Բիլլի Այլիշ

Բիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել (անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell[5], դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և երգերի հեղինակ[6]։ Առաջին անգամ մեդիա ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականին իր «Ocean Eyes» երգը «SoundCloud»-ում հրապարակելուց հետո։ Այն հետագայում թողարկվել է «Interscope Records»-ի «Darkroom» դուստր լեյբլում։ Երգի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայր Ֆինիսն էր, ում հետ Այլիշը համագործակցում է ինչպես երաժշտությունում, այնպես էլ կենդանի շոուներում։ Բիլլիի առաջին՝ «Don't Smile at Me» մինի ալբոմը (2017) ընդգրկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի թոփ 15-ում[7]։

Բիլլի Այլիշ
Այլիշը 2019 iHeartRadio Music Awards-ում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell
Ի ծնե անունԲիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել
Ծնվել էդեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3] (22 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
Երգչաձայնսոպրանո[4]
Գործիքներ
Գործունեություն2015-այժմ
Լեյբլ
Կապված
ՊարգևներԱմբողջական ցանկ
Կայքbillieeilish.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Billie Eilish Վիքիպահեստում

Այլիշի դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը (2019) գլխավորել է Billboard 200 չարթը և դարձել է 2019 թվականի ԱՄՆ-ում ամենահաջող ալբոմը[8]։ Այն նաև զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ընդգրկված 6 սինգլներ․ «When the Party's Over», «Bury a Friend», «Wish You Were Gay», «Xanny», «Everything I Wanted» և «Bad Guy», որոնցից վերջինը դարձել է ամերիկյան չարթը գլխավորած նրա առաջին սինգլը։ 2020 թվականին Այլիշը թողարկել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի սաունդթրեքը՝ «No Time to Die»-ը, որը գլխավորել է բրիտանական չարթը։

Նրա մրցանակների շարքում են 5 Գրեմմի, 2 American Music Awards, 2 Գինեսի ռեկորդներ, 3 MTV Video Music Awards, 1 Brit Awards և 1 Oscar: Այլիշը 21րդ դարում ծնված առաջին «Օսկար» ստացած արտիստն է։ Այլիշը Գրեմմիի պատմության մեջ ամենաերիտասարդ և երկրորդ երաժիշտն է, որը նույն տարում կարողացել է հաղթել Գրեմմի մրցանակաբաշխության բոլոր չորս գլխավոր անվանակարգերում («Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»)։ 2019 թվականին Թայմն Այլիշին ներառել է իր՝ «Time 100 NEXT» ցանկում[9]։

Կյանք

Այլիշը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[10]՝ դերասաններ և երաժիշտներ Մեգի Բեյրդի և Պատրիկ Օ'Քոնելի ընտանիքում[11][12][13][14]։ Նա իռլանդական և շոտլանդական արմատներ ունի[15][16]։ Այլիշը ծնվել է արտամարմնային բեղմնավորման միջոցով[17]։ Նա մեծացել է Լոս Անջելեսի Highland Park համայնքում[18][19]։ Բիլլին տնային կրթություն է ստացել, նրա մայրը երգեր գրելու հիմունքներ էր դասավանդում ինչպես իրեն, այդպես էլ Ֆինիսին[20]։ Այլիշը և Ֆինիսը միասին աշխատում էին որոշ երաժշտության վրա այն ժամանակ, երբ Ֆինիսը գրում և պրոդյուսերավորում էր իր սեփական երգերն իր խմբի հետ[14]։ Այլիշն անվանել է եղբորը և մորն իր երաժշտության համար ոգեշնչման աղբյուրներ[21]։ Նրանց ծնողները ներշնչում էին իրենց երեխաներին արտահայտվել և ուսումնասիրել ամեն ինչ, ինչ ցանկանում են, ներառյալ արվեստը և դերասանական վարպետությունը[13][20]։ Այլիշը գրել է իր առաջին «իրական» երգը 11 տարեկանում՝ իր մոր երգերի հեղինակության դասին։ Երգը զոմբի ապոկալիպսիսի մասին է։ Նա ներշնչվել է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալից, որտեղից նա տարբեր տողեր և սերիաների անվանումներ էր վերցնում և ընդգրկում երգում[21][22]։ Այլիշը մասնակցել է մի քանի դերասանական լսումների, որոնք չի հավանել։ Սակայն, նա հաճույք էր ստանում, ձայնագրելով աննշան երկխոսություններ և աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռամոնա և Բիզուս»-ը, «Իքս մարդիկ»-ը և «Թույլակի օրագիր»-ը[20]։ Նա ելույթ է ունեցել տաղանդների շոուում և միացել Լոս Անջելեսի երեխաների երգչախմբին 8 տարեկան հասակում[20]։ Իր խոսքով՝ ամենամոտ ընկերն է հայտնի տիկտոկեր Բուլլ Դոգգովը։

