Ատակամա (անապատ)
- Այս հոդվածը անապատի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ատակամա (այլ կիրառումներ)։
Ատակամա (իսպ.՝ Desierto de Atacama) անապատ Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, Չիլիի տարածքում (22° և 27° հվ.լ. մեջ տեղը)։
Ատակամա | |
---|---|
Տեսակ | անապատ և WWF ecoregion? |
Երկիր | Չիլի |
ԲԾՄ | 2657 մետր |
Մակերես | 105 000 կմ² |
Մասն է | Pacific desert? |
Պերուական հոսանքը սառեցնում է մթնոլորտի ներքևի շերտերը և ստեղծում է ջերմաստիճանային ինվերսիա, որը խանգարում է տեղումների տարածմանը (քիչ քան 50 մմ տարին)։ Ատակաման աշխարհի ամենաչոր անապատն է (վերջին 400 տարիների ընթացքում այստեղ նկատելի տեղումներ չեն գրանցվել)[1][2][3]։ Կան աղբորակի, բորակի, յոդի, կերակրի աղի և պղնձի հանքեր։
Հունվարի միջին ջերմաստիճանը ափամերձ շրջաններում 19—20 °C է, հուլիսին՝ 13—14 °C: Ձմռանը անապատի որոշ շրջաններում հաճախակի են լինում մառախուղներ, օդի խոնավությունը բարձր է։ Բուսականություն հազվադեպ է հանդիպում կամ գրեթե բացակայում է. երբեմն հանդիպում են կակտուսներ և թփեր։ Կենդանական աշխարհը աղքատիկ է, բայց մերձափնյա ժայռերում հանդիպում են ձկներով կերակրվող թռչունների գաղութներ։ Անապատի եզրին՝ Խաղաղ օվկիանոսի ափին, գտնվում են Չիլիի խոշորագույն երկու նավահանգիստները՝ Արիկան և Իկեկեն։
Ամենաչոր անապատ
Ատակամա անապատը Երկրի ամենաչոր անապատն է։ Այն գտնվում է Հարավային Ամերիկայում՝ Չիլիի հյուսիսում. արևմուտքից սահմանակցում է Խաղաղ օվկիանոսին, հյուսիսից՝ Պերուին, արևմուտքից՝ Բոլիվիային և Արգենտինային։Անապատի որոշ վայրերում անձրև տեղում է մի քանի տարին մեկ։ Տեղումների միջին քանակը Չիլիի Անտոֆագաստի շրջանում կազմում է տարին 1 մմ։ Մի քանի մետեոկայաններում երբեք անձրև չի գրանցվել։ Կան փաստեր, որ Ատակամայում էական տեղումներ չեն գրանցվել 1570 - 1971 թվականներին։ Այս անապատում գրանցվել է օդի ամենացածր խոնավությունը՝ 0%:Լեռները (բարձրությունը՝ մինչև 6885մ) ընդհանրապես չեն սառցակալում և հարավային մասում՝ հ. լ. 25° - 27° սառույցով չեն ծածկվել չորրորդական շրջանի ողջ ընթացքում, չնայած հավերժական սառցադաշտեր հանդիպում են մինչև 4400մ բարձրությունում և մշտական են 5500 մ-ից սկսած։ Ըստ բրիտանացի գիտնականների հետազոտությունների՝ գետերի հուները 120 000 տարվա ընթացքում այստեղ չոր են։Այնուամենայնիվ, 2010 թվականի մայիսի 19-ին Ատակամա անապատում բնության անոմալ երևույթ է գրանցվել. ձյուն է տեղացել, և ձյան ծածկույթ է դիտարկվել մի քանի քաղաքներում։ Ժամանակավորապես դադարեցվել է ամենամեծ աստղադիտարաններից մեկի աշխատանքը, խաթարվել է ճանապարհային երթևեկությունը և էներգամատակարարումը։
Բուսականություն
Ջրային ժամանակավոր հոսանքների հուների մոտ առաջացել են օազիսներ։ Տվյալ դեպքում դրանք նեղ անտառաշերտեր են, որոնք կոչվել են պատկերասրահային։ Նրանք կազմված են ակացիաների և կակտուսների մի քանի տեսակներից։ Անապատի հարթավայրային մասը գործնականում անկենդան է. հանդիպում են միայն քարաքոսեր, կապտականաչ ջրիմուռներ և մանր կակտուսներ։
Օգտակար հանածոներ
Անապատը հարուստ է պղնձի և այլ մետաղների հանքերով։ Այն նատրիումի նիտրատի բնական ամենամեծ աղբյուրն է, որն ակտիվորեն շահագործվել է մինչ 1940-ական թվականների սկիզբը։ Այդ պաշարների համար 19-րդ դարի սկզբից Բոլիվիան և Չիլին սահմանային վեճեր ունեն։
Ջուր
Ջուր հավաքելու համար տեղացիներն օգտագործում են այսպես կոչված «մառախուղաորսիչներ»։ Դրանք մարդկային հասակի գլաններ են, որոնց պատերը կազմված են նեյլոնային թելերից։ Մառախուղը խտանում է գլանի պատերին և նեյլոնային թելերով հոսում ներքև։ Այսպիսի սարքի միջոցով կարելի է հավաքել օրական 18լ ջուր։
Հետաքրքիր փաստեր
2003 թվականի հոկտեմբերին չիլիական Լա Նորիա (իսպ.՝ La Noria) լքված քաղաքում, որը գտնվում է Իկեկե քաղաքից մոտ 56 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է, այսպես կոչված, «Ատակամայի հումանոիդը»։ Ատակամայի «սիրտը» Լուսնի հովիտն է. այստեղ մակերևույթը նման է Լուսնի անկեդան մակերևույթին։ Լուսնի հովտի մի մասն էլ այսպես կոչված Մահվան հովիտն է, ուր անգամ մանրէներ չեն բնակվում։Տպավորություն է ստեղծվում, որ Ատակամայում ջուր չկա։ կա, բայց թաքնված է աղուտների տակ և հազվադեպ առաջացնում է փոքր լճեր։ Դրանցից միայն Միսկանտի լիճն է քաղցրահամ, որի շուրջ կյանքը եռում է, հանդիպում են ֆլամինգո և այլ ջրլող թռչուններ, աղվես, մկներ, վիկունյաներ, որ շատ նման են լամաների։Ատակամայում կան նաև մի քանի գործող հրաբուխներ` Լիկանկաբուր, Ակամարաչի, Ագուաս-Կալենտես, Լասկար, որոնց շուրջը տարածվում է Էլ-Տիտիո գեյզերների հովիտը։ Որոշ գեյզերներ եռացող ջուր են շատրվանում։
Պատկերասրահ
Լուսնի հովիտ Ատակամա անապատ Սան Պեդրո դե Ատակամայի շրջան, Միսկանտի ծովածոց, ծովի մակարդակից4200 մ Լամաները Ատակամա անապատում Սալար դե Մարիկունգա չոր լիճը, Նևադո Տրես Կրուսեսի ազգային պարկ Անապատի ձեռքը եկեղեցին անապատում Ֆլամինգոներ Ատակամա անապատում
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 650)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատակամա (անապատ)» հոդվածին։ |