պետք է ուղղակիորեն բանակցեր երկու ինքնահռչակ հանրապետությունների հետ[33]։

    Ռուս-ուկրաինական ճգնաժամ

    Ռուսաստանի հարձակման անիմացիոն քարտեզ
    __. — Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ
    __. — Ուկրաինայի տարածքներ, որոնք վերահսկվում են Ռուսաստանի, ԴԺՀ և ԼԺՀ կողմից մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը
    __. — Ուկրաինայի տարածքներ, որոնց նկատմամբ հսկողություն է սահմանվել Ռուսաստանի, ԴԺՀ և ԼԺՀ կողմից 2022 թվականի փետրվարի 24-ից հետո
    __. — Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքներ
     — Ռուսաստանի, ԴԺՀ և ԼԺՀ զորքերի առաջխաղացման ուղղությունը
     — Ուկրաինայի զորքերի առաջխաղացումը

    Լարվածության աճ (մարտ, 2021 - փետրվար, 2022)

    2021 թվականի մարտից մինչև ապրիլ Ռուսաստանը ռուս-ուկրաինական սահմանի մոտ սկսեց մեծածավալ զորամիավորումներ կուտակել[34]։ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը շարունակվեց կուտակումների երկրորդ ալիքը, որի ժամանակ առանձին խոշոր զորախումբ տեղակայվեց նաև Բելառուսում[35], որը բացատրվում էր Ռուս-բելառուսական միութենական պետության արձագանքման ուժերի զորավարժություններով[36]։ Զարգացումների ժամանակ ռուսական կողմը պնդում էր, որ չի պատրաստվում որևէ կերպ հարձակվել Ուկրաինայի վրա, ավելացնելով որ այդպիսի ասեկոսեներ տարածում էին պաշտոնական Կիևը և Արևմուտքը[35]։

    Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ում տեսակետով Արևմուտքը տարիներ շարունակ չհայտարարված պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, առանցքային դերակատարում ունեցավ 2021 թվականի մայիսին հրապարակված ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության թարմացված փաստաթղթի[37] կազմման հարցում։ Թարմացված փաստաթղթում նշվում էր, որ Ռուսաստանը կարող է դիմել «ուժային մեթոդների»՝ իր երկրի «ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնող թշնամական գործողությունները խափանելու կամ կանխելու» համար։

    2021 թվականի դեկտեմբերի սկզբին, ռուսական կողմի հերքումներից հետո, Միացյալ Նահանգները հրապարակեց ռուսական ստորաբաժանումների ներխուժման պլանների վերաբերյալ հետախուզական տվյալներ, ներառյալ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորախմբերի և զինտեխնիկայի տեխաշարժն ու կուտակումները[38]։ Ըստ հրապարակված տվյալների, լայնածավալ հարձակվողական գործողությունների շրջանակում նախատեսվում էր նաև մի շարք անձանց սպանություն կամ չեզոքացում[39]։ Հետագայում հրապարկված զեկույցները նույնպես ճշգրտորեն կանխատեսում էին ներխուժման ծրագրերը[39]։

    Ռուսական կողմի պահանջներ

    Ներխուժմանը նախորդող ամիսներին ռուս պաշտոնյաներն ուկրաինական կողմին մեղադրում էին լարվածություն հրահրելու, ռուսատյացություն սերմանելու և Ուկրաինայում ռուսախոս բնակչության նկատմամբ բռնաճնշումներ իրագործելու մեջ։ Բացի այդ, ռուսական կողմը նաև անվտանգության բազմաթիվ պահանջներ սկսեց ներկայացնել Ուկրաինային, ՆԱՏՕ-ին և վերջինիս անդամ չհանդիսացող ԵՄ դաշնակիցներին։ Մեկնաբանների և արևմտյան պաշտոնյաների կողմից այս գործողությունները որակվեցին որպես պատերազմն արդարացնելու փորձեր։ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին, իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «ռուսաֆոբիան առաջին քայլն է դեպի ցեղասպանություն» և այն ամենն, ինչ տեղի էր ունենում Դոնբասում, ցեղասպանություն էր հիշեցնում[40][41]։ Պուտինի պնդումները մերժվեցին միջազգային հանրության կողմից[42], իսկ ցեղասպանության մասին ռուսական կողմի պնդումները լայնապես անհիմն որակվեցին[43][44][45]։ Ցեղասպանության և նացիզմի գիտնական-փորձագետները գտնում էին, որ Պուտինը խիստ չարաշահում էր «ցեղասպանություն» եզրույթը, և նրա պնդումները «փաստացիորեն սխալ են»[46][47][48]։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման ժամկետներից մեկը փորձագետները համարում էին փետրվարի 16-ը, ուստի իր որոշմամբ այդ ամսաթիվը ճանաչվել որպես «Ուկրաինայի ազգային միասնության օր»[49]։