Կարիերա

2015-2017․ «Don't Smile at Me»

Այլիշի ելույթը 2017 թվականի օգոստոսին։

2015 թվականի հոկտեմբերին, Այլիշը ձայնագրել է «Ocean Eyes» երգը, որի հեղինակը և պրոդյուսերը Ֆինիսն էր։ Վերջինս ի սկզբանե գրում էր երգն իր խմբի համար, սակայն, Բիլլիի պարերի ուսուցիչը խնդրել է նրանց երգ ձայնագրել պարերի համար։ Նրանք թողարկել են երգը SoundCloud-ում, ինչպես արդեն արել էին որոշ ձայնագրած երգերի հետ[23][24]։ Եվ ձայնագրությունը, և Այլիշը բարձր գնահատականներ և գովազդ են ստացել տարբեր մեդիա գործիչների կողմից, ներառյալ ռադիոկայանները և երաժշտական տարբեր անձանց, օրինակ․ Beats 1-ի, KCRW-ի, BBC One-ի, Զեյն Լոուիի, Ջեյսոն Քրամերի, Էնի Մաքի և Քրիս Դուրիդասի կողմից[28]։

Ֆինիսի մենեջերը քննարկել է վերջինիս հետ Այլիշի պոտենցիալը «Ocean Eyes» երգից հետո[29]։ Ֆինիսի կողմից համաձայնությամբ Apple Music-ը պայմանագիր է կնքել Այլիշի և A&R-ի Platoon ընկերության հետ, որն օգնում է պատրաստել արտիստներին ավելի խոշոր լեյբլերի հետ աշխատելու համար։ Այլիշն այն ժամանակ կապ է հաստատել Chanel նորաձևության ընկերության և ոճաբանի հետ, որոնք օգնել են նրան կազմել իր իմիջը։

«Ocean Eyes»-ի համար երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի մարտին։ 2016 թվականի օգոստոսին Այլիշը պայմանագիր է կնքել The Darkroom ձայնագրման լեյբլի հետ, որն Interscope Records-ի դուստր ընկերությունն էր։ Ջասթին Լաբլիները, որն Այլիշին ստորագրել է The Darkroom-ի հետ, զարգացրել է նրան որպես արտիստի, ոգեշնչվելով հիփ հոփ արտիստներ Թրևիս Սքոթի և Chance the Rapper-ի ոճերով՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն սինգլներին, այլ նաև կենտրոնանալով «անձ և առանձին էսթետիկա» ստեղծելու վրա[30]։

«Ocean Eyes»-ի պարային տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերին, և երգը վերաթողարկվել է ամբողջ աշխարհում Darkroom-ով և Interscope-ով[31]։ Նույն թվականին Այլիշը նաև թողարկել է «Six Feet Under» սինգլը, որի պրեմիերան կայացել է Apple Music-ի Beats 1 ռադիո շոուի ժամանակ[24][32]։ Ocean Eyes»-ը պլատինե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից 2018 թվականի սեպտեմբերին[33] և 2019 թվականի մայիսին 84-րդ հորիզոնականը զբաղեցրել Billboard Hot 100-ում[34]։

