Քրդեր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուրդ (այլ կիրառումներ)

Քրդեր (քրդ.՝ کورد, Քուրդ) իրանալեզու ժողովուրդ, որը բնակվում է հիմնականում Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զրկվելով քրիստոնյա հայ և ասորի բնակչությունից՝ լեռնային ընդարձակ տարածքներ բնակեցվում են բացառապես քոչվոր և կիսաքոչվոր քրդերով, ուստի քրդաբնակ դարձած տարածքները հայտնի են դառնում որպես «Քուրդիստան»։ Այն ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան[16][17]։ 21-րդ դարի սկզբին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում բնակվողների թիվը մոտենում էր 50 հազարի։ Քրդեր բնակվում են նաև Փոքրասիական բարձրավանդակում և Խորասանում։ Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյան Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում։ 20-րդ դարի վերջին տասնամյակներից, պայմանավորված հիմնականում թուրքերի՝ Արևմտյան Եվրոպա արտագաղթով, ստեղծվել և արագորեն ստվարացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Անգլիայի, Բելգիայի և Սկանդինավյան երկրների քրդաբնակ գաղութները։ Թվով քրդերի քանակը հաշվվում են մինչև 60 միլիոն[18][19]։

Քրդեր
Քրդերի դրոշը
Ընդհանուր քանակ

60,000,000

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա30,000,000[1]
Իրաք Իրաք8,500,000[2]
Իրան Իրան13,000,000[3][4]
Սիրիա Սիրիա4,500,000[5][6]
Գերմանիա Գերմանիա1,700,000[7]
Ֆրանսիա Ֆրանսիա650,000[8]
Շվեդիա Շվեդիա110,000[9]
Լիբանան Լիբանան180,000[10]
Հորդանան Հորդանան100,000[11]
Նիդերլանդներ Նիդերլանդներ100,000[12]
Բելգիա Բելգիա105,000[13]
Ռուսաստան Ռուսաստան150,000[14]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն200,000
Ղազախստան Ղազախստան150,000[15]
Լեզու(ներ)
Քրդերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ, Եզդիներ

Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին[20][21][22]։ Քրդերի մեծամասնությունը իսլամադավան է՝ սուննիական (շաֆիական), մասամբ նաև՝ շիական։ Թուրքիայի և Իրանի որոշ գավառներում ապրում են նաև այլադավան քրդեր, որոնք հանդիսանում են ալևիականության, Երսանիզմի, Եզդիականության, զրադաշտականության և Քրիստոնեության հետևորդներ։

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով։ Սակայն խոստումը չկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները՝ թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում[23]։

Ծագում ու պատմություն

Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը (Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են 12- դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վաչկատուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (16-րդ դար) հետո։

Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քրդստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։

Քրդերի բաժանում

Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջիներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։

Քրդերի համայնքներ

Թուրքիա

Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ Թուրքիայի քուրդ բնակչությունը կազմում է 18% -ից[24] 25%[25]: Այնուամենայնիվ, քրդախոսների թիվը շատ ավելի ցածր է՝ կապված քրդերենը ճնշելու և հասարակական տարածքներում արգելելու թուրքական պետության կողմից իրականացվող համակարգային քաղաքականության հետ։ 1994 թ. առաջին քուրդ կին պատգամավոր, Ամեդ (Դիարբեքիր) քաղաքի ներկայացուցիչ Լեյլա Զանայի խորհրդարանական երդման արարողության ժամանակ Թուրքիայում մեծ սկանդալ առաջացավ այն պատճառով, որ Զանան պատգամավորական երդման իր խոսքը ավարտեց հետևյալ եզրույթով քրդերեն լեզվով՝ «Ես տալիս եմ այս երդումը հանուն թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրության»։ Այս ելույթը դարձավ նրա ձերբակալության հիմնական պատճառը։

1970-ականներից ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց Թուրքիայի կողմից կատարած մարդու իրավունքների հազարավոր ոտնահարումներ, այդ թվում՝ քուրդ քաղաքացիական անձանց արտադատական սպանություններ, խոշտանգումներ և քրդաբնակ գյուղերի մասսայական ոչնչացում։ [1]