    2022 թվականի փետրվարի 21-ին, Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացրեց։ Տեսաուղերձում[50] Պուտինը մեղադրանքներ հնչեցրեց Արևմուտքի և Ուկրաինայի հասցեին՝ ավելացնելով, որ վերջինս «երբեք իրական պետականություն չի ունեցել»[51] և անճշտորեն պնդեց, ժամանակակից Ուկրաինան լիովին ու ամբողջությամբ ստեղծվել է Խորհրդային Ռուսաստանի կողմից[52]։ Պուտինը մեղադրում էր Ուկրաինայի հասարակությանը և ղեկավարությանը նեոնացիզմով տառապելու մեջ՝ վկայակոչելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ուկրաինայում կոլլաբորացիոնիզմի դրսևորումները և կրկնելով ազգայնական հակասեմական այն դավադրության տեսությունը, ոստ որի Երրորդ ռայխի «ճշմարիտ» զոհերը ոչ թե հրեաներն էին, այլ ռուս քրիստոնեաները։ Չնայած Ուկրաինայում գործում են ծայրահեղ աջական խմբավորումներ (օրինակ՝ «Ազովի» գումարտակը, ազգայնական քաղաքական շրջանակները), փորձագետները Պուտինի՝ ծայրահեղ աջ խմբերի լայն ազդեցության հռետորաբանությունը որակել են որպես խիստ ուռճացում, նշելով որ տվյալ զանգվածի գաղափարախոսությանը երկրի իշխանական, ռազմական և ընտրազանգվածային շրջանակներում համատարած աջակցություն չի վայելում։ Ընտրություններում ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին սովորաբար չէր հաջողվում հաղթահարել նվազագույն շեմը[53] Ուկրաինայի ազգությամբ հրեա նախագահ Զելենսկին իր հերթին առարկում էր Պուտինի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր պապը ծառայել է խորհրդային բանակում և կռվել ֆաշիստական ուժերի դեմ։ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանը և Հոլոքոստի հիշատակի համաշխարհային կենտրոն Յադ Վաշեմը նույնպես դատապարտեցին Պուտինի կողմից Հոլոքոստի պատմության չարաշահումը և քարոզչության նպատակով նացիստական գաղափարախոսության հետ համեմատությունների օգտագործումը[54][55]։

    Զինուժի հաջորդ կուտակումների ժամանակ Ռուսաստանը պահանջներ ներկայացրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, այդ թվում առաջ քաշելով օրինականորեն պարտավորեցնող պայմանավորվածություն, որով Ուկրաինային երբևէ թույլ չէր տրվելու միանալ ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական սահմաններից հեռացվելու էին միջազգային զորամիավորումները։ Արևմտյան պաշտոնյաներն անընդունելի համարեցին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալն արգելող պաշտոնական պայմանագրի պահանջը, քանի որ դա կհակասեր տվյալ կառույցի «բաց դռների» քաղաքականությանը, թեև ՆԱՏՕ-ն դեռևս ցանկություն չէր արտահայտում Ուկրաինային իր կազմում տեսնելու համար[56]։

    Արձագանք

    • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունն ու դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։
    •  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է։
    • Եվրամիությունը սկսել է կասեցնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը։
    •  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների պատճառով[57]։
    • Ռուսաստանը մինչև մարտի 2-ը փակել է հետևյալ քաղաքների օդանավակայանները՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Անապա, Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Օրել, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ[58]։

    Տես նաև

    Ծանոթագրություններ

    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա (2022-այժմ)» հոդվածին։