2017 թվականի հունվարի 14-ին Այլիշը թողարկել է մինի ալբոմ «Ocean Eyes»-ի 4 ռեմիքսներով[35]։ «Ocean Eyes»-ի ռեմիքսների հաջողությունից հետո Այլիշը 2017 թվականի փետրվարի 24-ին թողարկել է «Bellyache» սինգլը[36]։ Դրա տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մարտին։ Նույն ամսին, Այլիշը թողարկել է «Bored» թրեքը՝ որպես Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի սաունդթրեքի մի մաս[37]։ Մարտին, Apple Music-ի շնորհիվ Այլիշը հայտնվել է South by Southwest երաժշտական փառատոնին[25]։ 2017 թվականի հունիսին նա թողարկել է «Watch» սինգլը[38], որին 2017 թվականի հուլիսին հետևել է «Copycat» սինգլը։ Դրա հետ մեկտեղ հայտարարվել է Այլիշի դեբյուտային մինի ալբոմի՝ «Don't Smile at Me»-ի, թողարկման մասին[39]։ Հուլիսի ամեն ուրբաթ թողարկվում էր մինի ալբոմից մեկ նոր սինգլ։ Այդ սինգլների թվում են «Idontwannabeyouanymore»-ն և «My Boy»-ը, որոնք RIAA-ի կողմից ոսկե են հավաստագրվել։ «Don't Smile at Me»-ն թողարկվել է 2017 թվականի օգոստոսին[40]։ Մինի ալբոմն Այլիշին «լրջաբույս փոփ աստղից» դարձրել է «մուգ փոփ արտիստ»։

Այլիշի թիմն աշխատել է Spotify-ի հետ, որն ավելացրել է նրան իր ամենահայտնի՝ «Today's Top Hits» փլեյլիստը։ The Baffler-ը նկարագրել է Այլիշի ձայնը որպես «սթրիմբայթ» ժանրում տեղավորվող և կազմված մեծամասամբ «միջին տեմպով, մելանխոլիկ փոփից», որը ոգեշնչվել է Լանա Դել Ռեյից, որի «երգելու ոճը, մռայլությունը և հիփ հոփից ներշնչված արտադրությունը» էսթետիկ է թվում[41]։ Այլիշի առևտրային հաջողությունը բացատրվում է նրա համագործակցությամբ Spotify-ի հետ։ 2017 թվականի սեպտեմբերին Apple Music-ն անվանել է Այլիշին իր Up Next արտիստ, որին հաջորդել են կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, մինի ալբոմի կենդանի սեսիաներ և Beats 1 ռադիոկայացում Զեյն Լոուիի հետ հարցազրույց[42]։ Նույն ամսին թողարկվել է «Up Next Session: Billie Eilish» կենդանի ձայնագրությամբ մինի ալբոմը։ 2017 դեկտեմբերին Այլիշը թողարկել է «&Burn» անվանմամբ իր համագործակցությունն ամերիկացի ռեփեր Վինս Սթեյփլզի հետ, որը մինի ալբոմի լայն տարբերակում թողարկված «Watch» երգի ռեմիքսն էր[43]։

2018-ներկա․ «When We All Fall Asleep, Where Do We Go?»

2018 թվականի փետրվարին Այլիշը հայտարարել է Where's My Mind շրջագայության մասին, որն ավարտվել է 2018 թվականի ապրիլին[44]։ Record Store Day 2018-ի համար Այլիշը թողարկել է 7" վինիլ՝ իր «Party Favor» երգի ակուստիկ տարբերակով և Դրեյքի «Hotline Bling»-ի ակուստիկ քավերով[45]։ Նա համագործակցել է ամերիկացի երգիչ Քալիդի հետ «Lovely» սինգլում, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլին և ներառվել է «13 պատճառ՝ ինչու»-ի սաունդթրեքում[46]։ «Lovely»-ն պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում[47]։ Նա նաև թողարկել է «Bitches Broken Hearts» և «You Should See Me in a Crown» երգերը[48], որոնցից վերջինը ներառվել է FIFA 19 տեսախաղի սաունդթրեքում։ 2018 թվականի հուլիսին Այլիշը հանդես է եկել Mo Pop Festival-ում[49]։ 2018 թվականի հոկտեմբերին նա թողարկել է «When the Party's Over» սինգլը[50] և պայմանագիր է կնքել Next Management նորաձևության ընկերության հետ հետագա համագործակցությունների համար[51][52]։ Նա տեղադրվել է Ֆորբսի «30 Under 30» ցանկում նույն տարվա նոյեմբերին[53][54] և թողարկել է «Come Out and Play» սինգլը, որը գրված էր Apple-ի արձակուրթային թեմայով գովազդի համար[55]։