Իրան

Արևելյան Քուրդիստանը (Ռոժհելաթ) գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի Քուրդիստան նահանգից բացի, մեծամասնություն կամ մեծաքանակ քուրդ բնակչություն ունեցող տարածքները ներառում են Քրմաշան (Քերմանշահ) նահանգը, Արևմտյան Ադրբեջանի նահանգը, Իլամ նահանգը և Լորեստան նահանգի որոշ մասեր։ Մի շարք պատմական քուրդ տոհմեր և վաղ պետություններ կապված էին Արևելյան Քուրդիստանի հետ։ X դարից XII դար, այս շրջանում իշխում էին երկու քուրդ տոհմեր՝ Հեսենեվեյհյանները (959–1015 թթ.) և Անազյանները (990–1117 թթ.): Արդալան պետությունը ստեղծվել է XIV դ. սկզբին։ Կարճատև կյանք ունեցած Մեհաբադի Հանրապետությունը նույնպես գտնվում էր Արևելյան Քուրդիստանում։

Իրաք

Քրդերը կազմում են Իրաքի բնակչության մոտավորապես 17% -ը։ Դրանք մեծամասնությունն են հյուսիսային Իրաքի առնվազն երեք նահանգներում, որոնք միասին հայտնի են որպես Հարավային Քուրդիստան։

1980-ականների Իրան֊իրաքյան պատերազմի ընթացքում Սադդամ Հուսեյնի ռեժիմը վարեց հակաքրդական քաղաքականություն և 1986-1989 թթ. իրականացրեց ցեղասպանություն, որը հայտնի է Անֆալ անվանունով։ Անֆալի ընթացքում սպանվել է 182,000 քուրդ քաղաքացիական անձ։

1992 թ. մայիսին ստեղծվեց Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը։

Սիրիա

Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության 9% -ը։ 2013 թ.-ին սկսվեց Ռոժավայի հեղափոխությունը, որի արդյունքում ստեղծվեց Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնակառավարությունը՝ կառուցվածքային մարմինը, որը կառավարում է Հյուսիսային և Արևելյան Սիրիայի տարածքաշրջանը։ Ինքնակառավարությունը կազմված է բազմավոր կոալիցիաներից, կուսակցություններից և կազմակերպություններից, ներկայացնելով հասարակության բոլոր մասերը։ Այն նվիրված է Հյուսիսային և Արևելյան Սիրիայի բոլոր բնակիչների, անկախ սեռից, կրոնից, ցեղից, ազգային ծագումից կամ ազգից, իրավունքներ առաջ տանելուն ու պաշտպանելուն։

2018 թ. սկզբին Աֆրինում տեղի ունեցած թուրքական ռազմական ներխուժման արդյունքում քրդաբնակ Աֆրինի մարզը գրավվել է Թուրքիայի զինված ուժերի և Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման կողմից։ Թուրքիայի միջամտության պատճառով տեղահանվել է 150,000-ից 200,000 հոգի։

2019 թ. հոկտեմբերին Թուրքիան և Սիրիայի ժամանակավոր կառավարությունը սկսեցին հարձակումը Սիրիայի քրդաբնակ շրջանների վրա՝ դրդելով փախչել շուրջ 100,000 խաղաղ բնակիչների։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ձևավորված Սիրիայի Արաբական Հանրապետությունում անկախ ուսումնասիրման հանձնաժողովը իր 2020 թ. զեկույցում մեղադրում է Թուրքիային ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների ոտնահարումներ կատարելու համար։

Վիճակագրություն

Ամենաշատ քուրդ բնակչություն ունեցող 10 երկրները
ԵրկիրՔուրդ բնակչություն
 Թուրքիա
20 000 000
 Իրան
12 000 000
 Իրաք
8 500 000
 Սիրիա
3 600 000
 Գերմանիա
1 500 000
 Ադրբեջան
180 000
 Ֆրանսիա
150 000
 Նիդերլանդներ
100 000
 Շվեդիա
83 600
 Ռուսաստան
63 818

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։