2019 թվականի հունվարի վերջին Այլիշի «Don't Smile at Me» մինի ալբոմը 1 միլիարդ սթրիմներ է հավաքել Spotify-ում՝ դարձնելով նրան ամենաերիտասարդ արտիստը, որը կարողացել է հասնել այդ քանակին։ Նույն ամսին Այլիշը թողարկել է «Bury a Friend» երգը որպես սպասվող դեբյուտային ալբոմի՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?»-ի երրորդ սինգլ[56][57]։ Դրա հետ մեկտեղ թողարկվել է նաև «When I Was Older» սինգլը, որը ներշնչվել է 2018 թվականի Ռոմա ֆիլմից։ Այն հայտնվել է «Music Inspired by the Film Roma» հավաքածու ալբոմում[58][59]։ «Bury a Friend»-ը զբաղեցրել է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականը։ Փետրվարին, Այլիշը համագործակցել է ՅուԹյուբի հետ «Գրություն Բիլլիի գլխում» վավերագրական մինի սերիալի համար[60][61]։ Ալբոմի չորրորդ սինգլը՝ «Wish You Were Gay»-ը, թողարկվել է 2019 թվականի մարտի 4-ին[62] և դեբյուտել է ԱՄՆ-ի չարթի 31-րդ հորիզոնականին՝ պլատինե հավաստագրվելով RIAA-ի կողմից[63]։

Այլիշի ելույթը Pukkelpop-ում 2019 թվականին

«When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմը թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին[60][64]։ Լոս Անջելեսում Spotify-ն «ալբոմի հետ աշխատելու լայն հնարավորություններ» է ծավալել, որոնք ներառում էին տարբեր ստեղծագործական աշխատանքներ ամեն մի թրեքի վրա[60]։ Ալբոմը գլխավորել է Billboard 200, UK Albums Chart չարթերը և դարձրել է Այլիշին 2000-ական թվականներին ծնված առաջին արտիստը, որի ալբոմն ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցրել, և երբևիցե ամենաերիտասարդ արտիստուհին, որի ալմոբն առաջին տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում[65][66]։ Ալբոմի թողարկումից հետո Այլիշը ռեկորդ է սահմանել․ նա միակ կին արտիստն էր, որի 14 երգերը ընդգրկվել են Hot 100 չարթում[67]։ Ալբոմի հինգերորդ՝ «Bad Guy» սինգլը թողարկվել է ալբոմի հետ համատեղ։ Երգի ռեմիքսը Ջասթին Բիբերի մասնակցությամբ թողարկվել է 2019 թվականի հուլիսին[68][69]։ Օգոստոսին «Bad Guy»-ը գլխավորել է ԱՄՆ-ի չարթը՝ երկրորդ հորիզոնական տեղափոխելով Լիլ Նաս Էքսի «Old Town Road»-ը, որը ռեկորդային 19 շաբաթ շարունակ գլխավորում էր այս չարթը[70][71]։ Այլիշը 2000-ական թվականներին ծնված միակ և Լորդից («Royals» երգով) ի վեր ամենաերիտասարդ արտիստն, որը համար մեկ սինգլ ունի[72]։

Այլիշը սկսել է իր When We All Fall Asleep շրջագայությունը 2019 թվականի ապրիլին՝ Կոաչելլա փառատոնում[73]։ Շրջագայության ավարտը նախատեսվել է 2019 թվականի նոյեմբերի 17-ին Մեխիկոյում։ 2019 թվականի օգոստոսին Այլիշը համագործակցել է Apple Music-ի հետ երաժշտական՝ «Remix Billie Eilish» աշխատարանի համար, որի ընթացքում նրա երկրպագուները կարող են վերստեղծել «You Should See Me In A Crown» երգը և սովորել ձայնագրել իրենց սեփական ռեմիքսները[74][75]։ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Այլիշը հայտարարել է Where Do We Go? World Tour-ի մասին իր ինստագրամյան կայքէջում[76]։ Շրջագայության սկիզբը նախատեսված էր 2020 թվականի մարտի 9-ին Մայամիում, իսկ ավարտը՝ 2020 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնում[77]։

2019 թվականի նոյեմբերի 13-ին Այլիշը թողարկել է իր հաջորդ՝ «Everything I Wanted» սինգլը[78]։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին նա առաջադրվել է 6 Գրեմմի մրցանակների՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում «Bad Guy» երգի համար, «Տարվա ալբոմ»՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի համար և «Լավագույն նոր արտիստ»։ 17 տարեկան հասակում նա դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որն առաջադրվել է 4 գլխավոր անվանակարգերում[79]։ Նույն ամսին Այլիշը Billboard-ի կողմից «Տարվա կին» է ճանաչվել[80]։ 2020 թվականի հունվարի 14-ին հայտարարվել է, որ Այլիշը կդառնա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի գլխավոր նույնանուն երգի կատարողը, որի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայրն էր[81]։ Այս հայտարարությամբ Այլիշը դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որը հանդես է գալու Ջեյմս Բոնդի համար երգով[82]։ Երգը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 13-ին[83]։ Կարճ ժամանակ անց այն դարձել երկրորդ Բոնդի երգը, որը գլխավորել է բրիտանական պաշտոնական չարթերը։ Այն նաև Այլիշի առաջին համար մեկ սինգլն էր Մեծ Բրիտանիայում[84]։

Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ Այլիշը դարձել է ամենաերիտասարդ արտիստը և առաջին կինը, որը նույն տարի կարողացել է արձանիկի արժանանալ բոլոր 4 հիմնական անվանակարգերում[85][86]։

COVID-19 պանդեմիայի ընթացքում Այլիշը և Օ'Քոնելը մասնակցել են ինչպես iHeart Media-յի Living Room Concert for America (անգլ. թարգմանաբար՝ «Հյուրասենյակային համերգ Ամերիկայի համար»)[87], այնպես էլ Global Citizen-ի Together at Home (անգլ. թարգմանաբար՝ «Տանը միասին») համերգաշարերին՝ վերջինիս համար կատարելով Բոբի Հեբի «Sunny» երգը[88]։ Երկու վիրտուալ համերգներն էլ փորձ էին հիվանդության դեմ պայքարելու համար միջոցներ ներգրավել և բարձրացնել իրազեկությունը։

Երաժշտական ոճ

Էյվերի Սթոունը Noisey-ից նկարագրել է Այլիշի սոպրանո վոկալը որպես «եթերային»[89], իսկ Մորա Ջոնսթոնը Rolling Stone-ից բնութագրել է այն որպես «շշնջող»[90]։ Դուրեն Սընթ Ֆելիքսը The New Yorker-ից նշել է, որ նա ունի «խռպոտ, անհասկանալի ձայն»[91]։ Երաժշտական քննադատ Ռոբերթ Քրիսթգաուն գրել է, որ չնայած այն բանին, որ Այլիշը և երաժշտական, և առևտրային առումով փոփ է, նրա բրենդը նաև «հիշեցնում է, թե որքան ամորֆ է այն [փոփը] դարձել»։ Նա նկարագրել է երգչուհու սոպրանոն որպես «գիմնաստիկայի համար շատ մանրանկարչական վոկալային» և ավելացրել է, որ Այլիշը «դեռահասական գոթի ուրախ տարբերակ» է, և նրա «էլետկրա-հագեցած դեբյուտային ալբոմը» գերում է մեծ լսարանին[92]։ Նրա երաժշտությունը ներառում է ալտերնատիվ փոփ[93], դարք փոփ[94], էլեկտրոփոփ[93], EDM[95], ինդի փոփ[93][96], փոփ[97] և էմո փոփ[98] ժանրերը։

Այլիշը և նրա եղբայրը համագործակցում են երգեր գրելիս[99][100]։ Այլիշն անվանում է Ֆինիսին երաժշտության ստեղծման իր գործընկեր[99]։ Վերջինս օգնում է գրել երգչուհու ալբոմները, պրոդյուսերավորում է նրա երաժշտությունը և նաև հանդես է գալիս նրա հետ կենդանի շոուներում[100][101]։ Այլիշը նաև ասել է, որ երգերի մի մասը ստողծվել է Ֆինիսի փորձից[100]։ Նրանք փորձում են գրել «իսկապես հետաքրքիր և երկխոսական» տեքստեր[100][102]։ Երբ Ֆինիսը գրում է Այլիշի հետ, նա փորձում է «օգնել նրան պատմել այն պատմությունը, որը նա փորձում է պատմել, լսում է նրա գաղափարները և օգտագործում է այն լեզուն, որը սազում է նրա պատմությունն արտահայտելու համար»[102]։

Այլիշն ցանկանում էր իր տեսահոլովակների ռեժիսորը լինի դեռ 14 տարեկան հասակում, սակայն, նա չի ունեցել այդ հնարավորությունը փորձի պակասի պատճառով[103]։ 2019 թվականին երգչուհին դարձել է իր «Xanny» սինգլի տեսահոլովակը ռեժիսորը[104]։

Ազդեցություն

Բիլլին ասել է, որ Ավրորա երգչուհու «Runaway» երգն է ներշնչել նրան երաժշտությամբ զբաղվել[105][106]։ Այլիշի սիրելի ժանրը և ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հիփ հոփն է[107]։ Նա նշել է Tyler, the Creator-ին, Childish Gambino-ին և Ավրիլ Լավինին որպես իր վրա հիմնական ազդեցություն թողած երաժիշտներ[108][109]։ Նրանցից բացի նա նաև նշել է Իրլ Սուիթշորթին, Էմի Ուայնհաուսին, Spice Girls-ը և Լանա Դել Ռեյին[110][111][112][113]։ Լրագրողները նրան հաճախ համեմատում են Լավինի, Լորդի և Դել Ռեյի հետ[114][115]։ Սակայն Այլիշը հայտնել է, որ չի ուզում, որ նրան համեմատեն վերջինիս հետ, քանի որ «Այդ կինն [Լանա Դել Ռեյը] իր բրենդն անթերի է ստեղծել իր ամբողջ կարիերայի համար և պարտավոր չէ լսել սա»[116]։ Նա նաև նշել է Ռիհաննային որպես իր ոճի ընտրության համար ոգեշնչման աղբյուր[117]։ 2019 թվականին Այլիշն ասել է, որ հիանում է Արիանա Գրանդեով իր վոկալային հնարավորությունների համար, ավելացնելով, որ Գրանդեի «Thank U, Next» ալբոմը ներշնչել է նրան շարունակել երաժշտություն ստեղծել[118][119][120]։

Հանրային իմիջ

Բիլլի Այլիշը 2019 թվականի հունիսին

Այլիշի հանդեպ մեդիայի ուշադրության մեծ մասը կապված է նրա ոճի հետ, որի հիմնական մասն է կազմում պարկանման, լայն հագուստը[26][121][122]։ 2017 թվականին Այլիշը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս հագնվել իր հարմարավետության գոտուց դուրս։ Այդպես նա զգում է, որ գրավում է շրջապատի ուշադրությունը[123]։ Նա փորձել է «տարբերվել մարդկանց մեծամասնությունից» և ընտրել է այնպիսի հագուստ, որը հակառակն էր այն բանին, ինչ շատերը հագնում էին։ Նպատակ ունենալով «հիշվող տեսք ունենալ», Այլիշն ասել է, որ «ապացուցում է մարդկանց, որ նա ավելի կարևոր է, քան նրանք կարծում են» և սիրում է լինել «մի քիչ երկյուղելի, որ մարդիկ լսեն»[124][125]։ 2019 թվականին նա ասել է․ «Ժամանակի ընթացքում դա սովորական է դառնում, «Բիլլի Այլիշ՝ սողացող, տարօրինակ, սարսափելի աղջիկ»։ Եվ դա իմ դուրը չի գալիս։ Դա համոզիչ չէ։ Ես պարզապես չեմ ուզում նույնը մնամ»[126]։ Դրանից հետո Այլիշը հայտնվել է Calvin Klein-ի հագուստով, հայտարարելով, որ լայն, պարկանման հագուստ է կրում մարդկանց իրենց մարմիններից ամաչելուց զերծ պահելու համար և ասելով․ «Ոչ ոք չի կարող ասել․ «Նա շատ նիհար է», «Նա նիհար չէ», «Նա հարթ հետույք ունի», «Նա հաստ հետույք ունի»։ Ոչ ոք չի կարող ասել, քանի որ նրանք չգիտեն»[127][128]։

Ըստ Քենեթ Ուոմաքի՝ 2019 թվականին Այլիշը «ոչնչացրել է իր իրավունքը լինել էլեկտրոփոփի թագուհի» իր դեբյուտային ալբոմով և «անվանվել է հետագա դեռահասային վախերով պաստառների երեխա։ Սակայն, ճիշտն ասած, նա այդպիսինը չէ»[129]։

2019 թվականի ապրիլին Այլիշը «You Should See Me in a Crown» երգի տեսահոլովակից ներշնչված հագուստ է թողարկել Տակասի Մուրակամիի հետ համագործակցությամբ[130][131]։ Տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Մուրակամին էր[132]։ Թողարկվել է նաև Բիլլիի վինիլային արձանիկը[133]։ Այլիշը նաև համագործակցել է Adobe Creative Cloud-ի հետ գովազդների շարքի համար[134][135], որի համաձայն օգտատերերը կարող էին տեղադրել իրենց աշխատանքները «#BILLIExADOBE» հեշթեգով[136][137]։ Այլիշը մասնակցել է 2019 թվականի մայիսի Calvin Klein-ի «I Speak My Truth In #MyCalvins» գովազդային արշավի մեկնարկին[138][139]։ Նա նաև մասնակցել է Ad Council-ի «Seize the Awkward» արշավին՝ հոգեկան առողջության իրազեկման կողմնորոշման համար[140][141]։ 2019 թվականի հուլիսին Այլիշը համագործակցել է Լոս Անջելեսում ծավալվող Freak City բրենդի հետ՝ հագուստի գծի թողարկման համար[142][143][144]։ Նույն ամսին նա հայտնվել է Chanel-ի ընթրիքին՝ բրենդի փոփ ափը նշելու համար[145][146]։

2019 թվականի օգոստոսին Բիլլի Այլիշը համագործակցել է Apple-ի հետ, ինչի արդյուքնում Apple Store-ի օգտատերերը կարող էին փորձեր անել «You Should See Me in a Crown»-ի հետ երաժշտական աշխատարանի ժամանակ[147]։ Այլիշի համագործակցությունը Siberia Hills հագուստի ընկերության հետ[148][149] տարաձայնություններ է առաջացրել, քանի որ ընկերությանը մեղադրում էին Love Live!-ից պլագիատ անելու մեջ[150]։ Բրենդը հաստատել է, որ Այլիշը կապ չի ունեցել պլագիատի հետ[151][152]։

Անձնական կյանք

2020 թվականի սկզբի դրությամբ Այլիշն ապրում է ծնողների հետ Highland Park-ում՝ Լոս Անջելեսի հյուսիսարևելյան մասում[153]։

Նա հայտնել է, որ Տուրետի համախտանիշ[154] և սինեսթեզիա[155][156] ունի, ինչպես նաև որոշ ժամանակ տառապել է դեպրեսիայով[157]։ Այլիշը դեռ փոքրուց բուսակեր է եղել[158][159]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ստուդիական ալբոմների ցանկ ՝ ընտրված մանրամասներով
ԱնվանումԱլբոմի մանրամասներ
When We All Fall Asleep, Where Do We Go?

Շրջագայություններ

Հեդլայն

Բացող ելույթ

Ֆիլմագրություն

Հայերեն անվանումԲնօրինակ անվանումՏարեթիվԴերՆշումներԾան․
Ջասթին Բիբեր․ ՍեզոններJustin Bieber: Seasons2020Ինքն իր դերումՎավերագրական ֆիլմ[163]
Իմ պատասխանատվությունը չէNot My ResponsibilityԿարճամետրաժ ֆիլմ[164]
Կոաչելլա․ 20 տարի անապատումCoachella: 20 Years in the DesertՎավերագրական ֆիլմ
Բիլլի Այլիշ։ Աշխարհը մի քիչ ողողված էBillie Eilish: The World's a Little Blurry2021Վավերագրական ֆիլմ[165]

Մրցանակներ և անվանակարգեր

Բիլլի Այլիշը մի շարք մրցանակների դափնեկիր է, ներառյալ 7 Գրեմմի, 2 American Music Awards, 2 MTV Europe Music Awards, 3 MTV Video Music Awards, 1 NRJ Music Award և 1 Brit Awards, ինչպես նաև Գինեսի կրկնակի ռեկորդակիր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Այլիշ» հոդվածին։
Նախորդող՝
Սեմ Սմիթ
«Writing’s on the Wall», 2015
Ջեյմս Բոնդ ֆիլմի գլխավոր սաունդթրեքի կատարողներ
Բիլլի Այլիշ
«No Time to Die (երգ)», 2020
Հաջորդող՝
-
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան